ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
4 սեպտեմբերի 2020 թվականի N 67
ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը արտադրում է գինու, կոնյակի, օղու տարատեսակ արտադրանք, որոնց մակնշումը, պիտակավորումը և ակցիզային դրոշմանիշով դրոշմավորումն իրականացվում է ՀՀ հարկային օրենսգրքին համապատասխան: Արդյո՞ք ակցիզային դրոշմանիշը կարող է փակցված լինել գինու, կոնյակի կամ օղու շշի կողային հատվածում` չծածկելով խցանի հատվածը Սնման ձևով դրոշմանիշների (դրոշմապիտակների) փակցնումը արդյո՞ք չի հանդիսանում ՀՀ օրենսդրության պահանջների խախտում:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքները,
- 391-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն են կրում ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից` «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով և ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող և (կամ) Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը,
- 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված` շշալցված կամ ցանկացած այլ կերպ տարայավորված (փաթեթավորված)` նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ապրանքների վրա Հայաստանի Հանրապետության տարածքում օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է, եթե այդ ապրանքներն օտարվում են նույն տարայավորմամբ (փաթեթավորմամբ) ու ապրանքային տեսքով` առանց քաշը (ծավալը) փոփոխելու:
i
Օրենսգրքի 394-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան` ՀՀ կառավարությունը 06.07.2017թ. N 773-Ն որոշմամբ սահմանել է ապրանքների դրոշմավորման կանոնները, որն ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 1-ից: Որոշման 5-րդ կետի համաձայն` դրոշմանիշը (դրոշմապիտակը) պետք է փակցված լինի ապրանքի (տարայի) վրա առավել տեսանելի տեղում` վերին կամ կողային մակերեսներին, այդ թվում` պիտակի վրա:
Ելնելով վերոգրյալից` հայտնում ենք, որ համաձայն դրոշմավորման կանոնների, դրոշմապիտակը կարող է փակցվել ինչպես վերին մակերեսի, այնպես էլ ցանկացած կողային մակերեսների վրա: Գրությամբ նկարագրված դեպքում ապրանքների դրոշմավորման կանոնները կհամարվեն պահպանված, եթե դրանք դրոշմավորվել են 01.01.2018թ. հետո:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ