ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քրեական ԵԷԴ/0030/01/12
դատարանի որոշում
Քրեական գործ թիվ ԵԷԴ/0030/01/12
Նախագահող դատավոր` Կ. Ղազարյան
Դատավորներ` Գ. Մելիք-Սարգսյան
Հ. Տեր-Ադամյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Դ. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Դանիելյանի
Հ. Ասատրյանի
Ս. Ավետիսյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ Հ. Պետրոսյանի
մասնակցությամբ պաշտպան Կ. Գրիգորյանի
2014 թվականի հոկտեմբերի 31-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ Գևորգ Սերոբի Խնուսյանի պաշտպան Կ. Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2011 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 90278811 քրեական գործը:
Նախաքննության մարմնի 2011 թվականի հոկտեմբերի 21-ի որոշումներով Հարություն Կառլենի Պետրոսյանը, Վահե Վարուժանի Պարանյանը, Նարեկ Արկադիի Սահակյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
2011 թվականի հոկտեմբերի 24-ի որոշումներով Սերգո Արմենի Մելիքբեկյանը, Տիգրան Ռուբենի Կոստանդյանը և Գևորգ Սերոբի Խնուսյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
2012 թվականի մարտի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճռով Հ. Պետրոսյանը, Վ. Պարանյանը, Ն. Սահակյանը, Ս. Մելիքբեկյանը, Տ. Կոստանդյանը և Գ. Խնուսյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով:
3. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են բերել Ն. Սահակյանի, Վ. Պարանյանի պաշտպան Ժ. Վարոսյանը, Գ. Խնուսյանի պաշտպաններ Կ. Գրիգորյանը և Վ. Բաբայանը:
Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ Վ. Պարանյանի մասով պաշտպան Ժ. Վարոսյանի վերաքննիչ բողոքով և 2012 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ Գ. Խնուսյանի պաշտպաններ Կ. Գրիգորյանի և Վ. Բաբայանի վերաքննիչ բողոքով վերաքննիչ վարույթները կարճվել են` իրենց դիմումների հիման վրա, իսկ Վերաքննիչ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ Ն. Սահակյանի մասով պաշտպան Ժ. Վարոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, բեկանվել է Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը, գործի վարույթը կարճվել է, իսկ քրեական հետապնդումը դադարեցվել:
4. Գ. Խնուսյանի պաշտպաններ Կ. Գրիգորյանի և Վ. Բաբայանի, Վ. Պարանյանի պաշտպան Ժ. Վարոսյանի, Տ. Կոստանդյանի պաշտպան Գ. Մադոյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի մարտի 19-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը, գործի վարույթը Գ. Խնուսյանի, Վ. Պարանյանի, Տ. Կոստանդյանի մասով կարճել է, իսկ քրեական հետապնդումը դադարեցրել:
Հ. Պետրոսյանի պաշտպան Ղ. Պապոյանի, Ս. Մելիքբեկյանի պաշտպան Ա. Քալաշյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը, Հ. Պետրոսյանին, Ս. Մելիքբեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացրել, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել` կարճելով քրեական գործի վարույթը:
Դատավարության մասնակիցները Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի, 2013 թվականի ապրիլի 29-ի որոշումները վճռաբեկության կարգով չեն բողոքարկել, և դրանք մտել են օրինական ուժի մեջ:
5. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի որոշման դեմ Գ. Խնուսյանի պաշտպան Կ. Գրիգորյանի, Տ. Կոստանդյանի և Վերաքննիչ դատարանի 2013 թվականի ապրիլի 29-ի որոշման դեմ մեղադրող Տ. Հարությունյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի հիմքով բերվել են վճռաբեկ բողոքներ:
Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ վճռաբեկ բողոքները մասնակիորեն բավարարվել են, ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի որոշումը Գ. Խնուսյանի, Տ. Կոստանդյանի մասով և նույն դատարանի 2013 թվականի ապրիլի 29-ի որոշումը Հ. Պետրոսյանի, Ս. Մելիքբեկյանի վերաբերյալ բեկանվել են, գործն ուղարկվել նույն դատարան` նոր քննության:
6. Նոր քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի մայիսի 6-ի որոշմամբ պաշտպաններ Ա. Քալաշյանի, Ղ. Պապոյանի, Գ. Մադոյանի վերաքննիչ բողոքները բավարարել է ամբողջությամբ, իսկ պաշտպաններ Կ. Գրիգորյանի, Վ. Բաբայանի բողոքները մասնակիորեն, այն է` Գ. Խնուսյանի, Հ. Պետրոսյանի, Տ. Կոստանդյանի և Ս. Մելիքբեկյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը բեկանել է և նրանց նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել ու քրեական հետապնդումը դադարեցնել:
7. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Գ. Խնուսյանի պաշտպան Կ. Գրիգորյանը:
Վճռաբեկ դատարանի 2014 թվականի օգոստոսի 14-ի որոշմամբ Գ. Խնուսյանի պաշտպան Կ. Գրիգորյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
8. Հ. Պետրոսյանին, Վ. Պարանյանին, Ս. Մելիքբեկյանին, Տ. Կոստանդյանին և Գ. Խնուսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով ՀՀ ՊՆ 54574 զորամասի ժամկետային զինծառայողներ, կոչումով կրտսեր սերժանտներ, 2011 թվականի հոկտեմբերի 14-ին` ժամը 11:30-ի սահմաններում, ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում, խախտելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ հոդվածով սահմանված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, զորամասի հրետանային դիվիզիոնի զորանոցում, առանց որևէ պատճառի շուրջ 7-ից 10 րոպե տևողությամբ ծաղրուծանակի են ենթարկել, ստորացրել պատիվն ու արժանապատվությունը և բռնություն են գործադրել նույն զորամասի ժամկետային զինծառայող` կրտսեր սերժանտ Սամվել Արսենի Պապիկյանի նկատմամբ, այն է` ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 14):
9. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի որոշման համաձայն` «(...) գործի նյութերով հաստատված է, որ սույն գործով մեղադրանքի փաստական կողմը կազմող գործողությունները կատարելու համար Գևորգ Խնուսյանի, Վահե Պարանյանի և Տիգրան Կոստանդյանի նկատմամբ ՀՀ ՊՆ 54574 զորամասի հրամանատարի 15.10.2011 թ. թիվ 237 հրամանով նշանակվել է կարգապահական տույժ` 10-ական օր ժամանակով:
Նույն օրը Գևորգ Խնուսյանը, Վահե Պարանյանը և Տիգրան Կոստանդյանը տեղափոխվել են ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Ռազմական Ոստիկանության կարգապահական մեկուսարան: Գևորգ Խնուսյանը և Տիգրան Կոստանդյանը կարգապահական մեկուսարանում գտնվել են 15.10.2011 թ.-ից մինչև 25.10.2011 թ., երբ 15.10.2011 թ. հարուցված սույն քրեական գործի շրջանակներում նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և մեղադրյալները տեղափոխվել են կալանավորվածներին պահելու վայր:
Իսկ Վահե Պարանյանը կարգապահական մեկուսարանում գտնվել է 15.10.2011 թ.-ից մինչև 22.10.2011թ.: Այսինքն` ամբաստանյալներ Գևորգ Խնուսյանը և Տիգրան Կոստանդյանը կարգապահական մեկուսարանում անազատության մեջ պահվել են 10 (տասը) օր, իսկ Վահե Պարանյանը` 7 (յոթ) օր: Վերաքննիչ դատարանը գտնում է որ (...) Գևորգ Խնուսյանի և Տիգրան Կոստանդյանի նկատմամբ կիրառված 10 (տասը) օր, իսկ Վահե Պարանյանի նկատմամբ կիրառված` 7 (յոթ) օր կարգապահական կալանքն իր բնույթով և տևողությամբ հանդիսացել է քրեական պատիժ:
(...)
Վերոգրյալի հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է որ Գևորգ Խնուսյանի, Վահե Պարանյանի և Տիգրան Կոստանդյանի կողմից կարգապահական կալանքը կրելուց հետո նույն արարքի համար նրանց դատապարտումը խախտել է կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքը: Այսինքն` Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճռով Գևորգ Խնուսյանը Վահե Պարանյանը և Տիգրան Կոստանդյանը կրկին անգամ դատվել են նույն արարքի համար» (տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթ 141-142):
10. Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման համաձայն` «(...) քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի և 2013 թվականի ապրիլի 29-ի որոշումներն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չեն, քանի որ դրանցում նշված չէ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմք:
Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմք չմատնանշելով Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Գ. Խնուսյանի, Տ. Կոստանդյանի, Հ. Պետրոսյանի և Ս. Մելիքբեկյանի իրավունքները թույլ տալով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտում:
(...)
[Վերոհիշյալ] դատավարական իրավունքի խախտումը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի և 2013 թվականի ապրիլի 29-ի դատական ակտերը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի 2013 թվականի մարտի 19-ի և 2013 թվականի ապրիլի 29-ի որոշումներում առկա հակասությունը և իր որոշման մեջ հստակեցնի, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված որ հիմքով է կարճում քրեական գործի վարույթը և դադարեցնում քրեական հետապնդումը» (տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթ 133-135):
11. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշման համաձայն` «(...) գործի քննության արդյունքում թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցրել են դատական սխալի, հետևաբար Դատարանի 23.08.2012թ. դատավճիռը` քրեական գործով ըստ մեղադրանքի` Գևորգ Սերոբի Խնուսյանի, Հարություն Կառլենի Պետրոսյանի, Տիգրան Ռուբենի Կոստանդյանի և Սերգո Արմենի Մելիքբեկյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, պետք է բեկանել և նրանց նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով` կրկին դատապարտվելու անթույլատրելիության պատճառաբանությամբ»:
Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշման եզրափակիչ մասը շարադրվել է հետևյալ կերպ. «Պաշտպաններ Կ. Գրիգորյանի և Վ. Բաբայանի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն: Պաշտպաններ Ա. Քալաշյանի, Ղ. Պապոյանի և Գ. Մադոյանի վերաքննիչ բողոքները բավարարել: Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.08.2012 թ. դատավճիռը քրեական գործով ըստ մեղադրանքի Գևորգ Սերոբի Խնուսյանի, Հարություն Կառլենի Պետրոսյանի, Տիգրան Ռուբենի Կոստանդյանի և Սերգո Արմենի Մելիքբեկյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, բեկանել ու նրանց նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթ 137-138):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
12. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» 1966 թվականի միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 7-րդ մասի, ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի, ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջների խախտում:
Ի հիմնավորումն իր փաստարկի բողոքաբերը շարադրել է վկայակոչված իրավանորմերը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի մի շարք դատական ակտեր, որից հետո եզրահանգել է, որ սույն գործով Գ. Խնուսյանի նկատմամբ կիրառված 10 օր կարգապահական կալանքն իր բնույթով և տևողությամբ հանդիսացել է քրեական պատիժ, ու թեև Գ. Խնուսյանին կարգապահական մեկուսարանում պահելը հանդիսացել է կարգապահական տույժ, սակայն հաշվի առնելով արարքի ու դրա համար կիրառված պատժի բնույթը, Եվրոպական կոնվենցիայի իմաստով այն հավասարազոր է անձին քրեական մեղադրանքի համար դատապարտելուն:
Բողոք բերած անձը գտել է, որ այս պայմաններում Գ. Խնուսյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելով և քրեական հետապնդումը դադարեցնելով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նույն արարքի համար կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտում:
13. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը և Գ. Խնուսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնել:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների համար վճռաբեկ դատարանի որոշման պարտադիր բնույթի, ինչպես նաև նույն արարքի համար կրկին դատվելու անթույլատրելիության պատճառաբանությամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս անձին արդարացվածի կարգավիճակ տալու անհրաժեշտության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:
I. Ստորադաս դատարանների համար վճռաբեկ դատարանի որոշման պարտադիր բնույթը.
15. Սույն գործով Վճռաբեկ դատարանը նախևառաջ պետք է պատասխանի հետևյալ հարցին. իրավաչա՞փ է արդյոք քրեական գործի վարույթը կարճելու և Գ. Խնուսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշումն այն դեպքում, երբ դրանում նշված չէ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված որևէ հիմք:
16. ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով»:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի համաձայն` «Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները»:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը`
(...)
2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալ: Չբեկանված մասով դատական ակտը մնում է օրինական ուժի մեջ.
(...)»:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի (...) դատական ակտի հիմնավորումները (այդ թվում օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:
Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ դատարանի որոշումների օրինականությունը, հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունն ստուգելու բացառիկ իրավասությամբ օժտված է Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը վճռաբեկ դատարանը: Նշված գործառույթն իրականացնելիս վճռաբեկ դատարանն իրավասու է ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանել ստորադաս դատարանի դատական ակտը և գործն ուղարկել նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալ: Այս դեպքում ստորադաս դատարանում գործի նոր քննության սահմանները կանխորոշվում են վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներով և դրանով սահմանված նոր քննության ծավալով, ինչը բխում է արդարադատության արդյունավետության ապահովման խնդրից, մասնավորապես դատական ակտերի բողոքարկման և կրկին բեկանման շրջապտույտից խուսափելու անհրաժեշտությունից: Բացի այդ, նման կարգավորումն անհրաժեշտ նախապայման է վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթի արդյունավետ իրականացման համար: Միասնական դատական պրակտիկայի ձևավորումը հնարավոր է միայն ստորադաս դատարանի համար պարտադիր և ուղղորդող նշանակություն ունեցող իրավական դիրքորոշումների մշակմամբ:
17. Բողոքարկված դատական ակտը բեկանելու, գործը նոր քննության ուղարկելու և նոր քննության ծավալ սահմանելու վերաքննիչ դատարանի իրավասությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Հ. Մակարյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) վերաքննիչ դատարանն իրավասու է բեկանել բողոքարկված դատական ակտը և գործն ուղարկել նոր քննության սահմանելով նոր քննության ծավալը` նպատակ ունենալով
ա) լրացնել վերաքննության փուլում գործն ամբողջ ծավալով քննելու իրավազորության բացակայությունը,
բ) կանխել վերաքննիչ դատարանի կողմից որպես առաջին ատյանի դատարան հանդես գալու հնարավորությունը,
գ) ապահովել դատական ատյանների միջև գործառութային կապերի տրամաբանական բնույթը,
դ) երաշխավորել ամբաստանյալի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը նոր քննության արդյունքում առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտի հետ անհամաձայնության դեպքում վերաքննության կարգով բողոք ներկայացնելու տեսանկյունից: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս դեպքում վերաքննիչ բողոքի առարկայի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե վերաքննիչ դատարանը նախկինում բեկանել է առաջին ատյանի դատարանի դատական ակտը և գործն ուղարկել նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը, ապա նոր քննության արդյունքում կայացված դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության ընթացքում վերաքննիչ դատարանն ստուգում է նաև նախկինում իր կողմից սահմանված նոր քննության ծավալը պահպանված լինելու հանգամանքը:
(...) [Ա]յն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանը չի կատարել առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը, որով վերջինս նոր քննության ծավալ է սահմանել, վերաքննիչ դատարանը պետք է բեկանի առաջին ատյանի դատարանի կողմից նոր քննության արդյունքում կայացված դատական ակտը: (...)» (տե՛ս Հրաչ Մակարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ3/0019/01/11 որոշման 19-րդ և 21-րդ կետերը):
18. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանի կողմից գործը նոր քննության ուղարկելու և նոր քննության ծավալ սահմանելու վերաբերյալ որոշման կատարման պարտադիրության վերոշարադրյալ պահանջները վերաբերելի են նաև վճռաբեկ դատարանի կողմից կայացվող դատական ակտին: Այլ խոսքով` ընդհանուր կանոնի համաձայն ստորադաս դատարանն իրավասու չէ դուրս գալ վճռաբեկ դատարանի որոշմամբ սահմանված գործի նոր քննության ծավալներից և, միևնույն ժամանակ, պարտավոր է կատարել գործի նոր քննության ծավալով սահմանված անհրաժեշտ դատավարական գործողությունները: Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և դրանով սահմանված նոր քննության ծավալը պարտադիր են ստորադաս դատարանի համար, ուղղորդում են գործի նոր քննությունը, սակայն չեն կանխորոշում դրա արդյունքը:
Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ Վճռաբեկ դատարանը բացառիկ դեպքերում, երբ առկա է նախկինում ձևավորված դիրքորոշման վերանայման օբյեկտիվ անհրաժեշտություն, կարող է զարգացնել կամ փոփոխել իր նախկին դիրքորոշումը: Դա պայմանավորված է Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացման անհրաժեշտությամբ և յուրաքանչյուր դեպքում պետք է բխի օրենքի միատեսակ կիրառության ապահովման բովանդակությունից: Մասնավորապես, օրենքի միատեսակ կիրառությունն ապահովվում է մեկնաբանման տարբեր հնարքների գործադրմամբ օրենքի իմաստի բացահայտման միջոցով, հետևաբար, օրենքի յուրաքանչյուր փոփոխություն, որը հանգեցնում է օրենքի իմաստի փոփոխության, ենթադրում է նաև օրենքի միատեսակ կիրառության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դիրքորոշման փոփոխություն: Վճռաբեկ դատարանի դիրքորոշումների փոփոխության համար հիմք կարող են հանդիսանալ նաև իրավունքի զարգացումը, մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորումը, Հայաստանի Հանրապետության համար պարտադիր միջազգային-իրավական ակտերի և ՀՀ Սահմանադրության պահանջների ներդրումը իրավակիրառ պրակտիկա, դրանց նորմերի և սկզբունքների անմիջական գործողությունն ապահովելը և այլն (տե՛ս Լուսինե Բաբայանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԵԿԴ/0093/11/11 որոշման 13-14-րդ կետերը):
Բացի այդ Վճռաբեկ դատարանի որոշմամբ սահմանված նոր քննության ծավալը ստորադաս դատարանի կողմից չպահպանելու համար որպես բացառիկ հանգամանք կարող է հանդիսանալ գործի նոր քննության ընթացքում առաջացած այնպիսի հանգամանքը, որը չի կարող հանգեցնել Վճռաբեկ դատարանի դիրքորոշման փոփոխությանը, սակայն պայմանավորում է տվյալ գործի ելքը (օրինակ` համաներման ակտի ընդունումը, արարքի ապաքրեականացումը, քրեական գործի վարույթը բացառող այլ հանգամանքի ի հայտ գալը և այլն):
Վերոգրյալով պայմանավորված օրենսդիրը նախատեսել է Վճռաբեկ դատարանի որոշման պարտադիրության ընդհանուր կանոնից բացառություն: Դատական ակտ կայացնելիս ստորադաս դատարանը կարող է չկատարել Վճռաբեկ դատարանի որոշման պահանջները, որի դեպքում սակայն ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ պետք է հիմնավորի այնպիսի բացառիկ հանգամանքի առկայությունը, որի պայմաններում Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտած դիրքորոշումը կիրառելի չէ տվյալ գործով կամ նոր քննությունը չի կարող կատարվել սահմանված ծավալով:
Այսպիսով, վճռաբեկ դատարանի` որպես բարձրագույն դատական ատյանի կարգավիճակը ենթադրում է, որ
ա) վճռաբեկ դատարանը` իրականացնելով դատական վերանայում, ունի դատական սխալներն ուղղելու իրավասություն,
բ) վճռաբեկ դատարանն անմիջականորեն կամ միջնորդավորված եղանակով ուղղահայաց հարաբերվում է առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների հետ,
գ) վճռաբեկ դատարանի որոշման մեջ շարադրված իրավական դիրքորոշումները պարտադիր են ստորադաս դատարանների համար,
դ) վճռաբեկ դատարանի` քննության նոր ծավալ սահմանելու վերաբերյալ որոշման կատարումն ստորադաս դատարանների կողմից կրում է պարտադիր բնույթ, բացառությամբ առանձին դեպքերի:
19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը 2013 թվականի մարտի 19-ին որոշում է կայացրել Գ. Խնուսյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` պատճառաբանելով, որ կարգապահական կալանք կրելուց հետո նույն արարքի համար Գ. Խնուսյանին և մյուսներին դատապարտելով` Առաջին ատյանի դատարանը խախտել է կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքը (տե՛ս սույն որոշման 2-րդ, 4-րդ և 9-րդ կետերը):
Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի որոշումը բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության: Նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ, քանի որ դրանում նշված չէ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմք: Հետևաբար, նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի 2013 թվականի մարտի 19-ի որոշմամբ թույլ տրված խախտումը և հստակեցնի, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված որ հիմքով է կարճում քրեական գործի վարույթը և դադարեցնում քրեական հետապնդումը (տե՛ս սույն որոշման 5-րդ և 10-րդ կետերը):
Նոր քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի մայիսի 6-ին կրկին որոշում է կայացրել Գ. Խնուսյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու ու քրեական հետապնդումը դադարեցնելու մասին առանց հստակեցնելու, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի հատկապես որ կետով է ղեկավարվում: Իր դատական ակտում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ քրեական գործի վարույթը պետք է կարճվի և քրեական հետապնդումը դադարեցվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով` կրկին դատապարտվելու անթույլատրելիության պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 6-րդ և 11-12-րդ կետերը):
20. Սույն որոշման 16-18-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և դրանով սահմանված նոր քննության ծավալն իր համար պարտադիր բնույթ ունեն: Վերաքննիչ դատարանը, չկատարելով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման պահանջը, ղեկավարվելով ընդհանրական բնույթ ունեցող ու քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք չհանդիսացող իրավական նորմով, իր դատական ակտում չի մատնանշել քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված որևէ հիմք, ինչպես նաև որևէ ծանրակշիռ փաստարկի մատնանշմամբ չի հիմնավորել այնպիսի բացառիկ հանգամանքի առկայությունը, որի պայմաններում Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ արտահայտած դիրքորոշումը կիրառելի չէ տվյալ գործով կամ նոր քննությունը չի կարող կատարվել սահմանված ծավալով:
Արդյունքում Վերաքննիչ դատարանը ոչ միայն խախտել է սույն որոշման 16-րդ կետում մեջբերված իրավանորմերի պահանջները, այլև սահմանափակել է Գ. Խնուսյանի իրավունքները թույլ տալով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտում:
i
21. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործի վարույթը կարճելու և Գ. Խնուսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշումն իրավաչափ չէ, քանի որ դրանում նշված չէ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված որևէ հիմք:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա (...)»:
Արձանագրված դատավարական իրավունքի խախտումն ինքնին բավարար է, որպեսզի Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանվի և գործն ուղարկվի նույն դատարան` նոր քննության:
Այդուհանդերձ, օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթից ելնելով` Վճռաբեկ դատարանը նպատակահարմար է համարում սույն գործով անդրադառնալ նույն արարքի համար կրկին դատվելու անթույլատրելիության պատճառաբանությամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված համապատասխան հիմքը գործադրելու անհրաժեշտության հարցին:
II. Նույն արարքի համար կրկին դատվելու անթույլատրելիության պատճառաբանությամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս անձին արդարացվածի կարգավիճակ տալու անհրաժեշտությունը.
22. ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի համաձայն` «(...) Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան»:
«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն «Ոչ ոք չպետք է կրկին անգամ դատվի կամ պատժվի այն հանցագործության համար, որի համար նա արդեն վերջնականապես դատապարտվել է կամ արդարացվել յուրաքանչյուր երկրի օրենքին և քրեական դատավարության իրավունքին համապատասխան»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատապարտվել նույն արարքի համար»:
Մեջբերված նորմերով ամրագրված է կրկին անգամ դատվելու անթույլատրելիության (non bis in idem) սկզբունքը: Նշված սկզբունքի բովանդակությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Դ. Բաբայանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «[Կ]րկին անգամ դատվելու անթույլատրելիության (non bis in idem) սկզբունքը հիմնարար տեղ է զբաղեցնում ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված պաշտպանության համակարգում, որի հիմքում ընկած է մեղքը քաված լինելու կանխավարկածը, և այն իրենից ներկայացնում է նույն արարքի համար նույն անձին կրկին քրեական հետապնդման չենթարկելու, չդատապարտելու, չպատժելու երաշխիք: Ընդ որում` «նույն արարքի համար» ձևակերպումը նշանակում է, որ կրկնակի դատապարտման անթույլատրելիության առարկան պետք է ընկալվի ոչ թե հանցանքի իրավական որակման, այլ փաստական նկարագրության իմաստով» (տե՛ս Դավիթ Բաբայանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԿԴ1/0043/01/11 որոշման 22-րդ կետը):
23. Վերահաստատելով Դ. Բաբայանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքը ենթադրում է անձի և պետության միջև որոշակի արարքի կապակցությամբ ծագած քրեական և քրեադատավարական իրավահարաբերությունների վերջնական դադարում: Ընդ որում, քրեադատավարական տեսանկյունից այն հիմնվում է քրեական հետապնդման սպառնալիքի ավարտված լինելու գաղափարի վրա: Այլ խոսքով` կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքը ենթադրում է, որ բացակայում է հանցավոր արարքը, քանի որ քրեական մեղադրանքի բովանդակությունը կազմող արարքի կապակցությամբ անձի և պետության միջև համապատասխան իրավահարաբերությունները ծագել և վերջնականապես դադարել են, այսինքն` իրավական առումով «հանցավոր արարք» գոյություն չունի:
24. Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր կայուն նախադեպային պրակտիկայում ձևավորել է հետևյալ սկզբունքները.
(ա) ելնելով օժանդակության սկզբունքից` առաջին հերթին ներպետական մարմինների խնդիրն է Կոնվենցիայի ենթադրյալ խախտումների դիմաց հատուցում տրամադրելը: Այս կապակցությամբ այն հարցը, թե արդյոք դիմողը կարող է հավակնել ենթադրյալ խախտման «տուժողի» կարգավիճակի` վերաբերում է Կոնվենցիայի հիման վրա վարույթի բոլոր փուլերին,
(բ) դիմողի համար բարենպաստ որոշումը կամ միջոցառումն սկզբունքորեն բավարար չէ նրան «տուժողի» կարգավիճակից զրկելու համար, քանի դեռ ներպետական մարմիններն ակնհայտորեն կամ ըստ էության չեն ընդունել Կոնվենցիայի խախտումը և հետագայում տրամադրել հատուցում,
(գ) դիմողի` «տուժողի» կարգավիճակ ունենալու հնարավորությունը կախված է այն հատուցումից, որը ներպետական պաշտպանության միջոցները տրամադրել են նրան,
(դ) օժանդակության սկզբունքը չի նշանակում հրաժարվել ներպետական պաշտպանության միջոցներն օգտագործելու միջոցով ձեռք բերված արդյունքի նկատմամբ վերահսկողությունից, այլապես Կոնվենցիայով երաշխավորված իրավունքները կզրկվեն իրենց էությունից: Այդ կապակցությամբ պետք է կրկնել, որ Կոնվենցիայի նպատակն է երաշխավորել ոչ թե տեսական կամ պատրանքային, այլ գործնական և արդյունավետ իրավունքներ (տե՛ս mutatis mutandis Nikolova and Velichkova v. Bulgaria գործով Մեծ պալատի 2008 թվականի մարտի 20-ի վճիռ, գանգատ թիվ 7888/03, կետ 49):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` մի շարք գործերում արտահայտած իրավական դիրքորոշումների համակարգային վերլուծությունից հետևում է, որ անձը կորցնում է Կոնվենցիայի իմաստով` 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի խախտման հետևանքով «տուժողի» կարգավիճակը, երբ պետությունը ճանաչում է կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտման փաստը, դադարեցնում է երկրորդ հետապնդումը և վերացնում խախտման հետևանքները անձին առաջարկելով համարժեք հատուցում (տե՛ս Zigarella v. Italy գործով 2002 թվականի հոկտեմբերի 3-ի որոշում, գանգատ թիվ 48154/99, Falser v. Austria գործով 2004 թվականի սեպտեմբերի 30-ի որոշում, գանգատ թիվ 6072/02, Sergey Zolotukhin v. Russia գործով 2009 թվականի փետրվարի 9-ի վճիռը, գանգատ թիվ 14939/03, կետեր 113-115):
25. Այսպիսով, հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտումը կհամարվի վերացված այն դեպքում, երբ
- ընդունվի կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտում թույլ տալու փաստը,
- դադարեցվի այդ խախտումը,
- վերացվի խախտման հետևանքները անձին տրամադրելով համարժեք հատուցում:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված են կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտման փաստը ճանաչելուն և այդ խախտումը դադարեցնելուն ուղղված նորմեր, որոնք սահմանում են քննարկվող սկզբունքի խախտման դեպքում քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հիմքեր (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) և դրանց հիման վրա կայացված որոշումների պատճառաբանվածության պահանջ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 261-րդ, 358-րդ հոդվածներ):
26. Ինչ վերաբերում է կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտումը վերացնելու երրորդ պայմանին` անձին համարժեք հատուցում առաջարկելու եղանակով խախտման հետևանքները վերացնելուն` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արդարացված է այն անձը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել կամ քրեական գործով վարույթը կարճվել է սույն օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված որևէ հիմքով կամ որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արդարացվածն իր իրավունքների վերականգնման, այդ թվում` քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից իրեն պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի»:
Մեջբերված նորմերի, ինչպես նաև քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը սահմանող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համադրված վերլուծությունից երևում է, որ նշված հիմքերը դասակարգվում են երկու խմբի`
ա) քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու «արդարացնող» («ռեաբիլիտացիոն») հիմքեր, որոնք նախատեսված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և 2-րդ մասով:
բ) քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու «ոչ արդարացնող» («ոչ ռեաբիլիտացիոն») հիմքեր, որոնք նախատեսված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-13-րդ կետերով (տե՛ս mutatis mutandis Արմեն Բաղդասարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԱՔԴ/0009/11/13 որոշման 15-րդ կետը):
Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը կասկածյալի կամ մեղադրյալի վնասների հատուցում պահանջելու իրավունքը պայմանավորում է բացառապես արդարացվածի կարգավիճակ ստանալու փաստով:
27. Կասկածյալի կամ մեղադրյալի վնասների հատուցում պահանջելու իրավունքի ծագման վերաբերյալ դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-871 որոշմամբ, որի համաձայն. «(...) Մինչդատական վարույթում անձն արդարացվածի կարգավիճակ ձեռք է բերում քր. դատ. օր-ի` 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված հիմքերով քրեական հետապնդման դադարեցման դեպքում, իսկ դատական քննության փուլում օրինական ուժի մեջ մտած արդարացման դատավճռի դեպքում (ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մաս): Մինչ այդ, կասկածյալին կամ մեղադրյալին պատճառված վնասի հատուցման պահանջի իրավունք գոյություն չունի, որովհետև դեռևս նա արդարացված չէ: Անձը կարող է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա հատուցման պահանջով դատարան դիմել միայն դրանում նշված հիմքերով արդարացվածի կարգավիճակ ձեռք բերելուց հետո: (...)» (տե՛ս քաղաքացիներ Արամ Սարգսյանի և Կարապետ Ռուբինյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի և 67-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի 2010 թվականի մարտի 30-ի թիվ ՍԴՈ-871 որոշման 9-րդ կետը):
28. Հիմք ընդունելով սույն որոշման 22-27-րդ կետերում կատարված վերլուծությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նույն արարքի համար կրկին դատվելու անթույլատրելիության պատճառաբանությամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս անձին պետք է տրվի արդարացվածի կարգավիճակ:
Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ կրկնակի դատապարտման անթույլատրելիության (non bis in idem) սկզբունքի հիմքում ընկած է մեղքը քաված լինելու կանխավարկածը, ինչը ենթադրում է, որ քրեական մեղադրանքի բովանդակությունը կազմող արարքի կապակցությամբ անձի և պետության միջև համապատասխան իրավահարաբերությունները վերջնականապես դադարել են, և իրավական առումով «հանցավոր արարք» գոյություն չունի:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ նույն արարքի համար կարգապահական կամ վարչական պատասխանատվությանը հաջորդած քրեական դատապարտումը կամ քրեական հետապնդումը գնահատվի որպես նույն արարքի համար կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտում, իրավակիրառողները քրեական հետապնդումը դադարեցնելիս պետք է ղեկավարվեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (բացակայում է հանցագործության դեպքը), ինչն իր բնույթով արդարացնող (ռեաբիլիտացիոն) հիմք է: Արդյունքում անձը ձեռք կբերի արդարացվածի կարգավիճակ, հետևաբար կդադարեցվի նաև խախտումը և նրան կտրամադրվի համարժեք հատուցում:
30. Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2014 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-48-Ն օրենքի 12-րդ հոդվածը և հաշվի առնելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը բերվել է մինչև 2014 թվականի հուլիսի 3-ը` Վճռաբեկ դատարանը ղեկավարվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` մինչև վկայակոչված օրենքի ուժի մեջ մտնելը (2014 թվականի հուլիսի 3-ը) գործող խմբագրությամբ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Գևորգ Սերոբի Խնուսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Դ. Ավետիսյան
Դատավորներ` Ե. Դանիելյան
Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան