ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
28 նոյեմբերի 1994թ
թ. 03296/3-1
Բոլոր հասարակական (բարեգործական), կրոնական կազմակերպություններին
Հասարակական (բարեգործական), կրոնական կազմակերպությունների տնտեսական
գործունեության իրականացման և հարկային արտոնություններից օգտվելու
մասին
Տեղերից ստացված բազմաթիվ հարցումների կապակցությամբ ՀՀ հարկային պետական տեսչությունը պարզաբանում է.
i
Հասարակական, այդ թվում` բարեգործական, ինչպես նաև կրոնական կազմակերպությունները չեն կարող ինքնուրույն իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: ՀՀ գործող օրենսդրությամբ չարգելված ձեռնարկատիրական գործունեություն նրանք կարող են իրականացնել միայն իրենց կողմից հիմնադրված դուստր ձեռնարկությունների միջոցով: Այն դեպքում, երբ դուստր ձեռնարկությունները գրանցված են շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության կարգավիճակով, նրանք պետք է ղեկավարվեն ՀՀ կառավարության 30.07.92թ.N 426 որոշմամբ:
i
Վերը նշված կազմակերպությունները իրավունք ունեն օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինել սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքը (օրինակ, գույքի ոչ պարբերական վաճառքը, վարձակալության տալը և այլն): Նմանատիպ գործարքներ իրականացնող կազմակերպությունները հարկվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Դա վերաբերվում է նաև ՀՀ կառավարության 07.01.93թ.N 4 որոշմամբ հաստատված ցանկերում ընդգրկված «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի «ա» և «է» կետերով սահմանված արտոնություններից օգտվող կազմակերպություններին: Նրանց վրա տարածվում է նաև «Ձեռնարկությունների տարադրամային հաշիվների և հաշվապահական հաշվեկշռի տարադրամային հոդվածների վերագնահատման և եկամուտների վերահաշվարկման» կարգը (տես «Հարկային տեղեկատու» համ.3, էջ 102):
i
ՀՀ կառավարության 04.10.1994 թ. N 470 որոշման համաձայն «Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 23 հոդվածի «ա» և «է. կետերով նախատեսված արտոնություններից օգտվող կազմակերպությունները պարտավոր են իրենց տրամադրության տակ եղած միջոցների 50 %-ից ոչ պակաս ուղղել հետևյալ նպատակներից և միջոցառումներից առնվազն մեկի իրականացմանը.
զոհված, հաշմանդամ, երկարատև բուժման կարիք ունեցող ազատամարտիկների ընտանիքներին նյութական օգնություն.
մասնակցություն ծերանոցների և մանկատների պահպանման ծախսերին.
սոցիալապես առավել անապահով խավերի համար անվճար սննդի կազմակերպում.
մասնակցություն կրթության, մշակույթի, գիտության, առողջապահության, ֆիզկուլտուրայի և սպորտի հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների ծախսերի և միջոցառումների ֆինանսավորմանը, ընդ որում միջոցների հատկացումը կարող է կատարվել նշված գործունեությունների իրականացման իրավունք ունեցող ձեռնարկություններին և կազմակերպություններին (անկախ սեփականության ձևից):
Հայտնվում է նաև, որ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի «ա» կետը վերաբերվում է ՀՀ կառավարության 07.01.93թ. N 4 որոշմամբ հաստատված առաջին ցանկում ընդգրկված կազմակերպությունների դուստր ձեռնարկություններին` նրանց հարկվող շահույթը նվազեցվում է այն շահույթի չափով, որը փոխանցում են իրենց հիմնադիրներին կանոնադրական գործունեությունն իրականացնելու համար: Օրենքի «է» կետը վերաբերվում է ՀՀ կառավարության 07.01.93թ. N 4 որոշմամբ հաստատված երկրորդ ցանկում ընդգրկված ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին փոխանցումներ կատարած ձեռնարկություններին և կազմակերպություններին` նրանց հարկվող շահույթը նվազեցվում է փոխանցված գումարի չափով, բայց ոչ ավելի հարկվող շահույթի 10 %-ից:
Հայտնում ենք նաև, որ ՀՀ կառավարության 07.01.93թ. N 4 որոշման 2-րդ կետի համաձայն դուք պարտավոր եք համապատասխան շրջանային (քաղաքային) հարկային պետական տեսչության մարմնին ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների հետ միասին նաև մուտքագրված գումարների և դրանց ծախսման ուղղությունների մասին տարեկան արդյունքներով տեղեկանք: