Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԱԳԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                              ԵԿԴ/0209/01/10  

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵԿԴ/0209/01/10

Նախագահող դատավոր` Ս. Չիչոյան

    Դատավորներ`        Ե. Դարբինյան   

                       Ա. Հովհաննիսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի        

    մասնակցությամբ դատավորներ                 Հ. Ղուկասյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Մ. Պետրոսյանի

 

    մասնակցությամբ ամբաստանյալ                Գ. Ֆարմանյանի

 

    2011 թվականի փետրվարի 24-ին                      ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Շողակաթ Ժուլվերնի Ամիրխանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, Գառնիկ Մարտինի Ֆարմանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի նոյեմբերի 24-ի որոշման դեմ ամբաստանյալ Շ. Ամիրխանյանի պաշտպանի և ամբաստանյալ Գ. Ֆարմանյանի վճռաբեկ բողոքները,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2008 թվականի հոկտեմբերի 9-ին Մասիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 44114109 քրեական գործը` Շողակաթ Ժուլվերնի Ամիրխանյանի կողմից խարդախությամբ Սարգիս Վանիկի Եփրեմյանի` առանձնապես խոշոր չափերի` 4.645.200 ՀՀ դրամին համարժեք 15.000 ԱՄՆ դոլար արժեքով «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենան հափշտակելու դեպքի առթիվ:

ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի ավագ հետաքննիչ Ս. Պողոսյանի 2009 թվականի մասիսի 14-ի որոշմամբ Ս. Մելքումյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության հիմքով:

ՀՀ գլխավոր դատախազի 2009 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին վերոնշյալ որոշումը վերացվել է, և ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 61204209 քրեական գործը:

2009 թվականի նոյեմբերի 5-ին Շողակաթ Ամիրխանյանը թիվ 44114109 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն օրվա որոշմամբ մեղադրյալ Շ. Ամիրխանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ մեղադրյալ Շ. Ամիրխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանք 2 ամիս ժամկետով:

2010 թվականի հունվարի 30-ին Շ. Ամիրխանյանը ձերբակալվել է:

2010 թվականի հունվարի 31-ին թիվ 61204209 քրեական գործով Շ. Ամիրխանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2010 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ թիվ 44114109 քրեական գործը միացվել է թիվ 61204209 քրեական գործին:

2010 թվականի հուլիսի 22-ին Շ. Ամիրխանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը լրացվել, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

2010 թվականի հուլիսի 24-ին թիվ 61204209 քրեական գործով Գառնիկ Մարտինի Ֆարմանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

2010 թվականի օգոստոսի 3-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի օգոստոսի 30-ի դատավճռով, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ Շողակաթ Ամիրխանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նա դատապարտվել է ազատազրկման 4 (չորս) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով` ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Շ. Ամիրխանյանը վերջնական դատապարտվել է ազատազրկման 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

Գառնիկ Ֆարմանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել է ազատազրկման 4 (չորս) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

3. Ամբաստանյալ Շ. Ամիրխանյանի, Գ. Ֆարմանյանի պաշտպանի, մեղադրողի և տուժող Ս. Եփրեմյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2010 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ ամբաստանյալ Շ. Ամիրխանյանի, Գ. Ֆարմանյանի պաշտպանի վերաքննիչ բողոքները մերժել է, մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարել է ամբողջությամբ, իսկ տուժողի ներկայացուցչի բողոքը մասնակիորեն. այն է` Շողակաթ Ամիրխանյանի մասով բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի օգոստոսի 30-ի դատավճիռը, իսկ Գառնիկ Ֆարմանյանի մասով` թողել օրինական ուժի մեջ:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ Շ. Ամիրխանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նա դատապարտվել է ազատազրկման 5 (հինգ) տարի 4 (չորս) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով` ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Շ. Ամիրխանյանը վերջնական դատապարտվել է ազատազրկման 7 (յոթ) տարի ժամկետով:

4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի նոյեմբերի 24-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալ Շ. Ամիրխանյանի պաշտպան Ա. Ջուվանովան (այսուհետ նաև` առաջին բողոքաբեր) և ամբաստանյալ Գ. Ֆարմանյանը (այսուհետ նաև` երկրորդ բողոքաբեր):

Վճռաբեկ դատարանը 2011 թվականի Փետրվարի 10-ի որոշմամբ բողոքները վարույթ է ընդունել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքների պատասխան չի ուղարկվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալներ Շ. Ամիրխանյանը և Գ. Ֆարմանյանը դատապարտվել են հետևյալ արարքների համար. 2008 թվականի ապրիլ ամսից մինչև 2009 թվականի դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Շ. Ամիրխանյանն ինչպես միայնակ, այնպես էլ որդու` Գառնիկ Ֆարմանյանի հետ նախնական համաձայնությամբ, վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով, կրկին անգամ, հափշտակել է Սերիկ Մելքումյանի, Աշոտ Սարգսյանի, Գայանե Աբրահամյանի, Ամասիա Բարսեղյանի, Նելա Սարգսյանի, Արտակ Հովակիմյանի, Սարգիս Եփրեմյանի, «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի «Շենգավիթ» մասնաճյուղի, «Գարանտ Պլյուս» ՓԲԸ-ի` ընդհանուր առմամբ, առանձնապես խոշոր չափերի` 149.589.234 ՀՀ դրամ արժողությամբ գույքն ու գումարները:

Բացի այդ, Գոհար Վարդանյանի հետ նախնական համաձայնությամբ կեղծել և Գառնիկ Ֆարմանյանի հետ նախնական համաձայնությամբ օգտագործել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր:

6. Ըստ 2010 թ. հունվարի 30-ի ձերբակալման մասին արձանագրության` Շ. Ամիրխանյանը պաշտպան ունենալ չի ցանկացել (տե՛ս Քրեական գործ, հատոր 4-րդ, էջեր 120-122):

Կասկածյալի իրավունքները բացատրելու մասին արձանագրության համաձայն` Շ. Ամիրխանյանը պաշտպան ունենալ չի ցանկացել (տե՛ս Քրեական գործ, հատոր 4-րդ, էջ 124):

Ըստ մեղադրյալի կողմից պաշտպանից հրաժարվելու մասին 2010 թվականի հունվարի 31-ի արձանագրության` Շ. Ամիրխանյանը պաշտպան ունենալ չի ցանկացել (տե՛ս Քրեական գործ, հատոր 4-րդ, էջ 136):

2010 թվականի հունիսի 24-ին որպես մեղադրյալ լրացուցիչ հարցաքննության ժամանակ Շ. Ամիրխանյանը հայտնել է, որ պաշտպան ունենալ չի ցանկանում (տե՛ս Քրեական գործ, հատոր 7-րդ, էջ 114):

Մեղադրյալի իրավունքները բացատրելու մասին 2010 թվականի հուլիսի 23-ի արձանագրության համաձայն` Շ. Ամիրխանյանը պաշտպան ունենալ չի ցանկացել (տե՛ս Քրեական գործ, հատոր 7-րդ, էջ 204):

7. Ըստ քրեական գործի նյութերին ծանոթանալու արձանագրության` մեղադրյալ Շ. Ամիրխանյանը, չցանկանալով պաշտպան ունենալ, իրեն լիովին մեղավոր է ճանաչել և խնդրել է իր «նկատմամբ կիրառել արագացված դատաքննություն» (տե՛ս Քրեական գործ, հատոր 7-րդ, էջ 285):

8. 2010 թվականի օգոստոսի 18-ին Շ. Ամիրխանյանը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Կ. Ղազարյանին և խնդրել իրեն տրամադրել հանրային պաշտպան: Նա ցանկություն է հայտնել, որ իր շահերը պաշտպանի փաստաբան Աննա Ջուվանովան: Դիմումը դատարանում ստացվել է 2010 թվականի օգոստոսի 25-ին (տե՛ս Քրեական գործ, հատոր 8-րդ, էջ 46):

Առաջին ատյանի դատարանի դատական նիստի նախապատրաստական մասում նույնպես ամբաստանյալ Շ. Ամիրխանյանը դիմել է հանրային պաշտպան ունենալու խնդրանքով և ցանկացել է անվճար նշանակված պաշտպան: Դատարանը որպես պաշտպան երաշխավորել է Անահիտ Հովհաննիսյանին, որը մինչ այդ որևէ առնչություն չի ունեցել տվյալ քրեական գործի հետ, իսկ ամբաստանյալներ Շ. Ամիրխանյանը և Գ. Ֆարմանյանը նրան ընդհանրապես չեն ճանաչել: Երբ նա որպես պաշտպան ներկայացել է ամբաստանյալներին, Շ. Ամիրխանյանը հայտնել է, որ նրան առաջին անգամ է տեսնում և խնդրել է դատարանին, որ Ա. Հովհաննիսյանն անպայման ծանոթանա գործի նյութերին: Այս պայմաններում Ա. Հովհաննիսյանն ստանձնել է Շ. Ամիրխանյանի և Գ. Ֆարմանյանի պաշտպանությունը: Ընդ որում, անտեսվել է պաշտպանի` գործի նյութերին ծանոթանալու մասին ամբաստանյալ Շ. Ամիրխանյանի խնդրանքը և առանց 7-հատորանոց գործի նյութերին ծանոթանալու, համոզված չլինելով, որ իր պաշտպանյալների մեղադրանքը գործի նյութերով հաստատված է, առանց նրանց հետ խորհրդակցելու, Ա. Հովհաննիսյանը միջնորդել է կիրառել դատական քննության արագացված կարգ (տե՛ս Առաջին ատյանի դատարանի դատական նիստի ձայնագրային արձանագրության լազերային կրիչը և դատական նիստի արձանագրման համառոտագրումը, Քրեական գործ, հատոր 8-րդ, էջեր 49-52, 53-57, 58):

9. Մեղադրյալի իրավունքները բացատրելու մասին 2010 թվականի հուլիսի 24-ի արձանագրության համաձայն` Գ. Ֆարմանյանը հայտնել է, որ պաշտպան ունենալ չի ցանկանում (տե՛ս Քրեական գործ, հատոր 7-րդ, էջ 222):

Քրեական գործի նյութերին ծանոթանալու արձանագրությունից երևում է, որ մեղադրյալ Գ. Ֆարմանյանը, չցանկանալով պաշտպան ունենալ, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և խնդրել է իր «նկատմամբ կիրառել արագացված դատաքննություն» (տե՛ս Քրեական գործ, հատոր 7-րդ, էջ 284):

10. 2010 թվականի օգոստոսի 24-ին Առաջին ատյանի դատարանի դատական նիստի նախապատրաստական մասում դատական նիստի քարտուղարը, դատարանին զեկուցելով կողմերի` դատարան ներկայանալու մասին, ներկայացած անձանց մեջ նշել է նաև պաշտպան Անահիտ Հովհաննիսյանին: Վերջինս արագացված կարգով դատական քննություն անցկացնելու միջնորդություն է ներկայացրել, ինչից հետո նման միջնորդություններ են արվել ամբաստանյալների կողմից (տե՛ս Առաջին ատյանի դատարանի դատական նիստի ձայնագրային արձանագրության լազերային կրիչը և դատական նիստի արձանագրման համառոտագրումը, Քրեական գործ, հատոր 8-րդ, էջեր 53, 58):

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է սակայն, որ դրանցում բացակայում են պաշտպան Անահիտ Հովհաննիսյանի իրավավիճակը հաստատելու համար ներկայացվող` անձը հաստատող փաստաթուղթը, փաստաբանների պալատի կողմից տրված` նրա փաստաբան լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը, ինչպես նաև որպես պաշտպան հանդես գալու` ամբաստանյալի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատումը կամ պաշտպան նշանակելու վերաբերյալ իրավասու մարմնի որոշումը:

Գործի նյութերում բացակայում է նաև որևէ տվյալ այն մասին, որ պաշտպան Ա. Հովհաննիսյանը ծանոթացել է քրեական գործի նյութերին (7 հատոր), իսկ ամբաստանյալներ Շ. Ամիրխանյանն ու Գ. Ֆարմանյանը արագացված կարգ կիրառելու միջնորդությունը ներկայացրել են պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո:

11. Առաջին ատյանի դատարանի դատավճռում արձանագրվել է. «Մինչև դատաքննությունն սկսվելը ամբաստանյալներ Շողակաթ Ամիրխանյանն ու Գառնիկ Ֆարմանյանը միջնորդեցին դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարեցին, որ առաջադրված մեղադրանքն իրենց պարզ է, համաձայն են մեղադրանքի հետ, միջնորդությունը ներկայացրել են կամավոր, խորհրդակցել են պաշտպանի հետ, գիտակցում են արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները» (տե՛ս Քրեական գործ, հատոր 8-րդ, էջեր 75-89):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

12. Ամբաստանյալ Շ. Ամիրխանյանի պաշտպանն իր բողոքում նշել է, որ ամբողջ քրեական գործի վարույթի ընթացքում խախտվել է Շ. Ամիրխանյանի պաշտպանության իրավունքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

13. Ի հիմնավորումն իր վերոնշյալ փաստարկի` առաջին բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանում Շ. Ամիրխանյանի շահերը պաշտպանել է փաստաբան Ա. Հովհաննիսյանը, որի հետ, սակայն, ո՛չ Շ. Ամիրխանյանը, ո՛չ Գ. Ֆարմանյանը և ո՛չ էլ նրանց հարազատները պայմանագիր չեն կնքել և չեն դիմել նրան իրավաբանական օգնություն ցույց տալու խնդրանքով: Փաստաբանը նախապես չի խորհրդակցել ամբաստանյալների հետ, չի ծանոթացել քրեական գործի նյութերին և չի կնքել իրավաբանական ծառայությունների մատուցման վճարովի կամ անվճար պայմանագիր:

Վերոգրյալից բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ Առաջին ատյանի դատարանը սեփական նախաձեռնությամբ երաշխավորել է փաստաբանին հանդես գալու որպես ամբաստանյալների պաշտպան` դրանով իսկ խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի, 69-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 70-րդ հոդվածի պահանջները:

14. Պաշտպանը փաստարկել է նաև, որ խախտվել են դատական քննության արագացված կարգ կիրառելու նորմերը, մասնավորապես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.2-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Ի հիմնավորումն իր պնդման` առաջին բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանում իրականացվել է դատաքննության արագացված կարգ, սակայն Շ. Ամիրխանյանը չի ընկալել դատական քննության արագացված կարգ կիրառելու հետևանքները, չի խորհրդակցել պաշտպանի հետ: Մինչդեռ Առաջին ատյանի դատարանը պետք է համոզվեր, թե արդյո՞ք պահպանվել են արագացված դատական քննություն իրականացնելու բոլոր նախադրյալները, մասնավորապես` ամբաստանյալներն ունեցե՞լ են արդյոք իրենց ընտրությամբ պաշտպան ունենալու, պաշտպանի հետ ազատորեն շփվելու և բազմադրվագ քրեական գործի բոլոր հանգամանքները քննարկելու հնարավորություն:

15. ՈՒստի, գտնելով, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և վերաքննիչ քրեական դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ, Շ. Ամիրխանյանի պաշտպանը խնդրել է բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի օգոստոսի 30-ի դատավճիռը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի նոյեմբերի 24-ի որոշումը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության:

16. Ամբաստանյալ Գ. Ֆարմանյանն իր բողոքում նշել է, որ ստորադաս դատարանները խախտել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված մի շարք նորմեր:

17. Ի հիմնավորումն իր փաստարկի` երկրորդ բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանում ինքն ընդունել է մեղքը, զղջացել է կատարած արարքի համար և խնդրել է գործը քննել արագացված դատական քննության կարգով` չնայած որ չի հասկացել արագացված դատաքննության հետևանքները, քանի որ իր պաշտպանի հետ չի խորհրդակցել և չի գիտակցել դրա էությունը: Վերաքննիչ դատարանում ինքը պնդել է վերաքննիչ բողոքի փաստարկները և խնդրել է իր նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

18. Երկրորդ բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանում չի կարողացել վիճարկել Առաջին ատյանի դատարանի դատավճռով հաստատված որևէ փաստական հանգամանք, որովհետև գործը քննվել է արագացված դատաքննության կարգով, սակայն գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածների պահանջները, ապացույցները չի ենթարկել բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման, յուրաքանչյուր ապացույց չի գնահատել վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց կապակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից: Դատարանը մանրամասն չի ուսումնասիրել և ճիշտ չի գնահատել գործում առկա փաստարկները:

19. Գտնելով, որ ստորադաս դատարանների կողմից թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա և առաջացրել են ծանր հետևանքներ Գ. Ֆարմանյանը խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի նոյեմբերի 24-ի որոշումը բեկանել, փոփոխել և իր նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

20. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու կարգի ու պայմանների, արագացված դատաքննության կարգով գործի քննության վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու, ինչպես նաև գործով վարույթին պաշտպանի մասնակցության հիմքերի հետ կապված օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ վճռաբեկ բողոքներում վկայակոչված` դատավարական իրավունքի ենթադրյալ խախտումները փոխկապակցված են. ամբաստանյալների պաշտպանության իրավունքի ենթադրյալ խախտումը հետևանք է Առաջին ատյանի դատարանի կողմից արագացված դատական քննություն անցկացնելու կարգի ու պայմանների ենթադրյալ խախտման: ՈՒստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է քննության առնել Առաջին ատյանի դատարանի կողմից արագացված կարգով դատական քննություն անցկացնելիս թույլ տրված դատավարական իրավունքի ենթադրյալ խախտման հարցը:

 

I. Արագացված կարգով գործի քննությունը.

21. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է` Շ. Ամիրխանյանի և Գ. Ֆարմանյանի վերաբերյալ գործն արագացված դատական քննության կարգով քննելիս Առաջին ատյանի դատարանը թո՞ւյլ է տվել արդյոք դատավարական իրավունքի խախտում:

i

22. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Եթե մեղադրողը մեղադրական եզրակացությունում չի առարկել արագացված կարգ կիրառելու դեմ, ապա ամբաստանյալը կամ մեղադրյալն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայնելու դեպքում իրավունք ունի միջնորդելու արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին այն հանցագործություններով, որոնց համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 (տասը) տարի ժամկետով ազատազրկումը:

Մինչև դատաքննությունն սկսելը մեղադրողը դատարանի առաջարկությամբ կարող է իր դիրքորոշումը փոխել, թեպետ արագացված կարգ կիրառելու դեմ առարկել է մեղադրական եզրակացությունում»:

Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է`

«Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքում դատարանը կիրառում է դատական քննության արագացված կարգ, եթե`

1) ամբաստանյալը գիտակցում է իր կողմից ներկայացված միջնորդության բնույթը և հետևանքները, և

2) միջնորդությունը ներկայացված է կամավոր, և

3) պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո, եթե ամբաստանյալն ունի այդպիսին»:

Մեջբերված հոդվածի բովանդակության վերլուծությունից երևում է, որ դատական քննության արագացված կարգ կիրառելու հիմքն ամբաստանյալի կամ մեղադրյալի կողմից իրեն առաջադրված մեղադրանքի ամբողջ ծավալի հետ համաձայնելն է: Այլ կերպ` դատական քննության արագացված կարգ կիրառվում է այն դեպքում, երբ մեղադրյալը կամ ամբաստանյալը համաձայն է կատարված արարքի փաստական հանգամանքների, մեղքի ձևի, շարժառիթների, արարքի իրավական գնահատականի, ինչպես նաև պատճառված վնասի բնույթի ու չափի վերաբերյալ մեղադրական եզրակացության մեջ առկա ենթադրության հետ:

23. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը միաժամանակ կարգավորել է այն դեպքերը, երբ ամբաստանյալը կամ մեղադրյալը համաձայն է առաջադրված մեղադրանքին, սակայն միևնույն ժամանակ հարուցված է քաղաքացիական հայց:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Եթե տվյալ գործով հարուցված է նաև քաղաքացիական հայց, և ամբաստանյալը (մեղադրյալը) կամ քաղաքացիական պատասխանողը ընդունում է այն, ապա դատարանը դատավճռով բավարարում է նաև քաղաքացիական հայցը, եթե այն չի հակասում օրենքին: Այդ դեպքում դատարանը պետք է լրացուցիչ պարզի, թե արդյոք հայցի ընդունումը կամավոր է, և արդյոք այն վերաբերում է այլ անձանց իրավունքներին: Դատարանը, գտնելով, որ հայցի ընդունումը հակասում է օրենքին կամ կամավոր չէ կամ վերաբերում է այլ անձանց իրավունքներին, հայցը թողնում է առանց քննության` քաղաքացիական հայցվորին բացատրելով քաղաքացիական դատավարության կարգով հայց ներկայացնելու նրա իրավունքը: Իսկ այն դեպքում, երբ ամբաստանյալը կամ քաղաքացիական պատասխանողը քաղաքացիական հայցը չի ընդունում, ապա դատարանը քաղաքացիական հայցը թողնում է առանց քննության` քաղաքացիական հայցվորին բացատրելով քաղաքացիական դատավարության կարգով հայց ներկայացնելու նրա իրավունքը»:

24. Հիմք ընդունելով սույն որոշման 22-23-րդ կետերում շարադրված իրավական վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական քննության արագացված կարգի կիրառման համար, ի թիվս այլոց, անհրաժեշտ են հետևյալ պայմանները.

1) ամբաստանյալը կամ մեղադրյալն իր միջնորդության մեջ հայտարարել է առաջադրված մեղադրանքի հետ համաձայն լինելու և արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին,

2) ամբաստանյալը կամ մեղադրյալը գիտակցում է իր ներկայացրած միջնորդության բնույթն ու հետևանքները,

3) միջնորդությունը ներկայացված է կամավոր, պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.2-րդ հոդվածով նախատեսված ժամանակահատվածում, այն է` քրեական գործը դատարան ուղարկելու պահից մինչև դատաքննությունն սկսվելը,

4) մեղադրողը չի առարկում արագացված կարգ կիրառելու դեմ,

5) անձը մեղադրվում է այնպիսի հանցանք գործելու մեջ, որի համար նախատեսված պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը:

25. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը շարադրված պայմանների հետ մեկտեղ, դատական քննության արագացված կարգի կիրառման համար անհրաժեշտ է նաև հետևյալ պայմանների առկայությունը.

1) դատարանը ճշտել է դատական քննության արագացված կարգի կիրառման կապակցությամբ տուժողի դիրքորոշումը (տե՛ս Տիգրան Քամալյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի ԵՇԴ/0097/01/09 որոշման 19-րդ կետը),

2) ամբաստանյալը կամ մեղադրյալը անչափահաս չէ և ենթադրյալ հանցանքը կատարելու պահին նրա տասնութ տարին լրացած է եղել,

3) բացակայում են քրեական գործը կարճելու հիմքերը:

26. Սույն որոշման 24-25-րդ կետերում թվարկված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում դատական քննության արագացված կարգի կիրառումն անթույլատրելի է: Այլ կերպ` միայն նշված բոլոր պայմանների համակցությունն է դատարանին իրավունք տալիս դատավճիռ կայացնել` առանց ընդհանուր կարգով դատական քննություն անցկացնելու: ՈՒստի, դատական քննության արագացված կարգ կիրառելու միջնորդությունը մերժելու հիմք են`

1) մեղադրողի համաձայնության բացակայությունը,

2) առաջադրված մեղադրանքի հետ ամբաստանյալի կամ մեղադրյալի մասնակի համաձայնությունը,

3) ամբաստանյալին կամ մեղադրյալին մեղսագրվող հանցագործության` առանձնապես ծանր լինելը,

4) ամբաստանյալի կամ մեղադրյալի կողմից միջնորդությունը ներկայացվել է ճնշման տակ, այսինքն` հարկադրաբար,

5) ամբաստանյալը կամ մեղադրյալը չի գիտակցում ներկայացված միջնորդության բնույթն ու հետևանքները:

27. Հիմք ընդունելով սույն որոշման 22-26-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում ամրագրված և սույն որոշման 23-րդ կետում թվարկած պայմաններից որևէ մեկը չի պահպանվել, ապա դատարանը պետք է որոշում կայացնի արագացված դատական քննություն չկիրառելու և ընդհանուր կարգով դատաքննություն անցկացնելու մասին:

28. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.2-րդ հոդվածն ամրագրել է միջնորդությունը ներկայացնելու կարգը: Նշված հոդվածի համաձայն`

«1. Ամբաստանյալը (մեղադրյալը) դատական քննության արագացված կարգով անցկացնելու միջնորդություն կարող է ներկայացնել քրեական գործը դատարան ուղարկելու պահից մինչև դատաքննությունն սկսվելը:

2. Ներկայացված միջնորդությունը դատարանում պետք է հաստատվի պաշտպանի ներկայությամբ և նրա հետ խորհրդակցելուց հետո: Այն դեպքում, երբ ամբաստանյալը (մեղադրյալը) ներկայացրել է արագացված կարգ կիրառելու միջնորդություն և չունի պաշտպան, ապա դատարանը պարտավոր է ամբաստանյալին ապահովել պաշտպանով: Եթե ամբաստանյալին հնարավոր չէ անհապաղ ապահովել պաշտպանով, ապա դատարանը պաշտպանի մասնակցությունն ապահովելու նպատակով դատական նիստը հետաձգում է: Եթե ամբաստանյալը հրաժարվում է պաշտպան ունենալուց, ապա դատարանը արագացված կարգ կիրառելու միջնորդությունը մերժում է` անցնելով ընդհանուր կարգով գործի քննությանը»:

Արագացված կարգով դատական քննություն անցկացնելու և դատավճիռ կայացնելու կարգն ամրագրած` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածը սահմանում է`

«(...)

2. Դատական քննությունն արագացված կարգով անցկացնելու մասին ամբաստանյալի միջնորդության քննությունն սկսվում է մեղադրողի կողմից ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի ներկայացմամբ:

3. Դատավորը հարցեր է տալիս ամբաստանյալին համոզվելու համար` պարզ է արդյոք նրան առաջադրված մեղադրանքը, համաձայն է արդյոք նա մեղադրանքի հետ, պնդում է արդյոք արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին միջնորդությունը, արդյոք միջնորդությունը ներկայացվել է կամավոր, մինչև միջնորդությունը ներկայացնելն արդյոք խորհրդակցել է պաշտպանի հետ (եթե ամբաստանյալն ունի այդպիսին), գիտակցում է արդյոք արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները:

4. Հարցերի արդյունքում դատարանը, համոզվելով, որ առկա են սույն օրենսգրքի 375.1-րդ հոդվածով նախատեսված պայմանները, որոշում է կայացնում արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին: Հակառակ դեպքում դատական քննությունն իրականացվում է ընդհանուր կարգով:

(...)»:

29. Դատական քննության արագացված կարգի կիրառումը կանոնակարգող վերը շարադրված նորմերի բովանդակությունից երևում է, որ արագացված կարգ կիրառելու միջնորդություն ներկայացնելու իրավունքը վերապահված է ամբաստանյալին (մեղադրյալին), այն էլ` միայն պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո: Բացի այդ, մինչև միջնորդությունը ներկայացնելը պաշտպանի հետ խորհրդակցելը չպետք է կրի ձևական բնույթ, խորհրդակցելու նպատակն այն է, որպեսզի ամբաստանյալին (մեղադրյալին) հանգամանորեն պարզաբանվի արագացված կարգով դատաքննություն անցկացնելու էությունը, հետևանքները, դատավճիռ կայացնելու և այն բողոքարկելու կարգը: Ընդ որում, մինչև խորհրդակցելը պաշտպանը պետք է ծանոթանա գործի նյութերին և համոզված լինի, որ իր պաշտպանյալի մեղադրանքը հիմնավորված է և հաստատվում է գործով հավաքված ապացույցներով:

30. Սույն գործի նյութերից երևում է, որ նախաքննության ընթացքում Շ. Ամիրխանյանը և Գ. Ֆարմանյանը պաշտպան չեն ունեցել: Քրեական գործի նյութերին ծանոթանալիս նույնպես նրանք պաշտպան ունենալ չեն ցանկացել և իրենց մեղավոր ճանաչելով` խնդրել են կիրառել արագացված դատաքննություն (տե՛ս սույն որոշման 6-րդ և 9-րդ կետերը): Հետևաբար, այս պարագայում խոսք չէր կարող լինել պաշտպանի հետ խորհրդակցելու մասին:

Առաջին ատյանի դատարանում որպես ամբաստանյալներ Շ. Ամիրխանյանի և Գ. Ֆարմանյանի պաշտպան է ներկայացվել Անահիտ Հովհաննիսյանը, ով արագացված կարգի կիրառման միջնորդություն է ներկայացրել, ինչից հետո նման միջնորդություններ են արվել ամբաստանյալների կողմից: Չնայած վերոնշյալ հանգամանքներին` Առաջին ատյանի դատարանը դատավճռում նշել է, որ ամբաստանյալները խորհրդակցել են պաշտպանի հետ և գիտակցում են արագացված դատական քննություն անցկացնելու հետևանքները (տե՛ս սույն որոշման 10-11-րդ կետերը):

31. Սույն որոշման 21-29-րդ կետերում շարադրված իրավանորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն որոշման 30-րդ կետերում շարադրված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Շ. Ամիրխանյանի և Գ. Ֆարմանյանի վերաբերյալ գործն արագացված դատական քննության կարգով քննելիս Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում, որը դրսևորվում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու կարգի ու պայմանների, արագացված դատաքննության կարգով գործի քննության վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու, ինչպես նաև գործով վարույթին պաշտպանի մասնակցության հիմքերի վերաբերյալ ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված պահանջների անտեսման ձևով:

 

II. Շ. Ամիրխանյանի և Գ. Ֆարմանյանի պաշտպանության իրավունքի ենթադրյալ խախտումը.

32. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է` Առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում խախտվե՞լ է արդյոք Շ. Ամիրխանյանի և Գ. Ֆարմանյանի պաշտպանության իրավունքը:

33. ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածը սահմանում է.

i

«Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:

Յուրաքանչյուր ոք ունի ձերբակալման, խափանման միջոցի ընտրման կամ մեղադրանքի առաջադրման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունք:

(...)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է.

«Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

(...)

բ) բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,

գ) պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով կամ, եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը,

(...)»:

Պաշտպանության իրավունքին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ն. Պողոսյանի վերաբերյալ որոշման մեջ և դիրքորոշում հայտնել այն մասին, որ «(...) ՀՀ ներպետական օրենսդրության իմաստով կասկածյալն ունի պաշտպանության իրավունք: Կասկածյալի պաշտպանության իրավունքը նրան վերապահված դատավարական իրավունքների ամբողջությունն է, որը նրան հնարավորություն է տալիս հանդես գալ որպես դատավարության ինքնուրույն սուբյեկտ, լրիվ կամ մասնակիորեն հերքել իրեն վերագրվող հանցանքը կատարած լինելու պնդումը, ինչպես նաև պաշտպանել իր իրավունքներն ու օրինական շահերը: Պաշտպանության իրավունքը, որպես կասկածյալին վերապահված իրավունքների համակցություն, կասկածյալին հնարավորություն է տալիս իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնել ինչպես անձամբ, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նշանակված պաշտպանի միջոցով: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով կասկածյալի պաշտպանության իրավունքի իրականացման փաստացի հնարավորության ապահովման պարտականությունը կրում է վարույթն իրականացնող մարմինը:

Պաշտպանության իրավունքը քրեական դատավարության հիմնարար սկզբունքներից մեկն է: Բացի այդ, այն հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված «զենքերի հավասարության» և ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ ամրագրված մրցակցության սկզբունքների ապահովման կարևորագույն երաշխիք» (տե՛ս Նորիկ Պողոսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի ՀՅՔՐԴ2/0153/01/08 որոշման 25-րդ կետը):

34. Ն. Պողոսյանի վերաբերյալ որոշման մեջ անդրադառնալով քրեական վարույթին պաշտպանի պարտադիր մասնակցության խնդրին` Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(...) վարույթն իրականացնող մարմինը կասկածյալի ընտրած փաստաբանին ներգրավում է որպես պաշտպան: Այս դեպքում պաշտպանին վարույթ ներգրավելու հիմքը կասկածյալի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատումն է: Եթե կասկածյալը չունի պաշտպան և վարույթն իրականացնող մարմնին չի ներկայացնում որևէ փաստաբանի, ապա այդ դեպքում վարույթն իրականացնող մարմինը ՀՀ փաստաբանների պալատից պահանջում է որևէ փաստաբանի նշանակել պաշտպան. պաշտպանի ընտրության և նշանակման իրավասություն քննիչը չունի: ՀՀ փաստաբանների պալատի նշանակումից հետո պաշտպանը քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնում է պաշտպան նշանակելու վերաբերյալ ՀՀ փաստաբանների պալատի որոշումը:

ՀՀ քրեադատավարական օրենքում նման պահանջի և ընթացակարգի սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել կասկածյալի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը` դրանով իսկ նպաստելով քրեական գործի արդարացի քննությանն ու լուծմանը, ինչպես նաև բացառել վարույթն իրականացնող մարմնի կողմից իր նախաձեռնությամբ որևէ մեկին որպես պաշտպան երաշխավորելը» (տե՛ս Նորիկ Պողոսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման 27-րդ կետը):

35. Զարգացնելով Ն. Պողոսյանի վերաբերյալ որոշման մեջ շարադրված վերոնշյալ դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործով վարույթի ընթացքում կասկածյալին և մեղադրյալին պաշտպան ընտրելու, հրավիրելու իրավունքի ընձեռումն ամենից առաջ նպատակ է հետապնդում ապահովել վերջիններիս պաշտպանության իրավունքի իրացումը: Ընդ որում, պաշտպանի ընտրությունը ոչ միայն իրավաբանական նշանակություն ունեցող ակտ է, այլ նաև ունի բարոյական նշանակություն, որի էությունը պաշտպանի և պաշտպանյալի միջև վստահության անհրաժեշտ մթնոլորտի ստեղծումն է:

Այսպիսով, ՀՀ օրենսդրության մեջ ամրագրված է «պաշտպանի անհատական հրավիրման սկզբունքը», որի խախտումը պետք է դիտել որպես կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի պաշտպանության իրավունքի ոտնահարում:

36. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Շ. Ամիրխանյանը խնդրել է դատարանին իրեն տրամադրել հանրային պաշտպան (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանի դատական նիստի նախապատրաստական մասում նույնպես ամբաստանյալ Շ. Ամիրխանյանը դիմել է հանրային պաշտպան ունենալու խնդրանքով և ցանկացել է անվճար նշանակված պաշտպան: Դատարանը որպես պաշտպան երաշխավորել է Անահիտ Հովհաննիսյանին, որը մինչ այդ որևէ առնչություն չի ունեցել տվյալ քրեական գործի հետ, իսկ ամբաստանյալներ Շ. Ամիրխանյանը և Գ. Ֆարմանյանը նրան ընդհանրապես չեն ճանաչել: Երբ նա որպես պաշտպան ներկայացել է ամբաստանյալներին, Շ. Ամիրխանյանը հայտնել է, որ նրան առաջին անգամ է տեսնում և խնդրել է դատարանին, որ Ա. Հովհաննիսյանն անպայման ծանոթանա գործի նյութերին: Այս պայմաններում Ա. Հովհաննիսյանն ստանձնել է Շ. Ամիրխանյանի և Գ. Ֆարմանյանի պաշտպանությունը: Ընդ որում, անտեսվել է պաշտպանի` գործի նյութերին ծանոթանալու մասին ամբաստանյալ Շ. Ամիրխանյանի խնդրանքը և առանց 7-հատորանոց գործի նյութերին ծանոթանալու, համոզված չլինելով, որ իր պաշտպանյալների մեղադրանքը գործի նյութերով հաստատված է, առանց նրանց հետ խորհրդակցելու, Ա. Հովհաննիսյանը միջնորդել է կիրառել դատական քննության արագացված կարգ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

37. Ն. Պողոսյանի վերաբերյալ որոշման մեջ սահմանված և սույն որոշման 33-35-րդ կետերում վերահաստատված իրավական դիրքորոշման լույսի ներքո գնահատելով սույն որոշման 33-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում խախտվել է Շ. Ամիրխանյանի և Գ. Ֆարմանյանի պաշտպանության իրավունքը: Մասնավորապես, վերջիններս ոչ միայն զրկվել են իրենց ընտրած պաշտպանի միջոցով իրենց պաշտպանելու կամ անվճար պաշտպան ունենալու իրավունքից, այլև նրանց բավարար ժամանակ և հնարավորություն չի տրվել իրենց պաշտպանությունը նախապատրաստելու համար:

38. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստաբան Ա. Հովհաննիսյանն ապօրինի է ներգրավվել սույն գործով վարույթին: Ինչպես երևում է դատական նիստի ձայնագրառումից և արձանագրման համառոտագրումից, դատական նիստի նախապատրաստական մասում դատական նիստի քարտուղարը կողմերի` դատարան ներկայանալու մասին զեկուցելիս ներկայացած անձանց մեջ նշել է նաև պաշտպան Անահիտ Հովհաննիսյանին: Սակայն դատարան չեն ներկայացվել և գործի նյութերում չկան Ա. Հովհաննիսյանի անձը հաստատող փաստաթուղթը և փաստաբանների պալատի կողմից տրված` նրա փաստաբան լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը: Բացակայում են նաև որպես պաշտպան հանդես գալու` ամբաստանյալների ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատումը կամ պաշտպան նշանակելու վերաբերյալ իրավասու մարմնի որոշումը (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

39. Հիմք ընդունելով սույն որոշման 32-38-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում խախտվել է Շ. Ամիրխանյանի և Գ. Ֆարմանյանի պաշտպանության իրավունքը: Սույն գործով փաստաբան Ա. Հովհաննիսյանի մասնակցությունը կրել է անօրինական բնույթ, քանի որ նա քրեական գործով վարույթին մասնակցել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգի խախտմամբ:

40. Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանի կողմից անտեսվել են դատական քննության արագացված կարգի կիրառման պայմանները, միջնորդություն ներկայացնելու և արագացված կարգով դատական քննություն անցկացնելու կարգը սահմանած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ, 375.2-րդ և 375.3-րդ հոդվածների, պաշտպանի` վարույթին մասնակցելու հիմքերը, պաշտպանի կողմից իր իրավավիճակի հաստատումը կարգավորող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ և 71-րդ հոդվածների, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքն ամրագրած «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնք հանգեցրել են ամբաստանյալների պաշտպանության իրավունքի խախտման:

41. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն որոշման 37-րդ և 38-րդ կետերում արձանագրված խախտումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով քրեադատավարական օրենքի էական խախտումներ են, որոնք կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

Նույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն` «Դատավճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե (...) այլ կերպ խախտվել է մեղադրյալի` պաշտպան ունենալու իրավունքը»: ՈՒստի, սույն գործով դատական ակտերը պետք է բեկանել և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:

42. Ինչ վերաբերում է պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ամբաստանյալ Գ. Ֆարմանյանի բողոքում առկա պահանջին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրան հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման 40-րդ կետում արձանագրված դատավարական և կոնվենցիոն խախտումները վերացնելուց հետո:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Պաշտպան Ա. Ջուվանովայի վճռաբեկ բողոքը բավարարել ամբողջությամբ, իսկ ամբաստանյալ Գ. Ֆարմանյանի վճռաբեկ բողոքը` մասնակիորեն: Ամբաստանյալ Շողակաթ Ժուլվերնի Ամիրխանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և ամբաստանյալ Գառնիկ Մարտինի Ֆարմանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի օգոստոսի 30-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի նոյեմբերի 24-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ղուկասյան

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.02.2011
N ԵԿԴ/0209/01/10
Որոշում