ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
20 փետրվարի 2021 թվականի N 155
ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
i
ՀՀ-ում հաշվառված կազմակերպությունը իր վարձու աշխատողի հետ թղթային եղանակով աշխատանքային պայմանագիր չի կնքել, սակայն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում տվյալ աշխատակցի համար ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացրել է աշխատողի աշխատանքի ընդունման գրանցման հայտ, և այդ աշխատակցի համար սահմանված կարգով հաշվարկել և պետական բյուջե է վճարել հարկերը և վճարները: Տվյալ դեպքում կիրառելի՞ է ՀՀ հարկային օրենսգրքի 412-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը:
Պատասխան
i
ՀՀ հարկային օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում և ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստը հարկային մարմնի կողմից իրականացվող համալիր կամ թեմատիկ հարկային ստուգումների ընթացքում` Կառավարության սահմանած կարգով, իսկ ապօրինի գործունեություն իրականացնողների մոտ` օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում Կառավարության սահմանած կարգով արձանագրվելու դեպքում գործատուից (այդ թվում` ապօրինի գործունեություն իրականացնողներից կամ սահմանված կարգով հաշվառված և արտոնագիր ստացած` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից) գանձվում է տուգանք` յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար 250.000 դրամի չափով:
i
Աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրելու կարգը սահմանվել է ՀՀ կառավարության 01.02.2017թ. N 1214-Ն որոշման N 1 հավելվածով:
Հաշվի առնելով վերոնշյալը, հայտնում ենք, որ հարկային մարմնի կողմից իրականացվող համալիր կամ թեմատիկ հարկային ստուգումների ընթացքում ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանած կարգով` աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու, այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության փաստը արձանագրվելու դեպքում կիրառելի են ՀՀ հարկային օրենսգրքի 412-րդ հոդվածի դրույթները` անկախ գործատուի (հարկային գործակալի) տվյալ ֆիզիկական անձի համար հարկային մարմին գրանցման հայտ ներկայացնելու և եկամտային հարկ հաշվարկելու (վճարելու) հանգամանքից:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ