ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
24 հունիսի 2020 թվականի N 20
ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎՈՂ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Հարց
Եթե կառուցապատման հիփոթեքային վարկը վարկային կազմակերպությունից տեղափոխվի բանկ ավելի երկար ժամկետով և ավելի ցածր տոկոսադրույքով, արդյո՞ք եկամտային հարկը հնարավոր կլինի նորից հետ ստանալ:
Պատասխան
i
ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձվում է ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով` հաշվի առնելով նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումները:
i
Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին համապատասխան` հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք իրենց ընտրությամբ կարող են օգտվել միայն մեկ հիփոթեքային վարկի պայմանագրի մասով:
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ ֆիզիկական անձի կողմից անհատական բնակելի տան կառուցման նպատակով ստացված հիփոթեքային վարկը այլ բանկ տեղափոխելու (վերաֆինանսավորելու) դեպքում, որի արդյունքում վարկի ստացման նպատակի փոփոխություն տեղի չի ունենում, հիփոթեքային վարկի պայմանագրով սահմանված տոկոսների գումարները (բայց ոչ ավելի, քան համապատասխան եռամսյակի ընթացքում տվյալ վարձու աշխատողին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարը) ենթակա են ֆիզիկական անձին վերադարձման` օրենսդրությամբ սահմանված մյուս պայմաններն ապահովված լինելու դեպքում:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ