Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՀԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

8 հոկտեմբերի 2015 թվականի N 45

 

32. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականության հայեցակարգին և հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2015 թ. հոկտեմբերի 8-ի նիստի

N 45 արձանագրային որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

Ներածություն

 

Սույն հայեցակարգի (այսուհետ` Հայեցակարգ) գլխավոր նպատակն է բնութագրել Հայաստանի ներդրումային միջավայրը, սահմանել ներդրումային ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակները և նախանշել վերջիններիս իրականացման համար անհրաժեշտ պետական քաղաքականության սկզբունքները, ուղղություններն ու միջոցառումները:

Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության կառավարության ընդհանուր տնտեսական քաղաքականության առանցքային ուղղություններից է, ինչն ամրագրված է վերջինիս գործունեության ծրագրում:

 

Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականության խնդիրներն ու

նպատակները

 

Հայաստանում ներդրումային ոլորտում պետական քաղաքականության հիմնական խնդիրներն են` ներդրումային միջավայրի բարելավումը, օրենսդրական դաշտի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ներդրումների, այդ թվում` օտարերկրյա ուղղակի ներդրումների (այսուհետ` ՕՈՒՆ) խթանումը:

Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականության հիմնական նպատակն է ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ձևավորումը, կարգավորող միջավայրի թափանցիկության բարձրացումը, երկրի մրցակցային առավելությունների բացահայտումը, Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալների մեծացումը, շուկայական ենթակառուցվածքի զարգացումը, որակյալ և բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծումը, մարդկային կապիտալի զարգացումը և այդ բոլորի հիման վրա` տնտեսական կայուն աճի և բնակչության բարեկեցության ապահովումը, ինչը համահունչ է Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի գերակայություններին: Այս նպատակների իրականացմանն է ուղղված Հայեցակարգով նախատեսված հիմնական խնդիրների լուծումը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներդրումային ոլորտում առաջնորդվելու է «բաց դռների» քաղաքականության, ներդրումային գործունեության հետ կապված հարաբերությունների ազատականացման, օտարերկրյա ներդրողների նկատմամբ ազգային և առավել բարենպաստության ռեժիմների ամրագրման, ներդրումների պատշաճ պաշտպանության և միջազգային առաջադեմ պրակտիկայում ընդունված այլ սկզբունքներով:

 

Առաջարկվող լուծումները

 

Որպես խնդիրների լուծման և սահմանված նպատակներին հասնելու հիմնական գրավական` Կառավարությունը կարևորում է Հայաստանի Հանրապետության մասնավոր հատվածում ներդրումների խրախուսումը: Հստակ գիտակցելով, որ միայն տեղական մասնավոր հատվածի ջանքերը բավարար չեն լուծելու այդ խնդիրը` Կառավարությունը ակտիվորեն փորձում է օտարերկրյա ներդրումներ ներգրավել` տնտեսական և սոցիալական ոլորտների գերակա նպատակների իրագործման համար` միաժամանակ ընդունելով, որ օտարերկրյա ներդրումները կարող են նպաստել տեղական տնտեսության զարգացմանը գիտելիքների և կապիտալի փոխանցման, բարձր հմտություններ պահանջող աշխատատեղերի ստեղծման, միջազգային ներդրողների դիստրիբյուտորական ցանցերի հասանելիության ապահովման միջոցով:

ՈՒստի համարելով ներդրումային միջավայրի բարելավումը երկրի տնտեսական առաջընթացի հիմնական գերակայություններից մեկը` Կառավարությունը հետևողականորեն իրականացնելու է հատուկ քաղաքականության միջոցառումներ, որոնք աջակցելու են բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը` օտարերկրյա և տեղական ներդրումների համար լրացուցիչ խթաններ ստեղծելու միջոցով:

Այս համատեքստում խիստ կարևորվում է այն հանգամանքը, որ վերոնշյալ միջոցառումները համահունչ լինեն այլ ոլորտներում իրականացվող քաղաքականությունների հետ, քանզի ներդրումային քաղաքականությունը խիստ զգայուն է և իր վրա կրում է մի շարք ազդեցություններ`

Առևտրային քաղաքականություն: Առևտրի պարզեցումը, առևտրային արգելքների վերացումը, միջազգային առևտրային համաձայնագրերի կնքումը, նպատակային առևտրային քաղաքականությունների իրականացումը մեծապես կարող են նպաստել գրավիչ ներդրումային միջավայր ձևավորելուն:

Մրցակցություն: Մրցունակ միջավայր ստեղծելն ու պահպանելը, մրցակցության սկզբունքները հարգելը, անտեղի սահմանափակումներից խուսափելը պահանջում է համապատասխան օրենքի առկայություն և վերջինիս ճիշտ կիրարկում, ինչը ևս կապահովի իրականացվող ներդրումային քաղաքականության բարձր արդյունավետություն:

Հարկային քաղաքականություն: Այն երկրները, որոնք հաջողությամբ են մշակել ներդրումներին նպաստող հարկային քաղաքականություն, կարողացել են հաստատել համապատասխանություն երկրի հարկային քաղաքականության, համազգային ու տեղական զարգացման նպատակների և ներդրումների ներգրավման ռազմավարության միջև:

«Կանաչ զարգացում»: Էկոլոգիապես անվտանգ զարգացումը ինքնին խթան է հանդիսանում ներդրումների ու ինովացիաների համար, ինչն էլ իր հերթին նպաստում է կայուն աճին ու ընձեռում է նոր տնտեսական հնարավորություններ` աղքատության կրճատման և սոցիալ-տնտեսական զարգացման համար:

Այսպիսով ներդրումային քաղաքականության բարեփոխումների ուղղությամբ կտարվի նպատակաուղղված և հետևողական աշխատանք` ներդրումների իրականացմանը նպաստող գործուն, արդյունավետ և թափանցիկ համակարգի ապահովման, ներդրումների իրավական կարգավորման շրջանակի բարելավման և արդիականացման, ներդրումային գործունեությանն առնչվող միջազգային լավագույն չափանիշների և փորձի կիրառման ուղղությամբ:

 

ԳԼՈՒԽ 1. Ներդրումային քաղաքականության սկզբունքները

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերահաստատում է ներդրումների նկատմամբ «բաց դռների» քաղաքականություն իրականացնելու իր մոտեցումը` հնարավորինս ազատականացնելով ՕՈՒՆ մուտքի, գործունեության և ելքի հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի ներդրումային օրենսդրությամբ («Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենք, «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենք և դրա հետ կապված ՀՀ կառավարության որոշումներ, ՀՀ կառավարության 2012 թ. նոյեմբերի 15-ի նիստի N 46 արձանագրային որոշում, ինչպես նաև տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի ներդրումներին վերաբերող այլ դրույթները) օտարերկրյա ներդրողների նկատմամբ ամրագրված են ազգային և առավել բարենպաստության ռեժիմները, ինչպես նաև օտարերկրյա ներդրումներին վերաբերող առանցքային իրավունքներն ու արտոնությունները:

3. Նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի ներդրումային դաշտի գրավչությունը և խրախուսել ներդրումները` Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականության սկզբունքները հետևյալն են.

1) Թափանցիկություն: Հայաստանում ներդրումներին առնչվող օրենսդրական ակտերը և ներդրումային քաղաքականությանը վերաբերող դրույթներ պարունակող փաստաթղթերը մշակման փուլից սկսած թափանցիկ և մատչելի ձևով հասանելի կլինեն հանրությանը: Իրավական ակտերի և քաղաքականության մշակման գործընթացում կներառվի մասնավոր հատվածը:

2) Առավել բարենպաստության ռեժիմ: Որևէ երկիր ներկայացնող ներդրողների կողմից ներդրումների իրականացման և ընդլայնման նկատմամբ ցուցաբերել նույն վերաբերմունքը, ինչ համանման իրավիճակում կցուցաբերվեր այլ երկրներ ներկայացնող ներդրողների պարագայում:

3) Ազգային ռեժիմ: Բացի ազգային օրենսդրությամբ սահմանված բացառությունների` ներդրումների գործարկման, ընդլայնման, իրականացման և պաշտպանության հարցում օտարերկրյա ներդրողների նկատմամբ կիրառել ոչ պակաս նպաստավոր վերաբերմունք, քան նույնանման իրավիճակներում գտնվող տեղացի ներդրողների հանդեպ:

4) Ներդրումային արտոնություններ: Սահմանող արտոնությունների համակարգը համահունչ կլինի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին` ապահովելով թափանցիկություն, արդյունավետ կառավարում և կանոնավոր մոնիթորինգ:

5) Գործունեությանը ներկայացվող պահանջներ: Չեն սահմանվի այնպիսի պահանջներ, որոնք խոչընդոտում կամ սահմանափակում են առևտրի և ներդրումների ընդլայնումը:

6) Օտարում և փոխհատուցում: Ներդրումները ուղղակիորեն կամ անուղղակիորեն չեն օտարվի, ազգայնացվի կամ օտարմանն ու ազգայնացմանը հավասարազոր հետևանքներ ունեցող այլ գործողությունների չեն ենթարկվի, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է հանրային նպատակներով: Օտարումը կիրականացվի Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով, ոչ խտրական հիմքերի վրա:

7) Ռեպատրիացիա և փոխարկելիություն: Ապահովել օտարերկրյա ներդրումների հետ կապված միջոցների` շահույթների, դիվիդենդների, ռոյալթիների, վարկային վճարումների ու մարումների ազատ և անհապաղ փոխանցումը` ազատ փոխարկելի արտարժույթով:

8) Վեճերի լուծում: Պետության և ներդրողի կամ երկու մասնավոր ներդրողների միջև օտարերկրյա ներդրումների կապակցությամբ ծագող վեճերը լուծել խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում` միջազգային պարտավորություններից բխող կամ երկու կողմերի համար ընդունելի այլ արբիտրաժային ընթացակարգերի միջոցով:

9) Անձնակազմի մուտքը և կեցությունը: Համապատասխան օրենքների և կանոնակարգերի շրջանակներում թույլատրել օտարերկրյա տեխնիկական և ղեկավար անձնակազմի ժամանակավոր մուտքն ու կեցությունը` օտարերկրյա ներդրումների հետ կապված աշխատանքներում ներգրավելու նպատակով:

10) Կրկնակի հարկման բացառում: Օտարերկրյա ներդրումների մասով կբացառվի կրկնակի հարկումը:

 

ԳԼՈՒԽ 2. Ներդրումային քաղաքականության բարեփոխումների ուղղությունները

 

4. Հայաստանը իրականացնելու է համապարփակ բարեփոխումներ` երկրում օտարերկրյա ներդրումները և տեղական մասնավոր հատվածի համար դրանից բխող օգուտները խթանելու նպատակով: Այդպիսով հաշվի կառնվեն ազգային տնտեսական և սոցիալական զարգացման նպատակները, ինչպես նաև կվերացվեն ներդրումների հետ կապված հիմնական խոչընդոտները:

5. Ներդրումային քաղաքականության բարեփոխումներն ուղղված կլինեն հետևյալին.

1) Կատարելագործել ներդրումային քաղաքականության բոլոր կարևոր տարրերը` ներդրումային տեսլականը/ռազմավարությունը, միջոցառումները/ գործողությունները և համագործակցելով այլ մարմինների հետ` ապահովել դրանց պատշաճ իրականացումը:

2) Ապահովել առավելագույն արդյունավետություն ներդրումների կենսացիկլի տարբեր փուլերում հնարավոր խոչընդոտները մեղմելու միջոցով` սկսած ներդրումների ներգրավումից և պաշտպանությունից մինչև տեղական տնտեսության հետ կապեր հաստատելը:

3) Համապատասխան միջավայր ստեղծել արդյունավետության բարձրացմանն ուղղված ներդրումների համար, ինչն իր բնույթով արտահանման ուղղվածություն ունի և, համարվելով ներդրումների ամենադյուրաշարժ տեսակը, պահանջում է արտահանման-ներմուծման արդյունավետ գործառնություններ, ինչպես նաև ներդրողների պաշտպանության ստանդարտների հաստատում:

6. Բարեփոխումների միջոցով կվերացվեն օտարերկրյա ներդրումների ներգրավման ու պահպանման հիմնական արգելքները, որոնք ի հայտ են բերվել կառավարության և Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից` ներդրողների պատկերացումների մասին համատեղ իրականացված հետազոտության և մասնավոր հատվածի հետ հարցազրույցների միջոցով: Դրանց թվին են դասվում.

1) Օտարերկրյա ներդրումների վերաբերյալ համապարփակ ներդրումային ռազմավարության բացակայությունը, որը թույլ կտար ի հայտ բերել ազգային համեմատական առավելությունները, պարզել ներդրումների առաջնահերթ ոլորտները և առավելագույնի հասցնել ինչպես ներդրումային քաղաքականության, այնպես էլ ՕՈՒՆ լայն շրջանակներում ներգրավված տարբեր դերակատարների միջև փոխգործակցությունը:

2) «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի մասով, որում արտացոլված չեն միջազգային տնտեսության նոր իրողությունները, մասնավորապես` կապված ներդրողների պաշտպանության երաշխիքների հետ.

3) Տնտեսական գործունեությանն առնչվող օրենսդրության թափանցիկության անբավարարությունը և համապատասխան իրավական ակտերի հաճախակի փոփոխությունները, ինչպես նաև դրանց ոչ պատշաճ կիրարկումը պետական տարբեր գերատեսչությունների կողմից:

4) Ներդրումային միջավայրի հետ կապված այլ արգելքներ, որոնք խոչընդոտում են ներդրողների մոտ վստահության ձևավորմանը, մասնավորապես` անհարկի և ծախսատար ստուգումներ, պայմանագրերի կատարման տևական գործընթացներ և այլն:

5) Վերոնշյալ բարեփոխումների մշակման գործընթացում հաշվի են առնվել նաև ճանաչված մի շարք միջազգային հաշվետվություններում տեղ գտած եզրահանգումները:

 

ԳԼՈՒԽ 3. Բարեփոխումների գործողությունների ծրագիրը

 

7. Ներդրումային քաղաքականությանը խոչընդոտող` վերը հիշատակված ընդհանուր ոլորտներին անդրադառնալու համար ՀՀ կառավարությունը կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում կիրականացնի սույն գործողությունների ծրագիրը` ներդրումների վերաբերյալ իր երկարաժամկետ տեսլականն իրականություն դարձնելու ուղղությամբ:

8. Բարեփոխումների ուղղությունները որոշվել են ներդրողների և ՀՀ կառավարության միջև կանոնավոր խորհրդակցությունների արդյունքում: Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխման երկրորդ ծրագրի ընթացքում հանդես է եկել որպես միջնորդ: Ի սկզբանե գործողությունների այս ծրագիրը նպատակ է հետապնդում ամրապնդել օտարերկրյա ներդրումների ներգրավմանն ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքականության հիմքերը: Այդուհանդերձ, քանի որ երկրները մրցակցում են ներդրումների համար, նրանք պետք է շարունակաբար արդիականացնեն իրենց քաղաքականության շրջանակները: Ստորև նկարագրված բարեփոխումները ոչ թե գործունեության ավարտն են, այլ նախանշում են կառավարության ջանքերը` ուղղված համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող փոփոխություններին արագ արձագանքելուն և միջազգային մրցունակությունը բարձրացնելուն:

 

3.1. Ներդրումային օրենսդրության կատարելագործում

 

9. Կայուն, պարզ և թափանցիկ իրավական դաշտը արագ զարգացող ներդրումային միջավայրի կարևոր նախապայման է հանդիսանում: Իրավական դաշտի կայունության ապահովման համար անհրաժեշտ է հստակեցնել օրենքների բովանդակությունը, բարձրացնել օրենքների մշակման և ընդունման գործընթացների թափանցիկության և կանխատեսելիության մակարդակը:

10. Այդ առումով կարևորվում է Հայաստանի Հանրապետության ներդրումային ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտի կատարելագործումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնտեսության զարգացման ներկա փուլում չափազանց կարևոր է օրենսդրորեն ամրագրել հավասար, ոչ խտրական և կանխատեսելի պայմաններ թե՛ օտարերկրյա և թե՛ տեղական ներդրողների համար:

11. Ներդրումային ոլորտին առնչվող օրենքներում առկա բացերը նվազագույնի հասցնելու և միջազգային լավագույն փորձին մոտեցնելու նպատակով պետք է իրականացվեն մի շարք միջոցառումներ, մասնավորապես`

 

3.1.1. Վերանայել «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը

 

12. 1994 թվականից ի վեր գործարար և ներդրումային միջավայրը զգալիորեն ընդլայնվել է և կրել բովանդակային փոփոխություններ, մինչդեռ վերոնշյալ օրենքը ընդունման պահից փոփոխությունների չի ենթարկվել: Թեև գործող օրենքը վկայում է օտարերկրյա ներդրումների և ներդրողների հանդեպ կառավարության «բաց դռների» քաղաքականության վարման մասին, այնուամենայնիվ, որոշակի ոլորտներում` առավելապես ներդրողների պաշտպանության հետ կապված հարցերում բարելավման լուրջ կարիք ունի: ՈՒստի անհրաժեշտություն է առաջանում վերոնշյալ օրենքում`

1) Ներառել արդարացի և հավասար վերաբերմունքի ստանդարտներ,

2) ՈՒժեղացնել օտարումից պաշտպանությանն առնչվող դրույթները,

3) ՈՒժեղացնել արտարժույթի փոխարկելիությանն ու փոխանցումներին առնչվող դրույթները,

4) Հստակեցնել վեճերի լուծման վերաբերյալ դրույթները` ներդրող-պետություն վեճերի պարագայում միջազգային արբիտրաժ դիմելու հստակ և միանշանակ իրավունք տրամադրելու միջոցով:

5) Հստակեցնել սահմանափակումների բացակայությանն առնչվող դրույթները` անհրաժեշտության դեպքում կիրառելով, «բացասական ցանկի» սկզբունքը` սահմանափակումները միանգամայն հստակ նշելու համար:

 

3.1.2. Վերանայել «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքը և դրանից բխող այլ իրավական ակտերը

 

13.Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ստեղծման հիմնական նպատակը օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման և դրա արդյունքում առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով արտահանման ծավալների աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու կայուն տնտեսական զարգացմանը նպաստելն է: Ազատ տնտեսական գոտիների գործունեությունն ապահովելու համար ստեղծվել է համապատասխան իրավական դաշտ: Այսպես, ոլորտի հիմնական կարգավորող փաստաթուղթ է հանդիսանում 2011 թվականի մայիսի 25-ին ընդունված «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսված են մի շարք հարկային և մաքսային արտոնություններ: Այնուամենայնիվ, ԵԱՏՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցելուց հետո լրացուցիչ անհրաժեշտություն առաջացավ վերանայելու գործող օրենսդրությունը` այն համապատասխանեցնելով ԵԱՏՄ օրենսդրությանը:

 

3.1.3 Պետություն-մասնավոր հատված գործընկերության զարգացում

 

14. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է պետություն-մասնավոր հատված գործընկերության զարգացումը` դիտարկելով այն որպես իր գործունեության կարևոր ուղղություններից մեկը, որը հնարավորություն կտա բարձրացնել հանրային ծառայությունների որակը, զարգացնել ենթակառուցվածքը և նպաստել ազգային և տեղական կարևորագույն ծրագրերի արդյունավետ իրականացմանը: Այսօր Հայաստանում կան նման համագործակցության մի շարք հաջողված օրինակներ:

15. ՀՀ կառավարությունը դեռևս 2009 թվականի հունվարի 29-ին ընդունել է «Պետություն-մասնավոր հատված համագործակցության հայեցակարգին հավանություն տալու մասին» թիվ 4 արձանագրային որոշումը, իսկ 2012 թվականի սեպտեմբերի 20-ի N 1241-Ն որոշմամբ հաստատել է պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի գնահատման և հաստատման կարգը, որում սակայն առկա են մի շարք բացեր:

16. ՈՒստի անհրաժեշտ է ամրապնդել առկա նվաճումները և, հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա, շարունակել աշխատանքները այդ ուղղությամբ` շեշտադրելով պետություն-մասնավոր հատված գործընկերությունը կարգավորող օրենսդրության կատարելագործումը:

 

3.2. ՕՈՒՆ ներգրավման ռազմավարության մշակում

 

17. Հայաստանում ներկայումս բացակայում են ՕՈՒՆ-ների ֆորմալ ռազմավարություն ու ոլորտային մակարդակում մրցունակության համակարգային ուսումնասիրություններ:

18. Այս ուղղությամբ ՀՀ կառավարությունը կմշակի և կներդնի ՕՈՒՆ-ների առավել համակարգային և վերջնական արդյունքին միտված ռազմավարություն, որը կիրականացվի երկու փուլով`

 

3.2.1 ՕՈՒՆ ներգրավման և խրախուսման ռազմավարության մշակում.

 

19. Այս նպատակով կմշակվի և կհաստատվի ռազմավարական փաստաթուղթ, որը`

1) Կձևակերպի ՕՈՒՆ նշանակությունը և դրանց կարևորությունը գլխավոր քաղաքականության նպատակների իրագործման հարցում.

2) Կսահմանի ՕՈՒՆ ներգրավման, երկիր մուտք գործելու, պահպանելու և խթանելու, ոլորտում ներգրավված հիմնական պետական մարմինների դերերն ու պարտականությունները.

3) Կներկայացնի ՕՈՒՆ ներգրավման գերակա թիրախ-ոլորտները.

4) Կսահմանի ՕՈՒՆ ներգրավման թիրախները և ակնկալվող օգուտները (ներդրումները` գումարային արտահայտությամբ, ստեղծված աշխատատեղերը, ներգրավված տեխնոլոգիաները և այլն).

5) Կներդնի իրականացման տարեկան ծրագրի մշակման մեխանիզմ` կատարողականի հիմնական ցուցանիշներով և թիրախներով.

6) Կներդնի մոնիթորինգի ու գնահատման համակարգ և ներդրողների հետ աշխատանքի համակարգ (investor tracking system): Սա հնարավորություն կընձեռի կառավարությանը հսկել օտարերկրյա ներդրումների ռազմավարական նպատակների իրականացման առաջընթացը և չափել ներդրումների ներգրավման ուղղությամբ կառավարության կատարած ծախսերի արդյունավետությունը:

 

3.2.2 ՕՈՒՆ ռազմավարության վերաբերյալ տարեկան պլանի մշակում

 

20. Այս առնչությամբ կմշակվի և կհաստատվի ՕՈՒՆ ռազմավարության վերաբերյալ տարեկան իրականացման պլանը, որը`

1) կթիրախավորի առանձին, մասնավորապես արդյունավետության բարձրացմանն ուղղված ոլորտները.

2) Հիմնված կլինի ներդրումների համար ընտրված ոլորտներում համեմատական գնահատականի (բենչմարքինգի) վրա.

3) Կհզորացնի ոլորտային թիմերը, այդ թվում` մասնավոր հատվածում փորձառություն ունեցող նոր անձնակազմ ներգրավելու կարողությունը:

 

3.3. Ներդրումների խրախուսում

 

21. Հայաստանի Հանրապետության կառավարությունը վարում է ներդրումների խրախուսման հետևողական քաղաքականություն և ներդրումների նկատմամբ կիրառում է «ներդրողների կարիքների վրա հիմնված» մոտեցում:

22. Հայաստանում ներդրումների խրախուսումը կիրականացվի հիմնականում հետևյալ ուղղություններով.

1) ֆինանսական միջոցների հասանելիության ապահովում,

2) ՓՄՁ ներդրումների խրախուսում,

3) վերազգային կորպորացիաներից ներդրումների խրախուսում,

4) ազատ տնտեսական գոտիների կայացում,

5) էներգախնայող և բարձր տեխնոլոգիական ներդրումների խրախուսում,

6) տարածքային համաչափ զարգացմանը նպաստող ծրագրերի խրախուսում:

23. Ներդրումների խրախուսման վերոնշյալ ուղղությունների կյանքի կոչման նպատակով պետք է իրականացվեն հետևյալ միջոցառումները`

1) Ընկերությունների համար արտահանման ֆինանսավորման մատչելիության գործիքակազմի (արտահանման ապահովագրում) զարգացում:

2) Ազատ տնտեսական գոտիների ստեղծում և դրանցում նոր շահագործողների ներգրավում:

3) Արտոնությունների փաթեթի մշակում ներդրումային ծրագրերի համար` հաշվի առնելով`

ա. ստեղծվելիք աշխատատեղերի քանակը,

բ. արտասահմանում մեծ ցանցի առկայությունը կամ արտասահմանյան որևէ ցանցի համար մատակարար հանդիսանալը,

գ. խնդրահարույց բիզնեսի վերականգնմանն ու զարգացմանն ուղղվածությունը,

դ. տարածքային առանձնահատկությունները (միջին աշխատավարձը, գործազրկության մակարդակը, մայրաքաղաքից հեռավորությունը, տարածքի ներուժը):

4) Վենչուրային ֆինանսավորման ինստիտուտի զարգացում:

5) Ներդրումների համար գրավիչ պետական անշարժ գույքի քարտեզագրման իրականացում:

6) Հանրապետության տարածքում ներդրումային ծրագրերի հավաքագրման, միասնական ձևաչափի բերման և հրապարակման աշխատանքների իրականացում, ներդրումային ծրագրերի միասնական բազայի ստեղծում:

 

3.3.1.Ներդրումների պրոակտիվ խթանումն ապահովելու նպատակով գործառույթների զարգացում

 

24. Կառավարությունը քայլեր կձեռնարկի ներդրումների խթանման հատուկ գործառույթներ մշակելու ուղղությամբ, ինչպիսիք են`

1) Մարքեթինգը և իրազեկումը,

2) Հետազոտությունները,

3) Ներդրողների հետ աշխատանքի համակարգ (investor tracking system),

4) Հետներդրումային սպասարկման մեխանիզմի մշակում,

5) ՕՈՒՆ-ից ծագող հարաբերությունների ուժեղացման ծրագրերը,

6) Արտոնությունների կառավարումը,

7) Ներդրումների խթանման հետ կապված այլ գործառույթները:

3.3.2. Ներդրումները խթանող արտոնությունների փաթեթի մշակում, այդ թվում` հաշվի առնելով գոյություն ունեցող մեխանիզմները

 

25. Այդ նպատակով անհրաժեշտ է.

1) մշակել և հրապարակել ներդրողներին ներկայումս առաջարկվող արտոնությունների ցանկ.

2) գնահատել նախանշված նպատակներին հասնելու գործում առկա արտոնությունների արդյունավետությունը (ինչպիսիք են` աշխատատեղերի ստեղծումը, ներդրումների ներհոսքը, արտահանումները և այլն).

3) անհրաժեշտության դեպքում մշակել արտոնությունների նոր սխեմաներ` գլխավորապես արդյունավետության բարձրացմանն ուղղված ներդրումներ իրականացնողների համար.

4) Հայաստանում գլխամաս հիմնադրած հանրաճանաչ կազմակերպությունների համար արտոնությունների փաթեթի մշակում` կախված գործունեության ծավալներից.

5) Խոշոր (10 մլն. ԱՄՆ դոլար և/կամ առնվազն 300 աշխատատեղ ստեղծող) և ռազմավարական ներդրումային ծրագրերի համար արտոնությունների մշակում:

 

3.3.3 Սփյուռքի ներդրումային ներուժի օգտագործում

 

26. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է սփյուռքահայ ներդրողների հետ համագործակցության խորացումը: Այդ նպատակով ստեղծվելու է Հայաստանի տնտեսության մեջ սփյուռքահայերի առավելագույնս ներգրավման և ներդրումների խրախուսման նպաստավոր միջավայր, որտեղ օժանդակություն կցուցաբերվի մրցունակ և զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերի ավելացմանը:

27. Վերոնշյալի կապակցությամբ հիմնական ջանքերը ուղղվելու են սփյուռքի ներդրումային ներուժի վերլուծությանն ու համագործակցության մեխանիզմի մշակմանը:

 

3.3.4 Ներդրումների ներգրավում գիտելիքահեն և նորարարական տնտեսության զարգացման համար

 

28. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կխրախուսի գիտելիքահեն և նորարարական տնտեսության կայացմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն և դրան ուղղված ներդրումները:

29. Այս տեսանկյունից հատկապես կարևորվում են «գիտություն-արտադրություն» շղթայի ապահովմանը նպաստող ներդրումները, գիտահետազոտական ոլորտում օտարերկրյա ներդրումները, ներդրումները մարդկային կապիտալում և հանրային ենթակառուցվածքներում, հատկապես` մշակող արդյունաբերության ճյուղերում, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի և տուրիզմի ոլորտներում:

30. Այս նպատակով նախատեսվում է «գիտություն-արտադրություն» կապը ապահովող ինստիտուցիոնալ կառույցների ստեղծում:

3.4. Ներդրողների մտահոգություններին ու բողոքներին արձագանքելու մեխանիզմների հիմնում

31. Ներդրողները Հայաստանում բախվում են ներդրողների պաշտպանության հետ կապված տարաբնույթ խնդիրների: Մտահոգությունների մեծ մասի առաջացման պատճառն ավելի շուտ օրենքների ու կանոնակարգերի թերի իրականացումն է, քան թե դրանց անկատարությունը:

32. Այս խնդիրները բացասական հետևանքներ են ունենում Հայաստանում ներդրումների ներգրավման և խթանման առումով: Բացի այդ, դրանց հետևանքով կարող են խախտվել միջազգային ներդրումային համաձայնագրերով Հայաստանի ստանձնած միջազգային ներդրումային պարտավորությունները:

33. Ներդրող-Պետություն հնարավոր վեճերից խուսափելու համար կառավարությունը կգնահատի ներդրողների հետ աշխատանքի համակարգի (investor tracking) և դիտանցման մեխանիզմների գործունեությունը բողոքների պարագայում` ներդրումների վրա այդ բողոքների ազդեցությունը գնահատելու և վեճի ծագումն ու պատճառը պարզելու նպատակով:

34. Վերոնշյալն ապահովելու համար անհրաժեշտ է հավաքագրել և վերլուծել հետևյալ տեղեկատվությունը` յուրաքանչյուր բողոքի/խնդրի վերաբերյալ.

1) Ռիսկի ենթարկվող ներդրումների արժեք.

2) Ներդրումների հետ կապված բողոքի այլ ազդեցությունները (ինչպիսիք են` բողոքին ընթացք տալու հետ կապված ծախսերը, աշխատատեղերը, որոնց վրա այն անդրադարձել է և այլն).

3) Ներդրողի նկարագրությունը.

4) Խնդրի բնագավառը.

5) Առնչվող պետական գերատեսչությունները.

6) Բողոքի առնչությամբ ներպետական/միջազգային դատական գործի առկայությունը, այդ գործի ընթացիկ կարգավիճակը:

35. Կառավարությունը կարող է նաև ներդնել ներդրողի հետ աշխատանքի մեխանիզմի առավել կատարելագործված տարբերակ` Ներդրողի ներգրավման և վստահության մեխանիզմը:

36. Ներդրողների ներգրավման և վստահության մեխանիզմի գործարկումը կպահանջի անկախ գործակալության առկայություն, ինչպիսին է, օրինակ Օմբուդսմենի գրասենյակը` բողոքներին առնչվող հետևյալ գործառույթներն իրականացնելու նպատակով.

1) Տեղեկատվության փոխանակում.

2) Վաղ նախազգուշացում.

3) Խնդիրների լուծման մեթոդների լավագույն փորձ.

4) Խնդրի կարգավորման լուծումների ներկայացում:

 

Ժամանակացույց

 

Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականության հայեցակարգից

բխող միջոցառումների

 

._____________________________________________________________________.

|No |Միջոցառում        |Պատասխանատու |Վերջնա-  |Ֆինանսա- |Միջոցառման  |

|   |                  |պետական      |ժամկետ   |վորման   |արդյունքը   |

|   |                  |մարմին       |         |աղբյուր  |            |

|___|__________________|_____________|_________|_________|____________|

|1. |Ներդրումային      |ՀՀ տնտ. զարգ.|2017թ.   |Ֆինանսա- |Համապատասխան|

|   |օրենսդրության     |և  ներդրումն.|հունվարի |վորում չի|օրենքների և |

|   |կատարելագործում   |նախարարու-   |երկրորդ  |պահանջում|դրանցից բխող|

|   |այդ թվում`        |թյուն        |տասնօրյակ|         |իրավական    |

|   |1) «Օտարերկրյա    |Հայաստանի    |         |         |ակտերի փոփո-|

|   |ներդրումների      |զարգացման    |         |         |խությունների|

|   |մասին» ՀՀ օրենքի  |հիմնադրամ    |         |         |նախագծերի   |

|   |դիտանցում         |(համաձայնու- |         |         |ներկայացում |

|   |2) «Օտարերկրյա    |թյամբ)       |         |         |ՀՀ կառավա-  |

|   |ներդրումների      |             |         |         |րություն    |

|   |մասին» ՀՀ օրենքի  |             |         |         |            |

|   |բարեփոխման        |             |         |         |            |

|   |ճանապարհային      |             |         |         |            |

|   |քարտեզի մշակում   |             |         |         |            |

|   |3) Քաղաքականու-   |             |         |         |            |

|   |թյուն և  նոր      |             |         |         |            |

|   |«Օտարերկրյա       |             |         |         |            |

|   |ներդրումների      |             |         |         |            |

|   |մասին» ՀՀ օրենքի  |             |         |         |            |

|   |նախագիծ,          |             |         |         |            |

|   |անհրաժեշտության   |             |         |         |            |

|   |դեպքում նաև       |             |         |         |            |

|   |դրանից բխող       |             |         |         |            |

|   |իրավական ակտերի   |             |         |         |            |

|   |նախագծերի մշակում |             |         |         |            |

|   |4) «Ազատ տնտեսական|             |         |         |            |

|   |գոտիների մասին» ՀՀ|             |         |         |            |

|   |օրենքի և          |             |         |         |            |

|   |անհրաժեշտության   |             |         |         |            |

|   |դեպքում դրանից    |             |         |         |            |

|   |բխող իրավական     |             |         |         |            |

|   |ակտերի            |             |         |         |            |

|   |փոփոխությունների  |             |         |         |            |

|   |նախագծերի մշակում |             |         |         |            |

|   |5) «Պետություն -  |             |         |         |            |

|   |մասնավոր          |             |         |         |            |

|   |գործընկերության   |             |         |         |            |

|   |մասին» ՀՀ օրենք և |             |         |         |            |

|   |անհրաժեշտության   |             |         |         |            |

|   |դեպքում դրանից    |             |         |         |            |

|   |բխող իրավական     |             |         |         |            |

|   |ակտերի մշակում    |             |         |         |            |

|___|__________________|_____________|_________|_________|____________|

|2. |ՕՈՒՆ ներգրավման   |ՀՀ տնտ. զարգ.|2020 թ.  |Ֆինանսա- |ՕՈՒՆ        |

|   |ռազմավարության    |և  ներդրումն.|դեկտեմբեր|վորում չի|ներգրավման  |

|   |մշակում,          |նախարարու-   |         |պահանջում|ռազմավարական|

|   |այդ թվում`        |Հայաստանի    |         |         |ծրագրի      |

|   |1) ՕՈՒՆ ներգրավման|զարգացման    |         |         |ներկայացում |

|   |և  խթանման        |հիմնադրամ    |         |         |ՀՀ կառավա-  |

|   |ռազմավարության    |(համաձայնու- |         |         |րություն    |

|   |մշակում           |թյամբ)       |         |         |            |

|   |2) ՕՈՒՆ           |ՀՀ           |         |         |            |

|   |ռազմավարության    |ֆինանսների   |         |         |            |

|   |հստակ տարեկան     |նախարարու-   |         |         |            |

|   |պլանի մշակում     |թյուն        |         |         |            |

|   |3) Ոլորտային      |ՀՀ գյուղա-   |         |         |            |

|   |ուղղվածության     |տնտեսության  |         |         |            |

|   |արտոնությունների  |նախարարու-   |         |         |            |

|   |մշակում`          |թյուն        |         |         |            |

|   |արդյունավետության |ՀՀ           |         |         |            |

|   |բարձրացմանն       |էներգետիկ    |         |         |            |

|   |ուղղված ՕՈՒՆ-ներ  |ենթակառուց-  |         |         |            |

|   |ներգրավելու       |վածքների և   |         |         |            |

|   |նպատակով          |բնական պաշար-|         |         |            |

|   |                  |ների նախարար |         |         |            |

|   |                  |ություն      |         |         |            |

|___|__________________|_____________|_________|_________|____________|

|3. |Ներդրումների      |ՀՀ տնտ. զարգ.|2018թ.   |Դոնոր    |Ներդրումային|

|   |խրախուսում,       |և  ներդրումն.|դեկտեմբեր|կազմակեր-|արտոնու-    |

|   |այդ թվում`        |նախարարու-   |         |պություն-|թյունների   |

|   |1) Ներդրումների   |Հայաստանի    |         |ներ      |փաթեթի      |

|   |խթանման           |զարգացման    |         |         |ներկայացում |

|   |միջոցառումների    |հիմնադրամ    |         |         |ՀՀ կառավա-  |

|   |իրականացում       |(համաձայնու- |         |         |րություն    |

|   |2) Ներդրումների   |թյամբ)       |         |         |            |

|   |խթանման հատուկ    |ՀՀ           |         |         |            |

|   |գործառույթների    |ֆինանսների   |         |         |            |

|   |մշակում           |նախարարու-   |         |         |            |

|   |3) Ներկայումս առկա|թյուն        |         |         |            |

|   |արտոնությունների  |             |         |         |            |

|   |վերանայում և      |             |         |         |            |

|   |գնահատում         |             |         |         |            |

|___|__________________|_____________|_________|_________|____________|

|4. |Ներդրողների       |ՀՀ տնտ. զարգ.|2018թ.   |Դոնոր    |Համապատասխան|

|   |մտահոգություններին|և  ներդրում. |դեկտեմբեր|կազմակեր-|մեխանիզմի   |

|   |ու բողոքներին     |նախարարու-   |         |պություն-|ներդնում և  |

|   |արձագանքելու      |Հայաստանի    |         |ներ      |գործարկում  |

|   |մեխանիզմների      |զարգացման    |         |         |            |

|   |հիմնում,          |հիմնադրամ    |         |         |            |

|   |այդ թվում`        |(համաձայնու- |         |         |            |

|   |1) Ներդրողների    |թյամբ)       |         |         |            |

|   |բողոքների լուծման |             |         |         |            |

|   |մեխանիզմի         |             |         |         |            |

|   |գործունեության    |             |         |         |            |

|   |գնահատում         |             |         |         |            |

|   |2) Ներդրողների    |             |         |         |            |

|   |բողոքների         |             |         |         |            |

|   |քննության         |             |         |         |            |

|   |(հսկողության և    |             |         |         |            |

|   |դիտանցման կամ     |             |         |         |            |

|   |ներդրողի          |             |         |         |            |

|   |ներգրավման և      |             |         |         |            |

|   |վստահության)      |             |         |         |            |

|   |մեխանիզմի         |             |         |         |            |

|   |գործարկում        |             |         |         |            |

|   |3) ՀՀ ներդրումային|             |         |         |            |

|   |միջավայրի         |             |         |         |            |

|   |վերաբերյալ        |             |         |         |            |

|   |ներդրողների, այդ  |             |         |         |            |

|   |թվում` պոտենցիալ  |             |         |         |            |

|   |ներդրողների       |             |         |         |            |

|   |իրազեկվածության   |             |         |         |            |

|   |բարձրացման        |             |         |         |            |

|   |մեխանիզմի ներդնում|             |         |         |            |

._____________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 18.11.16 թիվ 46, 18.01.18 թիվ 2 արձանագրային որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.10.2015
N 45
Արձանագրային որոշում