ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
20 ապրիլի 2021 թվականի N 187
«ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՈՒ ԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
«Ա» կազմակերպությունը 2014 թվականի 4-րդ եռամսյակից սկսած ներկայացրել է «Ապրանքների, արտադրանքի (օգտակար հանածոյի) արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ» եռամսյակային հաշվետվություն: Սկսած 2016 թ.-ի 1-ին եռամսյակից տվյալ հաշվետվությունը կազմակերպությունը ներկայացնում է 0-ական (զրոյական) մնացորդով, քանի որ հաշվետվությունում ներկայացված ապրանքատեսակը ամբողջությամբ օգտագործվել է արտադրության մեջ և տվյալ ապրանքատեսակի մնացորդ այլևս չունի: Տվյալ դեպքում կազմակերպությունը արդյո՞ք ունի պարտավորություն շարունակելու ներկայացնել վերոնշյալ հաշվետվությունը 0-ական (զրոյական) թվերով:
Պատասխան
i
Առանձին ապրանքների, այդ թվում` օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 06.07.2017թ. N 802-Ն որոշմամբ սահմանված կարգով: Մասնավորապես` նշված կարգի 2-րդ կետի համաձայն` կարգի դրույթները տարածվում են նույն որոշմամբ սահմանված` NN 2 և 3 հավելվածների ցանկերում ներառված ապրանքները, այդ թվում` օգտակար հանածոները և դրանց արտադրատեսակները, արտադրողների և ներմուծող-իրացնողների վրա: Նույն կարգի 4-րդ կետի համաձայն` առանձին ապրանքներ, այդ թվում` օգտակար հանածոներ և դրանց արտադրատեսակներ արտադրող և ներմուծող-իրացնող են համարվում Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) հարկ վճարողները, որոնք արտադրում կամ ներմուծում-իրացնում են ցանկերում ներառված ապրանքները, այդ թվում` օգտակար հանածոները և դրանց արտադրատեսակները:
i
Կարգի 6-րդ կետի համաձայն` NN 2 և 3 հավելվածների ցանկերում ներառված ապրանքատեսակները ներմուծելուց հետո բացառապես ներմուծողի ներտնտեսական կարիքների կամ այլ գործունեության տեսակների կամ արտադրության համար օգտագործվելու դեպքում ներմուծողն այդ ապրանքատեսակների մասով հարկային մարմին հաշվետվություններ չի ներկայացնում, եթե արդյունքում ստեղծված նոր արտադրատեսակը ներառված չէ NN 2 և 3 հավելվածների ցանկերում:
Հաշվի առնելով վերոնշյալը` գրությամբ ներկայացված հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ եթե կազմակերպությունը չի արտադրում կամ ներմուծում-իրացնում ՀՀ կառավարության 06.07.2017թ. N 802-Ն որոշմամբ սահմանված կարգի N 2 հավելվածի ցանկում ներառված ապրանքներ, ապա հաշվետվություն չի ներկայացնում:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ