ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԱՎԴ/0033/01/14 |
Գործ թիվ ԱՎԴ/0033/01/14 |
|
Նախագահող դատավոր` Ռ.Բարսեղյան |
|
Դատավորներ` Գ.Ավետիսյան
Ս.Չիչոյան |
|
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
Նախագահությամբ |
Ս.Ավետիսյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Ս.Օհանյանի |
|
Ե.Դանիելյանի |
|
Հ.Ասատրյանի |
|
Լ. Թադևոսյանի |
|
Ա. Պողոսյանի |
քարտուղարությամբ |
Մ. Պետրոսյանի |
մասնակցությամբ |
|
դատախազ |
Ա. Հակոբյանի |
2016 թվականի նոյեմբերի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արմեն Վլադիմիրի Աղաբաբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի նոյեմբերի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը
i
1. 2013 թվականի օգոստոսի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 27112513 քրեական գործը:
Նախաքննության մարմնի` 2013 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումներով Արմեն Վլադիմիրի Աղաբաբյանը և Գրիգոր Մարտինի Հովակիմյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:
i
2013 թվականի հոկտեմբերի 21-ի որոշումներով Ա. Աղաբաբյանի և Գ.Հովակիմյանի մեղադրանքները փոփոխվել են, և նրանք ներգրավվել են որպես մեղադրյալներ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
2013 թվականի հոկտեմբերի 22-ին քրեական գործով վարույթը կասեցվել է` մեղադրյալների գտնվելու վայրը պարզված չլինելու հիմքով:
2013 թվականի նոյեմբերի 27-ին Գ.Հովակիմյանը ներկայացել է քննությանը, և նույն օրը որոշում է կայացվել քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու մասին:
1.1. 2013 թվականի դեկտեմբերի 6-ին թիվ 27112513 քրեական գործից անջատվել է Ա.Աղաբաբյանի և ինքնությունը չպարզված անձանց վերաբերյալ մասը, և նախաքննությունը շարունակվել է թիվ 27112513/1 համարով:
2013 թվականի դեկտեմբերի 10-ին Ա.Աղաբաբյանն ինքնակամ ներկայացել է:
2013 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ Ա.Աղաբաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով:
2014 թվականի մայիսի 23-ի որոշմամբ Ա.Աղաբաբյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
2014 թվականի մայիսի 23-ի որոշմամբ թիվ 27112513/1 քրեական գործից առանձնացվել է ինքնությունները չպարզված անձանց վերաբերյալ մասը, և դրա նախաքննությունը շարունակվել է թիվ 27112513/2 համարով:
2014 թվականի հունիսի 6-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան), որտեղ գործին շնորհվել է թիվ ԱՎԴ/0033/01/14 համարը:
i
1.2. 2014 թվականի հունիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է թիվ 27112014 քրեական գործը:
2014 թվականի հուլիսի 4-ին Ա.Աղաբաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
2014 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ Ա.Աղաբաբյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
2014 թվականի դեկտեմբերի 30-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Առաջին ատյանի դատարան, գործին շնորհվել է թիվ ԱՎԴ/0087/01/14 համարը, և միացվել է թիվ ԱՎԴ/0033/01/14 քրեական գործին:
i
2. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մայիսի 29-ի դատավճռով Ա.Աղաբաբյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անմեղ և արդարացվել է` կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղավոր է ճանաչվել, և նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել տուգանք` 1.000.000 ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի հիման վրա նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք` 800.000 ՀՀ դրամի չափով:
3. Մեղադրող Ա.Հակոբյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2015 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մայիսի 29-ի դատավճիռը:
4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը:
Վճռաբեկ դատարանը 2016 թվականի մայիսի 31-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները
5. Ամբաստանյալ Ա.Աղաբաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) Նա 2013 թվականի օգոստոսի 22-ին ժամը 02:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Մարքսի 6-րդ շենքի բակում մի խումբ անձանց հետ աղմկելու ու գոռգոռալու պատճառով, շենքի բնակիչների հանգիստն ու քունը չխանգարելու վերաբերյալ դիտողություն է ստացել նույն շենքի բնակիչ Տիգրան Խանդիլյանի կողմից, սակայն չհանդուրժելով իրենց հասցեին արված որևէ դիտողություն, նույն օրը` ժամը 12:00-ի սահմաններում իր ընկեր Գրիգոր Հովակիմյանի և ինքնությունը չպարզված մի խումբ անձանց հետ նախորդ օրվա նախաձեռնած անհիմն վիճաբանությունը որպես չնչին առիթ օգտագործելով, խուլիգանական մղումներով, Արտաշատ քաղաքի Մարքսի 5-րդ շենքի մոտ ընկած փողոցի բանուկ հատվածում` հասարակական վայրում, խմբի կազմում, ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, սեփական անձի առավելություններն ընդգծելու նպատակով, անթաքույց արհամարհելով հանրության մեջ ընդունված բարոյական և իրավական նորմերը, բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքների ուղեկցությամբ մյուսների հետ միասին հարձակվել է այդ պահին Գրիգոր Հովակիմյանի հարվածից գետնին ընկած Տիգրան Խանդիլյանի վրա ու բռնություն գործադրելով` շուրջ 5 րոպե շարունակ հավաքված քաղաքացիների ներկայությամբ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում` դեմքին, ձեռքերին և ոտքերին, որի հետևանքով վերջինիս պատճառել է առողջությունը կարճատև քայքայող թեթև վնաս` ճակատի կենտրոնական շրջանի սալջարդ վերքի ձևով, առողջության թեթև վնասի հատկանիշ չպարունակող զույգ վերին, ստորին կոպերի արյունազեղումներ, քթի մեջքի փափուկ հյուսվածքների տրավմատիկ այտուց, քերծվածք, արյունազեղում, աջ արմնկահոդի հետին մակերեսի մեկ հատ, ձախ դաստակի թիկնային մակերեսի երեք հատ, աջ սրունքի վերին երրորդականի առաջնային մակերեսի երկու հատ քերծվածքներ:
Ա. Աղաբաբյանը հասարակությանը հակադրվելու հանդուգն ցանկությամբ, իր անձի հեղինակությունը հասարակության մեջ ցուցաբերելու մոլուցքից դրդված, բոլորի աչքի առջև, ցուցադրաբար, շարունակելով բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ տալ, հարձակվել է այդ պահին հորն օգնության շտապած, Գրիգոր Հովակիմյանի հարվածից գետնին տապալված Տ. Խանդիլյանի որդու` Վահե Խանդիլյանի վրա և մոտ 3 րոպե շարունակ, անտեսելով հավաքված մարդկանց` ծեծը դադարեցնելու վերաբերյալ հորդորները, մյուսների հետ միասին դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում` դեմքին, ձեռքերին և ոտքերին, որի հետևանքով վերջինս ստացել է աջ արմնկահոդի հետին մակերեսի թվով 2 սալջարդ վերքերի ձևով առողջության թեթև, իսկ աջ արմնկահոդի դրսային կողմնային մակերեսի, աջ դաստակի ափային մակերեսի, ձախ ձեռքի 4-րդ, 5-րդ մատների հիմքային և միջին ֆալանգների թիկնային մակերեսի քերծվածքների ձևով` թեթև վնաս պատճառելու հատկանիշներ չպարունակող վնասվածքներ, որից հետո մյուսների հետ միասին դիմել է փախուստի:
Այսպիսով` Ա.Աղաբաբյանի կողմից խմբի կազմում, բռնության զուգորդմամբ խուլիգանություն կատարելու արդյունքում, շուրջ 10 րոպե շարունակ խափանվել է դեպքի վայրին հարակից հասարակական օբյեկտների աշխատողների, հաճախորդների, անցորդների, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչների հանգիստն ու անդորրը, նրանց մեջ առաջացել է լուրջ անհանգստություն և վախի զգացում, ինչպես նաև խափանվել է Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի 5-րդ շենքին հարակից հատվածի երթևեկությունը» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 136-137):
5.1. Ամբաստանյալ Ա.Աղաբաբյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ «(...) Տիգրան և Վահե Խանդիլյաններին ճանաչում է մանկուց, մշտապես գտնվել են նորմալ փոխհարաբերությունների մեջ, հարևաններ են ու միմյանց հետ երբևէ խնդիրներ չեն ունեցել: Դեպքի օրը, ժամը 12-ի սահմաններում, իջել է բակ ու քայլելով դեպի «Իքս Իքս Էքսպրես» խորտկարանի կողմ, նկատել է հավաքված մարդկանց ու մոտենալով նրանց, ճանաչել է իր մտերիմ Գրիգոր Հովակիմյանին և հարևան Տիգրան Խանդիլյանին: Վերջինս ընկած է եղել գետնին, իսկ Գրիգորը դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, ինչից էլ հասկացել է, որ Գրիգորն է Տիգրանին հարվածել: Կռիվը դադարեցնելու նպատակով` ինքը, ուժի գործադրմամբ` Գրիգորին քաշելով մոտեցրել ու նստեցրել է փողոցի մեջտեղում կայանված ավտոմեքենայի վարորդի նստատեղում` համոզված լինելով, որ նա է այդ ավտոմեքենայով եկել այդտեղ: Դրանից հետ, ինքը նստել է նշված ավտոմեքենայի վարորդի կողքի նստատեղում և հարցրել, թե ինչ է տեղի ունեցել, ինչպես նաև ասել է, որ Տիգրան Խանդիլյանն իր հարևանն է ու բակում նման պահվածք դրսևորելու համար ամոթանք է տվել Գրիգորին: Վերջինս պատասխանել է, որ դա իր գործը չէ ու պահանջել է չխառնվել: Այնուհետև, լուսացույցի մոտ ինքն ավտոմեքենայից իջել ու գնացել է անձնական գործերով, իսկ այնուհետև` մեկնել է արտագնա աշխատանքի, որի ընթացքում էլ մոր հետ ունեցած հեռախոսազրույցից տեղեկանալով, որ հետախուզվում է, զարմացել ու քննությանը ներկայանալու համար վերադարձել է Հայաստանի Հանրապետություն:
Պնդել է, որ Տիգրան և Վահե Խանդիլյաններին ինքը չի հարվածել ու որևէ մեկի չի հայհոյել, դրա համար որևէ պատճառ չի ունեցել, մանկուց ճանաչել ու մշտապես լավ փոխհարաբերությունների մեջ է գտնվել նրանց հետ: Վահե Խանդիլյանին դեպքի վայրում ընդհանրապես չի տեսել, կռվին միջամտել է միայն դադարեցնելու նպատակով, իսկ դրա նախորդ օրը որևէ միջադեպի ներկա չի եղել ու չի մասնակցել, այդ ժամանակ ինքը գտնվել է տանը» (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 50-51):
5.2. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն` ըստ վկա Ռուզաննա Հակոբյանի նախաքննական ցուցմունքների` «(...) Իր տան պատշգամբից Ռ. Հակոբյանը տեսել է փողոցում մի երիտասարդի հետ զրուցող իրենց դիմացի շենքի տարեց բնակիչներից մեկին, ով անսպասելիորեն սկսել է սեռական բնույթի անհասցե հայհոյանքներ տալ (...): Այդ ժամանակ նրանց մոտ կանգնել է սև գույնի մի ավտոմեքենա, որից իջել են 4-5 անծանոթ երիտասարդներ ու հարձակվելով նշված երիտասարդի ու տարեց մարդու վրա, սկսել են հարվածել: Վերջինս ընկել է գետնին, իսկ անծանոթ երիտասարդները սեռական բնույթի հայհոյանքներ տալով շարունակել են ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնել նրան: Միջադեպը տևել է շուրջ 5 րոպե, որից հետո նշված երիտասարդները նույն ավտոմեքենայով հեռացել են, իսկ ինքն իջել է շենքի բակ ու տեսել, որ գետնին ընկած տարեց մարդու ճակատից արյուն է հոսում: Հավաքված մարդիկ օգնություն են ցուցաբերել նրան, իսկ քիչ անց տեղափոխել են հիվանդանոց» (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 58-59):
5.3. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն` ըստ վկա Անդրանիկ Սարուխանյանի նախաքննական ցուցմունքների` «(...) 2013 թվականի օգոստոսի 22-ին ժամը 12-ի սահմաններում, Ա.Սարուխանյանը տեսել է, թե ինչպես «Իքս Իքս Էքսպրես» խորտկարանի դիմաց գտնվող շենքի մոտ մի մուգ գույնի ավտոմեքենա է կանգնել, դրանից իջել են 3-4 անծանոթ երիտասարդներ, հարձակվել այնտեղ կանգնած երկու անձանց վրա և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել նրանց: Վերջիններիցս տարիքով ավագն ընկել է գետնին, իսկ նշված երիտասարդները սեռական բնույթի հայհոյանքներ տալով շարունակել են ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնել նրան, ապա նստել են նույն ավտոմեքենան և հեռացել: Միջադեպը տևել է շուրջ 4-5 րոպե, որի ժամանակ փողոցում մարդիկ են հավաքվել: Անծանոթ երիտասարդների հեռանալուց հետո, հավաքված մարդկանց հետ միասին ինքը ևս օգնություն է ցույց տվել գետնին ընկած քաղաքացուն, որից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց» (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթ 58):
5.4. Վկա Սուսաննա Հայրապետյանի` նախաքննության ընթացքում տված ցուցմունքի համաձայն` «(...) Այդ ժամանակ դիմացի մայթից լսեցի սեռական բնույթի հայհոյանքներ, տեսա, որ բարձրահասակ սպորտային կազմվածքով մի երիտասարդ վիճում է մեր կողքի շենքի բնակիչ Տիգրան Խանդիլյանի ու նրա որդու հետ, քաշքշում նրանց: Նույն պահին նրանց կողքին կանգնեց մի սև գույնի ավտոմեքենա, որի մակնիշն ու պետհամարանիշը չգիտեմ, դրանից իջան 4-5 հոգի ու հարձակվեցին Տիգրանի ու նրա որդու վրա սկսեցին ձեռքերով ու ոտքերով խառը հարվածել նրանց, Տիգրանն ընկավ գետնին, իսկ որդին փորձեց փախչել, նրան 2-3 հոգի հետապնդեցին և 2-3 մետր դեպի փողոցի կողմը բռնեցին նրան սկսեցին ձեռքերով ու ոտքերով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին, նա ընկավ գետնին և այդպես մոտ 4-5 րոպե շարունակ Տիգրանին ու նրա որդի Վահեին այդ երիտասարդները ծեծում էին ու հայհոյում (...), որոշեցի ինքս պաշտպանել նրանց, վազեցի Վահեի մոտ ձեռքերով փակեցի նրա դեմքը, սկսեցի գոռգոռալ, թե այդ ինչ են անում (...), որից հետ նրանք դադարեցին Վահեին ու Տիգրանին ծեծել, շտապ նստեցին մեքենան ու հեռացան (...): Կային էլի հավաքվածներ (...) որոնք չեն միջամտել ծեծկռտուքին (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 37-38, 166-167):
5.5. Վկա Սուսաննա Ներսիսյանի` նախաքննության ընթացքում տված ցուցմունքի համաձայն` «(...) 2013 թվականի օգոստոսի 22-ին ժամը 12:00-ի սահմաններում ես գտնվում էի իմ կրպակում (...) և այդ պահին փողոցի կողմից լսվեցին սեռական բնույթի հայհոյանքներ (...): Այդ ժամանակ ես նայեցի ու տեսա, որ փողոցի մյուս կողմում Ռուզանի դեղատան դիմաց 4-5 երիտասարդներ ձեռքերով ու ոտքերով խառը հարվածում էին գետնին ընկած Տիգրանին (...): Այդպես մոտ 4-5 րոպե Տիգրանին ծեծի ենթարկեցին ու տալիս էին սեռական բնույթի հայհոյանքներ, որոնք պարզ լսվում էին իմ կրպակում: Այդ ժամանակ կրպակ մտավ մի անծանոթ հաճախորդուհի (...): Այդ պահին մի պահ ուշադրությունս շեղեցի ու տեսա, որ սև գույնի ուռուցիկ բեռնախցիկով մի մեքենա կանգնեց կրպակի կողքին գտնվող ցայտաղբյուրի դիմաց, վարորդը շատ արագ դուռը բացեց ոտքով հարվածեց այնտեղ գտնվող Տիգրանի որդուն, որի անունը չգիտեմ, վերջինս ընկավ գետնին մեքենայից իջան կարծեմ 4 հոգի, որոնք քիչ առաջ ծեծում էին Տիգրանին հետո սկսեցին ձեռքով ու ոտքերով խառը հարվածել Տիգրանի որդու մարմնի տարբեր մասերին և տալիս էին բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ, որոնք նույնպես լսվում էին իմ կրպակում: Այդ միջադեպը ևս տևեց մոտ 4-5 րոպե, որից հետո նստեցին նույն մեքենան (...) ու արագ հեռացան դեպի լուսացույցի ուղղությամբ: (...): Ես Տիգրանին, նրա որդուն ծեծի ենթարկած 4-5 երիտասարդներին չեմ ճանաչում, նրանցից մեկը բարձրահասակ էր, թիկնեղ, սև հագուստներով ու սև մազերով: Նա էր Տիգրանի որդու կրծքավանդակին առաջին հարվածողը: Նրան տեսնելիս հնարավոր չէ ճանաչեմ, մյուսները նրանից փոքր-ինչ ցածրահասակ էին, սև հագուստներով: (...): Սակայն ոչ ոք ծեծկռտուքի ժամանակ չի միջամտել ես վախից կրպակից դուրս չեմ եկել: Տիգրանին և նրա որդուն ծեծելն ու հայհոյելն ընդհանուր առմամբ տևել է մոտ 10-15 րոպե, որի ընթացքում ես անընդհատ լսել եմ սեռական բնույթի հայհոյանքներ, անհանգստացել ու վախեցել եմ: Այդ տղաների ձեռքին ոչ մի զենք կամ այլ առարկաներ չեմ տեսել, միայն ձեռքերով ու ոտքերով էին հարվածում: (...): Ես գրեթե համոզված եմ, որ նրանք նույն Տիգրանին ծեծի ենթարկողներն էին, սակայն երբ էին նստել մեքենան կամ ինչու չեմ կարող ասել, այդ ժամանակ Տիգրանը փողոցի մյուս կողմում գետնին ընկած էր և հավանաբար որդին շտապում էր նրա մոտ: Տիգրանին ծեծելուց 1-2 րոպե անց ծեծի ենթարկեցին նրա որդուն» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 26-28):
5.6. Վկա Գրիգոր Սահակյանի` նախաքննության ընթացքում տված ցուցմունքի համաձայն` «(...) 2013 թվականի օգոստոսի 22-ին ժամը 12-ի սահմաններում ես միայնակ կանգնած էի ջրմուղի բակում ու փողոցի կողմից լսեցի գոռգռոցի ձայներ (...), շտապ դուրս եկա ու տեսա, որ ջրմուղի դիմաց գտնվող դեղատան առջև 5 երիտասարդներ վիճում էին մոտ 50-60 տարեկան մի տղամարդու հետ, երիտասարդներից մեկը, որը բարձրահասակ էր սպորտային կազմվածքով չսափրված դեմքով, սև գույնի գանգուռ մազերով, հագին կար սև տաբատ, սև կարճաթև մայկա, սպիտակ գծերով, հողաթափեր, աջ ձեռքի բռունցքով հարվածեց այդ տարեց մարդու դեմքին, որը ընկավ գետնին, որից հետո այդ 5 երիտասարդները սկսեցին ոտքերով խառը, ինչպես նաև ձեռքերով հարվածել այդ մարդու մարմնի տարբեր մասերին` հիմնականում գլխին, իսկ այդ մարդը ձեռքերով բռնել էր գլուխ ու կծկվել (...): Այդ միջադեպը տևեց մոտ 4-5 րոպե, որի ընթացքում այդ 5 երիտասարդները, որոնցից ոչ մեկին չեմ ճանաչում, միայն իմ նշած բարձրահասակ սպորտային կազմվածքով երիտասարդին հնարավոր է ճանաչեմ (...): Մոտ 4-5 րոպե անխնա ծեծի ենթարկելուց հետո այդ 5 երիտասարդները նստեցին հենց դեղատան առջև կայանված սև գույնի (...) ավտոմեքենան (...), բարձրահասակ սպորտային կազմվածքով երիտասարդը նստեց վարորդի նստատեղին ու տեղից արագ պոկվելով հեռացան: (...): Միջադեպի ժամանակ այդ 5 երիտասարդները ձեռքերով ու ոտքերով հարվածում էին այդ տարեց տղամարդու մարմնի տարբեր մասերին, նրանց մոտ որևէ առարկա, զենք չեմ տեսել, ինքս հայհոյանքներ չեմ լսել, միայն վիրավորական արտահայտություններ եմ լսել տարեց մարդու հասցեին: (...):
(...) Ծեծկռտուքի ժամանակ նրանցից ոչ ոք չի մոտեցել, որ բաժանի, միայն 5 երիտասարդների հեռանալուց հետո խոհարարը մոտեցավ գետնին ընկած տարեց տղամարդուն» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 23-25, 147, 204):
Դատաքննության ընթացքում Գ.Սահակյանի նախաքննական ցուցմունքները հրապարակվելուց և հետազոտվելուց հետո վերջինս պնդել է իր նախաքննական ցուցմունքները (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթ 57):
5.7. Տուժող Տիգրան Խանդիլյանի` նախաքննության ընթացքում տված ցուցմունքի համաձայն` «(...) հաջորդ օրը (...) ժամը 12-ի սահմաններում իջա տնից և ուզում էի ավտոմեքենա նստեի, այդ պահին երեկվա երիտասարդներից մեկը մոտեցավ ինձ և ասաց, թե հոպար ինչ էիր ասում և ինչ է եղել, ասեցի, որ առանձնապես բան չի եղել խոսում էի այդ տղայի հետ, որը մոտ 25-30 տարեկան միջահասակ տղա էր (...), այդ պահին իմ թիկունքի կողմից մուգ գույնի արտասահմանյան ավտոմեքենա կանգնեց միջից իջան ինչքան հիշում եմ 4-5 տղաներ, ոչինչ չասելով հարձակվեցին ինձ վրա և սկսեցին բոլորը հարվածել ինձ, ես հարվածների հետևանքով ընկա գետնին ու նրանք շարունակում էին ինձ հարվածել, այնուհետև այդ տղաները հեռացան անմիջապես» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 16-19, 110-113, 144, 207):
5.8. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն` ըստ տուժող Վահե Խանդիլյանի նախաքննական ցուցմունքների` «(...) Տուժող Վահե Տիգրանի Խանդիլյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ 2013 թվականի օգոստոսի 22-ի ժամը 02-ի սահմաններում, իրենց շենքի մուտքի կողմից լսվել է բարձրաձայն խոսակցություն, որի կապակցությամբ էլ հայրը` Տիգրան Խանդիլյանը, նկատողություն անելու նպատակով իջել է բակ: Քիչ անց, բակ է իջել նաև ինքը և տեսել, որ հայրը զրուցում է իրեն անծանոթ երեք երիտասարդների հետ: Վերջիններիցս մեկն ասել է, որ դա այնպիսի թեմա չէ, որ վիճաբանեն, որից հետո խոսակցությունն ավարտվել և ինքն ու հայրը վերադարձել են տուն: Առավոտյան ժամը 12-ի սահմաններում, Երևան քաղաք գնալու նպատակով, հոր հետ միասին դուրս են եկել տնից, բակում ինքը հանդիպել է ծանոթ տղաների և սկսել է զրուցել նրանց հետ, իսկ հայրը` մոտեցել է փողոցի մայթի մոտ կայանված իրենց ավտոմեքենային: Այդ պահին նկատել է, որ մի երիտասարդ, ով հավանաբար հանդիսացել է իրեն ծանոթ Արմենը` Վոլոդյայի որդին, մոտեցել է իր հորն ու նրանք սկսել են զրուցել: Ինքը քայլել է նրանց ուղղությամբ, սակայն մինչ վերջիններիս մոտ հասնելը, կանգնել է սև գույնի հեչբեք թափքով մի ավտոմեքենա, որից իջել են թվով 4-5 անծանոթ երիտասարդներ ու նրանցից մեկը, առանց որևէ բառ ասելու, հրել է իրեն և գցել գետնին, իսկ մյուսը` ոտքը դնելով իր մեջքին, անցել է իր վրայով: Անծանոթ երիտասարդները մոտենալով հորը` սեռական բնույթի հայհոյանքներ տալով, ոտքերով ու ձեռքերով հարվածներ են հասցրել նրան: Ինքը մոտեցել ու քաշքշել է այդ տղաներին` փորձելով գետնին ընկած հորն ազատել նրանց ձեռքից: Վերջիններիցս մեկը հարվածել է իր ոտքերին ու գցել գետնին, որից հետո, հայհոյանքների ուղեկցությամբ, ոտքերով ու ձեռքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին: Սուսաննա անունով մի կին է մոտեցել և ձեռքերով ծածկելով իր մարմինը` թույլ չի տվել, որ իրեն այլևս հարվածեն, որից հետո` նշված երիտասարդները նստել են ավտոմեքենան ու հեռացել: Սուսաննայի օգնությամբ ինքը գնացել է տուն, իսկ հայրը` հավաքված մարդկանց օգնությամբ տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց` բժշկական օգնություն ստանալու: Թեև հարվածների հետևանքով քերծվածքներ է ստացել աջ թևի, ափի և ձախ ձեռքի մատների շրջանում, սակայն բողոք կամ նյութական պահանջ չունի» (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 53-54):
6. Անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու մասին 2013 թվականի օգոստոսի 26-ի արձանագրության համաձայն` տուժող Տ.Խանդիլյանը ճանաչել է ամբաստանյալ Ա.Աղաբաբյանին` նշելով. «(...) Նա 22.08.2013 Մարքսի փողոցում ինձ առաջինը մոտեցած երիտասարդն է (...), որից հետո իմ կողքին կանգնած մեքենայից իջան ևս 4-5 երիտասարդներ ու սկսեցին ինձ ծեծի ենթարկել, (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 109):
6.1. Անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու մասին 2013 թվականի օգոստոսի 27-ի արձանագրության համաձայն` տուժող Վ.Խանդիլյանը ճանաչել է ամբաստանյալ Ա.Աղաբաբյանին` նշելով. «(...) Իր հոր հետ 22.08.2013 սկզբում զրուցած անձը (...), բացի այդ ես այդ նույն մարդուն տեսել եմ նաև մեքենան նստել հեռանալուց, որը նույնպես կողքից եմ տեսել ու էլի իր արտաքին հատկանիշներով նման էր Արմենին, բայց միանշանակ ասել չեմ կարող» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 136):
7. Դատահետքաբանական և մանրաթելային թիվ 07801402 փորձաքննության եզրակացության համաձայն`
(...)
(...) Փորձաքննությանը ներկայացված`
- Վահե Խանդիլյանի կարճաթև մայկայի արտաքին մակերեսի վրա հայտնաբերված բնական բամբակյա սև գույնի, կապույտ գույնի, մուգ կապույտ գույնի և քիմիական հարթ սև գույնի /32 մկմ/, կապույտ գույնի /32 մկմ/ մանրաթելերն ունեն ընդհանուր սեռային պատկանելիություն Արմեն Աղաբաբյանի հագուստներից կարճաթև մայկայի գործվածքի կազմի մեջ մտնող բնական բամբակյա սև գույնի, քիմիական հարթ սև գույնի /32 մկմ/ մանրաթելերի և ջինսի անդրավարտիքի գործվածքի կազմի մեջ մտնող բնական բամբակյա կապույտ գույնի, մուգ կապույտ գույնի, քիմիական հարթ կապույտ գույնի /32 մկմ/ մանրաթելերի հետ:
- Վահե Խանդիլյանի սպորտային անդրավարտիքի արտաքին մակերեսի վրա հայտնաբերված բնական բամբակյա սև գույնի, բաց կապույտ գույնի, մուգ կապույտ գույնի և քիմիական հարթ սև գույնի /32 մկմ/ մանրաթելերն ունեն ընդհանուր սեռային պատկանելիություն Արմեն Աղաբաբյանի հագուստներից կարճաթև մայկայի գործվածքի կազմի մեջ մտնող բնական բամբակյա սև գույնի, քիմիական հարթ սև գույնի /32 մկմ/ մանրաթելերի և ջինսե անդրավարտիքի գործվածքի կազմի մեջ մտնող բնական բամբակյա կապույտ գույնի և մուգ կապույտ գույնի մանրաթելերի հետ:
- Տիգրան Խանդիլյանի կարճաթև մայկայի արտաքին մակերեսի վրա հայտնաբերված բնական բամբակյա կապույտ գույնի, բաց կապույտ գույնի, մուգ կապույտ գույնի մանրաթելերն ունեն ընդհանուր սեռային պատկանելիություն Արմեն Աղաբաբյանի հագուստներից ջինսե անդրավարտիքի գործվածքի կազմի մեջ մտնող բնական բամբակյա կապույտ գույնի, բաց կապույտ գույնի և մուգ կապույտ գույնի մանրաթելերի հետ:
- Տիգրան Խանդիլյանի անդրավարտիքի արտաքին մակերեսի վրա հայտնաբերված բնական բամբակյա սև գույնի, կապույտ գույնի, մուգ կապույտ գույնի մանրաթելերն ունեն ընդհանուր սեռային պատկանելիություն Արմեն Աղաբաբյանի հագուստներից կարճաթև մայկայի գործվածի կազմի մեջ մտնող բնական բամբակյա սև գույնի մանրաթելերի և ջինսե անդրավարտիքի գործվածի կազմի մեջ մտնող բնական բամբակյա կապույտ գույնի և մուգ կապույտ գույնի մանրաթելերի հետ:
(...) Փորձաքննությանը ներկայացված`
- Արմեն Աղաբաբյանի կարճաթև մայկայի արտաքին մակերեսի վրա հայտնաբերված բնական բամբակյա սև գույնի, կապույտ գույնի, մուգ կապույտ գույնի մանրաթելերն ունեն ընդհանուր սեռային պատկանելիություն Վահե Խանդիլյանի հագուստներից կարճաթև մայկայի գործվածքի կազմի մեջ մտնող բնական բամբակյա անգույն, մոխրագույն և քիմիական հարթ անգույն /24 մկմ/ մանրաթելերն ունեն ընդհանուր սեռային պատկանելիություն մանրաթելերի և Տիգրան Խանդիլյանի հագուստներից կարճաթև մայկայի գործվածքի կազմի մեջ մտնող բնական բամբակյա անգույն, բաց շագանակագույն և քիմիական հարթ անգույն /24 մկմ/ մանրաթելերի հետ:
- Արմեն Աղաբաբյանի ջինսե անդրավարտիքի արտաքին մակերեսի վրա հայտնաբերված բնական բամբակյա անգույն, մոխրագույն, բաց շագանակագույն և քիմիական հարթ անգույն /24 մկմ/, սև /24 մկմ/ մանրաթելերն ունեն ընդհանուր սեռային պատկանելիություն Վահե Խանդիլյանի հագուստներից կարճաթև մայկայի գործվածքի կազմի մեջ մտնող բնական բամբակյա անգույն, մոխրագույն, քիմիական հարթ անգույն /24 մկմ/ մանրաթելերի, սպորտային անդրավարտիքի գործվածքի կազմի մեջ մտնող բնական բամբակյա անգույն, մոխրագույն, բաց շագանակագույն և քիմիական հարթ անգույն /24 մկմ/, սև /24 մկմ/ մանրաթելերի և Տիգրան Խանդիլյանի հագուստներից կարճաթև մայկայի գործվածքի կազմի մեջ մտնող բնական բամբակյա անգույն, մոխրագույն և քիմիական հարթ անգույն /24 մկմ/ մանրաթելերի, անդրավարտիքի գործվածքի կազմի մեջ մտնող բնական բամբակյա անգույն, բաց շագանակագույն և քիմիական հարթ անգույն /24 մկմ/ մանրաթելերի հետ: (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 83-87):
8. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) Դատարանը հանգում է այն հետևության, որ ապացույցների բավարար համակցությամբ և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով ընդամենը հիմնավորված է այն, որ ամբաստանյալը գտնվել է դեպքի վայրում, առնչություն և շփում է ունեցել գործով տուժողների ու նրանց նկատմամբ բռնություն գործադրած անձանց հետ և, որ վերջիններիս հետ նույն ավտոմեքենայով է հեռացել դեպքի վայրից: Դրա հետ մեկտեղ, Դատարանն արձանագրում է, որ այդ հանգամանքների համակցությունը բավարար չէ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալի մեղքն ապացուցված ճանաչելու համար, քանի որ նրան մեղսագրված արարքի կատարման շարժառիթի, դիտավորության և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող նրա կոնկրետ գործողությունների վերաբերյալ գործով բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել, ապացույցների բավարար համակցությամբ և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխանող փաստական տվյալներով չեն հիմնավորվել նաև մեղադրանքի փաստական կողմի նկարագրության մեջ տեղ գտած փաստարկներն (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթեր 76-77):
9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ եզրահանգման, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը չի բովանդակում հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալներ:
Մասնավորապես` Ա. Աղաբաբյանին առաջադրված մեղադրանքը չի բովանդակում որևէ փաստական տվյալ այն մասին, թե նա խուլիգանական մղումներով բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքների ուղեկցությամբ հարձակվել է այդ պահին Գրիգոր Հովակիմյանի հարվածից գետնին ընկած Տիգրան Խանդիլյանի վրա ու ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրա դեմքին (...): Հարձակվել է այդ պահին հորն օգնության շտապած, Գրիգոր Հովակիմյանի հարվածից գետնին տապալված Վահե Խանդիլյանի վրա և մոտ 3 րոպե շարունակ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրա դեմքին, ձեռքերին և ոտքերին (...):
(...)
Վերաքննիչ դատարանը փաստում է հետևյալը.
1. ամբաստանյալը գտնվել է դեպքի վայրում,
2. առնչություն և շփում է ունեցել գործով տուժողների ու նրանց նկատմամբ բռնություն գործադրած անձանց հետ,
3. վերջիններիս հետ նույն ավտոմեքենայով է հեռացել դեպքի վայրից:
Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ այդ հանգամանքների համակցությունը բավարար չէ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալի մեղքն ապացուցված ճանաչելու համար, քանի որ նրան մեղսագրված արարքի կատարման շարժառիթի, դիտավորության սուբյեկտիվ կողմը և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող նրա կոնկրետ գործողությունների վերաբերյալ գործով բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 131-132):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
10. Բողոք բերած անձը փաստել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` նյութական և դատավարական նորմերի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:
Ի հիմնավորումն վերոգրյալի` բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը վկաների և տուժողների նախաքննական և դատաքննական ցուցմունքները պատշաճ իրավական վերլուծության ու գնահատման չի ենթարկել: Մինչդեռ դատաքննությանն ընթացքում հետազոտված ապացույցներից բխում է, որ դեպքի նախորդ օրվա գիշերը տեղի ունեցած խոսակցությանն այլ անձանց հետ մասնակցել է նաև Ա.Աղաբաբյանը, իսկ դեպքի օրը հենց նա է առաջինը մոտեցել և զրույցի բռնվել Տ.Խանդիլյանի հետ, ինչին անմիջապես հաջորդել են չորս անձանց մոտենալու և տուժողներին ծեծի ենթարկելու գործողությունները: Այդ մասին է վկայում նաև լուսանկարով անձին ճանաչման ներկայացնելու արձանագրությունները, ինչպես նաև վկա Ս.Հայրապետյանի ցուցմունքները:
Բողոքի հեղինակն ընդգծել է, որ թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում չի եղել որևէ մեկը, ով կվկայեր ծեծողներին բաժանող որևէ անձի մասին: Ավելին, դեպքին բոլոր ներկաները նշել են, որ այդպիսի անձ չի եղել:
Բացի այդ, վկաների և տուժողների ցուցմունքների համաձայն` տուժողներին ծեծի ենթարկած բոլոր անձինք նստել են նույն ավտոմեքենան ու դիմել փախուստի: Ինչ վերաբերում է ամբաստանյալի այն ցուցմունքներին, որ տուժողներին չի ծեծել և նրանց ընդհանրապես չի դիպչել, ապա դրանք հերքվում են դատահետքաբանական և միկրոմասնիկների փորձաքննության թիվ 07801402 եզրակացությամբ: Նման պայմաններում Առաջին ատյանի դատարանի դատողություններն Ա.Աղաբաբյանի անմեղության մասին միակողմանի են և չեն բխում գործով ձեռք բերված ու հետազոտված ապացույցներից:
i
11. Ինչ վերաբերում է Ա.Աղաբաբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատժին, ապա այն ակնհայտ մեղմ է և չի նպաստում պատժի նպատակների իրականացմանը:
Ըստ բողոք բերած անձի` Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել Ա.Աղաբաբյանին մեղսագրվող արարքի վտանգավորության աստիճանը և անձը բնութագրող տվյալները: Արարքի բարձր վտանգավորության մասին է վկայում հանցանքն ուղղակի դիտավորությամբ կատարելը, որի հետևանքով տուժողը զրկվել է իր եկամտի միակ աղբյուրը համարվող ցլիկներից: Թեև ստորադաս դատարանը որպես մեղմացնող հանգամանք է դիտել Ա. Աղաբաբյանի կողմից հափշտակված ցլիկների գումարի մի մասը վերադարձնելը, սակայն անտեսել է, որ այդ գումարը տուժողին վերադարձվել է միայն քրեական գործի հարուցումից ամիսներ անց: Բացի այդ, ստորադաս դատարանը հաշվի չի առել նաև այն, որ մինչ օրս Ա. Աղաբաբյանն ամբողջությամբ չի հատուցել տուժողին հասցված վնասը:
12. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և պատժի մասով` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով բեկանել Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի նոյեմբերի 26-ի և Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մայիսի 29-ի դատական ակտերը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
i
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանված են արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը կատարելու մեջ Ա.Աղաբաբյանի մասնակցությունն ապացուցված չլինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
i
14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն`
«Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ:
Քրեական դատավարությունում ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի: Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերեն ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տան` մինչև դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում»:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն`
«Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն`
«1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:
2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:
i
Մեջբերված նորմերը վերլուծության ենթարկելիս Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, ինչը` որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն մի կողմից պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Ընդ որում, թեև ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող կամայական լինել և պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից: Այլ կերպ` յուրաքանչյուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս (հանցագործության դեպքը և հանգամանքները, կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ և այլն) դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն, ինչն էլ իր հերթին պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով (տե՛ս, mutatis mutandis, Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 և Հմայակ Դավթյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0126/01/12 որոշումները):
i
15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն`
«1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:
(...)
3. Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե`
դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա.
այդ ապացույցները բավարար են մեղադրանքը գնահատելու համար.
դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները համապատասխանում են դատարանում հետազոտված ապացույցներին:
4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:
Դատական ակտերի պատճառաբանվածության օրենսդրական պահանջը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ` ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար:
(...) Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման (...)» (տե՛ս Ֆ.Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-20-րդ կետերը):
Վերահաստատելով Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Գ.Խնուսյանի գործով որոշման շրջանակներում արձանագրել է. «(...) Հաշվի առնելով արդարադատության իրականացման ընթացքում կայացված դատական ակտերի իրավական նշանակությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է: (...)» (տե՛ս Գ.Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 14-րդ կետը):
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Աղաբաբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել Գ.Հովակիմյանի և ինքնությունը չպարզված մի խումբ անձանց հետ, դեռևս նախորդ օրը գիշերային ժամին աղմկելու կապակցությամբ տուժողի կողմից արված օրինական դիտողության հիման վրա սկսված վիճաբանությունն օգտագործելով, հասարակական վայրում` փողոցի բանուկ հատվածում, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, այն է` բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքների ուղեկցությամբ տուժողներ Տ. Խանդիլյանի և նրա որդու` Վ. Խանդիլյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ապացույցների բավարար համակցությամբ ընդամենը հիմնավորվել է, որ ամբաստանյալը գտնվել է դեպքի վայրում, առնչություն և շփում է ունեցել գործով տուժողների ու նրանց նկատմամբ բռնություն գործադրած անձանց հետ և վերջիններիս հետ նույն ավտոմեքենայով հեռացել է դեպքի վայրից: Մինչդեռ գործով ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ մեղսագրված արարքի կատարման շարժառիթի, դիտավորության և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող կոնկրետ գործողությունների վերաբերյալ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
Վերաքննիչ դատարանը համաձայնել է Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշման հետ, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը չի բովանդակում հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալներ (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):
17. Նախորդ կետում մեջբերված փաստերից երևում է, որ ստորադաս դատարանները հաստատված են համարել այն, որ ամբաստանյալ Ա.Աղաբաբյանը գտնվել է դեպքի վայրում, առնչություն է ունեցել տուժողների և նրանց նկատմամբ բռնություն գործադրած մյուս անձանց հետ, այնուհետև վերջիններիս հետ հեռացել է դեպքի վայրից:
Գործում առկա փաստական տվյալներից հետևում է նաև, որ`
- տուժող Տ.Խանդիլյանի հետ առաջինը զրուցած անձը եղել է ամբաստանյալ Ա. Աղաբաբյանը (տե՛ս սույն որոշման 5.8-րդ, 6-6.1-րդ կետերը): Այնուհետև սև գույնի ավտոմեքենայից իջել են մոտավորապես 4-5 երիտասարդ, ովքեր հարձակվել են տուժողների վրա, հայհոյանքների ուղեկցությամբ սկսել են հարվածներ հասցնել վերջիններիս մարմնի տարբեր մասերին (տե՛ս սույն որոշման 5.1-5.8-րդ կետերը),
- առկա չեն տվյալներ այն մասին, որ նշված երիտասարդներից ինչ-որ մեկը փորձել է միջամտել և դադարեցնել ծեծկռտուքը: Ընդհակառակը, ըստ որոշ վկաների ցուցմունքների` որևէ մեկը չի մոտեցել, չի փորձել բաժանել ու դադարեցնել վիճաբանությունը (տե՛ս սույն որոշման 5.4-5.6-րդ կետերը),
- տուժողներին ծեծի ենթարկելուց հետո բոլոր երիտասարդները մեքենայով հեռացել են դեպքի վայրից (տե՛ս սույն որոշման 5.1-5.8-րդ կետերը),
- դատահետքաբանական և մանրաթելային փորձաքննության եզրակացության համաձայն` Վ. Խանդիլյանի կարճաթև մայկայի, սպորտային անդրավարտիքի վրա հայտնաբերած մանրաթելերն ունեն ընդհանուր սեռային պատկանելիություն Ա.Աղաբաբյանի հագուստներից կարճաթև մայկայի գործվածքի կազմի մեջ մտնող մանրաթելերի հետ, Տ.Խանդիլյանի կարճաթև մայկայի, անդրավարտիքի վրա հայտնաբերած մանրաթելերն ունեն ընդհանուր սեռային պատկանելիություն Ա. Աղաբաբյանի հագուստներից կարճաթև մայկայի և ջինսե անդրավարտիքի գործվածքի կազմի մեջ մտնող մանրաթելերի հետ:
Ա.Աղաբաբյանի կարճաթև մայկայի արտաքին մակերեսի վրա հայտնաբերված մանրաթելերն ունեն ընդհանուր սեռային պատկանելիություն Վ.Խանդիլյանի հագուստներից կարճաթև մայկայի գործվածքի կազմի մեջ մտնող մանրաթելերի և Տ.Խանդիլյանի հագուստներից կարճաթև մայկայի գործվածի կազմի մեջ մտնող մանրաթելերի հետ: Ա.Աղաբաբյանի ջինսե անդրավարտիքի արտաքին մակերեսի վրա հայտնաբերված մանրաթելերն ունեն ընդհանուր սեռային պատկանելիություն Վ.Խանդիլյանի հագուստներից կարճաթև մայկայի և սպորտային անդրավարտիքի գործվածքի կազմի մեջ մանրաթելերի, Տ.Խանդիլյանի հագուստներից կարճաթև մայկայի և անդրավարտիքի գործվածի կազմի մեջ մանրաթելերի հետ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
18. Սույն որոշման 16-17-րդ կետերում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 14-15-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, հաստատված համարելով, որ ամբաստանյալ Ա.Աղաբաբյանը գտնվել է դեպքի վայրում, առնչություն և շփում է ունեցել գործով տուժողների ու նրանց նկատմամբ բռնություն գործադրած անձանց հետ և վերջիններիս հետ նույն ավտոմեքենայով հեռացել է դեպքի վայրից, պատշաճ վերլուծության և գնահատման չեն ենթարկել գործում առկա ապացույցները:
Մասնավորապես, ստորադաս դատարանները որևէ գնահատականի չեն արժանացրել վկաների և տուժողների ցուցմունքներն առ այն, որ 4-5 երիտասարդ, որոնց թվում եղել է նաև Ա.Աղաբաբյանը, հարձակվել են տուժողների վրա, բոլորը հայհոյանքների ուղեկցությամբ հարվածներ են հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին, նշված անձանցից որևէ մեկը չի փորձել բաժանել ու դադարեցնել վիճաբանությունը, տուժողներին ծեծի ենթարկելուց հետո բոլորը մեքենայով հեռացել են դեպքի վայրից: Վերոնշյալ փաստական տվյալներով, ինչպես նաև դատահետքաբանական և մանրաթելային փորձաքննության եզրակացությամբ հերքվում են նաև ամբաստանյալ Ա. Աղաբաբյանի այն ցուցմունքները, որ վերջինս Տ.Խանդիլյանին նկատել է, երբ նա ընկած է եղել գետնին, իսկ ինքը կռվին միջամտել է միայն դադարեցնելու նպատակով (տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը):
i
19. Վերոգրյալի պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել սույն գործի փաստական հանգամանքները, անտեսել են Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքը, ինչի արդյունքում կայացրել են անհիմն և չպատճառաբանված դատական ակտեր:
Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը կատարելու մեջ Ա.Աղաբաբյանի մասնակցությունն ապացուցված չլինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն:
i
20. Ամփոփելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները խախտել են ապացույցները գնահատելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 126-րդ, 127-րդ հոդվածների պահանջները, կայացրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտեր, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն քրեադատավարական օրենքի էական խախտում է:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Արդարացման դատավճիռը (...) չի կարող բեկանվել քրեադատավարական օրենքի էական խախտման շարժառիթով, եթե արդարացվածի անմեղությունը կասկած չի հարուցում»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա փաստական հանգամանքների պայմաններում ստորադաս դատարանների կողմից թույլ տրված քրեադատավարական իրավունքի էական խախտումները կասկածի տակ են առնում ամբաստանյալ Ա.Աղաբաբյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու համար առաջադրված մեղադրանքում, ուստի հիմք են տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա բեկանելու ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկելու Առաջին ատյանի դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը, վերացնելով արձանագրված խախտումները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, պետք է հանգի համապատասխան հետևության:
i
21. Անդրադառնալով Ա.Աղաբաբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատիժն անարդարացի` ակնհայտ մեղմ լինելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին` Վճռաբեկ դատարանը փաստում է հետևյալը.
Գ.Մադաթյանի գործով կայացված որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորվել այն մասին, որ «(...) Այլընտրանքային սանկցիաների միջև ընտրություն կատարելիս պատժի արդարացիության սկզբունքի ապահովման հիմնական երաշխիքը դատարանների կողմից յուրաքանչյուր գործի քննության ժամանակ այնպիսի հանգամանքների բացահայտումն է, որոնք ազդել են անձի կողմից կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի վրա:
(...) Արարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ:
Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը (...)» (տե՛ս Գարուշ Նորիկի Մադաթյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշման 13-14-րդ կետերը):
i
Ա.Սարգսյանի և Գ.Պետրոսյանի գործերով որոշումներում իրավական դիրքորոշում է ձևավորվել այն մասին, որ. «(...) Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի նվազեցման համար էական նշանակություն ունի պատճառված նյութական վնասն ամբողջությամբ վերականգնված լինելու հանգամանքը» (տե՛ս Ալեքսան Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի հունիսի 2-ի թիվ ՀՅՔՐԴ/0109/01/08 որոշման 31-րդ կետը, Գրիգոր Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԿԴ/0126/01/10 որոշման 22-րդ կետը):
Հիմք ընդունելով սույն որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Առաջին ատյանի դատարանը գործի նոր քննության ընթացքում պետք է քննարկման առարկա դարձնի սույն որոշման 11-րդ կետում մեջբերված վճռաբեկ բողոքում բարձրացված հարցերը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 420-րդ, 422-423-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արմեն Վլադիմիրի Աղաբաբյանի վերաբերյալ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մայիսի 29-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի նոյեմբերի 26-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Ամբաստանյալ Արմեն Վլադիմիրի Աղաբաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Ավետիսյան |
Դատավորներ` |
Ս. Օհանյան |
|
Ե. Դանիելյան |
|
Հ. Ասատրյան |
|
Լ. Թադևոսյան |
|
Ա. Պողոսյան |