040.1399.121006
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 օգոստոսի 2006 թվականի N 1399-Ն
i
ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2200-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ գլխի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել էներգետիկ փորձաքննության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված ծրագրի 108, 155, 168 և 188-րդ կետերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի օգոստոսի 31-ի
N 1399-Ն որոշման
ԿԱՐԳ
ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Էներգետիկ փորձաքննությունն իրականացվում է համաձայն «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և նպատակ ունի էներգաարդյունավետության փաստացի և Ազգային ստանդարտներով սահմանված ցուցանիշների համեմատության ճանապարհով, իսկ նման ստանդարտների բացակայության դեպքում` ստացված ցուցանիշների վերլուծության միջոցով, եզրակացություն տալ կազմակերպության կողմից օգտագործվող վառելիքաէներգետիկ պաշարների (այսուհետ` ՎԷՊ) խնայողաբար օգտագործման վերաբերյալ և գնահատել ՎԷՊ-ի քանակի կրճատմանն ուղղված միջոցառումները:
2. Սույն կարգի համաձայն իրականացվում է էներգատեղակայանքների, շենքերի և կառուցվածքների, դրանցում կիրառվող կառուցվածքաջերմամեկուսիչ, ջերմամեկուսիչ և հերմետիկացնող նյութերի ու շինվածքների, արդյունաբերության, այդ թվում` գյուղմթերքների վերամշակման ոլորտներում կիրառվող տեխնոլոգիական պրոցեսների և սարքավորումների, էներգակիր սպառող ճարտարագիտատեխնիկական համալիրների (լուսավորության, ջերմամատակարարման, օդի լավորակման, օդափոխության, ջրամատակարարման և ջրահեռացման), դրանց նախագծերի և արտադրության էներգետիկ փորձաքննություն:
3. Էներգետիկ փորձաքննությունն ուղղված է հետևյալ հիմնական խնդիրների լուծմանը`
ա) կազմակերպության կողմից օգտագործվող ՎԷՊ-ի քանակի և որակի ցուցանիշների փաստագրում,
բ) ՎԷՊ-ի կորուստների պատճառների բացահայտում,
գ) ՎԷՊ-ի կորուստների կրճատմանն ուղղված միջոցառումների ցանկի մշակում,
դ) ՎԷՊ-ի էներգախնայողության ներուժի գնահատում,
ե) տեխնոլոգիական պրոցեսներում և սարքավորումներում էներգասպառման ռացիոնալ չափաքանակների որոշում,
զ) կազմակերպությունների համար էներգակիրների ծախսի հաշվառման և հսկողության կատարելագործման առաջարկությունների մշակում,
է) նոր սարքավորումների, տեխնոլոգիաների ստեղծման համար ելակետային տվյալների հավաքագրում և մշակում, կազմակերպության էներգետիկ հաշվեկշռի համապատասխանեցում ստանդարտներին` ներգրավելով երկրորդային (վերականգնվող) էներգապաշարներ:
II. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
i
4. Էներգետիկ փորձաքննության իրականացումը կամավոր է և կատարվում է իրավաբանական և ֆիզիկական անձանց նախաձեռնությամբ ու հաշվին, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
(4-րդ կետը փոփ. 10.09.15 թիվ 1026-Ն որոշում)
i
5. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող նախագծերի, կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտների էներգետիկ փորձաքննությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1504-Ն որոշման հավելվածով սահմանված էներգախնայողության և էներգաարդյունավետության պարտադիր միջոցառումներին համապատասխան:
(5-րդ կետը փոփ. 10.09.15 թիվ 1026-Ն որոշում)
i
6. Էներգետիկ փորձաքննությունն իրականացնում են «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների կողմից սերտիֆիկացված անձինք (այսուհետ` սերտիֆիկացված անձ):
(6-րդ կետը փոփ. 04.08.11 թիվ 1105-Ն, 10.09.15 թիվ 1026-Ն որոշումներ)
i
7. Էներգետիկ փորձաքննություն իրականացնելու համար սերտիֆիկացված անձինք պետք է բավարարեն նաև հետևյալ պայմանները`
i
ա) հագեցված լինեն անհրաժեշտ տեխնիկական կանոնակարգերով, ստանդարտներով, մեթոդականներով և դրանցով սահմանված չափիչ սարքերի բազայով.
բ) համալրված լինեն անհրաժեշտ որակավորման մասնագետներով:
(7-րդ կետը փոփ. 10.09.15 թիվ 1026-Ն որոշում)
i
7.1. «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն էներգետիկ փորձաքննության կազմակերպման համար անձը պետք է սերտիֆիկացված լինի հավատարմագրված ֆիզիկական անձանց սերտիֆիկացման մարմնի կողմից.
1) էներգետիկայի բնագավառում իրականացնում են հետազոտական, ուսումնական գործառույթներ և ունեն էներգետիկական չափումներ կատարելու փորձ.
2) հիմնական հաստիքացուցակին համապատասխան համալրված են առնվազն տասը տարվա գիտաուսումնական փորձ և էներգետիկայի բնագավառում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող մասնագետներով:
(7.1-ին կետը փոփ. 04.08.11 թիվ 1105-Ն, 10.09.15 թիվ 1026-Ն որոշումներ)
i
8. Էներգետիկ փորձաքննության իրականացումը պարտադիր փաստաթղթավորվում է` սերտիֆիկացված անձի կողմից:
(8-րդ կետը փոփ. 10.09.15 թիվ 1026-Ն որոշում)
9. Էներգետիկ փորձաքննության փաստաթղթավորումը նախատեսում է սերտիֆիկացված անձի աշխատանքային փաստաթղթերի, փորձաքննության արդյունքների հիման վրա էներգետիկ փորձաքննության եզրակացության և էներգետիկ փորձաքննության հաշվետվության կազմումը:
(9-րդ կետը փոփ. 10.09.15 թիվ 1026-Ն որոշում)
10. Էներգետիկ Սերտիֆիկացված անձի աշխատանքային փաստաթղթերը չափագրումների արդյունքում պատրաստվող և պահպանվող փաստաթղթեր են: Էներգետիկ Սերտիֆիկացված անձի աշխատանքային փաստաթղթերն առևտրային գաղտնիք կազմող փաստաթղթեր են:
(10-րդ կետը փոփ. 10.09.15 թիվ 1026-Ն որոշում)
11. Էներգետիկ փորձաքննության իրականացման գործընթացը բաղկացած է հետևյալ մակարդակներից`
ա) առաջին մակարդակի էներգետիկ փորձաքննություն` հաշվարկվում են ՎԷՊ-ի ծախսերն ընդհանուր ծախսերի մեջ.
բ) երկրորդ մակարդակի էներգետիկ փորձաքննություն` էներգատեխնոլոգիական համակարգերի և կազմակերպությունների խորացված ուսումնասիրություն` ընդհանուր առմամբ էներգետիկ հոսքերի որոշում:
Էներգետիկ փորձաքննության մակարդակը որոշվում է պատվիրատուի կողմից:
Նախագծերի համար իրականացվում է առաջին մակարդակի էներգետիկ փորձաքննություն:
12. Առաջին մակարդակի էներգետիկ փորձաքննության նպատակներն են`
ա) որոշել ՎԷՊ-ի օգտագործման և ծախսերի կառուցվածքները.
բ) որոշել կազմակերպության էներգախնայողության ներուժը.
գ) առանձնացնել այն հանգույցներն ու տեղամասերը, որտեղ ոչ ռացիոնալ են օգտագործվում ՎԷՊ-երը.
դ) որոշել էներգախնայողության հետ կապված հետագա աշխատանքների առաջնահերթությունները.
ե) բացահայտել երկրորդ մակարդակի էներգետիկ փորձաքննություն կատարելու անհրաժեշտությունը:
13. Երկրորդ մակարդակի էներգետիկ փորձաքննության նպատակներն են`
ա) գտնել և առաջարկել էներգախնայողություն ապահովող նախագծերի ներդրման հնարավորությունները.
բ) գնահատել այդ նախագծերի տեխնիկատնտեսական արդյունավետությունը.
գ) համակարգել և առաջարկել տեխնիկական լուծումներ, որոնք կապահովեն էներգաարդյունավետություն և էներգախնայողություն.
դ) ստեղծել նախադրյալներ կազմակերպությունում էներգախնայողության համալիր և երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար:
III. ԱՌԱՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
i
14. Առաջին մակարդակի էներգետիկ փորձաքննության համար նախատեսվող աշխատանքներն են` ծանոթություն նախագծի կամ օբյեկտի հետ, փորձաքննության համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և էներգախնայողության ներուժի գնահատում:
(14-րդ կետը փոփ. 10.09.15 թիվ 1026-Ն որոշում)
15. Առաջին մակարդակի էներգետիկ փորձաքննության հիմնական փուլերն են`
ա) ակնադիտական ծանոթություն կազմակերպության հետ.
բ) նախնական տվյալների հավաքագրում (կազմակերպության հաշվապահության ձևակերպումների մեջ ներառված տվյալներ).
գ) էներգիական անձնագրի լրացում` կազմակերպության տրամադրության տակ եղած տվյալների հիման վրա.
դ) կազմակերպության էներգատնտեսագիտական ցուցանիշների վերլուծություն.
ե) փորձաքննության օբյեկտների ընտրություն.
զ) առաջին մակարդակի էներգետիկ փորձաքննության հաշվետվության և եզրակացության կազմում:
i
16. Տեղեկատվության հավաքագրումը կատարվում է սերտիֆիկացված անձի կողմից, նախօրոք կազմված փորձաքննության ծրագրի շրջանակներում, ներգրավելով կազմակերպության համապատասխան աշխատողներին, և տվյալները գրանցվում են այդ նպատակով մշակված ձևաթղթերում:
(16-րդ կետը փոփ. 10.09.15 թիվ 1026-Ն որոշում)
17. Տեղեկատվության աղբյուրներ են հանդիսանում`
ա) կազմակերպության ղեկավարների և տեխնիկական անձնակազմի հետ տարվող հարցազրույցը.
բ) էներգամատակարարման և ՎԷՊ-ի հաշվառման գործող սխեմաները.
գ) էներգապաշարների տեխնիկական և առևտրային հաշվառման վերաբերյալ հաշվետվությունները և ՎԷՊ-ի մատակարարների կողմից ներկայացված հաշիվները.
դ) օրական, շաբաթական և ամսական ջերմային և էլեկտրական էներգիաների բեռերի գրաֆիկները.
ե) թողարկվող արտադրանքի ծավալի և նրանց գների ու սակագների վերաբերյալ տվյալները.
զ) տեխնոլոգիական և օժանդակ սարքավորումների տեխնիկական փաստաթղթերը (ռեժիմային քարտեր, այդ սարքերն արտադրող կազմակերպության դասակարգիչներ, կանոնակարգեր և այլն).
է) նորոգումների, կարգաբերումների, փորձարկումների և էներգախնայողության վերաբերյալ հաշվետվությունները.
ը) հեռանկարային ծրագրերը, տեխնիկատնտեսական հիմնավորումները, կազմակերպության զարգացման բիզնես-ծրագրով նախատեսված ցանկացած տեխնոլոգիական վերակառուցման ու կազմակերպչական բարեփոխումների նախագծային փաստաթղթերը:
Թվարկված տեղեկատվությունը ներկայացվում է փորձաքննությունն իրականացնողին առնվազն վերջին երկու տարվա կտրվածքով:
18. Նախնական տվյալների կազմը հետևյալն է`
ա) կազմակերպության վերաբերյալ ընդհանուր տեղեկությունները.
բ) բազային և ընթացիկ տարիների էներգասպառման և թողարկված արտադրանքի վերաբերյալ փաստացի հաշվետվությունների տվյալները.
գ) հիմնական էներգատեխնոլոգիական սարքավորումների ցանկը և դրանց տեխնիկական ու էներգետիկական բնութագրերը.
դ) կազմակերպության կողմից օգտագործվող ՎԷՊ-ի տեխնիկատնտեսական բնութագրերը.
ե) էլեկտրական ենթակայանների, սեղմված օդի, ջերմամատակարարման և ջրամատակարարման աղբյուրների մասին տեղեկություններ:
19. Կազմակերպության էներգատնտեսագիտական ցուցանիշների վերլուծությունը ներառում է`
ա) վերջին 2-3 տարվա համար թողարկված արտադրանքի քանակական բնութագրերը.
բ) փորձաքննության իրականացման պահին թողարկվող արտադրանքի ինքնարժեքը, այդ թվում` վառելիքի, էլեկտրական և ջերմային էներգիաների վրա կատարված ծախսերը.
գ) արտադրանքի էներգատարությունը.
դ) յուրաքանչյուր ամսվա ընթացքում թողարկված արտադրանքի տեսակարար էներգատարությունը և արտադրանքի հիմնական տեսականու վրա էներգապաշարների տեսակարար ծախսերը.
ե) աշխատողների միջին տարեկան թիվը, այդ թվում` առանձնացված էներգածառայության վարչական և արտադրական աշխատողների թիվը:
Անհրաժեշտ է պարզել, թե էներգիայի ընդհանուր ծախսի մեջ ՎԷՊ-ի որ տեսակների ծախսն ավելի զգալի է և որի վրա պետք է հատուկ ուշադրություն դարձվի առաջին հերթին: Էներգասպառման մասին տեղեկատվությունը պետք է ներառի ՎԷՊ-ի յուրաքանչյուր տեսակի մասնաբաժինը` էներգասպառման ամբողջ ծավալի մեջ` դրանց վրա կատարվող ծախսերով հանդերձ:
Գների մասին տեղեկանքում պետք է ներառել վառելիքի միավորի գինը և (կամ) սակագինը:
20. Էլեկտրաէներգիայի սպառման խնայողության ներուժի գնահատման նպատակով անհրաժեշտ է ստանալ հետևյալ տեղեկատվությունը`
ա) էլեկտրական էներգիայի յուրաքանչյուր սնուցման հզորությունը.
բ) միացված բեռի լրիվ հզորությունը.
գ) տարեկան և օրական բեռի գրաֆիկները.
դ) հզորության գործակցի միջինացված արժեքը.
ե) ռեակտիվ հզորության կոմպենսացման առկայությունը.
զ) էլեկտրասպառման ընդհանուր կառուցվածքը (շարժիչներ, լուսավորություն, տեխնոլոգիական պրոցես և այլն):
21. ՎԷՊ-ի օգտագործման խնայողության հնարավորությունը գնահատելու և ներկայացվող արդյունքների թափանցիկությունն ապահովելու նպատակով անհրաժեշտության դեպքում կարող են հաշվարկվել հետևյալ տեսակարար ծախսերը` ՎԷՊ-ի և էներգիայի միջին արժեքը, էներգակրի մեջ էներգիայի միավորի սահմանային արժեքը, օգտակար էներգիայի միավորի արժեքը և այլն:
22. Առաջին մակարդակի էներգետիկ փորձաքննության ավարտին սպառիչ պատկերացում է կազմվում կազմակերպության և նրա տեխնոլոգիական պրոցեսների մասին, ներառյալ`
ա) կազմակերպության կողմից ՎԷՊ-ի համար կատարված ընդհանուր ծախսերը.
բ) էներգակիրների ծախսերի կառուցվածքը.
գ) ՎԷՊ-ի սպառման և ծախսերի սեզոնային փոփոխությունը.
դ) յուրաքանչյուր էներգակրի գնի կառուցվածքը:
IV. ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
i
23. Երկրորդ մակարդակի փորձաքննության նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է`
ա) կատարել օբյեկտի ՎԷՊ օգտագործող սարքավորումների և տեխնոլոգիական պրոցեսների հետազոտություն.
բ) կազմել տեխնոլոգիական պրոցեսների ուրվակները.
գ) կազմել էներգիայի հիմնական սպառիչների ցանկը.
դ) կատարել յուրաքանչյուր հիմնական սպառիչի համար էներգիայի ծախսի հաշվարկ.
ե) կատարել հիմնական սպառիչների աշխատանքի վերլուծություն:
(23-րդ կետը փոփ. 10.09.15 թիվ 1026-Ն որոշում)
24. Կազմակերպության հետազոտության փուլում կատարվում է վիճակագրական տվյալների և նախնական տեղեկատվության հավաքագրում, որը ներառում է`
ա) ընթացիկ և անցած տարվա ընթացքում ամենամսյա և տարեկան հիմնական և լրացուցիչ արտադրանքի թողարկումը.
բ) ՎԷՊ-ի ամենամսյա և տարեկան սպառումը և ծախսը.
գ) միավոր արտադրանքի թողարկման տեսակարար ՎԷՊ-ի նորմերը.
դ) աշխատաժամերի քանակը և հերթայնությունը.
ե) ջերմամատակարարման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման և սեղմված օդի մատակարարման աղբյուրները.
զ) օբյեկտի ջերմամատակարարման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման և սեղմված օդի մատակարարման համակարգերի սխեմաները.
է) վերջին 1-2 տարվա ընթացքում էներգասպառման ցուցանիշները և էներգաօգտագործման արդյունավետության բարելավման ուղղությամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ գոյություն ունեցող վիճակագրական և կազմակերպության ներքին հաշվետվությունների տվյալները.
ը) ջերմային և էլեկտրական էներգիաների հաշվառքի և ծախսի նորմավորման վիճակը.
թ) էներգատար սարքավորումների և ինժեներական համակարգերի անձնագրերի առկայությունը.
ժ) երկրորդային էներգապաշարների, այդ թվում` ցածր պոտենցիալ ունեցող, ելքն արտադրությունից և նրանց օգտագործումը.
ժա) կազմակերպության էներգիական անձնագրի առկայությունը:
(24-րդ կետը փոփ. 10.09.15 թիվ 1026-Ն որոշում)
25. Օբյեկտի հետազոտության համար անհրաժեշտ է`
ա) որոշել տեխնոլոգիական պրոցեսների մուտքում և ելքում էներգետիկական հոսքերը.
բ) որոշել հումքի և արտադրանքի հոսքերը.
գ) սահմանել ՎԷՊ-ի կորուստների և թափոնների հոսքերը,
դ) սահմանել արտադրության աշխատանքային ռեժիմները և հանգուցային անձանց (հանգուցային անձինք կազմակերպությունում հանդիսանում են տեխնոլոգիական տեղակայանքների օպերատորները, վարպետները, տեխնոլոգները և թողարկվող արտադրանքի կառավարիչները):
(25-րդ կետը փոփ. 10.09.15 թիվ 1026-Ն որոշում)
26. Տեխնոլոգիական պրոցեսի ուրվակն իրենից ներկայացնում է դիագրամա, որը ցույց է տալիս հումքի և նյութերի շարժի հիմնական փուլերի հերթականությունը` մինչև պատրաստի արտադրանքի վերածվելը: ՈՒրվակի վրա նշվում են այն տեղերը, որտեղ տրվում և օգտագործվում են էներգապաշարները, ինչպես նաև տեխնոլոգիական պրոցեսում իրականացվում է հումքի վերամշակում և թափոնների օգտահանում:
27. Կազմակերպությունում էներգիայի հիմնական սպառիչները հայտնաբերվում են աշխատողների հետ զրույցի, տեխնոլոգիական պրոցեսների ուրվակների ուսումնասիրման և կազմակերպության շրջայցի միջոցով: Վառելիքի խոշոր սպառողները սովորաբար լինում են շոգեկաթսաները և ջրատաքացուցիչ կաթսաները, տարբեր նշանակության վառարանները և հեղուկների տաքացուցիչները, ջերմամատակարարման համակարգը:
28. Էներգասպառման հաշվարկ կատարելու համար հիմնական էներգասպառիչների ցանկից առավել խոշոր սպառիչներին առանձնացնելու և նրանց մանրակրկիտ ուսումնասիրության առաջնայնությունը կազմելու նպատակով անհրաժեշտ է իմանալ նրանց էներգասպառման մասը` ընդհանուր էներգասպառման մեջ:
29. Առանձին սպառողների էներգասպառման չափը գնահատելու համար պետք է հաշվի առնել`
ա) էներգասպառման սեզոնային փոփոխությունները.
բ) կատարված չափումների արդյունքները.
գ) կատարված հաշվարկների արդյունքները:
30. Էներգասպառման սեզոնային փոփոխությունների հաշվառումը հնարավորություն կտա առանձնացնելու ջեռուցման վրա ծախսված ՎԷՊ-ը տեխնոլոգիական պրոցեսում ծախսված ՎԷՊ-ից: Սպառման հաշվարկները հաճախ իրականացվում են չափումների, գնահատման և մաթեմատիկական հաշվարկների կատարման համադրմամբ: Սույն փուլում կարևոր է ունենալ էներգասպառման ընդհանուր պատկերը:
31. ՎԷՊ-ի սպառման հաշվեկշռի հաշվարկային տվյալների ճշգրտման նպատակով կատարվում է կազմակերպության էներգետիկ հոսքերի գնահատում: Այդպիսի գնահատում կարելի է կատարել հետևյալ եղանակներով`
ա) տեղադրված ցանկացած հաշվառքային սարքերի օգտագործմամբ,
բ) հատուկ փոխադրելի չափիչ-հսկիչ սարքերի կիրառմամբ,
գ) տեղակայված սարքավորումների նախագծային տվյալների կիրառմամբ,
դ) էներգակիրներ տեղափոխող խողովակաշարերի տրամագծերի չափերով պայմանավորված առավելագույն հոսքերի գնահատմամբ:
32. Էներգասպառման հաշվեկշիռը մշակվում է կազմակերպության կառուցվածքին համապատասխան, որտեղ առանձնացվում են էներգասպառման հետևյալ խմբերը`
ա) ընդհանուր գործարանային ծախսեր,
բ) ընդհանուր արտադրամասային ծախսեր` յուրաքանչյուր արտադրատեսակի համար,
գ) տեխնոլոգիական ծախսեր` յուրաքանչյուր արտադրատեսակի համար:
33. Կազմակերպության էներգետիկական հաշվեկշռի վերլուծության հիմնական խնդիրներն են`
ա) էներգաօգտագործման փաստացի վիճակի գնահատականը,
բ) տեխնոլոգիական և էներգետիկական սարքավորումների աշխատանքի բարելավումը և ՎԷՊ-ի կորուստների ի հայտ բերումն ու գնահատումը,
գ) տեխնոլոգիական պրոցեսներում և արդյունաբերական տեղակայանքներում ՎԷՊ-ի սպառման արդյունավետ չափերի որոշումը,
դ) նորմավորման մեթոդիկայի կատարելագործումը և արտադրվող ապրանքի համար ՎԷՊ-ի նորմերի մշակումը,
ե) սպառվող ՎԷՊ-ի յուրաքանչյուր տեսակի համար չափիչ-հսկիչ սարքերի նկատմամբ պահանջների մշակումը և հաշվառման համակարգի կատարելագործումը:
Փորձաքննություն իրականացնողի գործելակերպը պետք է համապատասխանի, բայց ոչ սահմանափակվի հետևյալ ալգորիթմով`
ա) կազմել էներգամատակարարման կառուցվածքային ուրվակը` նշելով առևտրային և տեխնիկական հաշվառքի սարքերի տեղերը,
բ) որոշել էներգասպառման վերլուծության համար անհրաժեշտ դիագնոստիկական լրացուցիչ սարքերի քանակը և տեսակը,
գ) վերլուծել էներգաբաշխման համակարգը և դրա վրա կատարվող ծախսերը, որի համար անհրաժեշտ է ունենալ ծախսված էներգիայի վճարման հաշիվը, սպառված էներգիայի սակագների մեծությունը, առևտրային հաշվիչների ցուցմունքները, ինչպես նաև բեռի տիպային օրական գրաֆիկները` ձմեռային և ամառային առավելագույն հզորություններով,
դ) որոշել կազմակերպության առանձին տեղամասերում էներգասպառման ծախսերը և ստանալ նախորդ տարվա էներգաբաշխման կառուցվածքը,
ե) հաշվարկել էներգիայի առանձին տեսակների ծախսերը` յուրաքանչյուր տեղամասի և ընդհանրապես կազմակերպության համար,
զ) կազմել կազմակերպության էներգետիկ հաշվեկշիռը,
է) վերլուծել հետևյալ ցուցանիշները`
մատակարարների կողմից ներկայացված հաշիվների համաձայն ՎԷՊ-ի համար կատարված վճարումների համապատասխանությունը հաշվարկի արդյունքում ստացված մեծություններին,
նախօրոք սահմանված ակտիվ հզորությունների առավելագույն արժեքների հարաբերությունը փորձաքննության ընթացքում նույն օրերի առավելագույն հզորություններին` ամառային և ձմեռային օրերի համար:
V. ՉԱՓԻՉ ՍԱՐՔԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ
34. Սարքերի կիրառմամբ հետազոտություն կատարվում է այն դեպքում, երբ բացակայող տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է էներգասպառման արդյունավետությունը գնահատելու համար, հաշվետվություններում ընդգրկված չէ կամ արժանահավատություն չի հարուցում: Սարքերի կիրառմամբ հետազոտության ժամանակ օգտագործվում են տեղադրված կամ փոխադրվող հատուկ չափիչ-հսկիչ սարքեր` առաջնայնությունը տալով տեղադրված առևտրային և տեխնիկական հաշվառքի սարքերին: Սույն հետազոտությունների դեպքում կազմակերպությունը բաժանվում է առանձին համակարգերի կամ օբյեկտների, որոնք ենթակա են հնարավոր համալիր հետազոտության:
35. Սարքերի կիրառմամբ հետազոտության ժամանակ չափումները բաժանվում են հետևյալ խմբերի`
ա) միանգամյա չափումներ, որոնք հանդիսանում են առավել պարզ չափում և կիրառվում են առանձին օբյեկտի որոշակի ռեժիմում աշխատանքի պայմաններում էներգաարդյունավետության ուսումնասիրության ժամանակ: Որպես օրինակ կարող են հանդիսանալ կաթսայական ագրեգատի օգտակար գործողության գործակցի չափումը, պոմպերի, օդամուղների, կոմպրեսորների հետազոտությունները և այլն: Միանգամյա չափման համար բավարար է սարքերի նվազագույն թիվը և դրանց վրա չի դրվում հիշողության կամ դիագրամի վրա գրանցման պարտադիր պայմանը.
բ) հաշվեկշռային չափումներ, որոնք կիրառվում են առանձին սպառիչների, տեղամասերի, կազմակերպության համար որևիցե մեկ տեսակի էներգակրի բաշխման հաշվեկշռի կազմման ժամանակ: Հաշվեկշռային չափումները կատարվում են ունենալով էներգակրի բաշխման ստույգ ուրվակը, համաձայն որի պետք է կատարվեն չափումներ` հաշվեկշռի ստացման համար: Սույն խմբին դասվող չափումների ժամանակ ցանկալի է ունենալ տարբեր կետերում միաժամանակյա չափման համար տեղադրված չափիչ սարքեր: Խորհուրդ է տրվում օգտագործել հիմնականում առևտրային և տեխնիկական հաշվառքի չափիչ սարքերը: Համապատասխան քանակի չափիչ սարքերի բացակայության դեպքում պետք է ապահովել էներգակրի բաշխման ցանցին միացված բոլոր սարքավորումների համար կայունացված ռեժիմ և չափումների ընթացքում բացառել անհարկի միջամտությունը կայունացված ռեժիմի ընթացքին: Հաշվեկշռային չափումների արդյունքում ստացված տվյալները կարող են հիմք հանդիսանալ էներգամատակարարման ուրվակների ճշգրտման համար.
գ) ցուցանիշների գրանցում, կատարվում է, երբ անհրաժեշտ է որոշել այս կամ այն ցուցանիշի փոփոխությունը` ժամանակի ընթացքում: Որպես օրինակ կարող է հանդիսանալ օրական բեռի գրաֆիկի ստացումը, սպառվող ջերմության կախվածությունը ջերմաստիճանից և այլն: Այս չափումների ժամանակ սարքերը պետք է կահավորված լինեն ներքին կամ արտաքին հիշողության սարքվածքներով և ունենան հնարավորություն` տեղեկատվությունը փոխանցելու համակարգչին: Որոշ դեպքերում թույլատրվում է օգտագործել տեղադրված չափիչ սարքերն առանց հիշողության, պայմանով, որ նրանց ցուցմունքները կվերցվեն հավասար ժամանակահատվածներում:
VI. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
36. Այս փուլի նպատակը նախորդ փուլերում հավաքված տեղեկատվությունների խորը վերլուծության արդյունքում կազմակերպությունում էներգախնայողության ուղիներ առաջարկելն է, որոնք սովորաբար լինում են`
ա) անարդյունավետ էներգասպառման բացառումը,
բ) կորուստների նվազեցումը,
գ) էներգիայի փոխակերպումների արդյունավետության բարձրացումը:
37. Էներգապաշարների կորուստները և դրանց անարդյունավետ օգտագործման տեղամասերն ի հայտ բերելուց հետո մշակվում են միջոցառումների ցանկ և կազմակերպության էներգասպառման արդյունավետության բարձրացման մասին նախագծեր:
38. Անհրաժեշտ է որոշել էներգահոսքերի արդյունավետությունը` ըստ իրենց ուղղությունների և մեծությունների: Այս նպատակով համեմատություն է կատարվում նմանատիպ կազմակերպությունների հետ, որպես չափորոշիչներ են վերցվում Ազգային ստանդարտներով սահմանված, իսկ դրանց բացակայության դեպքում` զարգացած երկրների նույնատիպ արտադրատեսակների համար էներգասպառման տեսակարար ցուցանիշները:
39. Կազմակերպության էներգասպառման արդյունավետության բարձրացման լավագույն լուծումներն առաջարկվում են տեխնոլոգիական պրոցեսների խորը ուսումնասիրման արդյունքում` ներգրավելով կազմակերպության բանիմաց մասնագետներին:
40. Ամբողջ տեղեկատվությունը, որը հավաքագրվում է փաստաթղթերից և գործիքային հետազոտությունների ընթացքում, հանդիսանում է էներգասպառման արդյունավետության որոշման համար ծառայող սկզբնանյութ: Հիմք ընդունելով հավաքագրված սկզբնանյութը և կախված սարքավորումների տեսակներից` ընտրվում է էներգաարդյունավետության վերլուծության մեթոդը:
41. Վերլուծության մեթոդները լինում են ֆիզիկական և ֆինանսատնտեսագիտական:
42. Ֆիզիկական մեթոդն առնչվում է տեխնոլոգիական պրոցեսը բնութագրող ֆիզիկական (բնական) մեծությունների հետ և նպատակ ունի որոշելու էներգասպառման բնութագրերը:
Այս մեթոդը ներառում է`
էներգասպառող օբյեկտների կազմի որոշումը, որոնցում պետք է իրականացվի վերլուծությունը (որպես օբյեկտ կարող են ծառայել առանձին սպառիչներ, համակարգեր, տեխնոլոգիական գծեր, շենքեր, ստորաբաժանումներ, ինչպես նաև կազմակերպությունն ամբողջությամբ).
օբյեկտների կողմից օգտագործվող ամբողջ էներգիայի բաշխման որոշումը` ըստ էներգապաշարների և էներգակիրների առանձին տեսակների: Այս նպատակով տվյալներն ամբողջությամբ բերվում են չափողականությունների նույն համակարգի, որոշվում է յուրաքանչյուր օբյեկտի համար բնութագրիչ մեծությունը, որն առավել մեծ ազդեցություն է ունենում էներգասպառման վրա: Օրինակ` տեխնոլոգիական սարքավորումների համար այդպիսի մեծություն է հանդիսանում թողարկվող արտադրանքը, ջեռուցման համակարգի համար` արտաքին օդի ջերմաստիճանը, էներգիայի տեղափոխման և կերպափոխման համար` ելքի օգտակար էներգիան և այլն:
Այնուհետև բոլոր օբյեկտների համար հաշվարկվում է էներգապաշարների առանձին տեսակների տեսակարար էներգասպառումը, որն իրենից ներկայացնում է էներգասպառման հարաբերությունը բնութագրիչ մեծության վրա: Ստացված տեսակարար ծախսը համեմատվում է բազային համանուն ցուցանիշների հետ և կատարվում է համապատասխան եզրահանգում յուրաքանչյուր օբյեկտի էներգասպառման արդյունավետության վերաբերյալ: Բազային ցուցանիշներ կարող են հանդիսանալ տվյալ ոլորտի համար Ազգային ստանդարտներով սահմանված նորմերը, օբյեկտի նախագծային նորմերը, ինչպես նաև զարգացած երկրների համապատասխան օբյեկտների համար կիրառվող ցուցանիշները:
Պրոցեսների ֆիզիկական մոդելավորման միջոցով կամ փորձագիտական գնահատմամբ որոշվում են էներգիայի ուղղակի կորուստները` էներգակիրների արտահոսքերի միջոցով, մեկուսացման խախտմամբ, սարքավորման ոչ ճիշտ շահագործմամբ, հարկադիր պարապուրդի արդյունքում ի հայտ են բերվում առավել անբարենպաստ օբյեկտները` էներգաարդյունավետության տեսանկյունից:
43. Ֆինանսատնտեսագիտական վերլուծությունը կատարվում է ֆիզիկականին զուգընթաց` դրանում բերված եզրակացություններին տնտեսագիտական հիմնավորում տալու նպատակով: Այս փուլում հաշվարկվում են առանձին էներգապաշարների վրա կատարվող ծախսերը` յուրաքանչյուր էներգասպառող օբյեկտի համար: ՈՒղղակի կորուստները գնահատվում են դրամական արտահայտությամբ: Էներգախնայողության միջոցառումների և նախագծերի վերլուծության ժամանակ որոշիչ դեր ունեն ֆինանսատնտեսագիտական չափորոշիչները:
VII. ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ
44. Այս փուլի նպատակն է`
ա) որոշել հնարավոր առաջարկներից այն առաջարկները, որոնք կարող են դառնալ իրական նախագծեր,
բ) համեմատել այլընտրանքային մտահղացումները և ընտրել լավագույնը,
գ) մշակել նախագծերի ընդհանուր ցանկ:
45. Էներգախնայողության միջոցառումների մշակման հիմքում դրվում է էներգախնայողության հայտնի տիպարային մեթոդների կիրառումը` վերլուծության փուլում ի հայտ բերված անարդյունավետ էներգասպառում ունեցող օբյեկտների համար:
46. Էներգախնայողության միջոցառումների ցանկը մշակելիս անհրաժեշտ է`
ա) որոշել առաջարկվող կատարելագործման տեխնիկական էությունը և տնտեսման սկզբունքը,
բ) հաշվել տարեկան կտրվածքով հնարավոր տնտեսման չափը` ֆիզիկական ծավալով և դրամային մեծությամբ,
գ) որոշել սարքավորումների կազմը, որն անհրաժեշտ է առաջարկության իրականացման համար, դրանց մոտավոր արժեքը` հիմք ընդունելով նմանատիպ սարքավորումների միջազգային գները, փոխադրման, տեղադրման և շահագործման հանձնելու հետ կապված ծախսերը,
դ) դիտարկել կազմակերպության ուժերով աշխատանքների կատարման հնարավորությունը` ծախսերի նվազեցման նպատակով,
ե) որոշել առաջարկության հնարավոր կողմնակի ազդեցությունը կազմակերպության իրական տնտեսական արդյունավետության վրա,
զ) գնահատել առաջարկվող կատարելագործման ընդհանուր տնտեսական արդյունավետությունը` հաշվի առնելով վերը նշված բոլոր գործոնները:
47. Եթե տրվում են միմյանցից կախված երկու և ավելի միջոցառումներ, ապա հաշվարկվում է արդյունավետության որոշման առնվազն երկու ցուցանիշ`
ա) արդյունավետության ցուցանիշ` միայն տվյալ միջոցառման ներդրման հետևանքով,
բ) արդյունավետության ցուցանիշ` բոլոր միջոցառումների ներդրման հետևանքով:
48. Էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումներից ստացված տնտեսական արդյունքը սովորաբար գնահատվում է ներդրումների հետգնման ժամանակամիջոցի հաշվարկի միջոցով: Պատվիրատուի պահանջով կարող են կիրառվել տնտեսական արդյունավետության հաշվարկի առավել բարդ մեթոդներ:
49. Տնտեսական արդյունավետությունը գնահատելուց հետո առաջարկված բոլոր միջոցառումները դասակարգվում են երեք խմբի`
ա) միջոցառումներ, որոնց իրականացման համար ծախսեր չեն պահանջվում կամ պահանջվում են քիչ ծախսեր: Այսպիսի միջոցառումներն իրականացվում են կազմակերպության ընթացիկ գործունեության ժամանակ,
բ) միջին ծախսատարություն պահանջող միջոցառումներ: Այսպիսի միջոցառումները կարող են իրականացվել կազմակերպության սեփական միջոցների հաշվին,
գ) բարձր ծախսատարություն պահանջող միջոցառումներ: Այսպիսի միջոցառումները սովորաբար իրականացվում են վարկային միջոցների ներգրավման շնորհիվ:
Առաջարկված միջոցառումները լրացվում են նշված խմբերը պարունակող աղյուսակի տեսքով` արդյունավետության չափի նվազման հաջորդականությամբ, որն էլ կարող է հանդիսանալ դրանց իրականացման հաջորդականություն:
VIII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
i
50. Էներգետիկ փորձաքննության եզրակացությունը սերտիֆիկացված անձի կողմից կազմված փաստաթուղթ է, որում արտահայտվում է կարծիք` էներգետիկ փորձաքննության ենթարկվող նախագծի կամ օբյեկտի (արտադրության տեխնոլոգիական պրոցեսի) և (կամ) էներգատեղակայանքներում էներգակիրների արդյունավետ օգտագործման էներգաարդյունավետության ցուցանիշների մասին և համապատասխանում է պատվիրատուի և սերտիֆիկացված անձի միջև կազմված էներգետիկ փորձաքննության առաջադրանքին:
(50-րդ կետը փոփ. 10.09.15 թիվ 1026-Ն որոշում)
i
51. Էներգետիկ փորձաքննության եզրակացությունը կազմվում է առնվազն երկու օրինակից, ստորագրվում և (կամ) կնքվում է էներգետիկ սերտիֆիկացված անձի կողմից: Էներգետիկ փորձաքննության եզրակացության մեկ օրինակը տրվում է էներգետիկ փորձաքննության ենթարկվող անձին, իսկ մյուսը` մնում է սերտիֆիկացված անձի մոտ:
(51-րդ կետը փոփ. 10.09.15 թիվ 1026-Ն որոշում)
52. Եզրակացությունը բաղկացած է երեք հիմնական մասից` ներածական, վերլուծական և եզրափակիչ:
53. Ներածական մասում նշվում են`
ա) կազմակերպության անվանումը, որը ենթարկվել է էներգետիկ փորձաքննության և այն ժամանակահատվածը, որի համար իրականացվել է փորձաքննությունը,
բ) էներգասպառման և էներգետիկ հաշվեկշիռների մասին հիմնական տեղեկությունները,
գ) պայմանական վառելիքի, ջերմության և էլեկտրական էներգիայի գումարային ծախսը` վերագրված թողարկվող հիմնական ապրանքատեսակներին և կազմակերպությանն ընդհանրապես,
դ) կազմակերպությունում օգտագործված էներգակիրների տեսակները, դրանց քանակությունը և տեխնոլոգիական պրոցեսների խոշորացված խմբերի միջև բաշխվածությունը,
ե) թողարկված ապրանքների քանակությունը` առանձնացնելով դրանցից առավել էներգատար ապրանքները,
զ) թողարկված հիմնական ապրանքների վրա վառելիքի, ջերմության և էլեկտրական էներգիայի պլանային և փաստացի տեսակարար ծախսերը,
է) կազմակերպության էներգետիկ հաշվեկշիռը` ըստ տեխնոլոգիական պրոցեսների խոշորացված խմբերի և օգտագործված էներգակիրների տեսակների և էներգետիկական սարքավորումների կազմը:
54. Վերլուծական մասը պարունակում է`
ա) էներգասպառման փաստացի մակարդակի գնահատումը և այդ մակարդակի նվազեցման հնարավորությունները,
բ) էներգատնտեսության տարրերում կորուստների հիմնական պատճառների և դրանց քանակության որոշումը,
գ) վառելիքի և էներգիայի տնտեսման արտադրական պաշարները,
դ) երկրորդային էներգապաշարների ելքը և դրանց օգտագործումը,
ե) էներգակիրների տարբեր պարամետրերի օգտագործման արդյունավետության գնահատականը` առանձին սարքավորումներում և պրոցեսներում,
զ) նոր տեխնիկայի և տեխնոլոգիաների ազդեցությունը կազմակերպության էներգասպառման մակարդակի վրա,
է) էներգատնտեսության արդյունավետության բարձրացման ընթացիկ և հեռանկարային (5-10 տարի) պլանները,
ը) սարքավորումների էներգետիկ ռեժիմների ինտենսիվացման հնարավորությունները և էներգասպառման նորմավորման և պլանավորման կատարելագործումը:
55. Էներգախնայողության ընթացիկ պաշարները գնահատվում են` ելնելով կազմակերպության փաստացի և տեխնիկական նորմատիվների հիման վրա կազմված էներգետիկ հաշվեկշիռների համեմատությունից:
Տեխնիկական նորմատիվներով հաշվեկշռի կազմման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել այնպիսի միջոցառումներ, որոնք չեն պահանջում հատուկ նախագծային և կոնստրուկտորային աշխատանքներ կամ երկարատև և մեծ ծախսեր պահանջող սարքավորումների ձեռք բերում: Էներգախնայողության հեռանկարային պաշարները գնահատվում են` ելնելով տեխնիկական նորմատիվների և տնտեսագիտական հիմնավորմամբ կազմված էներգետիկ հաշվեկշիռների համեմատությունից:
56. Էներգետիկ փորձաքննության եզրակացության եզրափակիչ մասում նշվում է` ՎԷՊ-ի արդյունավետ օգտագործման համառոտ գնահատականը, վառելիքի ծախսի և էներգամատակարարման ծախսերի կրճատմանն ուղղված առաջարկությունները: Եզրակացությանը կցվում են կազմակերպության էներգիական անձնագիրը, ՎԷՊ-ի սպառման օպտիմալ ռեժիմները, էներգախնայողության առաջարկվող նախագծերը` իրենց հիմնավորումներով, այդ թվում` ներդրումների չափը և դրանց հետգնման ժամանակամիջոցը և դրանց համեմատությունն ազգային ստանդարտների հետ:
i
57. Էներգետիկ փորձաքննության հաշվետվությունն առևտրային գաղտնիք պարունակող փաստաթուղթ է: Այն կազմվում է երկու օրինակից` յուրաքանչյուր կողմի համար մեկական օրինակ, ստորագրվում փորձաքննողի ու ստորագրվում և կնքվում էներգետիկ սերտիֆիկացված անձի ղեկավարի կողմից:
(57-րդ կետը փոփ. 10.09.15 թիվ 1026-Ն որոշում)
58. Էներգետիկ փորձաքննության հաշվետվությունում ներառվում են տեղեկություններ փորձաքննության ընթացքի, փորձաքննողի կողմից կիրառված մեթոդների, սարքերի, էներգետիկական տնտեսությունում հայտնաբերված սխալների և թերությունների, դրանց վերացման մասին, ինչպես նաև հակիրճ տեղեկատվություն էներգաարդյունավետության ցուցանիշների բարելավման ուղղությամբ:
IX. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
i
(IX գլուխը խմբ. 10.09.15 թիվ 1026-Ն որոշում)
59. Սարքերի կիրառմամբ հետազոտման մասով էներգետիկ փորձաքննությունը պետք է իրականացվի համապատասխան սարքերի միջոցով, որոնք պետք է ունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սերտիֆիկատ և լինեն ստուգաչափված:
60. Սերտիֆիկացված անձի կողմից օգտագործվող սարքերը պետք է ապահովեն համապատասխան ազգային ստանդարտով սահմանված մեթոդիկայի համաձայն էներգետիկ փորձաքննության համար անհրաժեշտ չափումների ու հետազոտությունների իրականացումը` ամբողջ ծավալով:
61. Էներգետիկ փորձաքննության տիպային օբյեկտներ են հանդիսանում, բայց չեն սահմանափակվում, ստորև ներկայացվածները.
ա) էներգախնայողություն ապահովող նախագծերը,
բ) կազմակերպությունների էլեկտրամատակարարումը, բաշխիչ կետերը և փոխակերպիչները,
գ) էլեկտրաշարժաբերը,
դ) կաթսաները,
ե) տուրբինները,
զ) վառարանները,
է) բոյլերները, ջերմափոխանակիչները,
ը) շոգու համակարգերը,
թ) օդամատակարարման համակարգերը,
ժ) օդափոխությունը, օդի լավորակումը,
ժա) լուսավորությունը,
ժբ) ջրամատակարարումը, պոմպային կայանքները,
ժգ) սառնարանային կայանքները,
ժդ) շենքերը, շինությունները:
62. Էներգետիկ փորձաքննության յուրաքանչյուր օբյեկտ կարող է ունենալ էներգետիկ փորձաքննության անցկացման կիրառելի մեթոդիկան, որը կարող է սահմանվել համապատասխան ազգային ստանդարտով կամ վերջինիս բացակայության դեպքում` կազմակերպության ստանդարտով:
ԻՐՏԵԿ |
10.09.15 թիվ 1026-Ն որոշման 1-ին կետի 10-րդ ենթակետի համաձայն կարգի IX և X գլուխները շարադվել են նոր խմբագրությամբ: Սակայն նոր խմբագրության տարբերակը ընդգրկում է մինչև IX գլխի 62-րդ կետ: Պարզ չէ X գլխի և 63-78-րդ կետերի հարցը: Ելնելով փոփոխման ուղղակի իմաստից` այդ կետերը պետք է ուժը կորցներին, որը և ԻՐՏԵԿ-ը կատարել է: |
63-78. (63-78 կետերն ուժը կորցրել են 10.09.15 թիվ 1026-Ն որոշում)
(69-րդ կետը փոփ. 04.08.11 թիվ 1105-Ն որոշում)