100.0042.280813
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 08 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10013341
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
12 օգոստոսի 2013 թվականի N 42-Ն
«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.3.1-01-2013 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.3.1-01-2013 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:
(նախաբանը փոփ. 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
Հավելված
Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2013 թվականի օգոստոսի 12-ի
N 42-Ն հրամանով
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Սանիտարական կանոններ և նորմեր
N 2.3.1-01-2013
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` կանոններ) սահմանում են նախադպրոցական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև այն ուսումնական հաստատություններում (կրթահամալիրներում), որոնք իրականացնում են նաև նախադպրոցական կրթական ծրագրեր` անկախ կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից, երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները:
II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
2. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում սննդի կազմակերպումը պայմանավորվում է երեխաների գտնվելու տևողությամբ`
1) մինչև 3-3,5 ժամ` սնունդ չի կազմակերպվում,
2) 3,5-5 ժամ` կազմակերպվում է մեկից երկու անգամվա սնունդ` նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքային ռեժիմին համապատասխան,
3) 5 ժամից ավելի` սնունդը կազմակերպվում է նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքային ռեժիմին համապատասխան,
4) երեխաների սնուցման ռեժիմը` պայմանավորված նախադպրոցական ուսումնական հաստատությունում գտնվելու ժամանակահատվածով, ներկայացված է սույն կանոնների աղյուսակ 1-ում:
III. ԱՌՈՂՋ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ԵՎ ՃԱՇԱՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
3. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սնունդը կազմակերպվում է ելնելով` օրգանիզմը հիմնական սննդանյութերով և էներգիայով ֆիզիոլոգիական պահանջը բավարարելու սկզբունքից:
4. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում առանձին տարիքային խմբերի երեխաների համար անհրաժեշտ սննդանյութերի (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրատներ) և էներգիայի օրական ֆիզիոլոգիական պահանջի նորմերը սահմանված են սույն կանոնների աղյուսակ 2-ում:
5. Ճաշացուցակը կազմելու և կալորիականության հաշվարկը կատարելու ժամանակ պահպանվում է հաշվեկշռված սնուցման հիմնական սկզբունքը ըստ սննդային հիմնական բաղադրիչների` սպիտակուցների, ճարպերի և ածխաջրատների 1:1-1,2:4-4,6 հարաբերակցությունը, կամ սննդային օրաբաժնի էներգետիկ արժեքի 10-15%-ը ապահովվում է ի հաշիվ սպիտակուցների, 30-32%-ը` ճարպերի, 55-60%-ը` ածխաջրատների:
6. Ճաշացուցակը կազմվում է ձևավորված սննդի օրաբաժնի (ռացիոնի) հիման վրա և ներառում է ճաշատեսակների, խոհարարական արտադրանքի, ալրային հրուշակեղենի, հացամթերքի և այլ սննդամթերքի բաշխումը` ըստ սննդի ընդունման առանձին փուլերի (նախաճաշ, ճաշ, ետճաշիկ, ընթրիք), հաշվի առնելով նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների գտնվելու ժամանակահատվածը:
7. Օրինակելի ճաշացուցակում սննդի օրաբաժնի էներգետիկ արժեքի (կալորիականության) ռացիոնալ բաշխումը` ըստ սննդի ընդունման առանձին փուլերի, կատարվում է համաձայն սույն կանոնների աղյուսակ 3-ի: 8-10,5-ժամյա տևողությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում (կամ առանձին խմբերում) սննդի օրաբաժնի էներգետիկ արժեքի հաշվարկի մեջ չի ներառվում ընթրիքը:
8. Նախաճաշի և ճաշի միջև ընկած ժամանակահատվածում կարելի է նախատեսել երկրորդ նախաճաշ, որը ներառում է թարմ մրգեր և (կամ) հյութ (ըմպելիք):
9. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում մեկ երեխայի համար մեկ օրվա ընթացքում նախատեսված չափաբաժնի օրինակելի ծավալը ներկայացված է սույն կանոնների աղյուսակ 4-ում:
10. Շուրջօրյա գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների (խմբերի) երեխաների համար սնունդը կազմակերպվում է օրը 4-5 անգամ: Սննդի ընդունման միջև ընկած ժամանակահատվածը սահմանվում է ոչ ավելին, քան 3.5-4 ժամ:
11. Շուրջօրյա գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների երեխաների համար սննդանյութերի և էներգիայի օրական պահանջը օրինակելի ճաշացուցակում բաշխվում է հետևյալ կերպ` նախաճաշ` 20%, ճաշ` 30-35%, ետճաշիկ` 15%, ընթրիք` 25%, երկրորդ ընթրիք` 5-10%:
12. Օրաբաժնի կալորիականության և սննդային նյութերի պարունակության շեղումները կարող են լինել +- 10%-ի սահմաններում` պահպանելով սույն բաժնի 9-րդ կետի պահանջները երկու շաբաթվա ընթացքում:
13. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին առողջ սննդով ապահովելու նպատակով օրինակելի ճաշացուցակը կազմվում է 10-14 օրվա համար:
14. Ճաշացուցակը կազմվում է հաշվի առնելով նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեք տարիքային խմբերի` 1-2, 2-3 և 4-6 տարեկան երեխաների համար նախատեսված սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը:
15. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների համար սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը սահմանված է սույն կանոնների աղյուսակ 5-ում:
16. Միևնույն ճաշատեսակները կամ խոհարարական արտադրանքը կրկնակի չի ներառվում նույն օրվա կամ հաջորդող 2-3 օրերի օրինակելի ճաշացուցակում:
17. Ճաշացուցակի կազմման օրինակելի ձևաչափը սահմանված է սույն կանոնների ձև 1-ում:
18. Սննդի կազմակերպումը նախատեսում է` յուրաքանչյուր սննդի ընդունման ժամանակ պարտադիր տաք ճաշատեսակների և խոհարարական արտադրանքի օգտագործումը, այդ թվում առաջին և (կամ) երկրորդ ճաշատեսակ և տաք ըմպելիքներ:
19. Ամենօրյա ճաշացուցակում ներառվում են միսը, կաթը, սերուցքային կարագը և բուսական յուղը, հացը` ցորենի և տարեկանի, շաքարը, կարտոֆիլը, բանջարեղենը, միրգը, հյութերը, ձավարեղենը և յոդացված աղը: Ձուկը, ձուն (հավկիթը), պանիրը, կաթնաշոռը և կաթնաթթվային սննդամթերքը տրվում են 2-3 օրը մեկ:
20. Երկու շաբաթվա ընթացքում երեխան ստանում է անհրաժեշտ սննդամթերքի լրակազմը` պահանջվող ծավալով:
21. Ամեն օր յուրաքանչյուր խմբում ծնողների համար տեսանելի տեղերում փակցվում է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարի կողմից հաստատված ճաշացուցակը, որի մեջ նշվում է խոհարարական արտադրանքի անվանումների և ծավալների մասին տեղեկատվությունը:
22. Սննդային գործոնով պայմանավորված զանգվածային վարակիչ հիվանդությունների ու սննդային թունավորումների առաջացման և տարածման կանխարգելման նպատակով, նախադպրոցական ուսումնական հաստատություններում չեն օգտագործվում ստորև նշված սննդամթերքը և պատրաստվում նշված ճաշատեսակներն ու խոհարարական կերակրատեսակները`
1) առանց որակն ու անվտանգությունը հավաստող փաստաթղթերի պարենահումք և սննդամթերք,
2) բոլոր տեսակի գյուղատնտեսական կենդանիների միս, թռչուն ու ենթամթերք` առանց խարանի (դրոշմի) և անասնաբույժի կողմից տրված վկայականի,
3) ձուկ` առանց անասնաբույժի կողմից տրված վկայականի,
4) թռչուն` չմաքրած փորոտիքով,
5) ձու` անլվա կճեպով, ինչպես նաև սալմոնելոզի տեսակետից անբարենպաստ տնտեսություններից,
6) ջրլող թռչունների (բադի, սագի և այլն) միս, ձու,
7) պահածոներ` տարայի հերմետիկության խախտումով, բոմբաժված, ժանգոտված կամ դեֆորմացված տարայով, առանց պիտակի,
8) ամբարային վնասատուներով վարակված ձավարեղեն, ալյուր, չրեր և այլ մթերքներ,
9) բորբոսի և փչացման հատկանիշներով բանջարեղեն ու միրգ, կանաչած կարտոֆիլ,
10) պիտանիության ժամկետն անց և վատորակության հատկանիշներով (հոտի, համի, գույնի փոփոխմամբ) սննդամթերք,
11) տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված պահածոներ,
12) նախորդ օրվա պատրաստած կերակրատեսակներ կամ օգտագործած կերակրատեսակների մնացորդներ,
13) կրեմային հրուշակեղեն` տորթեր, հրուշակներ և այլն,
14) դոնդողածածկ ճաշատեսակներ (մսի և ձկան), խաշ, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված մսատրորվածքներ (պաշտետներ),
15) մսի կտորների եզրերից, ստոծանուց, գլխի փափկամսից պատրաստած ռուլետներ և այլն,
16) ֆլյագայով կաթ` առանց ջերմային մշակման (եռացման),
17) տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաթթվային մթերք, թթված կաթ, այդ թվում նաև կաթնաշոռի պատրաստման համար,
18) կաթնաշոռ` չպաստերիզացված կաթից, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաշոռ,
19) հաստատության խոհանոցում պատրաստված սառը (առանց ջերմային մշակման) ըմպելիքներ, օշարակ, կվաս և այլն,
20) մակարոն աղացած մսով (ֆարշով)` «նավատորմային» և մակարոն կտրատած ձվով` առանց կրկնակի թերմիկ մշակման,
21) աչքով-ձվածեղ,
22) սունկ և դրանից պատրաստված կերակրատեսակներ, սնկի արգանակ,
23) տարբեր սննդային խտանյութեր, այդ թվում արգանակներ, և դրանց հիմքի վրա պատրաստված կերակրատեսակներ,
24) հում ապխտած մսից պատրաստված ուտեստներ (բաստուրմա, սուջուխ և նմանատիպ այլ արտադրանք),
25) երշիկեղեն,
26) թերխաշ և հում ձու,
27) պաղպաղակ, ժելե,
28) առանց մրգային միջուկի կարամել:
23. Զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով, ելնելով առողջ և ռացիոնալ սննդի սկզբունքից նախադպրոցական ուսումնական հաստատություններում չի օգտագործվում`
1) տապակած կերակրատեսակներ, այդ թվում ֆրիտյուրի մեջ (ճարպով, յուղով)` կարկանդակներ, փքաբլիթներ, կարտոֆիլ, մսով կամ կաթնաշոռով պատրաստված բարակաբլիթներ (բլինչիկներ), չիպս և այլն,
2) մարգարին, խոհարարական և տրանսճարպեր, սպրեդ,
3) քացախ, մանանեխ, ծովաբողկ գյուղական (սովորական), կծու պղպեղ (կարմիր, սև) և այլ կծու համեմունքներ,
4) սուրճ, ինչպես նաև կոֆեին պարունակող ըմպելիքներ, էներգետիկ ըմպելիքներ, ալկոհոլային խմիչքներ, այլ խթանիչներ,
5) օրգանիզմի տոնուսը բարձրացնող և հյուսվածքների աճի վրա ազդող կենսաբանական ակտիվ հավելումներ (ԿԱՀ), նաև դրանց օգտագործմամբ արտադրանք և հյութեր,
6) գազավորված ըմպելիքներ,
7) պիստակ, գետնանուշ և այլն,
8) մաստակ,
9) շաքարների և աղի բարձր պարունակությամբ սննդամթերք:
24. Մինչև 2 տարեկան երեխաներին թեյը տրվում է շաբաթը 1 անգամ, իսկ 3-6 տարեկան երեխաներին` 2 անգամից ոչ հաճախ:
25. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում ալերգիկ և քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների համար սնունդը կազմակերպվում է ելնելով առկա ախտաբանությունից` համաձայն երեխաների բուժական և կանխարգելիչ սննդակարգի:
26. Առողջարանային տիպի նախադպրոցական հաստատություններում (բացի տուբերկուլյոզային առողջարաններից) բուժվող երեխաների համար սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը սահմանված է սույն կանոնների աղյուսակ 6-ում:
27. Փաստացի օրաբաժինը համապատասխանում է հաստատված օրինակելի ճաշացուցակին: Առանձին դեպքերում թույլատրվում է որոշ սննդամթերքի, կերակրատեսակների կամ խոհարարական արտադրատեսակների փոխարինումը մեկ այլով` դրանց սննդային արժեքի համապատասխանության պայմանով:
28. Սննդամթերքի փոխարինումը ըստ սպիտակուցների և ածխաջրատների սահմանված են սույն կանոնների աղյուսակ 7-ում:
29. Վիտամինային անբավարարության կանխարգելման նպատակով տարվա աշուն-գարուն ժամանակահատվածում կատարվում է երրորդ կերակրատեսակների «Ց» վիտամինացում (երրորդ կերակրատեսակի մեկ չափաբաժնին ավելացվում է 35 մգ վիտամին «Ց»` 1-3 տարեկան երեխաների համար և 50 մգ` 4-6 տարեկան երեխաների համար):
IV. ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
30. Խոհարարական արտադրանքի պատրաստման ժամանակ օգտագործում են եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակները և թխվածքաճաշերի տեսքով պատրաստված կերակրատեսակները:
31. Կերակրատեսակների մեջ վիտամինների պահպանումն ապահովելու նպատակով թերմիկ մշակման ենթակա բանջարեղենը մաքրում են եփելուց անմիջապես առաջ և եփում աղաջրի մեջ (բացի բազուկից):
32. Եփած բանջարեղենից աղցաններ պատրաստելու համար օգտագործվող բանջարեղենը (բազուկ, գազար և այլն) նախքան եփելը լվանում են, եփում կեղևով, այնուհետև սառելուց հետո մաքրում են կեղևից և կտրատում:
33. Բանջարեղենը տեսակավորում են, լվանում, մաքրում, այնուհետև քիչ քանակներով կրկնակի լվանում 5 րոպեից ոչ պակաս տևողությամբ հոսող ջրի տակ, որից հետո մշակում են:
34. Մաքրած կարտոֆիլը և այլ բանջարեղենը չորացումից և սևանալուց պահպանելու նպատակով պահում են ջրում 2 ժամից ոչ ավելի:
35. Կաղամբի մշակման ժամանակ հեռանում են արտաքին թերթիկները, որից հետո լվանում են հոսող ջրի տակ:
36. Նախորդ տարվա բերքը (կաղամբ, սոխ, գազար և այլն) մարտի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում օգտագործվում է միայն թերմիկ մշակումից հետո:
37. Հում կանաչին, որը նախատեսված է առանց հետագա թերմիկ մշակման սառը նախուտեստներ և աղցաններ պատրաստելու համար, 10 րոպե տևողությամբ պահում են 3% քացախաթթվի կամ 10% աղաջրի մեջ, որից հետո պարզաջրում են հոսող ջրով:
38. Խոհարարական արտադրանքի պատրաստման ժամանակ պահպանվում են հետևյալ պահանջները`
1) եփած մսից, հավից, ձկից պատրաստված երկրորդ կերակրատեսակների բաշխման ժամանակ չափաբաժնով մասնատված միսը կրկնակի եռացնում են արգանակում 5-7 րոպե,
2) չափաբաժնով մասնատված միսը մինչև բաշխումը պահվում է արգանակի մեջ տաք սալիկի կամ մարմիտի վրա` 1 ժամից ոչ ավելի,
3) կոտլետները առանց նախապես տապակման եփում են ջեռոցում 250-280oC ջերմաստիճանում` 20-25 րոպե,
4) կերակրատեսակների մեջ մտնող բաղադրամասերը խառնում են խոհանոցային պարագաներով` չդիպչելով սննդամթերքին ձեռքերով,
5) կարտոֆիլային խյուս պատրաստելուց օգտվում են մեխանիկական սարքավորումներից,
6) ճաշալրացների (գարնիրներ) համար օգտագործվող սերուցքային կարագը նախապես ենթարկում են թերմիկ մշակման (հալեցվում և հասցվում է մինչև եռման ջերմաստիճանը),
7) ձուն` նախքան եփելը լվանում են, այնուհետև եփում են ջուրը եռալուց հետո ևս 10 րոպե,
8) օմլետները և ձու պարունակող ջեռեփուկները պատրաստում են ջեռոցում. օմլետները` 8-10 րոպե 180-200oC ջերմաստիճանում 2,5-3 սմ-ից ոչ ավելի շերտով, ջեռեփուկները` 20-30 րոպե 220-280oC ջերմաստիճանում 2,5-3 սմ-ից ոչ ավելի շերտով, իսկ ձվի զանգվածը պահվում է մինչև 30 րոպե ժամանակով` 4+-2oC ջերմաստիճանի պայմաններում,
9) երկրորդ ճաշատեսակներ պատրաստելիս բրինձն ու մակարոնեղենը եփում են մեծ ծավալի ջրում (1:6 հարաբերությունից ոչ պակաս), որից հետո չեն լվանում,
10) պատրաստի առաջին և երկրորդ ճաշատեսակները կարող են գտնվել մարմիտի կամ տաք սալիկի վրա պատրաստելու պահից ոչ ավելի, քան 2 ժամ, կամ իզոթերմիկ թերմոսներում, որոնք պահպանում են բաշխման համար անհրաժեշտ ջերմաստիճանը, բայց ոչ ավելի, քան 2 ժամ: Պատրաստի կերակրատեսակները սառելուց հետո կրկնակի չեն տաքացվում,
11) տաք ճաշերը (ապուրներ, սոուսներ), ըմպելիքները, երկրորդ ճաշատեսակները բաժանվում են 60oC-65oC ջերմաստիճանի, իսկ սառը ապուրները և ըմպելիքները` 15oC-ից ոչ ցածր ջերմաստիճանի պայմաններում,
12) կաթնաշոռը օգտագործում են ջերմային մշակումից հետո` թխվածքաճաշերի և թխվածքների տեսքով,
13) հում բանջարեղենից պատրաստված կերակրատեսակները պահպանվում են սառնարանում 30 րոպեից ոչ ավելի` 4+-2oC ջերմաստիճանի պայմաններում,
14) չհամեմած աղցանները պահպանում են սառնարանում 4+-2oC ջերմաստիճանի պայմաններում` 2 ժամից ոչ ավելի,
15) աղցանները համեմելու համար թթվասեր և մայոնեզ չի օգտագործվում,
16) օգտագործվում է միայն յոդացված աղ:
39. Սննդամթերքի խոհարարական սառը մշակման արդյունքում թափոնի ելքի հաշվարկը կատարվում է համաձայն սույն կանոնների աղյուսակ 8-ի:
V. ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
40. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման և կիրառման, օրինակելի ճաշացուցակի մշակման պատասխանատուն տնօրենն է և հաստատության կանոնադրության շրջանակներում գործատուի կողմից ներքին իրավական ակտով սահմանված համապատասխան պաշտոնական պարտականություններ ունեցող անձինք:
41. Յուրաքանչյուր օր լրացվում է «ճաշացուցակ-բաշխում» ձևաչափը, ինչի մեջ նշվում է մեկ երեխայի համար դուրս գրվող սննդամթերքի անվանումը և քաշը/քանակը:
42. «Ճաշացուցակ-բաշխում» ձևաչափը ներկայացված է սույն կանոնների ձև 2-ում:
43. Սննդի կազմակերպման, այդ թվում սննդի օրաբաժնի որակական և քանակական կազմի, նրա սննդային և էներգետիկ արժեքի, ձեռքբերվող սննդամթերքի տեսականու և որակի, ինչպես նաև կերակրատեսակների պատրաստման, խոհարարական մշակման եղանակի նկատմամբ հսկողությունը իրականացնում է նախադպրոցական ուսումնական հաստատության բուժաշխատողը:
44. Տեխնոլոգիական գործընթացի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով յուրաքանչյուր պատրաստի կերակրատեսակից կատարվում է նմուշառում: Նմուշառումը կատարում է խոհարարը:
45. Նմուշառումը կատարվում է խոտանորոշման հանձնաժողովի ներկայությամբ, որի կազմում ընդգրկվում են բուժաշխատողը, խոհարարը և տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը:
46. Կերակրատեսակի նմուշառումը կատարվում է անմիջապես այն կաթսայից, որի մեջ պատրաստվել է:
47. Նմուշառած կերակրատեսակները պահում են մակնշված և մանրէազերծված (կամ ախտահանված` կերակրի սոդայի 2% լուծույթի մեջ 15 րոպե եռացնելու եղանակով) ապակյա տարայի մեջ, որը ամուր փակվում է ապակյա կամ մետաղական կափարիչով:
48. Չափաբաժնով պատրաստված կերակրատեսակները նմուշառվում են ամբողջ ծավալով, իսկ աղցանները, առաջին, երրորդ կերակրատեսակները և ճաշալրացները 100 գրամից ոչ պակաս:
49. Վերցված նմուշները պահպանում են 48 ժամից ոչ պակաս (չհաշված հանգստյան և տոն օրերը) հատուկ սառնարանում կամ սառնարանի հատուկ առանձնացված տեղում 4+-2oC ջերմաստիճանի պայմաններում, նշելով նմուշառման ժամը, օրը, ամիսը:
50. Նմուշառման կարգի և օրվա նմուշների պահպանման պայմանների նկատմամբ հսկողությունը իրականացնում է բուժաշխատողը:
51. Նմուշառված ճաշատեսակի գնահատումը զգայորոշման ցուցանիշների նկատմամբ կատարվում է խոտանորոշման հանձնաժողովի կողմից:
52. Պատրաստի կերակրատեսակի, խոհարարական արտադրանքի գնահատումը իրականացվում է ըստ զգայորոշման ցուցանիշների, ինչի արդյունքները լրացվում են «Պատրաստի կերակրատեսակի, խոհարարական արտադրանքի խոտանորոշման մատյան»-ում` համաձայն սույն կանոնների ձև 3-ի:
53. Յուրաքանչյուր պատրաստի կերակրատեսակի բացթողումը իրականացվում է նմուշառումից և զգայորոշման ցուցանիշների նկատմամբ գնահատումից հետո:
54. Սննդի պատրաստման տեխնոլոգիական գործընթացի խախտումների, ինչպես նաև անբավարար թերմիկ մշակման դեպքերի ժամանակ հանձնաժողովի կողմից չի թույլատրվում կերակրատեսակների բաշխումը` մինչև հայտնաբերված թերությունները վերացնելը:
55. Նախադպրոցական ուսումնական հաստատության բուժաշխատողը սննդի օրաբաժնի որակական և քանակական կազմի, նրա սննդային և էներգետիկ արժեքի հաշվարկը և գնահատումը կատարում է 2 շաբաթը օրը մեկ, ինչի տվյալները գրանցում են «Սննդի օրաբաժնի հսկողության, սննդային և էներգետիկ արժեքի հաշվարկի մատյան»-ում` համաձայն սույն կանոնների ձև 4-ում: Գնահատման արդյունքների հիման վրա, անհրաժեշտության դեպքում, հաջորդ 10 օրվա համար նախատեսված ճաշացուցակում կատարվում են ուղղումներ և լրացումներ:
56. Սննդամթերքի հիմնական սննդային նյութերի և էներգետիկ արժեքի տվյալները ներկայացված են սույն կանոնների աղյուսակ 9-ում:
57. Ամեն օր, աշխատանքները սկսելուց առաջ, բուժաշխատողի կողմից կատարվում է նախադպրոցական ուսումնական հաստատության խոհանոցի աշխատողների ձեռքերի և մարմնի բաց հատվածների մաշկի զննում` թարախային վերքերի առկայության, ինչպես նաև վերին շնչուղիների կատարալ երևույթների և անգինաների նկատմամբ:
58. Զննումների արդյունքները գրանցվում են «Առողջության մատյան»-ում համաձայն սույն կանոնների ձև 5-ի:
59. Մատյանը լրացնելիս օգտագործվում են հետևյալ պայմանական նշանները` Առ-առողջ է, Մ-մեկուսացված է, Արձ- գտնվում է արձակուրդում, Հ-հանգստյան օր, Ան/թ-անաշխատունակության թերթիկ: Մատյանում նշվում են տվյալ օրը ներկա բոլոր աշխատողների անուն-ազգանունները:
VI. ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
60. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների առողջության պահպանմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով տնօրենի կողմից ապահովվում են`
1) սույն սանիտարական կանոնների առկայությունը,
2) սույն սանիտարական կանոնների կատարման ապահովումը,
3) հիգիենիկ ուսուցման դասընթացների կազմակերպումը երեք տարին մեկ անգամ, որի մասին տեղեկատվությունը լրացվում է «Աշխատողների հիգիենիկ ուսուցման մատյան»-ում` համաձայն սույն կանոնների ձև 6-ի,
4) սույն սանիտարական կանոններով հաստատված անհրաժեշտ փաստաթղթերի ամենօրյա վարումը:
Աղյուսակ 1
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՈՒՑՄԱՆ ՌԵԺԻՄԸ` ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՎ
._______________________________________________________________.
|Սննդի |Սննդի ընդունումը` կապված հաստատությունում |
|ընդունման |գտնվելու ժամանակահատվածից |
|ժամը |__________________________________________________|
| |8-10,5 ժամ |11-12 ժամ |24 ժամ |
|____________|__________________________________________________|
|9.00-9.30 |նախաճաշ |նախաճաշ |նախաճաշ |
|____________|__________________________________________________|
|10.30-11.00 |երկրորդ նախաճաշ |երկրորդ նախաճաշ |երկրորդ նախաճաշ |
|____________|__________________________________________________|
|12.00-13.00 |ճաշ |ճաշ |ճաշ |
|____________|__________________________________________________|
|15.30 |ետճաշիկ |ետճաշիկ |ետճաշիկ |
|____________|__________________________________________________|
|18.30 | - |ընթրիք |ընթրիք |
|____________|__________________________________________________|
|21.00 | - | - |երկրորդ ընթրիք |
._______________________________________________________________.
Աղյուսակ 2
ԱՌԱՆՁԻՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՆՆԴԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕՐԱԿԱՆ ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՆՈՐՄԵՐԸ
.________________________________________________________.
|Սննդանյութերի անվանումը |1-2 |2-3 |3-6 |
|(մեկ օրվա համար) |տարեկան|տարեկան|տարեկան|
|________________________________|_______|_______|_______|
|Սպիտակուցներ (գ) | 36| 42| 54|
|________________________________|_______|_______|_______|
|Այդ թվում կենդանական ծագման (%) | 70| 70| 65|
|________________________________|_______|_______|_______|
|Ճարպեր (գ) | 40| 47| 60|
|________________________________|_______|_______|_______|
|Ածխաջրատներ(գ) | 174| 203| 261|
|________________________________|_______|_______|_______|
|Էներգիա (կկալ) | 1200| 1400| 1800|
.________________________________________________________.
Աղյուսակ 3
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՃԱՇԱՑՈՒՑԱԿՈՒՄ ՍՆՆԴԻ ՕՐԱԲԱԺՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԺԵՔԻ (ԿԱԼՈՐԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ) ՌԱՑԻՈՆԱԼ ԲԱՇԽՈՒՄԸ ԸՍՏ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՓՈՒԼԵՐԻ
._________________________________________________________.
|Սննդի ընդունում| % |1-2 տարեկան|2-3 տարեկան|3-6 տարեկան|
| | |1200 կկալ |1400 կկալ |1800 կկալ |
|_______________|_____|___________|___________|___________|
|Նախաճաշ | 25% | 300 | 350 | 450 |
|_______________|_____|___________|___________|___________|
|Ճաշ | 35% | 420 | 490 | 630 |
|_______________|_____|___________|___________|___________|
|Ետճաշիկ | 15% | 180 | 210 | 270 |
|_______________|_____|___________|___________|___________|
|Ընթրիք | 25% | 300 | 350 | 450 |
._________________________________________________________.
Աղյուսակ 4
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԵԿ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԱՓԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԾԱՎԱԼԸ
.___________________________________________________________________.
|Կերակրատեսակի անվանումը |Չափաբաժնի ծավալը ըստ |
| |տարիքի (գ) |
| |_______________________|
| |1-ից մինչև |3-ից մինչև |
| |3 տարեկան |6 տարեկան |
|___________________________________________|___________|___________|
|Նախաճաշ | | |
|___________________________________________|___________|___________|
|Շիլա, բանջարեղենային կերակրատեսակ | 120 - 200| 200 - 250|
|___________________________________________|___________|___________|
|Ձվից պատրաստված կերակրատեսակ | 40 - 80| 80 - 100|
|___________________________________________|___________|___________|
|Կաթնաշոռից պատրաստված կերակրատեսակ | 70 - 120| 120 - 150|
|___________________________________________|___________|___________|
|Մսից, ձկից պատրաստված կերակրատեսակ | 50 - 70| 70 - 80|
|___________________________________________|___________|___________|
|Բանջարեղենային աղցան | 30 - 45| 60|
|___________________________________________|___________|___________|
|Ըմպելիքներ (թեյ, կաթ, կակաո և այլ) | 150 - 180| 180 - 200|
|___________________________________________|___________|___________|
|Ճաշ | | |
|___________________________________________|___________|___________|
|Աղցան, նախուտեստ | 30 - 45| 60|
|___________________________________________|___________|___________|
|Առաջին ճաշատեսակ | 150 - 200| 250|
|___________________________________________|___________|___________|
|Մսից, ձկից, թռչնից պատրաստված կերակրատեսակ | 50 - 70| 70 - 80|
|___________________________________________|___________|___________|
|Ճաշալրաց (գարնիր) | 100 - 150| 150 - 180|
|___________________________________________|___________|___________|
|Ըմպելիք | 150 - 180| 180 - 200|
|___________________________________________|___________|___________|
|Ետճաշիկ | | |
|___________________________________________|___________|___________|
|Կաթ, կեֆիր, մածուն, յոգուրտ | 150 - 180| 180 - 200|
|___________________________________________|___________|___________|
|Բուլկի, թխվածքաբլիթ, քաղցրաբլիթ և այլ | | |
|նմանատիպ ալրային հրուշակեղեն | 50 - 70| 70 - 80|
|___________________________________________|___________|___________|
|Բանջարեղենից, ձավարեղենից և կաթնաշոռից | | |
|պատրաստված կերակրատեսակ | 80 - 150| 150 - 180|
|___________________________________________|___________|___________|
|Թարմ մրգեր | 40-75| 75 - 100|
|___________________________________________|___________|___________|
|Ընթրիք | | |
|___________________________________________|___________|___________|
|Շիլա, բանջարեղենային կերակրատեսակ | 120 - 200| 200 - 250|
|___________________________________________|___________|___________|
|Կաթնաշոռից պատրաստված կերակրատեսակ | 70 - 120| 120 - 150|
|___________________________________________|___________|___________|
|Ըմպելիք | 150 - 180| 180 - 200|
|___________________________________________|___________|___________|
|Թարմ մրգեր | 40 - 75| 75 - 100|
|___________________________________________|___________|___________|
|Հաց ամբողջ օրվա համար, այդ թվում` | | |
|___________________________________________|___________|___________|
|ցորենի | 70| 100|
|___________________________________________|___________|___________|
|տարեկանի | 30 - 40| 50|
.___________________________________________________________________.
Աղյուսակ 5
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՎԱՔԱԿԱԶՄԸ
._____________________________________________________________________.
|Մթերքի անվանումը |Վաղ տարիքի խմբերի|Միջին և ավագ |
| |(1-3 տար.) |մանկապարտեզային|
| | |տարիքի խմբերի |
| | |(3-6 տար.) |
| |_________________|_______________|
| |համաքաշ |զտաքաշ |համաքաշ|զտաքաշ |
|___________________________________|________|________|_______|_______|
|Հաց ցորենի | 60 | 60 | 100 | 100 |
|___________________________________|________|________|_______|_______|
|Հաց տարեկանի | 30 | 30 | 50 | 50 |
|___________________________________|________|________|_______|_______|
|Ալյուր ցորենի | 25 | 25 | 30 | 30 |
|___________________________________|________|________|_______|_______|
|Ձավարեղեն, ընդեղեն, | 30 | 30 | 40 | 40 |
|___________________________________|________|________|_______|_______|
|Մակարոնեղեն | 20 | 20 | 30 | 30 |
|___________________________________|________|________|_______|_______|
|Կարտոֆիլ` | | | | |
|01.09-ից մինչև 31.10 | 160 | | 190 | |
|31.10-ից մինչև 31.13 | 170 | | 200 | 140 |
|31.12-ից մինչև 28.02 | 190 | 120 | 215 | |
|01.03-ից | 200 | | 235 | |
|թարմ կարտոֆիլ | 110 | | 130 | |
|___________________________________|________|________|_______|_______|
|Բանջարեղեն, բոստանային մշակաբույսեր| 256 | 200 | 325 | 260 |
|___________________________________|________|________|_______|_______|
|Մրգեր թարմ | 110 | 100 | 120 | 110 |
|___________________________________|________|________|_______|_______|
|Չրեղեն | 9 | 9 | 11 | 11 |
|___________________________________|________|________|_______|_______|
|Մրգային հյութեր` | | | | |
|պատրաստի հյութեր | - | - | 50 | 50 |
|ըմպելիքներ | 150 | 150 | 180 | 180 |
|___________________________________|________|________|_______|_______|
|Հրուշակեղեն (ոչ կրեմային) | 7 | 7 | 20 | 20 |
|___________________________________|________|________|_______|_______|
|Շաքար | 40 | 40 | 50 | 50 |
|___________________________________|________|________|_______|_______|
|Կարագ սերուցքային | 22 | 22 | 26 | 26 |
|___________________________________|________|________|_______|_______|
|Բուսական յուղ | 9 | 9 | 11 | 11 |
|___________________________________|________|________|_______|_______|
|Ձու |0,5 հատ | 20-25գ |0,6 հատ| 25-30գ|
|___________________________________|________|________|_______|_______|
|Կաթ | 390 | 390 | 450 | 450 |
|___________________________________|________|________|_______|_______|
|Միս տավարի | 74 | 55 | 94 | 70 |
|___________________________________|________|________|_______|_______|
|Թռչնամիս | 23 | 20 | 27 | 24 |
|___________________________________|________|________|_______|_______|
|Կաթնաշոռ | 30 | 30 | 40 | 40 |
|___________________________________|________|________|_______|_______|
|Ձուկ (փափկամիս) | 37 | 32 | 39 | 37 |
|___________________________________|________|________|_______|_______|
|Թթվասեր | 9 | 9 | 11 | 11 |
|___________________________________|________|________|_______|_______|
|Պանիր | 4,3 | 4 | 6,3 | 6 |
|___________________________________|________|________|_______|_______|
|Մածուն | 150 | 150 | 180 | 180 |
|___________________________________|________|________|_______|_______|
|Թեյ (չոր) | 0.2 | 0,2 | 0.2 | 0,2 |
|___________________________________|________|________|_______|_______|
|Թթխմոր | 0,4 | 0,4 | 0,5 | 0,5 |
|___________________________________|________|________|_______|_______|
|Կարտոֆիլի ալյուր | 3 | 3 | 3 | 3 |
|___________________________________|________|________|_______|_______|
|Կակաո (փոշի) | 0,5 | 0,5 | 0,6 | 0,6 |
|___________________________________|________|________|_______|_______|
|Աղ յոդացված | 2 | 2 | 6 | 6 |
._____________________________________________________________________.
Աղյուսակ 6
ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՏԻՊԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (ԲԱՑԻ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՐԱՆՆԵՐԻ) ԲՈՒԺՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՎԱՔԱԿԱԶՄԸ
.____________________________________________________________________.
|Մթերքի անվանումը |Սննդամթերքի քանակը` կապված |
| |տարիքից (գ, մլ,) |
| |_____________________________|
| | 1-3 տարեկան | 3-6 տարեկան |
| |______________|______________|
| |համաքաշ|զտաքաշ|համաքաշ|զտաքաշ|
|______________________________________|_______|______|_______|______|
|Հաց ցորենի | 70 | 70 | 110 | 110 |
|______________________________________|_______|______|_______|______|
|Հաց տարեկանի | 40 | 40 | 50 | 50 |
|______________________________________|_______|______|_______|______|
|Ալյուր ցորենի | 20 | 20 | 50 | 50 |
|______________________________________|_______|______|_______|______|
|Ալյուր կարտոֆիլային | 1 | 1 | 1 | 1 |
|______________________________________|_______|______|_______|______|
|Ձավարեղեն, ընդեղեն, մակարոնեղեն | 35 | 35 | 50 | 50 |
|______________________________________|_______|______|_______|______|
|Կարտոֆիլ` | | | | |
|01.09-ից մինչև 31.10 | 150 | | 250 | |
|31.10-ից մինչև 31.13 | 165 | 115 | 270 | 190 |
|31.12-ից մինչև 28.02 | 180 | | 290 | |
|01.03-ից | 190 | | 320 | |
|թարմ կարտոֆիլ | 125 | | 200 | |
|______________________________________|_______|______|_______|______|
|Բանջարեղեն և բոստանային մշակաբույսեր | 200 | 160 | 300 | 240 |
|______________________________________|_______|______|_______|______|
|Մրգեր թարմ | 120 | 110 | 200 | 190 |
|______________________________________|_______|______|_______|______|
|Չրեղեն | 10 | 10 | 15 | 15 |
|______________________________________|_______|______|_______|______|
|Մրգային հյութեր | 150 | 150 | 200 | 200 |
|______________________________________|_______|______|_______|______|
|Հրուշակեղեն (ոչ կրեմային) | 10 | 10 | 15 | 15 |
|______________________________________|_______|______|_______|______|
|Շաքար | 50 | 50 | 60 | 60 |
|______________________________________|_______|______|_______|______|
|Կարագ սերուցքային | 30 | 30 | 35 | 35 |
|______________________________________|_______|______|_______|______|
|Բուսական յուղ | 5 | 5 | 10 | 10 |
|______________________________________|_______|______|_______|______|
|Ձու |0,5 հատ|20-25գ| 1 հատ |40-45գ|
|______________________________________|_______|______|_______|______|
|Կաթ | 550 | 550 | 550 | 550 |
|______________________________________|_______|______|_______|______|
|Միս տավարի | 100 | 74 | 130 | 96 |
|______________________________________|_______|______|_______|______|
|Թռչնամիս | 15 | 10 | 25 | 17 |
|______________________________________|_______|______|_______|______|
|Կաթնաշոռ | 40 | 45 | 50 | 50 |
|______________________________________|_______|______|_______|______|
|Ձուկ (փափկամիս) | 30 | 28 | 40 | 38 |
|______________________________________|_______|______|_______|______|
|Թթվասեր | 10 | 10 | 12 | 12 |
|______________________________________|_______|______|_______|______|
|Պանիր | 5,3 | 5 | 10 | 9,7 |
|______________________________________|_______|______|_______|______|
|Մածուն | 150 | 150 | 180 | 180 |
|______________________________________|_______|______|_______|______|
|Թեյ (չոր) | 0,2 | 0,2 | 0,2 | 0,2 |
|______________________________________|_______|______|_______|______|
|Թթխմոր | 0,5 | 0,5 | 1 | 1 |
|______________________________________|_______|______|_______|______|
|Կակաո (փոշի) | 2 | 2 | 2 | 2 |
|______________________________________|_______|______|_______|______|
|Աղ յոդացված | 2 | 2 | 5 | 5 |
.____________________________________________________________________.
-------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում