Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԿԱՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 փետրվարի 2021 թվականի N 218-Լ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԿԱՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ 4 ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ ԱՄՍԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Առաջարկել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել`

1) մինչև 2021 թվականի մարտի 19-ը` Արցախի Հանրապետության կենսաթոշակառուների հաշվառման տվյալների բազայում առկա` 2021 թվականի մարտի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում կենսաթոշակ կամ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց, մինչև 18 տարեկան երեխայի (այսուհետ` երեխա) դեպքում` նաև նրա օրինական ներկայացուցչի (ծնողի կամ խնամակալի, ում պետք է տրամադրվի ամսական դրամական օգնությունը) անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե անձը, իսկ երեխայի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը, հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց).

2) մինչև 2021 թվականի մարտի 19-ը` հաշմանդամ ճանաչված անձի` սույն կետի 1-ին ենթակետում նշված տվյալները, եթե նա 2021 թվականի մարտի 1-ի դրությամբ չունի կենսաթոշակ կամ պարգևավճար ստանալու իրավունք.

3) ըստ անհրաժեշտության, 2021 թվականի ապրիլ-հունիս ամիսների համար` տվյալ ամսվա ընթացքում` սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն տրամադրված տվյալների փոփոխությունները (այդ թվում` նախորդ ամսվանից հետո հաշմանդամ ճանաչված անձանց հաշմանդամության սկիզբը` օրը, ամիսը, տարին)` տվյալ ամսվա 1-ի դրությամբ, ինչպես նաև նախորդ ամսվա վճարման ցուցակում ներառված շահառուների տվյալները:

(2-րդ կետը փոփ. 02.03.2021 թիվ 265-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 25-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/,

22.04.2021 թիվ 640-Լ որոշումներ)

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում գտնվող` Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների տվյալները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել այդ անձանց վերջին սահմանահատման վերաբերյալ տվյալները:

(3-րդ կետը լրաց. 02.03.2021 թիվ 265-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 25-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/ որոշում)

4. Սույն միջոցառման շրջանակներում դրամական օգնության գումարները կարող են վճարվել նաև տեղական և միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից (այսուհետ` ֆինանսավորող) և նրանց կողմից հատկացված դրամական միջոցների (այսուհետ` այլ ֆինանսական միջոցներ) հաշվին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերջիններիս հետ ձեռք բերված գրավոր համաձայնությամբ:

(4-րդ կետը լրաց. 02.03.2021 թիվ 265-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 25-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/ որոշում)

5. Սույն որոշման 4-րդ կետով նախատեսված դրամական օգնության գումարները վճարելու հետ կապված գործողություններ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը թույլատրել`

1) ֆինանսավորողի և (կամ) իր նախընտրած բանկի հետ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դրական եզրակացության առկայության դեպքում, կնքել համապատասխան պայմանագիր` անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորող պայմանների ընդգրկմամբ.

2) ֆինանսավորողին և (կամ) իր նախընտրած բանկին տրամադրել շահառուների էլեկտրոնային վճարման ցուցակներ` պայմանագրով սահմանված կարգով: Ընդ որում, պայմանագրով սահմանված պայմաններով շահառուին դրամական աջակցությունը վճարվում է սույն որոշմամբ սահմանված այլ ֆինանսական միջոցներից, իսկ դրանց բացակայության կամ անբավարարության (մասնակի վճարման) դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված պետական բյուջեի միջոցների հաշվին:

(5-րդ կետը լրաց. 02.03.2021 թիվ 265-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 25-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/ որոշում)

6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մինչև 2021 թվականի ապրիլի 23-ը, իսկ այնուհետև պարբերաբար, ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 12-ի N 186-Լ որոշման 3-րդ կետի համաձայն տրամադրված` փետրվարի 10-ի դրությամբ Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված անձանց (այդ թվում` մինչև 18 տարեկան երեխաների) տվյալների փոփոխությունները:

(6-րդ կետը լրաց. 22.04.2021 թիվ 640-Լ որոշում)

(նախաբանը փոփ. 02.03.2021 թիվ 265-Լ որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. փետրվարի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի փետրվարի 18-ի

N 218-Լ որոշման

 

ԿԱՐԳ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԿԱՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ 4 ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ ԱՄՍԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 12-ի N 186-Լ որոշմամբ սահմանված շահառուներին ամսական դրամական օգնություն տրամադրելու հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 02.03.2021 թիվ 265-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 25-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/ որոշում)

2. Տվյալ ամսվա դրամական օգնությունը տրամադրում (նշանակում և վճարում) է`

1) Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), եթե շահառուն Արցախի Հանրապետությունում ունի կենսաթոշակ կամ պարգևավճար ստանալու իրավունք (այսուհետ` կենսաթոշակառու)` առանց շահառուների կողմից դիմում ներկայացնելու, կենսաթոշակների վճարման տվյալ ամսվա ցուցակների հիման վրա.

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ` ծառայություն), եթե անձը շահառու է և չի հանդիսանում սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձ` էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա:

(2-րդ կետը փոփ. 02.03.2021 թիվ 265-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 25-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/,

22.04.2021 թիվ 640-Լ որոշումներ)

3. Դիմումը ներկայացնելու համար անձը 2021 թվականի փետրվարի 25-ից մինչև 2021 թվականի հունիսի 15-ը` ներառյալ onliոe.ssa.am կայքէջից մուտք է գործում համապատասխան ծրագրային միջավայր և ծառայություն է ներկայացնում`

1) շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի կամ նույնականացման քարտի) սերիան ու համարը, եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն չափահաս է.

2) մինչև 18 տարեկան երեխայի (այսուհետ` երեխա) և նրա ծնողի, իսկ եթե երեխայի նկատմամբ սահմանվել է խնամակալություն` խնամակալի, անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի կամ նույնականացման քարտի, երեխայի դեպքում` նաև ծննդյան վկայականի, եթե երեխան չունի անձնագիր կամ նույնականացման քարտ) սերիան ու համարը, եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է.

3) եթե Արցախի քաղաքացիներին աջակցություն տրամադրելու միջոցառումների շրջանակներում առկա չէ անձի` երեխայի ծնողը լինելու վերաբերյալ տեղեկատվություն, երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը.

4) եթե անչափահաս շահառուի դիմումը ներկայացնում է խնամակալը, երեխայի նկատմամբ խնամակալություն սահմանելու (խնամակալ ճանաչելու) մասին փաստաթղթի (խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշում կամ դատական ակտ կամ Արցախի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի կողմից հաստատված և կնքված փաստաթուղթ` որոշում, արձանագրություն և այլն) և երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենները.

5) Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում բացված` շահառուի (սույն կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում` ծնողի կամ խնամակալի) քարտային հաշվին (այսուհետ` քարտային հաշիվ) կցված վճարային քարտի 16-նիշանոց համարը.

6) շահառուի (սույն կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում` ծնողի կամ խնամակալի) հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը.

7) շահառուի փաստացի բնակության վայրը` ըստ ցանկի` Հայաստանի Հանրապետության մարզեր, Արցախի Հանրապետության շրջաններ (ընտրում է ցանկից).

8) նշում Արցախում կացարան ունենալու մասին (այո կամ ոչ).

9) դիմումը լրացնելու պահին բնակության կացարանի տեսակը` մշտական կամ ժամանակավոր:

(3-րդ կետը փոփ. 02.03.2021 թիվ 265-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 25-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/,

22.04.2021 թիվ 640-Լ որոշումներ)

4. Անչափահաս ծնողն իր և իր երեխայի համար դիմումը կարող է ներկայացնել անձամբ:

5. Ծառայությունը, առցանց ռեժիմում դիմումով ներկայացված տվյալները համեմատում է (համադրում է) բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված` մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների, նախարարությունից ստացված` Արցախի Հանրապետության կենսաթոշակառուների տվյալների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված` Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում (այսուհետ` ՍԷԿՏ) առկա տվյալների հետ և հաշվառում կամ մերժում է, իսկ սույն կարգի 3-րդ կետի 3-րդ (եթե պահանջվում է կցել երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը) և 4-րդ ենթակետերում նշված դեպքերում հաշվառում է դիմումը:

(5-րդ կետը փոփ. 02.03.2021 թիվ 265-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 25-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/ որոշում)

6. Դիմումը հաշվառվելուց հետո նոր դիմում չի ներկայացվում և դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է հաստատված դիմումի հիման վրա:

(6-րդ կետը փոփ. 02.03.2021 թիվ 265-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 25-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/ որոշում)

7. Եթե դիմումը մերժվել է սույն կարգի 8-րդ կետի 1-ին, 4-րդ և 5-րդ ենթակետերի հիման վրա, մերժման հիմք հանդիսացող հանգամանքը վերանալու դեպքում աջակցություն նշանակելու համար մինչև 2021 թվականի հունիսի 15-ը` ներառյալ պետք է ներկայացվի նոր դիմում:

(7-րդ կետը փոփ. 02.03.2021 թիվ 265-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 25-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/ որոշում)

8. Ծառայությունը մերժում է էլեկտրոնային դիմումը, եթե`

1) ներկայացված տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին).

2) դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն առկա է շահառուի մահվան պետական գրանցում.

3) անձը չունի Արցախում հաշվառում և չի հանդիսանում փաստացի բնակված անձ.

4) անձը 18-63 տարեկան (ում ամենամսյա դրամական օգնություն վճարելու ամսվա 1-ի դրությամբ լրացել է 18 տարեկանը և չի լրացել 63 տարեկանը), հաշմանդամ չճանաչված արական սեռի անձ է.

5) շահառուն սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված անձ է.

6) շահառուի համար առկա է հաշվառված կամ հաստատված (դիմումը ներկայացնելուց հետո առաջին անգամ վճարման ցուցակ ընդգրկված) դիմում.

7) համաձայն ՍԷԿՏ-ում առկա տեղեկությունների` շահառուն տվյալ ամսվա 1-ի դրությամբ չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում:

(8-րդ կետը փոփ. 02.03.2021 թիվ 265-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 25-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/ որոշում)

9. Սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում, եթե պահանջվում է կցել երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը, ծառայությունը դիմումով ներկայացված` անչափահաս շահառուի ծնողի վերաբերյալ տվյալները համեմատում է շահառուի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենում նշված` շահառուի ծնողի վերաբերյալ տվյալների հետ: Անչափահաս շահառուի ծնողի վերաբերյալ տվյալները համապատասխանելու (համընկնելու) դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ համընկնում են երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթում և երեխայի ծննդյան վկայականում նշված` մոր անունը, առկայության դեպքում` հայրանունը (չի համընկնում միայն ազգանունը), իսկ երեխայի ծննդյան վկայականում համընկնում են երեխայի հոր և մոր ազգանունները, ծառայությունն ինքնաշխատ եղանակով հաշվառում է դիմումը: Հակառակ դեպքում դիմումը մերժվում է:

(9-րդ կետը փոփ. 02.03.2021 թիվ 265-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 25-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/ որոշում)

10. Սույն կարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետում նշված դեպքում ծառայությունն ուսումնասիրում է դիմումով ներկայացրած փաստաթղթերը` անչափահաս շահառուի և խնամակալի տվյալները համեմատում է երեխայի նկատմամբ խնամակալություն սահմանելու (խնամակալ ճանաչելու) մասին փաստաթղթում նշված համապատասխան տվյալների հետ: Անչափահաս շահառուի և խնամակալի վերաբերյալ տվյալները համապատասխանելու (համընկնելու) դեպքում ծառայությունը հաշվառում է դիմումը, հակառակ դեպքում` մերժում է դիմումը:

(10-րդ կետը փոփ. 02.03.2021 թիվ 265-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 25-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/ որոշում)

11. Ծառայությունը դիմումը մերժելու կամ հաշվառելու մասին անմիջապես էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում շահառուի (եթե շահառուն երեխա է, նրա ծնողի) հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին: Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է շահառուի (եթե շահառուն երեխա է, նաև` նրա ծնողի) անուն, ազգանունը, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, դիմումը մերժելու դեպքում` մերժելու պատճառը:

(11-րդ կետը փոփ. 02.03.2021 թիվ 265-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 25-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/ որոշում)

12. Արցախի Հանրապետությունում կենսաթոշակ կամ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող կամ կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող` հաշմանդամ ճանաչված անձանց տվյալները, ինչպես նաև նախորդ ամսվա դրամական աջակցության վճարման ցուցակը (որը տրամադրվել է վճարող կազմակերպություններին) նախարարությունը ծառայությանը տրամադրում է էլեկտրոնային եղանակով` փոխհամաձայնեցված տարբերակով:

(12-րդ կետը փոփ. 02.03.2021 թիվ 265-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 25-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/,

22.04.2021 թիվ 640-Լ որոշումներ)

13. Յուրաքանչյուր ամսվա վճարման ցուցակը ծառայությունը ձևավորում է սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տվյալները տվյալ ամսվա համար սույն կարգի 12-րդ կետում նշված կարգով նախարարությունից ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

(13-րդ կետը փոփ. 02.03.2021 թիվ 265-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 25-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/,

22.04.2021 թիվ 640-Լ որոշումներ)

14. Տվյալ ամսվա վճարման ցուցակը, բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված` մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների, ինչպես նաև ՍԷԿՏ-ում տվյալ ամսվա 1-ի դրությամբ առկա տվյալների հաշվառմամբ, ձևավորվում է` հաշվի առնելով`

1) նախորդ ամսվա վճարման ցուցակներում ներառված շահառուների տվյալները.

2) նախորդ ամսվա վճարման ցուցակը կազմելու օրվանից հետո դիմումներով ներկայացված տվյալները.

3) սույն կարգի 12-րդ կետի համաձայն նախարարությունից ստացված` Արցախի Հանրապետության կենսաթոշակառուների տվյալները, նախորդ ամսվա դրամական աջակցության վճարման ցուցակը:

(14-րդ կետը փոփ. 02.03.2021 թիվ 265-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 25-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/,

22.04.2021 թիվ 640-Լ որոշումներ)

15. (15-րդ կետն ուժը կորցրել է 02.03.2021 թիվ 265-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 25-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/ որոշում)

16. Եթե անձին դրամական օգնությունը նշանակվել է 2021 թվականի փետրվարի 10-ի դրությամբ Արցախի Հանրապետության հաշվառում ունենալու հիմքով, ապա նրա տվյալները վճարման ցուցակում ընդգրկվում են, եթե վճարման ցուցակ ձևավորելու օրվա դրությամբ նա հաշվառված է Արցախի Հանրապետության հասցեով: Եթե անձին դրամական օգնությունը նշանակվել է Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվելու հիմքով, ապա նրա տվյալները վճարման ցուցակում ընդգրկվում են, անկախ վճարման ցուցակ ձևավորելու օրվա դրությամբ նրա` Արցախի Հանրապետության հասցեով հաշվառված լինելու հանգամանքից:

16.1. Անձի տվյալները չեն ընդգրկվում տվյալ ամսվա վճարման ցուցակում, եթե`

1) համաձայն ՍԷԿՏ-ի տվյալների` անձն այդ ամսվա 1-ի դրությամբ չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում.

2) տվյալ ամսվա 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում ունի կենսաթոշակ կամ պարգևավճար ստանալու իրավունք.

3) նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն շահառուն այդ ամսվա 1-ի դրությամբ չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում (անկախ ՍԷԿՏ-ի տեղեկությունների):

(16.1-ին կետը լրաց. 02.03.2021 թիվ 265-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 25-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/,

22.04.2021 թիվ 640-Լ որոշումներ)

16.2. Եթե երեխան բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է ծննդյան վկայականով, ապա նրա տվյալները սույն կարգի 8-րդ կետի 7-րդ ենթակետով, 14-րդ և 16.1-ին կետերով նախատեսված դեպքերում չեն համեմատվում (համադրվում) ՍԷԿՏ-ում առկա տեղեկությունների հետ:

(16.2-րդ կետը լրաց. 02.03.2021 թիվ 265-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 25-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/

որոշում)

16.3. Եթե, համաձայն ՍԷԿՏ-ի տեղեկությունների, շահառուն այդ ամսվա 1-ի դրությամբ չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում, սակայն նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն շահառուն այդ ամսվա 1-ի դրությամբ գտնվել է Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում, ապա նրան վճարվում է տվյալ ամսվա դրամական օգնության գումարը: Տվյալ ամսվա 1-ի դրությամբ շահառուի` Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում գտնվելու վերաբերյալ տեղեկատվությունը նախարարությունը ծառայությանը տրամադրում է վերջինիս կողմից ուղարկված հարցման (ՍԷԿՏ-ի տեղեկությունների) հիման վրա: Եթե նախարարության տրամադրած տվյալների համաձայն ՍԷԿՏ-ի տվյալներով տվյալ ամսվա 1-ի դրությամբ շահառուի` Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում չգտնվելու վերաբերյալ տեղեկատվությունը հերքվում է (նախարարությունը հաստատում է շահառուի` Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում գտնվելը), ապա հաջորդ ամիսների համար այդ շահառուի տվյալները չեն համեմատվում (համադրվում) ՍԷԿՏ-ում առկա տեղեկությունների հետ, եթե այդ տեղեկությունները չեն փոխվել (ելքի կամ մուտքի վերաբերյալ նոր տվյալ չի գրանցվել):

(16.3-րդ կետը լրաց. 22.04.2021 թիվ 640-Լ որոշում)

17. Նախարարությունը դրամական օգնության տվյալ ամսվա վճարման ցուցակը ձևավորում է այդ ամսվա կենսաթոշակների ցուցակը ձևավորելու հետ միասին:

18. Եթե տվյալ ամսում ստացված տվյալներով, այդ թվում` ներկայացված դիմումով կամ մինչև 2021 թվականի սեպտեմբերի 15-ը նախարարության տրամադրած տվյալների հիման վրա (հիմք ընդունելով այդ անձի համար սահմանված կարգով ներկայացված և մերժված վերջին դիմումը), շահառուն դրամական օգնության իրավունք է ձեռք բերում (բավարարում է սույն միջոցառման պայմաններին) ավելի վաղ ժամկետից (դրամական օգնություն կարող էր նշանակվել ավելի վաղ ժամկետից), ապա այդ տվյալների հիման վրա դրամական օգնությունը նշանակվում է դրամական օգնության իրավունք ձեռք բերելու ամսվանից` այդ ամիսների համար չվճարված դրամական օգնության գումարը ներառելով առաջիկա ամսվա վճարման ցուցակում: Եթե անձը դրամական օգնության իրավունք է ձեռք բերում 2021 թվականի մարտից մինչև 2021 թվականի հունիս ամիսը ներառյալ, հաշմանդամ անձ ճանաչվելու հիմքով, ապա նրան ծառայությունը դրամական օգնությունը նշանակում է կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք չբերած ամիսների համար` սկսած հաշմանդամ ճանաչվելու ամսվանից, իսկ նախարարությունը վճարում է կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու ամսվան հաջորդող ամիսների համար:

(18-րդ կետը փոփ. 22.04.2021 թիվ 640-Լ, 02.09.2021 թիվ 1415-Լ որոշումներ)

19. Բացառությամբ սույն որոշման 5-րդ կետով նախատեսված դեպքի` ամսական դրամական օգնության գումարը վճարվում է`

1) ծառայության կողմից` անկանխիկ եղանակով` շահառուի (անչափահաս երեխայի դեպքում` ծնողի կամ խնամակալի) քարտային հաշվին փոխանցելու միջոցով.

2) նախարարության կողմից` կենսաթոշակի հետ միասին, կենսաթոշակի վճարման եղանակով, այդ թվում` շահառուի (անչափահաս շահառուի դեպքում` ծնողի կամ խնամակալի) կողմից Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում տրված և Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագրով:

(19-րդ կետը փոփ. 02.03.2021 թիվ 265-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 25-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/,

22.04.2021 թիվ 640-Լ որոշումներ)

20. Ծառայության կողմից ձևավորված վճարման ցուցակում ներառվում են`

1) բանկի անվանումը.

2) շահառուի, իսկ անչափահաս շահառուի դեպքում` նրա (ծնողի կամ խնամակալի) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը.

3) երեխայի (երեխաների) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը.

4) շահառուի (անչափահաս երեխայի դեպքում` ծնողի կամ խնամակալի) քարտային հաշվի համարը.

5) վճարման ենթակա գումարը:

21. Բացառությամբ սույն որոշման 5-րդ կետով նախատեսված դեպքի, վճարման ցուցակը և տվյալ բանկի միջոցով շահառուներին վճարման ենթակա գումարները, ոչ ուշ, քան վճարման ցուցակը ձևավորվելու հաջորդ օրը ծառայությունը փոխանցում է բանկին` դրա մասին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով շահառուների հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին:

(21-րդ կետը փոփ. 02.03.2021 թիվ 265-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 25-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/ որոշում)

22. Դրամական օգնության գումարը շահառուի (անչափահաս երեխայի դեպքում` ծնողի կամ խնամակալի) բանկի կողմից վճարվում է շահառուի (անչափահաս երեխայի դեպքում` ծնողի կամ խնամակալի) քարտային հաշվին փոխանցելու միջոցով: Եթե շահառուն (անչափահաս երեխայի դեպքում` ծնողը կամ խնամակալը) սխալ է նշում իր քարտային հաշվին կցված վճարային քարտի համարը կամ որևէ այլ պատճառով հնարավոր չէ գումարը փոխանցել շահառուի (անչափահաս երեխայի դեպքում` ծնողի կամ խնամակալի) քարտային հաշվին, ապա բանկը վճարումն իրականացնում է շահառուի (անչափահաս երեխայի դեպքում` ծնողի կամ խնամակալի)` ընտրված բանկի մասնաճյուղ անձամբ ներկայանալու և վերջինիս նույնականացնելու դեպքում:

23. Սույն որոշման 5-րդ կետում նշված դեպքում, եթե մինչև 2021 թվականի հունիսի 30-ը շահառուն (անչափահաս երեխայի դեպքում` ծնողը կամ խնամակալը) բանկին չի ներկայացնում դրամական օգնության գումարն ստանալու պահանջ, ապա գումարը մինչև 2021 թվականի հուլիսի 5-ը բանկի կողմից վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` ծառայությանը տրամադրելով այն շահառուների (անչափահաս երեխայի դեպքում` նաև ծնողի կամ խնամակալի) տվյալներն ում չի վճարվել դրամական օգնության գումարը և ամիսները, որոնց համար բանկին փոխանցված դրամական օգնության գումարը չի վճարվել շահառուին (անչափահաս երեխայի դեպքում` ծնողին կամ խնամակալին): Սույն կարգի 26-րդ կետով նախատեսված դեպքում գումարները վերադարձնելու հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են այդ կետով սահմանված կարգով կնքված պայմանագրերի շրջանակներում:

(23-րդ կետը փոփ. 02.03.2021 թիվ 265-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 25-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/ որոշում)

23.1. Սույն կարգի 23-րդ կետի համաձայն` մինչև 2021 թվականի հուլիսի 5-ը բանկի կողմից վերադարձված դրամական օգնության գումարները ծառայությունը կրկին վճարման է ուղարկում մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը` վճարման ցուցակները ձևավորելով բանկի տրամադրած` շահառուների (անչափահաս երեխայի դեպքում` նաև ծնողի կամ խնամակալի) տվյալների հիման վրա:

(23.1-ին կետը լրաց. 02.09.2021 թիվ 1415-Լ որոշում)

24. Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

25. (25-րդ կետն ուժը կորցրել է 02.03.2021 թիվ 265-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 25-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/ որոշում)

26. (26-րդ կետն ուժը կորցրել է 02.03.2021 թիվ 265-Լ /գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 25-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/ որոշում)

25. Սույն կարգի 22-րդ կետում նշված դեպքում, երբ շահառուն (անչափահաս շահառուի դեպքում` ծնողը կամ խնամակալը, ում տվյալները ներառվել են վճարման ցուցակում, այսուհետ` երեխայի օրինական ներկայացուցիչը) սխալ է նշում իր քարտային հաշվին կցված վճարային քարտի համարը կամ որևէ այլ պատճառով հնարավոր չէ գումարը փոխանցել շահառուի (երեխայի օրինական ներկայացուցչի) քարտային հաշվին և մինչև 2022 թվականի հունվարի 31-ը շահառուին (երեխայի օրինական ներկայացուցչին) դրամական աջակցությունը չի վճարվում (շահառուն, երեխայի օրինական ներկայացուցիչը բանկին չի ներկայացնում գումարն ստանալու պահանջ), ապա բանկը փոխանցված գումարը մինչև 2022 թվականի փետրվարի 4-ը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` ծառայությանը տրամադրելով գումարի չափը և այն շահառուների տվյալները, ում դրամական օգնությունը չի վճարվել: Սույն կարգի 27-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում, եթե մինչև 2022 թվականի հունվարի 31-ը դրամական օգնությունը չի վճարվում (բանկին չի ներկայացվում գումարն ստանալու պահանջ), ապա փոխանցված գումարը մինչև 2022 թվականի փետրվարի 4-ը բանկը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` ծառայությանը տրամադրելով գումարի չափը և այն շահառուների տվյալները, ում դրամական օգնությունը չի վճարվել:

(նոր 25-րդ կետը փոփ. 22.04.2021 թիվ 640-Լ, 02.09.2021 թիվ 1415-Լ, 23.12.2021 թիվ 2162-Լ որոշումներ)

26. Եթե նախարարության կողմից վճարվող աջակցության գումարը մինչև 2022 թվականի հունվարի 31-ը չի վճարվում (չի փոխանցվում շահառուի կամ երեխայի օրինական ներկայացուցչի բանկային հաշվին կամ նրանց չի վճարվում կանխիկ եղանակով` Հայփոստի կամ Արցախփոստի միջոցով), վճարող կազմակերպությունները չվճարված դրամական օգնության գումարները մինչև 2022 թվականի փետրվարի 4-ը վերադարձնում են նախարարություն, իսկ նախարարությունը մինչև 2022 թվականի փետրվարի 10-ը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` գումարի չափի մասին տեղեկացնելով ծառայությանը: Սույն կարգի 27-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում, եթե մինչև 2022 թվականի հունվարի 31-ը դրամական օգնությունը չի վճարվում, ապա չվճարված դրամական օգնության գումարները մինչև 2022 թվականի փետրվարի 4-ը վճարող կազմակերպությունները վերադարձնում են նախարարություն, իսկ նախարարությունը մինչև 2022 թվականի փետրվարի 10-ը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` գումարի չափի մասին տեղեկացնելով ծառայությանը:

(նոր 26-րդ կետը փոփ. 22.04.2021 թիվ 640-Լ, 02.09.2021 թիվ 1415-Լ, 23.12.2021 թիվ 2162-Լ որոշումներ)

27. Սույն կարգի հիման վրա նշանակված և շահառուի (երեխայի օրինական ներկայացուցչի) մահվան պատճառով չվճարված դրամական օգնության գումարը վճարվում է շահառուի ամուսնուն կամ 14 տարին լրացած երեխային կամ Արցախի Հանրապետությունում շահառուի հետ նույն բնակության վայրի հասցեով բնակվող ընտանիքի այլ անդամին, իսկ անչափահաս շահառուի ծնողի մահվան դեպքում` շահառուի մյուս ծնողին կամ 14 տարին լրացած քրոջը կամ 14 տարին լրացած եղբորը կամ Արցախի Հանրապետությունում շահառուի հետ նույն բնակության վայրի հասցեով բնակվող ընտանիքի այլ անդամին, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (շահառուի կամ երեխայի օրինական ներկայացուցչի մահվան վկայականը, դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը և այլն) ծառայություն (եթե մահացած շահառուի կամ երեխայի օրինական ներկայացուցչի տվյալները ներառված են եղել ծառայության կազմած վճարման ցուցակում) կամ նախարարություն (եթե մահացած շահառուի կամ երեխայի օրինական ներկայացուցչի տվյալները ներառված են եղել նախարարության կազմած վճարման ցուցակում) են ներկայացվում`

1) մինչև 2021 թվականի դեկտեմբերի 24-ը` շահառուի փոփոխության վերաբերյալ ծառայության կողմից բանկին տրված տեղեկատվության հիման վրա կամ նախարարության տված և վճարող կազմակերպություն ներկայացրած տեղեկանքի հիման վրա.

2) 2021 թվականի դեկտեմբերի 24-ին և դրանից հետո` մինչև 2021 թվականի դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում` անկանխիկ եղանակով` բանկի միջոցով:

(27-րդ կետը փոփ. 22.04.2021 թիվ 640-Լ, 02.09.2021 թիվ 1415-Լ, 23.12.2021 թիվ 2162-Լ որոշումներ)

28. Սույն կարգի 27-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում դրամական օգնության գումարներ վճարելու համար ծառայությունը կամ նախարարությունը ձևավորում է վճարման ցուցակ, որում ներառվում են`

1) մահացած շահառուին նշանակված, սակայն նրա կամ երեխայի օրինական ներկայացուցչի մահվան պատճառով չվճարված գումարն ստանալու համար դիմում ներկայացրած անձի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը և վճարման ենթակա գումարը, Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում բացված` անձի քարտային հաշվին կցված վճարային քարտի 16-նիշանոց համարը.

2) մահացած շահառուի կամ երեխայի օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), նախորդ վճարման ցուցակում ներառված` նրա անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը:

(28-րդ կետը փոփ. 22.04.2021 թիվ 640-Լ որոշում)

29. Սույն կարգի 27-րդ և 28-րդ կետերի գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ շահառուն (երեխայի օրինական ներկայացուցիչը) կենսաթոշակառու է և դատարանի վճռով ճանաչվել է անհայտ բացակայող` անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը նախարարություն ներկայացնելու դեպքում:

(29-րդ կետը լրաց. 02.09.2021 թիվ 1415-Լ որոշում)

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.02.2021
N 218-Լ
Որոշում