ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
15 դեկտեմբերի 2021 թվականի N 307
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ՄԻՆՉԵՎ 01.01.2022Թ. ՕՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Երկու ֆիզիկական անձ հանդիսացել են Երևան քաղաքում բնակելի տան կառուցապատողներ: Շինության ավարտական ակտը տրվել է 03.02.2020 թվականին: Վերոնշյալ բնակելի տան և հողամասի նկատմամբ ֆիզիկական անձանց բաժնային սեփականության իրավունքը Կադաստրի պետական կոմիտեում պետական գրանցում է ստացել 22.05.2020 թվականին: Նախատեսվում է մինչև 01.01.2022 թվականը վաճառել բաժնային սեփականության իրավունքով ֆիզիկական անձանց պատկանող վերոգրյալ հասցեի բնակելի տունը, տվյալ դեպքում ի՞նչ բնույթի և ի՞նչ չափի հարկային պարտավորություններ կարող են առաջանալ գործարքի հետևանքով:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 38-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման, ապա այդ ապրանքի մատակարարման պահ է համարվում դրա նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման պահը,
i
- 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` եկամտային հարկով հարկման բազայի որոշման նպատակով` բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների` այլ ֆիզիկական անձին օտարման դեպքում օտարված շենքի կամ տարածքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) օտարումից ստացվող եկամուտը հաշվարկվում է գործարքի փաստացի գնից ելնելով, իսկ գործարքի գնի բացակայության կամ գործարքի գնի` օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող` անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսից պակաս լինելու դեպքում` դրանց համար օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող` անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի չափով,
i
- 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետին համապատասխան` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի) օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները: Նույն կետի կիրառության իմաստով` նույն կետի «բ» ենթակետի համաձայն` նվազեցվող եկամուտներ չեն համարվում օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` կառուցապատող համարվող ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող եկամուտները,
i
- 150-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` կառուցապատողի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից ստացված եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով:
17.11.2021թ. ընդունված` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-360-Ն օրենքի (ուժի մեջ է 01.01.2022 թ.-ից)`
i
1) 3-րդ հոդվածով օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետը շարադրվել է նոր խմբագրությամբ, որին համապատասխան` եկամտային հարկով հարկման բազայի որոշման նպատակով նվազեցվող եկամուտներ չեն համարվում օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց) կամ այլ տարածքների (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների)` անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին օտարումից ստացվող եկամուտները, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից անհատական բնակելի տան, շինությունների կամ այլ տարածքների (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների)` անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին օտարումից ստացվող եկամուտները, եթե անհատական բնակելի տունը, շինությունները կամ այլ տարածքներն օտարվել են դրանց ավարտական ակտի ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում,
2) 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվել է, որ անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձինք ազատվում են 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում անհատական բնակելի տան, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց) կամ այլ տարածքների` անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին օտարումից ստացվող եկամտից եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից, ինչպես նաև այդ մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված տույժերից և տուգանքներից:
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ`
1) անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձինք` անհատական բնակելի տունը անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մինչև 01.01.2022թ. օտարելու` սեփականության իրավունքի պետական գրանցումը մինչև 01.01.2022թ. կատարվելու դեպքում, ազատվում են անհատական բնակելի տան օտարումից ստացվող եկամտից եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից, ինչպես նաև այդ մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված տույժերից և տուգանքներից,
2) 01.01.2022թ. ուժի մեջ մտնող կարգավորումներին համապատասխան` անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին անհատական բնակելի տան օտարման դեպքում եկամտային հարկի պարտավորություն կառաջանա` անհատական բնակելի տունը դրա ավարտական ակտի ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում օտարվելու դեպքում` 20% դրույքաչափով,
3) անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից անհատական բնակելի տունը հարկային գործակալի, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից տարբերվող և հարկային գործակալ չհանդիսացող անձի օտարվելու դեպքում առաջանում է եկամտային հարկի պարտավորություն` 20% դրույքաչափով:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ