Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 218 ՀՈԴՎԱԾԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 218 ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ...

 

 

020.0630.180406

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 218 ՀՈԴՎԱԾԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 104, 106 ԵՎ 108 ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ` «ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 1151-Ն ՈՐՈՇՄԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 31 ՀՈԴՎԱԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 18 ապրիլի 2006թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ.Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմող` Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանի,

գործով որպես պատասխանող կողմեր ներգրավված` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական Գ. Մհերյանի և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետի և 101 հոդվածի 8 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1 կետի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218 հոդվածի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104, 106 և 108 հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2002 թվականի օգոստոսի 1-ին ընդունված` «Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում կառուցապատման ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» թիվ 1151-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31 հոդվածին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանի, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Մհերյանի և Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունները, ուսումնասիրելով գործով որպես մասնագետներ հրավիրված Տ. Բարսեղյանի, Ա. Վաղարշյանի, Հ. Թովմասյանի գրավոր եզրակացությունները, հետազոտելով ՀՀ քաղաքացիական և ՀՀ հողային օրենսգրքերը, «Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում կառուցապատման ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» ՀՀ կառավարության թիվ 1151-Ն որոշումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից` 1998 թվականի մայիսի 5-ին: Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է 1998թ. հուլիսի 28-ին և «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի համաձայն ուժի մեջ է մտել 1999թ. հունվարի 1-ից: Օրենսգրքի 218 հոդվածը սահմանում է.

«1. Հողամասը սեփականատիրոջից կարող է վերցվել պետության կամ համայնքի կարիքների համար` դրա գինը հատուցելու միջոցով:

Կախված այն բանից, թե ում կարիքների համար է վերցվում հողամասը, դրա գինը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը:

2. Պետության կամ համայնքի կարիքների համար հողամաս վերցնելու մասին որոշում ընդունում է պետական մարմինը:

Պետության կամ համայնքի կարիքների համար հողամասը վերցնելու մասին որոշում ընդունելու լիազորություն ունեցող պետական մարմինը, ինչպես նաև այդ որոշման նախապատրաստման և ընդունման կարգը սահմանվում են օրենքով:

3. Պետության կամ համայնքի կարիքների համար հողամասը վերցնելու մասին պետական մարմնի որոշումը ենթակա է գրանցման գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող մարմնում:

4. Հողամասը վերցնելու մասին որոշում ընդունած պետական մարմինը պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել հողամասի սեփականատիրոջը»:

2. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից` 2001թ. մայիսի 2-ին: Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է 2001թ. հունիսի 4-ին և ուժի մեջ է մտել 2001թ. հունիսի 15-ից:

Հողային օրենսգրքի 104 հոդվածը սահմանում է.

«1. Պետության և համայնքների կարիքների համար քաղաքացիներից և իրավաբանական անձանցից հողամասեր վերցնելու վերաբերյալ որոշումներ ընդունելու համար հիմք են հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաները, բնակավայրերի գլխավոր հատակագծերը:

2. Եթե հողամասի կամ դրա մի մասի վերցնելու հետևանքով հողամասի սեփականատերը չի կարող այն օգտագործել նախկին նպատակային նշանակությամբ, կամ այն փոքր է նվազագույն չափից, վերցվում է ամբողջ հողամասը:

3. Պետության և համայնքների կարիքների համար վերցվող հողամասի համար վճարը (գնման գինը), ժամկետները, պայմանները որոշվում են հողամասի սեփականատիրոջ հետ համաձայնությամբ, իսկ անհամաձայնության դեպքում` դատական կարգով:

4. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները (Երևանում` Երևանի քաղաքապետը) կառուցապատման համար հողամասեր տրամադրելու մրցույթ կամ աճուրդ կարող են հայտարարել ոչ շուտ, քան կհաստատվի և անշարժ գույքի պետական միասնական կադաստրում կգրանցվի պետության կամ համայնքի կարիքների համար վերցվող հողամասի և այլ անշարժ գույքի օտարման գոտին ու ոչ շուտ, քան օտարման գոտում գտնվող անշարժ գույքն օրենքով սահմանված կարգով վերցնելը:

Պետության կամ համայնքների կարիքների համար վերցվող հողամասերի և այլ անշարժ գույքի օտարման գոտին պետք է հայտարարվի հողամասերը վերցնելուց առնվազն մեկ տարի առաջ:

5. Մինչև մեկ տարին լրանալը հողամասը կարելի է վերցնել միայն դրա սեփականատիրոջ համաձայնությամբ»:

Հողային օրենսգրքի 106 հոդվածը սահմանում է.

«Պետության կամ համայնքների կարիքների ծագման դեպքերում հողամասերի սեփականատերերի, օգտագործողների իրավունքները սահմանափակվում են սույն օրենսգրքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում ու կարգով»:

Հողային օրենսգրքի 108 հոդվածը սահմանում է.

«1. Պետության կամ համայնքների կարիքների համար քաղաքացիների և իրավաբանական անձանց հողամասերը կարող են վերցվել Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով` նախնական համարժեք փոխհատուցմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով է իրականացվում նաև համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասեր վերցնելը պետության կարիքների համար:

3. Հողամասերի սեփականատերերը, հողամասը վերցվելուց առնվազն մեկ տարի առաջ, պետք է այդ մասին ծանուցվեն հողամասը վերցնելու որոշում ընդունած մարմնի կողմից: Մինչև այդ ժամկետի լրանալը հողամասը վերցնելը թույլատրվում է միայն հողամասի սեփականատիրոջ, օգտագործողի համաձայնությամբ:

4. Հողամասը վերցնելու մասին սեփականատիրոջ, օգտագործողի` հողամասի կառուցապատման և այլ միջոցառումների անցկացման համար սահմանված կարգով ծանուցելուց հետո գույքի անբաժանելի բարելավումների համար կատարած ծախսերը չեն հատուցվում»:

3. ՀՀ կառավարության թիվ 1151-Ն որոշումն ընդունվել է 2002թ. օգոստոսի 1-ին և վավերացվել է ՀՀ Նախագահի կողմից 2002թ. օգոստոսի 14-ին: Համաձայն այդ որոշման. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հոդվածներին համապատասխան և Երևանում կառուցապատման ծրագրեր իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր և շինություններ) օտարման գոտիները` 345000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Երևանի քաղաքապետին`

ա) երկամսյա ժամկետում ճշտել պետության կարիքների համար վերցվող հողամասերի սահմանները և դրանց օտարման գոտիները գրանցել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում.

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածին համապատասխան` սույն որոշման 1-ին կետում նշված օտարման գոտիներում գտնվող անշարժ գույքի սեփականատերերին և օգտագործողներին սահմանված կարգով հայտարարել պետության կարիքների համար օտարման գոտու և նրանց անշարժ գույքը վերցնելու ժամկետների, ֆինանսավորման աղբյուրների և կարգի մասին.

գ) օտարման գոտիների տարածքներում լիցենզավորված համապատասխան կազմակերպությունների միջոցով կազմակերպել և իրականացնել անշարժ գույքի գնահատման աշխատանքները.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշմամբ սահմանված կարգով ապահովել նշված տարածքների գոտևորման նախագծերի մշակումն ու հաստատումը` կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով հողամասերի տրամադրման համար.

ե) կառուցապատման ծրագրերի իրականացումն ապահովել 2003-2008 թվականների ընթացքում` ըստ փուլերի` ներգրավված ներդրումների ծավալներին համապատասխան»:

4. ՀՀ Սահմանադրության 31 հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը:

Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի:

Սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ` գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ:

Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով»:

5. Դիմող կողմը բողոքարկվող իրավական նորմերի հակասահմանադրական լինելու վերաբերյալ իր պնդումը հիմնավորում է հետևյալ հանգամանքներով.

- ՀՀ Սահմանադրության 31 հոդվածի 3-րդ մասի իմաստից հետևում է, որ սեփականության հարկադիր օտարման վերաբերյալ որոշումը պետական մարմինը կարող է ընդունել միայն բացառիկ դեպքերում և այն բանից հետո, երբ սեփականության նման օտարման անհրաժեշտությունը հիմնավորված է հանրային գերակա շահով:

- Վիճարկվող իրավական ակտերից և ոչ մեկում բացահայտված չեն «հասարակության և պետության կարիք» և «բացառիկ` գերակա հանրային շահի դեպքերում» հասկացությունները, որոնք միայն կարող էին ընկած լինել սեփականության իրավունքի սահմանափակման հիմքում: Միաժամանակ դրանք չեն համապատասխանում իրավական որոշակիության պահանջին: Իրավական որոշակիությունը բացակայում է նաև այն առումով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218 հոդվածը, ինչպես նաև ՀՀ հողային օրենսգրքի 104,106 և 108 հոդվածները չեն սահմանում հողամասը «պետական կարիքների» համար վերցնելու բավարար հստակ ձևակերպված ընթացակարգ:

- Չկա անշարժ գույքի վերաբերյալ կոնկրետ օրենք, որում սահմանված լինեին օտարման բացառիկ կարևորությունն ու նշանակությունը և նշված լիներ, թե օտարվող անշարժ գույքը հասարակության և պետության որ կարիքների բավարարմանն է ուղղվելու: Կառավարության վիճարկվող որոշումն առհասարակ պատկերացում չի տալիս, թե ինչ «պետական կարիքներ»-ի մասին է խոսքը և որևէ հիմնավորում չի պարունակում, թե ինչ պատճառական կապ գոյություն ունի «պետական կարիքների» և վերցվող հողամասի վրա մի շարք առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող առևտրային գործունեության միջև:

- Դիմող կողմի կարծիքով, պետք է լիներ առանձին օրենք, որը կկարգավորեր հանրային իրավունքի առարկա հանդիսացող այդ հարցերը: Այս դերը վերապահված է նշված օրենսգրքերի վիճարկվող հոդվածներին: Սակայն դրանք չեն կարող հիմք հանդիսանալ ենթաօրենսդրական ակտի համար, որովհետև չեն սահմանում սեփականության օտարման համար բացառիկ` գերակա հանրային շահի դեպքերին առնչվող իրավական ռեժիմը` որպես մարդու իրավունքների պաշտպանության երաշխիք:

6. Գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Գ. Մհերյանը վիճարկվող իրավական ակտերի հակասահմանադրական լինելու վերաբերյալ իր առարկությունը ներկայացրեց դրանց բոլոր դրույթների առանձին-առանձին բովանդակային վերլուծության հիման վրա: Նրա կարծիքով, դրանք առանձին վերցրած չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը:

Գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դ. Հարությունյանը վիճարկվող իրավական ակտերի հակասահմանադրական լինելու վերաբերյալ իր առարկությունը հիմնավորեց հետևյալ պատճառաբանություններով.

- ՀՀ Սահմանադրության 31 հոդվածի 3-րդ մասը չի նախատեսում, որ օրենքը պետք է պարունակի «բացառիկ գերակա հանրային շահերի» դեպքերի հիմնավորումները:

- ՀՀ Սահմանադրության 83.5. հոդվածը, ի տարբերություն նախորդ խմբագրությամբ գործող ՀՀ Սահմանադրության, սահմանեց այն իրավահարաբերությունները, որոնք պետք է կարգավորվեն բացարձակապես օրենքով, և այդ հոդվածը որևէ կերպ չի սահմանում, որ պետք է օրենքով սահմանվի «բացառիկ գերակա հանրային շահերի» հիմնավորումը:

- Ըստ ՀՀ օրենսդրության` «գերակա հանրային շահի» առկայության վերաբերյալ որոշում կարող են կայացնել թե՛ ՀՀ Ազգային ժողովը և թե՛ ՀՀ կառավարությունը: Հանրապետության օրենսդրությունը չի արգելում, որ կառավարությունը նման որոշում կայացնի, իսկ գերակա հանրային շահն ընկած է բնակավայրի գլխավոր հատակագծի հիմքում:

- Երաշխիքը, որ ՀՀ Սահմանադրության 31 հոդվածի 3-րդ կետի հիման վրա սեփականության օտարման դեպքում մարդկանց իրավունքները չեն խախտվի, դա նրանց իրավունքների դատական պաշտպանությունն է, որը կարող են իրականացնել ինչպես ընդհանուր իրավասության դատարաններում, այնպես էլ ՀՀ սահմանադրական դատարանում:

- Պատասխանող կողմերի ներկայացուցիչները պնդեցին, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218 և ՀՀ հողային օրենսգրքի 104, 106 և 108 հոդվածներն այն իրավական հիմքերն են, որոնք նկատի ունի ՀՀ Սահմանադրության 31 հոդվածի երրորդ պարբերությունը, երբ նշում է, որ սեփականության օտարումը պետք է իրականացվի «օրենքով սահմանված կարգով»:

7. 1998թ. փետրվարի 27-ին ՀՀ սահմանադրական դատարանը քննության առնելով «ՀՀ Ազգային ժողովի կողմից 1995 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ մասերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8 հոդվածին և 28 հոդվածի երկրորդ մասին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը», մասնավորապես որոշել է.

- անձի սեփականությունը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքերով կարող է օտարվել, իսկ նրա համաձայնության բացակայության դեպքում` պետության կողմից սեփականության իրավունքը կարող է դադարեցվել միայն կոնկրետ անշարժ գույքի վերաբերյալ օրենք ընդունելու միջոցով, որում կհիմնավորվի օտարման բացառիկ կարևորությունն ու նշանակությունը և կնշվի, թե օտարվող անշարժ գույքը հասարակության և պետության որ կարիքների բավարարմանն է ուղղվելու.

- «Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի հինգերորդ մասը, համաձայն որի` «Հասարակության և պետության կարիքների համար անշարժ գույքի օտարման ընթացակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ելնելով սույն հոդվածի դրույթներից», չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8 և 28 հոդվածներին: Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի կարող հասարակության և պետության կարիքների համար անշարժ գույքի օտարման այնպիսի ընթացակարգ սահմանել, որը նրան կլիազորի նման անշարժ գույքի օտարման իրավունք:

Սահմանադրական դատարանի 27.02.98թ. որոշումից հետո «Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան հոդվածներում փոփոխություն կամ լրացում չկատարվեց: Այդ օրենքն ուժը կորցրեց «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի համաձայն` 1999թ. հունվարի 1-ից:

2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեի արդյունքներով ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի առաջին մասը, համաձայն որի` «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը», մնաց անփոփոխ, իսկ նախկին տեքստի 28 հոդվածի դրույթները` նոր խմբագրությամբ, ամրագրվեցին Սահմանադրության 31 հոդվածում:

8. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 55 հոդվածը պահանջում է, որպեսզի օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության հարցը որոշելիս սահմանադրական դատարանը, ի թիվս այլ հանգամանքների, հաշվի առնի մարդու և քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների պաշտպանության, ազատ իրականացման անհրաժեշտությունը, դրանց թույլատրելի սահմանափակումների շրջանակները և հիմքերը, Սահմանադրության անմիջական գործողության ապահովման անհրաժեշտությունը:

Համաձայն Սահմանադրության 31 հոդվածի 1-ին մասի` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը»: Սահմանադրության 43 հոդվածը սեփականության իրավունքը չի դիտարկում որպես այդ հոդվածի հիմքերով սահմանափակվող իրավունք: Առկա է իրավունքների սահմանափակման այն առանձնահատուկ դեպքը, երբ Սահմանադրությունն է որոշում տվյալ իրավունքի սահմանափակման չափանիշն ու սահմանները` դա չվերապահելով նույնիսկ օրենսդրի իրավասությանը: Այն կարող է, նախ` իրականացվել օրենքով նախատեսված դեպքերում բացառապես դատական կարգով սեփականությունից զրկելու միջոցով` որպես պատասխանատվությունից բխող հարկադիր գործողություն: Երկրորդ` «սեփականության օտարման» միջոցով, որը «սեփականության զրկումից» էապես տարբեր այլ ինստիտուտ է և պետք է իրականացվի Սահմանադրության 31 հոդվածի 3-րդ մասի հիմքերով:

Սահմանադրության 31 հոդվածի 3-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունից հետևում է, որ.

- Սահմանադրությունը նախատեսում է սեփականատիրոջ սեփականության իրավունքի սահմանափակման և սեփականության հարկադիր օտարման հնարավորություն,

- վերջինս կարող է իրականացվել միակ նպատակի համար` երբ առկա է հասարակության և պետության կարիքը, որը պետք է լինի կոնկրետ և հստակորեն արտահայտված որոշակի սեփականության առնչությամբ, և որը պետությունը պարտավոր է, իր գործառույթներն իրականացնելիս, հաշվի առնել ու բավարարել,

- սակայն հասարակության և պետության ամեն մի կարիք սեփականության օտարման հիմք չի կարող հանդիսանալ, այդ կարիքները պետք է լինեն բացառիկ` պայմանավորված գերակա հանրային շահով,

- սեփականության օտարման կարգը պետք է սահմանված լինի օրենքով (նման ձևակերպումը տեղ է գտել 2005թ. նոյեմբերի 27-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքում, ընդ որում, օրենսդրի հայեցողությանն է թողնում, թե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որ մարմինն է իրավասու օրենքով սահմանված կարգով որոշում ընդունել սեփականության հարկադիր օտարման մասին),

- սեփականության օտարման դեպքում պետք է երաշխավորված լինի նախնական փոխհատուցումը,

- այդ փոխհատուցումը պետք է լինի համարժեք:

Սահմանադրական այս պահանջների մեջ բացառիկ` գերակա հանրային շահի ամրագրումը, մի կողմից սեփականության իրավունքի պաշտպանության երաշխիք է, քանի որ այլ դեպքերում սեփականության օտարումը կլինի հակասահմանադրական, մյուս կողմից` պետության համար սահմանափակում է օտարված սեփականությունն այլ նպատակով օգտագործելու հնարավորությունը:

Պետությունը պարտավոր է օրենքի միջոցով սահմանել հասարակության և պետության կարիքների համար սեփականությունը հարկադիր օտարելու կարգը, ինչը պետք է ապահովի սեփականատիրոջ իրավունքը` նախապես իմանալու, թե ինչու է հարկադիր միջամտություն ցուցաբերվում սեփականության իր իրավունքին և ինչ կոնկրետ կարիքների համար է սեփականությունն օտարվում: Բոլոր դեպքերում իր գույքից անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ միջամտությունը ենթադրում է արդարացի հավասարակշռություն հասարակության գերակա շահերի և մարդու հիմնարար իրավունքների ապահովման անհրաժեշտության միջև:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ եթե հանրային կարիքների համար սեփականության հարկադիր օտարում է տեղի ունենում` առանց օրենսդրորեն հստակ սահմանելու և գործնականում հաշվի առնելու օտարման սահմանափակումների վերաբերյալ սահմանադրական պահանջները, ապա դա կլինի անհամամասն միջամտություն սեփականության իրավունքին:

9. ՀՀ Սահմանադրության 3 հոդվածը բովանդակում է իրավական պետության հիմնարար արժեքները բնութագրող երեք կարևորագույն դրույթ.

- Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են:

- Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:

- Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք:

Այս դրույթները, իրենց փոխկապվածության մեջ, երաշխավորում են իրավունքի գերակայությունը և հստակ բնորոշում մարդու իրավունքների, այդ թվում` սեփականության իրավունքի տեղն ու դերը սահմանադրաիրավական հարաբերություններում:

Միաժամանակ, Սահմանադրության 6 հոդվածը սահմանում է, որ նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով: Իսկ Սահմանադրության 83.5. հոդվածի 1-ին և 2-րդ կետերը նախատեսում են, որ բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու և պաշտպանելու թե՛ պայմանները և թե՛ կարգը, ինչպես նաև նրանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ամրագրել է մի կարևոր նորմ ևս` «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները» (հոդվ. 43): Այս առնչությամբ ուշադրության արժանի է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի այն դրույթը, համաձայն որի` «յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով»:

Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով մարդու իրավունքների վերաբերյալ սահմանադրական նորմ-սկզբունքների պահանջները, սեփականության իրավունքի պաշտպանության և հանրային կարիքների համար սեփականության հարկադիր օտարման հարցերով սահմանադրական և միջազգային իրավական նշված մոտեցումները, նկատի ունենալով սահմանադրական փոփոխությունների արդյունքում ձևավորված նոր իրավական պահանջները, գտնում է, որ կառավարությունը չի կարող իր որոշումներով սահմանել պետության կարիքների համար սեփականության օտարման կարգը, որն ուղղակիորեն առնչվում է սեփականության իրավունքի սահմանափակման հիմնախնդրին և պետք է լինի հանրային շահի ու անհատի սեփականության իրավունքի հավասարակշռության ապահովման երաշխիք:

Սահմանադրության 31 հոդվածի 3-րդ մասի դրույթներից բխում է, որ Սահմանադրությունը տվյալ իրավահարաբերությունների համատեքստում որպես սեփականության հարկադիր օտարման հիմք է ճանաչում «հասարակության և պետության կարիքները», իսկ օտարվող գույքի սեփականատիրոջ սեփականության իրավունքի պաշտպանության երաշխիքներ է համարում օտարումը` «միայն բացառիկ` գերակա հանրային շահերի դեպքերում», օտարումը` «օրենքով սահմանված կարգով», օտարումը` «օտարվող գույքի նախնական համարժեք փոխհատուցմամբ»:

Սահմանադրությունն ուղղակի պահանջ է առաջադրում, որ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման կարգը սահմանվի օրենքով: Ընդ որում, այդ կարգը չի կարող անտեսել սեփականության իրավունքի պաշտպանության այն բոլոր երաշխիքները, որոնք նախատեսված են 31 հոդվածում:

Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի համակարգային վերլուծությունը վկայում է, որ այդ խնդիրը դեռևս հստակ ու պատշաճ ձևով լուծված չէ:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունը, Սահմանադրության 3, 5, 8, 31, 43, 83.5. հոդվածների պահանջներից ելնելով, պետք է օրենքով հստակ սահմանի հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման իրավական ռեժիմը: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում դա իրականացվում է Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին հատուկ օրենքով, որով սահմանվում են սեփականության օտարման հիմնական սկզբունքները, ընդհանուր պայմանները, հարկադիր օտարման իրավաչափությունը, իրավունքների պաշտպանության երաշխիքները, գործընթացի կազմակերպման ու իրականացման կարգը և այլն: Նման օրենքի ընդունումը մեր երկրում ներդաշնակ կլինի ՀՀ սահմանադրական վերջին զարգացումների տրամաբանությանը և սեփականության իրավունքի պաշտպանության կարևոր նախադրյալ կհանդիսանա:

10. Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման օրենսդրորեն կարգավորումը պետք է պարտադիր կարգով հիմքում ունենա այն ելակետային դրույթը, որ տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել կամ դադարել միայն Սահմանադրության 31 հոդվածով նախատեսված դեպքերում` երաշխավորելով սահմանադրական հետևյալ պահանջների կատարումը.

ա) հասարակության և պետական կարիքների առկայության հիմնավորման պահանջի,

բ) բացառիկ` գերակա հանրային շահի առկայության և դրա հիմնավորման պահանջի,

գ) գերակա հանրային շահով պայմանավորված` հասարակական և պետական կարիքի և անհատի սեփականության իրավունքի պաշտպանության պահանջների միջև արդարացի հավասարակշռության ապահովման պահանջի: Վերջինս ենթադրում է նաև սեփականության իր իրավունքին միջամտելու վերաբերյալ անձի պատշաճ և հիմնավոր տեղեկացվածություն և տարբեր շահերի համադրման համատեքստում իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության հնարավորություն:

Օրենքը պետք է սահմանի հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման կարգը, որոշակիացնելով.

ա) օտարելու մասին որոշում կայացնող պետական մարմինը,

բ) օտարվող սեփականության դիմաց նախնական համարժեք (բնեղեն և/կամ դրամական) փոխհատուցման ապահովման կարգը,

գ) գույքն օտարելու մասին որոշման բողոքարկման, ինչպես նաև հատուցման գնի, ժամկետների, այլ համարժեք փոխհատուցում տալու և դրանց հետ կապված մյուս պայմանների շուրջ համաձայնության չգալու դեպքում գույքի օտարման կարգը,

դ) օտարվող գույքի սեփականատիրոջ իրավունքները, պարտականությունները, իրավունքի սահմանափակումները,

ե) հարկադիր օտարումից հետո սեփականության նոր իրավունքի ծագման և իրավական ձևակերպման կարգը,

զ) իրավաչափ նպատակի համար սեփականության տարբեր օբյեկտների օտարման առանձնահատկությունները և այլն:

Եթե սեփականությունն օտարվում է հասարակության կարիքների համար, անկախ նրանից, թե ինչ սուբյեկտի է (պետություն, համայնք, ֆիզիկական կամ իրավաբանական անձ) հետագայում օրենքով սահմանված կարգով անցնում գույքը, օրենքը պետք է սահմանի այնպիսի կարգավորում, որը երաշխավորի տվյալ գույքի օգտագործումը հասարակության այն կարիքների համար, որի հիմնավորմամբ կատարվել է օտարումը:

Օրենքը միաժամանակ պետք է նախատեսի, որ սեփականատիրոջ և պետության (ի դեմս նրա լիազոր մարմնի) միջև կնքվում է գերակա հանրային շահով պայմանավորված` հասարակության և պետության կարիքների համար գույքի օտարման և համարժեք փոխհատուցման պայմանագիր, որում պետք է հստակ շարադրված լինեն վերոհիշյալ պահանջներից բխող երկկողմ պարտավորությունները, ինչպես նաև այն պայմանը, որ նման պայմանագրով տրված փոխհատուցումը չի կարող դիտվել որպես հարկվող եկամուտ:

Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարմանը վերաբերող ցանկացած նորմատիվ իրավական ակտ չի կարող շրջանցել սահմանադրական պահանջները (մասնավորապես` 3, 5, 8, 31, 43, 83.5. հոդվածներ) և անտեսել Սահմանադրության 31 հոդվածի դրույթն այն մասին, որ միայն բացառիկ` գերակա հանրային շահի առկայության հիմնավորմամբ ի հայտ եկած հասարակական և պետական կարիքի դեպքում կարող է սեփականության հարկադիր օտարման խնդիր առաջադրվել: Հակառակ մոտեցումը կհակասի սեփականության իրավունքի բուն էությանը:

11. ՀՀ Սահմանադրության նորմերի համեմատական վերլուծությունը, ինչպես նշվեց, վկայում է, որ միայն մեկ դեպքում է հնարավոր սեփականության հարկադիր օտարումը` երբ առկա է բացառիկ` գերակա հանրային շահերով պայմանավորված հասարակական և պետական կարիքը: Այս դրույթը ՀՀ գործող օրենսդրության մեջ իր համարժեք իրացումը չի գտել: Ավելին, սույն գործով վեճի առարկա և մի շարք այլ իրավական ակտերում այն ներկայացվել է «պետության կամ համայնքի կարիքի (կարիքների) համար գույքը (հողամասը) վերցնել» դրույթով: Սեփականության հարկադիր օտարման իրավահարաբերությունների համատեքստում «հասարակության և պետության կարիք» և «պետության կամ համայնքի կարիք» դրույթների թեկուզ քերականական մեկնաբանությունից և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի 10-րդ կետում սահմանված` «և» շաղկապի ու «կամ» շաղկապի կիրառման կանոններից հետևում է, որ երկրորդ դեպքում «կամ» շաղկապով կապակցված են նախադասության երկու համազոր, սակայն միմյանցից անկախ հասկացություններ, որոնք ենթադրում են սեփականության օտարման երկու ինքնուրույն, միմյանցից անջատ նախադրյալ, երբ «այդ նորմի կիրառման համար բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը»: Այս առումով, ինչպես նաև «հասարակություն» և «համայնք» հասկացությունների բովանդակային ընդգրկման տարբերություններից ելնելով, այդ երկու դրույթներն ամբողջությամբ նույնական կամ համազոր համարվել չեն կարող:

Բացի դրանից, այդ դրույթների սահմանադրաիրավական մեկնաբանության համար պետք է դրանք ներկայացնել իրենց իրավական բովանդակության ամբողջականության մեջ: Սահմանադրական դրույթի բովանդակությունն է` «սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար»: Գործող օրենքներում և կառավարության որոշումներում այն ներկայացվել է «հողամասը (գույքը) պետության կամ համայնքի (համայնքների) կարիքների համար վերցնել» դրույթով:

Սահմանադրական դրույթի իրավական բովանդակությունը հստակ է, և խոսքը վերաբերում է իրավաչափ նպատակի համար սեփականության հարկադիր օտարմանը: «Սեփականության օտարում» հասկացությունը, իր հերթին, սահմանադրական տվյալ դրույթի համատեքստից ելնելով, ենթադրում է Սահմանադրությամբ նախատեսված այդ նույն իրավաչափ նպատակի համար կոնկրետ օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակում կամ դադարում` պայմանով, որ այդ օբյեկտի դիմաց անձին նախապես տրվում է համարժեք այլ գույք կամ փոխհատուցում, որն էլ երաշխավորում է սեփականության իրավունքի ապահովման շարունակականությունը:

Փաստորեն Սահմանադրության 31 հոդվածի նշված դրույթն ամբողջականանում է նույն հոդվածի այլ դրույթների հետ օրգանական փոխկապվածության համատեքստում: Դա ոչ միայն իր բնույթով իրավունքի սահմանափակման առանձնահատուկ ինստիտուտ է, այլև անխուսափելիորեն նշանակում է, որ առկա է իրավաչափ նպատակի և սեփականության իրավունքի համադրման անհրաժեշտություն: Նման համադրման արդյունքում որևէ կոնկրետ սեփականության օբյեկտի նկատմամբ Սահմանադրությամբ նախատեսված հիմքերով իրավունքը կարող է սահմանափակվել կամ դադարել, եթե այն ծառայում է բացառիկ` գերակա հանրային շահի բավարարմանը:

Ակնհայտ է, որ, ինչպես նշվեց, օրենքը պետք է սահմանի, թե ինչպես որոշել հասարակական և պետական կարիքը, ինչպես է հիմնավորվում, որ դրա` համարժեք փոխհատուցմամբ բավարարումը թելադրված է բացառիկ` գերակա հանրային շահով, ինչ կարգով այդ հիմնավորման մասին տեղեկացնել սեփականության իրավունքը կրողին, ինչպես վերջինս կարող է Սահմանադրության 18 և 19 հոդվածներով նախատեսված իր իրավունքների շրջանակներում դատական կարգով բողոքարկել ներկայացրած հիմնավորումը, երբ գտնում է, որ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ միջամտությունը չի ապահովում «արդարացի հավասարակշռություն» հասարակության շահերի և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության անհրաժեշտության միջև:

Տվյալ օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի` որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն` ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը:

Գործող օրենքներում և կառավարության որոշումներում ամրագրված դրույթը` դրա իրավակիրառական, այդ թվում` դատական պրակտիկայով պայմանավորված բովանդակային ընդգրկումով, սեփականության իրավունքի սահմանադրական մոտեցումներին համահունչ չէ, և ավելի շուտ վկայում է իրավամտածողության իներցիայի մասին: «Սեփականության օտարում» հասկացության փոխարինումը «վերցնել»` սահմանադրաիրավական բովանդակություն չունեցող, ժողովրդախոսակցական բնույթ և ավելի շուտ վարչարարություն հիշեցնող արտահայտությամբ, ոչ միայն բարեխիղճ մոտեցում չէ սահմանադրական հասկացությունների միասնական կիրառումն ապահովելու առումով, այլև աղավաղել է գույքի գնման ինստիտուտի բովանդակությունը: Վերջինս, իրավահարաբերությունների սուբյեկտների իրավահավասարության և ինքնուրույն կամքի դրսևորման պայմաններում, միանգամայն կարող է հանդես գալ որպես քաղաքացիաիրավական հարաբերությունների առարկա: Սակայն այդպիսին չեն կարող համարվել այն հարաբերությունները, որտեղ առկա են մեկ կողմի` մյուսի վարչական կամ այլ իշխանական ենթակայության վրա հիմնված գույքային հարաբերություններ:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ իրավական համակարգում օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից չեն ստեղծվել անհրաժեշտ ու բավարար նորմատիվային իրավական նախադրյալներ ՀՀ Սահմանադրության 31 հոդվածի 3-րդ մասի պահանջների իրականացման համար` այն իրավական բովանդակության ու նշանակության տեսանկյունից, ինչը դրված է սահմանադրական նորմի հիմքում: Պետությունը կամ համայնքը կարող են կողմերի ազատ կամքի դրսևորման հիման վրա իրենց կարիքների բավարարման համար քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում գնել անհրաժեշտ գույք: Սակայն երբ հարցն առնչվում է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարմանը, ապա ցանկացած իրավական ակտի և համարժեք գործողության հիմքում պետք է դրվի Սահմանադրության 31 հոդվածի պահանջը և նկատի առնվի, որ մարդու սահմանադրական իրավունքները բարձրագույն արժեք են ու անմիջական գործող իրավունք:

12. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ միջազգային պրակտիկայում սեփականության օտարման համար հիմք են պետության և հասարակության այնպիսի կարիքները, ինչպիսիք են ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, օդանավակայանների, հանրային տարաբնույթ նշանակության այլ ենթակառուցվածքների, պաշտպանական նշանակության օբյեկտների շինարարությունը, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, պատմամշակութային հուշարձանների պաշտպանության, բնակավայրերի կառուցապատման և հասարակական ու պետական կարևորության տարբեր այլ ծրագրերի իրականացումը: Սակայն բոլոր պարագաներում իրավական խնդիրն այն է, որ օրենքով սահմանված կարգով ամեն մի կոնկրետ դեպքում հիմնավորվի ծրագրի այդպիսին լինելը և այդ մասին ժամանակին ու պատշաճ ձևով տեղեկացվեն շահագրգիռ անձինք` ստանալով իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորություն:

Բացի դրանից, միջազգային սահմանադրական պրակտիկայում քննության առարկա իրավահարաբերությունների համատեքստում չի կիրառվում «գերակա հանրային շահ» հասկացությունը: Ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ որոշ այլ երկրների սահմանադրություններում շեշտվում է նաև բացառիկ դեպքերի հանգամանքը: «Բացառիկ» արտահայտությունը ժամանակակից հայերենում բացատրվում է որպես «արտակարգ, արտասովոր, բացառություն կազմող»: «Գերակա» բառը բացատրվում է որպես «ամենից բարձր կանգնած, գերագույն, գերադաս»: Իրավունքի տեսության մեջ գերակայություն հասկացությունը, մասնավորապես, օգտագործվում է սահմանադրության, իրավունքի, օրենքի նկատմամբ: «Բացառիկ` գերակա հանրային շահ» սահմանադրական դրույթն իրավական կոնկրետ բովանդակությունից զուրկ վերացարկում չէ, և այն չի կարող անտեսվել իրավունքի ճյուղային ինստիտուտների կողմից: Սահմանադրության 31 հոդվածի 3-րդ մասում նման դրույթի առկայությունը վկայում է, որ հանրային շահերը համեմատության մեջ կարող են ներկայացվել որպես «գերակա հանրային շահեր» կամ «ոչ գերակա հանրային շահեր»: Բացառիկ են այն դեպքերը, երբ առկա է գերակա հանրային շահը: Իրենց հերթին գերակա բնույթ ունեցող կարող են համարվել հանրային այն շահերը, որոնք տվյալ պարագայում այլ հանրային շահերի համեմատ առաջնայնության որոշակի որակներով են օժտված: Այդ որակները հասարակական և պետական կոնկրետ կարիքների առնչությամբ պետք է հստակեցվեն և հիմնավորվեն տվյալ շահերը ներկայացնող պետական իշխանության մարմնի կողմից` օրենքով սահմանված չափանիշներին ու սկզբունքներին համապատասխան:

13. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218 հոդվածի սահմանադրաիրավական վերլուծությունը` իրավակիրառական պրակտիկայով պայմանավորված դրա իրավական բովանդակությամբ հանդերձ, վկայում է.

ա) հոդվածի հենց վերնագիրը` «Հողամասը պետության կամ համայնքի կարիքների համար վերցնելը», վկայում է, որ այս հոդվածի խնդիր չի համարվել սեփականության իրավունքի պաշտպանությունը` սեփականության հարկադիր օտարման պահանջներին համապատասխան, ուստի չէր կարող Սահմանադրության 31 հոդվածի 3-րդ մասի կիրառման օրենսդրական ապահովման երաշխիք լինել, ինչպիսի դերակատարություն դրան վերապահվել է հողային օրենսգրքով, ենթաօրենսդրական ակտերով և իրավակիրառական, այդ թվում` դատական պրակտիկայով,

բ) հոդվածի առանձին կետերի կոնկրետ ձևակերպումները` տառացի իմաստի տեսանկյունից, վկայում են, որ դրանք վերաբերում են նաև գնման գործարք կատարելու քաղաքացիաիրավական հարաբերություններին, որոնք անմիջականորեն չեն առնչվում Սահմանադրության 31 հոդվածի իրավական բովանդակությանը և սահմանադրականության հարց առաջ չեն քաշում,

գ) սակայն երբ գնահատում ենք քաղաքացիական օրենսգրքի 218 հոդվածը նույն օրենսգրքի 219 - 221 հոդվածների և հողային օրենսգրքի 104, 106, 108 հոդվածների համադրությամբ, ինչպես նաև հաշվի ենք առնում դատական պրակտիկան և այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը տվյալ հարցով հիմնականում իր որոշումների իրավական հիմք է համարել քաղաքացիական օրենսգրքի 218 և հողային օրենսգրքի 104 հոդվածները, ակնհայտ է դառնում` առկա են ոչ միայն գույքի գնման քաղաքացիաիրավական հարաբերություններ:

Քաղաքացիական օրենսգրքի 218 հոդվածը` իրավակիրառական պրակտիկայով դրան տրված իրավական բովանդակությամբ հանդերձ, չի ապահովում սեփականության իրավունքի պաշտպանության սահմանադրական երաշխիքների լիարժեք կիրառում, և սեփականության հարկադիր օտարման դեպքում իրավական պետության չափանիշներին համարժեք չի երաշխավորում արդարացի հավասարակշռություն անձի շահերի ու սեփականության իրավունքի և հանրային շահերի միջև: Տվյալ հոդվածի դրույթները կարող են կիրառվել կամավոր հիմունքներով գույքի առուվաճառքի քաղաքացիաիրավական հարաբերությունների կարգավորման համար և նման ձևով ու բովանդակությամբ կիրառելի չեն սեփականության հարկադիր օտարման դեպքերում:

14. ՀՀ հողային օրենսգրքի 104 հոդվածը վերնագրված է «Պետության և համայնքների կարիքների համար հողամասերը վերցնելը»: Այստեղ գրեթե վերարտադրվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218 հոդվածի վերնագիրը: Սակայն հողային օրենսգրքի 104 հոդվածի իրավական բովանդակության հիմնական առանձնահատկությունն այն է, որ հստակ խոսվում է հողի նկատմամբ սեփականության իրավունքի հարկադիր դադարեցման մասին` հիմք ընդունելով հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների, բնակավայրերի գլխավոր հատակագծերի առկայությունը:

Նման սխեմաների կամ հատակագծերի առկայությունը հասարակական և պետական կարիք առաջանալու հիմք կարող է հանդիսանալ: Սակայն դրանց հղում կատարելը դեռևս բավարար չէ փաստելու բացառիկ` գերակա հանրային շահի առկայությունը, եթե օրենքով սահմանված կարգով դրանք չեն ճանաչվել որպես գերակա հանրային շահերով պայմանավորված հասարակության և պետության կարիք:

ՀՀ հողային օրենսգրքի 104 հոդվածով սահմանված` պետության և համայնքների կարիքների համար հողամասերի օտարման կարգն ամրագրող դրույթները, նույն օրենսգրքի 106, 108, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218-221 հոդվածների համադրությամբ, չեն ապահովում «բացառիկ` գերակա հանրային շահերի» հիմնավորումից բխող` սեփականության իրավունքի պաշտպանության սահմանադրական երաշխիքների իրացումը:

15. Հողային օրենսգրքի 106 հոդվածը սահմանում է. «Պետության կամ համայնքների կարիքների ծագման դեպքերում հողամասերի սեփականատերերի, օգտագործողների իրավունքները սահմանափակվում են սույն օրենսգրքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում ու կարգով»:

Օրենսդիրը` ամրագրելով նման օրենսդրական դրույթ, բավարար ուշադրություն չի դարձրել երկու կարևորագույն հանգամանքների վրա.

ա) հասարակության և պետության կարիքների համար սեփականության իրավունքի սահմանափակման և սեփականության օտարման դեպքերի որոշմանը Սահմանադրությունը միարժեք պատասխան է տվել 31 հոդվածի 3-րդ մասում: Տվյալ հիմքերից բացի, ուրիշ ոչ մի դեպքում և ոչ ոք սեփականության իրավունքը սահմանափակել և սեփականությունը հարկադիր օտարել չի կարող (դա չի վերաբերում ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում իրավունքի ժամանակավոր սահմանափակման հնարավորությանը),

բ) սույն հոդվածը հնարավոր է համարում նաև սեփականության իրավունքի սահմանափակումը ոչ միայն օրենքներով, այլև նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված դեպքերում ու կարգով` տվյալ իրավահարաբերությունում հավասարության նշան դնելով օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միջև: «Սույն օրենսգրքով», «այլ օրենքներով» և «նորմատիվ իրավական ակտերով» հասկացություններն այս նախադասության մեջ հանդես են գալիս որպես հավասարազոր անդամներ (միջոցի պարագաներ) և «սահմանված դեպքերում ու կարգով»-ը (սահմանափակման անուղղակի խնդիր) հավասարաչափ վերաբերում է օրենսգրքին, այլ օրենքներին և նորմատիվ իրավական ակտերին: Նման մոտեցումը համահունչ չէ Սահմանադրության 31, 43 և 83.5. (1-ին և 2-րդ կետեր) հոդվածների պահանջներին:

16. Հողային օրենսգրքի 108 հոդվածը վերնագրված է «Հողամասերը պետության կամ համայնքների կարիքների համար վերցնելիս դրանց սեփականատերերի, օգտագործողների իրավունքների երաշխիքները»: Այս վերնագրին հետևում է առաջին կետը, համաձայն որի` «Պետության կամ համայնքների կարիքների համար քաղաքացիների և իրավաբանական անձանց հողամասերը կարող են վերցվել Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով` նախնական համարժեք փոխհատուցմամբ»: Թե ինչ կարգ է սահմանել քաղաքացիական օրենսգիրքը, արդեն ներկայացվեց: Հոդվածի վերնագիրը և բուն բովանդակությունը համարժեք չեն: Այս հոդվածում օրենսդիրը պետք է հստակ տարբերակում դներ «սեփականությունից զրկել» և «սեփականության օտարում» սահմանադրական հասկացությունների միջև: Հոդվածի բոլոր դրույթների համալիր վերլուծությունը վկայում է, որ դրանք չեն ապահովում սեփականության օտարման ժամանակ իրավունքների պաշտպանության այն երաշխիքները, որոնք հստակ ամրագրված են ՀՀ Սահմանադրության 3, 31 և 43 հոդվածներում:

17. ՀՀ կառավարության քննության առարկա որոշումն իր բովանդակությամբ նպատակների հայտարարագրում է որոշակի գործողություններ իրականացնելու համար: Խնդիրն այդ նպատակների բնույթի և իրավական բովանդակության գնահատումը չէ: Հարցն այն է, թե ի՞նչ իրավական հիմքերով է ընդունվել այդ որոշումը: Որոշման նախաբանում ասվում է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հոդվածներին համապատասխան և Երևանում կառուցապատման ծրագրեր իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է...»: Այլ հիմնավորումներ չկան: ՀՀ կառավարության որոշումը վկայակոչում է այնպիսի օրենսդրական դրույթներ, որոնք բավարար հիմք չեն կարող հանդիսանալ սեփականության հարկադիր օտարման համար: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218 հոդվածի 2-րդ կետում սահմանվում է, որ «Պետության կամ համայնքի կարիքների համար հողամասը վերցնելու մասին որոշում ընդունելու լիազորություն ունեցող պետական մարմինը, ինչպես նաև այդ որոշման նախապատրաստման և ընդունման կարգը սահմանվում են օրենքով»: Օրենսգրքում նման դրույթի առկայությունը վկայում է այդ հարցերի օրենքի մակարդակով կարգավորման անհրաժեշտության մասին: Իսկ դա անհրաժեշտ է սեփականության իրավունքի պաշտպանության օրենսդրական երաշխիքներ ապահովելու համար: Սակայն գործի քննությունը վկայեց, որ ՀՀ իրավական ակտերի համակարգում դեռևս նման օրենք չի ընդունվել:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1 կետով, 55, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218 հոդվածը` հասարակության և պետության կարիքների համար սեփականության հարկադիր օտարման իրավահարաբերությունների կանոնակարգման առումով չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 3, 8 (1-ին մաս), 31 (3-րդ մաս), 43 հոդվածների պահանջներին:

i

2. ՀՀ հողային օրենսգրքի`

ա) 104 հոդվածը` հասարակության և պետության կարիքների համար սեփականության հարկադիր օտարման իրավահարաբերությունների կանոնակարգման առումով չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 8 (1-ին մաս), 31 (3-րդ մաս), 43 հոդվածների պահանջներին,

բ) 106 հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 31 (3-րդ մաս), 43 և 83.5. (1-ին և 2-րդ կետեր) հոդվածների պահանջներին,

գ) 108 հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 3, 31 (3-րդ մաս) և 43 հոդվածների պահանջներին:

i

3. ՀՀ կառավարության 1 օգոստոսի 2002թ. թիվ 1151-Ն որոշումը` «Երևանի կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում կառուցապատման ծրագրերի իրականացման միջոցառումների մասին», հիմքում ունենալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218 և ՀՀ հողային օրենսգրքի 104 հոդվածների դրույթները, հասարակության և պետության կարիքների համար սեփականության հարկադիր օտարման իրավահարաբերությունների ենթաօրենսդրական կարգավորման առումով չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 3, 8 (1-ին մաս), 31 (3-րդ մաս), 43, 83.5. (1-ին և 2-րդ կետեր), 85 (2-րդ մաս) հոդվածների պահանջներին:

4. Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 102 հոդվածի 3-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով, որ ՀՀ Ազգային ժողովը և ՀՀ կառավարությունը պարտավոր են հնարավոր սեղմ ժամկետներում քննության առարկա հիմնախնդրին առնչվող բազմաթիվ իրավական ակտեր ՀՀ Սահմանադրության և սահմանադրական դատարանի որոշման պահանջներին համապատասխանեցնել և օրենքով հստակ կանոնակարգել բացառիկ` գերակա հանրային շահերով պայմանավորված հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման իրավական ռեժիմը, սույն որոշման մեջ ՀՀ Սահմանադրությանը չհամապատասխանող ճանաչված իրավական նորմերի ուժը կորցնելու վերջնական ժամկետ սահմանել օրենքի հիման վրա նման իրավական ռեժիմի ուժի մեջ մտնելու պահը, բայց ոչ ուշ, քան 2006թ. հոկտեմբերի 1-ը:

5. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

18 ապրիլի 2006 թվականի

ՍԴՈ-630

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
18.04.2006
N ՍԴՈ-630
Որոշում