20.04.2024 -
040.0631.290502
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 մայիսի 2002 թվականի N 631
«ՍԵՎ ԼԻՃ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «զ» կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 12-ի «Սև լիճ» պետական արգելոցի կարգավիճակը փոփոխելու մասին» N 976 որոշման 4-րդ կետի «գ» ենթակետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել «Սև լիճ» պետական արգելավայրի կանոնադրությունը (կցվում է):
(նախաբանը փոփ. 18.04.2024 թիվ 566-Ն որոշում)
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թ.
մայիսի 29-ի N 631 որոշմամբ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՍԵՎ ԼԻՃ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Սև լիճ» պետական արգելավայրը (այսուհետև` արգելավայր) կազմավորվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 12-ի «Սև լիճ» պետական արգելոցի կարգավիճակը փոփոխելու մասին» N 976 որոշմամբ:
Արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում` Սյունիքի հրաբխային բարձրավանդակի Մեծ Իշխանասար հրաբխային կոնի մերձկատարային մասում, 2670 մետր բարձրության վրա: Նրա տարածքն ընդգրկում է սառցադաշտային ծագման Սև լիճը (200 հա մակերեսով) և առափնյա մերձալպյան մարգագետնային էկոհամակարգերը (40 հա մակերեսով):
2. Արգելավայրի կազմավորման հիմնական նպատակը Սև լճի ջրային և նրա հարակից ցամաքային էկոհամակարգերի, բուսական ու կենդանական աշխարհի պահպանությունն ու կայուն օգտագործումը, Սևանա լճի իշխան և բեղլու ձկնատեսակների արհեստական վերարտադրության համար անհրաժեշտ ձկնային պաշարի աճեցումն ապահովելն է:
3. Արգելավայրի հողատարածքները, ջրերը, բուսական և կենդանական աշխարհը, ընդերքը պետության բացառիկ սեփականությունն են և մասնավորեցման ենթակա չեն:
4. Արգելավայրի ռեժիմի փոփոխությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
5. Արգելավայրի վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով Սև լճի ամբողջ ջրհավաք ավազանը սահմանվում է որպես պահպանական գոտի:
6. Արգելավայրի տարածքում բնապահպանական ու բնօգտագործման գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը:
(6-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)
II. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
7. Արգելավայրի հիմնական խնդիրներն են`
ա) արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումը և պահպանությունը.
բ) Սև լճի քաղցրահամ ջրային էկոհամակարգի էկոլոգիական հավասարակշռի պահպանությունը.
գ) արգելավայրի վայրի բուսատեսակների և կենդանիների էկոլոգիական միջավայրի պահպանությունը.
դ) հազվագյուտ ու անհետացման վտանգված բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.
ե) արժեքավոր և անհետացման վտանգված տեղաբնակ ձկնատեսակների արհեստական վերարտադրության համար անհրաժեշտ բնական միջավայրի ապահովումը.
զ) գիտաճանաչողական և էկոլոգիական զբոսաշրջության իրականացման համար անհրաժեշտ նախադրյալների ապահովումը:
8. Արգելավայրի տարածքում իրականացվող հիմնական գործառույթներն են`
ա) Սև լճում Սևանա լճի իշխան և բեղլու ձկնատեսակների արհեստական վերարտադրությունը.
բ) արգելավայրի ռեժիմին համապատասխան զբոսաշրջության տարբեր ձևերի կազմակերպումը:
III. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՌԵԺԻՄԸ
9. Արգելավայրի տարածքում արգելվում են`
ա) ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի բնական համալիրների զարգացման բնականոն ընթացքը կամ սպառնում է բնական միջավայրի անվտանգությանը.
բ) լճի ջրաբանական ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.
գ) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունը և շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը (բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների շինարարության).
դ) օգտակար հանածոների շահագործումը, հողային և բուսական ծածկույթի խախտումը.
ե) թունաքիմիկատների և պարարտանյութերի օգտագործումը.
զ) տարածքի հողը հերկելը:
10. Արգելավայրի տարածքում կարող են իրականացվել`
ա) մարդածին գործունեության հետևանքով բնական էկոհամակարգերի հավասարակշռված վիճակը խախտող երևույթներն ու պրոցեսները կանխարգելող միջոցառումներ.
բ) մարդու, կենդանիների և բույսերի համար առանձնահատուկ վտանգ ներկայացնող հիվանդությունների, վնասատուների և վարակի օջախների վերացման աշխատանքներ.
գ) էկոլոգիական, գիտաճանաչողական էքսկուրսիաներ և զբոսաշրջություն.
դ) գիտահետազոտական ուսումնասիրություններ` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(10-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)
11. Արգելավայրի պահպանական գոտու տարածքում թույլատրվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության հետ համաձայնեցված` արգելավայրի նպատակին և խնդիրներին չհակասող ցանկացած տնտեսական գործունեություն:
(11-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)
11.1. Արգելավայրի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը:
(11.1-ին կետը լրաց. 18.04.2024 թիվ 566-Ն որոշում)
12. Արգելավայրի ռեժիմի պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը` «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(12-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն, 18.04.2024 թիվ 566-Ն որոշումներ)
13. Արգելավայրի ռեժիմը խախտող կազմակերպությունները և քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: