ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
25 օգոստոսի 2020 թվականի N 51
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՎՃԱՐՎՈՂ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
ժողովի որոշման հիման վրա ընկերությունն իրականացնում է Խորհրդի անդամների ամսական վարձատրություն, ինչպես նաև փոխհատուցում է Խորհրդի անդամների կողմից կատարված այն ծախսերի դիմաց, որոնք կապված են Խորհրդի անդամների պարտականությունների կատարման հետ: ՀՀ հարկային օրենսգրքի 7-րդ բաժնի կարգավորումների համաձայն` ընկերությունը Խորհրդի անդամներին վճարվող ամսական վարձատրության և ծախսերի փոխհատուցման գումարները պե՞տք է նվազեցնի համախառն եկամտից, թե՞ ոչ:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 4-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի համաձայն` ձեռնարկատիրական ծախս է համարվում կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից իրականացվող գործունեությանը վերագրվող ակտիվի նվազումը կամ պարտավորության աճը, որը, առանձին վերցրած, հանգեցնում է կազմակերպության սեփական կապիտալի կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի զուտ ակտիվների նվազեցման, բացառությամբ Օրենսգրքի 112-րդ հոդվածով սահմանված ծախս չհամարվող տարրերի,
i
- 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողների հարկման բազան որոշելիս օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են ձեռնարկատիրական ծախսերը, կորուստները և այլ նվազեցումները` օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով և չափով,
- 111-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են շահութահարկ վճարողի կատարած` օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, եթե նույն հոդվածի 2-րդ մասով և օրենսգրքի 113-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ,
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ժողովի որոշմամբ խորհրդի անդամների համար կարող է սահմանվել պարգևավճար և (կամ) փոխհատուցում նրանց այն ծախսերի դիմաց, որոնք կապված են խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Պարգևավճարի և (կամ) փոխհատուցման չափը և վճարման կարգը սահմանվում են ժողովի որոշմամբ:
Հաշվի առնելով վերոգրյալ կարգավորումները` հայտնում ենք, որ շահութահարկով հարկման բազան որոշելիս ընկերության խորհրդի անդամներին վճարվող վարձատրության գումարները, ինչպես նաև նրանց կողմից իրենց պարտականությունների կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցման գումարները ենթակա են համախառն եկամտից նվազեցման` օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով, եթե դրանք չեն կատարվել հարկ վճարողի (հարկային գործակալի) չբաշխված շահույթի հաշվին:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ