(ուժը կորցրել է 01.07.04 թիվ 987-Ն որոշում)
i
040.0426.290700
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հուլիսի 2000 թվականի N 426
i
«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման 4-րդ կետն ու 6-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
i
ա) վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության լիցենզավորման ու վերահսկման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը.
i
բ) մինչև 1999 թվականի նոյեմբերի 1-ը վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության լիցենզիա ստացած անձանց կողմից «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետի և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի 4-րդ կետի համաձայն 2000 թվականի նոյեմբերի 1-ից հետո մեկ տարի ժամանակահատվածի համար տարեկան պետական տուրքի գումարը ենթակա է վճարման մինչև 2000 թվականի նոյեմբերի 1-ը.
i
գ) 1999 թվականի նոյեմբերի 1-ից հետո վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության լիցենզիա ստացած անձանց կողմից «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետի և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի 4-րդ կետի համաձայն առաջին տարեկան տուրքի գումարը ենթակա է վճարման մինչև լիցենզիան ստանալու օրվան հաջորդող 365-րդ օրը` հաշվի առնելով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 2-րդ կետը.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման և անցկացման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 600 որոշումն ուժի մեջ է միայն 2000 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության լիցենզիա ունեցող անձանց համար և մինչև 2000 թվականի նոյեմբերի 1-ը:
(1-ին կետը փոփ. 28.09.00 թիվ 601 որոշում)
2. Հաստատել`
ա) վիճակախաղերի չիրացված տոմսերի հաշվառման և ոչնչացման կարգը (կցվում է).
բ) Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման լիցենզավորման կարգը (կցվում է):
(2-րդ կետը փոփ. 07.01.02 թիվ 4 որոշում)
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության լիցենզիա տրամադրելու մասին հինգօրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին.
բ) «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 3-րդ կետին համապատասխան սահմանվող կարգում նախատեսել վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեություն իրականացնող անձանց կողմից իրենց գործունեության վերաբերյալ էլեկտրոնային տեղեկությունները նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն ներկայացնելը:
4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ (այդ թվում` տույժեր և տուգանքներ) ունենալու դեպքում այդպիսի պարտավորության արձանագրման պահից հինգօրյա ժամկետում դրա մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 1-ից:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2000 թ.
հուլիսի 29-ի N 426 որոշմամբ
i
ԿԱՐԳ
ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՉԻՐԱՑՎԱԾ ՏՈՄՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է վիճակախաղերի չիրացված տոմսերի հաշվառման և ոչնչացման կարգը:
2. Վիճակախաղի չիրացված տոմսերը ենթակա են հաշվառման և ոչնչացման վիճակախաղի կազմակերպչի կողմից հաստատված` վիճակախաղի չիրացված տոմսերի հաշվառման և ոչնչացման հանձնաժողովի (այսուհետև` հանձնաժողով) ներկայությամբ:
3. Վիճակախաղի չիրացված տոմսերը հաշվառվում և ոչնչացվում են`
ա) խաղարկությունով վիճակախաղի դեպքում` հերթական խաղարկությունից ոչ ուշ, քան 3 ժամ առաջ.
բ) ոչ խաղարկությունով վիճակախաղի դեպքում` առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող թերթում վիճակախաղի գործունեությունն ավարտելու մասին հայտարարություն տալուց հետո 3 ամսվա ընթացքում:
4. Վիճակախաղի չիրացված տոմսերի ոչնչացման վայրը, որտեղ առկա են ոչնչացման պայմաններ, և ոչնչացման ձևը (այրել, աղալ, վերամշակել) ընտրում է կազմակերպիչը:
5. Լիազոր մարմնի ներկայացուցիչն իրավունք ունի ցանկացած ժամանակ մասնակցելու վիճակախաղերի տոմսերի հաշվառմանն ու ոչնչացմանը:
6. Կազմակերպիչը կազմում է համապատասխան ցանկ, որում նշվում են տվյալ վիճակախաղի անվանումը, ոչնչացման ենթակա վիճակախաղի չիրացված տոմսերի տեսակը, թիվը, իսկ խաղարկությունով վիճակախաղի դեպքում` խաղարկության համարը:
7. Կազմակերպչի կողմից կազմված ցանկը ներկայացվում է հանձնաժողովին, որն իր նիստում սույն կարգին համապատասխան որոշում է վիճակախաղի չիրացված տոմսերի ոչնչացման ժամկետներն ու ձևերը:
8. Հանձնաժողովի անդամները հաշվառում են ոչնչացման ենթակա վիճակախաղի տոմսերը և ստուգում դրանց իսկությունը:
9. Վիճակախաղի տոմսերի իսկությունն ստուգելու դեպքում ստուգվում են վիճակախաղի տոմսերի մինչև 5 տոկոսը, կեղծիք հայտնաբերելու դեպքում` մինչև 20 տոկոսը:
10. Վիճակախաղի տոմսերի թվի և իսկության ստուգման ժամանակ սխալ կամ կեղծիք հայտնաբերելու դեպքում կազմվում է համապատասխան ակտ:
11. Ոչնչացման ենթակա վիճակախաղի տոմսերի հաշվառումից և ստուգումից հետո դրանք տեղադրվում են հատուկ պարկերում կամ ծանրոցներում ու կնքվում վիճակախաղի կազմակերպչի կնիքով, որից հետո տեղափոխվում ոչնչացման վայր, որտեղ կարող է կիրառվել ոչնչացման երեք եղանակ` փոշիացում (աղալու միջոցով), այրում կամ վերամշակում:
12. Չիրացված տոմսերի ոչնչացումից հետո կազմվում է ակտ, որն ստորագրում են հանձնաժողովի անդամները: Ակտում պարտադիր նշվում են վիճակախաղի անվանումը, ոչնչացված վիճակախաղի տոմսերի ընդհանուր թիվը, խաղարկության համարը, ինչպես նաև ստուգված տոմսերի ընդհանուր թիվը: Հանձնաժողովի կողմից ստորագրված ակտն իրավաբանական ուժ ունի, եթե այն ստորագրել են վիճակախաղի չիրացված տոմսերի ոչնչացմանը ներկա` հանձնաժողովի անդամներից առնվազն չորսը:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հունվարի 7-ի N 4 որոշմամբ
i
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
(կարգը խմբ. 07.01.02 թիվ 4 որոշում)
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության լիցենզավորման հետ կապված վարչական հարաբերություններն ու վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի ձևը (կցվում է):
2. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում հայտ, որում նշվում են`
ա) հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը.
բ) վիճակախաղի անվանումը.
գ) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
3. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
ա) հայտատուի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները.
բ) հայտատուի իրավասու մարմնի որոշումը տվյալ վիճակախաղի կազմակերպման և անցկացման մասին.
գ) իրային շահումների դեպքում` մատակարարի հետ կնքված պայմանագիրը կամ իրային շահումների առկայության մասին տեղեկանք` ըստ քանակի, տեսակի և արժեքի.
դ) վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը` 2 օրինակից, հաստատված հայտատուի կառավարման բարձրագույն մարմնի կողմից: Կանոնակարգում պետք է արտացոլվեն`
հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը.
վիճակախաղի անվանումը.
վիճակախաղի կազմակերպման և անցկացման նկարագիրը.
վիճակախաղի խաղարկության անցկացման հրապարակման կարգը.
վիճակախաղի տոմսի գինը.
շահումների բաշխումը` ըստ շահումների տեսակների և չափի (բացառությամբ տոտալիզատորի), իսկ ոչ խաղարկությամբ վիճակախաղի դեպքում` նաև ըստ քանակի.
վիճակախաղի խաղարկությունների անցկացման հաճախականությունը.
վիճակախաղի խաղարկությունների անցկացման վայրը.
վիճակախաղի տոմսի նկարագիրը.
շահումները տալու վայրը, ժամկետը.
վիճակախաղի կազմակերպչի իրավունքները և պարտականությունները.
վիճակախաղի մասնակիցների իրավունքները և պարտականությունները.
ե) վիճակախաղի տոմսի նմուշի աշխատանքային օրինակը.
զ) վիճակախաղի կազմակերպման համար հայտատուի վերջին հաշվետու ժամանակաշրջանի` օրենքով սահմանված հաշվապահական հաշվետվությունները:
4. Լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում նշանակում է քննարկում` հայտատուին առնվազն յոթ օր առաջ գրավոր կամ բանավոր տեղեկացնելով քննարկման վայրի (հասցեն), օրվա ու ժամի մասին: Լիազոր մարմինը քննարկումն իրականացնում է անկախ հայտատուի ներկայացուցչի ներկայությունից:
5. Հայտի մերժման կամ բավարարման դեպքում լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:
6. Վիճակախաղի կազմակերպիչը վիճակախաղի կազմակերպման ու անցկացման կանոնակարգում փոփոխություններ կատարելու դեպքում նախքան դրա կիրառումը դիմում է լիազոր մարմին` դրանք համաձայնեցնելու համար` փոփոխությունները ներկայացնելով երկու օրինակից:
7. Լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում ընդունում է որոշում վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում առաջարկվող փոփոխություններին համաձայնություն տալու կամ մերժելու մասին: Որոշման պատճենը 3 օրվա ընթացքում տրամադրվում (փոստով առաքվում) է վիճակախաղի կազմակերպչին:
8. Եթե լիազոր մարմինն ընդունել է սույն կարգի 6-րդ կետին համապատասխան ներկայացված հայտը վերապահումով բավարարելու մասին որոշում, ապա հայտատուն պարտավոր է այդ որոշման պատճենն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում լիազոր մարմին ներկայացնել ուղղված փաստաթղթերը, որից հետո լիազոր մարմինը հինգօրյա ժամկետում հայտատուին տրամադրում է վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում կատարված փոփոխության 1 օրինակը:
9. Լիազոր մարմինը կազմակերպչի կողմից վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում առաջարկվող փոփոխություններին չի տալիս իր համաձայնությունը, եթե`
ա) ներկայացված փոփոխությունները չեն բավարարում սույն կարգի և «Վիճակախաղի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները,
բ) փոփոխությունների կատարումը կվտանգի մասնակիցների շահերը:
10. Ներկայացված փոփոխությունները մերժելու մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառները և իրավական հիմքերը:
11. Վիճակախաղի կազմակերպիչը`
ա) վիճակախաղի տոմսերի իրացումն սկսելուց 10 օր առաջ լիազոր մարմին է ներկայացնում վիճակախաղի տոմսի վերջնական նմուշը.
բ) կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու դեպքում 1-ամսյա ժամկետում դրա մասին ծանուցում է լիազոր մարմնին` ներկայացնելով այդ փոփոխությունները կամ լրացումները:
12. Վիճակախաղի կազմակերպչի կողմից լիազոր մարմնի համաձայնեցմանը ներկայացված գովազդի վերաբերյալ համաձայնությունը (կամ անհամաձայնությունը) լիազոր մարմինը տալիս է տասնօրյա ժամկետում:
Ձև
---
Տրված է
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարի 200 թվականի
------------- -ի ----- -ի N հրամանով
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարի տեղակալ
_______________________________________
Կ.Տ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ
ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
Գրանցման համարը ------------- ՎԽ-
Կազմակերպության անվանումը --------------------------------------
Տրված է --------------- ---- ------------ -ի 200 թ.
Գործողության ժամկետը ------- անժամկետ