Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ Փ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական               Վարչական գործ թիվ ՎԴ/7304/05/14

    դատարանի որոշում                    2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/7304/05/14

Նախագահող դատավոր` Կ. Ավետիսյան

    Դատավորներ`        Կ. Բաղդասարյան

                       Կ. Մաթևոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի հունվարի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սամվել Հարությունյանի իրավահաջորդ Գագիկ Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.05.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Եղիսաբեթ Ավետիսյանի, Տիգրան և Անահիտ Թորոսյանների ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե), «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ), Սամվել Հարությունյանի, Արթուր Համբարձումյանի` Երևանի քաղաքապետի 06.11.2009 թվականի թիվ 9100-Ա որոշումն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք Երևան քաղաքի Վերին Շենգավիթ 11-րդ փողոցի թիվ 16 բնակելի տան նկատմամբ 17.09.2014 թվականի թիվ 7518 հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիրը և 23.10.2014 թվականի Սամվել Հարությունյանի անվամբ կատարված թիվ 23102014-01-0196 անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը և 14.11.2014 թվականի Սամվել Հարությունյանի և Արթուր Համբարձումյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրն ու 19.11.2014 թվականի Արթուր Համբարձումյանի անվամբ կատարված թիվ 19112014-01-0204 անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Եղիսաբեթ Ավետիսյանը, Տիգրան և Անահիտ Թորոսյանները պահանջել են անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 06.11.2009 թվականի թիվ 9100-Ա որոշումը, և որպես անվավերության հետևանք` անվավեր ճանաչել Երևանի Վերին Շենգավիթ 11-րդ փողոցի թիվ 16 տան նկատմամբ 17.09.2014 թվականի թիվ 7518` հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիրը, 23.10.2014 թվականին Սամվել Հարությունյանի անվամբ կատարված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը, 14.11.2014 թվականին Սամվել Հարությունյանի և Արթուր Համբարձումյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը և 19.11.2014 թվականին Արթուր Համբարձումյանի անվամբ կատարված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Թովմասյան) 27.10.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր` Ա. Առաքելյան, դատավորներ` Ք. Մկոյան, Ա. Սարգսյան) 08.07.2016 թվականի որոշմամբ Եղիսաբեթ Ավետիսյանի, Տիգրան և Անահիտ Թորոսյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ վարչական դատարանի 27.10.2015 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 31.08.2016 թվականի որոշմամբ Սամվել Հարությունյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 11.05.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.05.2019 թվականի որոշմամբ Սամվել Հարությունյանի (իրավահաջորդ Գագիկ Հարությունյան) և Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակիորեն` Դատարանի 27.10.2015 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սամվել Հարությունյանի իրավահաջորդ Գագիկ Հարությունյանը (ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը կիրառել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործում առկա է հայցվորի ներկայացրած 1966 թվականի առուվաճառքի պայմանագիր և 1969 թվականի վերահաստատող պայմանագիր, որոնք նոտարական կարգով չեն վավերացվել, պետական գրանցում չեն ստացել, հետևաբար` առոչինչ են (թիվ ԵՇԴ/0667/02/14 քաղաքացիական գործով մերժվել է նշված պայմանագրի հիմքով ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման մասին հայցվորների պահանջը):

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ նույնիսկ հենց հայցվորների կողմից ներկայացված այդ պայմանագրերով հաստատվում է այն փաստը, որ շինությունն ի սկզբանե կառուցել են երրորդ անձի իրավանախորդները, որոնք պայմանագրով հանդես են եկել որպես վաճառող:

Այսինքն, նույնիսկ հայցվորների կողմից ներկայացված ապացույցով (գույքի առուվաճառքի 1966 թվականի պայմանագրով) հաստատվում է, որ նրանք ի սկզբանե չեն ունեցել նշված գույքի հատկացման կամ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթեր (որոնք էլ, որ կարող է պահպանված չլինեին):

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով հայցվորն այդպես էլ չի ներկայացրել պատշաճ ապացույց, որ գույքը տիրապետել է օրինական հիմունքներով որպես սեփական գույք, և որ «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը կիրառելի է հայցվորների նկատմամբ:

Ավելին, նույնիսկ սույն գործով Դատարանն իր 11.05.2017 թվականի վճռով հաստատված է համարել, որ հայցվորները նշված օրենքի շահառուներ չեն հանդիսանում:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ ոչ տնային գրքույկը, ոչ կոմունալ վճարումները, ոչ գազի և այլ կոմունալ սպասարկման պայմանագրերը, ոչ էլ հաշվառման տեղեկանքը չեն կարող պատշաճ ապացույց հանդիսանալ` հաստատելու համար այն փաստը, որ հայցվորը տվյալ գույքը տիրապետել է օրինական հիմունքներով` որպես սեփական գույք և չեն կարող հիմք հանդիսանալ «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի կիրառության համար: Վերաքննիչ դատարանը, հայցվորների նկատմամբ կիրառելով վերոգրյալ օրենքը, գնահատման առարկա է դարձրել զուտ հայցվորների կողմից վեճի առարկա գույքը տիրապետելու փաստը, անտեսելով դրա կիրառման երկրորդ պարտադիր պահանջի բացակայությունը, այն է` քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերի և (կամ) հողհատկացման հիմքերի առկայությունը, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն պահպանվել, դրանց հիման վրա մինչև 15.05.2001 թվականը շինություններ կառուցած լինելը: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վիճարկվող վարչական ակտը դատական կարգով կարող է անվավեր ճանաչվել միայն այն դեպքում, եթե այդ վարչական ակտը վնաս է պատճառել հայցվորների իրավունքներին, մինչդեռ վեճի առարկա վարչական ակտը հայցվորների որևէ իրավունք չի խախտել և չէր կարող խախտել, հետևաբար Վերաքննիչ դատարանը պետք է բեկաներ վարչական դատարանի վճիռը, փոփոխեր այն և հայցն ամբողջությամբ մերժեր, քանի որ հայցվորները սույն գործով շահագրգիռ անձինք չեն հանդիսանում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.05.2019 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցն ամբողջությամբ մերժել: Հայցվորներից հօգուտ երրորդ անձի բռնագանձել 450.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վճար:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Համաձայն 25.09.1966 թվականի Աղասի Արշակի Հարությունյանի և Պարույր Ռաֆայելի Թորոսյանի միջև կնքված պայմանագրի` տնատեր Հարությունյանը քաղաքացի Թորոսյանին է վաճառել 1 սենյակ 16 քմ և իր հասանելիք բակը, որը կազմում է 63 քմ: Միաժամանակ Թորոսյանին իրավունք է վերապահվել օգտվելու սանիտարական բոլոր հարմարություններից: Համաձայն պայմանագրի` քաղաքացի Պարույր Թորոսյանից Աղասի Հարությունյանը ստացել է կանխիկ 1.200 ռուբլի, որին ներկա են եղել Գևորգյան և Երեմյան հարևանները և ստորագրել պայմանագիրը` որպես վկա (հատոր 1-ին գ.թ. 22):

2) 25.08.2009 թվականին Սամվել Հարությունյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին` խնդրելով 28.06.2008 թվականի հ. ՀՕ-117-Ն օրենքի համաձայն օրինականացնել Վերին Շենգավիթ 11-րդ փողոց թիվ 16 բնակելի տունը և հողամասը (հատոր 2-րդ գ.թ. 98):

3) Համաձայն Կադաստրի աշխատակազմի «Էրեբունի» տարածքային ստորաբաժանման ղեկավարի 05.10.2009 թվականի տեղեկանքի` Կադաստրի «Էրեբունի» տարածքային ստորաբաժանման կադաստրային տվյալների համաձայն` Վերին Շենգավիթ 11-րդ փողոց թիվ 16 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում (գույքագրում) չի կատարվել (իրավունք հաստատող փաստաթղթեր առկա չեն) (հատոր 2-րդ գ.թ. 19):

4) Երևանի քաղաքապետի 06.11.2009 թվականի «Վ. Շենգավիթի 11-րդ փողոցի հ. 16 բնակելի տան նկատմամբ Սամվել Աղասու Հարությունյանի գույքային իրավունքները վերականգնելու, 209.73 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» թիվ 9100-Ա որոշման համաձայն`. «Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սամվել Աղասու Հարությունյանի (ծնված 21.11.1946թ.) դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Շենգավիթի 11-րդ փողոցի հ.16 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 509.73 քմ, որից 300 քմ մակերեսով հողամասը Սամվել Աղասու Հարությունյանին կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով, իսկ 209.73 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով:

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1956 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման 05.10.2009թ. հ.3-8038 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 03.11.2009թ. հ.20-Ել-12387 եզրակացությունը, ... ղեկավարվելով «Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» հ.2387-Ն, 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» հ.1328-Ն որոշումներով.

1. Վերականգնել Վ. Շենգավիթի 11-րդ փողոցի հ.16 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սամվել Աղասու Հարությունյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 300 քմ մակերեսով հողամասի չափով ճանաչելով նրա սեփականության իրավունքը 300 քմ մակերեսով հողամասի և 509.73 քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված 300 քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 209.73 քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 6-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Սամվել Աղասու Հարությունյանին:

3. Լիազորել Երևանի քաղաքապետի օգնականին Երևանի քաղաքապետի անունից հողօգտագործողի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:...» (հատոր 1-ին գ.թ. 33):

5) 17.09.2014 թվականին Երևանի քաղաքապետի (Վաճառող) և քաղաքացի Սամվել Հարությունյանի (Գնորդ) միջև կնքվել է հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիր, որով Վաճառողը վաճառել է, իսկ Գնորդը որպես սեփականություն ձեռք է բերել Վերին Շենգավիթ 11-րդ փողոցի թիվ 16 հասցեի 209.73 քմ մակերեսով հողամասը (հատոր 2-րդ գ.թ. 25-29):

6) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 23102014-01-0196 վկայականի համաձայն` Երևանի քաղաքապետի 05.11.2009 թվականի թիվ 9100-Ա որոշման, 17.09.2014 թվականի 7518 հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագրի հիման վրա ք. Երևան, Վերին Շենգավիթ 11-րդ փողոց թիվ 16 բնակելի տան նկատմամբ գրանցվել է Սամվել Աղասու Հարությունյանի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ գ.թ. 30-31):

7) Համաձայն 14.11.2014 թվականի անշարժ գույքի վաճառքի պայմանագրի` Սամվել Հարությունյանը Արթուր Համբարձումյանին է վաճառել ք. Երևան, Վերին Շենգավիթ 11-րդ փողոց թիվ 16 բնակելի տունը` հողամասի չափը` 0,050973 հա, շենք-շինություններ` 204.81 քմ բնակելի տուն, 49,67 քմ բնակելի տուն, 27,21 քմ ավտոտնակ, 1,7 քմ /2,4 խմ/ պարիսպ (հատոր 2-րդ գ.թ. 34-35):

8) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19112014-01-0204 վկայականի համաձայն` 14.11.2014 թվականի անշարժ գույքի վաճառքի պայմանագրի հիման վրա ք. Երևան, Վերին Շենգավիթ 11-րդ փողոց թիվ 16 բնակելի տան նկատմամբ գրանցվել է Արթուր Համբարձումյանի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ գ.թ. 32-33):

9) Թիվ ԵՇԴ/0667/02/14 քաղաքացիական գործով` ըստ հայցի Տիգրան Թորոսյանի ընդդեմ Սամվել Հարությունյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին, կայացված 17.10.2014 թվականի որոշմամբ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը Տիգրան Թորոսյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 18.07.2014 թվականի թիվ ԵՇԴ/0667/02/14 վճիռը բեկանել է և քաղաքացիական գործի վարույթը կարճել: Նշված որոշմամբ որպես հաստատված հանգամանք է նշվել, որ Երևան քաղաքի Վերին Շենգավիթ 11-րդ փողոցի թիվ 16 հասցեում գտնվող վիճելի շինությունն օրինական չէ, այն կառուցված է Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում և պետական գրանցում չունի: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտել է, որ նշված տունն ինքնակամ կառուցված համարելու համար Դատարանը բավարար հիմքեր է ունեցել (հատոր 1-ին գ.թ. 24-26):

10) Ըստ բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքների` Եղիսաբեթ Ավետիսյանը 12.03.1983 թվականից, Տիգրան Թորոսյանը 19.02.1980 թվականից և Անահիտ Թորոսյանը 29.06.2000 թվականից հաշվառված են Վերին Շենգավիթ 11-րդ փողոց թիվ 16 հասցեում (հատոր 1-ին գ.թ. 29-31):

11) Մի կողմից` Գագիկ Հարությունյանի (այսուհետ` Պատվիրատու) և մյուս կողմից` փաստաբան «Ամիրխանյան և Հովհաննիսյան փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի` ի դեմս ընկերության տնօրեն Արթուր Հովհաննիսյանի (այսուհետ` Կատարող) միջև 21.06.2019 թվականին կնքված «Փաստաբանական ծառայություն մատուցելու վերաբերյալ» պայմանագրի 1.1-ին կետի համաձայն` Կատարողը պարտավորվել է Պատվիրատուին մատուցել նույն պայմանագրի 2.1 կետով սահմանված փաստաբանական ծառայությունները, իսկ Պատվիրատուն պարտավորվում է ընդունել մատուցված ծառայությունները և իրականացնել համապատասխան վճարումներ: Պայմանագրի 2.1 կետի համաձայն կողմերի համաձայնությամբ նույն պայմանագրի շրջանակներում Կատարողը ՎԴ/7304/05/14 վարչական գործով կազմում և ՀՀ վճռաբեկ դատարան է ներկայացնում վճռաբեկ բողոք, կատարում է այլ դատավարական գործողություններ: Պայմանագրի 4.1 կետի համաձայն կողմերի համաձայնությամբ նույն պայմանագրի 2.1 կետով սահմանված ծառայությունների գինը կազմում է 450.000 ՀՀ դրամ (կից վճռաբեկ բողոքին):

12) «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի 21.06.2019 թվականի թիվ 156 անդորրագրի համաձայն` Գագիկ Հարությունյանը «Ամիրխանյան և Հովհաննիսյան փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի հաշվեհամարին է փոխանցել 450.000 ՀՀ դրամ (կից վճռաբեկ բողոքին):

13) 27.06.2016 թվականին Սամվել Հարությունյանի կողմից ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արթուր Հովհաննիսյանին տրված լիազորագրով վերջինս լիազորվել է Սամվել Հարությունյանի անունից հանդես գալ ՀՀ բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ներառյալ` ՀՀ դատական բոլոր ատյաններում` ընդհանուր իրավասության, վարչական, քաղաքացիական, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (...) (հատոր 6-րդ գ.թ. 65):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը սխալ կիրառելու հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն գործի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի կիրառման օբյեկտների և դիմող սուբյեկտների շրջանակի որոշման որոշ հարցերի` վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշմանը:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ սահմանադրական դատարանը 07.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-906 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր դեպքերում ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձն իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանություն կարող է հայցել միայն այն դեպքում, եթե գտնում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ անմիջականորեն խախտվել կամ կարող են խախտվել նրա իրավունքները կամ օրինական շահերը: Նշվածից հետևում է նաև, որ վարչական արդարադատություն հայցող անձի պահանջը կարող է բավարարվել միայն նրա` շահագրգիռ անձ լինելու դեպքում, այն է` եթե խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` ՄԻԵԴ) իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վեճը պետք է լինի իրական և իր բնույթով` լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները և պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, և վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական և ուղղակի նշանակություն և ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների և ազատությունների վրա (տե՛ս, Լը Քոմպտեն և մյուսներն ընդդեմ Բելգիայի թիվ 6878/75 դիմումով ՄԻԵԴ 23.06.1981 թվականի վճիռը, պարբ. 47, Բենթհեմն ընդդեմ Նիդերլանդների թիվ 8848/80 դիմումով ՄԻԵԴ 23.10.1985 թվականի վճիռը, պարբ. 32):

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված է, որ որպես ընդհանուր կանոն` դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ, որոնք խախտվել են կամ կարող են խախտվել:

i

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը ընդգծել է, որ անձանց` իրենց իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանության իրավունք տրամադրելով հանդերձ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, վերջիններիս համար, սակայն, չի ընձեռում հանրության շահերը պաշտպանելու հնարավորություն, այն է` չի թույլատրում անձանց իրականացնել վարչական մարմինների վարչական ակտերի, գործողությունների կամ անգործության իրավաչափության օբյեկտիվ վերահսկողություն: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայց ներկայացնելու համար, պետք է առկա լինի ոչ միայն վարչական մարմինների ոչ իրավաչափ որոշում, գործողություն կամ անգործություն, այլև նշված ոչ իրավաչափ որոշման, գործողության կամ անգործության արդյունքում անձանց սուբյեկտիվ իրավունքների խախտում կամ խախտման առաջացման վտանգ:

Այսինքն` վարչական արդարադատություն, բացառությամբ նույն օրենսգրքով սահմանված դեպքերի, կարող է հայցել միայն այն անձը, ով հանդիսանում է դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ, կամ այլ կերպ ասած` այն անձը, ում սուբյեկտիվ իրավունքները խախտվել են կամ կարող են խախտվել:

Վերը նշված իրավական դիրքորոշումների հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական արդարադատություն հայցող անձանց կողմից ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված վարչական գործերից յուրաքանչյուրով պետք է պարզվի` արդյոք հայցվորը հանդիսանում է դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ, այսինքն` «շահագրգիռ անձ», քանի որ միայն իրավական շահագրգռվածության առկայության պարագայում անձը կարող է ակնկալել իր խախտված իրավունքների դատական պաշտպանություն: Ընդ որում, իրավունքների խախտման, կամ այլ կերպ ասած` դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ լինելու վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը կրում է հենց հայցվորը (տե՛ս, Ջորջիո ԱՐՄԱՆԻ Ս.Պ.Ա. Միլան, Սվիս Բրենչ Մենդրիսիո ընկերությունն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության` ի դեմս Մտավոր սեփականության գործակալության, երրորդ անձ ««Այգեպատ» գինու-կոնյակի գործարան» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/9190/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Այսպիսով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նաև համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու իրավական շահի առկայության համատեքստում` ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները: Այսինքն` «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և գործը քննող դատարանն իրավասու է գնահատելու այս հասկացությունը յուրաքանչյուր գործով` հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները և պարզելով, թե արդյոք տվյալ անձն ունի իրավական շահագրգռվածություն, թե` ոչ (տե՛ս, Տիգրան Սանասարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

Վերոնշյալ իրավական դրույթների վերլուծությունից հետևում է, որ վկայակոչված իրավանորմերը սահմանում են, որ յուրաքանչյուր ոք իր իրավունքների պաշտպանության համար իրավունք ունի դիմելու վարչական դատարան: Այսինքն` սկզբունքորեն ենթադրվում է, որ անձի իրավունքի խախտման հնարավորություն գոյություն ունի և իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի դիմելու վարչական դատարան:

Անդրադառնալով դատական կարգով վարչական ակտի իրավաչափության վիճարկման հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ վարչական ակտը վիճարկելիս դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: ՈՒստի, դիմելով վարչական դատարան` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են (տե՛ս, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (...) միջև ծագած հարաբերությունները:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Նույն հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն` բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` Երևան քաղաքի վարչական տարածքում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված և նույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա (ներառյալ` բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում) այն անհատական բնակելի տները և դրանց կից բնակելի նշանակության օժանդակ շինությունները, դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերը, որոնց նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը և (կամ) հողհատկացման հիմքերը, եթե դրանք կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ապա նույն օրենքի ուժով համարվում են այն ֆիզիկական անձի (անձանց) սեփականությունը, ով (ովքեր) տիրապետում է (են) այդ գույքը` որպես սեփական գույք:

Նույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն օրենքի ուժով ձեռք բերվող ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում Երևանի քաղաքապետի որոշումը կայացվում է սեփականության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնության առկայության դեպքում, բացառությամբ, եթե նույն օրենքի ուժով ձեռք բերվող ընդհանուր սեփականության իրավունքի մասնակիցները գրանցված ամուսիններ են, և դիմումը ներկայացրել է ամուսիններից մեկը:

Վերոհիշյալ իրավանորմերից բխում է, որ վերոնշյալ օրենքով կարգավորվում են օրենքով սահմանված կարգով կառուցված բնակելի տների (օրինական կառույցների), դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերի նկատմամբ սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերի և (կամ) հողհատկացման հիմքերի պահպանված չլինելու դեպքում օրինական կառույցի սեփականատիրոջ իրավունքների վերականգնման հարցերը:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով օրենսդիրը կարգավորել է իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված որոշակի կատեգորիայի անշարժ գույքի նկատմամբ այդ գույքը փաստացի որպես սեփականը տիրապետող ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման և պատշաճ ձևակերպման հետ կապված հարաբերությունները: Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով օրենսդիրը սահմանել է, որ իրավունք հաստատող փաստաթղթերը (քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը կամ հողհատկացման հիմքերը) չպահպանված և որոշակի չափանիշների բավարարող անշարժ գույքը համարվում է այն որպես սեփական գույք տիրապետող ֆիզիկական անձանց սեփականությունը:

Նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով նշված օրենքի կարգավորման առարկային` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով կարգավորվում են օրենքով սահմանված կարգով կառուցված բնակելի տների (օրինական կառույցների), դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերի նկատմամբ սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերի և (կամ) հողհատկացման հիմքերի պահպանված չլինելու դեպքում օրինական կառույցի սեփականատիրոջ իրավունքների վերականգնման հարցերը: (...) Վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքի առաջացման համար միայն այդ հասցեում հաշվառվելը և բնակվելը բավարար չեն «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար, քանի որ օրենքը կարգավորում է ոչ թե սեփականության իրավունքի ծագման, այլ արդեն իսկ ծագած սեփականության իրավունքի վերականգնման խնդիրը (տե՛ս, Նարինե, Լիանա և Օֆելյա Թովմասյաններն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Գագիկ Թովմասյանի և մյուսների թիվ ՎԴ/1864/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2010 թվականի որոշումը):

Այսպիսով, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված և որոշակի չափանիշների բավարարող անշարժ գույքի նկատմամբ վերականգնվում է այն ֆիզիկական անձի սեփականության իրավունքը, ով փաստացի տիրապետում է այդ անշարժ գույքը որպես սեփական գույք: Ընդ որում, վերոնշյալ իրավակարգավորումը վերաբերում է այն ֆիզիկական անձանց, ովքեր ոչ միայն փաստացի տիրապետում են համապատասխան անշարժ գույքը, այլ նաև հանդիսացել են այդ անշարժ գույքի սեփականատեր կամ հանդիսանում են այն սեփականատերերի իրավահաջորդներ, որոնց սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը չեն պահպանվել:

Սույն վարչական գործով Եղիսաբեթ Ավետիսյանը, Տիգրան և Անահիտ Թորոսյանները դիմելով ՀՀ վարչական դատարան հայտնել են, որ Երևան քաղաքի Վերին Շենգավիթ 11-րդ փողոցի թիվ 16 տան ընդհանուր տարածքը կազմում է 509.73 քմ, որից 53.49 քմ տարածքում 1966 թվականից բնակվում է Թորոսյանների ընտանիքը, իսկ մնացած 456.24 քմ տարածքում` Հարությունյանների ընտանիքը: Հետևաբար` վիճարկվող Երևանի քաղաքապետի 06.11.2009 թվականի թիվ 9100-Ա որոշմամբ խախտվել են համահայցվորների` օրենքով պաշտպանվող սեփականության իրավունքն ու օրինական շահերը:

Դատարանը 11.05.2017 թվականի վճռով արձանագրել է, որ հայցվորներն իրական շահ ունեն Երևանի քաղաքապետի 06.11.2009 թվականի թիվ 9100-Ա որոշումն անվավեր ճանաչելու հարցում, քանզի այդ որոշումն իրավական խոչընդոտ է հանդիսանում հայցվորների կողմից փաստացիորեն զբաղեցված անշարժ գույքի նկատմամբ` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան ընթացակարգերով և իրավական միջոցներով իրենց սեփականության իրավունքի ճանաչման համար:

Վերաքննիչ դատարանը, քննելով Դատարանի 11.05.2017 թվականի վճռի դեմ Սամվել Հարությունյանի և Քաղաքապետարանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները, գտել է, որ հայցվորներն արդարացիորեն շահագրգռված են որոշումը վիճարկելու հարցում: Հետևապես Սամվել Հարությունյանի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի կիրառելիության տեսանկյունից հայցվորների շահագրգռվածություն ունենալու պայմաններում վարչական մարմինը պարտավոր էր վարույթին մասնակից դարձնել նաև հայցվորներին, ինչը սակայն չի իրականացվել:

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, վիճարկվող որոշումը մասնակիորեն ոչ իրավաչափորեն միջամտում է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով պահպանվող հայցվորների իրավունքներին, հետևապես սույն դեպքում անվերապահորեն առկա է որոշումը մասնակիորեն` հայցվորների կողմից տիրապետվող գույքի մասով, անվավեր ճանաչելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով նախատեսված իրավական հիմքը:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Դատարանի և Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով խնդրո առարկա հարցի վերաբերյալ իր ձևավորած իրավական դիրքորոշումը, ևս մեկ անգամ փաստում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը վարչական դատավարության կարգով վիճարկելու դեպքում անձը պետք է հիմնավորի, որ այդ վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են նրա` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով կամ միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը:

Նախ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Վերաքննիչ դատարանի այն գնահատականին, որ Երևանի Վերին Շենգավիթի 11-րդ փողոցի թիվ 16 հասցեում գտնվող շենք-շինություններն ամբողջ ծավալով չէին կարող որպես սեփական գույք տիրապետվել Սամվել Հարությունյանի կողմից, քանի որ դեռևս 25.09.1966 թվականին Սամվել Հարությունյանի իրավանախորդ Աղասի Հարությունյանի և սույն գործով հայցվորների իրավանախորդ Պարույր Թորոսյանի միջև կազմվել է գրավոր փաստաթուղթ, որով ամրագրվել է, որ տնատեր Հարությունյանը քաղաքացի Թորոսյանին է վաճառել 1 սենյակ 16 քմ և իր հասանելիք բակը, որը կազմում է 63 քմ: Միաժամանակ նույն փաստաթղթով Թորոսյանին իրավունք է վերապահվել օգտվելու սանիտարական բոլոր հարմարություններից:

ՀԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 136-րդ հոդվածի համաձայն` պայմանագրով գույք ձեռք բերողի սեփականության իրավունքը (օպերատիվ կառավարության իրավունքը) ծագում է իրը հանձնելու պահից, եթե այլ բան չի նախատեսված օրենքով կամ պայմանագրով: Եթե իրի օտարման պայմանագիրը ենթակա է գրանցման, ապա սեփականության իրավունքը ծագում է գրանցման պահից:

Նույն օրենսգրքի 241-րդ հոդվածի համաձայն` քաղաքում կամ քաղաքատիպ ավանում գտնվող բնակելի տան առուծախի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով, եթե կողմերից թեկուզ մեկը քաղաքացի է, և գրանցվի պատգամավորների շրջանային, քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեում: Այս հոդվածի կանոնների չկատարումը անվավեր է դարձնում տան առուծախի պայմանագիրը:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ դրանցով կարգավորվում են ոչ թե բնակելի տան նկատմամբ գնորդի իրավունքների պետական գրանցման, այլ բնակելի տան առուծախի պայմանագրի գրանցման հարցը, որով պայմանավորվում է դրա կնքման պահը: Այսինքն` վերոնշյալ հոդվածներով նախատեսվում է անշարժ գույքի օտարման պայմանագրի գրանցման պարտավորություն և դրա չգրանցման հետևանքը, այն է` պայմանագրի անվավերությունը: Հետևաբար, պայմանագրի անվավերության հիմք է պայմանագրի չգրանցումը:

Ուսումնասիրելով սույն գործի փաստերը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Աղասի Հարությունյանի և Պարույր Թորոսյանի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: Համաձայն Կադաստրի աշխատակազմի «Էրեբունի» տարածքային ստորաբաժանման ղեկավարի 05.10.2009 թվականի տեղեկանքի` Կադաստրի «Էրեբունի» տարածքային ստորաբաժանման կադաստրային տվյալների համաձայն` Վերին Շենգավիթ 11-րդ փողոց թիվ 16 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում (գույքագրում) չի կատարվել (իրավունք հաստատող փաստաթղթեր առկա չեն):

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը համարվում է կնքված, իսկ գնորդի մոտ պայմանագրի առարկա գույքի նկատմամբ սեփականության իրավունքը համարվում է ծագած առուվաճառքի պայմանագրի առարկա գույքի նկատմամբ ձեռք բերողի սեփականության իրավունքի պետական գրանցման պահից: ՈՒստի, քանի դեռ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցում տեղի չի ունեցել, անկախ կողմերի միջև առուվաճառքով կատարված գործողությունների ծավալից, այդ պայմանագիրն ինքնին չի կարող գույքը ձեռք բերողի մոտ առաջացնել սեփականության իրավունք` որպես պայմանագրից բխող իրավական հետևանք:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ. «...վարչական վարույթը հարուցվել է Սամվել Հարությունյանի դիմումի հիման վրա, որի քննության արդյունքում Օրենքի հիմքով վարչական մարմինը վերականգնել է Սամվել Հարությունյանի սեփականության իրավունքը Երևանի Վերին Շենգավիթի 11-րդ փողոցի թիվ 16 հասցեում գտնվող բոլոր շենք-շինությունների նկատմամբ: Մինչդեռ, գործով ձեռք բերված ապացույցները վկայում են, որ Երևանի Վերին Շենգավիթի 11-րդ փողոցի թիվ 16 հասցեում գտնվող հողամասում կառուցված շինություններից առնվազն 16 քմ մակերեսով շինությունը, ինչպես նաև դրա սպասարկման համար անհրաժեշտ 63 քմ մակերեսով հողամասը 1966 թվականի սեպտեմբերի 25-ին հաջորդող ժամանակային տիրույթում (առ այսօր) գտնվում է հայցվոր կողմի տիրապետման ներքո, այսինքն` նշված գույքը Սամվել Հարությունյանի կողմից չի տիրապետվել` որպես սեփական գույք, իսկ վարչական վարույթում վարչական մարմինը չի պարզել, թե արդյոք դիմողից բացի կան վիճահարույց գույքը տիրապետող այլ անձինք, թե ոչ, իսկ եթե կան, արդյոք այդ անձինք գույքն օգտագործում են` որպես սեփականը, թե ոչ` արդյունքում, ըստ էության, կայացնելով մասնակիորեն` հայցվորների տիրապետման և օգտագործման ներքո պահպանված անշարժ գույքի մասով, հայցվոր կողմի իրավունքներին միջամտող վարչական ակտ»:

Վճռաբեկ դատարանն անդրադառնալով Վերաքննիչ դատարանի վերոգրյալ դիրքորոշմանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը դեռևս 30.07.2010 թվական թիվ ՎԴ/1864/05/09 որոշմամբ արձանագրել է, որ «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքի առաջացման համար միայն այդ հասցեում հաշվառվելը և բնակվելը բավարար չեն այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար, քանի որ «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը կարգավորում է ոչ թե սեփականության իրավունքի ծագման, այլ արդեն իսկ ծագած սեփականության իրավունքի վերականգնման խնդիրը: Վերոգրյալից կարելի է եզրակացնել, որ «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի կիրառման տեսանկյունից առանցքային պայման է այն, որ համապատասխան գույքը պետք է անձի կողմից տիրապետվի որպես սեփական գույք, իսկ սույն գործով չի հաստատվել այն փաստը, որ հայցվորները հանդիսանում են Երևանի Վերին Շենգավիթի 11-րդ փողոցի թիվ 16 հասցեում գտնվող գույքի սեփականատերեր, կամ նախկին սեփականատերերի իրավահաջորդներ:

Սույն վարչական գործով վիճարկվող վարչական ակտը` Երևանի քաղաքապետի 06.11.2009 թվականի թիվ 9100-Ա որոշումը, կայացվել է` հիմք ընդունելով «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը: Վերը նշվածի լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ հայցվորները որևէ կերպ Քաղաքապետարանի կողմից «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի կիրառման շրջանակներում իրականացված վարչարարության արդյունքում չէին կարող հավակնել սեփականության իրավունքի ճանաչման, քանի որ չեն հանդիսանում Երևանի Վերին Շենգավիթի 11-րդ փողոցի թիվ 16 հասցեում գտնվող գույքի սեփականատերեր կամ սեփականատերերի իրավահաջորդներ, վերը նշված պատճառաբանություններով:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հայցվորները չեն կարող հանդիսանալ Երևանի քաղաքապետի 06.11.2009 թվականի թիվ 9100-Ա որոշմամբ խախտված իրավունքների պաշտպանության նպատակով տվյալ վարչական ակտը վիճարկելու իրավունք ունեցող անձինք, քանի որ չեն հանդիսանում վիճելի անշարժ գույքի սեփականատերեր և հետևաբար չեն համարվում «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի շահառու:

 

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` հետևյալ հիմնավորմամբ.

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործի քննության հետ կապված այլ ծախսերն են դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

Վկայակոչված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը դատական ծախսերի կազմում ներառել է նաև ներկայացուցիչների վճարները:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է փաստաբանի վարձատրության խելամտության և բռնագանձման հարցերին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը (տե՛ս, Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

Վերը նշված դիրքորոշման լույսի ներքո հաշվի առնել գործով ներկայացուցչի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը, դատական նիստերի քանակը և տևողությունը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), ինչպես նաև այն հանգամանքը, որ Արթուր Հովհաննիսյանը դեռևս 27.06.2016 թվականից իրականացրել է նաև Գագիկ Հարությունյանի իրավանախորդ Սամվել Հարությունյանի իրավունքների պաշտպանություն, համադրելով գործում առկա` Գագիկ Հարությունյանի և «Ամիրխանյան և Հովհաննիսյան փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի ի դեմս տնօրեն Արթուր Հովհաննիսյանի միջև կնքված փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված վճարման ենթակա գումարի չափի հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ողջամիտ է հայցվորներից հօգուտ Գագիկ Հարությունյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ` որպես դատական բոլոր ատյաններում գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության հատուցման ենթակա գումար:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` (...) դատարանի դատական ակտերի դեմ (...) վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

(...) 6. դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար` ոչ դրամական պահանջի գործերով` բազային տուրքի տասնապատիկի չափով(...):

7. դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար`

բ) ոչ դրամական պահանջի գործերով` բազային տուրքի քսանապատիկի չափով (...):

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

i

Սույն գործով Գագիկ Հարությունյանի կողմից վճռաբեկ բողոքի համար նախապես վճարվել է 100.000 ՀՀ դրամ, մինչդեռ վճարման էր ենթակա 40.000 ՀՀ դրամ` որպես երկու ոչ դրամական պահանջի գործերով վճռաբեկ բողոքի համար օրենքով սահմանված պետական տուրքի գումար: Բացի այդ, Գագիկ Հարությունյանի իրավանախորդ Սամվել Հարությունյանի կողմից 13.06.2017 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքի համար նախապես վճարվել է 50.000 ՀՀ դրամ, մինչդեռ վճարման էր ենթակա 20.000 ՀՀ դրամ` որպես երկու ոչ դրամական պահանջի գործերով վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված պետական տուրքի գումար: ՈՒստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի հիմքով ավելի վճարված պետական տուրքը` 90.000 ՀՀ դրամը, ենթակա է վերադարձման Գագիկ Հարությունյանին:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սամվել Հարությունյանի իրավահաջորդ Գագիկ Հարությունյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 40.000 ՀՀ դրամ, և քանի որ սույն վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սամվել Հարությունյանի իրավահաջորդ Գագիկ Հարությունյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Եղիսաբեթ Ավետիսյանից, Տիգրան և Անահիտ Թորոսյանների կողմից: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Եղիսաբեթ Ավետիսյանից, Տիգրան և Անահիտ Թորոսյաններից հօգուտ Սամվել Հարությունյանի իրավահաջորդ Գագիկ Հարությունյանի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ, որպես 02.08.2016 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքի և 20.000 ՀՀ դրամ, որպես 13.06.2017 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.05.2019 թվականի որոշումը և այն փոփոխել` Եղիսաբեթ Ավետիսյանի, Տիգրան և Անահիտ Թորոսյանների հայցը մերժել:

2. Եղիսաբեթ Ավետիսյանից, Տիգրան և Անահիտ Թորոսյաններից հօգուտ Սամվել Հարությունյանի իրավահաջորդ Գագիկ Հարությունյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես 02.08.2016 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Եղիսաբեթ Ավետիսյանից, Տիգրան և Անահիտ Թորոսյաններից հօգուտ Սամվել Հարությունյանի իրավահաջորդ Գագիկ Հարությունյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես 13.06.2017 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Եղիսաբեթ Ավետիսյանից, Տիգրան և Անահիտ Թորոսյաններից հօգուտ Սամվել Հարությունյանի իրավահաջորդ Գագիկ Հարությունյանի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես սույն վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Եղիսաբեթ Ավետիսյանից, Տիգրան և Անահիտ Թորոսյաններից հօգուտ Սամվել Հարությունյանի իրավահաջորդ Գագիկ Հարությունյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության հատուցման ենթակա գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 21 հունվարի 2022 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
21.01.2022
N ՎԴ/7304/05/14
Որոշում