(ուժը կորցրել է 11.03.08 թիվ 71-Ն որոշում)
i
050.0250.031104
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«03» 11 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05004294
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
12 հոկտեմբերի 2004 թվականի N 250-Ն
i
ԲԱՆԿԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի (իբ) ենթակետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» կարգը` համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ներքին հսկողության կազմակերպման ուղեցույցի մասին» թիվ 52 արձանագրային որոշումը:
3. Սույն որոշումը ուժի մեջ է 2005 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ
Հավելված 1
ԲԱՆԿԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Սույն որոշմամբ սահմանվում են բանկերում ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները, արդյունավետ և անկախ ներքին հսկողություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանմանը (այսուհետև` ներքին աուդիտ) ներկայացվող նվազագույն պահանջները, որոնք նպատակ ունեն խթանել բանկերին` իրականացնելու ներքին հսկողության համակարգի շարունակական կատարելագործումը` միջավայրի փոփոխություններին համապատասխան:
ԳԼՈՒԽ I. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Ներքին հսկողության հիմնական նպատակներն են`
ա. գործառնական նպատակ` բանկային գործունեությանը բնորոշ ռիսկերի բացահայտում և կառավարում, բանկի աշխատանքների արդյունավետ կազմակերպում և անձնակազմի արդյունավետ կառավարում,
բ. տեղեկատվական նպատակ` որոշում կայացնելու համար անհրաժեշտ հաշվապահական, ֆինանսական և այլ հաշվետվությունների հուսալիություն, ամբողջականություն և ժամանակին տրամադրում, բանկի ներսում տեղեկատվության անհրաժեշտ հոսքերի ապահովում,
գ. համապատասխանության նպատակ` բանկի գործունեության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի, բանկի կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված ներքին քաղաքականությունների և կարգերի (կանոնակարգերի, ընթացակարգերի, հրահանգների, ուղեցույցների) պահանջներին:
2. Ներքին հսկողության համակարգը ներառում է բանկի կազմակերպական կառուցվածքը, գործընթացներն ու միջոցառումները, որոնք կոչված են պահպանելու բանկի ակտիվները, ապահովելու հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը, բարձրացնելու իրականացվող գործառնությունների արդյունավետությունը, ապահովելու բանկի գործունեության համապատասխանությունը գործող օրենսդրությանը, այլ իրավական ակտերին և բանկի կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված ներքին ակտերին:
3. Ներքին հսկողության համակարգը պետք է համարժեք լինի բանկի կողմից իրականացվող գործառնությունների ծավալներին և ռիսկայնությանը:
4. Ներքին հսկողությունը պետք է կազմի բանկի գործառնական համակարգերի անբաժանելի մասը:
i
5. Բանկի խորհուրդը և գործադիր մարմինը պատասխանատու են բանկում պատշաճ ներքին հսկողության համակարգի ձևավորման և դրա արդյունավետության շարունակական մոնիտորինգի իրականացման համար: Ներքին հսկողությունն իրականացվում է ոչ միայն բանկի ղեկավարների և ներքին աուդիտի ստորաբաժանման, այլ նաև բանկի բոլոր աշխատակիցների կողմից` իրենց պարտականությունների շրջանակներում:
(5-րդ կետը փոփ. 29.08.06 թիվ 499-Ն որոշում)
ԳԼՈՒԽ II. |
ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ |
Պայման 1
6. Բանկերը պետք է ունենան ներքին հսկողության արդյունավետ համակարգ` իրենց գործունեության բնույթին, հաշվեկշռային և հետհաշվեկշռային գործառնություններին հատուկ ռիսկերին համապատասխան, և, որը պետք է վերանայվի միջավայրի փոփոխություններին զուգընթաց:
7. Միջավայրի փոփոխություններ են.
. փոփոխված գործառնական միջավայրը,
. նոր անձնակազմը,
. նոր կամ վերափոխված տեղեկատվական համակարգերը,
. նոր տեխնոլոգիաները,
. նոր ծառայությունները, գործունեության տեսակները,
. բանկի վերակազմավորումը, միացումը և ձեռքբերումները,
. միջազգային գործառնությունների ընդլայնումը (ներառելով տնտեսական և կարգավորման միջավայրերում փոփոխությունները):
Պայման 2
i
8. Բանկի խորհուրդը պատասխանատու է բանկի բնականոն և արդյունավետ գործունեության, բանկի ակտիվների պահպանության, բանկի մասնակիցներին, Կենտրոնական բանկին և հասարակությանը ճշգրիտ ու արժանահավատ տեղեկատվություն ներկայացնելու, ինչպես նաև բանկի գործադիր մարմնի վերահսկման համար: Բանկի խորհուրդը պատասխանատու է բանկում ներքին հսկողության համակարգի ներդրման և դրա արդյունավետության ապահովման համար:
(8-րդ կետը փոփ. 29.08.06 թիվ 499-Ն որոշում)
9. Ներքին հսկողության իրականացման առումով` բանկի խորհուրդը.
i
ա. հաստատում է բանկի հեռանկարային զարգացման ծրագիրը,
բ. հաստատում է բանկի ներքին վարչակազմակերպական կառուցվածքը, բանկի տարածքային և ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները, իրականացնում է ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների միջև պարտականությունների բաշխում,
գ. ընդունում է բանկի կողմից «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ֆինանսական գործառնությունների իրականացման կարգը սահմանող ներքին իրավական ակտերը, ինչպես նաև բանկի հաշվապահական հաշվառման քաղաքականությունը, հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու սկզբունքները, հիմունքները, եղանակները, կանոնները և ձևերը սահմանող ներքին կարգերը,
դ. ընդունում (հաստատում) է բանկի գործունեությանը հատուկ/բնորոշ ռիսկերի տեսակները և պարբերաբար (առնվազն տարին մեկ անգամ) վերանայում է այդ ցանկը,
ե. ընդունում է բանկի գործունեությանը հատուկ/բնորոշ ռիսկերի բացահայտման, չափման, մոնիտորինգի և կառավարման կարգը սահմանող ներքին իրավական ակտերը, այդ թվում` հիմնական ռիսկերի ընդունելի սահմանները (օրինակ` մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը), պարբերաբար վերանայում է ռիսկերի ընդունված սահմանաչափերը,
զ. պարբերաբար (առնվազն տարին մեկ անգամ) անդրադառնում է բանկի ռազմավարությանը, բանկի գործունեությունը կանոնակարգող ներքին ակտերին և, անհրաժեշտության դեպքում, վերանայում դրանք,
է. սահմանում է բանկում ներքին հսկողության ստանդարտները և հսկում է, որպեսզի բանկում իրականացվի ներքին հսկողության համակարգի արդյունավետության մոնիտորինգ,
ը. նշանակում է բանկի գործադիր մարմնի անդամներին, հաստատում է գործադիր մարմնի անդամների վարձատրության պայմանները, կարող է վաղաժամկետ դադարեցնել նրանց լիազորությունները,
թ. հսկում է, որպեսզի բանկի գործադիր մարմինը իրականացնի ռիսկերի պատշաճ բացահայտում, գնահատում, մոնիտորինգ և կառավարում,
ժ. հսկում է, թե ինչքանով է բանկի գործադիր մարմինը հետևում ներքին և արտաքին աուդիտի, ինչպես նաև Կենտրոնական բանկի վերահսկողների կողմից ներքին հսկողության համակարգի բարելավման վերաբերյալ տրված առաջարկություններին և դիտողություններին, ինչպես է իրականացնում ներքին հսկողության համակարգի թերությունների շտկմանն ուղղված միջոցառումները,
ժա. սահմանում է բանկի գործադիր մարմնի աշխատանքի գնահատման սկզբունքները, պարբերաբար քննարկում է գործադիր ղեկավարների կողմից իրականացված առանցքային գործարքներն ու գործողությունները (բանկի տարբեր ստորաբաժանումներից և ներքին աուդիտից ստացված հաշվետվությունների հիման վրա),
ժբ. անհրաժեշտության դեպքում սահմանափակում է գործադիր ղեկավարների առավել կարևոր իրավասությունները (օրինակ` խոշոր վարկերի տրամադրում` բացառապես բանկի խորհրդի համաձայնությամբ),
ժգ. ձևավորում է բանկի ներքին աուդիտի ստորաբաժանումը, հաստատում է դրա տարեկան աշխատանքային ծրագիրը և ներքին աուդիտի վարձատրության պայմանները, կարող է վաղաժամկետ դադարեցնել ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատակիցների լիազորությունները,
ժդ. պարբերաբար ծանոթանում է բանկի գործադիր ղեկավարների, ներքին և արտաքին աուդիտների կողմից բանկի ներքին հսկողությանը տրված գնահատականներին,
ժե. անհրաժեշտության դեպքում նախաձեռնում է բանկում իրականացված աուդիտորական կամ այլ ստուգումների արդյունքում բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումներն ու վերահսկում է դրանց իրականացումը,
ժզ. վերահսկում է բանկի ներքին հսկողության գործընթացների իրականացման ծախսերը և իրականացվող միջոցառումների (ներքին հսկողության ապահովման գծով) արդյունավետությունը,
ժէ. սահմանում է բանկի գործադիր տնօրենի (տնօրինության), գլխավոր հաշվապահի և ներքին աուդիտի կողմից իրենց գործունեության վերաբերյալ խորհրդին ներկայացվող հաշվետվությունների ներկայացման կարգը, պարբերականությունը:
(9-րդ կետը փոփ. 29.08.06 թիվ 499-Ն որոշում)
Պայման 3
10. Ներքին հսկողության իրականացման առումով` բանկի գործադիր մարմինը.
i
ա. ապահովում է բանկի խորհրդի կողմից հաստատված հեռանկարային զարգացման ծրագրի և ներքին իրավական ակտերի կատարումը,
բ. ըստ բանկի կազմակերպական կառուցվածքի` իրականացնում է իրավասությունների և պարտականությունների բաշխումը աշխատակիցների միջև` հստակ սահմանելով հաշվետվական հարաբերությունները,
գ. անհրաժեշտության դեպքում առաջարկություններ է ներկայացնում կազմակերպական կառուցվածքը կատարելագործելու վերաբերյալ, մասնավորապես` տեղեկատվության և հաղորդակցման ճկունությունը ապահովելու առումով,
դ. վերահսկում է միջին և ստորին օղակների ղեկավարների գործունեությունը,
ե. պահանջում է ստորաբաժանումների ղեկավարներից վերահսկել իրենց աշխատակիցների աշխատանքային պարտականությունների կատարման արդյունավետությունը,
զ. պարբերաբար իրականացնում է բանկի անձնակազմի վերապատրաստումը,
է. անհրաժեշտության դեպքում առաջարկություններ է ներկայացնում ներքին հսկողության համակարգի համարժեքության և մոնիտորինգի արդյունավետության վերաբերյալ,
ը. խորհրդի հաստատմանն է ներկայացնում բանկի խորհրդի կողմից հաստատվող ներքին իրավական ակտերը:
(10-րդ կետը փոփ. 29.08.06 թիվ 499-Ն որոշում)
i
10.1. Բանկի գործունեությունը կանոնակարգող ներքին ընթացակարգերի (կանոնակարգերի) մշակումը պետք է ներառի հետևյալ քայլերը.
ա. կանոնակարգվող գործընթացի մանրամասն նկարագրություն,
բ. այդ գործընթացի յուրաքանչյուր քայլի իրականացման հետ առնչվող հնարավոր ռիսկերի ու բացասական իրադարձությունների նույնականացում,
գ. այդ ռիսկերի ու բացասական իրադարձությունների ի հայտ գալու հավանականության և բանկի գործունեության վրա հնարավոր ազդեցության որոշում,
դ. ռիսկերը կառավարելու, կանխարգելելու և նվազեցնելու նպատակով ներքին հսկողության մեխանիզմների սահմանում:
(10.1-րդ կետը լրաց. 29.08.06 թիվ 499-Ն որոշում)
10.2. Ներքին ընթացակարգերը (կանոնակարգերը) պետք է ներառեն`
ա. նկարագրվող գործընթացի իրականացման քայլերի հերթականությունը,
բ. այդ քայլերի իրականացմանն առնչվող ռիսկերի կանխարգելմանը կամ նվազեցմանն ուղղված ներքին հսկողության մեխանիզմները,
գ. գործընթացի անխափան և արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովման եղանակները և այդ տեղեկատվության հոսքերը,
դ. գործընթացի վերջնական արդյունքը` փաստաթղթի, գործարքի, տեղեկատվության կամ այլ տեսքով,
ե. գործընթացի իրականացման ժամկետները` ըստ քայլերի,
զ. գործընթացի մեջ ներգրավված աշխատակիցների պատշաճ սահմանված և տարանջատված պարտականություններն ու լիազորությունները,
է. փաստաթուղթ կամ գործարք վավերացնելու (ստորագրելու) իրավունք ունեցող աշխատակիցների պաշտոնները,
ը. անհրաժեշտության դեպքում` փաստաթղթի պահպանման (արխիվացման) ձևը,
թ. գործընթացի կապը բանկի կողմից իրականացվող այլ գործառույթների հետ,
ժ. անհրաժեշտ հղումներ գործընթացը կանոնակարգող օրենքներին, այլ իրավական ակտերին կամ այլ ներքին ակտերին,
ժա. այլ անհրաժեշտ դրույթներ:
(10.2-րդ կետը լրաց. 29.08.06 թիվ 499-Ն որոշում)
Պայման 4
i
11. Ներքին հսկողության իրականացման առումով` բանկի կազմակերպական կառուցվածքը և աշխատաոճը պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.
ա. պետք է լինի բանկի խորհրդի կողմից հաստատված` բանկի կազմակերպական կառուցվածքի մանրամասն նկարագիրը,
բ. բանկը պետք է ունենա իր բիզնես գործընթացների նկարագիրը, որը կներառի բանկի կողմից իրականացվող բոլոր առևտրային գործառնությունների և կառավարչական ընթացակարգերի մանրամասն նկարագիրը` սխեմատիկ և տեքստային ձևով,
գ. պարտականությունները պետք է պատշաճ տարանջատված լինեն ինչպես աշխատակիցների, այնպես էլ ստորաբաժանումների միջև,
դ. բանկի խորհուրդը պետք է հստակ սահմանի ռիսկերի կառավարման ոլորտի համար պատասխանատու անձանց,
ե. պարտականությունների տարանջատման ընթացքում պետք է բացահայտվեն և վերահսկվեն շահերի բախման հնարավոր ոլորտները,
զ. գործարքի իրականացումը և հաշվառումը սկզբից մինչև վերջ չպետք է դրված լինի միայն մեկ անձի կամ փոխկապակցված անձանց վրա,
է. բանկի ստորաբաժանումների ղեկավարները պետք է աշխատակիցներին տեղեկացնեն աշխատանքային պարտականությունների իրականացման հետ առնչվող ռիսկերի մասին, ինչպես նաև հստակ ներկայացնեն նրանց դերը բանկի ներքին հսկողության համակարգի մեջ, աշխատանքի վայրում և դրանից դուրս աշխատակիցների վարքագծին ներկայացվող պահանջները, չարաշահումների նկատմամբ բանկի ղեկավարության դիրքորոշումը,
ը. բանկը պարտավոր է ունենալ իր կառավարման մարմինների կողմից հաստատված` արտակարգ իրավիճակներում (օրինակ` համակարգչային ցանցի խափանում, հրդեհ, այլ) գործունեության իրականացման ծրագրեր: Այս ծրագրերը պետք է առնվազն ներառեն բանկում գործող առանցքային նշանակություն ունեցող համակարգերի աշխատանքի նկարագրությունը արտակարգ իրավիճակի դեպքում և համակարգերի աշխատանքի անընդհատության ապահովման արարողակարգերի նկարագրությունը: Արտակարգ իրավիճակներում գործունեության իրականացման ծրագրերը պետք է պարբերաբար (առնվազն տարին մեկ անգամ) թեսթավորվեն` որոշելու համար դրանց արդյունավետությունը և անհրաժեշտության դեպքում վերանայվեն,
թ. բանկի կողմից ստորագրված յուրաքանչյուր պայմանագիր և/կամ պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին որոշումը պետք է ուսումնասիրվի բանկի իրավաբանների կամ իրավական խորհրդատուների կողմից,
ժ. բանկի խորհուրդը, ինչպես նաև գործադիր մարմինը պատասխանատու են բանկում էթիկական նորմերի, ինչպես նաև մասնագիտական վարքագծի կանոնների ձևավորման և ներդրման համար:
(11-րդ կետը փոփ. 29.08.06 թիվ 499-Ն որոշում)
Պայման 5
12. Արդյունավետ ներքին հսկողության համակարգը ենթադրում է ունենալ բանկի խորհրդի կողմից հաստատված` անձնակազմի կառավարման քաղաքականություն (կադրային քաղաքականություն), որը պետք է առնվազն սահմանի.
ա. ծառայողներին աշխատանքի ընդունելու կարգը,
բ. աշխատակիցների վերապատրաստման խնդիրները,
գ. աշխատակիցների վարձատրության և պարգևատրման հարցերը,
դ. աշխատակիցների պաշտոնների բարձրացման կամ ղեկավար պաշտոնի նշանակելու գործընթացը,
ե. արձակուրդային քաղաքականությունը,
զ. յուրաքանչյուր աշխատակցի հետ` նրա կատարած աշխատանքների քննարկման և գնահատման գործընթացը,
է. բանկի ղեկավարների (ղեկավար են համարվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի հոդված 22-ի առաջին կետով սահմանված անձինք) հետ փոխկապակցված, ֆինանսաբանկային համակարգում աշխատած կամ աշխատող անձանց վերաբերյալ տեղեկատվության (անունը, փոխկապակցվածության ձևը, աշխատավայրը, պաշտոնը) ներկայացման պահանջը:
Պայման 6
13. Բանկում պետք է տեղեկատվություն պահվի բանկի հետ կապված անձանց մասին, որը առնվազն պետք է ներառի` անձի անվանումը կամ անունը, գտնվելու կամ բնակության վայրը, գործունեության տեսակը, փոխկապվածության ձևը, բանկի հետ հարաբերությունների բնույթը, բանկից (իսկ հնարավորության դեպքում` նաև այլ բանկերից) ստացված բոլոր տեսակի փոխառությունները և կատարված ներդրումները, գրավը, պայմանական և այլ պարտավորությունները, ավանդները, բանկին տրված փոխառությունները:
i
14. Բանկը պետք է ստանա և ուսումնասիրի իր դուստր կազմակերպություններում ներքին և/կամ արտաքին աուդիտի կողմից կատարված ստուգումների հաշվետվությունների պատճենները:
Բանկը պետք է պարբերաբար ստանա, ուսումնասիրի և Կենտրոնական բանկ ներկայացնի բանկում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձանց, ինչպես նաև բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց ֆինանսական հաշվետվությունները, ղեկավարների և նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին տեղեկությունները:
(14-րդ կետը փոփ. 29.08.06 թիվ 499-Ն որոշում)
Պայման 7
15. Արդյունավետ ներքին հսկողության համակարգը պահանջում է հուսալի տեղեկատվական համակարգերի առկայություն: Տեղեկատվությունը պետք է լինի արժանահավատ և ամբողջական: Ներբանկային տեղեկատվական հոսքերը և փաստաթղթաշրջանառության համակարգը պետք է օգտագործվեն կառավարման բոլոր մակարդակներում բանկային տարբեր գործառույթների իրականացման և մոնիտորինգ իրականացնելու համար` ներառյալ ռիսկերի կառավարումը:
16. Բանկի ներքին ակտերով պետք է սահմանված լինեն այս կամ այն որոշումը ընդունելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը (հաշվետվություն, տեղեկանք, այլ), այդ տեղեկատվության տրամադրման ձևը և պարբերականությունը:
17. Հաշվետվական փաստաթղթերում արտացոլված տեղեկատվության ճշտությունը պետք է հաստատվի, իսկ հնարավորության դեպքում` նաև ստուգվի հաշվետվություն տրամադրող ստորաբաժանման ղեկավարի կողմից:
18. Բանկը պետք է ապահովի տեղեկատվության պահպանման և մշակման էլեկտրոնային համակարգերի անվտանգությունը և աշխատանքի անընդհատությունը:
Պայման 8
19. Անհրաժեշտ է ապահովել ներքին հսկողության համակարգի մոնիտորինգը և կատարել թերությունների կամ բացթողումների ուղղում (ճշգրտում): Ներքին աուդիտի խնդիրներն են բանկի ներքին հսկողության համակարգի պարբերական և անկախ գնահատումը և արդյունավետության բարձրացումը:
i
20. Ներքին աուդիտը ներքին հսկողության համակարգի թերությունների մասին պետք է ժամանակին տեղեկացնի բանկի խորհրդին և գործադիր մարմնին, կամ էլ համապատասխան ստորաբաժանման ղեկավարին` կախված թերությունների կարևորությունից և բանկի գործունեության վրա հնարավոր ազդեցության աստիճանից:
(20-րդ կետը փոփ. 29.08.06 թիվ 499-Ն որոշում)
i
21. Բանկի ներքին աուդիտի անկախությունը և անաչառությունը ապահովելու համար պետք է բավարարվեն ստորև ներկայացված պահանջները.
ա. բանկի ներքին աուդիտի ղեկավարի և աշխատակիցների նշանակման կամ պաշտոնից ազատման իրավասությունը պատկանում է բանկի խորհրդին,
բ. բանկի ներքին աուդիտը անկախ է բանկի այլ ստորաբաժանումներից, ներքին աուդիտի կողմից վերստուգվող ստորաբաժանումների ղեկավարները չեն կարող ազդել վերստուգումների շրջանակների և խորության վրա,
գ. բանկի գործադիր մարմինը չպետք է սահմանափակի բանկի ներքին աուդիտի ծրագրով հաստատված վերստուգումների շրջանակները և խորությունը,
դ. բանկի աուդիտորներին պաշտոնի նշանակելիս պետք է բացառել ներքին աուդիտորների և այլ ստորաբաժանումների աշխատակիցների փոխկապակցվածությունը, ինչպես նաև ներքին աուդիտի աշխատակիցների վրա որևէ ճնշման գործադրումը,
ե. բանկի ներքին աուդիտին պետք է հասանելի լինեն բոլոր հաշվապահական և այլ փաստաթղթերը (օրինակ` վարկային գործեր, աշխատանքային փաստաթղթեր, պայմանագրեր և այլն), աուդիտորները պետք է իրավունք ունենան ստուգել ակտիվների, հետհաշվեկշռային հոդվածների (օրինակ` գրավի) փաստացի առկայությունը և վիճակը, պարզաբանումներ պահանջել վերստուգվող ստորաբաժանումների ցանկացած աշխատակցից:
(21-րդ կետը փոփ. 29.08.06 թիվ 499-Ն որոշում)
22. Ներքին աուդիտի աշխատակիցները պետք է ունենան իրենց կողմից իրականացվող աշխատանքների և ֆունկցիոնալ պարտականությունների բնույթին համապատասխան բարձրագույն կրթություն և տիրապետեն անհրաժեշտ որակական և մասնագիտական հմտությունների:
23. Բանկի ներքին աուդիտի խումբը պետք է ապահովված լինի բավարար ֆինանսավորմամբ և տեխնիկական հագեցվածությամբ` աշխատանքները պատշաճ կատարելու համար:
Պայման 9
24. Ներքին հսկողության համակարգի գործունեության արդյունավետությունը ենթադրում է բանկի գործունեության հետ կապված ռիսկերի ժամանակին բացահայտում, գնահատում և շարունակական կառավարում: Դրանք պետք է ներառեն նաև բանկի հետ համախմբման ենթակա կազմակերպությունների ռիսկերը: Ներքին հսկողության մեխանիզմները անհրաժեշտ է վերանայել նոր կամ նախկինում հսկողությունից դուրս մնացած ռիսկերի հայտնաբերման դեպքում:
25. Ռիսկերի բացահայտման, կանխարգելման և նվազեցման ներքին հսկողության ձևերն են.
ա. բանկի գործունեության պարբերական ուսումնասիրությունը և գնահատումը բանկի ղեկավարության (խորհուրդ, գործադիր մարմին) կողմից,
բ. բանկի ակտիվների և առավել կարևոր փաստաթղթերի (օրինակ` վարկային պայմանագիր) ֆիզիկական պաշտպանվածությունը,
գ. սահմանաչափերի սահմանումը և պահպանումը (օրինակ` մեկ փոխառուի ռիսկ),
դ. որոշումների և գործարքների հաստատումը և (կամ) թույլատրումը (համապատասխան մակարդակների ղեկավարների կողմից),
ե. միջոցների կամ հաշվեգրումների համատեղ պահպանումը (երբ որոշակի գործընթացների համար հավասարապես հաշվետու են երկու կամ ավելի անձինք. օրինակ` երկու բանալիներից կամ գաղտնաբառերից յուրաքանչյուրը, որոնք պետք է օգտագործվեն գանձարան, արխիվ կամ այլ պահուստարան մուտքի իրավունք ստանալու համար, վստահվում են առանձին անհատների),
զ. կրկնակի ստուգումը,
է. տվյալների և հաշվեգրումների համադրումը,
ը. պարբերական գույքագրումը,
թ. բանկի հայեցողությամբ` հսկողության այլ գործիքները:
Պայման 10
i
26. Ներքին հսկողության իրականացման առումով` բանկի խորհուրդը հաստատում է դրամարկղային գործառնություններին վերաբերող ներքին ակտեր, որոնցում, այլ դրույթների հետ մեկտեղ, պետք է սահմանվեն.
ա. բանկի յուրաքանչյուր/ցանկացած գանձապահի տնօրինության տակ գտնվող կանխիկի առավելագույն սահմանաչափը,
բ. գանձապահների կողմից գործարքի ամբողջական/վերջնական հաշվառման իրականացումն արգելող դրույթներ,
գ. կանխիկ միջոցների գույքագրման պարբերականությունը,
դ. բանկի կառավարման մարմիններին բանկի դրամարկղային գործառնությունների վերաբերյալ ներկայացվող հաշվետվությունների ձևերը և ներկայացման պարբերականությունը, հաշվետվություններ ներկայացնող ստորաբաժանումը:
(26-րդ կետը փոփ. 29.08.06 թիվ 499-Ն որոշում)
27. Ներքին հսկողության իրականացման առումով` բանկի խորհուրդը հաստատում է բանկի աշխատակիցներին առհաշիվ գումարների տրամադրմանը վերաբերող ներքին ակտեր:
Պայման 11
i
28. Ներքին հսկողության իրականացման առումով` բանկի խորհուրդը հաստատում է բանկի ներդրումային քաղաքականությունը, որում, այլ դրույթների հետ մեկտեղ, պետք է սահմանի.
ա. ներդրումային գործունեության նպատակները,
բ. ներդրումային պորտֆելի (և առանձին խումբ ներդրումային գործիքների) նպատակային (բենչմարք) կառուցվածքը, եկամտաբերությունը և ժամկետայնությունը,
գ. ներդրումային սահմանափակումներ` ըստ արժեթղթերի վարկանիշների և/կամ արժեթուղթ թողարկողների վարկանիշների (ֆինանսական վիճակի և/կամ պարտքի փոխհատուցման ունակության),
դ. թույլատրելի կենտրոնացումների սահմանաչափերը` ըստ ներդրումային գործիքների, ըստ գործընկերների/ արժեթուղթ թողարկողների, ըստ տնտեսության ճյուղի, ըստ բանկի հետ կապված անձանց,
ե. ներդրումների բազմազանեցման (դիվերսիֆիկացիայի) սկզբունքները,
զ. բանկի թղթակցային հաշիվների բացման և փակման սկզբունքները,
է. ձեռք բերված արժեթղթի թողարկողի և թղթակից բանկերի վարկունակության ուսումնասիրության պահանջը,
ը. հնարավոր բացառությունների դեպքերը,
թ. ներդրումային կոմիտեի կազմը, պարտականությունները և լիազորությունները,
ժ. ներդրումների գնահատմանսկզբունքները և հաճախականությունը,
ժա. յուրաքանչյուր դիլերի (ներդրումային գործարքներ կնքելու իրավասություն ունեցող աշխատակցի) կողմից առանց համապատասխան ղեկավարի վավերացման կնքվող գործարքի (կամ գործարքների) թույլատրելի առավելագույն չափը/սահմանաչափերը,
ժբ. չաշխատող արժեթղթերի դասակարգման սկզբունքները,
ժգ. այլ բանկերում հաշիվների մնացորդների մոնիտորինգի և համադրման իրականացման համար պատասխանատու (անձանց) պաշտոնները, իրականացման պարբերականությունը,
ժդ. ածանցյալ գործառնությունների իրականացման որոշակի ռազմավարություն,
ժե. բանկի խորհրդին և գործադիր մարմնին բանկի ներդրումային գործունեության վերաբերյալ ներկայացվող հաշվետվությունների ձևերը և ներկայացման պարբերականությունը, հաշվետվություններ ներկայացնող ստորաբաժանումը:
(28-րդ կետը փոփ. 29.08.06 թիվ 499-Ն որոշում)
29. Ներդրումային կոմիտեի նիստերը պետք է արձանագրվեն:
i
30. Բանկի խորհուրդը պետք է պարբերաբար հաշվետվություններ ստանա կատարված ներդրումների մասին: Հաշվետվությունները պետք է առնվազն ներառեն.
ա. ներդրումների կառուցվածքը,
բ. մարումների ժամանակացույցը,
գ. ներդրումների եկամտաբերությունը,
դ. գրավադրված արժեթղթերը` ինչպես գումարային արտահայտությամբ, այնպես էլ որպես տոկոս` ներդրումային պորտֆելից,
ե. արժեթղթերի գնման և/կամ վաճառքի` դեռևս չկատարված/պայմանական պարտավորությունները:
(30-րդ կետը փոփ. 29.08.06 թիվ 499-Ն որոշում)
31. Բանկում պետք է առկա լինի գործարքների կնքման ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների շահագործման ուղեցույց:
Պայման 12
i
32. Ներքին հսկողության իրականացման առումով` բանկի խորհուրդը հաստատում է վարկավորման գործընթացը (վարկերի, փոխատվությունների, օվերդրաֆտների, վարկային գծերի, վարկային քարտերի, ֆակտորինգային և ֆինանսական վարձակալության (լիզինգային) գործառնությունների տրամադրում) կարգավորող ներքին ակտերը, որոնցում, այլ դրույթների հետ մեկտեղ, պետք է սահմանվեն.
ա. բանկի նպատակային շուկաները, վարկավորման ընդունելի տեսակները (լիզինգային գործառնությունների իրականացման դեպքում պետք է սահմանվեն նաև այն գույքի տեսակները, որոնց լիզինգը բանկը մտադիր է իրականացնել),
բ. վարկային պորտֆելի նպատակային (բենչմարք) կառուցվածքը, եկամտաբերությունը և ժամկետայնությունը,
գ. վարկային կոմիտեի անդամների կազմը, վարկային կոմիտեի իրավասությունները և պարտականությունները,
դ. վարկային կենտրոնացումների սահմանաչափերը,
ե. վարկային պորտֆելի բազմազանեցման սկզբունքները,
զ. վարկերի տրամադրման, մոնիտորինգի և հետստացման ընթացակարգը,
է. բանկում գնագոյացման (օրինակ` վարկավորման տոկոսադրույքների, ֆակտորինգային զեղչատոկոսների ձևավորման) սկզբունքները,
ը. ապահովության (գրավի) ընդունելի տեսակները,
թ. «վարկի գումար» / «ապահովություն» հարաբերակցությունները տարբեր վարկային գործիքների (վարկերի տեսակների) համար` արտահայտված տոկոսով,
ժ. գրավի առարկայի վերաբերյալ հսկողության ձևերը (մասնավորապես` հիպոթեքային վարկավորման դեպքում) և այլ պահանջները (օրինակ` գրավադրված շենքի ապահովագրում),
ժա. հնարավոր բացառությունների դեպքերը,
ժբ. վարկավորման սահմանաչափերը` ըստ վարկի գումարի և տեսակի,
ժգ. վարկերի տրամադրման համար, ինչպես նաև վարկային գործերում պահանջվող նվազագույն փաստաթղթերը և տեղեկատվությունը,
ժդ. բանկի հետ կապված անձանց վարկավորման սկզբունքները,
ժե. վարկերի հետստացման/վերադարձման ընթացակարգերը,
ժզ. (32-րդ կետի ժզ ենթ. ուժը կորցրել է 29.08.06 թիվ 499-Ն որոշում)
ժէ. (32-րդ կետի ժէ ենթ. ուժը կորցրել է 29.08.06 թիվ 499-Ն որոշում)
ժը. բանկի կողմից մերժված հայտերի վերաբերյալ տեղեկատվության պահպանման և պարբերական ուսումնասիրության պահանջը,
ժթ. բանկի կառավարման մարմիններին բանկի վարկավորման գործընթացին վերաբերող ներկայացվող հաշվետվությունների ձևերը և ներկայացման պարբերականությունը, հաշվետվություններ ներկայացնող ստորաբաժանումը:
(32-րդ կետը փոփ. 29.08.06 թիվ 499-Ն որոշում)
33. Գրավի առարկայի գնահատման և վերահսկման ներքին ակտերով պետք է սահմանվեն.
ա. գրավի գնահատումն իրականացնող աշխատակիցների ընտրության և վերջիններիս աշխատանքի վերահսկման սկզբունքները,
բ. անկախ գնահատող անձանց ընտրության սկզբունքները,
գ. գրավի վերագնահատումն իրականացնելու գործընթացը և հաճախականությունը,
դ. գրավի առարկայի վերահսկման գործընթացը և հաճախականությունը, մասնավորապես ֆիզիկապես բանկի հսկողությունից դուրս (գրավատուի օգտագործման ներքո գտնվող) գրավների գծով:
34. Բանկերում պետք է առկա լինի վարկերի (և դեբիտորական պարտքերի) դասակարգման ներքին ակտ:
35. Բանկի վարկավորման գործընթացը կարգավորող ներքին ակտերից շեղումները պետք է պատշաճ հիմնավորվեն, փաստաթղթավորվեն և պահվեն վարկային գործերում:
36. Վարկային գործերում առնվազն պետք է առկա լինեն հետևյալ փաստաթղթերը.
i
ա. վարկային հայտ/դիմում,
բ. վարկային պայմանագիր,
գ. վարկառուի իրավունակությունը կամ գործունակությունը հաստատող փաստաթղթեր,
դ. գրավի պայմանագիր (գրավի առկայության դեպքում),
ե. գրավի վերաբերյալ այլ փաստաթղթեր (կիրառելիության դեպքում),
զ. վարկառուի գործարար ծրագիր կամ վարկի վերադարձելիությունը հիմնավորող այլ տեղեկատվություն,
է. վարկառուի ֆինանսական հաշվետվությունները (կիրառելիության դեպքում),
ը. վարկառուի ֆինանսական հաշվետվությունների վերլուծությունները (կիրառելիության դեպքում),
թ. վարկառուի հետ նամակագրությունը (կիրառելիության դեպքում),
ժ. պատասխանատու անձի կողմից վավերացված գրառումներ վարկառուի հետ հեռախոսազրույցների և հանդիպումների մասին:
(36-րդ կետը փոփ. 29.08.06 թիվ 499-Ն որոշում)
i
37. Վարկային գործերում պահվող փաստաթղթերը պետք է նվազագույնս պարունակեն հետևյալ տեղեկությունները (կա՛մ էլեկտրոնային, կա՛մ թղթային տեսքով).
ա. վարկառուի անունը, գործունեության տեսակը, երաշխավորները (եթե կան),
բ. վարկի տրամադրման ամսաթիվը և մարման ժամանակացույցը,
գ. վարկի գումարը (սկզբնական գումարն ու ընթացիկ մնացորդը),
դ. վարկի նպատակը,
ե. վարկի տոկոսադրույքը և վճարումների գրաֆիկը,
զ. գրավի տեսակը և գնահատված արժեքը (գրավի առկայության դեպքում),
ը. վարկի ներկա կարգավիճակը` ընթացիկ կամ ժամկետանց (որքան ժամանակ),
թ. վարկի վերաձևակերպումները կամ երկարաձգումները, վարկային պայմանագրի վերանայման պատճառները նկարագրող տեղեկանքը,
ժ. վարկի առնչությամբ կատարված ներքին և արտաքին ստուգումների արդյունքները,
ժա. վարկի դասակարգումը, դասակարգման պատճառները,
ժբ. պրոբլեմային վարկերի վերադարձման համար ձեռնարկված քայլերի մասին տեղեկատվություն,
ժդ. վարկառուի կամ նրա հետ փոխկապակցված անձանց կողմից բանկից ստացած ցանկացած այլ փոխառությունների մասին տեղեկատվություն:
(37-րդ կետը փոփ. 29.08.06 թիվ 499-Ն որոշում)
i
38. Վարկի մոնիտորինգը իրականացնելիս վարկային աշխատողը պետք է իրականացնի.
ա. վարկի յուրաքանչյուր մասնաբաժնի տրամադրումից առաջ` վարկի օգտագործման նպատակայնության ուսումնասիրություն (խոշոր գումարների դեպքում),
բ. վճարումների և վարկի մարումների գրանցում,
գ. գրավի առարկայի պարբերական վերագնահատում,
դ. վարկառուի վերաբերյալ ֆինանսական և գործառնական տեղեկատվության կանոնավոր ստացում, վերլուծություն և, անհրաժեշտության դեպքում, վարկառուի հետ դրանց քննարկում,
ե. վարկառուի հետ հեռախոսազրույցների միջոցով լրացուցիչ կապի պահպանում,
զ. անհրաժեշտության դեպքում` զրույցներ վարկառուի մատակարարների և հաճախորդների հետ,
է. վարկի գծով ստացված բոլոր տվյալների գրանցում,
ը. քայլերի ձեռնարկում` անհրաժեշտության դեպքում վարկառուին աջակցելու (վարկի վերադարձելիությունը ապահովելու) համար,
թ. վարկային գծերի մոնիտորինգի ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձվի նաև այն վարկային գծերի վրա`
1. որոնք գերազանցում են բանկի ներքին ակտերով որոշված սահմանաչափերը (բացառություններ),
2. որոնցում շարժ չկա,
3. որոնցով մարումներն իրականացվում են հաճախորդի հաշվին մուտքագրվող վարկի նոր մասնաբաժնի հաշվին:
(սույն կետի պահանջները պարտադիր չեն սպառողական վարկերի համար):
(38-րդ կետը փոփ. 29.08.06 թիվ 499-Ն որոշում)
39. Վարկային կոմիտեի նիստերը պետք է արձանագրվեն:
40. Վարկավորման գործընթացը իրականացնող ստորաբաժանումը առնվազն ամիսը մեկ անգամ բանկի կառավարման մարմիններին պետք է ներկայացնի հաշվետվություն խնդրահարույց (ժամկետանց) վարկերի վերաբերյալ, այդ վարկերի դասակարգումը հիմնավորող տեղեկատվություն, ինչպես նաև կենտրոնացումների վերաբերյալ հաշվետվություններ:
41. Գրավը (ապահովությունը) գնահատողը չպետք է շահագրգիռ լինի վարկը տրամադրելու խնդրում:
Պայման 13
i
42. Ներքին հսկողության իրականացման առումով` բանկի խորհուրդը հաստատում է բանկի հիմնական միջոցներին վերաբերող ներքին ակտերը, որոնք առնվազն պետք է սահմանեն.
ա. բանկի հիմնական միջոցների մեծության նպատակային (բենչմարք) հարաբերակցությունը`
1. բանկի ակտիվների մեծությանը,
2. հիմնական միջոցներում ընթացիկ առկա ներդրումներին,
3. բանկի աճի կանխատեսվող տեմպերին,
բ. գույքի չլիազորված օգտագործման բացահայտման ձևերը,
գ. գույքագրման պարբերականությունը,
դ. հիմնական միջոցների ձեռքբերման, վաճառքի և դուրսգրման սկզբունքները,
ե. դուրսգրված հիմնական միջոցների տնօրինման սկզբունքներն ու ձևերը,
զ. հիմնական միջոցների ծառայության ժամկետի և մաշվածության հաշվարկման սկզբունքները,
է. հիմնական միջոցների վերագնահատման պարբերականությունը և սկզբունքները,
ը. բանկի խորհրդին և գործադիր մարմնին բանկի հիմնական միջոցների կառավարման և հիմնական միջոցներում ներդրումների իրականացման վերաբերյալ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման պարբերականությունը, հաշվետվություններ ներկայացնող ստորաբաժանումը:
(42-րդ կետը փոփ. 29.08.06 թիվ 499-Ն որոշում)
Պայման 14
i
43. Բանկի խորհուրդը պետք է հաստատի բանկի ավանդային բազայի կառավարումը կարգավորող ներքին ակտերը, որոնք առնվազն պետք է սահմանեն.
ա. ավանդային բազայի նպատակային (բենչմարք) կառուցվածքը (ցպահանջ, ժամկետային ավանդների տեսակարար կշիռը` հաշվի առնելով սեզոնայնության և այլ հնարավոր գործոնները),
բ. ավանդներ ներգրավելու և պահպանելու սկզբունքները,
գ. բանկի հաճախորդների հաշիվների բացման, վարման, հսկման և փակման սկզբունքները,
դ. բանկի հետ կապված անձանց հաշիվների բացման, հսկման և փակման սկզբունքները,
ե. հաշիվների մնացորդների նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքների որոշման սկզբունքները,
զ. բանկի կառավարման մարմիններին բանկի ավանդային բազայի կառավարման վերաբերյալ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման պարբերականությունը, հաշվետվություններ ներկայացնող ստորաբաժանումը:
(43-րդ կետը փոփ. 29.08.06 թիվ 499-Ն որոշում)
44. Փակված հաշիվներին վերաբերող փաստաթղթերում պետք է նշվեն հաշվի փակման պատճառները:
Պայման 15
i
45. Ներքին հսկողության իրականացման առումով` բանկի խորհուրդը հաստատում է բանկի իրացվելիության (ակտիվների և պարտավորությունների) կառավարումը կարգավորող ներքին ակտերը, որոնք առնվազն պետք է սահմանեն.
ա. բանկի իրացվելիության պահանջների բավարարման աղբյուրներն ու օգտագործման ուղիները,
բ. բանկի ակտիվների գնագոյացման (տոկոսադրույքի որոշման) մեխանիզմը (հաշվի առնելով բանկի ֆոնդերի արժեքը, վերադիր ծախսերը, վարկային ռիսկը և վճարվող շահաբաժինները),
գ. բանկի պարտավորությունների ցանկալի կամ նպատակային կառուցվածքը և ժամկետայնության սահմանները (օրինակ` բանկը կարող է սահմանել, որ բանկի կողմից թողարկված ավանդային սերտիֆիկատները չպետք է գերազանցեն բանկի համախառն պարտավորությունների որոշակի տոկոսը, իսկ այդ ավանդային սերտիֆիկատների ժամկետայնությունը որոշակի ժամկետից պակաս չպետք է լինի),
դ. բանկին տրամադրված փոխառությունների գումարների, տեսակների կամ համախառն տոկոսային ծախսերի սահմանաչափերը,
ե. բանկի իրացվելիության պահանջները բավարարելու համար օգտագործվող ֆինանսավորման աղբյուրների կենտրոնացումների սահմանաչափերը (օրինակ` բանկը, որի պարտավորությունների մեծ մասը կազմում են մեկ անձի /ֆիզիկական կամ իրավաբանական/ ավանդները, կախվածության մեջ է ընկնում այդ անձի ֆինանսական վիճակից),
զ. փոխառությունները ըստ մարման ժամկետների բազմազանեցնելու պահանջը,
է. իրացվելիության պահանջները բավարարելու համար բանկի հետ կապված անձանցից (կազմակերպություններից) փոխառու միջոցների ներգրավման սահմանափակումներ,
ը. իրացվելի միջոցների առաջնային աղբյուրների սպառման դեպքում այլընտրանքային աղբյուրների ընտրության չափանիշները, դրանց հայթայթման ուղիները,
թ. տոկոսադրույքի ռիսկը սահմանափակելու սկզբունքները` ներառյալ հետհաշվեկշռային հոդվածների հետ առնչվող տոկոսադրույքի ռիսկը,
ժ. տոկոսային մարժայի նպատակային մակարդակը,
ժա. տոկոսադրույքների փոփոխության նկատմամբ զգայուն հետհաշվեկշռային հոդվածների սահմանաչափեր,
ժբ. տոկոսադրույքային մրցակցության սկզբունքները, ընդունելի մակարդակը,
ժգ. ակտիվների և պարտավորությունների կառավարման կոմիտեի (առկայության դեպքում) անդամների կազմը, նրանց նշանակումը, պարտականությունները և լիազորությունները, ինչպես նաև ակտիվների և պարտավորությունների կառավարման համար պատասխանատու ստորաբաժանումը, դրա պարտականությունները և լիազորությունները,
ժդ. միջոցների ներգրավման և տեղաբաշխման տոկոսադրույքի վերաբերյալ որոշումների կոորդինացման մեխանիզմները,
ժե. բանկի անունից փոխառության գործարքներ կնքելու իրավասություն ունեցող աշխատակիցներից յուրաքանչյուրի համար առանց համապատասխան ղեկավարի վավերացման կնքվող գործարքի (կամ գործարքների) թույլատրելի առավելագույն չափը/սահմանաչափերը,
ժզ. բանկի այն ստորաբաժանումների համագործակցության եղանակները, որոնք կարող են իրենց կողմից իրականացվող գործառնություններով ազդել բանկի իրացվելիության մակարդակի վրա,
ժէ. բանկի կառավարման մարմիններին բանկի իրացվելիության կառավարման վերաբերյալ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման պարբերականությունը, հաշվետվություններ ներկայացնող ստորաբաժանումը:
(45-րդ կետը փոփ. 29.08.06 թիվ 499-Ն որոշում)
46. Բանկում պետք է մշակված լինի իրացվելիության արտահերթ պահանջները բավարարելու ծրագիր, որի անհրաժեշտությունը կարող է ծագել եկամուտների նվազման, չաշխատող ակտիվների աճի, ավանդների կենտրոնացման, գործառնությունները ընդլայնելու անսպասելի հնարավորության և այլ դեպքերում:
i
47. Բանկը, մինչև նոր գործիք կիրառելը, բանկի խորհրդին է ներկայացնում նոր գործիքի նկարագրությունը, առնչվող ռիսկերը և այդ գործիքի ներդրման հնարավոր կորուստների վերլուծությունը` հաշվի առնելով բանկի ընդհանուր վիճակը, իրացվելիության և կապիտալի մակարդակները:
(47-րդ կետը փոփ. 29.08.06 թիվ 499-Ն որոշում)
i
48. Բանկի ակտիվները և պարտավորությունները (իրացվելիությունը) կառավարելու և ծրագրավորելու համար, բանկի խորհրդին և գործադիր մարմնին առնվազն ամիսը մեկ անգամ պետք է տրամադրվի հետևյալ տեղեկատվությունը.
ա. բանկի` հաշվետու ժամանակի ընթացքում ձևավորված իրացվելի միջոցների պահանջը,
բ. ընթացիկ իրացվելիությունը,
գ. միջոցների ակնկալվող/կանխատեսվող պահանջը,
դ. միջոցների ներգրավման աղբյուրները,
ե. ակտիվների ընթացիկ և ակնկալվող որակը,
զ. ընթացիկ և ակնկալվող դրամական հոսքերը,
է. կապիտալի ընթացիկ և ակնկալվող մակարդակը,
ը. միջոցների ներգրավման և իրացման «արժեքը» (օրինակ` ավանդների տոկոսադրույք, հնարավոր կորուստներ ակտիվների վաճառքից և այլն),
թ. բանկի ակտիվների և պարտավորությունների ժամկետայնության ճեղքվածքը,
ժ. տվյալներ բանկի ակտիվների եկամտաբերության մասին,
ժա. տոկոսային մարժան, տոկոսային մարժայի փոփոխության/տատանումների պատճառների վերլուծությունները,
ժբ. տոկոսադրույքի նկատմամբ զգայուն գործիքների կենտրոնացումները,
ժգ. հաշվետու ամսվա դրությամբ ավանդային բազայի կառուցվածքը և դրա փոփոխման միտումները,
ժդ. ակտիվների, պարտավորությունների և հետհաշվեկշռի կառուցվածքի փոփոխման միտումները,
ժե. շուկայական կանխատեսումները:
(48-րդ կետը փոփ. 29.08.06 թիվ 499-Ն որոշում)
49. Բանկին տրամադրված փոխառությունների վերաբերյալ բանկի կառավարման մարմիններին ներկայացվող հաշվետվությունները պետք է առնվազն ներառեն.
ա. փոխառությունների նպատակը,
բ. աղբյուրները,
գ. գումարները,
դ. ժամկետները,
ե. վճարված տոկոսավճարները,
զ. պարտադիր պահուստի և ավելցուկային իրացվելիության չափերը,
է. հիմնական տեղեկատվություն փոխատուի մասին:
Պայման 16
50. Բանկի կապիտալի համարժեքությունը ուսումնասիրելիս և կանխատեսումները պատրաստելիս բանկը պետք է առնվազն հաշվի առնի հետևյալ տեղեկատվությունը.
ա. տոկոսադրույքի ռիսկի մակարդակը,
բ. բանկի իրացվելիությունը,
գ. բանկի ակտիվների որակը, մասնավորապես`
1. դասակարգված ակտիվների քանակը և ծավալը,
2. վարկային և ներդրումային պորտֆելների ռիսկայնությունը,
3. կենտրոնացումները,
4. վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստների համարժեքությունը,
դ. բանկի ֆինանսավորման աղբյուրները (ավանդներ, փոխառու միջոցներ, կապիտալի լրացուցիչ աղբյուրներ) և միջոցների կառավարման որակը,
ե. բանկի ավանդային և փոխառու միջոցների տատանման միտումները,
զ. բանկի եկամուտների մակարդակը և որակը,
է. բանկի ընթացիկ և ապագա ծախսերի, հնարավոր կորուստների ազդեցությունը բանկի կապիտալի կառուցվածքի վրա,
ը. գլխավոր պահուստի և չբաշխված շահույթի գումարների բավարար լինելը կորուստները ծածկելու համար,
թ. բանկի ֆինանսական և գործառնական ռիսկերի կառավարման նպատակով բանկում առկա ներքին փաստաթղթերի (քաղաքականությունների, ընթացակարգերի, ուղեցույցների և այլն) պահանջների բավարար լինելը և այդ պահանջներին համապատասխան գործելը,
ժ. բանկի աճի տեմպերը,
ժա. շահաբաժինների վճարման սկզբունքները և դեպքերը,
ժբ. հաշվեկշռի կառուցվածքը,
ժգ. հետհաշվեկշռային հոդվածները,
ժդ. շահութաբերության այն մակարդակը, որը թույլ կտա բանկին ընդլայնել իր գործունեությունը, մնալ մրցունակ և, անհրաժեշտության դեպքում, համալրել իր կապիտալը:
i
50.1. Բանկի խորհուրդը հաստատում է բանկի շահութաբաժնային քաղաքականությունը, որը առնվազն պետք է պարունակի շահութաբաժինների չափի որոշման, ինչպես նաև շահաբաժինների վճարման սկզբունքները և դեպքերը:
(50.1-րդ կետը լրաց. 29.08.06 թիվ 499-Ն որոշում)
Պայման 17
51. Ներքին հսկողության իրականացման առումով` բանկի խորհուրդը սահմանում է.
ա. բանկի բնականոն աշխատանքները և բանկի կապիտալի բավարար մակարդակը ապահովելու համար անհրաժեշտ եկամուտների մակարդակը,
բ. բանկի եկամուտների նպատակային/ծրագրավորված կառուցվածքը,
գ. տոկոսային և վարչական ծախսերի հսկողության սկզբունքները,
դ. եկամուտ-ծախսերի գծով բանկի կառավարման մարմիններին ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման պարբերականությունը, հաշվետվություններ ներկայացնող ստորաբաժանումը:
Պայման 18
i
52. Ներքին հսկողության իրականացման առումով` բանկի խորհուրդը հաստատում է բանկի վճարային և տեղեկատվական համակարգերի վերաբերյալ ներքին ակտերը, որոնք առնվազն պետք է սահմանեն.
ա. տեղեկատվության հոսքը բանկի ներսում (ներառում է նաև տեղեկատվության հոսքերը բանկի գլխամասի և մասնաճյուղերի միջև),
բ. էլեկտրոնային վճարումների իրականացման նկարագիրը (սխեմաները),
գ. էլեկտրոնային վճարումների իրականացման մեջ ներգրավված աշխատակիցների պարտականությունները և աշխատանքի բաշխվածությունը ստորաբաժանումների միջև,
դ. վճարումները լիազորելու իրավասություն ունեցող անձանց (պաշտոնների) ցանկը, դրանց տարանջատումը` ըստ գումարի սահմանաչափերի,
ե. տեղեկատվության գաղտնիության ապահովման միջոցները,
զ. համակարգերի և տեղեկատվության հասանելիության սահմանափակումները,
է. պահուստային և վերականգնողական հնարավորություններին ներկայացվող պահանջները,
ը. բանկի վճարային և/կամ տեղեկատվական համակարգերի խափանման իրավիճակներում գործողությունների ծրագիրը, ծրագրի պատրաստման, թեսթավորման և դեպքի ի հայտ գալու պարագայում` ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար պատասխանատու անձանց,
թ. բանկի կառավարման մարմիններին բանկի վճարային և տեղեկատվական համակարգերի գործունեության վերաբերյալ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման պարբերականությունը, հաշվետվություններ ներկայացնող ստորաբաժանումը,
ժ. տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության սկզբունքները,
ժա. սպասարկման պայմանագրերի առկայության պահանջը:
(52-րդ կետը փոփ. 29.08.06 թիվ 499-Ն որոշում)
i
53. Բանկում պետք է առկա լինեն համակարգչային տեխնիկայի և սերվերների շահագործման մասին ներքին ակտեր, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ռազմավարությունը:
(53-րդ կետը փոփ. 29.08.06 թիվ 499-Ն որոշում)
54. Գործառնական համակարգերի և տվյալների բազաների ադմինիստրատորները չպետք է իրականացնեն ֆինանսական գործարքներ և հաշվապահական հաշվառում:
55. Միևնույն աշխատակիցն իրավունք չունի միաժամանակ լինել վճարային կամ տեղեկատվական համակարգի ադմինիստրատոր և համակարգի անվտանգության պատասխանատու:
56. Էլեկտրոնային վճարումների հետ առնչվող աշխատակիցները չպետք է լինեն փոխկապակցված:
57. Բանկը պետք է ապահովի վճարային և տեղեկատվական համակարգերի պահուստային համակարգի աշխատունակությունը: Առկա պահուստային համակարգը պետք է պարբերաբար փորձարկվի (առնվազն վեց ամիսը մեկ):
Պայման 19
i
58. Ներքին հսկողության իրականացման առումով` բանկի խորհուրդը հաստատում է բանկի հետհաշվեկշռային գործառնությունները կարգավորող ներքին ակտերը, որոնք առնվազն պետք է սահմանեն.
ա. վարկային գծերի, օվերդրաֆտների, վարկային քարտերի, ակրեդիտիվների և երաշխիքների դիմումների մշակման և ուսումնասիրման գործընթացը, տրամադրման պայմանները, տրամադրման համար պահանջվող փաստաթղթերի նվազագույն փաթեթը,
բ. անհատական պահատեղերի վարձակալման պայմանները,
գ. (գ ենթակետն ուժը կորցրել է 06.02.07 թիվ 30-Ն որոշում)
դ. անհատական պահատեղերի վարձակալման դիմաց գանձվող կոմիսիոն վճարների ձևավորման սկզբունքները,
ե. բանկի կառավարման մարմիններին բանկի հետհաշվեկշռային գործառնությունների վերաբերյալ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման պարբերականությունը, հաշվետվություններ ներկայացնող ստորաբաժանումը:
Վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային գործառնությունները կարգավորող ներքին ակտերի դրույթները/պահանջները պետք է համահունչ լինեն վարկային գործառնությունները կարգավորող ներքին ակտերի պահանջներին:
(58-րդ կետը փոփ. 29.08.06 թիվ 499-Ն, 06.02.07 թիվ 30-Ն որոշումներ)
59. Յուրաքանչյուր անհատական պահատեղի համար պետք է առկա լինի պայմանագիր: Միևնույն պահատեղից փոխկապակցված անձինք կարող են օգտվել միայն պայմանագրում համապատասխան դրույթի առկայության դեպքում:
60. Յուրաքանչյուր անգամ բանկի աշխատակցի ներկայությամբ անհատական պահատեղը բացելուց հետո հաճախորդին պետք է տրամադրվի առանձին սենյակ, այնուհետև հաճախորդի կողմից պետք է ստորագրվի անդորրագիր, որտեղ նշվում է անհատական պահատեղի սենյակ մուտքի ժամը և օրը:
61. Բանկը պետք է հայտարարի այն արժեքների ցանկը (թմրանյութ, զենք և այլն), որոնք արգելված է պահել անհատական պահատեղերում:
Պայման 20
i
62. Բանկի գլխամասը յուրաքանչյուր մասնաճյուղի վերաբերյալ պետք է իրականացնի առնվազն հետևյալ տեղեկատվության հավաքագրում.
ա. տրամադրվող ծառայությունների ցանկը,
բ. ավանդային բազայի և ակտիվների կառուցվածքը, դրանց փոփոխման միտումները,
գ. եկամուտների և ծախսերի կազմը, գումարային մեծությունը, դրանց փոփոխման միտումները,
դ. մասնաճյուղի կողմից սպասարկվող տարածաշրջանի տնտեսական վերլուծությունը,
ե. տեղեկանք ամեն մի մասնաճյուղի ֆինանսական վիճակի մասին:
(62-րդ կետը փոփ. 29.08.06 թիվ 499-Ն որոշում)
63. Բանկի բոլոր մասնաճյուղերը պետք է կիրառեն հաշվապահական հաշվառման և ներքին հաշվետվական միասնական համակարգեր:
64. Բանկի վարկային քաղաքականությունը պետք է ներառի նաև մասնաճյուղի աշխատակիցների կողմից իրականացվող վարկավորման սահմանաչափերը (ըստ վարկերի տեսակների):
65. Այլ դրույթների հետ մեկտեղ, մասնաճյուղի կառավարմանը վերաբերող ներքին ակտերը պետք է ներառեն.
ա. մասնաճյուղի աշխատակիցների քանակը և նրանց ներկայացվող պահանջները,
բ. մասնաճյուղի աշխատակիցների մասնագիտական մակարդակի գնահատումը, զարգացումը և ուսուցումը,
գ. բանկի գլխամաս հաշվետվություններ ներկայացնելու պարտականությունների բաշխումը,
դ. մասնաճյուղի ակտիվների ֆիզիկական պաշտպանվածության ծրագիր,
ե. մասնաճյուղում առկա կանխիկ միջոցների սահմանաչափը,
զ. խոշոր միջոցների շարժն արտացոլող հաշվետվությունների և հաշիվների մնացորդների հաստատման համակարգերի առկայության պահանջ:
Պայման 20.1
i
65.1. Արդյունավետ ներքին հսկողության համակարգը պահանջում է արժեթղթերի բրոքերային գործունեություն իրականացնող բանկերի համար խորհրդի հաստատած բրոքերային գործունեության քաղաքականություն, որտեղ առնվազն պետք է սահմանվեն.
ա) բրոքերային գործունեության գծով բանկի կողմից տրամադրվող ծառայությունները, այդ թվում` հաճախորդի հաշվին բրոքերային գործարքների առարկա հանդիսացող գործիքների ընտրության սկզբունքները և շրջանակը,
բ) յուրաքանչյուր հանձնարարականում նշված գումարների առավելագույն սահմանաչափը,
գ) համապատասխան որակավորում ունեցող յուրաքանչյուր բրոքերի կողմից առանց համապատասխան ղեկավարի վավերացման հանձնարարականի հիման վրա կնքվող գործարքի թույլատրելի առավելագույն սահմանաչափը,
դ) բանկի կառավարման մարմիններին բրոքերային գործունեության վերաբերյալ ներկայացվող հաշվետվությունների ձևերը և պարբերականությունը, հաշվետվություններ ներկայացնող ստորաբաժանումը,
ե) բրոքերային գործունեության շրջանակներում մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների գնագոյացման/ձևավորման սկզբունքները:
(65.1-րդ կետը լրաց. 06.02.07 թիվ 30-Ն որոշում)
65.2. Արդյունավետ ներքին հսկողության իրականացման առումով բանկի խորհուրդը հաստատում է արժեթղթերի բրոքերային գործունեությանը վերաբերող ներքին ակտերը, որտեղ առնվազն պետք է սահմանվեն.
ա) բրոքերային գործունեությունը կարգավորող ներքին կանոնները, այդ թվում` հաճախորդի հաշվին բրոքերային գործարքների իրականացման գործընթացները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգի համաձայն,
բ) բրոքերային գործունեություն իրականացնելու արդյունքում առաջացող ռիսկերի կանխարգելմանն ուղղված միջոցառումները:
(65.2-րդ կետը լրաց. 06.02.07 թիվ 30-Ն որոշում)
Պայման 20.2
65.3. Արդյունավետ ներքին հսկողության համակարգը պահանջում է արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեություն իրականացնող բանկերի համար խորհրդի հաստատած հավատարմագրային կառավարման քաղաքականություն, որտեղ առնվազն պետք է սահմանվեն.
ա) հավատարմագրային կառավարման գծով բանկի կողմից տրամադրվող ծառայությունները, այդ թվում` հավատարմագրային կառավարման օբյեկտ հանդիսացող գործիքների ընտրության սկզբունքները և շրջանակը,
բ) հավատարմագրային կառավարման շրջանակներում հաճախորդի հետ կնքվող յուրաքանչյուր գործարքի առավելագույն սահմանաչափը,
գ) հավատարմագրային կառավարման շրջանակներում բանկի կողմից կառավարվող միջոցների առավելագույն սահմանաչափը,
դ) բանկի կառավարման մարմիններին հավատարմագրային կառավարման գործունեության վերաբերյալ ներկայացվող հաշվետվությունների ձևերը և ներկայացման պարբերականությունը, հաշվետվություններ ներկայացնող ստորաբաժանումը,
ե) հավատարմագրային կառավարման շրջանակներում հաճախորդներին տրամադրվող հավատարմագրային կառավարման մասին հաշվետվությունները (այդ թվում` հավատարմագրային կառավարման ռիսկերի մասին հաճախորդին տրամադրվող տեղեկատվություն), դրանց ձևերը, հաշվետվությունների տրամադրման կարգը և պարբերականությունը,
զ) հավատարմագրային կառավարման գործունեության շրջանակներում մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների գնագոյացման/ձևավորման սկզբունքները:
(65.3-րդ կետը լրաց. 06.02.07 թիվ 30-Ն որոշում)
65.4. Արդյունավետ ներքին հսկողության համակարգը պահանջում է արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեություն իրականացնող բանկերի համար խորհրդի հաստատած արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեության ներքին ակտերը, որտեղ առնվազն պետք է սահմանվեն.
ա) արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործընթացը,
բ) արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեության արդյունքում առաջացող ռիսկերի կանխարգելմանն ուղղված միջոցառումները,
գ) հաճախորդների կողմից պարտադիր լրացման ենթակա ներդրումային հայտարարագրերի ձևերը, որոնք նվազագույնը պետք է պարունակեն հավատարմագրային կառավարման օբյեկտ հանդիսացող միջոցների ներդրման ուղղություններն ու պայմանները, այդ թվում` ներդրման կառուցվածքը և սահմանափակումները:
(65.4-րդ կետը լրաց. 06.02.07 թիվ 30-Ն որոշում)
Պայման 20.3
65.5. Արդյունավետ ներքին հսկողության համակարգը պահանջում է արժեթղթերի պահառուական գործունեություն իրականացնող բանկերի համար խորհրդի հաստատած պահառուական գործունեության քաղաքականություն, ինչպես նաև պահառուական գործունեությունը կանոնակարգող ներքին կարգեր (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգի համաձայն), որտեղ պետք է առնվազն սահմանվեն պահառուական գործունեության իրականացման գործընթացները:
(65.5-րդ կետը լրաց. 06.02.07 թիվ 30-Ն որոշում)
Պայման 21
66. Ներքին հսկողության իրականացման առումով` բանկի խորհուրդը հաստատում է բանկի ներքին աուդիտի գործունեությունը կարգավորող ներքին ակտ, որը ներառում է ներքին աուդիտի խնդիրները, դերը, պարտականությունները, իրավասությունները, իրականացման ենթակա նվազագույն աշխատանքները, աուդիտորական հաշվետվության պատրաստման և ներկայացման կարգը, ներքին աուդիտի աշխատակիցների ընտրության և նշանակման կարգը, ներքին աուդիտի հարաբերությունները բանկի խորհրդի, գործադիր մարմնի, գլխավոր հաշվապահի և, անհրաժեշտության դեպքում, այլ ստորաբաժանումների և ղեկավարների, ինչպես նաև անկախ արտաքին աուդիտի և Կենտրոնական բանկի վերահսկողների հետ:
(66-րդ կետը փոփ. 29.08.06 թիվ 499-Ն որոշում)
i
66.1. Բանկի խորհուրդը հաստատում է ներքին աուդիտի տարեկան աշխատանքային ծրագիրը: Այդ ծրագիրը պետք է ներառի ծրագրի գործողության շրջանակները (ներառյալ` ստուգումների ժամանակացույցը), պարբերաբար քննարկվի և, անհրաժեշտության դեպքում, վերանայվի: Բացի այդ, խորհուրդը կարող է նաև դիմել ներքին աուդիտին` նպատակային ստուգում իրականացնելու պահանջով:
Աուդիտորական ծրագիրը կազմելիս պետք է հաշվի առնել.
ա. նախկինում իրականացված համանման աուդիտորական ստուգումների փորձը,
բ. ստորաբաժանումների ղեկավարների կողմից ներկայացվող, իրենց ոլորտներում աուդիտի անցկացման պահանջարկը,
գ. վերստուգվող ստորաբաժանումներում իրականացվող գործառնությունների բարդությունը, ծավալները և այդ ստորաբաժանումների աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության (կոմպետենտության) աստիճանը,
դ. ներքին աուդիտի աշխատակիցների մասնագիտական պատրաստվածությունը և փորձը,
ե. աուդիտորական ստուգումների իրականացման և հաշվետվությունների պատրաստման ժամկետները:
Աուդիտորական ստուգումների ծրագրերի հետ մեկտեղ պետք է մշակվեն ստուգումների իրականացման ժամանակացույցերը:
(66.1-րդ կետը լրաց. 29.08.06 թիվ 499-Ն որոշում)
66.2. Աուդիտի տարեկան աշխատանքային ծրագրի ներքո, ներքին աուդիտի աշխատանքները պետք է առնվազն ներառեն.
ա. աշխատանքային փաստաթղթերի և գրանցումների ամբողջականության և համարժեքության, ինչպես նաև գործարքների համապատասխան և պատշաճ հաշվեգրման ստուգումը,
բ. բանկի ֆինանսական հաշվետվություններում ակտիվների պատշաճ ներկայացման, իսկ անհրաժեշտության դեպքում` ակտիվների ֆիզիկապես առկայության և ակտիվների պահպանման եղանակների ստուգումը (օրինակ` կանխիկ դրամ) և պարտավորությունների լիովին բացահայտված և պատճառաբանված լինելու ստուգումը,
գ. գրավի և այլ հետհաշվեկշռային միջոցների պատշաճ գնահատման, հաշվառման և պաշտպանվածության ստուգումը, այդ թվում` տեղերում ուսումնասիրությունների միջոցով,
դ. գործող օրենքների, այլ իրավական և նորմատիվային ակտերի պահանջներին բանկի խորհրդի կողմից հաստատված քաղաքականությունների և կարգերի (կանոնակարգերի, ընթացակարգերի, հրահանգների, ուղեցույցների) համապատասխանության ստուգումը,
ե. բանկի աշխատակիցների կողմից բանկի ներքին քաղաքականություններին և կարգերին (կանոնակարգերին, ընթացակարգերին, հրահանգներին, ուղեցույցներին) համապատասխան գործելու ստուգումը,
զ. եկամուտների հաշվառումը և ծախսերի ուսումնասիրությունը, հաստատելու համար, որ վերջիններս լիազորված են, գումարով` ճիշտ և համապատասխանում են բանկի քաղաքականությանը (օրինակ` վարկերի զեղչերի, ավանդների տոկոսների, մարումների ուշացումների համար տույժերի, ծառայությունների դիմաց վճարումների և ժամկետանց վարկերի ընտրանքային ստուգումները` դրանց ճշտությունը ստուգելու համար),
է. յուրաքանչյուր աշխատակցի կողմից իր իրավասությունների շրջանակներում ներքին հսկողության գործառույթների իրականացման գնահատումը,
ը. բանկի ներքին հսկողության համակարգի արդյունավետության և բանկի ռիսկերին համարժեք լինելու գնահատումը,
թ. ներքին տեղեկատվական և հաշվետվական համակարգի գնահատումը,
ժ. բանկի կապիտալի համարժեքության ապահովման մեխանիզմի արդյունավետության գնահատումը,
ժա. կազմակերպության աշխատակիցներին տրված լիազորությունների (օրինակ` վարկեր տրամադրել, լիազորագրեր, պայմանագրեր, փոխանցումներ և այլ տիպի իրավական կամ հաշվապահական փաստաթղթեր ստորագրել) գնահատումը` բացառելու հնարավոր չարաշահումները,
ժբ. վարկավորման գործընթացի, վարկերի դասակարգման, վարկերից կորուստների, վարկերի դուրսգրումների և հետվերադարձի գործընթացի ուսումնասիրությունը:
(66.2-րդ կետը լրաց. 29.08.06 թիվ 499-Ն որոշում)
Պայման 22
67. Ներքին աուդիտը պետք է կատարի հետստուգումային հսկողություն բանկի ստորաբաժանումների կողմից այն միջոցառումների իրականացման նկատմամբ, որոնք առաջարկվել են ներքին և արտաքին աուդիտորական, ինչպես նաև Կենտրոնական բանկի ստուգումների արդյունքում և հաստատվել են բանկի խորհրդի կողմից:
i
68. Հետստուգումային հսկողության արդյունքների հիման վրա, առնվազն եռամսյակը մեկ, պետք է կազմվեն և բանկի խորհրդին ներկայացվեն հաշվետվություններ` ներքին և արտաքին աուդիտորական, ինչպես նաև Կենտրոնական բանկի ստուգումների արդյունքներով կատարված առաջարկությունների իրականացման վերաբերյալ:
(68-րդ կետը փոփ. 29.08.06 թիվ 499-Ն որոշում)
ԳԼՈՒԽ III. |
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
69. Սույն ակտով սահմանված պահանջների չկատարման դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը, ինչպես նաև դրանց ղեկավարները կրում են պատասխանատվություն` համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների:
----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - որոշման բնագրում հավելված 1-ի 37-րդ կետի «է» և «ժգ» ենթակետերը չկան