ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
13 հոկտեմբերի 2023 թվականի N 10-Ն
ՀՀՇՆ 31-04.03-2023 «ՇԵՆՔԵՐ ԵՎ ՍԵՆՔԵՐ ԱՆԱՍՆԱԲՈՒԾԱԿԱՆ, ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ, ԳԱԶԱՆԱԲՈՒԾԱԿԱՆ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել ՀՀՇՆ 31-04.03-2023 «Շենքեր և սենքեր անասնաբուծական, թռչնաբուծական, գազանաբուծական. Նախագծման նորմեր» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:
i
2. Ուժը կորցրած ճանաչել` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` տեղայնացման ենթակա մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթեր հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 11-Ն հրամանով հաստատված Հավելվածի 46-րդ կետը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ քաղաքաշինության
կոմիտեի նախագահի
2023 թվականի հոկտեմբերի 13-ի
N 10-Ն հրամանի
ՀՀՇՆ 31-04.03-2023 «ՇԵՆՔԵՐ ԵՎ ՍԵՆՔԵՐ ԱՆԱՍՆԱԲՈՒԾԱԿԱՆ, ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ, ԳԱԶԱՆԱԲՈՒԾԱԿԱՆ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն նորմերը սահմանում են ընտանի (այդ թվում գյուղատնտեսական նշանակության) կենդանիների բուծման (պահման)` անասնաբուծության, թռչնաբուծության և գազանաբուծության համար նախատեսվող` նոր կառուցվող, վերակառուցվող (հիմնանորոգվող, արդիականացվող, վերականգնվող, ընդլայնվող, վերազինվող) շենքերի, շինությունների նախագծման պահանջներ: Գյուղատնտեսական նշանակության ընտանի կենդանիների բուծման (պահման) համար նախատեսված շենքեր և շինություններ նախագծելիս անհրաժեշտ է ղեկավարվել նաև տեխնոլոգիական գործընթացներին ներկայացվող պահանջներով:
2. ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ
2. Սույն նորմերում կատարված են հղումներ հետևյալ նորմատիվ փաստաթղթերին`
._________________________________________________________________________.
|1) |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի |ՀՀՇՆ 20.04-2020 |
| |2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 102-Ն | |
| |հրամանով հաստատված «Երկրաշարժադիմացկուն | |
| |շինարարություն. Նախագծման նորմեր» | |
| |շինարարական նորմեր | |
|___|_________________________________________|___________________________|
|2) |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի |ՀՀՇՆ 21-01-2014 |
| |մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված | |
| |«Շենքերի և շինությունների հրդեհային | |
| |անվտանգություն» շինարարական նորմեր | |
|___|_________________________________________|___________________________|
|3) |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2016 թվականի |ՀՀՇՆ 24-01-2016 |
| |հունիսի 16-ի N 120-Ն հրամանով հաստատված | |
| |«Շենքերի ջերմային պաշտպանություն» | |
| |շինարարական նորմեր | |
|___|_________________________________________|___________________________|
|4) |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի |ՀՀՇՆ 31-03.03-2022 |
| |2022 թվականի հունիսի 29-ի N 14-Ն | |
| |հրամանով հաստատված «Վարչական և | |
| |կենցաղային շենքեր» շինարարական նորմեր | |
|___|_________________________________________|___________________________|
|5) |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի |ՀՀՇՆ 40-01.01-2014 |
| |մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված | |
| |«Շենքերի ներքին ջրամատակարարում և | |
| |ջրահեռացում» շինարարական նորմեր | |
|___|_________________________________________|___________________________|
|6) |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի |ՀՀՇՆ 40-01.03-2022 |
| |2022 թվականի հուլիսի 8-ի N 16-Ն | |
| |հրամանով հաստատված «Կոյուղի. Արտաքին | |
| |ցանցեր և կառուցվածքներ» | |
|___|_________________________________________|___________________________|
|7) |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի |ՀՀՇՆ IV-11.03.01-2004 |
| |մարտի 3-ի N 16-Ն հրամանով հաստատված | |
| |«Արտադրական շենքեր» շինարարական նորմեր | |
|___|_________________________________________|___________________________|
|8) |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի |ՀՀՇՆ IV-11.07.01-2006 |
| |նոյեմբերի 10-ի N 253-Ն հրամանով հաստատված| |
| |«Շենքերի և շինությունների | |
| |մատչելիությունը բնակչության սակավաշարժուն| |
| |խմբերի համար» շինարարական նորմեր | |
|___|_________________________________________|___________________________|
|9) |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի |ՀՀՇՆ IV-12.02.01-2004 |
| |օգոստոսի 4-ի N 83-Ն հրամանով հաստատված | |
| |«Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» | |
| |շինարարական նորմեր | |
|___|_________________________________________|___________________________|
|10)|ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի |ՍԿՆ N 2-III-Ա 2-1 |
| |դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված | |
| |«Խմելու ջուր: Ջրամատակարարման | |
| |կենտրոնացված համակարգերի խմելու ջրի | |
| |որակին ներկայացվող պահանջներ: Որակի | |
| |հսկողություն» սանիտարական կանոններ և | |
| |նորմեր | |
|___|_________________________________________|___________________________|
|11)|ՀՀ առողջապահության նախարարի 2005 |N 2.2-002-05 |
| |թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով | |
| |հաստատված «Աշխատանքի հիգիենիկ | |
| |դասակարգումը ըստ արտադրական միջավայրի | |
| |վնասակար և վտանգավոր գործոնների, | |
| |աշխատանքային գործընթացի ծանրության և | |
| |լարվածության ցուցանիշների» սանիտարական | |
| |նորմեր և կանոններ | |
|___|_________________________________________|___________________________|
|12)|ՀՀ առողջապահության նախարարի 2010 |ՍԿՆ N 2.2.5-003-05 |
| |թվականի հուլիսի 16-ի N 13-Ն հրամանով | |
| |հաստատված «Ախտահանման, կրծողասպան և | |
| |միջատասպան աշխատանքների կազմակերպման, | |
| |իրականացման և աշխատողների առողջության | |
| |պահպանման» սանիտարական կանոններ և | |
| |նորմեր | |
|___|_________________________________________|___________________________|
|13)|ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ |ՀՀ ՏԿԱԻՆ հրաման |
| |իրավիճակների նախարարի 2015 թվականի | |
| |հունիսի 18-ի N 595-Ն հրամանով հաստատված | |
| |Հրդեհային անվտանգության կանոններ | |
|___|_________________________________________|___________________________|
|14)|Եվրասիական տնտեսական միության 2023 |ԵԱՏՄ որոշում |
| |թվականի փետրվարի 13-ի թիվ 27 որոշմամբ | |
| |հաստատված «Անասնաբուժական հսկողության | |
| |(վերահսկողության) ենթակա օբյեկտներին | |
| |ներկայացվող միասնական անասնաբուժական | |
| |(անասնաբուժասանիտարական) պահանջները» | |
|___|_________________________________________|___________________________|
|15)|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի |ՍՆԻՊ 2.01.07-85 |
| |2022 թվականի հունիսի 14-ի N 11 | |
| |հրամանով հաստատված «Բեռնվածքներ և | |
| |ազդեցություններ» շինարարական նորմեր | |
|___|_________________________________________|___________________________|
|16)|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի |ՍՆԻՊ 2.03.13-88 |
| |2022 թվականի հունիսի 14-ի N 11 հրամանով | |
| |հաստատված «Հատակներ» շինարարական նորմեր | |
|___|_________________________________________|___________________________|
|17)|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի |ՍՆԻՊ II-97-76 |
| |2022 թվականի հունիսի 14-ի N 11 հրամանով | |
| |հաստատված «Գլխավոր հատակագծեր | |
| |գյուղատնտեսական ձեռնարկությունների» | |
| |շինարարական նորմեր | |
|___|_________________________________________|___________________________|
|18)|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի |ՀՀՇՆ 31-04-2022 |
| |2022 թվականի հունիսի 22-ի N 13-Ն | |
| |հրամանով հաստատված «Տանիքներ և | |
| |տանիքածածկեր» շինարարական նորմեր | |
|___|_________________________________________|___________________________|
|19)|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի |ՀՀՇՆ 40-01.02- |
| |2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 103-Ն | |
| |հրամանով հաստատված «Ջրամատակարարում. | |
| |Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» | |
| |շինարարական նորմեր | |
|___|_________________________________________|___________________________|
|20)|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի |ՀՀՇՆ 52-01- |
| |2021 թվականի հունվարի 14-ի N 02-Ն | |
| |հրամանով հաստատված «Բետոնե և երկաթբետոնե| |
| |կոնստրուկցիաներ» շինարարական նորմեր | |
|___|_________________________________________|___________________________|
|21)|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի |ՀՀՇՆ 30-01-2023 |
| |2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով | |
| |հաստատված «Քաղաքաշինություն. Քաղաքային և | |
| |գյուղական բնակավայրերի հատակագծում և | |
| |կառուցապատում» շինարարական նորմեր | |
|___|_________________________________________|___________________________|
|22)|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի |ՀՀՇՆ 30-02-2022 |
| |2022 թվականի հունիսի 21-ի N 12-Ն հրամանով| |
| |«Տարածքի բարեկարգում» շինարարական նորմեր | |
|___|_________________________________________|___________________________|
|23)|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի |ՀՀՇՆ 31-02-2022 |
| |2022 թվականի նոյեմբերի 7-ի N 27-Ն | |
| |հրամանով հաստատված «Բնակելի շենքեր. | |
| |Մաս II. Անհատական բնակելի տներ» | |
|___|_________________________________________|___________________________|
|24)|ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի |ՀՀ կառավարության որոշում |
| |4-ի N 369-Լ որոշմամբ հաստատված «Փոքր և | |
| |միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման | |
| |կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական | |
| |ապահովման աջակցության ծրագիր» | |
|___|_________________________________________|___________________________|
|25)|ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի |ՀՀ կառավարության որոշում |
| |19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված | |
| |«Հայաստանի Հանրապետությունում | |
| |կառուցապատման նպատակով թույլտվությունների| |
| |և այլ փաստաթղթերի տրամադրման կարգ» | |
|___|_________________________________________|___________________________|
|26)|«Չափերի մոդուլային համաձայնեցում |ԳՕՍՏ 28984-2011 |
| |շինարարության մեջ: Հիմնական դրույթներ» | |
|___|_________________________________________|___________________________|
|27)|«Շինարարական չոր խառնուրդներ: |ԳՕՍՏ 31189-2015 |
| |Դասակարգում» | |
|___|_________________________________________|___________________________|
|28)|«Շենքերի էլեկտրական կայանքներ: Մաս 7: |ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 50571.7.705-2023|
| |Հատուկ էլեկտրակայանքներին ներկայացվող | |
| |պահանջներ: Բաժին 705: Գյուղատնտեսական | |
| |և անասնապահական տարածքների | |
| |էլեկտրակայանքներ» | |
|___|_________________________________________|___________________________|
|29)|«Շինարարական կառուցվածքների և |ԳՕՍՏ 27751-2014 |
| |հիմնատակերի հուսալիություն: Հիմնական | |
| |դրույթներ և պահանջներ» | |
|___|_________________________________________|___________________________|
|30)|«Էլեկտրակայանքներ անասնաբուծական |ԳՕՍՏ Ռ 54392-2011 |
| |տարածքների համար: Պոտենցիալների | |
| |հավասարեցման մեթոդներ» | |
|___|_________________________________________|___________________________|
|31)|«Աշխատանքային գոտու օդի նկատմամբ |ԳՕՍՏ 12.1.005-88 |
| |ընդհանուր սանիտարահիգիենիկ պահանջներ» | |
._________________________________________________________________________.
3. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
3. Սույն նորմերում կիրառվում են հետևյալ տերմինները` համապատասխան սահմանումներով`
1) հիմնական արտադրական շենքեր և շինություններ (այդ թվում սենքեր)` ընտանի (այդ թվում գյուղատնտեսական նշանակության) կենդանիների պահման շենքեր և սենքեր, որտեղ իրականացվում է կենդանիների խնամքի հիմնական տեխնոլոգիական գործընթացների ամբողջական ցիկլը,
2) օժանդակ արտադրական շենքեր և շինություններ` հիմնական արտադրական շենքերի և սենքերի տեխնոլոգիական գործընթացների ապահովման և սպասարկման տարածքներ, ներառյալ տեխնիկական միջոցներ` մեխանիզմներ, սարքեր և սարքավորումներ, ինժեներական հաղորդակցուղիների (ջրամատակարարման, ջրահեռացման, էլեկտրամատակարարման, ջեռուցման, օդափոխության, գազամատակարարման, կապի) համակարգեր և այլն,
3) զբոսահրապարակ` անասնաբուծության համար նախատեսված շենքի երկայնական կողմում տեղակայված պարսպապատված կոշտ կամ հողային ծածկույթով տարածք` նախատեսված տարվա տարբեր ժամանակահատվածներում ընտանի կենդանիների զբոսանքի համար: Մեկ գլուխ կենդանու համար տարածքը որոշվում է տեխնոլոգիական նախագծման նորմերով (ըստ տեխնոլոգիական լուծումների),
4) խմբային կացարաններ և վանդակներ, բաժանմունքներ` ընտանի կենդանիների (այդ թվում գյուղատնտեսական նշանակության) խմբային պահման համար տեխնոլոգիական սարքավորումներով սահմանափակված սենքերի մակերեսներ,
5) անհատական կացարաններ և վանդակներ, մսուրներ, կացոցներ, մեկուսարաններ (բոքսեր)` ընտանի (այդ թվում գյուղատնտեսական նշանակության) կենդանիների անհատական պահման համար տեխնոլոգիական սարքավորումներով սահմանափակված սենքերի մակերեսներ,
6) ձիամարզարան (մանեժ)` ձիասպորտով զբաղվելու կամ ձիաբուծության արտադրական աշխատանքների համար նախատեսված հատուկ սենք, որտեղ չկան սյուներ և միջնապատեր,
7) փարախ` ոչխարների պահվածքի շենք,
8) ջերմանոց` գյուղատնտեսական նշանակության ընտանի կենդանիների ձմեռային ծնի համար նախատեսված սենք,
9) շեդ` ընտանի կենդանիներ պահելու համար վանդակների շարքերի վերևում տեղադրվող, իրենից երկլանջ ծածկ ներկայացնող շինություն, որի ճակտոնները հոծ են, իսկ վանդակների վերևում և վանդակների տակ կողային պատերի ցանկապատումը` ցանցային:
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4. Անասնաբուծության, թռչնաբուծության և գազանաբուծության համար նախատեսված շենքերի և շինությունների նախագծման ժամանակ անհրաժեշտ է`
1) մշակել այնպիսի կոնստրուկտիվ սխեմաներ, որոնք բավարարում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 18-ի N 102-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20.04-2020 շինարարական նորմերի պահանջները, ապահովում են շենքի` որպես ամբողջություն, ինչպես նաև դրա առանձին տարրերի անհրաժեշտ ամրությունը, կոշտությունը և տարածական անփոփոխելիությունը շինարարության (կառուցում, մոնտաժում) և շահագործման բոլոր փուլերում,
2) կոնստրուկտիվ լուծումներում կիրառել շրջակա միջավայրի ժամանակակից պահանջներին համապատասխանող էներգաարդյունավետ և էներգախնայող շինանյութեր, տեխնոլոգիական լուծումներ
3) մեկ հարթակում տեղադրվող շենքերի համար շինարարական ապրանքներ և նյութեր ընտրելիս ղեկավարվել միասնական ճարտարապետական և կոնստրուկտիվ լուծումների կիրառման սկզբունքով,
4) գյուղատնտեսական նշանակության արտադրական շենքերի ու շինությունների կրող կոնստրուկտիվ տարրերի հուսալիության և դրանց շահագործման թույլատրելի ժամկետների ցուցանիշները համապատասխանեցնել ԳՕՍՏ 27751-2014 ստանդարտի պահանջներին,
5) գյուղատնտեսական նշանակության (անասնաբուծության, թռչնաբուծության և գազանաբուծության` այդ թվում ձկնաբուծության, ոչխարաբուծության, տավարաբուծության և այլն) արտադրական շենքերի ու շինությունների ներքին և արտաքին հաղորդակցուղիները (ջրամատակարարման, ջրահեռացման, կոյուղու, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, կապի համակարգերը) նախատեսվում են ինժեներական ենթակառուցվածքների մատակարար կազմակերպությունների տեխնիկական պայմանների առկայությամբ:
5. Անասնապահության, թռչնաբուծության և գազանաբուծության համար նախատեսվող շենքերի և սենքերի պայթունահրդեհային և հրդեհային վտանգի կանխարգելման միջոցառումները պետք է նախատեսվեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերի համաձայն:
6. Ընտանի կենդանիների բուծման և պահման համար նախատեսվող շենքերի ու մասնաշենքերի ընդհանուր մակերեսները պետք է սահմանվեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 3-ի N 16-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.03.01-2004 (ՄՍՆ 3.02.01-2002) շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:
7. Ընտանի կենդանիների բուծման և պահման համար նախատեսվող շենքերի ու շինությունների, ինչպես նաև դրանց կազմում ներառվող վարչական և կենցաղային սենքերի նախագծման նորմերը սահմանված են 2004 թվականի մարտի 3-ի N 16-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.03.01-2004 (ՄՍՆ 3.02.01-2002) շինարարական նորմերով:
8. Անասնաբուծության, թռչնաբուծության և գազանաբուծության համար նախատեսվող գյուղատնտեսական նշանակության արտադրական շենքերի ու շինությունների տեղաբաշխման, գյուղատնտեսական կազմակերպությունների շենքերի և շինությունների միջև հեռավորությունների, առանձին սենքերի հարաչափերի սահմանման, տարածքների բարեկարգման, փոքր և միջին <խելացի> անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պայմանները ամրագրված են համապատասխանաբար` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 21-ի N 12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-02-2022, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի նոյեմբերի 7-ի N 27-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-02-2022 շինարարական նորմերով և ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 369-Լ որոշմամբ հաստատված փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագրով:
9. Անասնաբուծության, թռչնաբուծության և գազանաբուծության համար նախատեսվող գյուղատնտեսական նշանակության արտադրական շենքերն ու շինությունները հանդիսանում են կարևորագույն նշանակության օբյեկտներ և դասվում են ռիսկայնության IV աստիճանով` համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի:
10. Անասնաբուծության, թռչնաբուծության և գազանաբուծության համար նախատեսվող գյուղատնտեսական նշանակության արտադրական շենքերն ու շինությունները պետք է հարմարեցված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար և համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի N 253-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.07.01-2006 շինարարական նորմերի պահանջներին:
11. Անասնաբուծության, թռչնաբուծության և գազանաբուծության համար նախատեսվող գյուղատնտեսական նշանակության արտադրական շենքերն ու շինությունները պետք է ապահովեն Եվրասիական տնտեսական միության Կոլեգիայի 2023 թվականի փետրվարի 13-ի թիվ 27 որոշմամբ սահմանված «Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա օբյեկտներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներ»-ը:
5. ԾԱՎԱԼԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԵՎ ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
12. Անասնաբուծության, թռչնաբուծության և գազանաբուծության համար նախատեսվող գյուղատնտեսական նշանակության արտադրական շենքերն ու շինությունները իրենց հարաչափերով պետք է համապատասխանեն տեխնոլոգիական գործընթացների պահանջներին: Նշված շենքերն ու շինությունները պետք է նախատեսվեն միահարկ, հատակագծում` ուղղանկյունաձև` ըստ հաստատված և շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցված նախագծային լուծումների:
13. Բազմաթռիչք շենքերի զուգահեռ թռիչքների միջև բարձրությունների տարբերություններ չեն թույլատրվում:
14. Համապատասխան հիմնավորման (հաստատված նախագծային ու տեխնոլոգիական հատուկ, արդի լուծումների և տեխնիկական պայմանների ու առաջադրանքի) դեպքում` խոզերի, ճագարների և թռչունների պահման համար կարող են նախատեսվել բազմահարկ շենքեր` ստորգետնյա և վերգետնյա հատվածներով:
15. Խոզաբուծության, ճագարաբուծության և թռչնաբուծության և/կամ պահման համար նախատեսվող շենքերի հարկայնությունը պետք է հիմնավորվի կանխատեսվող արտադրական ցուցանիշների մոտավոր հաշվարկով, արտադրության տեխնիկատնտեսական արդյունավետության պայմաններով:
16. Անասնաբուծության, թռչնաբուծության և գազանաբուծության և/կամ պահման համար նախատեսվող շենքերն ու շինությունները պետք է ապահովեն շրջակա միջավայրի անվտանգությունը` բացառելով օդի և հողի (գրունտի), ստորերկրյա աղտոտվածության, աղմուկի, գարշահոտության անթույլատրելի սահմանաչափերը` կիրառելով բարձր տեխնոլոգիական լուծումներով համալրված սարքեր և սարքավորումներ, պահպանելով սանիտարապաշտպան գոտու համար սահմանված հեռավորությունները` դրանք համապատասխանեցնելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված և տեղայնացման ենթակա ՍՆ 245-71 սանիտարական նորմերին, ԳՕՍՏ 12.1.005-88 ստանդարտի պահանջներին:
17. Անասնաբուծության, թռչնաբուծության և գազանաբուծության և/կամ պահման համար նախատեսվող շենքերն ու շինությունները պետք է տեղակայվեն գյուղական բնակավայրերում (համայնքներում)` համայնքի տարածական զարգացման հիմնական հեռանկարային ուղղություններին համապատասխան:
18. Պատերի և ծածկույթների վրա խտուցքի (конденсат) առաջացում չի թույլատրվում, բացառությամբ այն սենքերի, որոնց ջերմաստիճանի և խոնավության ռեժիմը չի նորմավորվում:
19. Շենքերի և շինությունների շինարարական կոնստրուկցիաները պետք է լինեն ամուր, երկարակյաց, հրակայուն, էներգախնայող, էներգաարդյունավետ և բավարարեն զոոհիգիենիկ պահանջները` հիմքում դիտարկելով կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության միջոցառումների ապահովման պահանջները:
20. Հիմնական (արտադրական), օժանդակ և պահեստային նշանակության սենքերը, կարող են համատեղվել մեկ շենքում` համաձայն նախագծային լուծումների:
21. Անասնաբուծության, թռչնաբուծության և գազանաբուծության և/կամ պահման համար նախատեսվող շենքերի ու շինությունների հարաչափերը, քանակը պետք է սահմանվեն բուծվող և պահվող ընտանի կենդանիների քանակի հաշվառմամբ` արտադրության կարիքները նախօրոք գնահատելու պայմանով: Շենքերի ու շինությունների բարձրությունները պետք է սահմանվեն առնվազն 2.1 մ:
22. Սենքերի բարձրությունը հատակի մակարդակից մինչև ծածկի ցցուն կոնստրուկցիաների ներքևի մասը պետք է լինի առնվազն.
1) խոշոր եղջերավոր կենդանիներ` 2.4 մ,
2) խոր ցամքարի վրա պահվածքի կենդանիներ` 3.3 մ,
3) խոզերի, ոչխարների, այծերի` 2.4 մ,
4) շեդերում պահվող աղվեսների, բևեռաղվեսների, ջրաքիսների, ժանտաքիսների, սամույրների, մշկամկների` 2.1 մ,
5) ճագարների և ճահճակուղբերի` միկրոկլիմայի կարգավորվող հարաչափերով շենքերում` 2.4 մ,
6) հեծկան ձիերի ախոռներում` 3.5-4.5 մ,
7) աշխատանքային և ապրանքային ձիերի` 3.5 մ,
8) ձիերը թամբելու, ձիերի լծման, մատղաշ կենդանիների ուղեկցման, զամբիկների ստուգման և զուգավորման, մարզման և փորձարկման համար ձիամարզարանների` 4.5 մ,
9) ուղտերի` 4,0 մ,
10) ապրանքային ուղտերի` 3.5 մ,
11) թռչունների հատակային պահման համար նախատեսված սենքերում, թռչունների վանդակային պահման համար նախատեսված սրահներում, ինկուբատորային և արտածումային սրահներում` 3,5 մ:
23. Ոչխարների պահման սենքերում թույլատրվում է բարձրությունը նվազեցնել հատակի մակարդակից մինչև թեք տանիքով շինության երկայնական պատերով ձգվող կոնստրուկցիաների ստորին մասը` մինչև 1,8 մ:
24. Հատակի մակարդակից մինչև պատուհանի բացվածքների ստորին հատվածը պետք է սահմանվի առնվազն.
1) խոշոր եղջերավոր կենդանիների պահման սենքում` 1.2 մ,
2) խոր ցամքարի վրա կենդանիների պահման սենքում` 2.4 մ,
3) ձիերի ախոռներում` 2.2 մ,
4) ձիերի այն ախոռներում, որոնց կացոցները տեղակայված են շենքի մեջտեղում, երկայնական պատերի երկայնքով անցումներով` 1.5 մ,
5) ձիերի արհեստական սերմնավորման կետի մարզահրապարակում` 1.5 մ,
6) ոչխարների պահման սենքում` 1.0 մ, ցամքար օգտագործելու դեպքում` 1.2 մ, խոր ցամքար օգտագործելու դեպքում` 1.8 մ,
7) խոզերի պահման սենքում` 1.2 մ,
8) այծերի պահման սենքում` 1.6 մ, ցամքար օգտագործելու դեպքում` 1.8 մ, խոր ցամքար օգտագործելու դեպքում` 2.4 մ,
9) ուղտերի պահման սենքում` 1.8 մ,
10) ճագարների և ճահճակուղբերի, միկրոկլիմայի կարգավորվող հարաչափերով շենքերում` 1.2 մ,
11) թռչունների հատակային և վանդակներում պահման շենքերում` 1.5 մ:
25. Հատակից մինչև ընդկախ սարքավորումների և հաղորդակցուղիների ներքևի մասը եղած հեռավորությունը (բարձրությունը) բոլոր անասնաբուծության և գազանաբուծության համար նախատեսված շենքերում և շինություններում պետք է սահմանել առնվազն 2,0 մ, իսկ թռչնաբուծական շենքերում` առնվազն 2,5 մ մարդկանց կանոնավոր անցուդարձի վայրերում և 1,8 մ անկանոն անցուդարձի հատվածներում:
26. Կոպիտ կերեր և ցամքարի պարագաներ պահելու համար նախատեսված սենքերի բարձրությունը (մաքուր), ձեղնահարկի միջին մասում և ծածկի մեջ մտոցների տեղադրման վայրերում, պետք է սահմանվի առնվազն 1,9 մ: Կերերի պահման համար կարող են նախատեսվել նաև հատուկ գյուղատնտեսական նշանակության սառնարանային շենքեր և շինություններ:
27. Անասնաբուծության, թռչնաբուծության և գազանաբուծության և/կամ պահման համար նախատեսվող շենքերի ու շինությունների կոնստրուկտիվ լուծումները պետք է համապատասխանեն ճարտարապետական և ծավալահատակագծային լուծումների արդի պահանջներին (մետաղական թեթև կոնստրուկցիաների, թեթև բետոնե կամ բջջային բլոկների, ջերմամեկուսիչ նյութերի կիրառում և այլն), որոնք նախատեսում են էներգաարդյունավետ և էներգախնայող, երկրաշարժադիմացկուն համակարգերի կիրառում, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիություն և շահագործման հարմարավետություն, վերականգնվող էներգիայի օգտագործման այլընտրանքային աղբյուրներ և այլն:
28. Շինարարական կոնստրուկցիաների և դրանց հարդարման, երեսպատման և պաշտպանիչ ծածկույթների նյութերը բուծվող և պահվող կենդանիների համար հասանելի վայրերում պետք է լինեն էկոլոգիապես անվտանգ:
29. Ճահճակուղբերի համար նախատեսվող ջրանցքները և լողավազանները պետք է լինեն բետոնե, որոնք կարող են նաև երեսապատվել քարով:
30. Անասնաբուծության, թռչնաբուծության և գազանաբուծության և/կամ ընտանի կենդանիների պահման համար նախատեսվող շենքերի ու շինությունների տանիքներն ու տանիքածածկերը պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 22-ի N 13-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04-2022 շինարարական նորմերի պահանջներին:
31. Անասնաբուծության, թռչնաբուծության, գազանաբուծության և/կամ ընտանի կենդանիների պահման համար նախատեսվող շենքերի ու շինությունների արտաքին և ներքին ջրամատակարարման, կոյուղու համակարգերը պետք է նախատեսվեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 8-ի N 16-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.03-2022, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 103-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.02- շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:
32. Անասնաբուծության, թռչնաբուծության և գազանաբուծության և/կամ ընտանի կենդանիների պահման համար նախատեսվող շենքերի ու շինությունների հատակները և կենդանիների զբոսահրապարակների կոշտ ծածկույթները պետք է նախատեսվեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11 հրամանով հաստատված և տեղայնացման ենթակա ՍՆԻՊ 2.03.13-88 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան: Հատակները պետք է լինեն կայուն, չսայթակող, ոչ հղկամաշիչ, ոչ թունավոր, ցածր ջերմահաղորդունակությամբ, անջրանցիկ և դիմացկուն` կեղտաջրերի և ախտահանիչների ազդեցության նկատմամբ:
33. Կոնստրուկցիաների անջրանցիկությունը (բետոնի անջրանցիկության W12 ապրանքանիշով) ապահովվում է բետոնե խառնուրդի օգտագործմամբ, իսկ բետոնապատման կցվանքների և ճաքերի հերմետիկացումը` ջրամեկուսիչ խառնուրդներով` համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021 թվականի հունվարի 14-ի N 02-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 52-01- շինարարական նորմերի պահանջների:
34. Կենդանիների տարբեր տեսակների համար հատակի մակերեսի ջերմայուրացման ցուցանիշը հետևյալն է`
1) երինջների և 7-9 ամսական հղի կովերի, արտադրող ցուլերի, մինչև 6 ամսական հորթերի, խոշոր եղջերավոր կենդանիների վերանորոգվող մատղաշի, խոզամայրերի, արու խոզերի, մորից անջատված խոճկորների` 11 Վտ/(մ2.oC),
2) հղի և առաջնածին կովերի, մատղաշ խոզերի, բտվող խոզերի և խոշոր եղջերավոր կենդանիների` 13 Վտ/(մ2.oC),
3) այլ կենդանիների, բացի ոչխարներից` 16 Վտ/(մ2.oC):
35. Անասնաբուծության համար նախատեսվող շենքերի և շինությունների հատակի ջերմատեխնիկական բնութագրերը պետք է ապահովեն հատակի հետ շփման տարածքում կենդանու մարմնի ջերմության նվազագույն կորուստ` որը չի գերազանցի զոոհիգիենայի թույլատրելի մակարդակը:
36. Կենդանիների և թռչունների պահման սենքերի հատակները չպետք է լինեն սնամեջ: Խոճկորների պահման հատվածներում կարող են կիրառվել սնամեջ (դատարկ) չհրկիզվող հատակներ, եթե դրանց ազատ տարածությունը օգտագործվում է հատակի օդային ջեռուցման համար:
37. Թռչնաբուծության, ոչխարաբուծության և ցամքարի վրա պահվող կենդանիների համար նախատեսվող սենքերի հատակների ջերմայուրացման ցուցանիշը չի նորմավորվում:
38. Հեղուկներով պարբերաբար խոնավեցվող (թրջվող, ցայվող, լվացվող) հատակները պետք է նախագծվեն թեքություններով: Հատակների, վաքերի և առուների լանջերի թեքությունները (i = h/l) պետք է սահմանվեն`
1) վանդակներում թռչունների պահման սենքերում և միջանցքների երկայնքով տեղակայված վաքերում` առնվազն 0,005,
2) անասնաբուծության համար նախատեսվող սենքերի տեխնոլոգիական տարրերում (ախոռներում, մսուրներում, կացոցներում, մեկուսարաններում և այլն) և միջանցքներում լայնակի` առնվազն 0,015:
39. Տեխնիկական միջոցներով գոմաղբը հեռացնելու համար վանդակավոր (ճեղքավոր) հատակները և առուները (վաքերը) պետք է նախագծվեն առանց թեքության:
40. Գյուղական տնտեսություններում ընտանի կենդանիների բուծման և պահման շենքերից ու շինություններից գոմաղբի դուրս բերման համար օգտագործվում են հիդրավլիկ (խողովակներով սարքավորված տարաների, արկղերի), մեխանիկական (հոսքային գծով սարքավորված) և անցքավոր հատակների տեխնոլոգիական լուծումներ:
41. Կենդանիների և թռչունների զբոսահրապարակի ծածկույթների թեքությունը և շենքերի միջև անցումային սրահներում (կենդանիների տեղափոխման համար) հատակների թեքությունը (i = h/l) պետք է լինեն ոչ ավելի 0,06, թեքահարթակներինը և բեռնման թեքանցներինը` 0,15:
42. Համակցված հատակներով խմբային վանդակներում հոծ հատակի թեքությունը (i = h/l), դեպի գոմաղբի վանդակածածկ առուն, պետք է լինի`
1) կերագոմաղբային հարթակում` 0,08-0,09,
2) բայոցում (որջում)` 0,06:
43. Մսուրի հատակին կենդանու ջերմատվությունը նվազեցնելու, մսուրի ծածկույթի հիգիենիկ հատկությունները բարձրացնելու համար, ըստ նախագծման առաջադրանքի, օգտագործվում են ռետինե գորգեր կամ ջերմամեկուսիչ այլ ծածկույթներ` ներառյալ միջանցքներում:
44. Վանդակավոր հատակի ճաղերի վրա ուղղահայաց բեռնվածությունը սահմանվում է նախագծով (նախագծային առաջադրանքով)` տեխնոլոգիական լուծումների հիման վրա:
45. Կոնստրուկցիաների բեռնվածքը, որոնց վրա հենվում է վանդակավոր հատակը, պետք է հաշվարկվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11 հրամանով հաստատված և տեղայնացման ենթակա ՍՆԻՊ 2.01.07-85 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:
46. Վանդակավոր հատակի կոնստրուկցիաները հաշվարկելիս դինամիկության գործակիցը պետք է ընդունվի 1.2:
47. Հատակի վանդակաճաղերի տարրերի չափերը, կախված կենդանիների տեսակից և տարիքային կազմից, սահմանվում են տեխնոլոգիական լուծումներով (մեթոդական ցուցումներով):
48. Սենքերի տեխնոլոգիական տարրերի (խմբային և անհատական պահման սենքերի) և զբոսահրապարակների ցանկապատերը կարող են իրականացվել քարից կամ փայտից` մինչև 2 մ բարձրությամբ` ընդ որում քարի ցանկապատի խուլ մասը չպետք է գերազանցի 1.5 մ-ը, առանձին դեպքերում` 1.8 մ-ը` ըստ հաստատված նախագծային լուծումների:
49. Պատերի, միջնապատերի, հատակների, ծածկույթների, պատուհանների, դռների, դարպասների կոնստրուկցիաները պետք է դիմակայուն լինեն բարձր խոնավության և ախտահանող միջոցների ազդեցության նկատմամբ, չպետք է արտանետեն վնասակար նյութեր, իսկ հակակոռոզիոն և հարդարման ծածկույթները պետք է անվնաս լինեն շրջակա միջավայրի` մարդկանց և կենդանիների համար:
50. Անասնաբուծության համար նախատեսվող շենքերի և շինությունների կառուցման, վերակառուցման, արդիականացման, վերազինման, ու վերականգնման, հիմնանորոգման ընթացքում օգտագործվող պոլիմերային նյութերի և կոնստրուկցիաների ցանկը պետք է համապատասխանի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 191 կարգադրությամբ նշված «Շենքերի և կառույցների, շինարարական նյութերի ու արտադրատեսակների անվտանգության մասին» եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
51. Կենդանիների, ճագարների, ճահճակուղբերի և թռչունների պահվածքի սենքերի ներսում շինարարական կոնստրուկցիաների մակերևույթները պետք է ներկված լինեն բաց գույներով, ենթակա լինեն խոնավ մաքրման և ախտահանման:
52. Կթման համար նախատեսված սրահների, կաթի վերամշակման և պահպանման տարածքների, ինկուբացիոն և ծնի տարածքների, լվացման տարածքների, լաբորատորիաների, կենդանիների արհեստական սերմնավորման, դաշտում կամ ամբարներում կամ արտադրամասերում նախօրոք պատրաստվող կերերի նախապատրաստման-կազմակերպման ներքին մակերեսները պետք է հարդարվեն երեսպատման արդի նյութերով` առնվազն 1,8 մ պարփակող պատերի բարձրությամբ` ջրակայուն նյութերով կամ երեսպատման սալերով, որոնք ենթակա կլինեն պարբերական ախտահանման և լվացման: Նշված տարածքների պատերի մնացած մասը և առաստաղները պետք է ներկվեն բաց գույներով:
53. Անասնաբուծության, թռչնաբուծության, գազանաբուծության և/կամ ընտանի կենդանիների պահման համար նախատեսվող շենքերն ու շինությունները պետք է նախագծվեն դերատիզացիայի միջոցառումների կազմակերպման կանոնների հաշվառմամբ` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի N 13-Ն հրամանով հաստատված ՍՆ N 2.2.5-003-05 սանիտարական նորմերի:
54. Շենքերի պատող կոնստրուկցիաների ջերմատեխնիկական հաշվարկները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2016 թվականի հունիսի 16-ի N 120-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 24-01-2016 շինարարական նորմերի համաձայն, ընդ որում` ներքին մակերևույթի ջերմատվության գործակիցը պետք է ընդունվի`
1) այն տարածքների պատերի համար, որտեղ կենդանիների խտությունը գերազանցում է 80 կգ կենդանի քաշը` 1 քմ հատակի մակերեսի համար` 12 Վտ/(քմ.ժ oC) [10 կկալ/(քմ.ժ.oC)],
2) այն սենքերի պատերի համար, որտեղ կենդանիների խտությունը 1 քմ հատակի մակերեսի համար մինչև 80 կգ ներառյալ և բոլոր անասնաբուծական և թռչնաբուծական շենքերի հատակների և առաստաղների (ձեղնահարկերի ծածկույթների և ծածկերի) համար` 8,7 Վտ/(քմ.oC) [7,5 կկալ/(քմ.ժ.oC)]:
55. Անասնաբուծության և թռչնաբուծության համար նախատեսված շենքերի ու շինությունների արտաքին պատող կոնստրուկցիաների, դռների, դարպասների ջերմատեխնիկական հաշվարկով որոշված ջերմափոխանակման ցուցանիշները պետք է ճշգրտվեն ըստ կլիմայական գոտիների` ելնելով կառուցապատման առանձնահատկություններից:
6. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԿՈՅՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
56. Անասնաբուծության, թռչնաբուծության և գազանաբուծության համար նախատեսված շենքերի ու շինությունների ջրամատակարարման, ջրահեռացման և կոյուղու ներքին համակարգերը պետք է նախագծվեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.01-2014 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:
57. Անասնաբուծության, թռչնաբուծության և գազանաբուծության համար նախատեսված շենքերում ու շինություններում խմելու ջրի (որը պետք է բավարարի ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի նոյեմբերի 29-ի N 803 հրամանով հաստատված ՍԿՆ N 2-III-Ա 2-1 սանիտարական կանոնների և նորմերի պահանջները) մատակարարման համար պետք է նախագծվի ներքին ջրամատակարարման համակարգ` ընտանի կենդանիների բուծման և պահման համար նախատեսվող շենքերում այդ կենդանիների խմելու ջրի ապահովման, կերերի նախապատրաստման և պատրաստման, կթի և կաթի առաջնային մշակման, կուրծի (կաթնագեղձի) լվացման, կթի սարքավորումների, կաթնամթերքի և սպասքի սանիտարական մշակման, կաթի հովացման համար և այլն: Կենդանիների և հատակների լվացումը, տարածքների մաքրումը, սարքավորումների լվացումն ու հովացումը` խմելու ջրի անբավարար որակի պարագայում պետք է իրականացվի արտադրական նշանակության ջրամատակարարման միջոցով: Այն տարածքներում, որտեղ հնարավոր չէ ձեռք բերել խմելու համար պիտանի ջուր, ջրի որակը (բացառությամբ կաթնամթերքի սարքավորումների լվացման և հովացման ջրի) և սպառման քանակն ընդունվում է ըստ տեխնոլոգիական նախագծման:
58. Տարվա ցուրտ ժամանակահատվածում կենդանիների խմելու ջրի տաքացման անհրաժեշտությունը և այդ ջրի ջերմաստիճանն ընդունվում են տեխնոլոգիական նախագծմամբ:
59. Անասնաբուծության, թռչնաբուծության և գազանաբուծության համար նախատեսված շենքերն ու շինությունները պետք է համալրված լինեն խմոցներով, հատակները մաքրելու համար ծորակներով և հատուկ տեխնիկական միջոցներով ու սարքերով` հիմնավորված ջրամատակարարման և կոյուղու ցանցերին միացման նախագծային լուծումներով:
60. Ջրամատակարարման մուտքը ախոռներ պետք է նախատեսվի ջեռուցվող սենքի համար, որտեղ ջրամատակարարման ցանցի, չջեռուցվող սենքեր մտնող ճյուղավորման վրա, անհրաժեշտ է տեղադրել փականներ, իսկ ջեռուցվող սենքից դուրս, այդ ճյուղերի չոր հատվածներում` ծորակներ: Ախոռներում տաքացվող սենքերի բացակայության դեպքում պետք է տեղադրվեն չսառչող տիպի ջրառման սյունակներ:
61. Այն ախոռներում, որտեղ ցուրտ եղանակին օդի ջերմաստիճանը անընդհատ պահպանվում է 2 oC-ից բարձր, թույլատրվում է ներքին ջրամատակարարում` ջուրն անմիջապես խմոցներին մատակարարելով:
62. Ձիերի ջրման ախոռներում անհրաժեշտ է տեղադրել անհատական փականներով ավտոմատացված խմոցներ ջուրը փակելու` կենդանիների չափից ավելի ջրահագեցումից խուսափելու համար:
63. Ուղտերի պահման շենքերում թույլատրվում է ապահովել ներքին ջրամատակարարում.
1) մինչև մեկ ամսական տարիքի ձագերով ուղտամայրերի պահման սենքերում,
2) կթի բաժնում,
3) կաթնաթթվային մթերքների պատրաստման արտադրամասում:
64. Ավտոմատացված խմոցներից կենդանիների խմելու ջրի սպառումը գնահատվում է ըստ հաշվարկային ծախսերի:
65. Փարախներում պահվող ոչխարների համար խմբային խմոցներն իրենց ջրակուտակիչ բաքերով պետք է տեղադրվեն փարախներում և սարքավորվեն ներքին ջրամատակարարման համակարգով:
66. Ջրամատակարարման համակարգի մուտքն անհրաժեշտ է նախատեսել գյուղատնտեսական կենդանիների ծնի կազմակերպման սրահի և կթի համար նախատեսված սենքերում:
67. Այծերի պահման շենքերում ներքին ջրամատակարարման համակարգը իրականացվում է համաձայն այծաբուծական ֆերմաների տեխնոլոգիական նախագծային լուծումների` պահպանելով օդի ներքին ջերմաստիճանի դրական արժեքը:
68. Անասնաբուծության, թռչնաբուծության և գազանաբուծության համար նախատեսվող միահարկ շենքերում` ներքին հակահրդեհային ջրամատակարարում կարող է չնախատեսվել` ըստ հաստատված նախագծային լուծումների, բացառությամբ այրվող նյութերից պատրաստված վանդակների, ձեղնահարկերի, որոնք նախատեսված են կոպիտ կերեր և դյուրավառ ցամքարի պարագաներ պահելու համար, խոզեր, թռչուններ և ճագարներ պահելու համար նախատեսված երկու կամ ավելի հարկի բարձրությամբ շենքերում և այլն:
69. Ներքին հակահրդեհային ջրամատակարարման, ջրի հոսքի 2,5 լ/վրկ (մեկ շիթ) հաշվարկային արագությամբ, պետք է նախատեսվի`
1) այրվող նյութերից պատրաստված վանդակներով թռչնի պահվածքի շենքերում, հակահրդեհայինի պատերի միջև (շենքի կամ դրա մի մասի) 25 հազ. թռչնի տարողության դեպքում,
2) անասնաբուծական և թռչնաբուծական այն շենքերում, որոնց ձեղնահարկերը նախատեսված են կոպիտ կերեր և դյուրավառ ցամքարի պարագաներ պահելու համար, և որոնց մակերեսը ձեղնահարկի հակահրդեհային պատերի միջև 2000 քմ կամ ավելի է,
3) խոզեր, թռչուններ և ճագարներ պահելու համար նախատեսված երկու կամ ավելի հարկի բարձրությամբ շենքերում և մեկ հարկանի բազմաթռիչք և ավելի քան 10,000 քմ մակերեսով շենքերում:
70. Կենդանիների` այդ թվում ճագարների և ճահճակուղբերի պահվածքի շեդերի արտաքին հրդեհաշիջման համար ջրի հաշվարկային սպառումը որոշելիս պետք է կիրառվի 0,5 գործակից: Շեդերի ծավալը որոշվում է ուղղահայաց լայնական կտրվածքի (արտաքին հենակների առանցքների, տանիքի վերին ուրվագծի և հատակի մակարդակի սահմաններում) մակերեսը բազմապատկելով շեդի երկարությամբ:
71. Հոսքային և խմբային խմոցների խողովակաշարերում ջրի ազատ ճնշումը պետք է ընդունվի առնվազն 2 մ, ավտոմատ խմոցներում` ըստ խմոցն արտադրող գործարանի տվյալների:
72. Շենքերում ջրի խողովակների տեղադրումը պետք է կատարվի բաց եղանակով` պատերի և սյուների, ինչպես նաև անշարժ կերատաշտերի, վանդակների, հաստոցների երկայնքով, ինչպես նաև անշարժ մսուրների, վանդակների և այլնի մշտական ցանկապատերի երկայնքով:
73. Կենդանիների և թռչունների զբոսահրապարակներում տեղադրված խմոցներին ջրի մատակարարումն ապահովելու համար, անհրաժեշտ է իրականացնել արտաքին ջրամատակարարման համակարգ: Չի թույլատրվում խողովակները տեղադրել այն վայրերում, որտեղ դրանք կարող են շփվել գոմաղբի և թռչնաղբի հետ, ենթարկվել մեխանիկական ազդեցության, խանգարել գոմաղբի և թռչնաղբի հավաքմանը կամ կերերի տեղափոխմանը և կենդանիների շարժին:
74. Անասնաբուծության, թռչնաբուծության և գազանաբուծության համար նախատեսված շենքերում և շինություններում, հատակների լվացման համար, արտադրական ջրամատակարարման ցանցի վրա պետք է նախատեսվեն ծորակներ` գործողության 30 մ շառավղի հաշվարկով և առնվազն 5 մ ցողման ճնշմամբ:
75. Հակահրդեհային տարողությունները (պահեստարաններ, ջրամբարներ) ջրով լցնելու համար շենքերի ներքին ջրամատակարարման խողովակների մուտքերի վրա, հրշեջ ճկափողերը միացնելու համար, անհրաժեշտ է ապահովել 50 մմ տրամագծով միացման գլխիկներ:
76. Անասնաբուծության, թռչնաբուծության և գազանաբուծության համար նախատեսված շենքերում և շինություններում արտադրական ջրամատակարարման համակարգի համար, որպես կանոն, պետք է օգտագործվեն խմելու ջրագծերի համար թույլատրված պլաստիկ խողովակներ, ինչպես նաև պողպատե բարակ պատերով, ոչ ցինկապատ խողովակներ:
77. Գյուղատնտեսական արտադրական համալիրի (ֆերմայի) ջրի ընդհանուր սպառումը հաշվառելու համար ջրմուղի մուտքային հանգույցում պետք է նախատեսվի ջրաչափի տեղադրում:
78. Արտադրական ջրամատակարարման համակարգի փականային սարքերի տեղադրումը պետք է նախատեսել`
1) շենքի ջրամատակարարման ցանցի մուտքում,
2) մայրուղու ճյուղերի վրա,
3) խմբային խմոցների առբերման, տեխնոլոգիական սարքավորումներին և կուրծը լվալու ցանցերին մոտեցող ջրատարներին:
79. Անասնաբուծության, թռչնաբուծության և գազանաբուծության համար նախատեսված շենքերի և շինությունների արտադրական ջրամատակարարման համակարգում, խողովակաշարերը դատարկելու համար, պետք է տեղադրվեն արտաթողման սարքեր:
80. Կենդանիների պահման սենքերը կարող են կոյուղացվել, ըստ անհրաժեշտության` հաստատված նախագծային ու տեխնոլոգիական լուծումների համաձայն:
81. Անասնաբուծության, թռչնաբուծության և գազանաբուծության համար նախատեսված շենքերի և շինությունների ներքին կոյուղու համակարգը պետք է նախատեսվի արտադրական գործընթացից գոյացող կեղտաջրերը հեռացնելու համար`
1) կենդանիների լվացումից, սենքերը մաքրելուց, կթի սրահները և հարթակները մաքրելուց, սարքավորումների (սպասք, սարքեր, կաթատարներ և այլն) լվացման արդյունքում առաջացած արտադրական կեղտաջրերը,
2) թռչնանոցներում` խմոցների կեղտաջրերը,
3) սանիտարական սարքերից առաջացած կենցաղային կեղտաջրերը և այլն:
82. Ճահճակուղբերի լողավազաններից կեղտաջրերը հեռացնելու համար պետք է նախատեսվի կոյուղու անկախ համակարգ:
83. Վանդակներում պահվող թռչունների համար միահարկ թռչնաբուծական շենքերում (հատակները լվանալիս, սարքավորումները լվանալիս և այլն) կարող է նախատեսվել բաց վաքերով արտադրական կեղտաջրերի հեռացում, եթե առկա է համապատասխան հիմնավորում` նախագծային և տեխնոլոգիական հատուկ լուծումների տեսքով: Վաքերի չափերը որոշվում են հաշվարկով` խորությունը առավելագույնը` 120 մմ, լայնությունը` առնվազն 100 մմ:
84. Թռչնաբուծության համար նախատեսված շենքերում և շինություններում տեղադրված խմոցների կեղտաջրերի մայրուղային արտաթողերը պետք է համալրված լինեն հատուկ տեխնոլոգիական լուծումներով, որոնք կբացառեն գարշահոտությունը և շրջակա միջավայրի աղտոտումը բմբուլից և փետուրից:
85. Կաթի ընդունման, տեղափոխման և վերամշակման, ինչպես նաև կաթնային սպասքի լվացման տեխնոլոգիական սարքավորումները պետք է միացվեն կոյուղու ցանցին` առնվազն 50 մմ շթի խզումով:
86. Կենդանիների պահման շենքերում և շինություններում գոմաղբը (թռչնաղբը) և դրանք պարունակող կեղտաջրերը հավաքելու և հեռացնելու սարքերը նախատեսվում են գարշահոտությունը և շրջակա միջավայրի աղտոտումը բացառելու, սանիտարահիգիենիկ նորմատիվ պահանջներն ապահովելու համար, սահմանվում են ըստ հաստատված նախագծային ու տեխնոլոգիական լուծումների:
87. Գոմաղբի (թռչնաղբի) հավաքման և շենքի տարածքից (սենքից) դուրս տեղափոխման համակարգը պետք է ապահովի կենդանիների պահման համար նախատեսված սենքերի, միջանցքների և ցանկապատերի մաքրությունը, ինչպես նաև` սպասարկման, վերանորոգման և սանիտարականխարգելիչ միջոցառումների ապահովման համար նվազ ծախսատար և տեխնոլոգիապես արդի ու մատչելի:
88. Գոմաղբի (թռչնաղբի) հեռացման առուների (ջրանցքների) կոնստրուկտիվ լուծումները` լայնությունը, խորությունը, ուղղահայացի նկատմամբ կողային պատերի թեքության անկյունը, գոմաղբի (թռչնաղբի) հեռացման տարբեր տեխնոլոգիական լուծումների դեպքում անհրաժեշտ են հաստատված նախագծային փաստաթղթեր: Գոմաղբի (թռչնաղբի) մշակման տեխնոլոգիական լուծումները դասակարգվում են որպես աէրոբ, կենսաբանական, անաէրոբ և այլն, որոնցից էլ կախված իրականացվում է գոմաղբի (թռչնաղբի) հավաքման եղանակի ընտրությունը, որոշվում տնտեսական արդյունավետությունն ու միջավայրի էկոլոգիական խնդիրների լուծումը:
89. Անասնաբուծության, թռչնաբուծության և գազանաբուծության համար նախատեսված շենքերի և շինությունների ծավալահատակագծային լուծումները պետք է իրականացվեն կենդանիների տեսակի, դրանց պահման, գլխաքանակի ու չափերի նկատմամբ սահմանվող բնութագրերի համաձայն:
7. ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ, ՋԵՌՈՒՑՈՒՄ, ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԱՔ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
90. Անասնաբուծության, թռչնաբուծության և գազանաբուծության համար նախատեսված շենքերի և շինությունների ջեռուցման, օդափոխության, օդի լավորակման, հրդեհային անվտանգության համակարգերը պետք է նախատեսվեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի N 83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-2004, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերի և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի N 595-Ն հրամանով հաստատված հրդեհային անվտանգության կանոնների համաձայն:
91. Անասնաբուծության, թռչնաբուծության և գազանաբուծության համար նախատեսված շենքերի և շինությունների ջեռուցման համակարգերի ընտրության շրջանակներում նախապատվությունը պետք է տալ նոր տեխնոլոգիական և այլընտրանքային լուծումներին` օրինակ կենսագազի ստացման կաթսայատան օգտագործման հնարավորություններին` ծախսարդյունավետության սկզբունքից ելնելով:
92. Անասնաբուծության, թռչնաբուծության և գազանաբուծության համար նախատեսված արտադրական շենքերի և շինությունների (այդ թվում սենքերի, ներքին տարածքների) ջեռուցման և օդափոխման համակարգերը պետք է ապահովեն միկրոկլիմայի անհրաժեշտ հարաչափերը` ջերմաստիճանի, հարաբերական խոնավության, օդի շարժի արագության, օդի գազային կազմի, փոշու և բակտերիալ աղտոտվածության, օդափոխության հաճախականության համար սահմանված ցուցանիշները` համաձայն <Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին> ՀՀ օրենքի պահանջների, ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի N 842-Ն հրամանով հաստատված ՍՆ N 2.2.4-001-05 սանիտարական նորմերի:
93. Անասնաբուծության և թռչնաբուծության համար նախատեսված շենքերն ու շինությունները պետք է համալրվեն օդափոխության համակարգերով: Նշված շենքերի ջեռուցման (հովացման) անհրաժեշտությունը, ինչպես նաև ջեռուցման (հովացման) և օդափոխման համակարգերը պետք է նախատեսվեն էներգախնայող և էներգաարդյունավետ և որոշվեն նախագծային հաշվարկով` դիտարկելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 22-ի N 31-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 24-02-2022 շինարարական նորմերը, կախված`
1) ներքին և արտաքին օդի տրված հարաչափերից,
2) կենդանիների և թռչունների կողմից ջերմության, խոնավության և գազի արտաթորվածքից (հաշվի առնելով կենդանիների աճի ընթացքում դրանց փոփոխությունները),
3) աշխատող սարքավորումների և արևային ճառագայթման ջերմային էներգիայից, պատող կոնստրուկցիաների, ինչպես նաև` դրանց ճեղքերի (անկիպության) միջով օդի ներթափանցմամբ ջերմության կորստից և այլն:
94. Ըստ տեխնոլոգիական պահանջների, կենդանիների պահման սենքերում օդորակումը պետք է նախատեսվի` ըստ տեխնիկական առաջադրանքի և տեխնիկատնտեսական հիմնավորման:
95. Ջեռուցման և օդափոխության, տաք ջրամատակարարման և տեխնոլոգիական կարիքների համար անասնաբուծության և թռչնաբուծության շենքերի և շինությունների ջերմամատակարարումը պետք է նախատեսվի այլընտրանքային նոր տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ` վերականգնվող արևային էներգիայի օգտագործման սարքերի և լոկալ ջեռուցման համակարգերի նախատեսմամբ:
96. Որպես ջերմակիր պետք է ընդունվի 85 oC տաք ջուրը: Հիմնավորման դեպքում, որպես ջերմակիր, թույլատրվում է օգտագործել գոլորշի, 100 oC-ից ցածր ջերմությամբ տաք ջուր կամ այլ ջերմակիր:
97. Ջեռուցում և օդափոխություն նախագծելիս ներքին օդի նախագծային հարաչափերը պետք է սահմանվեն վարչական և կենցաղային սենքերում` ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 29-ի N 14-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.03-2022 և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2016 թվականի հունիսի 16-ի N 120-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերի:
98. Արտաքին օդի հաշվարկային հարաչափերը պետք է ընդունվեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի N 83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-04 շինարարական նորմերի համաձայն` ջեռուցման, օդային և օդաջերմային պատվարների, ինչպես նաև օդորակման համակարգերի նախագծման միջոցով.
1) տարվա ցուրտ ժամանակահատվածի համար խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի, կաթնամթերքի և մսատու այծերի, ուղտերի, ճագարների, ճահճակուղբերի և թռչունների համար շենքերի, որոնք նախատեսված են ամենացուրտ հնգօրյա միջին ջերմաստիճանի պարագայում (մինուս 10 oC-ից ցածր) հատուկ տեխնոլոգիական լուծումների ու տեխնիկական միջոցների կիրառմամբ,
2) տարվա տաք ժամանակահատվածի համար կարող են կիրառվել մեխանիկական մղումով օդափոխման համակարգեր` ըստ նախագծային լուծումների:
99. Ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգեր նախագծելիս պետք է նախատեսել ջեռուցման և օդափոխման սարքավորումների շահագործման լավագույն ռեժիմ` ամբողջ տարվա ընթացքում, ընդ որում, արտաքին օդի ջերմաստիճանի 10 oC և դրանից ցածր միջանկյալ արժեքների դեպքում օդի հարաբերական խոնավությունը պետք է լինի`
1) ամենացուրտ հնգօրյա միջին ջերմաստիճան ունեցող համայնքներում` մինուս 15 oC-ից բարձր` 85%.
2) մինուս 15 oC-ից մինուս 25 oC` 80%.
3) մինուս 25 oC-ից ցածր` 75%:
----------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում