i
(ուժը կորցրել է 17.05.12 թիվ 610-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 օգոստոսի 1994 թ. թիվ 374
i
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքից օգտվելու կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչությանը` մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել պետական բյուջեի միջոցների հաշվին հետախուզված նոր շահագործվող հանքավայրերի օգտագործման արտոնագրերի (թույլտվությունների) տրման մրցութային կարգը:
3. Օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման նպատակով նախկինում տրված արտոնագրերը (թույլտվությունները) և լեռնահատկացման ակտերը սույն որոշման ընդունումից հետո կորցնում են իրենց ուժը: Ընդերքից օգտվելու նոր արտոնագրերը և լեռնահատկացման ակտերը սահմանված կարգով տրվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությաքն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության կողմից:
4. Գործող հանքարդյունահանող ձեռնարկություններին հանքավայրերի շահագործման նոր արտոնագրերի տրման ժամկետ սահմանել 1994 թվականի դեկտեմբերի 1-ը:
i
5. Առանձին օտարերկրյա ձեռնարկությունների համար այդ ձեռնարկությունների և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմինների միջև օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման նպատակով կնքվող պայմանագրերով կարող են սահմանվել ընդերքից օգտվելու այլ պայմաններ, քան սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված պայմանները: Դրանք կարող են կիրառվել միայն օտարերկրյա ձեռնարկություններ հետ կնքված պայմանագրերին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանություն տալուց հետո:
/5-րդ կետը լրաց. 06.02.97 թիվ 21 որոշում/
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
օգոստոսի 15-ի թիվ 374 որոշմամբ
Կ Ա Ր Գ
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
ԸՆԴԵՐՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ
1. Ընդհանուր դրույթներ
1. Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան սույն կարգը կարգավորում է օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի օգտագործումը:
2. Հավասար իրավունքներով ընդերքն օգտագործողներ կարող են հանդիսանալ այն ձեռնարկությունները, որոնց կանոնադրություններում նշված է համապատասխան գործունեության ոլորտը:
Ընդերքի օգտագործումը վճարովի է և իրականացվում է ընդերքից օգտվելու արտոնագրի և պայմանագրի համաձայն:
2. Ընդերքից օգտվելու արտոնագիրը
3. Օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման արտոնագրերը սահմանված կարգով տրվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
Արտոնագրերում նշվում են օգտակար հանածոների հանքավայրերի ամբողջ պաշարների կամ դրանց որոշակի մասի օգտագործման նպատակներն ու ուղղությունները:
4. Օգտակար հանածոների յուրաքանչյուր հանքավայրի շահագործման արտոնագիրը, որպես կանոն, տրվում է ընդերքի մեկ օգտագործողի: Առանձին դեպքերում տարբեր ձեռնարկությունների կողմից օգտակար հանածոների որևէ հանքավայրի շահագործում կարող է կատարվել տեխնոլոգիապես համաձայնեցված սխեմայով` ապահովելով նախագծային բոլոր լուծումների իրականացումը:
5. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տարբեր հանքավայրերի շահագործման համար ընդերքն օգտագործվողին տրվում է համապատասխան թվով արտոնագիր:
6. Պետական բյուջեի միջոցների հաշվին հետախուզված նոր շահագործվող հանքավայրերի օգտագործման արտոնագրերը պետք է հատկացվեն մրցութային եղանակով, որի անցկացման կարգը, պայմանները և ժամկետները սահմանում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչությունը:
7. Օգտակար հանածոների հանքավայրի շահագործման արտոնագիր ստանալու նախապատվությունը տրվում է այդ ձեռնարկություններին, որոնց ներկայացրած հայտերի հիման վրա կամ սեփական միջոցների հաշվին հայտնաբերվել և հետախուզվել է տվյալ հանքավայրը:
Նշված ձեռնարկություններն արտոնագիր ստանալու համար Հայաստանի հանրապետության էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) արտոնագիր ստանալու հայտ.
բ) ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերը.
գ) ընդերքից օգտվելու համար պետական իշխանության տեղական մարմինների համաձայնությունը.
դ) տեղեկանք օգտակար հանածոների պաշարների մասին` տրված Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչության կողմից.
ե) արտադրության ծրագրված տարեկան ծավալները և արտադրատեսակների անվանացանկը:
8. Սույն կարգի 7-րդ կետի համաձայն արտոնագիր ստացող ձեռնարկությունն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչությունից ստանալու իր միջոցներով հետախուզված հանքավայրի վերաբերյալ համակողմանի տեղեկատվություն, որը հնարավորություն կընձեռնի մշակելու հանքավայրի տեխնիկատնտեսական հիմնավորումը և շահագործման նախագիծը: Դիտարկվող բնագավառի հատկապես լիազորված պետական կառավարման մարմինների հետ նշված փաստաթղթերի սահմանված կարգով համաձայնեցումն իրականացվում է վեցամսյա ժամկետում:
9. Գործող հանքարդյունահանող ձեռնարկություններն արտոնագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) արտոնագիր ստանալու հայտ.
բ) տեղեկանք օգտակար հանածոների պաշարների մասին` տրված Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչության կողմից.
գ) ձեռնարկության վերջին երեք տարվա գործունեության փաստացի և նախագծային հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ տեղեկանք.
դ) ընդերքից և հողատարածքից օգտվելու համար նախկինում տրված փաստաթղթերի պատճենները, այդ թվում` հանքավայրի շահագործման նախագծի հաստատման մասին որոշումը և լեռնահատկացման ու հողահատկացման ակտերը:
10. Գործող հանքարդյունահանող ձեռնարկության անբավարար գործունեության դեպքում (հանքավայրի շահագործման երկրաբանական, լեռնատեխնիկական, որակական-տեխնոլոգիական, բնապահպանական և արտադրատնտեսական պահանջների լրիվ կամ մասնակի անտեսում) արտոնագրում կարող են սահմանվել ժամկետներ, որոնց ընթացքում ձեռնարկությունը պարտավոր է իր գործունեությունը համապատասխանեցնել արտոնագրի նպատակային խնդիրներին: Եթե ձեռնարկությունը սահմանված ժամկետում ի վիճակի չէ լուծելու արտոնագրի նպատակային խնդիրները, ապա նա զրկվում է ընդերքից օգտվելու իրավունքից, իսկ շահագործվող հանքավայրը դառնում է ընդհանուր հիմունքներով արտոնագրման օբյեկտ:
3. Ընդերքից օգտվելու պայմանագիրը
11. Օգտակար հանածոների հանքավայրի շահագործման նպատակով տրված արտոնագրի հիման վրա սահմանված կարգով հանքարդյունահանող ձեռնարկության (ընդերքն օգտագործողի) և Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչության (ընդերքը տրամադրողի) միջև կնքվում է պայմանագիր:
Պայմանագիրը կողմերի հարաբերությունները որոշող հիմնական իրավական փաստաթուղթն է, որով սահմանվում են պայմանագիր կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ընդերքի օգտագործման պայմաններն ու ժամկետները, վարձաչափերը և դրանց վճարման կարգը, ընդերքից օգտվելու իրավունքի դադարեցումը, ինչպես նաև նրանց փոխհարաբերությունները կարգավորող այլ պայմաններ:
12. Նոր շահագործվող հանքավայրերի օգտագործման պայմանագրերի կնքման համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
ա) սահմանված կարգով տրված արտոնագրի պատճենը`
բ) հանքավայրի շահագործման նախագիծը և տեխնիկատնտեսական հիմնավորումը` սահմանված կարգով համաձայնեցված դիտարկվող բնագավառի հատկապես լիազորված պետական կառավարման մարմինների, ինչպես նաև պետական իշխանության տեղական մարմինների հետ:
Պայմանագիրը կնքվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:
13. Գործող հանքարդյունահանող ձեռնարկությունները պայմանագիր կնքելու համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`
ա) սահմանված կարգով տրված արտոնագրի պատճենը.
բ) ձեռնարկության վերջին երեք տարվա գործունեության փաստացի և նախագծային հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ տեղեկանք.
գ) ընդերքից և հատկացված հողատարածքներից օգտվելու համար նախկինում տրված փաստաթղթերի պատճենները, այդ թվում` հանքավայրի շահագործման նախագծի հաստատման մասին որոշման և լեռնահատկացման ու հողահատկացման ակտերի պատճենները:
Պայմանագիրը կնքվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 15-օրյա ժամկետում:
14. Կնքված պայմանագրերը սահմանված կարգով գրանցվում են հանրապետական երկրաբանական ֆոնդում:
15. Պայմանագրում ընդերքից օգտվելու ժամկետները սահմանվում են մինչև 25 տարի:
Պայմանագրում սահմանվում են նաև օգտակար հանածոների տարեկան արդյունահանման և պաշարների մարման քանակները, հանքարտադրատեսակների անվանացանկը և տարեկան թողարկման քանակները:
16. Օգտակար հանածոների բոլոր խմբերի հանքավայրերի համար պայմանագրերին կից ներկայացվում են պաշարների հաշվարկի գծապատկերային (սխեմայական) հատակագիծը (կտրվածքներով) և տվյալ պայմանագրով օգտագործման տրվող հանքավայրի համապատասխան տեղամասի սահմանները, դրանցում պարփակված պաշարների քանակը և որակը, պաշարների հաշվարկային բլոկներն ըստ կատեգորիաների:
հանքավայրի պաշարների հաշվարկի գծապատկերային (սխեմայական) հատակագիծը (կտրվածքներով) դիտվում է որպես պայմանագրի անբաժանելի մաս:
17. Պայմանագրում արտացոլվում են`
ա) շահագործման համար հատկացված տեղամասի հիմնական ու ուղեկից օգտակար հանածոների քանակները, դրանցում հիմնական և ուղեկից բաղադրիչների պարունակությունը.
բ) ձեռնարկության տարեկան արտադրողականությունն ըստ արդյունահանվող օգտակար հանածոյի և թողարկվող հանքարտադրանքի, դրանց որակների համապատասխանությունը ստանդարտներին, տեխնիկական պայմաններին և հաստատված լավորակությանը (կոնդիցիային):
18. Լրահետախուզման կամ շահագործական հետախուզման արդյունքներով նույն հանքավայրում օգտակար հանածոների պաշարների փոփոխության դեպքում ընդերքն օգտագործման տալու պայմանագրի ժամկետները, կողմերի համաձայնությամբ, կարող են փոփոխվել:
19. Պայմանագրի «Հատուկ պայմաններ» բաժնում պետք է նախատեսվի պայմանագրային պարտավորությունների փոփոխում` կապված հանքավայրի լեռնաերկրաբանական պայմանների զգալի փոփոխման, արտադրության տեխնիկատեխնոլոգիական կառուցվածքի էական տեղաշարժերի և այլ գործոնների հետ:
20. Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչությունը պարտավոր է`
ա) ընդերքն օգտագործողին վճարովի հիմունքներով տրամադրել հանքավայրի վերաբերյալ անհրաժեշտ երկրաբանական տեղեկատվություն` անկախ մասնագիտական փորձաքննություն անցկացնելու համար.
բ) անհրաժեշտության դեպքում անկախ փորձաքննության արդյունքների հիման վրա իր միջոցներով կատարել հանքավայրի լրահետախուզում և երկրաբանատնտեսագիտական վերագնահատում:
21. Պայմանագրային պարտավորությունների խախտման դեպքում կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Ընդերքի օգտագործման վարձը և վճարման կարգը
22. Ընդերքի շահագործումը վճարովի է: Պայմանագրով նախատեսվում է ընդերքից օգտվելու ընդհանուր վարձաչափ` մարվող պաշարների տարեկան քանակին համապատասխան:
23. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տարբեր տեսակի օգտակար հանածոների օգտագործման և երկրաբանահետախուզական աշխատանքների համար կատարված ծախսերի հատուցումը կատարվում է ըստ տարեկան մարվող պաշարների քանակի:
Վարձաչափերը փոփոխվում են սահմանված կարգով հաշվարկված արդյունաբերական մեծածախ գների տարեկան ամփոփ ինդեքսին համապատասխան:
24. Ընդերքի օգտագործման վարձը վճարողներ են հանրապետության տարածքում գործող բոլոր հանքարդյունահանող ձեռնարկությունները (անկախ սեփականության ձևից): Վարձավճարը հաշվառվում է արտադրանքի ինքնարժեքի մեջ:
Ընդերքի օգտագործման վարձը հաշվանցվում է հանրապետական բյուջե:
25. Պայմանագրում մարվող պաշարների որակին ու քանակին համարժեք վարձաչափերի հաշվարկը պետք է կատարվի ընդերքն օգտագործողների և ընդերքը տրամադրողի միջև տարեկան կտրվածքով կազմվող համաձայնագրերի հիման վրա, որոնք կցվում են պայմանագրերին և դրանց անբաժանելի մասն են:
5. Լեռնահատկացում
26. Լեռնահատկացումը կատարվում է օգտակար հանածոների հանքավայրի շահագործման նպատակով սահմանված կարգով տրված արտոնագրի և կնքված պայմանագրի հիման վրա:
27. Լեռնահատկացումը ձևակերպվում է ընդերքի օգտագործման աշխատանքներն սկսելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության համապատասխան ակտով:
Լեռնահատկացման ակտը ձևակերպվում է դիմելու օրվանից 15-օրյա ժամկետում:
28. Լեռնահատկացման ակտով որոշվում են ընդերքի օգտագործման տրվող տեղամասերի տարածական չափերը (իրենց կոորդինատային ցանցով), որոնց սահմաններում թույլատրվում է կատարել պայմանագրով նախատեսված արդյունահանման աշխատանքները:
29. Լեռնահատկացման ակտով տրված տեղամասերի սահմանները որոշելիս, բացի այդ տեղամասերի տարածական չափերից, հաշվի են առնվում նաև ընդերքից օգտվելու հետ կապված աշխատանքների տեխնոլոգիական ազդեցության գոտիները: Լեռնահատկացման ակտով տրված տեղամասերի սահմանների փոփոխությունները կատարում է Հայլեռտեխհսկողությունը:
30. Արգելվում է առանց լեռնահատկացման, ինչպես նաև լեռնահատկացման ակտով տրված տեղամասերի սահմաններից դուրս օգտակար հանածոների հանքավայրերի շահագործումը:
31. լեռնահատկացման և տրված տեղամասերի սահմանների փոփոխության մասին Հայլեռտեխհսկողությունն իրազեկում է հանրապետական երկրաբանական ֆոնդին` ներկայացնելով լեռնահատկացման ակտի պատճենը:
6. Հողհատկացում
32. Ընդերքից օգտվելու համար հողհատկացումը կատարվում է արտոնագրի, պայմանագրի և լեռնահատկացման ակտի հիման վրա` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով և այլ օրենսդրական ակտերով սահմանված կարգով:
33. Ընդերքն օգտագործելիս ծագող հողային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հողային և ընդերքի մասին օրենսդրություններով:
7. Ընդերքն օգտագործողների իրավունքներն
ու պարտականությունները
34. Ընդերքն օգտագործողներն իրավունք ունեն`
ա) ընդերքի հատկացված տեղամասում իրականացնելու ընդերքից օգտվելու արտոնագրով և պայմանագրով նախատեսված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ձեռնարկատիրական գործունեություն.
բ) լեռնահատկացման սահմաններում, սեփական միջոցների հաշվին, առանց լրացուցիչ թույլտվության անցկացնելու շահագործական-հետախուզական աշխատանքներ, որոնց արդյունքներով օգտակար հանածոների պաշարները սահմանված կարգով հաստատելուց հետո նյութերը ներկայացնելու Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչություն.
գ) անկախ փորձաքննության արդյունքներով պաշարների քանակի ու որակի վերաբերյալ նախկին տեղեկատվության փոփոխման դեպքում դիմելու Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն և Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչություն` արտոնագրում և պայմանագրում համապատասխան փոփոխություններ մտցնելու համար:
35. Ընդերքն օգտագործողները պարտավոր են ապահովել`
ա) երկրաբանամարկշեյդերական աշխատանքների իրականացումը, օգտակար հանածոների պաշարների շարժի հաշվառումը, հետախուզված, արդյունահանված և ընդերքում թողնված պաշարների ու դրանց պարունակած օգտակար բաղադրիչների վերաբերյալ սահմանված կարգով տարեկան հաշվետվություն ներկայացնելը դիտարկվող բնագավառի հատկապես լիազորված պետական կառավարման մարմիններին.
բ) Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչության երկրաբանամարկշեյդերական վերահսկողական ծառայության համար համապատասխան պայմանների ստեղծումը` տեղերում իրենց պարտականությունների իրականացման նպատակով.
գ) ընդերքից օգտվելու վարձի ժամանակին ու ճիշտ վճարումը.
դ) տարեկան համապատասխան վիճակագրական հաշվետվությունները դիտարկվող բնագավառի հատկապես լիազորված պետական կառավարման մարմիններին սահմանված կարգով ներկայացնելը.
ե) աշխատանքների անվտանգ կատարումը.
զ) ընդերքից օգտվելու հետևանքով խախտված հողամասերն անվտանգ վիճակի բերելը, ինչպես նաև դրանք տնտեսության մեջ օգտագործման համար պիտանի դարձնելը.
է) մթնոլորտային օդի, հողի, անտառների, ջրի և շրջակա միջավայրի մյուս օբյեկտների, ինչպես նաև շինությունների ու այլ կառույցների, բնության, պատմության և մշակույթի հուշարձանների` ընդերքի օգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից զերծ պահումը.
ը) հետախուզական լեռնային փորվածքների և հորատանցքերի պահպանումը, եթե դրանք կարող են օգտագործվել օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման ժամանակ ու տնտեսական այլ նպատակներով, և սահմանված կարգով դրանց լուծարումը, եթե հետագա օգտագործման ենթակա չեն:
8. Ընդերքից օգտվելու իրավունքի դադարեցումը
36. Ընդերքից օգտվելու իրավունքի դադարեցման հիմքերը սահմանվում են Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքով:
37. Ընդերքից օգտվելու իրավունքը սահմանված կարգով դադարեցվում է արտոնագիրը, պայմանագիրը կամ լեռնահատկացման ակտը չեղյալ հայտարարելու միջոցով:
Ընդերքի ոչ նպատակային օգտագործման և պայմանագրային պարտավորությունների խախտման դեպքում ընդերքից օգտվելու իրավունքը դադարեցնելու մասին որոշումը կայացվում է թույլ տրված խախտումների վերաբերյալ ընդերքն օգտագործողին գրավոր ծանուցումից 3 ամիս հետո:
9. Վեճերի լուծման կարգը
38. Ընդերքից օգտվելու ընթացքում ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: