https://petekamutner.am/shared/Information/Irazekum%106.pdf
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
16 դեկտեմբերի 2020 թվականի N 106
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Արտադրություն և վաճառք իրականացնող կազմակերպությունը վաճառքն իրականացնում է կազմակերպություններին և/կամ ֆիզիկական անձ համարվող քաղաքացիներին մեկ վաճառքի վայրից, որը կահավորված է մեկ աշխատանքային սեղանով, աթոռով և համակարգչով: Տվյալ դեպքում նշված վայրը համարվու՞մ է առևտրի օբյեկտ կամ առևտրի իրականացման վայր: Կազմակերպությունը արդյո՞ք պարտավորվում է ֆիզիկական անձ համարվող քաղաքացիներին կանխիկ դրամով վաճառքներ իրականացնելիս կիրառել ՀԴՄ: Կարո՞ղ է վերոնշյալ ընկերությունը ֆիզիկական անձ համարվող քաղաքացիներին կանխիկ դրամով վաճառք իրականացնելիս դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ և կանխիկ դրամն ընդունել դրամարկղի մուտքի օրդերով:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ` կանխավճարները, մասնակի վճարումները) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է առևտրի օբյեկտների, շրջիկ առևտրի կետերի, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս, բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:
«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի`
i
- 2-րդ հոդվածի համաձայն` առևտրի օբյեկտը գույքային համալիր (հողամաս, շենք, կառույց) է, որն օգտագործվում է ապրանքների առուվաճառքի համար, առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը նույն օրենքով սահմանված դեպքերում առևտրի իրականացման վայրի կազմակերպման իրականացման իրավունք ձեռք բերած և առևտրի իրականացման վայրի աշխատանքը կազմակերպող, նույն օրենքով սահմանված պարտավորություններ կամ իրավունքներ ունեցող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերն է, առևտրի իրականացման վայրը առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող` առանձնացված, կառուցապատված և կահավորված, երկու և ավելի վաճառատեղ ունեցող տարածք է, որտեղ կարող են նախատեսվել նաև հանրային սննդի և այլ ծառայությունների համար տարածքներ, առևտրի իրականացման վայրի վաճառատեղը առուվաճառքի պայմանագրով գործարքներ կատարելու համար օգտագործվող տեղն է,
i
- 3-րդ հոդվածով սահմանված են առևտրի օբյեկտների և առևտրի իրականացման վայրի տեսակները,
i
- առևտրի օբյեկտներին և առևտրի իրականացման վայրերին ներկայացվող պահանջները սահմանված են, համապատասխանաբար, 4-րդ և 5-րդ հոդվածներով:
Հաշվի առնելով վերոնշյալ կարգավորումները` հայտնում ենք, որ
1) գրությամբ նկարագրված գործունեության իրականացման վայրը կհամարվի առևտրի օբյեկտ կամ առևտրի իրականացման վայր, եթե կհամապատասխանի «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված` առևտրի օբյեկտին կամ առևտրի իրականացման վայրի վաճառատեղին ներկայացվող պահանջներին,
2) կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում ՀԴՄ-ի կիրառությունը պարտադիր է, մասնավորապես` առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս,
3) եթե գրությամբ նկարագրված դեպքում կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով իրականացվող դրամական հաշվարկներով իրականացվում է մանրածախ վաճառք առևտրի օբյեկտի կամ առևտրի իրականացման վայրերում վաճառատեղի միջոցով, ապա ՀԴՄ-ի կիրառությունը պարտադիր է` անկախ հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու հանգամանքից:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ