ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
1 հոկտեմբերի 2020 թվականի N 81
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ` ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ
ԲԱԶԱՆ ՈՐՈՇԵԼԻՍ ԾԱԽՍԱԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Կազմակերպությունը 2020 թ.-ի ընթացքում ձեռք է բերել գույք /հող/: Արդյո՞ք կա որևէ իրավական ակտ, որի հիման վրա կազմակերպությունը կարող է 2020 թ.-ի տարվա համախառն եկամտից նվազեցնել 2020թ.-ին ձեռքբերած գույքի /հող/ արժեքը որպես 2020 թ.-ի ծախս:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 4-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ և 30-րդ կետերով սահմանված են ակտիվի սկզբնական արժեք և հաշվեկշռային արժեք հասկացությունները,
i
- 111-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի` համապատասխանաբար 1-ին և 3-րդ կետերով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են շահութահարկ վճարողի կատարած` օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, եթե նույն հոդվածի 2-րդ մասով և օրենսգրքի 113-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ,
i
- 121-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են ամորտիզացիայի ենթակա, սեփականության իրավունքով ռեզիդենտ շահութահարկ վճարողին կամ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին պատկանող կամ լիզինգով (տարատեսակներով) ստացված (եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը,
i
- 121-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետին համապատասխան` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով` նույն մասի 1-ին և 2-րդ կետերում չնշված ակտիվների (այդ թվում` հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների) հաշվեկշռային արժեքը համախառն եկամտից նվազեցվում է այդ ակտիվների օտարմանը համամասնորեն:
i
Միաժամանակ, ՀՀ կառավարության 11.03.2010 թ. N 235-Ն որոշմամբ հաստատված 16` «Հիմնական միջոցներ» հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտի 58-րդ կետի համաձայն` հողամասը, որոշ բացառություններով, ինչպիսիք են թափոնների համար նախատեսված տարածքներն ու ամբարները, ունի անսահմանափակ օգտակար ծառայություն, հետևաբար` դրա համար մաշվածություն չի հաշվարկվում:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ հողամասի համար մաշվածություն չի հաշվարկվում, հետևաբար ձեռքբերված հողամասի հաշվեկշռային արժեքը` շահութահարկով հարկման բազան որոշելիս ծախսագրման (համախառն եկամտից նվազեցման) ենթակա կդառնա հողամասի օտարման դեպքում (օտարման հարկային տարում)` օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված ծախսը հիմնավորող փաստաթղթի առկայության դեպքում:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ