Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՀԱՄԱՍԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԱՎԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

1 սեպտեմբերի 2020 թվականի N 61

 

ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՉԱՓՈՎ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Քաղաքացին նորակառույց շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով ձևակերպել է հիփոթեքային վարկ: Գույքի գրավադրման պայմանագրում նշված է երկու վարկառու (քաղաքացին և իր հայրը), բայց սեփականատերը մեկն է: Քաղաքացին ցանկանում է գույքի գրավադրման պայմանագրում փոփոխություն կատարել և նվիրատվության պայմանագրով ավելացնել որպես համասեփականատեր իր հորը: Քաղաքացին օգտվում է եկամտային հարկի վերադարձի իրավունքից, տվյալ դեպքում հնարավոր կլինի՞ հետ ստանալ նաև մյուս համասեփականատիրոջ եկամտային հարկը:

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձվում է ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ՀՀ, ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով` հաշվի առնելով նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումները:

i

Նույն հոդվածի 6-րդ մասին համապատասխան` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց եկամտային հարկի գումարների վերադարձը կատարվում է ՀՀ կառավարության 05.10.2017թ. N 1321-Ն որոշմամբ սահմանված կարգով:

Վերոնշյալ Կարգի 2-րդ կետին համապատասխան` նույն կարգի կիրառման իմաստով, վարկառու է հանդիսանում նաև վարձու աշխատող հանդիսացող հիփոթեքային վարկի համավարկառուն` բնակարանի (անհատական բնակելի տան) սեփականատեր (համասեփականատեր) հանդիսանալու դեպքում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի`

- 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն,

- 436-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն,

- 441-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագիրն ուժի մեջ է մտնում և կողմերի համար պարտադիր է դառնում կնքելու պահից:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն, օրենքով կամ պայմանագրով կարող է նախատեսվել, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտով դադարում են կողմերի պարտավորությունները: Պայմանագիրը, որում բացակայում է նման պայմանը, գործում է մինչև դրանով որոշված պարտավորության կատարման ավարտը,

- 466-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով,

- 468-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կնքվում է այն ձևով, ինչով պայմանագիրը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից,

- 470-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը /վաճառողը/ պարտավորվում է մյուս կողմին /գնորդին/ որպես սեփականություն հանձնել /գույք/ ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար /գինը/:

Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ պայմանագիրը պարտավորությունների կատարմամբ դադարած լինելու, այսինքն` պայմանագրով պարտավորություններն ամբողջ ծավալով կատարված և բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը գնորդին (ձեռք բերողին) փոխանցված լինելու դեպքում` դադարած պայմանագրում չի կարող համասեփականատեր ավելացնելու վերաբերյալ փոփոխություն կատարվել:

Ինչ վերաբերում է այն դեպքին, երբ պայմանագրով վաճառողը գնորդին (ձեռք բերողին) է վաճառել կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքը` շենքի կառուցման ավարտից հետո բնակարանը գնորդի սեփականությանը հանձնելու պայմանով, այս պարագայում, քանի որ պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ դեռևս կատարված չեն, այսինքն` գնորդին չի փոխանցվել բնակարանը, հետևաբար` պայմանագիրը պարտավորությունների կատարմամբ չի համարվում դադարած, ուստի չդադարած պայմանագրում համասեփականատեր ավելացնելու դեպքում` հիփոթեքային վարկի համավարկառու և բնակարանի համասեփականատեր հանդիսացող ֆիզիկական անձը ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածին համապատասխան և ՀՀ կառավարության 05.10.2017թ. N 1321-Ն որոշմամբ սահմանված կարգով կարող է օգտվել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
01.09.2020
N 61
Իրազեկման թերթիկ