Սեղմել Esc փակելու համար:
ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԵՎ ԳԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԵՎ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 սեպտեմբերի 2021 թվականի N 264-Ն

 

ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԵՎ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի ԹԻՎ 194-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասը, 37-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը և 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի և 37-րդ հոդվածի 1-ին մասերը` Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել տնտեսավարող սուբյեկտի մենաշնորհ և գերիշխող դիրքի, այդ թվում` շուկայական իշխանության որոշման մեթոդաբանությունը և կարգը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 23-ի «Տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի, այդ թվում` շուկայական իշխանության որոշման կարգը և չափանիշները սահմանելու մասին» թիվ 194-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

4. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը հարուցված և իրականացվող վարույթների նկատմամբ տարածվում են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 23-ի «Տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի, այդ թվում` շուկայական իշխանության որոշման կարգը և չափանիշները սահմանելու մասին» թիվ 194-Ն որոշման կարգավորումները:

5. Սույն որոշմամբ հաստատված հավելվածի 12-րդ և 13-րդ կետերի կարգավորումները տարածվում են նաև մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը հարուցված և իրականացվող վարույթների նկատմամբ:

 

    ՆԱԽԱԳԱՀ                                Գ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

2021 թ. սեպտեմբերի 29

Երևան

 

Հավելված

Մրցակցության պաշտպանության

հանձնաժողովի

2021 թվականի սեպտեմբերի 28-ի

N 264-Ն որոշման

 

ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԳ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԵՎ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ ՈՐՈՇՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն մեթոդաբանությամբ և կարգով կարգավորվում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի, այդ թվում` շուկայական իշխանության որոշման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգով օգտագործվող հասկացությունները և տերմինները կիրառվում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված իմաստով:

3. Հանձնաժողովը մենաշնորհ կամ գերիշխող դիրքի, այդ թվում` շուկայական իշխանության որոշման նպատակով որոշում է ապրանքային շուկան ըստ Հանձնաժողովի` ապրանքային շուկաների որոշման կարգի:

 

ԳԼՈՒԽ 2
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԴԻՐՔԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

4. Մրցակից չունեցող է համարվում այն տնտեսավարող սուբյեկտը, որը

1) որպես իրացնող (ձեռք բերող) իրացման (ձեռքբերման) ծավալներով գրավում է տվյալ ապրանքային շուկայի հարյուր տոկոսը (ամբողջ ծավալը) կամ,

2) գործում է բացառիկ կամ փաստացի միակ լիցենզիայի, թույլտվության կամ իրավունքի հիման վրա, որի դեպքում անհրաժեշտություն չի առաջանում իրականացնելու սույն կարգում նշված ուսումնասիրությունը կամ տեղեկատվության վերլուծությունը:

 

ԳԼՈՒԽ 3
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԲԱԺՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

5. Ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտի մենաշնորհ դիրքը կամ Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերով գերիշխող դիրքը որոշվում է ապրանքային շուկայում տվյալ տնտեսավարող սուբյեկտի բաժնի հաշվարկման միջոցով:

6. Ապրանքային շուկայի ծավալում տնտեսավարող սուբյեկտի բաժինը որոշվում է ուսումնասիրվող ժամանակահատվածում տնտեսավարող սուբյեկտի կողմից տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացման կամ ձեռքբերման ծավալի և տվյալ ապրանքային շուկայի ծավալի հարաբերությամբ` արտահայտված տոկոսով:

 

ԲՏՍ=(ԾՏՍ ./. ԾԱՇ)x100%

 

Որտեղ`

ԲՏՍ-ն ապրանքային շուկայի ծավալում տնտեսավարող սուբյեկտի բաժինն է` արտահայտված տոկոսով,

ԾՏՍ-ն տնտեսավարող սուբյեկտի կողմից տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացման կամ ձեռքբերման ծավալն է,

ԾԱՇ-ն տվյալ ապրանքային շուկայի ծավալն է:

7. Եթե Հանձնաժողովի կողմից ապրանքային շուկայի սուբյեկտների բաժինների հաշվարկների արդյունքում պարզվում է, որ տվյալ ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների թիվը կարող է լինել մեկից ավելին Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերից մեկով, ապա տնտեսավարող սուբյեկտներից յուրաքանչյուրը ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող` հաշվի առնելով տվյալ ապրանքային շուկայի կառուցվածքի առանձնահատկություններն այդ շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների բաժինների բաշխվածության վերաբերյալ: Այս դեպքում դիտարկվում են ապրանքային շուկայի կենտրոնացվածության աստիճանը, այդ ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտների բաժինների հարաբերակցությունը, այդ բաժինների փոփոխությունը նախորդող ժամանակահատվածի ընթացքում, ապրանքային շուկայում բաժինների ձևավորման առանձնահատկությունները:

 

ԳԼՈՒԽ 4
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

8. Եթե տնտեսավարող սուբյեկտը Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերով չի համարվում գերիշխող դիրք ունեցող կամ այդ հիմքերով հնարավոր չէ դիտարկել գերիշխող դիրքի առկայությունը, ապա Հանձնաժողովը կարող է տնտեսավարող սուբյեկտի գերիշխող դիրքի առկայության հարցը քննարկել Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով:

9. Տնտեսավարող սուբյեկտի շուկայական իշխանություն ունենալու, այդ թվում` էական մրցակցության չհանդիպելու փաստը որոշելիս Հանձնաժողովը հաշվի է առնում հետևյալ չափանիշները.

1) տնտեսավարող սուբյեկտի ֆինանսական կարողությունը (արտադրական, գույքային, դրամական կամ այլ ռեսուրսների առկայությունը).

2) դիտարկվող ապրանքային շուկայի կենտրոնացվածության աստիճանի և այդ ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտի բաժնի հարաբերակցությունը.

3) դիտարկվող ապրանքային շուկա մուտքի խոչընդոտների առկայությունը (օրենքով, այլ իրավական ակտերով, գործարար շրջանառության սովորույթներով կամ այլ ձևով սահմանված պահանջները կամ այլ հանգամանքները, որոնց առկայության պարագայում տնտեսավարող սուբյեկտը հնարավորություն չի ունենում մուտք գործել դիտարկվող ապրանքային շուկա կամ այդ ապրանքային շուկա մուտք գործելը կարող է պահանջել չարդարացված ներդրումների իրականացում կամ կարող է տեղի ունենալ չարդարացված ժամանակահատվածի ընթացքում).

4) դիտարկվող ապրանքային շուկայի կայունությունը (առնվազն մեկ տարի ժամանակահատվածում տվյալ շուկայի մասնակից տնտեսավարող սուբյեկտների թվաքանակի և դրանց բաժինների, ինչպես նաև ապրանքային շուկայի ծավալի անփոփոխ լինելը կամ աննշան փոփոխությունը).

5) տնտեսավարող սուբյեկտի ազդեցությունը դիտարկվող ապրանքային շուկային փոխկապակցված այլ ապրանքային շուկաների և դրանցում գործող տնտեսավարող սուբյեկտների վրա (տնտեսավարող սուբյեկտը հանդիսանում է փոխկապակցված ապրանքային շուկայի մասնակից կամ այլ ձևով հնարավորություն ունի ազդելու այդ ապրանքային շուկայի մասնակից տնտեսավարող սուբյեկտների գործողությունների կամ վարքագծի վրա).

6) տնտեսավարող սուբյեկտի կապը տվյալ կամ փոխկապակցված ապրանքային շուկաներում գործող տնտեսավարող սուբյեկտների հետ.

7) տնտեսավարող սուբյեկտի հնարավորությունը արագ վերափոխելու իր ապրանքների իրացման կամ ձեռքբերման ուղղությունները և կոնտրագենտներին.

8) տնտեսավարող սուբյեկտի շահութաբերության մակարդակը կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքներով.

9) դիտարկվող ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտի կողմից օգտագործվող ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի շնորհիվ մրցակցային առավելություն ստանալու հնարավորությունը.

10) դիտարկվող ապրանքային շուկայում այլ տնտեսավարող սուբյեկտների գործունեության ընդլայնման կամ ծավալների մեծացման հետ կապված խոչընդոտների առկայությունը.

11) ձեռք բերողի վարքագծի զգայունությունը տնտեսավարող սուբյեկտի կողմից վարվող գնային քաղաքականության նկատմամբ.

12) որոշումների (այդ թվում` գնային քաղաքականության հետ կապված հարցերի) կայացման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետման հասանելիությունը և հնարավորությունը:

10. Եթե Հանձնաժողովն արձանագրում է, որ տնտեսավարող սուբյեկտը ապրանքային շուկայում սույն կարգի 9-րդ կետով սահմանված չափանիշներից առնվազն մեկի ուժով հնարավորություն ունի որոշիչ ազդեցություն ունենալու տվյալ ապրանքային շուկայում ապրանքների և դրանց փոխադարձ փոխարինելի ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա և (կամ) դուրս մղելու այլ տնտեսավարող սուբյեկտի տվյալ ապրանքային շուկայից և (կամ) խոչընդոտելու տվյալ ապրանքային շուկա մուտք գործելուն, ապա տնտեսավարող սուբյեկտը համարվում է գերիշխող դիրք ունեցող:

 

ԳԼՈՒԽ 5
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌՈՂ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

11. Տնտեսավարող սուբյեկտը մինչև Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթի ավարտը կարող է ներկայացնել տվյալ ապրանքային շուկայում իր գերիշխող դիրքի առկայությունը բացառող ապացույցներ:

 

ԳԼՈՒԽ 6
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՄՐԱԳՐՈՒՄԸ

 

12. Ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի առկայությունն ամրագրվում է Հանձնաժողովի որոշման եզրափակիչ մասում:

13. Ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի, այդ թվում` շուկայական իշխանության առկայությունն ամրագրող Հանձնաժողովի որոշմամբ նշվում է Հանձնաժողովի որոշմանը նախորդող այն ժամանակահատվածը, որի ընթացքում ամրագրվում է տնտեսավարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի, այդ թվում` շուկայական իշխանության առկայությունը:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 1 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Մրցակցության պաշտպանության հ
28.09.2021
N 264-Ն
Որոշում