ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵՄԴ/1776/02/13
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/1776/02/13 2016թ.
Նախագահող դատավոր` Ն. Տավարացյան
Դատավորներ` Ա. Հունանյան
Գ. Կարախանյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2016 թվականի ապրիլի 22-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի ներկայացուցիչ Վարդան Սաֆարյանի, Էդվարդ Ստեփանյանի ներկայացուցիչ Մարետա Բաբայանի, Համլետ Կարապետյանի ներկայացուցիչ Գնել Նազարյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Համլետ Կարապետյանի ընդդեմ Արմեն Ստամբոլցյանի, Նունե Նասոյանի, Էդվարդ Ստեփանյանի և Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի` գործարքը շինծու համարելու և ճանաչելու, առոչինչ գործարքի հետևանքները կիրառելու և անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի ընդդեմ Համլետ Կարապետյանի, Հասմիկ, Արամ Բունիաթյանների, երրորդ անձինք Արմեն Ստամբոլցյանի, Նունե Նասոյանի, Էդվարդ Ստեփանյանի` վտարման և վնասի հատուցման պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Համլետ Կարապետյանը պահանջել է Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 109, թիվ 109ա տների առուվաճառքի գործարքը համարել ու ճանաչել շինծու և կիրառել շինծու` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ, այն է` Աղասի Կարապետյանի և Արմեն Ստամբոլցյանի միջև 07.11.2007 թվականին կնքված վերոնշյալ բնակելի տների առուվաճառքի գործարքի հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) գրանցամատյանում կատարված իրավունքի պետական գրանցումները, Արմեն Ստամբոլցյանի և Էդվարդ Ստեփանյանի միջև 26.05.2009 թվականին կնքված Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 109 տան առուվաճառքի գործարքը, դրա հիման վրա Կադաստրի գրանցամատյանում կատարված իրավունքի պետական գրանցումը, Էդվարդ Ստեփանյանի և Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի միջև 26.06.2009 թվականին կնքված Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 109 տան առուվաճառքի գործարքը, դրա հիման վրա Կադաստրի գրանցամատյանում կատարված իրավունքի պետական գրանցումը, Արմեն Ստամբոլցյանի և Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի միջև 29.06.2009 թվականին կնքված Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 109ա տան առուվաճառքի գործարքը, դրա հիման վրա Կադաստրի գրանցամատյանում կատարված իրավունքի պետական գրանցումը ճանաչել անվավեր, ինչպես նաև այդ բնակելի տների նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանը պահանջել է հակընդդեմ պատասխանողներին վտարել Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 109ա տնից և հատուցել պատճառված վնասը:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Կարապետյան) (այսուհետ` Դատարան) 24.12.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է: Վճռվել է. «որպես Աղասի Էդուարդի Կարապետյանի և Արմեն Ստամբոլցյանի միջև 07.11.2007 թվականին կնքված շինծու գործարքի անվավերության հետևանքներ` անվավեր ճանաչել Աղասի Կարապետյանի և Արմեն Ստամբոլցյանի միջև 07.11.2007 թվականին կնքված Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 109 և թիվ 109ա հասցեների բնակելի տների առուվաճառքի գործարքի հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գրանցամատյանում կատարված իրավունքի պետական գրանցումները, Արմեն Ստամբոլցյանի և Էդվարդ Ստեփանյանի միջև 26.05.2009 թվականին կնքված Երևանի Շահումյան 16-րդ փողոց, թիվ 109 հասցեի բնակելի տան առուվաճառքի գործարքը, դրա հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գրանցամատյանում կատարված իրավունքի պետական գրանցումը, Էդվարդ Ստեփանյանի և Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի միջև 26.06.2009 թվականին կնքված Երևանի Շահումյան 16-րդ փողոց, թիվ 109 հասցեի բնակելի տան առուվաճառքի գործարքը, դրա հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գրանցամատյանում կատարված իրավունքի պետական գրանցումը, Արմեն Ստամբոլցյանի և Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի միջև 29.06.2009 թվականին կնքված Երևանի Շահումյան 16-րդ փողոց, թիվ 109ա հասցեի բնակելի տան առուվաճառքի գործարքը, դրա հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գրանցամատյանում կատարված իրավունքի պետական գրանցումը: Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 109 և թիվ 109ա հասցեների բնակելի տների նկատմամբ ճանաչել հայցվոր Համլետ Կարապետյանի սեփականության իրավունքը: Որպես շինծու գործարքի անվավերության հետևանք` Աղասի Կարապետյանի և Արմեն Ստամբոլցյանի միջև կնքված համարել 22.264.000 ՀՀ դրամը վերադարձնելու պայմանով փոխառության պայմանագիր` Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 109 և թիվ 109ա տների գրավադրմամբ»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.05.2015 թվականի որոշմամբ Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի, Համլետ Կարապետյանի, Էդվարդ Ստեփանյանի և Արմեն Ստամբոլցյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 24.12.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի, Էդվարդ Ստեփանյանի և Համլետ Կարապետյանի ներկայացուցիչները:
Վճռաբեկ բողոքների պատասխան են ներկայացրել Համլետ Կարապետյանը, Հասմիկ և Արամ Բունիաթյանները:
2. Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ կետը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 275-րդ, 303-րդ, 306-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ, 53-րդ, 219-րդ և 220-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս չի կատարել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն:
Դատարանին որպես ապացույց ներկայացվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 31.01.2011 թվականի թիվ ԵՄԴ/0286/02/10 վճիռը, այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.05.2012 թվականի որոշումը և ՀՀ վճռաբեկ դատարանի 27.06.2012 թվականի որոշումը:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածին, նշել է, որ թիվ ԵՄԴ/0286/02/10 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերով հաստատված հանգամանքները սույն գործի համար չեն կարող նախադատելի նշանակություն ունենալ, քանի որ տարբեր է գործին մասնակցող անձանց շրջանակը, ինչպես նաև թիվ ԵՄԴ/0286/02/10 քաղաքացիական գործով շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջ ներկայացված չլինելու դեպքում այդ առումով դատարանի ցանկացած հետևություն դուրս է նշված գործով ներկայացված հայցի առարկայի սահմաններից, հետևաբար չի կարող նախադատելի նշանակություն ունենալ:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Համլետ Կարապետյանը Աղասի Կարապետյանի ժառանգն է` իրավահաջորդը, և կրում է իրավունքներ ու պարտականություններ, իսկ Հասմիկ Բունիաթյանը և Արամ Կարապետյանը նշված քաղաքացիական գործով և սույն գործով հայցվոր կամ պատասխանող չեն, այլ երրորդ անձ են և վեճի մեջ ընդգրկվել են միայն հակընդդեմ հայցի շրջանակներում` վտարման պահանջի մասով, և նրանք որևէ պահանջ չեն ներկայացրել դատարանին:
Բացի այդ, վերը նշված դատական ակտով հիմնավորվել է, որ Աղասի Կարապետյանի և Արմեն Ստամբոլցյանի միջև 07.11.2007 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը կազմվել է օրենքի պահանջներին համապատասխան և դրանց պահպանմամբ, իսկ Էդվարդ Ստեփանյանը և Ռոբին-Օֆիկ Օսկանյանը վիճելի անշարժ գույքը ձեռք են բերել այն օտարելու իրավունք ունեցող սեփականատերերից, այն է` Էդվարդ Ստեփանյանը` Արմեն Ստամբոլցյանից, իսկ Ռոբին-Օֆիկ Օսկանյանը` համապատասխանաբար Էդվարդ Ստեփանյանից, և նրանք այդ գույքի բարեխիղճ ձեռք բերողներն են: Ռոբին-Օֆիկ Օսկանյանը նախքան առուվաճառքի պայմանագրեր կնքելը եղել է վիճելի հասցեներում, իսկ Աղասի Կարապետյանը տեղեկացվել է տների օտարման մասին և պարտավորվել է մինչև տարվա վերջ ազատել այդ տները:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.08.2013 թվականի թիվ ԵՄԴ/0286/02/10 վճռով Հասմիկ, Արամ Բունիաթյանները և Համլետ Կարապետյանը վտարվել են Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 109 հասցեի տնից: Հետևաբար թիվ ԵՄԴ/0286/02/10 քաղաքացիական գործով ապացուցված հանգամանքները սույն գործի համար նախադատելի նշանակություն ունեն, մինչդեռ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածը և խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, որի արդյունքում էլ խախտվել է նաև Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի սեփականության իրավունքը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանը վիճելի բնակելի տների համար վճարել է 160.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և կրում է վնասներ, մասնավորապես, գործում առկա փորձագետի եզրակացության համաձայն` վիճելի բնակելի տների վարձավճարի շուկայական արժեքը 29.09.2014 թվականի դրությամբ կարող է կազմել 235.440 ՀՀ դրամ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.05.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել:
2.1. Էդվարդ Ստեփանյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 305-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը վճիռ կայացնելիս բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել ու գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, մասնավորապես` հաշվի չի առել թիվ ԵՄԴ/0286/02/10 քաղաքացիական գործով հաստատված հանգամանքները և անհիմն բավարարել է Համլետ Կարապետյանի հայցը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նախկինում քննված թիվ ԵՄԴ/0286/02/10 քաղաքացիական գործով հաստատված հանգամանք է, որ Էդվարդ Ստեփանյանը և Ռոբին-Օֆիկ Օսկանյանը վիճելի անշարժ գույքը ձեռք են բերել այն օտարելու իրավունք ունեցող սեփականատիրոջից, և բարեխիղճ ձեռք բերողներ են:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը, հայցը բավարարելով, գործարքների անվավերության հետևանքները կիրառել է միայն վիճելի տան առաջին առուվաճառքի գործարքով` կնքված Աղասի Կարապետյանի և Արմեն Ստամբոլցյանի միջև, իսկ Արմեն Ստամբոլցյանի և Էդվարդ Ստեփանյանի միջև, Արմեն Ստամբոլցյանի և Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի միջև, Էդվարդ Ստեփանյանի և Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի միջև կնքված գործարքներն անվավեր ճանաչելով` գործարքի անվավերության հետևանքներ չի կիրառել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.05.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:
2.2. Համլետ Կարապետյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ և 352-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը բազմակողմանի և լրիվ հետազոտության չի ենթարկել քաղաքացիական գործի նյութերում առկա թիվ 16110712 քրեական գործով 30.08.2013 թվականի «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» որոշումը: Մինչդեռ նշված որոշումը Դատարանի կողմից պատշաճ գնահատականի արժանանալու դեպքում վերջինս կհանգեր այն հետևության, որ իրականում փոխառությամբ վերցված գումարը եղել է ոչ թե 22.264.000 ՀՀ դրամ, այլ` 13.915.000 ՀՀ դրամ, որը ենթակա էր վերադարձման 2009 թվականի հունիս ամսին, ուստի հենց այդ ժամկետն էլ պետք է ընդունել որպես պարտավորության կատարման վերջնաժամկետ:
Վերաքննիչ դատարանը, մի կողմից, հիմնվելով գրավոր ապացույց հանդիսացող 30.08.2013 թվականի «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» որոշման վրա, իրավացիորեն գտել է, որ իրականում 07.11.2007 թվականի առուծախի գործարքը եղել է շինծու, սակայն մյուս կողմից հաշվի չի առել նույն որոշմամբ հաստատված այն հանգամանքը, որ փոխառությամբ ստացված գումարը կազմել է 13.915.000 ՀՀ դրամ, և մերժելով սկզբնական հայցով հայցվորի վերաքննիչ բողոքը` նշել է, որ վերջինիս կողմից չի բերվել բավարար ապացույց առ այն, որ իրականում հայցվորի իրավանախորդին` Աղասի Կարապետյանին, տրվել է ոչ թե 22.264.000 ՀՀ դրամ, այլ` 43.500 ԱՄՆ դոլարին համարժեք 13.915.000 ՀՀ դրամ, որից 2.783.000 ՀՀ դրամն Աղասի Կարապետյանն արդեն իսկ վերադարձրել է:
Այսինքն` Վերաքննիչ դատարանը նույն ապացույցը մի հանգամանք պարզելիս դիտել է որպես արժանահավատ, իսկ մյուս դեպքում` ոչ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.05.2015 թվականի որոշումը միայն շինծու գործարքի քողարկմամբ կնքված իրական գործարքի մասով և փոփոխել այն` «Աղասի Կարապետյանի և Արմեն Ստամբոլցյանի միջև կնքված համարել փոխառության պայմանագիր` 11.132.000 ՀՀ դրամն Աղասի Կարապետյանի կողմից Արմեն Ստամբոլցյանին մինչև 2009 թվականի հունիս ամիսը վերադարձնելու պայմանով»:
2.3. Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի և Էդվարդ Ստեփանյանի ներկայացուցիչների բերած վճռաբեկ բողոքների դեմ ներկայացված` Համլետ Կարապետյանի, Հասմիկ և Արամ Բունիաթյանների պատասխանի հիմնավորումները
Թիվ ԵՄԴ/0286/02/10 քաղաքացիական գործով կայացված դատական ակտը սույն քաղաքացիական գործի համար չունի ապացուցողական նշանակություն, և դրանով հաստատված փաստերը նախադատելի չեն սույն գործի համար, քանի որ դատավարության մասնակիցները թիվ ԵՄԴ/0286/02/10 քաղաքացիական գործով և սույն գործով միևնույնը չեն, սույն գործով մասնակիցների շրջանակն ավելի լայն է, հետևաբար Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանը և Էդվարդ Ստեփանյանը սույն գործով ազատված չեն բարեխիղճ լինելու հանգամանքն ապացուցելու պարտականությունից: Ավելին, թիվ ԵՄԴ/0286/02/10 քաղաքացիական գործով հայցի առարկան եղել է առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելը` վաճառքի ողջ գումարը գնորդի կողմից վաճառողին չտալու հիմքով, հետևաբար նշված գործով Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի և Էդվարդ Ստեփանյանի բարեխիղճ ձեռք բերող համարվելու կամ չհամարվելու փաստը դուրս է եղել դրա ապացուցման առարկայի սահմաններից:
Վերոգրյալից հետևում է, որ թիվ ԵՄԴ/0286/02/10 քաղաքացիական գործով կայացված դատական ակտով հաստատված հանգամանքները սույն գործով նախադատելի չեն, և բողոքաբերներն ազատված չեն սույն գործով այդ փաստերն ապացուցելու պարտականությունից:
Աղասի Կարապետյանի և Արմեն Ստամբոլցյանի միջև 07.11.2007 թվականին կնքված բնակելի տների առուվաճառքի գործարքը եղել է շինծու, հետևաբար նաև` առոչինչ, ուստի պետք է կիրառվեն շինծու գործարքի անվավերության հետևանքներ, այն է` Աղասի Կարապետյանի և Արմեն Ստամբոլցյանի միջև 07.11.2007 թվականին կնքված բնակելի տների առուվաճառքի գործարքի հիման վրա Կադաստրի գրանցամատյանում կատարված իրավունքի պետական գրանցումները, ինչպես նաև դրանից հետո Արմեն Ստամբոլցյանի և Էդվարդ Ստեփանյանի միջև, Էդվարդ Ստեփանյանի և Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի միջև, Արմեն Ստամբոլցյանի և Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի կնքված բնակելի տան առուվաճառքի գործարքները և դրանց հիման վրա Կադաստրի գրանցամատյանում կատարված իրավունքի պետական գրանցումը պետք է ճանաչել անվավեր, իսկ Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 109 և թիվ 109ա տների նկատմամբ պետք է ճանաչվի Համլետ Կարապետյանի սեփականության իրավունքը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 07.11.2007 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի թիվ 5964 պայմանագրով Աղասի Կարապետյանն Արմեն Ստամբոլցյանին վաճառել է Երևան քաղաքի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 109 և 109ա հասցեների անշարժ գույքը (հատոր 1-ին, գ.թ. 18-20).
2) 26.05.2009 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի թիվ 2931 պայմանագրով Արմեն Ստամբոլցյանն Էդվարդ Ստեփանյանին վաճառել է Երևան քաղաքի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 109 հասցեի անշարժ գույքը (հատոր 1-ին, գ.թ. 21-22).
3) 26.06.2009 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի թիվ 3732 պայմանագրով Էդվարդ Ստեփանյանը Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանին վաճառել է Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 109 հասցեի անշարժ գույքը (հատոր 1-ին, գ.թ. 23-24).
4) 29.06.2009 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի թիվ 3802 պայմանագրով Արմեն Ստամբոլցյանը Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանին վաճառել է Երևան քաղաքի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 109ա հասցեի անշարժ գույքը (հատոր 1-ին, գ.թ. 25-26).
5) 12.02.2014 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 11.10.2012 թվականին մահացած Աղասի Կարապետյանի գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում որդին` Համլետ Աղասու Կարապետյանը (հատոր 2-րդ, գ.թ. 15).
6) Ըստ հայցի Աղասի Կարապետյանի ընդդեմ Արմեն Ստամբոլցյանի և Նունե Նասոյանի, Էդվարդ Ստեփանյանի և Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի` ստանձնած պարտավորագրի չկատարման հիմքով անշարժ գույքի նկատմամբ 07.11.2007 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքները վերացնելու պահանջի մասին, և ըստ Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Աղասի Կարապետյանի` բնակելի տներից վտարելու պահանջի մասին, թիվ ԵՄԴ/0286/02/10 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.01.2011 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված են համարվել մասնավորապես հետևյալ հանգամանքները.
- 07.11.2007 թվականին (Աղասի Կարապետյանի և Արմեն Ստամբոլցյանի միջև) կնքված առուվաճառքի պայմանագիրը կազմվել է օրենքի պահանջներին համապատասխան և դրանց պահպանմամբ.
- Արմեն Ստամբոլցյանի կողմից 07.01.2008 թվականին տրված պարտավորագիրը վերաբերում է գնված ապրանքի դիմաց վճարման պարտավորությունը տասներկու ամսվա ընթացքում կատարելուն` պայմանով, որ պարտավորությունը չկատարելու դեպքում պարտավոր է տունը հետ վաճառել Աղասի Կարապետյանին` ստանալով իր կողմից որպես ապրանքի գին վճարած 22.264.000 ՀՀ դրամը.
- Աղասի Կարապետյանի և Արմեն Ստամբոլցիանի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր.
- Աղասի Կարապետյանն Արմեն Ստամբոլցյանի կողմից պարտավորագրով նշված ժամկետի ավարտից հետո գումարի պահանջ վերջինիս չի ներկայացրել.
- Էդվարդ Ստեփանյանը և Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանը գույքը ձեռք են բերել այն արդեն իսկ օտարելու իրավունք ունեցող սեփականատիրոջից և բարեխիղճ ձեռք բերողներ են (հատոր 2-րդ, գ.թ. 59-68):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը և բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 275-րդ, 303-րդ, 306-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու վերաբերյալ գործերով նույն անձանց միջև նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքների նախադատելի նշանակության իրավական խնդրին:
4.1. Քննելով Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի և Էդվարդ Ստեփանյանի ներկայացուցիչների վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` շինծու գործարքը, այսինքն` մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջների քննության առանձնահատկություններին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ`
1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ
i
2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն` շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց (տե՛ս «Սինկրիստալ» ՍՊԸ-ն ընդդեմ Գագիկ Բղդոյանի և մյուսների թիվ 3-623(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, զարգացնելով վերը նշված դիրքորոշումը, նշել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հայցապահանջով ապացուցման առարկան կազմում են հետևյալ փաստերը.
- օրենքով սահմանված ձևին համապատասխանող գործարքի առկայությունը.
- այդ գործարքը վիճարկելու իրավունք ունենալը (շահագրգիռ անձ հանդիսանալը).
- գործարքը կնքելիս կողմերի իրական կամարտահայտությունը.
- վիճարկվող գործարքում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող` իրականում այլ քաղաքացիական իրավահարաբերությունների առկայությունը.
- կողմերի միջև իրականում առկա քաղաքացիական իրավահարաբերությունները վիճարկվող գործարքով քողարկելու նպատակի առկայությունը:
i
Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի ընդհանուր կանոնի համաձայն` նշված հանգամանքները պետք է ապացուցի այդ փաստերը վկայակոչող կողմը (տե՛ս Նունյա Առաքելյանն ընդդեմ Քնարիկ Մարտիրոսյանի և մյուսների թիվ ԵԱՔԴ/1299/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոնշյալ իրավական նորմի վերլուծությանը, նշել է, որ օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նույն անձանց միջև այլ գործի քննության արդյունքում նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված հանգամանքներին:
Գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք: Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն` ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում: Որպես կանոն, դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով` թե՛ գործին մասնակցող անձանց, թե՛ դատարանի վրա (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետ): Հետևաբար նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն: Դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ նախադատելիության օբյեկտիվ սահմանների որոշման համար էական նշանակություն ունի հետևյալ երկու դատավարական կանոնների պահպանումը`
1) վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը դատարանը պարզում է միայն օրենքով նախատեսված կարգով ձեռք բերված և հետազոտված ապացույցների միջոցով (բացառություն են կազմում միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերը).
2) դատարանը պարզում է միայն գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ): Այս կանոնը կիրառելիս դատարանը պարտավոր է առաջնորդվել հայցվորի կողմից կանխորոշված հայցի առարկայի և հիմքի սահմաններով, որի փոփոխման բացառիկ իրավունքը պատկանում է հայցվորին (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդված):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը հատկապես կարևորել է ապացուցման առարկայի` վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների ճիշտ որոշման հարցը, քանի որ դատարանի կողմից ապացուցման առարկայի սահմանների կամայական (առանց դատավարական նախադրյալի` հայցվորի կամահայտնության) ընդլայնումը բերում է այդ գործով կայացված դատական ակտով հաստատված որոշակի հանգամանքների նախադատելիության բացառման (տե՛ս «Սաթնէ» ՍՊԸ-ն ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների թիվ 3-93(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ զարգացնելով վերը նշված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ համաձայն ընդհանուր կանոնի` նախադատելիությունն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ սահմաններ: Նախադատելիության օբյեկտիվ սահմանները կազմում են այն փաստական հանգամանքները, որոնք հաստատվել են ավելի վաղ քննված գործով օրինական ուժի մեջ մտած վճռով:
Նախադատելիության սուբյեկտիվ սահմաններն այն անձինք են, որոնց համար դատական ակտով հաստատված հանգամանքներն ունեն նախադատելի նշանակություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ փաստերը կարող են նախադատելի նշանակություն ունենալ այն անձանց համար, որոնք մասնակցել են գործի քննությանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ հարկ է համարել ընդգծել, որ նախադատելիության ինստիտուտը կարևոր նշանակություն ունի դատական խնայողության սկզբունքի ապահովման և դատական ակտերի միջև անհաղթահարելի հակասությունների կանխարգելման առումով: Մասնավորապես` այն մի կողմից կոչված է պարզեցնելու խախտված իրավունքները վերականգնելու դատավարական կարգը` ազատելով կողմերին նույն փաստը կրկին ապացուցելու պարտականությունից, մյուս կողմից կոչված է բացառելու միևնույն փաստերի տարբեր, հակասական գնահատումը, որը կարող է հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտման:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված նորմի նպատակն է պարզեցնել ապացուցման գործընթացը, այն է` միևնույն փաստը մեկ անգամ մեկ այլ դատարանի կողմից հաստատված լինելու դեպքում կողմերին և դատարանին ազատել այդ փաստերը հաստատելու գործընթացը կրկին կատարելու բեռից, ընդ որում, նախադատելիության կիրառման համար օրենսդիրը կարևորել է այն հանգամանքը, որ նոր քննվող գործը վերաբերի միևնույն անձանց միջև վեճին (տե՛ս, Մանյա Մանուկյանն ընդդեմ Աշտարակի քաղաքապետարանի թիվ ԱՐԱԴ/0209/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ նշել է, որ դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության սուբյեկտիվ սահմանները որոշվում են գործին մասնակցող անձանց շրջանակով, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված հանգամանքները նոր կայացվող դատական ակտ կարող են ներմուծվել միայն, եթե օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և նոր կայացվող դատական ակտով գործին մասնակցող անձինք նույնն են: Նախադատելիության ինստիտուտի կիրառումն անթույլատրելի է այն դեպքերում, երբ սկզբնական և հաջորդող գործերում գործին մասնակցող անձանց շրջանակը համընկնում է մասնակիորեն (տե՛ս Վահագն Ղազարյանն ընդդեմ Լուսինե և Սոնա Մխիթարյանների և մյուսների թիվ ԿԴ1/0063/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ նախադատելիության առանձնահատկությունը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածով սահմանված` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությամբ, ինչը կարևոր նշանակություն ունի լայն իմաստով քաղաքացիական հարաբերությունների կայունության համար: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված նախադատելիության կանոնը կիրառելի է նաև այն դեպքում, երբ դատարանում քննվող գործով մասնակիցները նախորդ գործով մասնակցած անձանց իրավահաջորդներն են` հաշվի առնելով, որ իրավահաջորդությունն ըստ էության մեկ անձի սուբյեկտիվ իրավունքների և պարտականությունների փոխանցումն է այլ անձի:
Սույն գործի փաստերի համաձայն` հայցվորի իրավանախորդ Աղասի Կարապետյանը 07.11.2007 թվականի առուվաճառքի պայմանագրով Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 109 և թիվ 109ա հասցեների անշարժ գույքն օտարել է Արմեն Ստամբոլցյանին: Արմեն Ստամբոլցյանը, իր հերթին, նախ` 26.05.2009 թվականին Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 109 հասցեի անշարժ գույքն օտարել է Էդվարդ Ստեփանյանին, իսկ 29.06.2009 թվականին` Երևան քաղաքի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 109ա հասցեի անշարժ գույքը օտարել է Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանին: Էդվարդ Ստեփանյանը 26.06.2009 թվականին Երևան քաղաքի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 109 հասցեի անշարժ գույքն օտարել է Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանին:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից քննվել է թիվ ԵՄԴ/0286/02/10 քաղաքացիական գործն ըստ հայցի Աղասի Կարապետյանի ընդդեմ Արմեն Ստամբոլցյանի և Նունե Նասոյանի, Էդվարդ Ստեփանյանի և Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի` ստանձնած պարտավորագրի չկատարման հիմքով անշարժ գույքի նկատմամբ 07.11.2007 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքները վերացնելու պահանջի մասին, և Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Աղասի Կարապետյանի` բնակելի տներից վտարելու պահանջի մասին, որի քննության արդյունքում 31.01.2011 թվականին կայացված օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված են համարվել, մասնավորապես, հետևյալ հանգամանքները.
1) 07.11.2007 թվականին (Աղասի Կարապետյանի և Արմեն Ստամբոլցյանի միջև) կնքված առուվաճառքի պայմանագիրը կազմվել է օրենքի պահանջներին համապատասխան և դրանց պահպանմամբ.
2) Արմեն Ստամբոլցյանի կողմից 07.01.2008 թվականին տրված պարտավորագիրը վերաբերում է գնված ապրանքի դիմաց վճարման պարտավորությունը տասներկու ամսվա ընթացքում կատարելու` պայմանով, որ պարտավորությունը չկատարելու դեպքում պարտավոր է տունը հետ վաճառել Աղասի Կարապետյանին` ստանալով իր կողմից որպես ապրանքի գին վճարած 22.264.000 ՀՀ դրամը.
3) Աղասի Կարապետյանի և Արմեն Ստամբոլցյանի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր.
4) Աղասի Կարապետյանն Արմեն Ստամբոլցյանի կողմից պարտավորագրով նշված ժամկետի ավարտից հետո գումարի պահանջ վերջինիս չի ներկայացրել.
5) Էդվարդ Ստեփանյանը և Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանը գույքը ձեռք են բերել այն արդեն իսկ օտարելու իրավունք ունեցող սեփականատիրոջից և բարեխիղճ ձեռք բերողներ են:
Սույն գործով Դատարանը, հիմք ընդունելով, որ կողմերը չեն վիճարկել այն հանգամանքը, որ վիճարկվող գործարքը չի կատարվել, իսկ Աղասի Կարապետյանի ընտանիքը շարունակում է ապրել Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 109 և թիվ 109ա հասցեի բնակելի տներում, Աղասի Կարապետյանի և Արմեն Ստամբոլցյանի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է Աղասի Կարապետյանի կողմից պայմանագրի առարկան ձեռք բերելուց ընդամենը 5 օր հետո զգալիորեն ցածր գնով, իսկ յուրաքանչյուր հաջորդ գնորդ տունը գնել է շատ ավելի ցածր գնով այն դեպքում, երբ անշարժ գույքի արժեքն աճել է կատարված բարեփոխումների արդյունքում, ինչպես նաև Աղասի Կարապետյանի, նրա կնոջ, որդու և եղբոր` քրեական գործով տված ցուցմունքները, Աղավնի Գրիգորյանի ցուցմունքը, հաստատված է համարել այն հանգամանքը, որ Աղասի Կարապետյանի և Արմեն Ստամբոլցյանի միջև կնքվել է շինծու գործարք: Միաժամանակ Դատարանը, անդրադառնալով թիվ ԵՄԴ/0286/02/10 քաղաքացիական գործով առկա դատական ակտերի նախադատելի նշանակություն ունենալուն, պատճառաբանել է, որ թիվ ԵՄԴ/0286/02/10 քաղաքացիական գործով և սույն գործով տարբեր է գործին մասնակցող անձանց շրջանակը, մասնավորապես` սույն գործով մասնակիցների շրջանակն ավելի լայն է Հասմիկ և Արամ Բունիաթյանների մասնակցության առումով, որոնք նախքան վճռի մասնակի բեկանումը քաղաքացիական գործի քննությանը չեն մասնակցել: Բացի այդ, Դատարանը պատճառաբանել է, որ թիվ ԵՄԴ/0286/02/10 քաղաքացիական գործով հայցվորը ներկայացրել է պարտավորության չկատարման հիմքով առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջ, այլ ոչ թե շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջ, հետևաբար դատարանի հետևություններն այդ հարցի շուրջ դուրս են հայցի առարկայից և հիմքից, ուստի սույն գործով նախադատելի նշանակություն ունենալ չեն կարող:
Վերաքննիչ դատարանը, իրավաչափ համարելով Դատարանի նշված եզրահանգումները, վճիռը թողել է օրինական ուժի մեջ:
Մինչդեռ վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումներին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԵՄԴ/0286/02/10 քաղաքացիական գործով սկզբնական հայցով դատավարության մասնակիցների կազմում ընդգրկված են եղել հայցվոր Աղասի Կարապետյանը, պատասխանողներ Արմեն Ստամբոլցյանը, Նունե Նասոյանը, Էդվարդ Ստամբոլցյանը և Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանը: Սույն գործով սկզբնական հայցով դատավարության մասնակիցների կազմում ընդգրկված են հայցվոր Համլետ Կարապետյանը, ով Աղասի Կարապետյանի ժառանգությունն ընդունած ժառանգ է, պատասխանողներ Արմեն Ստամբոլցյանը, Նունե Նասոյանը, Էդվարդ Ստամբոլցյանը և Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանը:
Նման պայմաններում, հաշվի առնելով, որ Համլետ Կարապետյանը հանդիսանում է Աղասի Կարապետյանի իրավահաջորդը, իսկ նախադատելիության կանոնը կիրառելի է նաև իրավահաջորդների նկատմամբ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թե՛ սույն գործով սկզբնական հայցով, և թե թիվ ԵՄԴ/0286/02/10 քաղաքացիական գործով սկզբնական հայցով մասնակիցների կազմը միևնույնն են: Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների դիրքորոշմանն առ այն, որ սույն գործով մասնակցող անձանց շրջանակն ավելի լայն է, քանի որ սույն գործով մասնակցում են Հասմիկ և Արամ Բունիաթյանները, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հասմիկ և Արամ Բունիաթյանները սույն գործով հանդիսանում են վտարման պահանջի մասին հակընդդեմ հայցով պատասխանողներ, այլ կերպ ասած` Հասմիկ և Արամ Բունիաթյանների մասնակցությունը թե՛ սույն գործով և թե՛ թիվ ԵՄԴ/0286/02/10 քաղաքացիական գործով արտահայտված է բացառապես վտարման պահանջի մասին հակընդդեմ հայցով, և վերջիններս չեն հանդիսանում գործարքը շինծու ճանաչելու և առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին սկզբնական հայցով դատավարության կողմեր: Հետևաբար այն հանգամանքը, որ նրանք թիվ ԵՄԴ/0286/02/10 քաղաքացիական գործով որպես հակընդդեմ հայցով պատասխանողներ ներգրավվել են միայն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից հակընդդեմ հայցի մասով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.01.2011 թվականի վճիռը բեկանելուց հետո, չի կարող հանգեցնել թիվ ԵՄԴ/0286/02/10 քաղաքացիական գործով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.01.2011 թվականի վճռով սկզբնական հայցի մասով հաստատված հանգամանքների վերաորակմանը:
Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև ստորադաս դատարանների եզրահանգումն առ այն, որ թիվ ԵՄԴ/0286/02/10 քաղաքացիական գործով սկզբնական հայցապահանջի բովանդակությունն իր մեջ չի ներառել շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջ, այսինքն` այդ առումով դատարանի ցանկացած հետևություն դուրս է ներկայացված հայցի առարկայի սահմաններից, ուստի եթե անգամ դատարանն այդ առումով հաստատել է որոշակի հանգամանքներ, ապա դրանք սույն գործով նախադատելի նշանակություն ունենալ չեն կարող:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի համար նախադատելի նշանակություն ունեն ոչ թե գործարքի շինծու լինելու վերաբերյալ թիվ ԵՄԴ/0286/02/10 քաղաքացիական գործով դատարանի հետևությունները, այլ այնպիսի հանգամանքները, որոնք, նշված գործով վերաբերելի լինելով հայցի առարկային և ներառված լինելով դրանով հաստատման ենթակա հանգամանքների շարքը, վերաբերելի են նաև սույն գործի հայցի առարկային: Այսպես, թիվ ԵՄԴ/0286/02/10 քաղաքացիական գործով հայցի առարկան եղել է ստանձնած պարտավորագրի չկատարման հիմքով անշարժ գույքի նկատմամբ 07.11.2007 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելը և անվավերության հետևանքներ կիրառելը, հետևաբար թիվ ԵՄԴ/0286/02/10 քաղաքացիական գործով 31.01.2011 թվականի վճռով հաստատված այն հանգամանքները, որոնք վերաբերում են առուվաճառքի պայմանագրի առկայությանը, պարտավորագրի առկայությանը, առուվաճառքի պայմանագրի անվավերության համար անհրաժեշտ փաստերի առկայությանը կամ բացակայությանը, վերաբերելի են թիվ ԵՄԴ/0286/02/10 քաղաքացիական գործով հայցի առարկային և ներառված են այդ գործով հաստատման ենթակա հանգամանքների շարքը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները պարտավոր էին որպես նախադատելի նշանակություն ունեցող փաստ ընդունել թիվ ԵՄԴ/0286/02/10 քաղաքացիական գործով 31.01.2011 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված այն հանգամանքը, որ Աղասի Կարապետյանի և Արմեն Ստամբոլցյանի միջև 07.11.2007 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: Ավելին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Աղասի Կարապետյանը, իր հայցի հիմքում դնելով 07.01.2008 թվականին տրված պարտավորագրով Արմեն Ստամբոլցյանի կողմից ստանձնած` տան առուվաճառքի պայմանագրի գումարի մնացած մասը տասներկու ամսվա ընթացքում վճարելու պարտավորությունը չկատարելու և այդ պարտավորությունը չկատարելու արդյունքում տունն Աղասի Կարապետյանին 22.264.000 ՀՀ դրամով հետ վաճառելու պարտավորությունը ևս չկատարելու հանգամանքները, արդեն իսկ ընդունել է, որ իր և Արմեն Ստամբոլցյանի միջև առկա են եղել անշարժ գույքի առուվաճառքի հարաբերություններ: Այլ կերպ ասած` նշված վճռով հաստատված է համարվել այն փաստը, որ Աղասի Կարապետյանի և Արմեն Ստամբոլցյանի կամքն ուղղված է եղել առուվաճառքի հարաբերություններ առաջացնելուն:
Վերոգրյալի հիման վրա անդրադառնալով Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 109ա հասցեի տնից հակընդդեմ հայցով պատասխանողներին վտարելու վերաբերյալ պահանջին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: Տիրապետման իրավունքը գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգտագործման իրավունքը գույքից դրա օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգուտը կարող է լինել եկամտի, պտուղների, աճի, ծնաճի և այլ ձևերով: Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարելու օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարելու այլ անձանց, նրանց փոխանցելու այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնելու կամ տնօրինել այլ եղանակով:
Նշված դրույթների համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ սեփականատիրոջ իրավազորությունների (տիրապետում, օգտագործում, տնօրինում) ամբողջությունը կազմում է սեփականության իրավունքի բովանդակությունը, և դրանց ամբողջությունն օրենքով պատկանում է սեփականատիրոջը` որպես սեփականության սուբյեկտիվ իրավունքի կրողի, և սահմանում սեփականության իրավունքի իրականացման սահմանները, ինչն ապահովում է գույքի նկատմամբ սեփականատիրոջ լիակատար գերիշխանությունը` սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջելու ուրիշի ապօրինի տիրապետումից:
Վերոհիշյալ հոդվածից հետևում է, որ սեփականատերն իրավունք ունի գույքը հետ պահանջելու միայն ապօրինի տիրապետողից: Տիրապետումն ապօրինի է, եթե այն իրականացվում է առանց որևէ օրինական հիմքի:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը:
Սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանը, հանդիսանալով Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 109ա հասցեի անշարժ գույքի սեփականատեր, իրավունք ունի գույքը հետ պահանջելու սույն գործով հակընդդեմ հայցով պատասխանողներ Համլետ Կարապետյանից, Հասմիկ և Արամ Բունիաթյաններից, քանի որ առկա չէ որևէ ապացույց` վերջիններիս կողմից Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 109ա հասցեի անշարժ գույքի տիրապետման օրինական հիմքի վերաբերյալ:
Միաժամանակ անդրադառնալով հակընդդեմ հայցի վնասի հատուցման պահանջի մասով Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի վճռաբեկ բողոքի փաստարկին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ մասով առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատարանը, արձանագրելով, որ սկզբնական հայցն ըստ էության բավարարելու և Համլետ Կարապետյանի սեփականության իրավունքը վիճելի գույքի նկատմամբ ճանաչելու պարագայում հակընդդեմ հայցը ենթակա է մերժման` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հայցի բավարարումը բացառում է հակընդդեմ հայցը, հակընդդեմ հայցի վնասի հատուցման պահանջի մասով քննություն ըստ էության չի իրականացրել: Հետևաբար այդ պահանջի մասով գործը պետք է ուղարկել նոր քննության` հայցապահանջի հիմնավորվածությունը պարզելու համար:
Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքների պատասխանում բերված փաստարկները:
4.2. Քննելով Համլետ Կարապետյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.
Համլետ Կարապետյանի ներկայացուցիչը վճռաբեկ բողոքով պահանջել է բեկանել «Վերաքննիչ դատարանի 14.05.2015 թվականի որոշումը միայն շինծու գործարքի քողարկմամբ կնքված իրական գործարքի մասով և այն փոփոխել` Աղասի Կարապետյանի և Արմեն Ստամբոլցյանի միջև կնքված համարել փոխառության պայմանագիր` 11.132.000 ՀՀ դրամը Աղասի Կարապետյանի կողմից Արմեն Ստամբոլցյանին մինչև 2009 թվականի հունիս ամիսը վերադարձնելու պայմանով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշման բեկանման և շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառման հայցապահանջի մերժման ենթակա լինելու պայմաններում Համլետ Կարապետյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքն առարկայազուրկ է և ենթակա է մերժման:
Այսպիսով, Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի ներկայացուցչի և Էդվարդ Ստեփանյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքների հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում հակընդդեմ հայցի` վնասի հատուցման պահանջի մասով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված` գործը նոր քննության ուղարկելու լիազորությունը, իսկ սկզբնական հայցի և հակընդդեմ հայցի` վտարման պահանջի մասով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի` հակընդդեմ հայցի մասով նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Սույն գործով բողոք բերած անձինք Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանը և Էդվարդ Ստեփանյանը վճռաբեկ բողոք ներկայացնելիս միաժամանակ միջնորդել են հետաձգել պետական տուրքի վճարումը, որը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.09.2015 թվականի որոշմամբ բավարարվել է:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ սույն գործով սկզբնական հայցով ներկայացվել է երեք ոչ գույքային պահանջ, իսկ հակընդդեմ հայցով` մեկ ոչ գույքային և մեկ գույքային պահանջ, իսկ Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի և Էդվարդ Ստեփանյանի վճռաբեկ բողոքները ենթակա են բավարարման, գտնում է, որ սկզբնական հայցի ոչ գույքային պահանջների մասով, ինչպես նաև հակընդդեմ հայցի ոչ գույքային պահանջի մասով պետական տուրքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման Համլետ Կարապետյանից: Ըստ այդմ, Համլետ Կարապետյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 80.000 ՀՀ դրամ` որպես Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.09.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, 60.000 ՀՀ դրամ` որպես Էդվարդ Ստեփանյանի վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.09.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար: Միաժամանակ Համլետ Կարապետյանից հօգուտ Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի ենթակա է բռնագանձման 44.000 ՀՀ դրամ, որից 4.000 ՀՀ դրամը` որպես հակընդդեմ հայցի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար, 40.000 ՀՀ դրամը` վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար: Համլետ Կարապետյանից հօգուտ Էդվարդ Ստեփանյանի ենթակա է բռնագանձման 30.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:
Միաժամանակ նկատի ունենալով, որ հակընդդեմ հայցի` գույքային պահանջի մասով գործն ուղարկվում է նոր քննության` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի հարցին այդ մասով պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Համլետ Կարապետյանի վճռաբեկ բողոքը մերժել, Էդվարդ Ստեփանյանի վճռաբեկ բողոքը բավարարել, իսկ Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` Համլետ Կարապետյանի հայցն ընդդեմ Արմեն Ստամբոլցյանի, Նունե Նասոյանի, Էդվարդ Ստեփանյանի և Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի` գործարքը շինծու համարելու և ճանաչելու, առոչինչ գործարքի հետևանքները կիրառելու և անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, մերժել, իսկ Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Համլետ Կարապետյանի, Հասմիկ, Արամ Բունիաթյանների, երրորդ անձինք Արմեն Ստամբոլցյանի, Նունե Նասոյանի, Էդվարդ Ստեփանյանի` վտարման պահանջի մասով, բավարարել` Համլետ Կարապետյանին, Հասմիկ, Արամ Բունիաթյաններին վտարել Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 109ա տնից:
Ըստ հակընդդեմ հայցի Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի ընդդեմ Համլետ Կարապետյանի, Հասմիկ, Արամ Բունիաթյանների, երրորդ անձինք Արմեն Ստամբոլցյանի, Նունե Նասոյանի, Էդվարդ Ստեփանյանի` վնասի հատուցման պահանջի մասով գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Համլետ Կարապետյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 80.000 ՀՀ դրամ` որպես Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.09.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
Համլետ Կարապետյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 60.000 ՀՀ դրամ` որպես Էդվարդ Ստեփանյանի վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.09.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
Համլետ Կարապետյանից հօգուտ Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի բռնագանձել 44.000 ՀՀ դրամ, որից 4.000 ՀՀ դրամը` որպես հակընդդեմ հայցի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 40.000 ՀՀ դրամը` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Համլետ Կարապետյանից հօգուտ Էդվարդ Ստեփանյանի բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Ըստ հակընդդեմ հայցի Ռոբին-Օֆիկ Ռոբինի Օսկանյանի ընդդեմ Համլետ Կարապետյանի, Հասմիկ, Արամ Բունիաթյանների, երրորդ անձինք Արմեն Ստամբոլցյանի, Նունե Նասոյանի, Էդվարդ Ստեփանյանի` վնասի հատուցման պահանջի մասով դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում նաև` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.09.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումարի գանձման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Մ. Դրմեյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան