040.0916.311200
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 դեկտեմբերի 2000 թվականի N 916
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՌՈԳՄԱՆ ԵՎ ԽՄԵԼՈՒ ՋՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԻՄԱՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության «Պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու և «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի 2000-2002 թվականների ֆինանսական առողջացման միջոցառումների մասին» N 658 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բաշխիչ ցանցերի պահանջի իրավունքը` համայնքների ոռոգման և խմելու ջրերի համակարգի կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց առաջացած պարտքերի գծով, փոխանցել (ցեսիայի պայմանագրով) «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը: Փոխանցված գումարի չափով մարել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ընկերությունների ներքին փոխադարձ պարտավորությունները` էլեկտրաէներգիայի մասով:
2. Առաջարկել համայնքների ղեկավարներին 30-օրյա ժամկետում կազմել համայնքների ոռոգման և խմելու ջրերի համակարգի կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց առաջացած պարտքերի մարման ժամանակացույց (մինչև 10 տարի մարման ժամկետով) և «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել երաշխավորության պայմանագրեր:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության հետ, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն համայնքների երաշխիքային պարտավորությունների կատարման իրատեսական մեխանիզմների վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` իրենց իրավասության սահմաններում աջակցել սույն որոշման 2-րդ կետի պահանջների կատարմանը:
5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` սույն որոշման 2-րդ կետում նշված ժամկետում ժամանակացույց չկազմած և երաշխիքներ չտրամադրած համայնքների նկատմամբ անվերապահորեն կիրառել էլեկտրաէներգիայից օգտվելու կանոնները (ԷՕԿ):
6. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` սույն որոշման 1-ին կետի համաձայն պարտքերի վերակառուցումն ավարտելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության հետ համատեղ արձանագրել սույն որոշմամբ իրականացված վերակառուցումների արդյունքում առաջացած` էներգահամակարգի այն հարկային պարտավորությունները, որոնց վրա տարածվում է «Պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու և «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի պահանջները:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 31-ից: