(ուժը կորցրել է 10.12.98 թիվ 70 հրաման)
i
Հաստատված է
Հայարտոնագրի
1995թ. հոկտեմբերի 24 - ի
N:35 հրամանով
Լրախմբագրված տեքստը
հաստատված է Հայարտոնագրի
1996թ. հունիսի 10-ի
N: 22 հրամանով
ԿԱՆՈՆՆԵՐ
i
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ
Սույն կանոնները սահմանված են «Ապրանքային և սպասարկման նշանների ժամանակավոր կանոնակարգը» հաստատելու մասին ՀՀ կառավարության 1995թ. օգոստոսի 19-ի N: 4 որոշման 2-րդ կետի համաձայն և կարգավորում են ապրանքային և սպասարկման նշանների (այսուհետև ապրանքային նշաններ) գրանցման հայտերով Հայարտոնագրի կողմից անցկացվող փորձաքննության հետ կապված հարցերը:
Մ Ա Ս I
I. Ընդհանուր դրույթներ
1.1. Նշանների հայտերի փորձաքննությունը որպես ապրանքային նշան դրանք գրանցելու նպատակով իրականացվող հետազոտություն է, որով որոշվում է հայտերի առարկա հանդիսացող նշանների համապատասխանությունը կանոնակարգով սահմանված պահանջներին:
1.2. Ապրանքային նշանները սահմանված կարգով գրանցված այն նշաններն են, որոնք որևէ ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի ապրանքները և ծառայությունները համապատասխանաբար տարբերակում են այլ ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների նույնատիպ ապրանքներից և ծառայություններից:
1.3. Ապրանքային նշանները կարող են լինել`
ա) բառային` բառերի կամ տառերի զուգակցման տեսքով,
բ) պատկերային` գծերի, հարթության վրա ցանկացած ձևի պատկերների համակցության տեսքով,
գ) ծավալային` եռաչափ պատկերների (գծերի) կամ դրանց համակցության տեսքով,
դ) համակցված` տարբեր բնույթի տարրերի համակցության տեսքով (բառային, պատկերային, ծավալային և այլն),
ե) այլ նշաններ, օրինակ` ձայնային, լուսային, հոտառական և այլն:
1.3.1. Որպես ապրանքային նշան նշանները կարող են գրանցվել և իրավական պաշտպանություն ստանալ ինչպես սև-սպիտակ, այնպես էլ գունային կատարմամբ:
1.4. Հայտի փորձաքննությունը ներառում է երկու փուլ`
ա) հայտի անհրաժեշտ փաստաթղթերի առկայության և սահմանված պահանջներին դրանց ձևակերպման համապատասխանության ստուգում,
բ) հայտարկվող նշանի փորձաքննություն:
Մ Ա Ս II
2. Հայտի փաստաթղթերի առկայության և դրանց ձևակերպման
համապատասխանության ստուգումը
2.1. Կանոնակարգի 11 կետին համապատասխան ապրանքային նշանի գրանցման հայտը Հայարտոնագիր է ներկայացնում հայտատուն կամ Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարը` կանոնակարգի N: 2 հավելվածում տրված բլանկի ձևով (բլանկ N:1) 1 օրինակից:
Հայտին կցվում են`
ա) հայտարկվող նշանի պատկերը լուսանկարների կամ տպագրական դրոշմվածքների տեսքով (25 օրինակ), հայտարկվող նշանը ներկայացվում է լուսանկարի կամ տպագրական դրոշմվածքի տեսքով` 5x5 սմ չափսով (կախված նշանի չափսերից` լուսանկարը կամ դրոշմվածքը կարող է լինել 5x10սմ): Եթե որպես նշան գրանցման է ներկայացվում պիտակ, ապա որպես հայտարկվող նշանի պատկեր կարող է կցվել պիտակն իր բնական մեծությամբ.
եթե հայտարկվում է եռաչափ նշան, ապա ներկայացվող լուսանկարի կամ տպագրական դրոշմվածքի չափսերը կարող են լինել 5x5 սմ-ից մինչև 9x12 սմ.
հայտարկվող նշանի լուսանկարները կամ տպագրական դրոշմվածքները ներկայացվում են 25 օրինակից, այն գույնով կամ գունային հարաբերությամբ, որով խնդրարկվում է նշանի գրանցումը.
նշանի պատկերը պետք է ունենա որակյալ գրաֆիկական կատարում: Նշանի տպագրական դրոշմվածքները պետք է ներկայացվեն որակյալ սպիտակ թղթի վրա (առնվազն 80գ/քառ.մ տեսակարար կշռով).:
բ) սահմանված վճարի մուծումը հաստատող փաստաթուղթը,
գ) հայտատուների միջև կնքված պայմանագրի պատճենը, եթե նշանի գրանցումը խնդրարկվում է մի քանի հայտատուների անունով,
դ) ցուցահանդեսային առաջնությունից օգտվելու դեպքում այդ իրավունքը հաստատող փաստաթուղթը,
ե) արտոնագրային հավատարմատարի իրավասությունը հաստատող փաստաթուղթը (լիազորագիր), եթե հայտը ներկայացվում է հավատարմատարի միջոցով:
2.1.1. Հայտի ստացման օրվանից մեկամսյա ժամկետում փորձագետը ստուգում է հայտի անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին:
Եթե ստուգման արդյունքում պարզվում է, որ հայտը համապատասխանում է սահմանված պահանջներին, այն ընդունվում է քննարկման, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:
Եթե հայտի նյութերում բացակայում է նշանի պատկերը, ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման (այսուհետև` ԱԾՄԴ) դասերին համապատասխան խմբավորված ապրանքների և ծառայությունների ցանկը կամ հայտատուի (ների) լրիվ անվանումը, հայտը քննարկման չի ընդունվում և համապատասխան հիմնավորմամբ վերադարձվում է հայտատուին:
Ներկայացված նյութերում հայտարկվող նշանի գրանցման համար անհրաժեշտ այլ տեղեկությունների և փաստաթղթերի բացակայության դեպքում հայտն ընդունվում է քննարկման: Այս դեպքում գրանցման համար անհրաժեշտ պահանջների հստակ ձևակերպմամբ փորձագետը հարցում է ուղարկում հայտատուին: Հարցմանը համապատասխան բացակայող փաստաթղթերն ու տեղեկությունները հայտատուն պետք է ներկայացնի հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում (կանոնակարգի 15 կետի 4-րդ պարբերություն): Նշված ժամկետում հայտատուի կողմից փորձաքննության հարցումն անպատասխան թողնվելու դեպքում հայտը համարվում է ետկանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:
2.2. Հայտը քննարկման ընդունելու դեպքում կատարվում են հետևյալ գործողությունները`
ա) սահմանվում է նշանի առաջնությունը,
բ) կատարվում է ԱԾՄԴ-ին համապատասխան խմբավորված ապրանքների և ծառայությունների ցանկի և դրան համապատասխան անհրաժեշտ վճարի և մուծված վճարի համապատասխանության ստուգումը:
2.2.1. Նշանի առաջնությունը սահմանվում է Հայարտոնագրի կողմից հայտի ստացման թվականով:
Եթե նույնական կամ շփոթելու աստիճանի նման նշանների հայտերն ունեն ստացման նույն թվականը, առաջնությունը տրվում է այն նշանին, որի հայտն ունի ավելի վաղ փոստային առաքման թվական:
Այդ թվականները համընկնելու դեպքում առաջնությունը տրվում է այն նշանին, որի հայտն ավելի շուտ է գրանցվել Հայարտոնագրի կողմից (այսինքն` ըստ Հայարտոնագրի մտից համարի):
2.2.2. Նշանի առաջնությունը կարող է սահմանվել նաև առաջին հայտը արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզյան կոնվենցիայի մասնակից որևէ պետություն ներկայացնելու թվականով (կոնվենցիայով առաջնություն), այն դեպքում, երբ հայտը Հայարտոնագիրն ստացել է նշված թվականից 6 ամսվա ընթացքում: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավելի քան 2 ամսով, եթե կոնվենցիայով առաջնության խնդրանքով հայտը հայտատուից անկախ պատճառներով չի ներկայացվել սահմանված ժամկետում:
Արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզյան կոնվենցիայի մասնակից պետություններից մեկի տարածքում պաշտոնական կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսների ցուցանմուշների վրա տեղադրված նշանի առաջնությունը կարող է սահմանվել ցուցահանդեսում ցուցանմուշի բաց ցուցադրումն սկսելու թվականով (ցուցահանդեսային առաջնություն), եթե հայտը Հայարտոնագիրն ստացել է նշված թվականից 6 ամսվա ընթացքում:
Կոնվենցիայով առաջնության կամ ցուցահանդեսային առաջնության իրավունքից օգտվել ցանկացող հայտատուն պարտավոր է այդ մասին նշել հայտը ներկայացնելիս կամ Հայարտոնագրի կողմից դրա ստացման օրվանից 2 ամսվա ընթացքում` կցելով այդ պահանջի իսկությունը հաստատող փաստաթղթերը, կամ այդ փաստաթղթերը Հայարտոնագիր ներկայացնել հայտի ստացման թվականից 3 ամսվա ընթացքում:
Նշանի առաջնությունը կարող է սահմանվել նշանի միջազգային գրանցման թվականով` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
Կոնվենցիայով առաջնության իրավունքը հաստատվում է առաջնային հայտի պատճենով, որը վավերացված է համապատասխան արտոնագրային գերատեսչության կողմից:
Ցուցահանդեսային առաջնության իրավունքը հաստատվում է համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքով, որի մեջ զետեղված է նաև նշանի պատկերը:
2.2.3. Ապրանքների և ծառայությունների դասակարգումը կատարվում է ԱԾՄԴ-ի հիման վրա: Եթե հայտում տրված ապրանքների ցանկը շատ ընդհանրացված է և հնարավորություն չի տալիս միանշանակ որոշել ապրանքների դասերը, փորձագետը պահանջում է ապրանքների մանրամասն ցանկը: Անհրաժեշտության դեպքում պետք է պարզել ապրանքների կիրառման բնագավառը կամ պահանջել այն նյութերի ցանկը, որոնցից դրանք պատրաստված են: Օրինակ` շատ ընդհանրացված «կարի արտադրանքներ» անվանումը ներառում է կարի արտադրանքի որոշակի տեսակներ, որոնք վերաբերում են ԱԾՄԴ-ի տարբեր դասերի. հագուստ - դաս 25, սպիտակեղեն (անկողնային) - դաս 24, կտորից պարկեր - դաս 22, սպորտային իրերի ծածկույթներ - դաս 28:
2.2.4. Սահմանված վճարի չափը կախված է դասերի քանակից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
2.2.5. Հայտը քննարկման ընդունելու դեպքում հայտատուին ուղարկվում է տեղեկանք ապրանքային և սպասարկման նշանի գրանցման հայտը քննարկման ընդունելու վերաբերյալ: Տեղեկանքում տրվում է հայտի համարը, առաջնության թվականը, հայտարկվող նշանի պատկերը, ապրանքների և ծառայությունների ցանկը, անհրաժեշտ վճարի չափը և, անհրաժեշտության դեպքում, այն տեղեկությունների և փաստաթղթերի ցանկը, որոնք պետք է լրացուցիչ ներկայացվեն:
Մ Ա Ս III
3. Ապրանքային նշանի հայտի փորձաքննության անցկացումը
3.1. Ապրանքային նշանի հայտի փորձաքննությունը հայտարկվող նշանի համապատասխանության ստուգումն է Ժամանակավոր կանոնակարգով սահմանված պահանջներին:
Հայտարկվող նշանի փորձաքննությունն անցկացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել Ժամանակավոր կանոնակարգի 7-10 կետերով նախատեսված նշանները:
3.1.1. Ժամանակավոր կանոնակարգի 7 կետի «ա» ենթակետի համաձայն որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել այն նշանները, որոնք չունեն տարբերակիչ հատկանիշ կամ միայն նկարագրական բնույթի են: Օրինակ` կազմված են սոսկ պարզ երկրաչափական պատկերներից, գծերից, թվերից, առանձին տառերից և տառերի զուգակցումից, համընդհանուր ճանաչում ստացած անվանումներից, ապրանքի պարզ պատկերումից, ապրանք արտադրողին վերաբերող տեղեկություններից, ինչպես նաև ապրանքների արտադրման ժամանակը, եղանակը, արտադրման կամ իրացման վայրը, ապրանքների տեսակը, որակը, հատկանիշները (այդ թվում և գովաբանական բնույթի), քանակը, բաղադրությունը, կշռային հարաբերակցությունը, նյութը, հումքը, կիրառությունը և արժեքը մատնանշող տվյալներից:
3.1.1.1. Բացառապես պարզ երկրաչափական պատկերներից կազմված նշանների թվին են պատկանում այն նշանները , որոնք որպես միակ տարր ներառում են եռանկյունու, շրջանի, քառակուսու, գծի կամ այդ տարրերի պարզ համակցության պատկերներ:
3.1.1.2. Թվերից, առանձին տառերից կամ տառերի զուգակցումից կազմված, բայց բառային բնույթ չունեցող նշանների թվին են պատկանում տառերը, թվերը և դրանց զուգակցումը, որոնք չեն ընկալվում որպես բառ և հայերենով դժվար արտասանելի են: Այդպիսի նշաններից են` CKD (ՀԿՓ), Հայջրփրկ, ԵրՄՄԳՀ ը-12: Բացառություն են կազմում այն նշանները, որոնք կազմված են գրաֆիկական յուրահատուկ ոճով և դրա շնորհիվ կարող են դիտվել որպես պատկերային նշան և այն տառերի զուգակցումը, որոնք ունեն բառային բնույթ, օրինակ` ԵրԱԶ, ԻՄԱԿ, (LOMO, BCAPMpacm) (BILAR) ԳԻՆԴ և այլն:
3.1.1.3. Որպես կանոն համընդհանուր ճանաչում ստացած անվանումների թվին են պատկանում ապրանքների և ծառայությունների սեռային և տեսակային անվանումները, որոնք ներկայացվում են գրանցման որպես ապրանքային նշաններ այդ նույն ապրանքների և ծառայությունների նշումով:
Օրինակ` մեղվի մեղր, օշարակ, խնձորի հյութ և այլն:
3.1.1.4. Ապրանքների պարզ պատկեր ներկայացնող նշանների թվին են պատկանում այն նշանները, որոնք ապրանքների պարզ վերարտադրումն են և ներկայացվում են գրանցման այդ նույն ապրանքների և ծառայությունների նշումով:
3.1.1.5. Ապրանք արտադրողի վերաբերյալ տեղեկություններից բաղկացած նշանների թվին են դասվում հայտարկվող նշանի մեջ պարունակվող արտադրության ստեղծման պատմությանը, հասցեին և այլնին վերաբերող տվյալները, որոնք չունեն տարբերակիչ հատկանիշներ:
3.1.1.6. Ապրանքի արտադրման ժամանակը, եղանակը, արտադրման կամ իրացման վայրը, ապրանքի տեսակը, որակը, հատկանիշները (այդ թվում և գովաբանական բնույթի), քանակը, բաղադրությունը, կշռային հարաբերակցությունը, նյութը, հումքը, կիրառությունը և արժեքը մատնանշող նշանների թվին են դասվում այնպիսի նշանները, ինչպիսիք են` «LIGEROS» (թեթև) սիգարետների համար` որակը, հատկանիշը ԷԿՍՏՐԱ, ԼՅՈՒԿՍ - համընդհանուր օգտագործվող գովաբանական բնույթի հատկանիշները «SUGAR WIN» (շաքարի երկվորյակը) արհեստականորեն քաղցրացնող նյութի համար - կիրառությունը. «GALVANAL» գալվանապատման եղանակով ստացվող մետաղաթերթերի համար` արտադրման եղանակը, «METALL» ձևավոր ձուլվածքի համար` նյութը:
3.1.1.7. Նկարագրական բնույթի նշանների թվին են դասվում նաև այն բառերը, որոնք չունենալով երևակայական բնույթ, կազմված են որևէ բնագավառի հանրահայտ կրճատ անվանումից, որպես օրենք, աշխարհագրական բնույթի անվանումների կրճատումների զուգակցմամբ:
Այդպիսի անվանումների օրինակներն են` Հայէներգո, Հայարդշին, Երքիմշին և այլն:
3.1.1.8. Տարբերակիչ հատկանիշներ չունեն նաև այն անվանումները, որոնք կազմված են բացառապես ձեռնարկության տեսակի նշումից (գործարան, ընկերություն, միություն), ինչպես նաև ընդհանուր լեզվական ֆոնդի բառային նշանները, օրինակ` «international, general» և այլն:
3.1.2. Ժամանակավոր կանոնակարգի 7 կետի «գ», «դ» ենթակետերի համաձայն որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել այն նշանները, որոնք համընդհանուր օգտագործման մեջ են մտել որպես որոշակի տեսակի ապրանքներ բնորոշող նշաններ, ինչպես նաև որոշակի գործունեության հետ կապված և համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշերը և տերմինները:
3.1.2.1. Համընդհանուր գործածում գտած որոշակի տեսակի ապրանքներ բնորոշող նշանների թվին են պատկանում այն նշանները, որոնք նախկինում գրանցված են եղել որպես ապրանքային նշան, բայց սպառողի կողմից ընկալվում են որպես ապրանքի սեռային կամ տեսակային անվանում տարբեր արտադրողների կողմից նույն կամ նույնատիպ ապրանքների համար իրարից անկախ բազմիցս օգտագործելու պատճառով:
Այդպիսի անվանումների օրինակներ են` թերմոս, վազելին, ցելոֆան, նովոկաին, լինոլեում և այլն:
3.1.2.2. Որոշակի գործունեության հետ կապված համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշերի թվին են պատկանում այն նշանները, որոնք մատնանշում են ապրանքների և ծառայությունների ցանկի մեջ ընդգրկված տնտեսության կամ գործունեության այն ճյուղը, բնագավառը, որին վերաբերում է հայտարկվող նշանը:
Այդպիսի նշանները չեն կարող ծառայել անհատականացման միջոց:
Այդպիսի նշանների օրինակներ են թել ու ասեղի կամ մկրատի պատկերները` կարի արդյունաբերության համար, ատամնանիվը` մեքենաշինության համար, կարկինը` նախագծային կազմակերպության համար և այլն:
Համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշերի թվին են պատկանում գիտության և տեխնիկայի մեջ օգտագործվող պայմանական նշանները: Օրինակ` քիմիական տարրերի պատկերները, գրաֆիկական նշանները կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգի (ԿՓՄՀ) սկզբունքային սխեմաներում: Համընդհանուր ճանաչում ստացած տերմինների թվին են պատկանում գիտության և տեխնիկայի մասնագիտացված ճյուղերին վերաբերող բառապաշարային (լեկսիչեսկիե) միավորները: Այդպիսի տերմինների օրինակներ են` կոբալտ, հիդրոդինամիկա, քրոմ:
3.1.3. Ժամանակավոր կանոնակարգի 8 կետին համապատասխան որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել այն նշանները, որոնց իրենց առանձնահատկության պատճառով օգտագործման իրավունք ընձեռել չի կարելի: Օրինակ` մասնակիորեն կամ ամբողջապես կազմված են աշխարհագրական անվանումից, որը կարող է ընկալվել որպես ապրանք արտադրողի գտնվելու վայր:
Կանոնակարգի 7 կետի «բ» ենթակետին համապատասխան որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել պետական զինանշանները, դրոշներն ու խորհրդանիշերը, պետությունների պաշտոնական անվանումները, միջազգային, միջպետական կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումները, պաշտոնական խորհրդանիշերը, պաշտոնական, վերահսկողական, երաշխիքային և հարգորոշիչ դրոշմները, կնիքները, պարգևները, այլ տարբերանշանները կամ թվարկվածներին շփոթելու աստիճանի նման նշանները: Այդպիսի նշանները դրանց սեփականատիրոջ կամ համապատասխան իրավասու մարմնի համաձայնությամբ կարող են որպես չպահպանվող տարրեր ներառվել նշանի մեջ:
3.1.3.1. Աշխարհագրական անվանումները, որոնք կարող են ընկալվել որպես ապրանքն արտադրողի գտնվելու վայր, չեն կարող գրանցվել որպես ապրանքային նշան, քանի որ դրանց գրանցումը որևէ ձեռնարկության անունով սահմանափակում է նույն տեղանքում գտնվող մյուս բոլոր ձեռնարկությունների իրավունքները և հնարավորություն չի տալիս օգտագործել այդ անվանումներում իրենց ապրանքների նշման կամ գովազդի համար: Այդպիսի անվանումների օրինակներ են` Երևան, Հայաստան և այլն: Աշխարհագրական անվանումները կարելի է գրանցել որպես ապրանքային նշան, եթե դրանք չեն ընկալվում որպես ապրանքը արտադրողի վայրի ուղղակի մատնանշում: Օրինակ` գետերի, սարերի, լճերի, քաղաքների հինավուրց անվանումները, ասենք` Նեմրութ, Արփա, Որոտան, Վան, Քասախ և այլն: Անհրաժեշտ է տվյալ ապրանքային նշանի աշխարհագրական անվանումը հիմնավորել (այսինքն` ապրանքային նշանի սեփականատերը պետք է գտնվի տվյալ բնակավայրում, գետի ափին, պետությունում, որտեղ գտնվում է գետը և այլն), հակառակ դեպքում նշանը չպետք է գրանցվի` որպես ապրանք արտադրողի մասին կեղծ կամ սպառողին մոլորության մեջ գցող տեղեկություն:
3.1.3.2. Պարգևները և այլ տարբերանշանները չեն կարող գրանցվել որևէ սեփականատիրոջ անունով, քանի որ դրանցով կարող են նշվել տարբեր հայտատուների ապրանքները, իսկ վերջիններս հավասար իրավունքներ ունեն օգտագործելու դրանք իրենց նշանի մեջ` ընդգծելու համար իրենց ապրանքների բարձր որակը: Այդ դեպքում կանոնակարգի 1 հավելվածի 4-րդ կետի 3-րդ պարբերությանը համապատասխան հայտատուն պետք է ներկայացնի հայտարկվող նշանի մեջ օգտագործված պատկերների և այլ տարբերանշանների իսկությունը հաստատող փաստաթուղթը:
3.1.3.3. Միջազգային և ազգային տոնակատարությունների անվանումները` դրանց տարեթվի նշումով, համարվում են համընդհանուր օգտագործման անվանումներ և որևէ սեփականատիրոջ անունով չեն կարող գրանցվել:
3.1.4. Որպես ապրանքային նշաններ չեն գրանցվում նաև`
3.1.4.1. Պաշտոնական վերահսկողական, երաշխիքային և հարգորոշիչ դրոշմները և կնիքները կամ դրանց շփոթելու աստիճանի նման նշանները (կանոնակարգի 7 կետի «բ» ենթակետ):
3.1.4.2. Այն նշանները, որոնք ապրանքի կամ արտադրողի մասին պարունակում են կեղծ կամ սպառողին մոլորության մեջ գցող տեղեկություններ (կանոնակարգի 8 կետ):
Այդպիսի նշանների օրինակներ են. «BOSTON» (ԱՄՆ-ի քաղաքի անվանում) ներկայացված իտալական ֆիրմայի կողմից. սրվակի պատկեր «օծանելիք» անվանումով` ներկայացված որպես ապրանքային նշան ատամի մածուկի համար:
Նշանի գրանցումը մերժելու համար բավական է, որ հայտարկվող նշանի մի տարրը լինի կեղծ կամ սպառողին մոլորության մեջ գցող տեղեկություն:
3.1.4.3. Չեն կարող գրանցվել նաև հասարակական շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին հակասող նշանները:
3.1.5. Ժամանակավոր կանոնակարգի 7 կետի «ա», «բ», «գ», «դ», «ե» ենթակետերում նշված նշանները, որպես չպահպանվող տարրեր, կարող են ներառվել նշանի մեջ, եթե դրանք չեն կազմում նշանի գերիշխող մասը: Սակայն ապրանքային նշանը գրանցելիս նշվում է, որ այդպիսի տարրերը հանվում են պաշտպանությունից, եթե դրանք նշանի մյուս տարրերի հետ հորինվածքային կապ չունեն, կամ ապրանքային նշանը պաշտպանվում է իր ամբողջության մեջ, առանց պաշտպանություն ընձեռելու նրա հորինվածքի մեջ ներառված վերը նշված տարրերին:
3.1.5.1. Այդպիսի նշանների հիմնական տեսակներն են`
ա) ապրանքների և ծառայությունների անվանումներ, որոնց համար գրանցվում է ապրանքային նշանը. օրինակ` «սիգարետներ», «brandy», «օծանելիք»,
բ) ապրանքների և ծառայությունների պատկերներ, որոնց համար գրանցվում է ապրանքային նշանը,
գ) տարբերակիչ հատկանիշներ չունեցող ֆիրմային անվանումներ կամ ֆիրմային անվանումների մի մասը. օրինակ` Ltd, SA, GmbH, ՍՊԸ, ԱՁ, ԱՄ և այլն,
դ) նկարագրական նշաններ, որոնք նշում են ապրանքի արտադրման ժամանակը, տեղը, եղանակը, տեսքը, որակը, հատկությունները, բաղադրությունը, ստեղծման նպատակը, արժեքը. օրինակ` «with the micronite filter», «formate ovale», «made in USA», «distilled», «պրոֆիլակտիչեսկայա զուբնայա պաստա»,
ե) որևէ ձեռնարկության մասին տեղեկություն տվող նշաններ. օրինակ` ապրանքի կամ ձեռնարկության ստեղծման պատմությունը, թվականը, ձեռնարկության հիմնադրումը և այլն,
զ) տարբերակիչ բնույթ չունեցող ընդհանուր նշանակության բառեր. օրինակ` «ֆորմուլա 70»,
է) գովաբանական բնույթի ապրանքի որակի նշում. օրինակ` «luxus klass», «finest quality beer»,
ը) նշում այն մասին, որ նշանները ապրանքային նշաններ կամ գրանցված ապրանքային նշաններ են. օրինակ` «R», «tm», «trade mark», «registered trade mark»,
թ) աշխարհագրական անվանումներ այն դեպքում, երբ դրանք ապրանքի ծագման տեղանուն են. օրինակ` «Canadien», «Santiago de Cuba»,
ժ) երկրի պատկերը աշխարհագրական քարտեզի վրա,
ի) առանձին տառեր և թվեր, առանձնահատուկ նշանակություն չունեցող դժվար արտասանելի տառերի զուգակցում,
լ) պարզ երկրաչափական պատկերներ, ասենք` եռանկյունի, շրջանագիծ, քառակուսի և այլն:
3.1.5.2. Այն դեպքում, երբ ոչ պաշտպանունակ տարրը հորինվածքային կապ չունի նշանի պաշտպանվող մյուս տարրերի հետ, այն հանվում է պաշտպանությունից. օրինակ` ԽՍՀՄ վկայական N: 59240 գրանցված ապրանքային նշանի բառային «Hot oil» մասը հանվում է պաշտպանությունից:
3.1.5.3. Այն դեպքում, երբ ոչ պաշտպանունակ տարրը հորինվածքային կապ ունի մյուս պաշտպանվող տարրերի հետ, կամ մտնում է բառային անվանման մեջ որպես դրա մի մաս, ապրանքային նշանը պաշտպանվում է իր ամբողջության մեջ` առանց առանձին պաշտպանություն ընձեռելու ոչ պաշտպանունակ տարրին: Օրինակ` ՄՍՀԿ-ի ծանուցումը N: 443828 ապրանքային նշանի միջազգային գրանցման մասին «ապրանքային նշան «PRES - DU - SPORT» պաշտպանվում է իր ամբողջության մեջ` առանց առանձին պաշտպանություն ընձեռելու «SPORT» անվանմանը:
3.1.5.4. Ապրանքային նշանի կազմի մեջ մտնող ոչ պաշտպանունակ տարրի բացառումը պաշտպանությունից ձևակերպվում է այդ մասին հատուկ գրանցման տեսքով ապրանքային նշանի պետական գրանցամատյան, ապրանքային նշանի վկայականում և արդյունաբերական սեփականության պաշտոնական տեղեկագրում:
3.1.6. Այն նշանները, որոնց բաղկացուցիչ տարրը ապրանքի ծագման տեղանուն է, կարող է գրանցվել որպես ապրանքային նշան, եթե հայտատուն ներկայացնում է ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իր իրավունքը հաստատող փաստաթուղթը` տրված համապատասխան իրավասու մարմնի կողմից:
Ապրանքի ծագման տեղանուն հասկացությունը երկրի, բնակավայրի կամ աշխարհագրական տեղանվան անվանումն է, որն օգտագործվում է այն ապրանքի նշման համար, որի առանձնահատկությունները բացառապես կամ գլխավորապես որոշվում են տվյալ աշխարհագրական տեղանքին բնորոշ բնապայմաններով կամ, մարդկային
գործոններով կամ էլ բնապայմաններով միաժամանակ: Օրինակ` Արթիկի տուֆ,
«Ջերմուկ», «Արզնի», «Բելոմորսկիե ուզորի» «Պալեխ»:
3.2. Այնուհետև անցկացվում է հայտարկվող նշանի նույնության և նմանության հետազոտություն:
Ժամանակավոր կանոնակարգի 9-րդ կետին համապատասխան որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել այն նշանները, որոնք նույնական են կամ շփոթելու աստիճանի նման`
ա) նույնատիպ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում այլ անձի անունով արդեն գրանցված կամ գրանցման ներկայացված նշանին,
բ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան առանց գրանցման պաշտպանվող այլ անձանց նշաններին:
3.2.1. Նույնատիպ ապրանքներ և ծառայություններ համարվում են նույն սեռին, տեսակին վերաբերող ապրանքները և/ կամ ծառայությունները, որոնք նման ապրանքային նշանով նշվելու դեպքում սպառողի կողմից կարող են ընկալվել որպես նույն ձեռնարկության արտադրանք:
3.2.1.1. Ապրանքների նույնատիպ լինելը որոշելիս պետք է հաշվի առնել`
ապրանքի տեսակը,
ապրանքի օգտագործման բնագավառը,
ապրանքի իրացման պայմանները (իրացման ոլորտը և կարգը):
3.2.2. Ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգումը որոնման կարևոր գործոն է: Նմանության և նույնության փորձաքննության ընթացքում պետք է հաշվի առնել, որ նույնատիպ ապրանքները, որոնց համար անցկացվում է գրանցման ներկայացված նշանի փորձաքննություն, կարող են վերաբերել տարբեր դասերի: Այդ պատճառով նույնական կամ նման ապրանքային նշան հայտնաբերելիս փորձագետը պետք է անմիջականորեն ստուգի ապրանքների ցանկով, անկախ այն դասերից, որոնց վերաբերում է տվյալ ապրանքային նշանը: Օրինակ` կրակվառիչ - դաս 34, կրակվառիչ էլեկտրական - դաս 9. պայուսակներ կտորից - դաս 24, պայուսակներ կաշվից - դաս 18:
3.2.3. Փորձաքննության ընթացքում փորձագետը պետք է հաշվի առնի այն հանգամանքը, թե որքանով է հայտնի գրանցման ներկայացված, ինչպես նաև հայտնաբերված նույնական կամ նման նշանը: Եթե նախկինում գրանցված կամ գրանցման ներկայացված նշանը լայնորեն հայտնի է սպառողին, ապա նոր ներկայացված նշանի գրանցումը կարելի է մերժել նույնիսկ այն դեպքում, երբ ապրանքները, որոնք նշված են այդ նշանով, նույնատիպ չեն (կանոնակարգի 8 կետ):
3.2.4. Նշանների նմանությունը նմանակելու երևույթ է, որն առաջանում է նշանների տարրերի միատեսակ ընկալման արդյունքում: Նշանների նմանությունը որոշվում է դրանց տարրերի ընդհանրությամբ: Նմանության աստիճանի վրա ազդեցություն է թողնում համընկնող և չհամընկնող տարրերի հարաբերակցությունը, ինչպես նաև դրանց նշանակությունը նշանի հորինվածքում:
Ապրանքային նշանների նմանության առավել ընդհանուր չափանիշը տնտեսական շրջանառության մեջ սպառողի կողմից դրանք շփոթելու հնարավորությունն է:
3.2.4.1. Նշանի նմանությունը որոշելիս փորձագետը պետք է հաշվի առնի, որ սպառողը որպես կանոն հնարավորություն չունի համեմատելու երկու նշանները, այլ առաջնորդվում է նախկինում տեսած նշանի մասին ունեցած ընդհանուր տպավորություններով: Հաշվի է առնվում ընդհանուր տեսողական տպավորությունը:
3.2.4.2. Ապրանքային նշանների նմանությունը որոշելիս պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ շփոթության վտանգը առկա է առավելապես քիմիական, դեղագործական ապրանքների և սննդամթերքների ոլորտում:
3.2.5. Բառային նշանների նմանությունը կարող է լինել`
ա) ձայնային (հնչյունական),
բ) գրաֆիկական (տեսողական),
գ) իմաստային (իմաստաբանական):
Որպես կանոն, նմանությունը ծագում է այդ երեք գործոնների համախմբության ազդեցությունից:
3.2.5.1. Բառային նշանների նմանության հիմնական գործոնը դրանց հնչեղության (արտասանության, գրադարձության) նմանությունն է:
Ձայնային նմանության առկայությունը որոշվում է հետևյալ չափանիշներով`
ա) համանման դասավորված հնչյունների մոտիկության աստիճան,
բ) մոտ հնչյունների և հնչունակապակցությունների միմյանց նկատմամբ դասավորվածություն,
գ) համընկնող վանկերի առկայություն,
դ) նշանի մեջ վանկերի քանակ,
ե) նշանի երկարություն,
զ) նշանի կազմի մեջ համընկնող հնչյունակապակցությունների տեղ,
է) ձայնավորների կազմի մոտիկություն,
ը) բաղաձայնների կազմի մոտիկություն,
թ) նշանի համընկնող մասերի բնույթ,
ժ) մի նշանը այլ նշանի մեջ մտնելը,
ի) մոտ կամ նման հնչյունների առկայություն,
լ) շեշտադրում:
Այդ գործոնները կարող են հաշվի առնվել ինչպես յուրաքանչյուրն առանձին, այնպես էլ զանազան զուգակցումներով:
3.2.5.1.1. Համընկնող վանկերի առկայության կամ մի նշանը այլ նշանի մեջ մտնելու դեպքում նմանության ծագման որոշիչ գործոն է համարվում համընկնող մասերի սկզբնական դիրքը:
Շատ դեպքերում նշանների նման ճանաչման հիմք կարող է հանդիսանալ ինչպես սկզբնամասերի, այնպես էլ վերջնամասերի համընկնումը` տարբեր միջնամասերի դեպքում: Օրինակ` Լիստենոն - Listerine - սկզբնամասերի համընկնում. Milogard -Minocard - սկզբնամասերի և վերջնամասերի համընկնում:
3.2.5.1.2. Առանձնապես մեծ երկարություն ունեցող նշանների տարբեր տարրերը հավասարազոր չեն: Դրանց մեջ կան ուժեղ և թույլ տարրեր: Ուժեղ տարրերին հատուկ է յուրօրինակությունը, հնչման յուրատեսակությունը: Այսպիսի տարրերի համընկնումը որպես կանոն հանգեցնում է նշանների նմանության: Թույլ տարրերը նմանության չեն հանգեցնում, բայց մյուս նման տարրերի հետ զուգակցված կարող են ուժեղացնել այդ նմանությունը: Այդպիսի թույլ տարրերի թվին են պատկանում ձևամասնիկները, որոնք ապրանքային նշաններում մշտապես օգտագործման հետևանքով կորցրել են տարբերակիչ հատկությունը: Այդ ձևամասնիկները տառակապակցություններ են, որոնք կանոնավորապես կրկնվում են տարբեր սեփականատերերի ապրանքային նշաններում, բայց չեն առաջացնում նշանների բախում: Դրանց շարքին են պատկանում` - ոլ, - ցիլին, - միցին, - տրոն, - մատիկ և այլ տարրերը: Այդ ձևամասնիկների թվին կարելի է դասել նաև նյութերի կրճատ անվանումները: Օրինակ` հիդր-, կարբ-. օրգանիզմի մասեր, օրինակ` կարդ-, դենտ- և այլն: Այդ ձևամասնիկներին են հարում մի շարք բառեր, որոնք բազմաթիվ անգամ օգտագործվելով տարբեր սեփականատերերի նշաններում ամբողջովին կորցրել են իրենց տարբերակիչ հատկությունը: Օրինակ` system, test, club: Այդպիսի բառերի բացառումը պաշտպանությունից պարտադիր չէ:
3.2.5.1.3. Ուժեղ տարրերը կարող են ծառայել որպես ընդհանուր տարրեր ապրանքային նշանների շարքի ստեղծման ժամանակ: Շարք է կոչվում ընդհանուր տարրեր ունեցող և մի սեփականատիրոջ չպատկանող ապրանքային նշանների խումբը:
Հայտարկվող նշանը, որն ունի այդպիսի տարր, գրանցման ենթակա չէ, քանի որ այն կարող է սպառողի կողմից ընկալվել որպես վերոհիշյալ շարքի նշան և, հետևաբար, պատկանել շարքի սեփականատիրոջը: Ընդհանուր տարրը կարող է լինել տառային, իմաստային և պատկերային: Այդպիսի շարքի օրինակներ են FAR, FARLUX, FARGRIL; CORABIN, CORALAC, CORADUR, CORALIT:
3.2.5.2. Բառային նշանների գրաֆիկական նմանությունը որոշվում է
ընդհանուր տեսողական տպավորությամբ,
տառանմուշների (շրիֆտի) տեսակով,
տառերի բնույթով պայմանավորված գրաֆիկական գրաձևով (տպագիր կամ ձեռագիր, մեծատառ կամ փոքրատառ),
միմյանց նկատմամբ տառերի դասավորվածությամբ,
այբուբենով, որի տառերով գրված է բառը,
գունաշարով:
Գրաֆիկական նմանությունը կապի մեջ է ձայնային նմանության հետ: Գրաֆիկական լուծումը կարող է ուժեղացնել նշանների ընդհանուր նմանությունը կամ, ընդհակառակը, ընդգծել դրանց տարբերությունը:
3.2.5.3. Իմաստային նմանությունը առաջանում է ապրանքային նշանների մեջ իմաստների նմանությունից կամ հակադրությունից: Օրինակ` MINI-TAILLE - TAILLEFINE (բարակ գոտկատեղ, նուրբ գոտկատեղ). COGITO ERGO SUM (մտածում եմ, ուրեմն կամ) (ասացվածքի մի մաս). LA VACHE QUI RIT - LA VACHE SERIEUSE) (ծիծաղող կով - լուրջ կով):
Նշանների մեջ դրված նման իմաստներից առաջացած նման նշանների մասնավոր դեպք է, երբ նշաններից մեկը մյուսի թարգմանությունն է, օրինակ` Orient - Վոստոկ - Արևելք:
Իմաստային նմանություն է առաջանում նաև այն դեպքում, երբ նշանների որևէ տարր, որն առանձին իմաստ ունի և որի վրա ընկնում է տրամաբանական շեշտադրումը, համընկնում է: Օրինակ` LORD PINGUIN - LAINES DU PINGUIN (լորդ պինգվին - պինգվինի բուրդ). JACKY AUDEMARS - AUDEMARS PIGENT:
3.2.6. Պատկերային, ծավալային և համակցված նշանների նմանության հիմնական չափանիշը նշանի թողած ընդհանուր տեսողական տպավորությունն է:
3.2.6.1. Պատկերային նշանների նմանությունը կախված է`
պատկերի տեսակից և բնույթից (բնապաշտական, ոճավորված, ծաղրանկարային, վերացական և այլն),
դրա երկրաչափական ձևից (ստվերանկար, ուրվանկար, գիծ),
իմաստային բովանդակությունից,
գույների և երանգների զուգադրումից:
3.2.6.2. Ծավալային ապրանքային նշան է համարվում իրի կամ դրա փաթեթավորման եռաչափ (ծավալային) տեսքը:
Ծավալային ապրանքային նշանի հայտ ներկայացնելիս հայտատուն պետք է նշի, որ հայտարկվող ծավալային նշանը որպես արդյունաբերական նմուշ գրանցված չէ:
3.2.6.2.1. Ծավալային նշանը որպես ապրանքային նշան կարող է գրանցվել, եթե այն համապատասխանում է կանոնակարգի 9-րդ կետի պահանջներին: Ծավալային ապրանքային նշանը որպես կանոն գրանցվում է մեկ տեսակի ապրանքների համար: Օրինակ` օծանելիքի, հեղուկ օճառի սրվակներ, օղու, գինու շշեր և այլն:
3.2.7. Պատկերային, համակցված և ծավալային նշանների նմանության և նույնության փորձաքննություն անցկացնելիս հայտարկվող նշանը համեմատվում է`
պատկերայինը` պատկերային, համակցված և ծավալային նշանների հետ,
համակցվածը` համակցված պատկերային նշանների, ծավալային և բառային նշանների հետ,
ծավալայինը` ծավալային, պատկերային և համակցված նշանների հետ:
3.3. Ապրանքային նշանի գրանցման դեպքում կայացվում է հետևյալ որոշումներից մեկը.
ապրանքային նշանի գրանցման և վկայական տալու մասին,
ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին` համապատասխան հիմնավորումներով:
3.3.1. Ապրանքային նշանի գրանցման և վկայական տալու մասին որոշում կայացվում է, եթե հայտարկվող նշանը համապատասխանում է սահմանված պահանջներին: Որոշումը պարունակում է հետևյալ տվյալները` հայտի համարը, առաջնության թվականը, ապրանքային նշանի սեփականատիրոջ անվանումը և հասցեն, նշանի պատկերը, նշանի մասին անհրաժեշտ տվյալները, ԱԾՄԴ դասերին համապատասխան խմբավորված ապրանքների և ծառայությունների ցանկը:
3.3.2. Կանոնակարգով սահմանված պահանջներին հայտարկվող նշանի համապատասխանության ստուգումից հետո, ապրանքային նշանի գրանցման մերժման որոշման մեջ բերվում են հիմնավորված փաստարկներ` ելնելով կանոնակարգի և սույն հրահանգի համապատասխան կետերից:
Գրանցման մերժման մասին որոշման մեջ կարող են տրվել առաջարկություններ` հայտարկվող նշանի լրացուցիչ մշակման վերաբերյալ:
3.3.3. Հայտարկվող նշանի նույնության և նմանության հետազոտության հիման վրա կայացված մերժման որոշման մեջ վկայակոչվում է ավելի վաղ տրված ապրանքային նշանի վկայականը կամ ավելի վաղ գրանցման ներկայացված հայտը: Ապրանքային նշանի ավելի վաղ տրված վկայականը վկայակոչելիս նշվում է վկայականի համարը, սեփականատիրոջ անվանումը և հասցեն, ինչպես նաև այն տեղեկագրի համարը և հրապարակման թվականը, որում հրապարակված են տրված վկայականի մասին պաշտոնական տեղեկությունները:
Ավելի վաղ ներկայացված հայտի վկայակոչման դեպքում նշվում է հայտի համարը, առաջնության թվականը, հայտատուի անվանումն ու հասցեն:
Մերժման մասին որոշում կարող է կայացվել նաև հայտում նշված հայտարկվող ապրանքների մի մասի համար:
3.4. Նշանի գրանցումը մերժելու մասին որոշման վերաբերյալ գանգատը քննարկվում է Հայարտոնագրի գանգատարկման խորհրդի կողմից այն ստանալու օրվանից 2-ամսյա ժամկետում (սահմանված չափով վճար մուծելու դեպքում):
3.4.1. Քննարկման ընթացքում փորձագետը պարտավոր է նորից ուսումնասիրել հայտի փաստաթղթերը, լրիվ հետազոտել հայտարկվող նշանը, և, տալով գանգատի յուրաքանչյուր փաստարկի վերլուծությունը, որոշման մեջ հստակ ձևակերպել դրական կամ բացասական պատասխանը:
3.4.1.1. Գանգատի հիման վրա կայացված որոշումը, որը հաստատում է սկզբնական որոշումը, որպես կանոն պետք է հիմնված լինի սկզբնական որոշման փաստարկների վրա, զարգացնելով և լրացնելով դրանք:
3.4.1.2. Այն դեպքում, երբ հայտատուն գանգատի մեջ բերել է հիմնավորված փաստարկներ ի օգուտ հայտարկվող նշանի և ներկայացրել է լրացուցիչ տվյալներ, որոնցով հիմնավորվում է նշանի համապատասխանությունը սահմանված պահանջներին, որոշում է ընդունվում ապրանքային նշանի գրանցման և վկայական տալու մասին:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
28.06.1996թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 36960035
яяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяя