040.0728.100801
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 օգոստոսի 2001 թվականի N 728
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 123-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության հիմնադրամ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության հիմնադրամի կանոնադրությունը (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության հիմնադրամին հատկացնել 100 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 10-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թ.
օգոստոսի 10-ի N 728 որոշմամբ
i
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության հիմնադրամը (այսուհետև` հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է:
2. Հիմնադրամն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի պահանջներին համապատասխան և իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:
3. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը:
4. Հիմնադրամի հիմնադիրը կատարել է 100 հազ. դրամի չափով գույքային ներդրում:
5. Հիմնադրամի անվանումն է`
հայերեն լրիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության
հիմնադրամ,
հայերեն կրճատ` ՀՀ ՔՀ,
ռուսերեն լրիվ` Ֆոնդ գռադոստռոիտելստվա Ռեսպուբլիկի Առմենիյա,
ռուսերեն կրճատ` ՖԳ ՌԱ,
անգլերեն լրիվ` Urban Development Fund of the Republic of
Armenia,
անգլերեն կրճատ` UDF RA:
6. Հիմնադրամի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն N 3:
II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
7. Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներն են`
ա) Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում քաղաքաշինության բնագավառի գիտական մտքի համախմբումը.
բ) քաղաքաշինության բնագավառի գիտահետազոտական, նախագծահետազոտական, նախագծային գործունեության կազմակերպումը և իրականացումը.
գ) Հայաստանի Հանրապետության և սփյուռքի ականավոր գործիչների (ճարտարապետներ, արվեստագետներ, քաղաքաշինարարներ, գրողներ և այլն) հիշատակը հավերժացնելու հետ կապված աշխատանքներին օժանդակություն ու օգնություն ցույց տալը.
դ) քաղաքաշինության բնագավառում ռազմավարական հետազոտությունների մշակումը.
ե) քաղաքաշինության բնագավառի զարգացման առանձին ծրագրերի մշակումը, իրականացումը և դրանց օժանդակելը.
զ) ճարտարապետական, քաղաքաշինական մրցույթների կազմակերպումը, առանձին շինությունների կառուցումը.
է) գիտական սեմինարների, համաժողովների անցկացումը և ցուցահանդեսների կազմակերպումը.
ը) մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը, տեղեկատվական ցանցի ստեղծումը.
թ) օրենքով չարգելված այլ գործունեության իրականացումը:
III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
8. Հիմնադրամը պետական գրանցման պահից ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:
9. Հիմնադրամն օգտվում է իրավաբանական անձի համար օրենքով սահմանված բոլոր իրավունքներից և կրում է համապատասխան պարտականություններ:
10. Հիմնադրամն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների բանկերում հաշվարկային ու այլ հաշիվներ, իր անվամբ և Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ ու այլ նշաններ:
11. Հիմնադրամն իր անունից կարող է ձեռք բերել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով:
12. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
13. Հիմնադրամը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն` սույն կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացման համար և դրանց համապատասխան:
14. Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար իրավունք ունի ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակիցը:
15. Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների, իսկ հիմնադիրը` հիմնադրամի պարտավորությունների համար:
16. Հիմնադրամն իրավունք ունի ստեղծելու ներկայացուցչություններ, մասնաճյուղեր և հիմնարկներ:
IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ
17. Հիմնադրի` հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է:
18. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող ու իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան:
19. Հիմնադրամը կարող է որպես սեփականություն ունենալ անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ` դրամով, արտարժույթով և այլն:
20. Հիմնադրամի գույքի` ներառյալ ֆինանսական միջոցները, գոյացման աղբյուրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ֆինանսական և նյութական ներդրումները.
բ) քաղաքացիների և կազմակերպությունների բարեգործական նվիրատվությունները.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:
21. Հիմնադրամի յուրաքանչյուր մասնակից իր մուծումների չափին համապատասխան ստանում է վկայական: Հիմնադրամի կազմավորման և միջոցների հավաքագրման գործին մեծ նպաստ բերած անձանց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից կարող են շնորհվել պատվավոր կոչումներ:
22. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա բանկերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բացել հաշվարկային և այլ հաշիվներ (այդ թվում` արտարժութային):
23. Հիմնադրամը պարտավոր է ամեն տարի հրապարակել հաշվետվություն իր սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործման մասին:
24. Հիմնադրամի սեփականությունը գտնվում է պետության պաշտպանության ներքո:
V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
25. Հիմնադրամի կառավարման մարմիններն են հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը և հիմնադրամի գործադիր տնօրենը:
26. Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետև` խորհուրդ), որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ղեկավարում է հիմնադրամի գործունեությունը:
27. Խորհրդի նախագահ նշանակվում և խորհրդի առաջին անհատական կազմը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
28. Խորհրդի բացառիկ իրավասություններն են`
ա) հիմնադրամի կանոնադրության և դրանում կատարվելիք փոփոխությունների մշակումը.
բ) հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունների որոշումը.
գ) հիմնադրամի տարեկան բյուջեի և ծրագրերի հաստատումը.
դ) հիմնադրամի եռամսյա ու տարեկան ֆինանսական հաշվետվությունների հաստատումը.
ե) հիմնադրամի հաշվետվությունների վերստուգման համար անկախ աուդիտորներ ընտրելու նպատակով անցկացվող մրցույթի արդյունքների հաստատումը.
զ) առանձին ծրագրերի ֆինանսավորման հաստատումը.
է) հիմնադրամի գործադիր տնօրենին պաշտոնի նշանակելը և պաշտոնից ազատելը.
ը) հոգաբարձուների խորհրդի նոր անդամներ նշանակելը և ազատելը (բացառությամբ առաջին կազմի).
թ) հիմնադրամի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծումը, լուծարումը, ինչպես նաև դրանց կանոնադրությունների հաստատումը.
ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը:
29. Խորհուրդը վերահսկողություն է իրականացնում հիմնադրամի գույքի նպատակային օգտագործման, ինչպես նաև հիմնադրամի գործադիր տնօրենի գործունեության նկատմամբ:
30. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Առանձին դեպքերում խորհրդի որոշումներն ընդունվում են հարցման միջոցով: Նիստերը գումարվում են պարբերաբար` առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: Խորհրդի արտահերթ նիստերը գումարվում են խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ:
Խորհրդի նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի երկու երրորդը:
Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է իր կողմից հաստատված կանոնակարգին համապատասխան:
31. Հիմնադրամի խորհրդի անդամն իրավունք ունի`
ա) ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից հիմնադրամի միջոցների օգտագործման մասին,
բ) հետևելու հիմնադրամի գույքի պահպանմանը, ստուգելու հիմնադրամի փաստաթղթերը, այդ թվում` հաշվեկշիռը, ինչպես նաև գործունեության այլ ոլորտներ,
գ) հիմնադրամի գործադիր տնօրենից ու այլ աշխատողներից պահանջելու ցանկացած տվյալ և հաշվետվություն,
դ) հիմնադրամի աշխատանքները բարելավելու նպատակով նրա կառավարման մարմիններ ներկայացնելու առաջարկություններ,
ե) սպառիչ տեղեկատվություն ստանալու հիմնադրամի գործունեության մասին,
զ) դուրս գալու հոգաբարձուների խորհրդից:
32. Հիմնադրամի խորհրդի անդամը պարտավոր է`
ա) հոգալ հիմնադրամի հեղինակության բարձրացման մասին.
բ) աջակցել հիմնադրամում ներդրումների համալրմանը,
գ) չխախտել խորհրդի կանոնակարգի պահանջները:
33. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամը կարող է ունենալ օրենքով, սույն կանոնադրությամբ և խորհրդի կանոնակարգով սահմանված այլ իրավունքներ ու պարտականություններ:
34. Հիմնադրամի գործադիր մարմինը հիմնադրամի գործադիր տնօրենն է, որը վարում է հիմնադրամի ընթացիկ գործերը և հաշվետու է խորհրդին:
35. Հիմնադրամի գործադիր տնօրենը`
ա) առանց լիազորագրի գործում է հիմնադրամի անունից,
բ) հիմնադրամը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում,
գ) տնօրինում է հիմնադրամի գույքը` ներառյալ ֆինանսական միջոցները` համաձայն խորհրդի կողմից հաստատված բյուջեի,
դ) կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային),
ե) բացում է բանկային հաշիվներ,
զ) սահմանում է աշխատողների աշխատանքի վարձատրության չափը,
է) կատարում է աշխատանքի բաշխում աշխատողների միջև,
ը) տալիս է լիազորագրեր,
թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:
VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
36. Հիմնադրամի գործունեության ստուգումները կատարվում են անկախ աուդիտորների կողմից` առնվազն տարեկան մեկ անգամ:
37. Հիմնադրամի խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով կարող է անցկացվել արտահերթ աուդիտորական ստուգում:
38. Աուդիտորներն ընտրվում են մրցութային կարգով և հաստատվում խորհրդի կողմից:
VII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
39. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություններ:
40. Հիմնադրամի հաշվապահական հաշվառումը կազմակերպվում ու վարվում, հաշվապահական հաշվետվությունը կազմվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
VIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
41. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
42. Հիմնադրամի լուծարման դեպքում նրա գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: