040.2016.251202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 նոյեմբերի 2002 թվականի N 2016-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի քաղաքային ենթակայության «Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց» և «Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոց» պետական հիմնարկները (այսուհետ` պետական հիմնարկներ) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց» և «Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների:
2. Մինչև պետական հիմնարկների` պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպումը` այդ պետական հիմնարկներին Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումները տրամադրել Երևանի քաղաքապետարանի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան, հատկացումները վերակազմակերպումից հետո ներառելով իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում:
3. Պետական հիմնարկների տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպություններին:
Պետական հիմնարկների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպություններին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
4. Սահմանել, որ`
ա) պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հիմնական առարկան ու նպատակը կրթական և մշակութային գործունեության արտադպրոցական դաստիարակության ու նախնական մասնագիտական երաժշտական կրթության իրականացումն է.
բ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների կրթական և մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևերով:
i
5. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Երևանի քաղաքապետին:
6. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ