ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
23 հունիսի 2020 թվականի N 8
ՃՇԳՐՏՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Ապրանքները գնորդներին մատակարարելուց հետո, գործարքից մի քանի ամիս անց գնորդը մատակարարված ապրանքների մի մասը ցանկանում է հետ վերադարձնել: ճշգրտող հարկային հաշիվ դուրս գրելիս մատակարարման ամսաթիվը պետք է գրել հետ վերադարձի օրը, թե՞ գնորդին ապրանքի մատակարարման օրը, ինչպես նաև ճշգրտող հաշիվ դուրս գրելիս մատակարարի և գնորդի հասցեները արդյո՞ք զուգահեռ պետք է տեղափոխվեն:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 42-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են այն դեպքերը, երբ օրենսգրքի կիրառության նպատակով ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքը կարող է ճշգրտվել,
i
- 42-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի ճշգրտման` նույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերն առկա չեն, սակայն ապրանք մատակարարողը, աշխատանք կատարողը և (կամ) ծառայություն մատուցողը կատարել է գործարքի ճշգրտում (դուրս է գրել ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ), ապա գործարքի ճշգրտումը հաշվի չի առնվում,
i
- 55-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված են հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում, հաշիվ վավերագրում կամ ճշգրտող հաշիվ վավերագրում պարտադիր ներառման ենթակա տվյալները:
i
Միաժամանակ ճշգրտող հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 05.10.2017թ. 1257-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ բաժնով:
Հաշվի առնելով վերոգրյալը նկարագրված դեպքում, եթե առկա են օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործարքի ճշգրտման հիմքերը, ապա մատակարար կազմակերպությունը դուրս է գրում ճշգրտող հարկային հաշիվ կամ ճշգրտող հաշիվ-վավերագիր, որում արտացոլվում են վերադարձվող ապրանքի քանակը, անվանացանկը, ինչպես նաև այդ ցուցանիշների նկատմամբ նախկինում դուրս գրված հարկային հաշվում կամ հաշիվ-վավերագրում նշված տվյալները (միավորի գինը, արժեքը, ԱԱՀ-ի գումարը, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դեպքում` ակցիզային հարկի գումարը) և հարկային հաշվում կամ հաշիվ-վավերագրում պարտադիր լրացման ենթակա այլ տվյալներ: Ընդ որում, ճշգրտող հարկային հաշիվը կամ ճշգրտող հաշիվ-վավերագիրը դուրս է գրվում ճշգրտման համապատասխան հիմքի առաջացման օրը, և ապրանքների մատակարարման ամսաթիվ նշվում է գնորդ կազմակերպության կողմից ապրանքների հետ վերադարձման օրը, իսկ ապրանքների առաքման և նշանակման վայրերը նշվում են համապատասխանաբար` գնորդ կազմակերպության հասցեն (որտեղից մատակարարվում են ապրանքները) և մատակարար կազմակերպության հասցեն (որտեղ ապրանքները հանձնվում են):
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ