ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
16 մայիսի 2022 թվականի N 338
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Ֆիզիկական անձը ունի հիփոթեքային վարկ անհատական բնակելի տան վերանորոգման համար և օգտվում է եկամտային հարկի վերադարձի արտոնությունից: Ֆիզիկական անձը կրճատում է վարկի ժամկետը` վերանայելով վճարման գրաֆիկը: Տվյալ դեպքում ֆիզիկական անձը կշարունակի՞ օգտվել եկամտային հարկի վերադարձի արտոնությունից, թե՞ ոչ:
Պատասխան
i
ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձվում է ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով` հաշվի առնելով նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումները: Մասնավորապես, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին համապատասխան` հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք իրենց ընտրությամբ կարող են օգտվել միայն մեկ հիփոթեքային վարկի պայմանագրի մասով:
i
Նույն հոդվածի 6-րդ մասին համապատասխան` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց եկամտային հարկի գումարների վերադարձը կատարվում է ՀՀ կառավարության 05.10.2017թ. N 1321-Ն որոշմամբ սահմանված Կարգով:
Վերոնշյալ Կարգի`
i
- 7-րդ կետի համաձայն` նույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերում առկա տեղեկատվության փոփոխությունների դեպքում վարկառուն պարտավոր է փոփոխության կատարման ամսվան հաջորդող ամսվա 10-ից ոչ ուշ դրա մասին տեղեկացնել հարկային մարմնին` ներկայացնելով փոփոխությունները հավաստող փաստաթղթերը,
i
- 8-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը մերժվում է, եթե չեն ներկայացվել նույն կարգի 5.4-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը:
i
Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ ՀՀ հարկային օրենսգրքով` վարկային պայմանագրում վարկի մարման ժամկետը կրճատելու և ժամանակացույցը փոփոխելու դեպքում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների մասով եկամտային հարկի վերադարձի առումով որևէ սահմանափակում նախատեսված չէ, հայտնում ենք, որ հիշյալ փոփոխությունը կատարելու դեպքում հիփոթեքային վարկի վարկառու հանդիսացող ֆիզիկական անձը` ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածին և ՀՀ կառավարության 05.10.2017թ. N 1321-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան, կարող է շարունակել օգտվել եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ