Սեղմել Esc փակելու համար:
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ԻՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հուլիսի 2022 թվականի N 1161-Ն

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ծառայությունների անհատական ծրագրերը կազմելու և իրականացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրերի կազմման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 1535-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից, բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

(3-րդ կետը փոփ. 26.01.2023 թիվ 114-Ն /գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա / որոշում)

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1535-Ն որոշման գործողությունը տարածվում է`

1) մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը բժշկասոցիալական վերափորձաքննության համար դիմած անձանց վրա.

2) մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձանց վրա, ովքեր դիմել են վերականգնողական անհատական ծրագիր ստանալու կամ դրանում փոփոխություններ կատարելու համար.

3) մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը բժշկասոցիալական փորձաքննության համար դիմած և արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց վրա:

(4-րդ կետը լրաց. 26.01.2023 թիվ 114-Ն /գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա /, 02.02.2023 թիվ 131-Ն

/գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա / որոշումներ)

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Հ. Մաթևոսյան

 

2022 թ. հուլիսի 29

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի հուլիսի 28-ի

N 1161-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ծառայությունների անհատական ծրագրերը (այսուհետ` ԾԱԾ) կազմելու և իրականացնելու հետ կապված հարաբերությունները:

2. ԾԱԾ-ն անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում մշակված փաստաթուղթ է, որը ներառում է գնահատվող անձի սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումներն ու ծրագրերը:

3. Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում ԾԱԾ-ը մշակվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից և տրամադրվում է անձին ֆունկցիոնալության գնահատման որոշման հետ միասին:

4. ԾԱԾ-ը կազմվում է էլեկտրոնային տարբերակով` ֆունկցիոնալության գնահատման e-disability էլեկտրոնային համակարգում (այսուհետ` էլեկտրոնային համակարգ): ԾԱԾ-ի թղթային կրիչը մեկ օրինակից տպվում և տրամադրվում է գնահատվող անձին կամ նրա ներկայացուցչին փոստով, էլեկտրոնային փոստով, առձեռն` ըստ գնահատվող անձի կամ նրա ներկայացուցչի ցանկության:

5. ԾԱԾ-ն անձի համար ունի խորհրդատվական բնույթ, որից իր հայեցողությամբ կարող է հրաժարվել մասամբ կամ ամբողջությամբ: ԾԱԾ-ը ենթակա է պարտադիր կատարման համապատասխան պետական մարմինների կողմից:

6. ԾԱԾ-ում ներառվում են հասարակական կյանքի բոլոր ոլորտներում տվյալ անձի լիարժեք և արդյունավետ մասնակցությունը խթանելու, անկախ կյանքի իրավունքն իրացնելու նպատակով անհրաժեշտ բժշկական, վերականգնողական, կրթական, մասնագիտական, սոցիալական ծառայությունների և միջոցառումների, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված աջակցող միջոցների երաշխավորությունները:

7. ԾԱԾ-ը կազմվում է` հաշվի առնելով անձի օրգանիզմի կառուցվածքային առանձնահատկությունները, ֆունկցիայի խանգարման տեսակը (տեսակները) և աստիճանը (աստիճանները), գործունեության և մասնակցության սահմանափակման տեսակը (տեսակները) և աստիճանը (աստիճանները), միջավայրային գործոնները (անձի վրա որոշակի ազդեցություն ունեցող ֆիզիկական և սոցիալական միջավայրը), կլինիկական ու վերականգնողական կանխատեսումները, ինչպես նաև վերականգնմանն ուղղված այնպիսի միջոցառումների ընդգրկման անհրաժեշտությունը, որոնք առավելապես կնպաստեն ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձի ֆիզիկական, մտավոր, մասնագիտական ունակությունների և կարողությունների զարգացմանը և (կամ) պահպանմանն ու սոցիալական ներառմանը: ԾԱԾ-ը կազմելիս առավելագույնս հաշվի է առնվում հաշմանդամություն ունեցող անձի համար ընդունելի լինելու հանգամանքը, ծառայությունների մատչելիությունը և հասանելիությունը:

8. ԾԱԾ-ը կազմվում է` հաշվի առնելով նաև ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող կանանց և աղջիկների սեռով, ինչպես նաև երեխաների` տարիքային առանձնահատկություններով պայմանավորված հատուկ կարիքները:

9. ԾԱԾ-ը կազմվում է հաշմանդամության սահմանման ժամկետով, իսկ անժամկետ (երեխաների դեպքում` մինչև 18 տարին լրանալը) հաշմանդամություն սահմանելու դեպքում` մինչև 5 տարի ժամկետով` հաշվի առնելով կլինիկական ու վերականգնողական կանխատեսումները կամ ծառայությունների տրամադրման ժամկետները

10. Բժշկական, վերականգնողական, կրթական, սոցիալական համապատասխան ծառայություններ մատուցող և աջակցող միջոցներ տրամադրող կազմակերպություններն իրականացնում են ԾԱԾ-ով իրենց վերապահված միջոցառումները և ծառայությունները` սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով: Այն միջոցառումները կամ ծառայությունները, որոնց իրականացումը նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, կարող են իրականացվել օրենքով չարգելված այլ աղբյուրներից ֆինանսավորման միջոցով: Այս դեպքում կազմակերպությունը կլինի ոչ թե պատասխանատու տվյալ միջոցառման/ծառայության համար, այլ կնշվի որպես նախընտրելի կազմակերպություն տվյալ բնագավառում:

11. ԾԱԾ-ի հետ համատեղ գնահատվող անձին տրամադրվում է տեղեկություն ԾԱԾ-ում ներառված միջոցառումներն իրականացնող կազմակերպությունների կամ մարմինների կամ հաստատությունների վերաբերյալ: ԾԱԾ-ի յուրաքանչյուր բաղադրիչի իրականացման համար պատասխանատու է սույն համապատասխան պետական մարմինը կամ դրա ստորաբաժանումը:

12. ԾԱԾ-ը էլեկտրոնային համակարգի միջոցով հասանելի է բոլոր ծառայություն մատուցող մարմիններին և կազմակերպություններին` դրա իրագործման ընթացքի վերաբերյալ նշումներ կատարելու համար:

13. ԾԱԾ-ի իրականացման արդյունավետությունը գնահատում է հանձնաժողովը` անձի ֆունկցիոնալության կրկնակի գնահատման կամ վերագնահատման ժամանակ:

14. ԾԱԾ-ում փոփոխություններ կամ լրացումներ կարող են կատարվել`

1) վերագնահատման դեպքում` անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը սահմանող իրավական ակտով նախատեսված դեպքերում.

2) կրկնակի գնահատման դեպքում` անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը սահմանող իրավական ակտով նախատեսված դեպքերում.

3) ծառայության նախաձեռնությամբ` ծառայության պետի հանձնարարությամբ` ֆունկցիոնալության գնահատման համար հիմք հանդիսացած փաստաթղթերում թերություններ կամ խախտումներ հայտնաբերելու դեպքում:

15. Այն դեպքում, երբ ԾԱԾ-ում փոփոխություններ կամ լրացումներ կատարվում են սույն կարգի 14-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերով, ապա գնահատվող անձը դիմումը ներկայացնում է անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը սահմանող իրավական ակտի դրույթներին համապատասխան:

16. ԾԱԾ-ում կատարված փոփոխությունները և (կամ) լրացումները ներբեռնվում են էլեկտրոնային համակարգ, իսկ ԾԱԾ-ի նախորդ տարբերակը պահպանվում է էլեկտրոնային համակարգում «Չի գործում» ծանուցագրով: Փոփոխված ԾԱԾ-ը տրամադրվում է անձին կամ նրա ներկայացուցչին սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով: ԾԱԾ-ը պետք է պարունակի Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի (այսուհետ` e-verify) տասնվեց նիշանոց կոդը և ինտեգրվի e-verify-ին:

17. ԾԱԾ-ի իրագործման ընթացքի վերաբերյալ մշտադիտարկումն իրականացվում է ծառայության կողմից` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2022 թվականի մարտի 31-ի N 49-Ա/1 հրամանի համաձայն:

18. ԾԱԾ-ով երաշխավորված ծառայությունը մատուցած կազմակերպությունը կամ հաստատությունը մատուցած ծառայության մասին տեղեկատվությունն անմիջապես մուտքագրում է էլեկտրոնային համակարգ նախատեսված միջոցառումն իրականացնելուց/ծառայությունը մատուցելուց հետո:

19. Այն դեպքերում, եթե ծառայություն մատուցող կազմակերպությունը չունի հասանելիություն էլեկտրոնային համակարգին և չի կարող իր կողմից իրականացված միջոցառումների/ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրել էլեկտրոնային համակարգ, ապա նախատեսված միջոցառումն իրականացնելուց/ծառայությունը մատուցելուց հետո մատուցած ծառայությունների վերաբերյալ տեղեկությունները անմիջապես փոխանցում է ծառայություն, որն էլ այդ տեղեկությունների հիման վրա կարող է լրացումներ կամ փոփոխություններ կատարել ԾԱԾ-ում:

20. Ծառայությունն էլեկտրոնային համակարգի միջոցով հետևում է ԾԱԾ-ով երաշխավորված միջոցառումների իրականացմանը և ծառայությունների մատուցմանը: ԾԱԾ-ով սահմանված ժամկետում միջոցառումը չիրականացվելու/ծառայությունը չմատուցվելու պարագայում ծառայությունը կապվում է պատասխանատու կազմակերպության կամ հաստատության հետ: Հիմնավոր պատասխան չստանալու դեպքում այդ մասին տեղեկացվում է ծառայության պետին, որը գրավոր դիմում է համապատասխան կազմակերպությանը` պարզաբանումներ ստանալու նպատակով:

21. Պետական մարմնի ղեկավարին պարզաբանումներ ստանալու նպատակով դիմելու անհրաժեշտության դեպքում համապատասխան գրությունը ծառայության պետի միջնորդությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

22. Մշտադիտարկման և գնահատման նպատակով կիրառման ենթակա տվյալներն օգտագործվում կամ տրամադրվում են վիճակագրական և հաշմանդամության ոլորտում հետազոտություններ իրականացնելու նպատակներով օգտագործելու համար` պահպանելով անձնական տվյալների գաղտնիության պահպանման` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված պահանջները:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 հուլիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.07.2022
N 1161-Ն
Որոշում