ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
29 մարտի 2022 թվականի N 331
ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍՈՎ ԱԱՀ-ԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
ՀՀ-ում գործող ատամնաբուժական գործունեությունը ազատվա՞ծ է ԱԱՀ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` քաղաքացիական, վարչական, քրեական, աշխատանքային, ընտանեկան, հողային, բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության, լիցենզավորման, ծանուցման, թույլտվության և այլ հատուկ ոլորտների իրավական ակտերում կիրառվող հասկացությունները օրենսգրքում կիրառվում են համապատասխան ոլորտի իրավական ակտերում կիրառվող իմաստով ու նշանակությամբ, եթե օրենսգրքով այլ բան սահմանված չէ,
i
- 39-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն` աշխատանքների կամ ծառայությունների, բացառությամբ էլեկտրոնային ծառայությունների, բնորոշումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող` տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան: Միաժամանակ, տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը հաստատված է ՀՀ էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ. N 874-Ն հրամանով,
i
- 64-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ից ազատվում է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, մասնավորապես հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բժշկական խորհրդատվության, բուժական, վերականգնողական, բժշկական փորձաքննության անցկացման ծառայությունների մատուցումը:
Միաժամանակ, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի`
i
- 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` բժշկական օգնություն և սպասարկում է համարվում բնակչությանը խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, պալիատիվ, դեղորայքային օգնության ցուցաբերումը, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացումը, հարբժշկական և ոչ բուժական բնույթի ծառայությունների մատուցումը,
i
- 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման տեսակներն են`
1) առաջնային բժշկական օգնությունը` որպես յուրաքանչյուր մարդու համար անվճար, առավել մատչելի մեթոդների և տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման տեսակ, ներառյալ` կանխարգելումը, որը երաշխավորվում է պետության կողմից.
2) մասնագիտացված բժշկական օգնությունը` որպես ախտորոշման և բժշկական առանձնահատուկ մեթոդների, այդ թվում` նորագույն և բարդ բժշկական տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման տեսակ.
3) շտապ և անհետաձգելի օգնությունը,
i
- 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանում է Կառավարությունը, իսկ տեսակների շրջանակներում մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկը սահմանում է լիազոր մարմինը:
Բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 27.03.2008թ. N 276-Ն որոշման հավելվածով:
Հայտնում ենք նաև, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ. N 874-Ն հրամանով հաստատված տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի 86 «Առողջապահություն» հատվածը ներառում է բուժական, վիրաբուժական, հոգեբուժական, թունաբանական հիվանդանոցների, առողջարանների, հիվանդությունների կանխարգելման ու վերականգնողական կենտրոնների և համապատասխան միջոցներով ապահովված այլ բժշկական հաստատությունների գործունեությունը, որն ուղղված է հիվանդությունների ախտորոշմանը, ստացիոնար պայմաններում հիվանդների բուժմանը, ինչպես նաև առողջական վիճակի կայունացման և այլ ծառայությունների մատուցմանը: Ներառվում են նաև առաջնային և մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մասնագետների ծառայությունները, արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական օգնությունը: Այս հատվածը ներառում է ստոմատոլոգիական գործունեությունը` ատամնաբուժությունը և բերանի խոռոչի ախտաբանական, օրթոդոնտիկ բնույթի ընդհանուր և մասնագիտացված ծառայությունները: Դասակարգչի 86.2 «Բժշկական և ստոմատոլոգիական պրակտիկա» խումբը ներառում է առաջնային և մասնագիտացված բժշկական օգնությունը` ընդհանուր պրոֆիլի բժիշկների և նեղ մասնագետների բժշկական խորհրդատվական ու բուժական ծառայությունները, որոնք իրականացվում են ամբուլատոր հիվանդների համար լիցենազավորված բժշկական հաստատություններում (պոլիկլինիկաներում, կլինիկաներում)` անկախ սեփականության ձևից: Դասակարգչի 86.23.0 «Ստոմատոլոգիական պրակտիկա» ենթադասը ներառում է` ընդհանուր և մասնագիտացված բնույթի ստոմատոլոգիական գործունեությունը` ատամների բուժման, էնդոդոնտիկ և մանկական ատամնաբուժական, բերանի խոռոչի ախտաբանական, օրթոդոնտիկ, ստոմատոլոգիական օրթոպեդիկ և վիրաբուժական ծառայությունները, բացառվում է, մասնավորապես` ատամնատեխնիկական լաբորատորիաների գործունեությունը, որը ներառված է դասակարգչի 32.50.0 ենթադասում:
i
Հաշվի առնելով վերոնշյալ կարգավորումները` հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 27.03.2008թ. N 276-Ն որոշմամբ սահմանված ցանկում ներառված ստոմատոլոգիական ծառայությունների մասով կիրառելի է օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված ԱԱՀ-ից ազատման արտոնությունը:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ