(ուժը կորցրել է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)
040.2399.210206
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» փետրվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 դեկտեմբերի 2005 թվականի N 2399-Ն
«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ»
(2-րդ մաս)
IV. ՆԵՐՔԻՆ ԳԱԶԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
2. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ԿՈՄՈՒՆԱԼ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1) Արդյունաբերական կազմակերպությունների արտադրամասերում, ինչպես նաև ջեռուցող և արտադրական կաթսայատներում, առանձին շինություններում տեղակայված կոմունալ և գյուղատնտեսական կազմակերպություններում թույլատրվում է մինչև 0,6 ՄՊա ճնշմամբ գազատարների անցկացումը, եթե նման ճնշման առկայությունը թելադրվում է արտադրության պայմաններով:
Այլ նշանակության շինություններին կցված կոմունալ և գյուղատնտեսական կազմակերպությունների տարածքներում թույլատրվում է մինչ 0,3 ՄՊա ճնշմամբ գազատարների անցկացումը:
2) Արտադրական շինությունների, կոմունալ և գյուղատնտեսական կազմակերպությունների գազասպառման համակարգերի ստեղծման նպատակով օգտագործվող խողովակները, սարքավորումները, սարքերը և փականները, ինչպես նաև գազատարների անցկացման և ամրացման պայմանները, օդափոխման և ծխահեռացման համակարգերի կազմակերպումը պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության նախարարության ՀՀՇՆ IV-12.03.01-04-ի և սույն ՏԿ-ի հավելված N 35-ի պահանջներին:
3) Գազատարները պետք է անցկացվեն անմիջապես այն սենքերում, որտեղ գտնվում են կաթսաները, վառարանները և այլ գազօգտագործող ագրեգատները, կամ դրանց հարակից սենքերը` բաց որմնանցքով միացման դեպքում: Շինության ներսում գազատարի ներանցման հատվածում լուսավորված և սպասարկմանը հարմար տեղում պետք է տեղադրվի անջատող սարքավորում: Այս դեպքում շինության ներսում գազատարի ներանցիչից 10 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա ԳԿ կայանքի կամ հաշվիչի առկայության դեպքում անջատող սարքավորում է համարվում ճնշումը կարգավորող սարքավորումից կամ հաշվիչից առաջ տեղադրված փականը կամ ծորակը:
4) Գազատարի տարանցումը այն շինությունների միջով, որտեղ գազ չի օգտագործվում, թույլատրվում է միայն ցածր ու միջին ճնշման գազատարների դեպքում` գազատարին սպասարկող անձնակազմի անխափան մատչելիության պայմանի ապահովման դեպքում: Այդ շինություններում գազատարները չպետք է ունենան պարուրակային կամ կցորդիչային միացումներ, փականներ:
5) Շինություններում գազատարները պետք է անցկացվեն բաց եղանակով, սպասարկմանը հարմարավետ և արտադրամասային տրանսպորտով, ամբարձիչներով և այլ շարժական մեխանիզմներով դրանց վնասելը բացառող տեղով:
6) Կաթսաները, վառարանները, այլ գազօգտագործող ագրեգատները սնուցող գազատարները թույլատրվում է անցկացնել նաև բետոնե հատակում խողովակների թաղման եղանակով: Այդ դեպքում խողովակները պետք է ծածկվեն հակակոռոզիոն մեկուսիչներով:
Արդյունաբերական կազմակերպություններում թույլատրվում է նաև գազատարների անցկացումը հատակի խրամուղով` հեռացվող (առանձնացվող) հակահրկիզվող ծածկերով:
Արգելվում է խրամուղով գազատարի անցկացումը, եթե արտադրության պայմաններից ելնելով դրանց մեջ կարող են թափվել (հայտնվել) ակտիվ կոռոզիոն հեղուկներ:
Թույլատրվում է բետոնե հատակում գազատարների անցկացումը` փորձարկումից հետո դրանց բետոնե ծածկույթով պատելով:
Գյուղատնտեսական արտադրության շինություններում արգելվում է գազատարների անցկացումը հատակի խրամուղիներով և հատակում` դրանց հետագա լցափակումով:
7) Բետոնե հատակում լցափակվող կամ խրամուղով անցկացվող գազատարները պետք է ունենան նվազագույն թվով եռակցման կարեր (կցվանքներ):
Բետոնե հատակում լցափակվող գազատարի հատվածների վրա չպետք է լինեն փականներ, պարուրակային կամ կցորդիչային միացումներ:
8) Միևնույն խրամուղում գազատարի և օդատարի, իներտ գազերի խողովակաշարերի, տաք և սառը ջրի ջրատարների, ջեռուցման և տեխնոլոգիական ջերմամատակարարման խողովակաշարերի հետ միաժամանակ անցկացումը թույլատրվում է խրամուղում միայն եռակցումային միացումների և փականների բացակայության դեպքում: Գազատարի և թթվածնատարի զուգահեռ անցկացումը միևնույն ակոսում արգելվում է:
9) Գազատարների խրամուղու և այլ խրամուղիների հատման հատվածի շինությունները պետք է լինեն պատշաճ կերպով մեկուսացված: Հատման սահմաններում գազատարը պետք է անցկացվի պատյանով, որի եզրերը պետք է դուրս հանվեն հատվող շինության երկու կողմերից` նվազագույնը 30 սմ երկարությամբ:
10) Չի թույլատրվում գազատարների անցկացումը այն տեղանքով, որտեղ հնարավոր է դրանց շփումը այրման արգասիք հանդիսացող տաք նյութերի կամ շիկացած ու ձուլվող մետաղների հետ, ինչպես նաև ակտիվ կոռոզիոն հեղուկների հնարավոր տարածման տեղայնքով: Գազատարները անհրաժեշտ է պահպանել բաց ջերմային ճառագայթումից:
11) Արգելվում է գազատարների անցկացումը վերելակների հորերով, օդափոխման կապուղիներով և հորերով, ինչպես նաև ծխանցքերով:
12) Շենքերի ներսում գազատարների ամրացումը/միացումը պատերին, սյուներին և ծածկերին, կաթսաներին կամ արտադրական ագրեգատներին պետք է իրականացվի կախիչների, անուրների, բարձակների օգնությամբ շինություններից և հիմքերից այնպիսի հեռավորության վրա, որը կապահովի գազատարի և դրա վրա տեղադրված սարքավորումների դիտարկման և նորոգման հնարավորությունը:
13) Մարդկանց անցուդարձի տեղում գազատարների անցկացումը սահմանված է ՀՀ քաղաքաշինության նախարարության ՀՀՇՆ IV-12.03.01-04-ով:
14) Գազատարների ամրության և կիպության փորձարկումներից հետո և շահագործման ընթացքում դրանք պետք է ներկվեն /ինչպես նաև անհրաժեշտության դեպքում, բայց ոչ ուշ, քան հինգ տարին մեկ անգամ/ դեղին գույնի ջրակայուն յուղաներկով կամ նիտրաարծանով /ԳՕՍՏ 14 202-69/` նախազգուշացնող կարմիր օղակներով, իսկ բնակելի և հասարակական շինություններում գազատարները թույլատրվում է ներկել նաև պատի գույնով: Սույն պահանջները չեն տարածվում ԳԿԿ-երի, գազատարների և գազի սարքավորումների վրա:
15) Կաթսաներում, վառարաններում և այլ ագրեգատներում տեղադրված հրածորանները պետք է գործեն հաստատուն, անընդհատ բոցով և առանց թարթման` ագրեգատի ջերմային ծանրաբեռնվածության անհրաժեշտ կարգավորման սահմաններում:
Ճակատային վառարաններում կամ գազօջախների դռնակներում պետք է բացված լինեն դիտանցքեր` հրածորանների բոցավառման և դրանց աշխատանքին հետևելու համար նախատեսված ծածկերով /բացառությամբ «օդամղմամբ» աշխատող կաթսաների/:
16) Պատրաստի գազօդային խառնուրդ սնուցվող հրածորանների դիմաց պետք է տեղադրվեն կրակածածկեր:
17) Հեռավորությունը հրածորաններից և փականներից մինչև շենքի պատերը կամ այլ մասերը, ինչպես նաև մինչև շինությունները և սարքավորումները պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս:
18) Կաթսայատների և արտադրամասերի միջով անցնող գազատարները պետք է ունենան խցանող սարքավորումներով փչամաքրման խողովակաշարերի /մոմերի/ համակարգ: Փչամաքրման մոմերի վերջնամասերը պետք է հանվեն տանիքից առնվազն 1 մետր բարձրության վրա, հնարավորության դեպքում` օդափոխման համակարգի օդակլանիչ սարքավորումներ չունեցող պատի վրա: Նման հնարավորություն չունենալու դեպքում ուղղահայաց հեռավորությունը մոմերի վերջնամասերից մինչ օդափոխման համակարգի օդակլանիչ սարքերը պետք է լինի 3 մ-ից ոչ պակաս:
19) Գազիֆիկացված կաթսաները և արտադրական ագրեգատները պետք է օժտված լինեն ավտոմատ համակարգերով, որոնք կապահովեն գազամատակարարման ընդհատումը և անջատումը գազի ճնշման անթույլատրելի տատանումների, աշխատող հրածորանների բոցի մարման, օդամատակարարման ընդհատման /օդամղման համակարգերով օժտված հրածորաններով կաթսաների և արտադրական ագրեգատների համար/ դեպքում:
Արտադրական ագրեգատները կարող են չհագեցվել աշխատող հրածորաններին կամ դրանց խմբին գազամատակարարումը ընդհատող և անջատող ավտոմատ համակարգերով, եթե գազայրման տեխնոլոգիական գործընթացը և ագրեգատների շահագործման պայմանները /ջերմաստիճանը հնոցային տարածությունում, հրածորանների քանակը և տեղակայումը, ագրեգատների անջատումների և միացումների հաճախականությունը և այլն/ ապահովում են գազիֆիկացված ագրեգատների աշխատանքի անվտանգությունը:
Արտադրական ագրեգատների հնոցներում ճնշման աճի դեպքում գազամատակարարումը ընդհատող ավտոմատ համակարգը պարտադիր կերպով տեղադրվում է միայն այն ագրեգատների վրա, որոնք ունեն ծխակլանող համակարգ և գազի ակտիվ շիթով ինժեկցիոն/ներարկիչ հրածորաններ:
Գործող կաթսայատներում /մինչ դրանց ավտոմատ համակարգով կահավորելը/ գազատարների վրա պարտադիր տեղադրվում են փականներ կամ այլ սարքավորումներ, որոնք գազի ճնշման անթույլատրելի տատանումների դեպքում անջատում են հրածորանների գազամատակարարումը: Թույլատրվում է չտեղադրել փականը հետևյալ դեպքերում` եթե այն տեղադրված է կաթսայատան ԳԿ կայանքի վրա կամ, եթե գազը կաթսայատուն մատակարարվում է միայն այդ կաթսայատան կարիքների համար նախատեսված ԳԿԿ-ից:
20) Գազի սարքավորումների շահագործումը առանց մշտական սպասարկող անձնակազմի /դիսպետչերական կետից աշխատանքի վերահսկողությունը իրականացնելու դեպքում/ թույլատրվում է հետևյալ պայմանների կատարման պարագայում.
ա/ սարքավորումը պետք է գտնվի մեկուսացրած փակվող սենքում, մուտքի դռները պետք է ունենան դրանց դրությունը վերահսկող ահազանգման համակարգ, իսկ սենքը` վերահսկման լուսավորություն հակապայթյունային կատարմամբ,
բ/ գազային վառելիքով աշխատող կաթսաները պետք է ունենան անվտանգության ավտոմատ համակարգեր, ավտոմատ վերահսկման և կարգավորման համակարգեր,
գ/ կարգավարի օպերատիվ ենթակայության տակ պետք է գտնվի հերթապահ անձնակազմ, որի պարտավորությունների մեջ է մտնում առանց մշտական սպասարկող անձնակազմի գործող սարքավորումների տեխնիկական սպասարկումը և այդ սարքավորումների վթարային կանգնեցման/անջատման հետ կապված բոլոր աշխատանքների իրականացումը:
21) Արտադրական գազօգտագործող ագրեգատների վրա պետք է տեղադրված լինեն ստուգված հսկիչ-չափիչ սարքեր` հետևյալ չափանիշների չափման համար.
ա/ գազի ճնշումը հրածորանի մոտ` վերջին անջատող սարքավորումից հետո /գազի ընթացքի ուղղությամբ/ կամ, անհրաժեշտության դեպքում` կաթսայի մոտ,
բ/ օդի ճնշումը օդատարում հրածորանի մոտ` վերջին շիբերից կամ դրոսելային փականից հետո և, անհրաժեշտության դեպքում` օդամղիչների մոտ,
գ/ ճնշման աճը հնոցներում և օդանցքներում մինչ փականը:
Հսկիչ-չափիչ սարքերը պետք է տեղադրվեն դիտարկման համար հարմար տեղերում անմիջապես չափորոշման տեղում կամ հատուկ սարքերի վահանակի վրա: Մինչ 0,1 ՄՊա գազի ճնշման դեպքում թույլատրվում է հսկիչ-չափիչ սարքերի միացումը 1 մ-ից ոչ ավելի երկարության ռետինե կամ ռետինագործվածքային խողովակներով` ՀՀ քաղաքաշինության նախարարության ՀՀՇՆ IV-12.03.01-04-ի պահանջներին համապատասխան:
22) Շարժական այրիչները/հրածորանները և ագրեգատները թույլատրվում է միացնել ցանցային և հեղուկ գազերի գազատարներին 30 մ-ից ոչ ավելի երկարության ռետինագործվածքային խողովակներով:
Խողովակը պետք է բաղկացած լինի 3-ից ոչ ավելի առանձին կտորներից, որոնք միացվում են միմյանց հատուկ երկկողմանի ճկափողային անուրներով և ներագույցներով: Դրանց եզրերը պատշաճ կերպով ամրացվում են անուրներով գազատարի և այրիչների վրա: Բացի այրիչի կամ շարժական ագրեգատի վրայի ծորակից` պետք է լինի նաև անջատող ծորակ, որը տեղադրվում է մինչ ռետինե խողովակը: Ռետինե խողովակները պետք է պաշտպանված լինեն մեխանիկական ազդեցություններից, կտրուկ ծալվածքներից, ջերմության և ագրեսիվ հեղուկների ազդեցություններից:
Միացնող/կցող ռետինե խողովակների ձգումը բացառելու նպատակով անհրաժեշտ է սահմանափակել շարժական այրիչների և ագրեգատների տեղաշարժման հնարավորությունը:
Ռետինե խողովակները չպետք է հատեն պատեր, լուսամուտներ և դռներ:
Գազի եռակցման և կտրման սարքավորումները գազատարին միացնող ռետինե խողովակների եզրերը թույլատրվում է միացնել փականների ներագույցների վրա` դրանց երկայնքով առնվազն երկու տեղում այն կապելով փափուկ այրված /գործվածքային/ մետաղալարով:
23) Գազային վառելիքով աշխատող կաթսաները պետք է ունենան պայթյունային կափույրներ, որոնց տեղակայումը, չափերը և քանակը որոշվում են նախագծող կազմակերպության կողմից:
24) Գազիֆիկացված արտադրական ագրեգատների վրա պայթյունային կափույրները տեղադրվում են հնոցներում և ագրեգատների ծխահեռացման գծերի վրա այն դեպքում, երբ այդ պայմանավորված է ագրեգատի կառուցվածքով: Կափույրների քանակը և դրանց տեղադրման վայրը որոշվում է նախագծով: Մեկ պայթյունային կափույրի մակերեսը պետք է լինի առնվազն 0,05 քմ: Կափույրների քանակը որոշվում է հետևյալ կերպ. հնոցի և ծխահեռացման գծի ներքին ծավալի յուրաքանչյուր մեկ խորանարդ մետրին` առնվազն 0,05 քմ պայթյունային կափույրի մակերես:
Եթե պայթյունային կափույրները տեղադրվում են այնպիսի տեղերում, որտեղ դրանց աշխատելու դեպքում առաջանում է վտանգ սպասարկող անձնակազմի կյանքին, ապա անհրաժեշտ է տեղադրել նաև պաշտպանիչ սարքավորումներ:
25) Չաշխատող կաթսաների հնոցների օդափոխման համար շիբերների վերին մասում պետք է բացվեն անցքեր` առնվազն 50 մմ տրամագծով /բացառությամբ էլեկտրակայանների էներգետիկ կաթսաների/: Ձգափականները պետք է ունենան «Բաց» և «Փակ» սահմանափակիչներ, իսկ ձգափականների/շիբերների կառավարումը պետք է դուրս բերվի կաթսաների ճակատային մասի վրա կամ կառավարման վահանակի վրա:
26) Կաթսաների և արտադրական ագրեգատների` գազային վառելիքով աշխատանքի անցնելիս հաշվարկների միջոցով անհրաժեշտ է ստուգել գազի այրման արգասիքի հեռացման գծերի կտրվածքը: Ծխահեռացման գծերը պետք է ուսումնասիրվեն և, անհրաժեշտության դեպքում, մաքրվեն և նորոգվեն: Ծխանցքերի պիտանելիությունը պետք է հաստատվի պատվիրատուի կողմից ներկայացվող համապատասխան ակտով:
27) Շենքերի մեջ կառուցված ջեռուցող կաթսայատներում, բացի նորմալ կատարմամբ հիմնական էլեկտրական լուսավորության, պետք է լինի հակապայթյունային կատարմամբ էլեկտրական լուսավորություն ինքնուրույն/առանձին լարերով, որի անջատիչ սարքը և ապահովիչը գտնվում են կաթսայատնից դուրս: Այդ լուսավորությունը օգտագործվում է գազիֆիկացվող կաթսայատների աշխատանքների մեկնարկի ժամանակ:
Շենքերի մեջ կառուցված գազիֆիկացված ջեռուցող կաթսայատների սենքերում տեղադրված արտածծիչ օդամղիչների էլեկտրաշարժիչները և միացնող սարքավորումները պետք է լինեն հակապայթյունային կատարման:
28) Արտադրական և ջեռուցող արտադրական կաթսայատների, ինչպես նաև արդյունաբերական և կոմունալ կազմակերպությունների արտադրամասերի օդափոխումը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքաշինության նախարարության ՀՀՇՆ-12.02.01-04 պահանջներին: Գազի վառելիք օգտագործելու դեպքում այդ տարածքների օդափոխման համակարգերին լրացուցիչ պահանջներ չեն ներկայացվում:
29) Շենքերի ներսում կառուցված ջեռուցող կաթսայատների սենքերում պետք է ապահովվի օդի եռապատիկ փոփոխությունը 1 ժամվա ընթացքում: Պետք է նաև լրացուցիչ հաշվի առնվի գազի ամբողջական այրման համար անհրաժեշտ օդի ծավալը: Օդի ներհոսքը կաթսայատուն պետք է կատարվի կաթսաների հետնամասից, իսկ օդահեռացումը` վերին գոտուց, իսկ հեղուկ գազերի օգտագործման դեպքում սենքից օդի հեռացումը /օդափոխման ընդհանուր ծավալի 2/3-ից ոչ պակաս/ պետք է կատարվի ստորին գոտուց:
30) Բնակելի կամ հասարակական շենքի ներսում կառուցած գազիֆիկացված կաթսայատան սենքը պետք է ունենա առանձին/ինքնուրույն մուտք, չկապված այլ մուտքերի հետ:
31) Արգելվում է հեղուկ գազերի օգտագործումը կիսախորացումներում տեղադրված գազօգտագործող սարքավորումներում:
32) Արտադրամասերում և այլ արտադրական շենքերում թույլատրվում է եռակցման և կտրման հեղուկ գազերի 10-ից ոչ ավելի բալոնային սարքավորումների միաժամանակ տեղադրում: Այդ դեպքում բալոնները պետք է տեղադրվեն ներարտադրամասային տրանսպորտով վնասվելու հնարավորությունը բացառող, մետաղի մասնիկների հարվածից, ակտիվ կոռոզիոն հեղուկների և գազերի ազդեցությունից պաշտպանված տեղերում: Միևնույն ժամանակ, այդ տեղերը պետք է պաշտպանված լինեն ջերմության աղբյուրների ազդեցությունից, որոնք կարող են տաքացնել բալոնները 45 oC-ից բարձր ջերմաստիճանի, ինչպես նաև չխոչընդոտեն արտադրական գործընթացներին:
Գետնախարսխային, նկուղային և ստորգետնյա սենքերում հեղուկ գազերի սարքավորումների տեղադրումը արգելվում է:
33) Արտադրամասերի, արհեստանոցների և գազաեռակցման ու կտրման այլ տեղամասերի գազամատակարարումը բնական և հեղուկ գազերով պետք է իրականացվի հետևյալ կերպ. 10-ից ավելի բանվորական կետերի դեպքում` գազատարներով կամ բաշխիչ ցանցերով, և բալոնային սարքավորումներով /եթե գազատարների անցկացումը նպատակահարմար չէ/` 10-ից պակաս բանվորական կետերի դեպքում:
34) Գազաբաշխիչ կետերը կարող են լինել ինչպես անշարժ, այնպես էլ շարժական: Անշարժ գազաբաշխիչ կետերը կարող են տեղակայվել սպառման տեղերում. պատերին, սյուներին, հատուկ շինությունների վրա` մեկուսացրած էլեկտրական լարերից և մալուխներից առնվազն 1 մ հեռավորության վրա, իսկ բաց լարերից` առնվազն 2 մ հեռավորության վրա:
35) Գազատարների վրա գազաբաշխիչ կետերը պետք է տեղադրվեն փակվող մետաղյա պահարաններում, որոնք ունեն օդափոխման անցքեր: Պահարանները պետք է ներկված լինեն կարմիր գույնի յուղաներկով և ունենան սպիտակ ներկով կատարված գրություններ` «Այրելի Գազ» կամ «Հրավտանգավոր»:
Գազաբաշխիչ կետերի պահարանների /այրելի գազի և թթվածնի առբերմամբ/ միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն 150 մմ: Պահարանները պետք է տեղադրվեն հատակից /մինչ պահարանի ստորին եզրը/ նվազագույնը 0,6 մ բարձրության վրա:
36) Այրելի գազի անշարժ գազաբաշխիչ կետերը պետք է ունենան փակ տիպի ապահովիչ սողնակներ կամ չոր տիպի սողնակներ: Ընդ որում, չոր տիպի ապահովիչ սողնակները թույլատրվում է կիրառել գազի ընդունված ճնշման և ծախսի չափանիշներին համապատասխան, ըստ արտադրող գործարանի կողմից հաստատված գծագրերի: Ցանցային /բնական կամ արհեստական/ և հեղուկ գազերի համար ապահովիչ սողնակի /չոր կամ հեղուկային տիպի/ փոխարեն թույլատրվում է կազմակերպության ստանդարտով սահմանած կառուցվածքի հետադարձ սողնակի տեղադրում:
37) Բանվորական տեղին /տեղերին/ գազատարի միջոցով մատակարարվող բնական կամ հեղուկ գազի ճնշումը չպետք է գերազանցի 0,15 ՄՊա: 0,15 ՄՊա-ից բարձր ճնշման դեպքում գազատարի վրա պետք է տեղադրվի ռեդուկտոր, գազի ճնշումը նվազեցնելու համար:
Բալոնից բանվորական տեղին բնական կամ հեղուկ գազ մատակարարելու դեպքում վերջինի վրա պետք է տեղադրվի ռեդուկտոր` գազի ճնշումը նվազեցնելու և պահանջվող մակարդակը ապահովելու համար:
Մետաղների գազաբոցային մշակման գազօգտագործող ագրեգատի լրակազմի մեջ մտնող գազի ճնշման կարգավորիչները, ինչպես նաև շինությունները, որոնց վրա տեղադրված են գազի ճնշման կարգավորիչները, փականները /գազաբաշխիչ վահանակները/, չեն դասվում ԳԿ կայանքների շարքին և դրանց վրա չեն տարածվում ԳԿ կայանքներին ներկայացվող պահանջները:
38) Մեկ բալոնին, չոր փականին կամ հետադարձ փականին թույլատրվում է միացնել միայն մեկ հրածորան կամ գազակտրոց: Եթե գազաբաշխիչ կետը սնուցում է մեկ օպերատորի կողմից սպասարկվող մեքենա, ապա հրածորանների կամ գազակտրոցների քանակը կապված է միայն փականի կամ կափույրի թողունակությունից:
39) Ենթակարմիր ճառագայթման հրածորանները (ԵՃՀ) թույլատրվում է օգտագործել մնայուն պայմաններում և շարժական սարքավորումներին կից /սենքերի չորացում և այլն/:
40) Արգելվում է տեղադրել ԵՃՀ-ները ՀՀ քաղաքաշինության նախարարության ՀՀՇՆ IV-11.03.01-04-ի համաձայն Ա, Բ, Վ և Ե դասի հրդեհային վտանգի արտադրական սենքերում, պահեստավորման և անասնաբուծական սենքերում` պատերի կամ ծածկերի մեջ ծղոտե, եղեգնուտե կամ այրվող խտարարների կիրառմամբ պատրաստված թեթև մետաղյա շինություններում:
41) Հեղուկ գազով աշխատող ԵՃՀ-ով սարքավորումների /շենքի ներսում բալոնների տեղադրմամբ/ աշխատանքի ընթացքում բալոնները պետք է գտնվեն նույն այն սենքերում, որտեղ տեղադրված են սարքավորումները: Նույն սարքավորման վրա թույլատրվում է օգտագործել միայն մեկ բալոն: Իսկ եթե սենքը փոքր է /օրինակ` սանհանգույց/, ապա հեղուկ գազի բալոնները թույլատրվում է տեղադրել հարևան /հարակից/ սենքում` ազատ փոխկապակցման պայմաններում: Միացնող դուռը պետք է միշտ բաց լինի:
42) Արգելվում է հեղուկ գազով աշխատող շարժական և անշարժ ԵՃՀ-ների օգտագործումը շենքերի նկուղային, գետնախարսխային հարկերում:
43) Տարածքների ջեռուցման համար նախատեսված ԵՃՀ-ներով օժտված ջեռուցող համակարգերը պետք է ունենան հրածորանի մարման դեպքում գազի սնուցման դադարեցումը ապահովող ավտոմատ համակարգ: Թույլատրվում է նման հրածորանների կիրառումը առանց ավտոմատ համակարգերի` դրանց աշխատանքի անընդհատ /մշտական/ վերահսկողության դեպքում:
44) Տարածքները, որտեղ տեղադրվում են ԵՃՀ-ները, պետք է ունենան օդափոխման համակարգ: Բնական օդափոխման արտածծիչ սարքավորումները պետք է գտնվեն ճառագայթիչների տեղադրման մակարդակից բարձր, իսկ ներծծիչները` հրածորանների ջերմաարտանետման գոտուց ցածր: Շարժական ԵՃՀ-ների սարքավորումներով ջեռուցվող սենքերը պետք է ունենան վերին գոտուց արտածծիչ համընդհանուր օդափոխում: ԵՃՀ-ները սենքերը չորացնելու համար օգտագործելու դեպքում պետք է ապահովվի այդ սենքերի վերնափեղկերով և օդանցքներով օդափոխությունը:
45) Արդյունաբերական, կոմունալ և գյուղատնտեսական կազմակերպությունների սենքերը /արտադրամասերը/ պետք է հագեցված լինեն հրդեհաշիջման առաջնային միջոցներով:
3. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՀԱՆԳՍՏԻ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
46) Սույն ենթաբաժնում ներկայացված պահանջները պարտադիր են բնակչությանը առողջապահական, սոցիալական սպասարկման, կրթական, հանգստի, մշակութային և սպորտային ծառայություններ մատուցող կազմակերպությունների օբյեկտների (այսուհետ` հասարակական նշանակության օբյեկտներ) գազամատակարարման պարագայում:
47) Այս օբյեկտներում տեղակայված ջեռուցող կաթսայատները գազային վառելիքի վրա փոխելու պարագայում պետք է պահպանվեն «Արդյունաբերական, կոմունալ և գյուղատնտեսական կազմակերպություններ» գլխում սահմանված բոլոր պահանջները:
48) Հասարակական նշանակության օբյեկտների շենքեր գազատարների անցկացումը պետք է կատարվի աստիճանավանդակների միջով կամ անմիջապես այն սենքերը, որտեղ գտնվում են գազօգտագործող սարքերը:
49) Արգելվում է գազատարների ներանցումը մեքենայական կամ պոմպային բաժանմունքներ, օդափոխման և վերելակային խցիկներ, աղբահավաք սրահներ, աղբահավաք սենքեր, էլեկտրաբաշխիչ սարքավորումներ և պահեստներ:
50) Տեխնիկական միջանցքներում և ներքնահարկերում գազատարների անցկացման ժամանակ պետք է պահպանվեն սույն տեխնիկական կանոնակարգի III բաժնի 13 կետում նշված պահանջները:
51) Տեխնիկական ներքնահարկերում, միջանցքներում արգելվում է հեղուկ գազերի գազատարների անցկացումը:
52) Որպես կանոն, հասարակական նշանակության օբյեկտների տարածքներում գազատարները անցկացվում են բաց եղանակով:
53) Հասարակական նշանակության օբյեկտներում գազի սարքավորումներին /սարքերին/ գազատարներ անցկացնելիս թույլատրվում է դրանց լցափակումը բետոնե նախապատրաստվածություն ունեցող հատակներում /բացառությամբ փայտյա հատակների/: Այդ դեպքում գազատարները պետք է պատված լինեն հակակոռոզիոն մեկուսիչով: Գազատարի` հատակի մեջ մտնելու և դուրս գալու հատվածները պետք է տեղադրվեն հատակից առնվազն 3 սմ բարձրության վրա դուրս եկող պատյաններում: Պատյանի և գազատարի միջև եղած տարածությունը պետք է պատշաճ կերպով լցափակվի մեկուսիչ բիտումով: Հատակում լցափակված գազատարի հատվածը չպետք է ունենա պարուրակային միացումներ, իսկ եռակցման կարերի քանակը պետք է լինի նվազագույն: Գազատարը լցափակվում է փորձարկումից հետո` ատամնաորմածքի մեջ ցեմենտե խառնուրդ լցնելու եղանակով:
54) Արգելվում է շենքի ներսում խողովակասյուների և գազատարների վրա խցանների տեղադրումը: Գազատարների գետնախարսխային ներանցիչների վրա խցանների տեղադրումը թույլատրվում է միայն շենքի արտաքին կողմից: Դրանք պետք է ունենան 25 մմ-ից ոչ ավելի պայմանական անցման տրամագիծ:
55) Պողպատյա գազատարներին և ռեդուկտորներին հեղուկ գազի բալոնները կարող են միացվել պղնձե և ռետինագործվածքային խողովակներով: Խողովակները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի IV բաժնի 21 կետում նշված չափանիշներին:
56) Շենքի սենքերի ներսում բալոնների տեղադրման դեպքում ռեդուկտորի հետ միացումները պետք է լինեն կոշտ:
57) Ռետինագործվածքային խողովակներից բաղկացած գազատարները պետք է լինեն մեկ կտորից,10 մ-ից ոչ ավելի երկարության և ամրակապվեն պատերին բռնակներով: Խողովակները չպետք է հատեն պատեր, լուսամուտներ և դռնանցքներ: Գազատարներին, սարքերին, ռեդուկտորներին ռետինագործվածքային խողովակները միացվում են ծալքավոր ծայրապանակի միջոցով և ամրակապվում են մետաղյա անուրներով, ինչը ապահովում է միացման հուսալիությունը և հերմետիկությունը: Մետաղալարերից անուրների օգտագործումը արգելվում է:
58) Շարժական լաբորատոր այրոցները, գազի սառնարանները և այլն թույլատրվում է միացնել գազատարներին մեկ կտորից կազմված 3 մ-ից ոչ ավելի երկարության ռետինագործվածքային խողովակներով:
59) Սույն գլխի 46 կետում նշված շենքերում գազատարների և սարքավորումների անջատման համար անհրաժեշտ է տեղադրել անջատող սարքեր հետևյալ տեղերում.
ա/ շենքերի ներանցման հատվածներում, իսկ մեկ ներանցուցիչից երկու և ավելի խողովակասյուների միացման դեպքում, անջատող սարքավորում տեղադրվում է յուրաքանչյուր խողովակասյան վրա, եթե դրանք սպասարկում են չորս և ավելի հարկեր,
բ/ հաշվիչից առաջ,
գ/ յուրաքանչյուր գազի սարքավորումից, վառարանից կամ գազային վառելիքի վրա անցնող այլ ագրեգատից առաջ:
Գազատարների վրա` գազի սարքերի հրածորաններից, կերակրակաթսաներից, ռեստորանային վառարաններից, ջեռուցող վառարաններից և այլ սարքավորումներից առաջ պետք է նախատեսված լինի երկու անջատող սարքերի հաջորդական տեղադրումը. մեկը` սարքի /սարքավորման/ ամբողջական անջատման համար, մյուսը` առանձին հրածորանների անջատման նպատակով:
Գազատարների վրա հրածորաններից /օրինակ, գազի վառարաններ/սալիկներ, ջրատաքացուցիչներ, վառարանային հրածորաններ և այլն/ առաջ, եթե դրանց կառուցվածքով նախատեսված է այրոցից առաջ անջատող սարքի տեղադրում, տեղադրվում է միայն մեկ անջատող սարք` սարքավորման ամբողջական անջատման համար:
60) Ծածկերի, աստիճանավանդակների, պատերի և միջնապատերի հատման դեպքում գազատարները պետք է փակվեն պողպատյա խողովակներից կամ ամրության և երկարակեցության պայմաններին բավարարող այլ նյութերից պատրաստված պատյաններում: Պատյաններում փակված գազատարների հատվածները չպետք է ունենան ծայրակցումային միացումներ: Գազատարի և պատյանի միջև եղած տարածությունը պետք է լցափակված լինի բիտումով և ձյութապատ հյուսով: Պատյանի եզրերը պետք է դուրս ցցվեն հատակից կամ աստիճանավանդակից առնվազն 5 սմ երկարությամբ:
61) Գազատարների և ինժեներական կապուղիների միջև նվազագույն հեռավորությունը պետք է ընդունվի սույն ՏԿ-ի հավելված N 7-ում և N 8-ում բերված չափերին համապատասխան: Հատման տեղերում գազատարները և այլ խողովակաշարերը չպետք է հպվեն:
62) Շենքերում լուսավորման լարերի հետ գազատարների փոխհատման դեպքում էլեկտրական լարերը փակվում են ռետինե կամ էբոնիտե խողովակի մեջ, որը պետք է ցցվի յուրաքանչյուր կողմից առնվազն 10 սմ երկարությամբ:
63) Հեռավորությունը գազատարի և պատերի միջև պետք է ապահովի գազատարի և դրա վրա տեղադրված փականների դիտարկման և նորոգման հնարավորությունը:
Չի թույլատրվում տեղադրել փականները պոչամասի մանեկով դեպի պատը: Գազատարները պետք է պատշաճ կերպով ամրացված լինեն:
64) Հասարակական նշանակության օբյեկտների շենքերի, ինչպես նաև դրանց ներսում կառուցված ճաշարանները, խորտկարանները, վարսավիրանոցները և բնակչության կենցաղսպասարկման այլ հաստատությունների սենքերը, որտեղ տեղադրվում են կենցաղային գազի սարքավորումներ /վառարաններ, սալիկներ/, պետք է ունենան օդանցքով լուսամուտ և օդափոխման համակարգ: Այդ սենքերի բարձրությունը և ծավալը պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության նախարարության ՀՀՇՆ IV-12.03.01-04 պահանջներին:
65) Ճաշարանների, ռեստորանների, մանկական, բուժական, կրթական և այլ հաստատությունների խոհանոցներում պետք է տեղադրված լինեն ռեստորանային տիպի գազասալիկներ, կերակրակաթսաներ և այլ հատուկ գազի սարքավորումներ, որոնց այրման արգասիքը հեռացվում է ծխահեռացման համակարգի օգնությամբ: Նման սենքերում որպես օժանդակ սարքավորումներ թույլատրվում է երկուսից ոչ ավելի կենցաղային գազասալիկների տեղադրում: Մանկական և բուժական հաստատություններում կենցաղային գազավառարանների/սալիկների այրման արգասիքը հեռացվում է ծխահեռացման համակարգին միացված գլխանոցի միջոցով:
Գազի սարքավորումների տեղադրման սենքերը պետք է ունենան բնականին համարժեք լուսավորություն և մշտական ներծծիչ-արտածծիչ օդափոխություն, որը 1 ժամվա ընթացքում կապահովի` աշխատանքային ժամերին առնվազն եռապատիկ, իսկ ոչ աշխատանքային ժամերին առնվազն միապատիկ օդափոխանակում:
Ռեստորանային տիպի ԵՃՀ-ների կիրառումը թույլատրվում է միայն արտածծիչ օդափոխման համակարգին միացված արտածծիչ գլխանոցի առկայության դեպքում:
66) Անմիջապես մարդկանց հավաքատեղի հանդիսացող սրահների տակ գտնվող խոհանոցներում որպես օժանդակ սարքավորումներ թույլատրվում է տեղադրել միայն մեկ կենցաղային գազի վառարան/սալիկ/, որը նախատեսված չէ երկարատև անընդմեջ աշխատանքի համար/ և մեկ գազի եռոց կամ հոսանուտ ջրատաքացուցիչ: Այդպիսի խոհանոցներում չի թույլատրվում հեղուկ գազերով բալոնների տեղադրում:
67) Արգելվում է գազի սարքավորումների տեղադրումը մանկական հաստատությունների ննջասենյակների և խաղասենյակների տակ:
i
68) Ջեռուցման համար օգտագործվող ծավալային գազաջրատաքացուցիչները, փոքրածավալ ջեռուցման կաթսաները և այլ այրման արգասիքի ծխահեռացման արտածծող համակարգով գազաջեռուցման սարքերը, ինչպես նաև ջեռուցման և եփոցման վառարանները պետք է ունենան անվտանգության ավտոմատ համակարգ:
(68-րդ կետը փոփ. 13.09.07 թիվ 1072-Ն որոշում)
69) Ջեռուցման վառարանները, որոնք փոխադրվում են գազային վառելիքի վրա, պետք է համապատասխանեն սույն գլխի 102 կետի պահանջներին:
70) Գազիֆիկացվող ջեռուցման վառարանների հնոցները պետք է գտնվեն միջանցքի կամ մեկ այլ սենյակի կողմից, որոնք նախատեսված չեն մարդկանց երկարատև ժամանցի համար:
71) Եթե 70 կետի պահանջը հնարավոր չէ կատարել, ապա դպրոցներում, մանկական հաստատություններում, ակումբներում, խանութներում թույլատրվում է գազիֆիկացվող վառարանների հնոցների տեղադրումը դասարաններում, մանկական սենյակներում, առևտրի սրահներում և հանդիսասրահներում: Այդ դեպքում գազի մատակարարումը վառարաններին կատարվում է առանձին ճյուղավորումով: Այդ ճյուղավորման և գազատարի միացման կետում /նշված սենյակներից դուրս/ անհրաժեշտ է տեղադրել անջատող սարքավորում: Նման դեպքում վառարանների սպասարկումը կատարվում է հատուկ ուսուցանված անձնակազմի կողմից:
72) Այն սենքերը, որտեղ դուրս են բերվում գազիֆիկացված վառարանների հնոցները, պետք է ունենան կամ օդափոխման համակարգ կամ լուսամուտ օդանցքով, կամ դուրս /նախամուտք/ բացվող դուռ: Վառարանի հնոցի դիմաց պետք է պահպանվի առնվազն 1 մ ազատ տարածություն:
73) Տարածքների ջեռուցման համար թույլատրվում է օգտագործել ՀՀ կառավարության 12 օգոստոսի 2004 թ. N 1170-Ն որոշմամբ սահմանված կարգով սերտիֆիկացված գազի բուխարի կամ օդաջեռուցիչ` անվտանգության ավտոմատ համակարգով, որը կբացառի գազի արտանետումը սենք այրման դադարեցման դեպքում: Գազի բուխարիների և օդաջեռուցիչների այրման արգասիքը պետք է հեռացվի ծխահեռացման համակարգի միջոցով:
Այն սենքը, որտեղ տեղադրվում է գազի օդաջեռուցիչը կամ բուխարին, պետք է ունենա օդանցքով լուսամուտ կամ օդափոխման գիծ:
74) Գազի սարքերի և ագրեգատների տեղադրման դեպքում պետք է կատարվեն բոլոր հակահրդեհային միջոցառումները` սույն գլխի 95, 99 և 103 կետերին համապատասխան /պատերի մեկուսացում, պաստառապատում և այլն/:
75) Գազի հաշվիչները պետք է տեղադրվեն արտածծիչ օդափոխման համակարգ ունեցող սենքերում, մեխանիկական ազդեցության հետևանքով վնասվելը բացառող տեղերում:
i
76) Գազի սարքերի, վառարանների այրման արգասիքը հեռացնող ծխահեռացման համակարգերը պետք է համապատասխանեն ՀՀՇՆ IV-12.03.01-04-ին:
Նորակառույց շենքերում պետք է նախատեսված լինի յուրաքանչյուր գազի սարքի, ագրեգատի, վառարանի այրման արգասիքը ծխահեռացման համակարգի հետ կապող գիծ: Արդեն իսկ շահագործվող շենքերում մեկ ծխահեռացման գծին թույլատրվում է նույն կամ տարբեր հարկերի վրա գտնվող երկուսից ոչ ավելի ջրատաքացման կամ ջեռուցման վառարանների միացում: Այդ դեպքում այրման արգասիքը հեռացնող գծի և ծխահեռացման համակարգի միացման տեղերը պետք է լինեն տարբեր մակարդակների վրա, իրարից առնվազն 50 սմ հեռավորության վրա, հակառակ դեպքում ծխահեռացման անցուղին նույն բարձրության վրա պետք է ունենա անջատիչներ:
Ծխահեռացման անցուղիների բացակայության պարագայում առանձին դեպքերում թույլատրվում է դնովի ծխահեռացման համակարգերի կիրառում, որոնց ջերմամեկուսացման անհրաժեշտության հարցը լուծվում է նախագծման փուլում:
(76-րդ կետը փոփ. 13.09.07 թիվ 1072-Ն որոշում)
77) Ծխահեռացման անցուղու կտրվածքի մակերեսը պետք է լինի անցուղուն միացվող գազի սարքի, վառարանի խողովակաոստի մակերեսից ոչ պակաս:
Ծխահեռացման համակարգին երկու կամ ավելի գազի սարքերի, վառարանների միացման դեպքում ծխահեռացնող անցուղու կտրվածքի մակերեսը որոշվում է սույն գլխի 76 կետին համապատասխան` դրանց միաժամանակ աշխատանքի պայմաններում:
78) Կենցաղային նշանակության սարքերը /ռեստորանային սալիկները, կերակրակաթսաները և այլն/ կարող են միացվել ինչպես առանձնացված ծխահեռացնող գծերին, այնպես էլ ընդհանուրին: Թույլատրվում է մի քանի ագրեգատների համար ընդհանուր միացնող խողովակների օգտագործումը:
Մի քանի սարքերի այրման արգասիքը ընդհանուր ծխահեռացման համակարգին ներանցումը պետք է կատարվի տարբեր մակարդակների վրա, կամ, ըստ սույն գլխի 76 կետի` միևնույն մակարդակի վրա անջատիչների կիրառմամբ:
79) Ծխահեռացման անցուղիները պետք է լինեն ուղղահայաց, առանց սանդղավանդերի: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է նախատեսել ծխահեռացման անցուղիներ` ուղղահայացի նկատմամբ 8օ թեքությամբ և 1 մ-ից ոչ ավելի ընդհանուր շեղությամբ: Այդ դեպքում թեքված հատվածների կտրվածքի մակերեսը պետք է լինի ուղղահայաց հատվածների կտրվածքից ոչ պակաս:
80) Ռեստորանային սալիկների և այլ գազի ագրեգատների այրման արգասիքը հեռացնելիս թույլատրվում են ծխահեռացման անցուղու հատակային հորիզոնական հատվածներ` 10 մ-ից ոչ ավելի ընդհանուր երկարությամբ: Ծխահեռացման անցուղիները պետք է մատչելի լինեն մաքրման աշխատանքներ կատարելու համար:
81) Գազի սարքերի միացումը ծխահեռացման անցուղուն կատարվում է մետաղյա խողովակներով: Խողովակի ուղղահայաց հատվածի երկարությունը` ծխահեռացման խողովակաոստի ստորին մասից մինչ հորիզոնական հատվածի առանցքը պետք է կազմի առնվազն 0,5 մ: Մինչ 2,7 մ բարձրությամբ սենքերի համար քաշանքի կայունարարով սարքերի համար թույլատրվում է ուղղահայաց հատվածի երկարության նվազեցում մինչ 0,25 մ, իսկ առանց քաշանքի կայունարարի` 0,15 մ: Նորակառույց շենքերում միացման խողովակի հորիզոնական հատվածների գումարային երկարությունը չպետք է գերազանցի 3 մ, իսկ արդեն իսկ շահագործվող շենքերում` 6 մ:
Խողովակի թեքվածությունը դեպի գազի սարքը պետք է լինի առնվազն 0,01:
Միացման խողովակների ամրացումը և կախվածքը պետք է բացառեն ճկվածքի հնարավորությունը:
Միացման խողովակների օղակները պետք է առանց արանքների մտնեն մեկը մյուսի մեջ նվազագույնը խողովակի 0,5 տրամագծի խորությամբ` գազի հոսքի ուղղությամբ:
Միացման խողովակը պետք է առանց արանքների միանա ծխահեռացման անցուղուն: Խողովակի եզրը չպետք է ցցվի անցուղու պատերից դուրս, ինչի համար օգտագործվում են սահմանափակող սարքեր` ծալվածք կամ մանեկ:
Ռեստորանային սալիկների և կերակրակաթսաների միացման խողովակները պետք է ունենան ջերմամեկուսացում: Սև թերթավոր պողպատից պատրաստված միացման խողովակները պետք է պատվեն հրակայուն լաքով:
82) Գազի սարքի միացման խողովակի միացումը ծխահեռացման անցուղուն պետք է կատարվի այնպես, որ ծխահեռացման անցուղում խողովակի ներանցման տեղից ցածր պահպանվի առնվազն 25 սմ խորությամբ «գրպան»` մաքրման համար նախատեսված մտոց, իսկ մեկ հարկ կամ կես հարկ երկարությամբ պանելներից կառուցվող անցուղիներով բլոկային շենքերում կամ մեկհարկանի պողպատյա ծխահեռացման անցուղիներով շենքերում պանելների պատերում մտոցներ չեն պահանջվում:
83) Ռեստորանային սալիկների, եռոցների և քաշանքի կայունարարներ չունեցող այլ սարքերի ծխահեռացման համակարգերը պետք է օժտված լինեն ձգափականներով` նվազագույնը 15 մմ տրամագիծ ունեցող անցքերով: Քաշանքի կայունարարներ ունեցող գազի սարքերի ծխահեռացման անցուղիների և միացման խողովակների վրա ձգափականների տեղադրումը արգելվում է:
Ջեռուցման վառարանների ծխահեռացման անցուղիների ձգափականները պետք է ունենան անցքեր առնվազն 15 մմ տրամագծով: Ձգափականները պետք է տեղադրված լինեն վառարանի նույն այն պատին, ինչ որ հնոցը:
84) Ծխահեռացման խողովակները պետք է վեր հանվեն.
i
ա/ 0,5 մ կտուրից բարձր, եթե դրանք գտնվում են կտուրի գագաթնագծից 1,5 մ ոչ ավելի հեռավորության վրա /հորիզոնագծով հաշված/,
բ/ կտուրի գագաթնագծի հետ նույն մակարդակի վրա, եթե դրանք գտնվում են կտուրի գագաթնագծից 1,5-3,0 մ հեռավորության վրա,
գ/ կտուրի գագաթնագծից ցածր, բայց գագաթնագծից դեպի հորիզոն 10օ-ի տակ անցկացրած գծից ոչ ցածր, եթե դրանք գտնվում են կտուրից 3 մ-ից ավելի հեռավորության վրա:
Բոլոր դեպքերում, խողովակի բարձրությունը կտուրի մոտակա հատվածի համեմատ պետք է լինի 0,5 մ-ից ոչ պակաս:
Եթե ծխահեռացման խողովակի հարևանությամբ գտնվում են շենքի ինչ-որ ավելի բարձր մասեր, շինություններ կամ ծառեր, ապա գազի սարքերի և ագրեգատների ծխահեռացման համակարգի խողովակները պետք է արտածվեն քամու ճնշման գոտուց բարձր:
Քամու ճնշման գոտի է համարվում շենքի ամենաբարձր մասից, շինությունից կամ ծառից 45օ-ի տակ դեպի հորիզոն անցկացրած գծի ստորին մասում գտնվող տարածությունը:
Ծխահեռացման խողովակաշարի գլխամասերը պետք է պաշտպանված լինեն մթնոլորտային տեղումներից:
(84-րդ կետը փոփ. 13.09.07 թիվ 1072-Ն որոշում)
85) Հասարակական նշանակության օբյեկտների այրման արգասիքի հեռացման համար թույլատրվում է օգտագործել պողպատյա ծխահեռացման խողովակներ: Շենքից դուրս պողպատյա խողովակները պետք է ջերմամեկուսացվեն:
86) Ծխահեռացման համակարգին գազի սարքերի միացման հնարավորությունը ուսումնասիրելու կամ վառարանները գազային վառելիքի փոխադրելու դեպքում պետք է ստուգվի ծխաօդատար ուղիների կառուցվածքի և օգտագործված նյութերի համապատասխանությունը սույն ՏԿ-ի և շինարարական նորմերի պահանջներին, նորմալ քաշանքի առկայությունը և աղտոտման բացակայությունը, ծխանցքի մեկուսացվածությունը և սարքին լինելը /ծուխը չպետք է թափանցի սենքեր ու օդափոխման անցուղիներ/, դյուրավառ կառուցվածքների պահպանող անջատոցների առկայությունը և պիտանելիությունը, խողովակաշարի գլխամասի պիտանելիությունը և ճիշտ տեղադրումը կտուրի, մոտակա շինությունների և ծառերի համեմատ, ինչը թույլ կտա որոշել, թե արդյոք ծխաօդատար ուղիները գտնվում են քամու ճնշման գոտուց դուրս:
Շահագործվող շենքերում ծխաօդատար ուղիների ստուգումը և սպասարկումն իրականացվում է ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 1843-Ն որոշմամբ հաստատված «Գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգի համաձայն:
Նորակառույց շենքերում ծխաօդատար ուղիների ստուգումը պետք է իրականացնեն աշխատանքներ կատարողները, պատվիրատուի ներկայացուցիչները /տեխվերահսկողություն իրականացնող անձինք/ և ծխնելույզ մաքրող մասնագիտացված կազմակերպությունները: Ստուգման արդյունքները ձևակերպվում են կազմակերպության ստանդարտով սահմանված ձևի ակտով:
4. ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐ
87) Բնակելի շենքերում գազատարները պատրաստվում են պողպատյա խողովակներից:
Հեղուկ գազերի սարքավորումների բալոնները սենքերում տեղադրելիս որպես գազատարներ թույլատրվում է օգտագործել ռետինագործվածքային խողովակներ ՀՀ քաղաքաշինության նախարարության ՀՀՇՆ IV-12.03.01-04-ին համապատասխան:
88) Գազատարները պետք է ներանցնեն դիտարկմանը հարմար ոչ բնակելի սենքեր /միջանցքներ, աստիճանավանդակներ, խոհանոցներ/: Թույլատրվում է գազատարների անցկացումը տեխնիկական միջանցքներով և տեխնիկական ներքնահարկերով սույն տեխնիկական կանոնակարգի III բաժնի 13 և 3-րդ գլխի 52 կետերի պահանջների կատարման դեպքում:
Չի թույլատրվում գազատարների ներանցումներ շենքերի նկուղային և կիսանկուղային (ցոկոլային) հարկեր, բացի միաբնակարան և բլոկավորված տներ կատարվող ներանցումները:
i
89) Շենքերում գազատարները պետք է անցկացվեն բաց տարբերակով: Ներքին գազատարները և կանգնակների վրա խցանային փականների տեղադրումն արգելվում է: Խցանային փականների տեղադրումը թույլատրվում է գետնախարսխային ներանցիչների վրա` շենքի արտաքին մասում:
(89-րդ կետը փոփ. 13.09.07 թիվ 1072-Ն որոշում)
90) Բնակելի սենյակներով ցածր ճնշման գազատարների տարանցիկ անցկացումը թույլատրվում է միայն այլ տարբերակների բացակայության դեպքում: Այդ դեպքում բնակելի սենքերի հատվածներում գազատարը չպետք է ունենա պարուրակային միացումներ և փականներ:
i
91) Բնակելի շենքերի ներսում անցկացված գազատարների և սարքավորումների անջատման համար գազատարի շենք ներանցնող մասում և յուրաքանչյուր գազի սարքից կամ վառարանից առաջ տեղադրվում է անջատող սարք /մեկ ներանցիչից երկու կամ ավելի խողովակասյուների միացման դեպքում անջատող սարք տեղադրվում է նաև յուրաքանչյուր խողովակասյան վրա, եթե այդ խողովակասյունը մատակարարում է չորսից ավելի հարկեր/:
Գազատարի վրա, գազաֆիկացվող տարածքի ներանցնող մասում, տեղադրվում է վթարային անջատիչ կափույր` միացված այրվող գազերի ազդանշանային սարքին:
(91-րդ կետը փոփ. 22.02.07 թիվ 314-Ն, 31.01.08 թիվ 330-Ն որոշումներ)
92) Բնակելի շենքերում գազօջախները պետք է տեղադրվեն 2,2 մ և ավել բարձրություն ունեցող խոհանոցներում, որոնք ունեն օդանցքով կամ բացվող փեղկով լուսամուտ և օդափոխման անցուղի: Խոհանոցի ծավալը պետք է կազմի առնվազն 15 մ3 չորս հրածորաններով գազօջախի դեպքում, 12 մ3 երեք հրածորաններ ունեցող գազօջախի դեպքում և 8 մ3 երկու հրածորաններով գազօջախի դեպքում:
Շահագործվող բնակելի շենքերում, եթե դրանց առաստաղի բարձրությունը 2,2 մ-ից պակաս չէ, և ծավալը համապատասխանում է նորմերին, ապա նման շենքերի խոհանոցներում գազօջախներ տեղադրվում են նաև հետևյալ դեպքում.
ա/ օդափոխման անցուղիներ չունեցող խոհանոցներում, այդ դեպքում օդանցքը պետք է գտնվի լուսամուտի վերին մասում,
բ/ առանց լուսամուտների խոհանոցներում, որոնք ունեն օդափոխման անցուղիներ, այդ դեպքում օդանցքներով լուսամուտներ պետք է լինեն հարակից ոչ բնակելի սենյակներում, որոնք ունենան անմիջական կապ խոհանոցի հետ,
գ/ անհատական օգտագործման միջանցքներում այն պայմանով, որ դրանք ունենան լուսամուտներ օդանցքներով վերին մասում, վառարանի և դիմացի պատի միջև պետք է լինի առնվազն մեկ մետր տարածություն, միջանցքի պատերը և առաստաղը պետք է սվաղած լինեն, իսկ բնակելի սենյակները առանձնացված լինեն միջանցքից ամուր միջնապատերով և դռներով:
Խոհանոցում նախկինում տեղադրված գազօջախների ծխահեռացման անցուղիները, որոնք կապված չեն այլ ծխահեռացման անցուղիների հետ, կարող են օգտագործվել որպես օդափոխման գծեր:
93) Գազի սարքեր չի թույլատրվում տեղադրել.
ա/ առանց բնական լուսավորության և նկուղային հարկերում գտնվող խոհանոցներում և որպես խոհանոց հարմարեցրած սենքերում,
բ/ հեղուկ գազերով գազամատակարարման դեպքում` նկուղային և գետնախարսխային հարկերում գտնվող խոհանոցներում և որպես խոհանոց հարմարեցրած սենքերում,
գ/ ընդհանուր օգտագործման միջանցքներում:
94) Բնակելի շենքերից դուրս թույլատրվում է գազօջախների տեղադրումը բացօթյա խոհանոցներում կամ ծածկի տակ: Բացօթյա խոհանոցի բարձրությունը և ծավալը պետք է համապատասխանեն սույն գլխի 92 կետում նշված պահանջներին: Խոհանոցը պետք է ունենա օդանցքով լուսամուտ: Ծածկի տակ գազօջախ տեղադրելու դեպքում պետք է բացառվի հրածորանների բոցի հանգումը քամու ազդեցության տակ:
95) Գազօջախների տեղադրման մասում փայտյա չսվաղված պատերը պետք է մեկուսացվեն ասբեստաֆաներով կամ 3 մմ հաստության ասբեստի թերթով և թերթապողպատով կամ սվաղով: Թույլատրվում է ասբեստը փոխարինել 15 մմ հաստության և կավե լուծույթով տոգորած թաղիքով կամ այլ հրակայուն նյութով: Անշարժ գազօջախ տեղադրելիս պատերի մեկուսացումը պետք է կատարվի հատակից, իսկ շարժականը` տեղադրման մակարդակից և պետք է առնվազն 10 սմ գերազանցի գազօջախի չափերը բոլոր կողմերից, իսկ վերևից` առնվազն 80 սմ-ով:
Գազօջախի տեղադրման փայտյա հիմքը պետք է մեկուսացվի ասբեստի թերթով կամ թաղիքով` ծածկված թերթապողպատով կամ ինչ-որ այլ չհրկիզվող նյութով:
96) Գազի ջրատաքացուցիչները պետք է տեղադրվեն խոհանոցներում: Ջրատաքացուցիչների տեղադրման սենքերը, ինչպես նաև լոգասենյակները, որտեղ ջրատաքացուցիչներ տեղադրված էին նախկինում, պետք է ունենան օդափոխման անցուղիներ և դռան ու հատակի միջև 0.02 մ կտրվածքով անցք` օդի ներհոսքը ապահովելու համար:
97) Լոգասենյակները, որոնցում տեղադրված են գազային վառելիքի փոխադրված անոթային ջրատաքացուցիչները կամ սյունակաթսաները, պետք է ունենան առնվազն 7,5 մ3 ծավալ: Այդ սենյակների դռները պետք է բացվեն դուրս:
98) Հյուրանոցների, հանգստյան տների, առողջարանների լոգասենյակներում, տաք ջրամատակարարմամբ բնակելի շենքերում, ինչպես նաև հինգից բարձր հարկայնության շենքերում ջրատաքացուցիչները տեղադրվում են ՀՀ քաղաքաշինության նախարարության ՀՀՇՆ-IV-12.04-01 պահանջներին համաձայն:
99) Հոսանուտային գազի ջրատաքացուցիչները հարկավոր է տեղադրել չայրվող պատերի մոտ` 2 սմ-ից ոչ մոտիկ:
Դժվարավառ պատերի մոտ գազի ջրատաքացուցիչներ տեղադրելու դեպքում դրանց միջև հեռավորությունը պետք է լինի 3 սմ-ից ոչ պակաս: Պատերը պետք է մեկուսացվեն ասբեստաֆաներով կամ 3 մմ հաստության ասբեստի թերթով և թերթապողպատով, կամ 15 մմ հաստության և կավե լուծույթով տոգորած թաղիքով կամ այլ չհրկիզվող նյութով: Մեկուսիչ շերտը պետք է 10 սմ-ով գերազանցի ջրատաքացուցիչի չափերը: Ջնարակված սալիկներով պատված մակերեսները չեն մեկուսացվում:
100) Փոքրածավալ գազի ջեռուցման կաթսաները կամ ջեռուցման անոթային ջրատաքացուցիչները թույլատրվում է տեղադրել 2 մ-ից ոչ ցածր ոչ բնակելի սենքերում, որոնք ունեն օդափոխման անցուղի և անցք դռան և հատակի միջև` համաձայն սույն գլխի 96 կետի պահանջներին:
Կաթսայի կամ անոթային ջրատաքացուցիչի տեղադրման սենքի` խոհանոցի ծավալը պետք է լինի առնվազն 6 մ3-ով ավելի, քան գազօջախների դեպքում:
101) Միևնույն սենքում թույլատրվում է երկուսից ոչ ավելի անոթային ջրատաքացուցիչների կամ փոքրածավալ ջեռուցման կաթսաների տեղադրում:
Մեկ սարքի տեղադրման դեպքում սենքի ծավալը պետք է կազմի առնվազն 7,5 մ3, երկու սարքի դեպքում` 12 մ3:
Այն սենքերին, որտեղ տեղադրվել են երկուսից ավելի կաթսաներ կամ ջրատաքացուցիչներ, ներկայացվում են նույն այն պայմանները` ինչ և կաթսայատներին:
102) Անոթային և հոսանուտային գազի ջրատաքացուցիչները, ցանկացած տիպի փոքրածավալ ջեռուցման կաթսաները, ինչպես նաև ջեռուցման և եփման վառարանները պետք է ունենան գազի մատակարարման ընդհատման, բոցի մարման կամ ծխանցքում անհրաժեշտ նոսրության բացակայության ժամանակ հրածորանների ավտոմատ անջատումն ապահովող սարքավորումներ:
103) Գազի անոթային ջրատաքացուցիչները և փոքրածավալ ջեռուցման կաթսաները պետք է տեղադրվեն չհրկիզվող պատերի մոտ, սակայն 15 սմ-ից ոչ պակաս տարածության վրա:
Եթե կաթսան կամ ջրատաքացուցիչը տեղադրում են դժվար այրվող պատի մոտ, ապա այդ պատը պետք է մեկուսացվի ասբեստաֆաներով կամ 3 մմ հաստության ասբեստի թերթով և թերթապողպատով կամ 15 մմ հաստության և կավե լուծույթով տոգորած թաղիքով կամ այլ չհրկիզվող նյութով: Մեկուսիչը պետք է գերազանցի սարքի չափերը առնվազն 10 սմ-ով:
Փոքր հզորության կաթսայի կամ անոթային ջրատաքացուցիչի հնոցի դիմաց անհրաժեշտ է պահպանել 1 մ ազատ տարածություն:
Կաթսայի կամ անոթային ջրատաքացուցիչի տեղադրման ժամանակ փայտյա հատակը պետք է մեկուսացրած լինի 3 մմ հաստության ասբեստի թերթով և թերթապողպատով կամ այլ, նախագծով նախատեսված նյութով: Մեկուսիչը պետք է առնվազն 10 սմ-ով գերազանցի կաթսայի կամ ջրատաքացուցիչի չափերը:
104) Ջեռուցման կամ եփման վառարանների փոխադրումը գազային վառելիքի թույլատրվում է հետևյալ պայմաններում.
ա/ վառարանի հիմքը տեղադրվում է շենքի պատի մեջ ամուր կերպով լցափակած առանձին հիմքի կամ բարձակի վրա /ռելս, մետաղյա շվելեր, երկտավր հեծան/,
բ/ վառարանները սարքին են, չունեն շարվածքի ճեղքեր և փլվածքներ,
գ/ ջեռուցման վառարանները չունեն սննդի պատրաստման համար նախատեսված ջեռոց և բաց հրածորաններ /գոյություն ունեցողները պետք է լցաշարված լինեն աղյուսով/,
դ/ եփման վառարանի ջեռուցման վահանակի ծխապտույտների թիվը չի գերազանցում երեքը,
ե/ վառարանն ունի հերմետիկ հնոցային և փչման դռնակներ, բավարար թվով «մաքրումներ»:
Վառարանները և դրանց ծխանցքերը պետք է համապատասխանեն քարե շինություններին ներկայացվող պահանջներին:
Անցուղիների հորիզոնական տեղակայումով վառարանները, ինչպես նաև շարժական տիպի վառարանները չի թույլատրվում փոխադրել գազային վառելիքի վրա:
105) Բուխարիները գազային վառելիքի փոխադրելու դեպքում դրանց ծխահեռացման անցուղիները պետք է միացվեն հնոցային խցիկի վերին մասի հետ 15 մմ-ից ոչ պակաս տրամագծի խողովակով` հնոցում գազի հավանական կուտակումները բացառելու նպատակով:
106) Գազիֆիկացված վառարանների հնոցները, որպես կանոն, տեղադրվում են միջանցքների կամ այլ ոչ բնակելի սենքերի կողմից: Շահագործվող բնակելի շենքերում հնարավոր է հնոցների դռնակների տեղադրումը բնակելի սենյակների կողմից: Այդ դեպքում վառարանների գազամատակարարումը պետք է իրականացվի առանձին ճյուղավորումներով: Գազատարին միանալու տեղում դրանց վրա, բնակելի սենքերից դուրս պետք է տեղադրվի խցանող ծորակ, որը, վառարանը օգտագործելուց հետո, պետք է փակել:
107) Գազիֆիկացված վառարանների հնոցների ելքի սենքերը պետք է ունենան օդափոխման անցուղիներ կամ օդանցքով լուսամուտներ կամ դուռ, որը բացվի դուրս, կամ նախամուտք: Հնոցի դիմաց պետք է լինի առնվազն 1 մ լայնության ազատ տարածություն:
108) Կենցաղային գազի սառնարանները, որպես կանոն, պետք է տեղադրվեն խոհանոցներում կամ որպես խոհանոց հարմարեցրած սենքերում, որոնք համապատասխանում են սույն ՏԿ-ի պայմաններին:
Թույլատրվում է կենցաղային գազի սառնարանների տեղադրումը օդափոխվող միջանցքներում, որոնք մեկուսացված են բնակելի սենքերից դռներով կամ շարժական միջնապատերով:
Սառնարանի և սենքի պատի միջև եղած տարածությունը պետք է լինի 5 սմ-ից ոչ պակաս:
109) Ջեռուցման գազի բուխարիները կամ օդաջեռուցիչները պետք է տեղադրվեն հետևյալ պահանջներին համապատասխան.
ա/ սենքը պետք է ունենա արտածծիչ օդափոխման անցուղի կամ օդանցքով լուսամուտ,
բ/ բուխարիները և օդաջեռուցիչները պետք է լինեն գործարանային արտադրության,
գ/ գազայրիչային սարքավորումները պետք է ունենան անվտանգության ավտոմատ համակարգ:
Պատերի վրա գազի բուխարիների տեղադրման դեպքում անհրաժեշտ է պահպանել սույն գլխի 99 կետի պահանջները, հատակին` 103 կետի պահանջները:
Հեռավորությունը գազի բուխարուց մինչև կենցաղային օգտագործման իրերը պետք է լինի 0,75 մ-ից ոչ պակաս:
110) Գազի սարքերի և վառարանների այրման արգասիքների հեռացումը պետք է կատարվի սույն գլխի 76, 77, 79, 81, 82, 84, 86 կետերի պահանջներին համապատասխան:
111) Շահագործվող շենքերում մեկ բնակարանում թույլատրվում է ջեռուցման վառարանի ծխանցքին միացնել մեկ ավտոմատ գազի ջրատաքացուցիչ կամ այլ գազի սարք` եթե ծխանցքի կտրվածքի մակերեսը բավարարում է այդ նպատակներին: Այդ դեպքում վառարանը և գազի սարքը պետք է օգտագործվեն տարբեր ժամանակ:
112) Արգելվում է անցումային խողովակների անցկացումը սարքերից և վառարաններից դեպի ծխանցքերը բնակելի սենյակների միջով: Չջեռուցվող սենքերով անցումային խողովակների անցկացման դեպքում վերջիններս պետք է ջերմապահպանվեն:
Միացման խողովակների հորիզոնական հատվածների գումարային երկարությունը նորակառույց շենքերում պետք է կազմի 3 մ-ից ոչ ավելի, իսկ շահագործվող շենքերում` 6 մ-ից ոչ ավելի:
Միացման խողովակները պետք է ունենան երեքից ոչ ավելի պտույտներ, որոնց կորացման շառավիղը պետք է լինի խողովակի տրամագծից ոչ պակաս:
V. ԳԱԶԱԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԿԵՏԵՐ ԵՎ ԳԱԶԱԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԿԱՅԱՆՔՆԵՐ
1) Գազի ճնշման նվազեցումը և անհրաժեշտ մակարդակին պահպանումը կատարվում է.
ա/ գազամատակարարող ցանցի և գազասպառման համակարգերի վրա կառուցվող գազակարգավորիչ կետերում խոշոր գազօգտագործող կաթսայատների, սարքավորումների և ագրեգատների համար,
բ/ գազ օգտագործող սարքավորումների և փոքր արտադրողականության ագրեգատների տեղակայման սենքերում /արտադրամասերում, կաթսայատներում և այլն/ մոնտաժվող գազակարգավորիչ կայանքներում:
Միջին ճնշման գազատարներից բնակելի շենքերի և բնակչության կենցաղսպասարկման օբյեկտների գազամատակարարման համար թույլատրվում է ԳԿԿ-ի փոխարեն օգտագործել ապահովական սարքավորմամբ տնային գազակարգավորիչներ:
2) ԳԿԿ-երը և ԳԿ կայանքները, ըստ գազի մուտքի ճնշման, բաժանվում են հետևյալ խմբերի.
ա/ միջին ճնշման գազի /0,005-ից մինչև 0,3 ՄՊա/,
բ/ բարձր ճնշման գազի /0,3-ից մինչև 1,2 ՄՊա/:
3) ԳԿԿ-ի և ԳԿ կայանքների տեղադրման պայմանները պետք է համապատասխանեն գազամատակարարման ներքին և արտաքին սարքավորումների նախագծմանը վերաբերող ՀՀ քաղաքաշինության նախարարության ՀՀՇՆ IV-12.03.01-04-ի և սույն ՏԿ-ի հավելված N 31-ի պահանջներին:
4) ԳԿԿ-ի և ԳԿ կայանքների տեղակայման պահարանները պետք է կատարվեն չհրկիզվող նյութերից, ստորին և վերին մասում ունենան օդափոխման անցքեր և ամրացվեն դրանցում գտնվող սարքավորումների սպասարկման և նորոգման համար հարմար բարձրության վրա:
5) Չի թույլատրվում ԳԿ կայանքների տեղադրումը բնակելի և հասարակական նշանակության շենքերի, մանկական, բուժական և կրթական հաստատությունների տարածքներում, ինչպես նաև այդ շենքերի մեջ կառուցված ջեռուցման կաթսայատներում:
6) ԳԿ կայանքները պետք է տեղադրվեն գազատարի ներանցման անմիջական հարևանությամբ այնպես, որ չստեղծվեն խոչընդոտներ հիմնական տեխնոլոգիական սարքավորումների շահագործման և նորոգման ժամանակ:
ԳԿ կայանքի տեղակայման վայրը պետք է օդափոխվի և լուսավորվի: ԳԿ կայանքի սարքերը և սարքավորումները պետք է լինեն պաշտպանված մեխանիկական ազդեցություններից և ցնցումներից:
7) ԳԿԿ-երի տեղակայման համար նախատեսված շենքերի շինությունները և կցաշենքերը, ջեռուցման, օդափոխման, լուսավորության, շանթապաշտպանության համակարգերի կազմակերպումը պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության նախարարության ՀՀՇՆ IV-12.03.01-04 պահանջներին:
8) ԳԿԿ-ում և ԳԿ կայանքներում օգտագործվող սարքերի և սարքավորումների քանակը և տիպը, ինչպես նաև դրանց դասավորվածքը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքաշինության նախարարության ՀՀՇՆ IV-12.03.01-04 պահանջներին:
9) ԳԿԿ-երում և ԳԿ կայանքներում գազատարները, սարքերը և սարքավորումները պետք է դասավորվեն այնպես, որ ապահովվի դրանց սպասարկման և նորոգման մատչելիությունը: 2 մ-ից բարձր գտնվող սարքավորումների սպասարկման համար պահանջվում է կառուցել ճաղաշարով պատած աշխատանքային հրապարակներ: Հատակի մոտ գազատարների տեղակայման դեպքում պետք է սարքվեն անցումային կամրջակներ ճաղաշարերով:
Գազատարները չպետք է փակեն մուտքը սենք: Տարածքի մուտքի հիմնական անցումի լայնքը պետք է լինի 0,8 մ-ից ոչ պակաս: ԳԿ կայանքի համար այդ չափը պետք է հաշվարկվի դրա սարքավորումներից կամ ցանկապատից մինչև այլ շինությունները: ԳԿ կայանքի ցանկապատը պետք է ունենա նորոգման աշխատանքները իրականացնելուն չխոչընդոտող կառուցվածք:
10) ԳԿԿ-ի և ԳԿ կայանքների սարքավորումների փչամաքրման մոմերի կառուցվածքը պետք է համապատասխանի սույն ՏԿ-ի III բաժնի 18 կետի պահանջներին:
11) ԳԿԿ-երում և ԳԿ կայանքներում տեղադրվող բոլոր հսկիչ-չափիչ սարքերը պետք է ունենան դրանց պիտանելիությունը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանությունը հաստատող դրոշմ:
12) ԳԿԿ-երում տեղադրվող էլեկտրական հաղորդակով հսկիչ-չափիչ սարքավորումները, ինչպես նաև հեռախոսակապի ապարատները պետք է լինեն պայթյունաանվտանգ կատարումով և համապատասխանեն տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: Հակառակ դեպքում դրանք պետք է տեղադրվեն ԳԿԿ-ի սենքից մեկուսացրած սենքերում կամ դրսում` փակվող պահարանի մեջ:
-----------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում