ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
11 մայիսի 2021 թվականի N 198
ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Ֆիզիկական անձը որպես ժառանգորդ ժառանգություն է ստացել տրանսպորտային միջոց: Այնուհետև վերոնշյալ տրանսպորտային միջոցը մինչև սեփականության իրավունքի 365 օրը լրանալը վաճառել է: Տվյալ դեպքում տրանսպորտային միջոցի օտարումից որևէ հարկային պարտավորություն առաջանում է, թե՞ ոչ:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետին համապատասխան` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի) օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները: Նույն կետի կիրառության իմաստով`
i
1) նույն կետի «ա» ենթակետի համաձայն` ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում ավտոմեքենայի օտարումը, եթե ավտոմեքենան օտարվում է ձեռք բերելուց հետո` 365 օրվա ընթացքում,
i
2) նույն կետի «գ» ենթակետին համապատասխան` գույք ձեռք բերել չի համարվում գույքի` ժառանգությամբ կամ նվիրատվությամբ ստացումը,
i
- 150-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` գույքի օտարումից հարկային գործակալներից ստացվող ամբողջ եկամուտների մասով (բացառությամբ սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված դեպքերի) եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով:
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի կիրառության իմաստով գույքի ձեռքբերում չի համարվում գույքի ժառանգությամբ ստացումը, ուստի ֆիզիկական անձի կողմից ժառանգությամբ ստացված ավտոմեքենան անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող այլ ֆիզիկական անձի օտարվելու դեպքում եկամտային հարկի պարտավորություն չի առաջանում, իսկ հարկային գործակալի օտարվելու դեպքում առաջանում է եկամտային հարկի պարտավորություն` 10% դրույքաչափով:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ