Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏ ...

11.09.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.05.2003  -ից մինչեւ   11.09.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 03.08.05 թիվ 40-Ն որոշում)

i

606.0008.090902

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                       «09»        09           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602166

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 օգոստոսի 2002 թվականի N 9/8-Ն

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Հաստատել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կանոնակարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԿԸՀ-ի 1999թ. ապրիլի 20-ի թիվ արձ. 17 կետ 2 «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու մասին» որոշումը:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2002 թվականի

օգոստոսի 22-ի թիվ 9/8-Ն որոշման

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Կետ 1.

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (այսուհետ` Հանձնաժողով) ընտրությունները կազմակերպող և ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին է:

2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում ընդունում է որոշումներ:

 

Կետ 2.

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործում է մշտական հիմունքներով` ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ ընտրական օրենսգրքին և սույն կանոնակարգին համապատասխան:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կանոնակարգը հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է կոլեգիալության սկզբունքով:

 

Կետ 3.

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի իրավաբանական անձի կարգավիճակ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի իրավաբանական անձի համար ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված իրավունքներ և կրում է պարտականություններ, դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

 

Կետ 4.

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերը գումարվում են Երևան քաղաքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նստավայրում` Գրիգոր Քոչար 21ա:

2. Այլ վայրում նիստ կարող է գումարվել հանձնաժողովի որոշմամբ կամ սույն կանոնակարգի 14 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում:

 

ԳԼՈՒԽ 2
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

Կետ 5.

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է ինն անդամից:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում է`

1) գործող կամ արձակված Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) մշտապես գործող մարմնի (մարմինների) վավերացրած որոշմամբ նշանակած մեկական անդամից.

2) Հանրապետության Նախագահի նշանակած 3 անդամից:

3. ՀՀ ընտրական օրենսգրքի 35 հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջներին համապատասխան` եթե մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման վերջին օրը որևէ կուսակցություն (դաշինք) թեկնածու չի առաջադրում, ապա հանձնաժողովի թափուր տեղը լրացնում է համապատասխան խմբակցությունը:

 

Կետ 6.

 

1. Նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում և իր լիազորությունները ստանձնում է Ազգային ժողովի կազմավորումից հետո` քառասուներորդ օրը:

2. Նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը հրապարակում է նախկին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

 

Կետ 7.

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստը սկսվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման օրը` ժամը 1200-ին և կարող է ընթանալ մինչև ժամը 2400-ն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում:

2. Առաջին նիստը վարում է նախկին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր առաջին նիստում ընտրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և քարտուղար:

 

ԳԼՈՒԽ 3
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

Կետ 8.

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և հանձնաժողովի քարտուղար:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին:

3. Նիստը վարողը գրանցում է նոր հանձնաժողովի նախագահ առաջադրված թեկնածուների ազգանուն, անունը:

4. Գրանցված թեկնածուները կարող են ելույթ ունենալ և պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին:

 

Կետ 9.

 

Նախքան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածուներ առաջադրելը որոշվում է քվեարկության անցկացման կարգը: Քվեարկության անցկացման կարգի վերաբերյալ հանձնաժողովը ընդունում է որոշում:

 

Կետ 10.

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի ընտրությունը կարող է կատարվել բաց կամ գաղտնի քվեարկությամբ:

2. Բաց քվեարկությունն իրականացվում է նիստը վարողի հայտարարությամբ: Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ` կողմ, դեմ, ձեռնպահ կամ հրաժարվում է քվեարկությանը մասնակցելուց:

Քվեարկության ավարտից հետո նիստը վարողը հրապարակում է քվեարկության արդյունքները:

3. Գաղտնի քվեարկությունը կազմակերպում է հաշվիչ հանձնաժողովը: Հաշվիչ հանձնաժողովը ձևավորվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից` նիստը վարողի ղեկավարությամբ: Գաղտնի քվեարկություն կազմակերպելու համար նիստը վարողը հայտարարում է մեկ ժամ ընդմիջում:

Գաղտնի քվեարկության քվեաթերթիկները պատրաստվում են հաշվիչ հանձնաժողովի կողմից:

Քվեաթերթիկներում այբբենական կարգով ընդգրկվում են առաջադրված և ինքնաբացարկ չհայտնած թեկնածուների ազգանուններն ու անունները:

Քվեաթերթիկում մեկ թեկնածության դեպքում նշվում են «կողմ» և «դեմ» բառերը:

Հանձնաժողովի անդամները քվեաթերթիկը լրացնում են գաղտնի` քվեարկության խցիկում /կամ սենյակում/, թողնելով այն թեկնածուի ազգանունը և անունը, որի օգտին նա քվեարկում է, ջնջելով մյուս ազգանունները և անունները:

Մեկ թեկնածու քվեարկելու դեպքում, եթե հանձնաժողովի անդամը քվեարկում է թեկնածուի օգտին ջնջում է «դեմ» բառը, իսկ եթե քվեարկում է թեկնածուին դեմ` ջնջում է «կողմ» բառը:

Քվեարկության ավարտից հետո հաշվիչ հանձնաժողովը բացում է քվեարկության տուփը և հաշվում ձայները:

4. Գաղտնի քվեարկության արդյունքների մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են Հաշվիչ հանձնաժողովի անդամները:

5. Հաշվիչ հանձնաժողովի ներկայացրած արդյունքների հիման վրա նիստը վարողը հայտարարում է թեկնածուի ընտրության մասին:

 

Կետ 11.

 

1. Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:

2. Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկու թեկնածու, ապա ընտրված է համարվում քվեարկության մասնակիցների առավել ձայներ ստացած թեկնածուն:

3. Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, ապա առավել ձայներ ստացած թեկնածուների միջև անցկացվում է կրկնական քվեարկություն, սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով:

 

Կետ 12.

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն առաջին նիստում սահմանված կարգով չընտրվելու դեպքում, եռօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին նշանակում է կառավարությունը` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից ՀՀ ընտրական օրենսգրքի 35-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն:

 

Կետ 13.

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալն ու քարտուղարն ընտրվում են նոր կազմավորված հանձնաժողովի առաջին նիստում` հանձնաժողովի նախագահի ընտրությունից հետո:

 

ԳԼՈՒԽ 4
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԸ

 

Կետ 14.

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստերը անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից սահմանված ժամանակացույցով:

2. Նիստերն անցկացվում են հանձնաժողովի վարչական շենքի նիստերի դահլիճում, իսկ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքում, երբ անհնար է նիստի օրն ու ժամը հետաձգելը, հանձնաժողովի նախագահը ստանալով հանձնաժողովի անդամների կեսից ավելիի համաձայնությունը, նիստն անցկացնում է այլ վայրում:

3. Նիստերին հանձնաժողովի անդամների մասնակցությունը նշվում է նիստերի գործավարության մատյանում, որտեղ յուրաքանչյուրն իր ազգանվան դիմաց ստորագրում է:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերը սղագրվում են:

 

Կետ 15.

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրվում է`

ա) հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ,

բ) հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում և օրակարգով:

2. Արտահերթ նիստ հրավիրելու ժամկետի և օրակարգի մասին հանձնաժողովի նախագահը գրավոր տեղյակ է պահում հանձնաժողովի անդամներին ոչ ուշ, քան արտահերթ նիստից երկու ժամ առաջ:

 

Կետ 16.

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերը դռնբաց են:

2. Հանձնաժողովի նիստերին մասնակցում են ԿԸՀ-ի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:

3. Հանձնաժողովի նիստերին կարող են ներկա գտնվել`

- զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրված ներկայացուցիչները,

- հանձնաժողովի կողմից հրավիրված անձինք,

- դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները,

- Հանրապետության Նախագահի թեկնածուները կամ նրա լիազոր ներկայացուցիչները, վստահված անձինք,

- Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցիչները կամ թեկնածուների վստահված անձինք,

- Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուն կամ լիազոր ներկայացուցիչը, ինչպես նաև նրա վստահված անձը` իր բողոքի քննարկման ժամանակ:

Հանձնաժողովի նիստում ներկա գտնվող վերոհիշյալ անձինք կարող են մասնակցել հարցի քննարկմանը միայն նիստը վարողի թույլտվությամբ:

 

Կետ 17.

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

Հանձնաժողովի նիստը վարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ նախագահի տեղակալը:

2. Քվորումի բացակայության դեպքում նիստը վարողը որոշում է կայացնում նիստի տեղափոխման մասին:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը սկսվում է օրակարգի հաստատումով: Նիստը վարողը ընթերցում է օրակարգի հարցերը և անհրաժեշտության դեպքում տալիս է պարզաբանումներ:

4. Նիստը վարողը, ելնելով աշխատանքի արդյունավետությունից, կարող է փոխել օրակարգի հարցերի քննարկման հերթականությունը, եթե չկա առարկություն:

Օրակարգի հարցերի վերաբերյալ առարկությունների դեպքում առաջարկությունը դրվում է քվեարկության:

5. Մինչև օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում:

 

Կետ 18.

 

1. Հանձնաժողովի նիստի օրակարգը կազմվում է հանձնաժողովի անդամների առաջարկությունների հիման վրա:

2. Նիստերի օրակարգը կազմում է հանձնաժողովի քարտուղարը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

3. Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը սույն կանոնակարգի 20-րդ հոդվածով սահմանված կարգով հանձնաժողովի անդամները հանձնում են հանձնաժողովի քարտուղարին:

 

Կետ 19.

 

1. Հերթական նիստի օրակարգում առաջարկություններն ընդգրկելու համար դրանք որոշման նախագծերի տեսքով հանձնաժողովի անդամների կողմից ներկայացվում են քարտուղարին` ոչ ուշ, քան նիստից 2 օր առաջ:

2. Հրատապ հարցերը ընդգրկվում են օրակարգ հանձնաժողովի նախագահի կողմից կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով, ոչ ուշ, քան նիստի սկսվելուց երկու ժամ առաջ: Հրատապ հարցերը կարող են ընդգրկվել օրակարգ նաև հանձնաժողովի որոշմամբ` նիստի սկզբում:

 

Կետ 20.

 

1. Որոշման նախագծերը նիստի քննարկմանը ներկայացնելիս դրան կցվում են իրավական ակտի ընդունման հիմքերը, նախագծի ընդունման կապակցությամբ ԿԸՀ-ի այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացառության մասին տեղեկանք:

2. Որոշման նախագծերը հանձնաժողովի նիստի օրակարգ ընդգրկելուց առաջ ներկայացվում են հանձնաժողովի իրավաբանական բաժին` իրավաբանական փորձաքննության:

 

Կետ 21.

 

1. Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի որոշման նախագծերն ու անհրաժեշտ նյութերը հանձնաժողովի անդամներին հանձնում է հանձնաժողովի աշխատակազմը` ոչ ուշ, քան նիստը սկսվելուց երկու ժամ առաջ:

2. Նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց բաժանվում է նիստի օրակարգը: Նրանք իրավունք ունեն ծանոթանալ նաև ներկայացվող որոշումների նախագծերին:

 

ԳԼՈՒԽ 5
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Կետ 22.

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի իրավազոր նիստում` բաց քվեարկությամբ: Գաղտնի քվեարկությամբ որոշում ընդունվում է միայն հանձնաժողովի որոշմամբ:

 

Կետ 23.

 

1. Հանձնաժողովի նիստը հարցերի քննարկումը սկսում է որոշման նախագիծը ներկայացնողի զեկուցումով: Զեկուցման կապակցությամբ հանձնաժողովի անդամները կարող են`

- հարակից ելույթներ ունենալ (մինչև 5 րոպե),

- տալ հարցեր,

- ներկայացնել առաջարկություններ (մինչև 3 րոպե):

2. Քննարկվող յուրաքանչյուր հարցի կապակցությամբ նիստը վարողն ունի ելույթի իրավունք մինչև 7 րոպե:

3. Նիստի ընթացքում արված նոր առաջարկությունները գրանցում է հանձնաժողովի քարտուղարը:

 

Կետ 24.

 

1. Նիստը վարողն ամփոփում է քննարկումը և քվեարկությունից առաջ ներկայացնում է որոշման նախագծի վերաբերյալ արված դիտողությունները և առաջարկությունները: Դրանք զեկուցողի կողմից ընդունվելու դեպքում քվեարկությունը հետաձգում է` որոշման նախագիծը նոր տեսքով քվեարկության ներկայացնելու համար:

2. Առաջարկությունները զեկուցողի կողմից չընդունվելու դեպքում, իսկ նոր առաջարկության հեղինակի կողմից ներկայացված տարբերակը պնդելու դեպքում` որոշում է ընդունվում առաջարկություններն առանձին-առանձին քվեարկելու մասին: Որոշումն ընդունվելուց հետո` եթե նույն հարցի վերաբերյալ իրարամերժ առաջարկություններից ոչ մեկը չի հավաքում ընդունման համար անհրաժեշտ ձայներ, ապա առավելագույն ձայներ հավաքած առաջարկությունը նորից դրվում է քվեարկության:

 

Կետ 25.

 

1. Քվեարկությունը համարվում է կայացած, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

2. Որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել են քվեարկության մասնակիցների կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի (նիստը վարողի) ձայնը վճռորոշ է`

ա/ եթե քվեարկության է դրվում երկու իրարամերժ առաջարկություն և երկուսն էլ հավաքում են հավասար և բավարար կողմ ձայներ,

բ/ եթե առաջարկությանը կողմ ձայները հավասար են դեմ և ձեռնպահ ձայների գումարին:

 

Կետ 26.

 

1. Յուրաքանչյուր քվեարկությունից առաջ նիստը վարողը կրկնում է քվեարկության դրվող հարցը` ճշգրիտ ձևակերպմամբ, հաշվում և բարձրաձայն հայտարարում է կողմ տրված ձայների թիվը, այնուհետև նույն կարգով` դեմ ու ձեռնպահ ձայների թիվը:

2. Քվեարկությունը կարող է կրկնվել, եթե ինչ-որ կապակցությամբ խանգարվել է հանձնաժողովի որևէ անդամի քվեարկությունը:

3. Քվեարկության արդյունքները սղագրվում են նիստի արձանագրությունում:

 

Կետ 27.

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ իրավական ակտերը հրապարակվում և ուժի մեջ են մտնում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում ընդունված որոշումները պարտադիր են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց համար:

 

ԳԼՈՒԽ 6
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

Կետ 28.

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամն իրավունք ունի`

- նախապես ծանոթանալ հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին,

- ելույթներ ունենալ հանձնաժողովի նիստերում,

- ներկայացնել առաջարկություններ և պահանջել, որ այդ առթիվ անցկացվի քվեարկություն,

- նիստի մասնակիցներին տալ հարցեր և ստանալ սպառիչ պատասխաններ,

- հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` խորհրդակցական ձայնի իրավունքով, մասնակցել ստորադաս ընտրական հանձնաժողովների նիստերին,

- քվեարկության օրը ներկա գտնվել տեղամասային կենտրոնում,

- ներգրավվել հանձնաժողովում ստեղծված աշխատանքային խմբերում,

- ծանոթանալ ԿԸՀ-ում ստացված դիմումներին, բողոքներին, գրություններին, նամակներին և մյուս փաստաթղթերին,

- ծանոթանալ ստորադաս ընտրական հանձնաժողովների աշխատանքների կատարման գործընթացին,

- հրապարակավ ելույթներ ունենալ` միջոցառումների ժամանակ, զանգվածային լրատվության միջոցներով, հայտնելով ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման վերաբերյալ իր անձնական կարծիքը,

- հրավիրել մասնագետներ, ներկայացուցիչներ, քաղաքացիներ և գործով անհրաժեշտ այլ անձանց, ԿԸՀ-ում հարցերի նախապատրաստմանն աջակցելու նպատակով,

- ստանալ` ԿԸՀ-ի աշխատակազմից, մասնագիտական, խորհրդատվական, տեխնիկական և այլ բնույթի օժանդակություն, ինչպես նաև լիազորություններն իրականացնելիս կատարված անհրաժեշտ ծախսումների փոխհատուցում` օրենքով սահմանված կարգով,

- օգնել ստորադաս հանձնաժողովներին, նրանց առանձին անդամներին, ընտրությունների մասնակիցներին իրավաբանական, կազմակերպչական և մեթոդական խորհրդատվություններով:

 

Կետ 29.

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը պարտավոր է`

- կատարել հանձնաժողովի նախագահի կողմից իր իրավասության սահմաններում տրված հանձնարարականները,

- մասնակցել ԿԸՀ-ի նիստերին` իր անվան դիմաց ստորագրել նիստերի գործավարության մատյանում,

- հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերը ներկայացնել սույն կանոնակարգի 20 հոդվածով սահմանված կարգով,

- ուսումնասիրել և ընթացք տալ` վիճակահանության արդյունքում տեսակավորված դիմումներին, բողոքներին, համադրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հետ ընթացիկ աշխատանքները,

- իր գործունեության ընթացքում պահպանել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված պարտականությունները:

 

Կետ 30.

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը`

- ազատվում է զորահավաքներից և վարժական հավաքներից, իսկ համապետական ընտրությունների ժամանակահատվածում` նաև զորակոչից,

- կարող է կալանավորվել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվել միայն ԿԸՀ-ի համաձայնությամբ:

 

Կետ 31.

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամն աշխատում է մշտական հիմունքներով և վարձատրվում է վճռաբեկ դատարանի դատավորի աշխատավարձի չափով:

 

Կետ 32.

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամն իրավունք չունի կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

 

Կետ 33.

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամն իր լիազորությունները իրականացնում է մինչև նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորումը:

 

Կետ 34.

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվում են, եթե ավարտվել է ԿԸՀ-ի լիազորությունների ժամկետը:

 

Կետ 35.

 

i

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են`

1) եթե նա կորցրել է իր ընտրական իրավունքը`

- կորցրել է ՀՀ քաղաքացիությունը,

- դատապարտվել է ազատազրկման,

- օրինական ուժի մեջ է մտել նրան անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը,

2) մահացել է.

3) ԿԸՀ-ի նիստերից երեք անհարգելի բացակայության դեպքում հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին, ԿԸՀ-ի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունվել է որոշում.

4) իր դիմումի համաձայն.

5) զորակոչվել է:

Լիազորությունները վաղաժամկետ դադարեցված անդամի փոխարեն նրան նշանակած մարմինը ՀՀ ԸՕ-ով սահմանված կարգով կատարում է նոր նշանակում:

(35-րդ կետը փոփ. 30.04.03 թիվ 118-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 7
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

Կետ 36.

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի աշխատանքը ղեկավարող, հանձնաժողովն այլ մարմիններում, ատյաններում և իրավահարաբերություններում ներկայացնող պաշտոնատար անձն է:

 

Կետ 37.

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը`

- ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները,

- սահմանում է հանձնաժողովի հերթական նիստերի ժամանակացույցը,

- հրավիրում է արտահերթ նիստ,

- վարում է հանձնաժողովի նիստերը (սույն կանոնակարգին համապատասխան),

- ելույթների համար ձայն է տալիս` ըստ հերթականության,

- զգուշացումներ անում կանոնակարգը խախտողներին, իսկ կրկնվելու դեպքում` զրկում խոսքից,

- ուղղում ելույթներում տեղ գտած փաստական սխալները,

- ձայն տալիս հրավիրված անձանց և սահմանված կարգով զրկում խոսքից, խանգարողներին` հեռացնում նիստերի դահլիճից,

- կազմակերպում և անցկացնում է քվեարկությունը, ամփոփում և հայտարարում քվեարկության արդյունքները,

- ստորագրում է նիստերի արձանագրությունները,

- ստորագրում և իր լիազորությունների շրջանակներում հրապարակում է հանձնաժողովի որոշումները,

- ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ընդունում է անհատական որոշումներ կամ կարգադրություններ,

- հրապարակում է ՀՀ ընտրական օրենսգրքի կիրառման վերաբերյալ հրահանգներ` օրենքով սահմանված կարգով,

- վերահսկում է հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքը,

- կազմակերպում է ընտրությունները նախապատրաստելու և անցկացնելու համար ֆինանսական միջոցների ստացումը և տնօրինում այդ դրամական միջոցները,

- ստորագրում է հանձնաժողովի ելից փաստաթղթերը,

- անցկացնում է խորհրդակցություններ,

- ապահովում է խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների ժամանակին և որակյալ կատարումը,

- ընդունում է պատվիրակություններ և հյուրեր,

- լուծում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված հանձնաժողովի լիազորությունների իրականացումն ապահովող այլ հարցեր,

- կազմակերպում է մշտական հիմունքներով գործող աշխատակազմ,

- ապահովում է հանձնաժողովի աշխատակազմի բնականոն և արդյունավետ աշխատանքը` սույն կանոնակարգին համապատասխան,

- նշանակում և պաշտոնից ազատում է հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարին, հանձնաժողովի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին,

- աշխատանքի է ընդունում և ազատում աշխատակազմի աշխատակիցներին:

 

Կետ 38.

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` ընտրությունները նշանակվելու օրվանից հանձնաժողովին առընթեր ստեղծում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն:

2. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործունեության կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

 

Կետ 39.

 

Հանձնաժողովի նախագահը աշխատում է մշտական հիմունքներով` մինչև նոր հանձնաժողովի նախագահի ընտրությունը: Հանձնաժողովի նախագահը վարձատրվում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի աշխատավարձի չափով:

 

Կետ 40.

 

Հանձնաժողովի նախագահի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել իր դիմումի համաձայն, որը նրա կողմից ներկայացվում է հանձնաժողովի նիստին: Այն ընդունվում է ի գիտություն:

Եթե հանձնաժողովի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարել են հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու օրենսգրքով նախատեսված դեպքերում, ապա նախագահի տեղակալը եռօրյա ժամկետում հրավիրում է արտահերթ նիստ հանձնաժողովի նախագահի ընտրության համար:

Նոր ընտրությունը կատարվում է ՀՀ ընտրական օրենսգրքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով:

 

Կետ 41.

 

1. Հանձնաժողովի նախագահը կարող է պաշտոնանկ արվել հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի երկու երրորդով ընդունված որոշմամբ:

2. Հանձնաժողովի նախագահը կարող է պաշտոնանկ արվել ընտրության օրվանից ոչ ուշ, քան չորս օր առաջ: Նույն նիստում կատարվում է հանձնաժողովի նախագահի նոր ընտրություն` ՀՀ ընտրական օրենսգրքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 8
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԸ

 

Կետ 42.

 

Հանձնաժողովի նախագահի տեղակալը ընտրվում և պաշտոնանկ է արվում, կամ նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են հանձնաժողովի նախագահի համար սույն կանոնակարգով նախատեսված կարգով:

 

Կետ 43.

 

Հանձնաժողովի նախագահի տեղակալն աշխատում է մշտական հիմունքներով` վարձատրվում է ՀՀ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի աշխատավարձի չափով:

 

Կետ 44.

 

Հանձնաժողովի նախագահի տեղակալն ապահովում է ընտրությունների վերաբերյալ ստացված տեղեկությունների, դիմումների, բողոքների, պաշտոնական գրությունների հետ տարվող աշխատանքը:

 

Կետ 45.

 

Հանձնաժողովի նախագահի տեղակալը հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ նրան փոխարինող պաշտոնատար անձն է:

Հանձնաժողովի նախագահի տեղակալը հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է հանձնաժողովի նախագահին վերապահված լիազորությունների որոշակի մասը:

 

ԳԼՈՒԽ 9
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

Կետ 46.

 

Հանձնաժողովի քարտուղարն ընտրվում և պաշտոնանկ է արվում կամ նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են հանձնաժողովի նախագահի համար սույն կանոնակարգով նախատեսված կարգով:

 

Կետ 47.

 

Հանձնաժողովի քարտուղարը աշխատում է մշտական հիմունքներով և վարձատրվում է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի աշխատավարձի չափով:

 

Կետ 48.

 

Հանձնաժողովի քարտուղարը`

- նախապատրաստում է հանձնաժողովների նիստերի անցկացումը,

- կազմում և ստորագրում է նիստերի օրակարգը,

- տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին օրակարգի հարցերի մասին,

- ապահովում է նիստերի հրապարակայնությունը, հրավիրված անձանց ներկայությունը,

- անհրաժեշտության դեպքում օրակարգի մասին տալիս է պարզաբանումներ,

- վերահսկում նիստը սպասարկող աշխատակազմի աշխատանքը,

- վերահսկում է նիստերի սղագրությունը,

- ստորագրում է նիստերի արձանագրությունները,

- ապահովում է հանձնաժողովի ընդունած որոշումների կատարումը,

- կազմակերպում է ընդունված որոշումների պաշտոնական հրապարակումը,

- կազմակերպում և հետևում է, որ որոշումներն ուղարկվեն ըստ պատկանելիության,

- հաստատում է սահմանված կարգով հավատարմագրված զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ցանկը, տալիս է վկայականները,

- ղեկավարում է հանձնաժողովի աշխատակազմի աշխատանքները,

- կազմակերպում է ընտրական փաստաթղթերի ստացման, պահպանման և հանձնման աշխատանքը:

 

ԳԼՈՒԽ 10
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

Կետ 49.

 

Հանձնաժողովին վերապահված լիազորությունները արդյունավետ իրականացնելու, բնականոն գործունեությունն ապահովելու համար հանձնաժողովի նախագահը կազմավորում է մշտական հիմունքներով գործող աշխատակազմ:

 

Կետ 50.

 

Հանձնաժողովի աշխատակազմի աշխատանքները ղեկավարում են հանձնաժողովի քարտուղարն ու հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարը:

 

Կետ 51.

 

Հանձնաժողովի աշխատակազմը` համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով ապահովում է հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը: Աշխատակազմը`

- իրականացնում է իրավաբանական, կազմակերպչական և մեթոդական խորհրդատվություն,

- իրականացնում է աշխատակազմի գործունեության կազմակերպման հետ կապված այլ գործառույթներ:

 

Կետ 52.

 

Հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների թվաքանակը և հաստիքացուցակը որոշում է հանձնաժողովի նախագահը:

 

Կետ 53.

 

Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցների վարձատրության դրույքաչափերը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

 

Կետ 54.

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի և հասարակության հետ կապերի ծառայությունը ղեկավարում է ԿԸՀ մամուլի քարտուղարը, որն ապահովում է կապը զանգվածային լրատվության միջոցների հետ, տեղեկացնում է ԿԸՀ-ի նիստերի անցկացման մասին և ապահովում է նրանց մասնակցությունը հանձնաժողովի նիստերին:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն և մամուլի հաղորդագրություն տալու իրավունք ունի հանձնաժողովի նախագահը կամ նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը, մամուլի քարտուղարը:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
22.08.2002
N 9/8-Ն
Որոշում