ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
16 դեկտեմբերի 2020 թվականի N 107
ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
i
Արդյո՞ք ՀՀ հարկային օրենսգրքի 386-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն վճարումը կանխիկ դրամով վճարում չի համարվում ո՛չ գնորդի, ո՛չ վաճառողի համար: Արդո՞ք 300.000 դրամից ավել գործարքի համար դուրսգրված հաշվարկային փաստաթղթի դիմաց կանխիկ դրամով և՛ վճարումը, և՛ ընդունումը համարվում է կանխիկ վճարում, բայց կանխիկ դրամով վճարում չի համարվում այն վճարումը, որի մասով դուրս է գրվել գնորդի ՀՎՀՀ պարունակող ՀԴՄ կտրոն:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կազմակերպությունները և ՄԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը պարտավոր են պահպանել կանխիկ դրամով վճարումների կատարման և ընդունման նկատմամբ օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները,
i
- 386-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքների դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամով վճարումների նկատմամբ կիրառվում են հետևյալ սահմանափակումները.
1) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի վճարման առավելագույն չափը սահմանվում է 300 հազար դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), իսկ մեկ ամսվա ընթացքում այդպիսի գործարքների հանրագումարի մասով` 3 միլիոն դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը),
2) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը սահմանվում է 300 հազար դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), իսկ մեկ ամսվա ընթացքում այդպիսի գործարքների հանրագումարի մասով` 3 միլիոն դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), բացառությամբ նույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի,
3) մանրածախ առևտրում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձից կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը սահմանվում է 3 միլիոն դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), իսկ եթե մանրածախ առևտրում ապրանքների մատակարարման համար սահմանված կարգով դուրս է գրվում ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ, ապա այդ գործարքների դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը չի կիրառվում,
i
- 386-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումների կիրառության իմաստով կանխիկ դրամով վճարում է համարվում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կատարվող բոլոր վճարումների (այդ թվում` կանխավճարների, մասնակի վճարումների) հանրագումարը: Նույն մասի 2-րդ կետի համաձայն` կանխիկ դրամով վճարում չի համարվում այն վճարումը, որի մասով դուրս է գրվել օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության 4-րդ կետով սահմանված` ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի` հարկ վճարողի հաշվառման համարը պարունակող` հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն,
i
- 386-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները չեն տարածվում ներկայացուցչական ծախսերի դիմաց կատարվող վճարումների, ֆիզիկական անձանց կատարվող` նրանց անձնական կամ պասիվ եկամուտներին վերաբերող վճարումների (մասնավորապես` աշխատավարձի, դրան հավասարեցված վճարումների, նպաստների, կրթաթոշակների, կենսաթոշակների, փոխհատուցման վճարների), գյուղատնտեսական արտադրանք արտադրող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ կնքված գրավոր պայմանագրերի հիման վրա նրանցից գնված գյուղատնտեսական արտադրանքի դիմաց կատարվող վճարումների, ինչպես նաև անմիջականորեն գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից միս ձեռք բերելու դիմաց կատարվող վճարումների վրա,
i
- 419-րդ հոդվածով սահմանված են դրամարկղային գործառնությունների սահմանափակումները չպահպանելու համար պատասխանատվությունը:
Հաշվի առնելով վերոնշյալ կարգավորումները` գրությամբ բարձրացված հարցերի վերաբերյալ հայտնում ենք, որ.
i
1) եթե ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքների դիմաց կանխիկ դրամով վճարումների մասով տրամադրված ՀԴՄ կտրոնը պարունակում է ապրանք ձեռք բերող, աշխատանք կատարող կամ ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հարկ վճարողի հաշվառման համարը, ապա այդ վճարումները օրենսգրքի 386-րդ հոդվածի 1-ին մասի կիրառության իմաստով չեն համարվում կանխիկ դրամով վճարումներ և օրենսգրքի 386-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում,
2) օրենսգրքի 386-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները կիրառվում են ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքների դիմաց կանխիկ դրամով վճարումների նկատմամբ` անկախ այդ գործարքների մասով հարկային հաշվի և (կամ) հաշիվ վավերագրի դուրսգրման հանգամանքից,
i
3) ապրանքների ձեռքբերման գործարքների դիմաց կանխիկ դրամով կատարվող վճարումների նկատմամբ կիրառվում են օրենսգրքի 386-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները, բացառությամբ` եթե այդ վճարումները չեն համարվի ֆիզիկական անձանց կատարվող` նրանց անձնական կամ պասիվ եկամուտներին վերաբերող վճարումներ, ինչպես նաև անմիջականորեն գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց օրենսգրքի 386-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված գյուղատնտեսական արտադրանքի մասով կատարվող վճարումներ:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ