ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
20 փետրվարի 2021 թվականի N 153
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՄԵՔԵՆԱՅԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Քաղաքացին 2019 թ.-ի նոյեմբերի 21-ին ՀՀ տարածք է ներմուծել և մաքսազերծել մեքենա, սակայն հաշվառման մեքենան կանգնեցվել է 2020 թ.-ի դեկտեմբերի 7-ին և նույն օրն էլ օտարվել է: Տվյալ դեպքում եկամտային հարկի պարտավորության առաջացման տեսանկյունից մեքենայի ձեռքբերման ամսաթիվ ո՞րն է համարվում:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետին համապատասխան` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի) օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները: Նույն կետի կիրառության իմաստով` նույն կետի «ա» ենթակետի համաձայն` ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում ավտոմեքենայի օտարումը, եթե ավտոմեքենան օտարվում է ձեռք բերելուց հետո` 365 օրվա ընթացքում,
i
- 150-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` գույքի օտարումից հարկային գործակալներից ստացվող ամբողջ եկամուտների մասով (բացառությամբ նույն հոդվածի 11-րդ մասով սահմանված դեպքերի) եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով:
Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն` օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դեպքում ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարումից (այդ թվում` նաև այն դեպքում, երբ գույքն օտարվում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից տարբերվող և հարկային գործակալ չհանդիսացող անձի) ստացվող ամբողջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 1 տոկոս դրույքաչափով, բայց ոչ պակաս, քան ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից: Շարժիչի հզորությունը կիլովատտերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի`
i
- 2-րդ մասին համապատասխան` տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքը ենթակա է (պետք է ներկայացվի) ճանապարհային ոստիկանությունում պետական գրանցման կողմերի` գործարքն ստորագրելու օրվանից սկսած 15-օրյա ժամկետում, իսկ տրանսպորտային միջոցը «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ազատ շրջանառության նպատակով ՀՀ ներմուծված լինելու դեպքում` հայտարարագրելու օրվանից հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված հաշվառումից հանելու դեպքերի,
i
- 3-րդ մասին համապատասխան` ՀՀ-ում տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող տրանսպորտային միջոցի սեփականության, գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքը ծագում է (պետությունը ճանաչում է) պետական գրանցման պահից,
i
- 5-րդ մասին համապատասխան` տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության, գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության (նման գործարքն առ ոչինչ է), բացառությամբ այլ երկրներում տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով ծագած սեփականության իրավունքի, որի գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության,
i
- 10-րդ մասի 2-րդ կետի համաձայն` տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը մերժվում է, եթե չի պահպանվել նույն հոդվածի 2-րդ մասով` տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքի (բացառությամբ այլ երկրներում տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով ծագած սեփականության իրավունքի) գրանցման ներկայացնելու համար սահմանված ժամկետը (առ ոչինչ գործարք), բացառությամբ այն դեպքերի, երբ ժամկետը չպահպանելը (բաց թողնելը) տեղի է ունեցել առանց անձի մեղքի, որի դեպքում անձը կարող է դիմում ներկայացնել բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու համար:
i
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ գրությամբ ներկայացված դեպքում, ֆիզիկական անձի` տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը օտարերկրյա պետությունում` այդ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով ծագած լինելու դեպքում (ինչը կարող է հիմնավորվել տրանսպորտային միջոցի ձեռքբերման (տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված լինելու) փաստը հավաստող համապատասխան փաստաթղթերով), օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետի կիրառման նպատակով` որպես ավտոմեքենայի ձեռքբերման օր կհամարվի` տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի ֆիզիկական անձին փոխանցման օրը:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ