040.0827.150816
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 օգոստոսի 2016 թվականի N 827-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 493-Ն ԵՎ N 486-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը, ինչպես նաև աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից բխող` օտարերկրացիների աշխատանքի թույլտվության համակարգի լիարժեք և արդյունավետ գործարկման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ամբողջական ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի «Օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու կարգը և ժամկետները, համապատասխան աշխատանքով օտարերկրացուն չապահովելու դեպքում գործատուի կողմից ծախսերի հատուցման կարգը և չափերը, օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներին առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկերը սահմանելու մասին» N 493-Ն և «Լիազորված պետական կառավարման մարմիններ ճանաչելու մասին» N 486-Ն որոշումների գործողությունը` մինչև 2019 թվականի հունվարի 1-ը:
(1-ին կետը փոփ. 21.12.17 թիվ 1682-Ն որոշում)
2. Սահմանել, որ`
i
1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը` օտարերկրացի աշխատողի համար գործատուներին տրված աշխատանքի թույլտվությունները գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 493-Ն և N 486-Ն որոշումների գործողության կասեցման ընթացքում և վերականգնումից հետո, բայց ոչ ավելի, քան աշխատանքի թույլտվության մեջ նշված ժամկետը.
2) օտարերկրացիները, որոնց համար մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործատուների կողմից օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվել են աշխատանքի թույլտվություն ստանալու մասին դիմումներ, կարող են աշխատել Հայաստանի Հանրապետությունում` առանց աշխատանքի թույլտվության, իսկ ներկայացված դիմումները ենթակա են դիմումատուին վերադարձման` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը իրականացնել Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայում օտարերկրացի աշխատողների ներգրավման գործընթացի և արդյունքների բազմակողմանի մշտադիտարկում ու գնահատում և ըստ անհրաժեշտության` ներկայացնել հիմնավոր առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 493-Ն և N 486-Ն որոշումների գործողության կասեցման ժամկետը երկարացնելու վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-ԻՆ