Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 30 նոյեմբերի 2021 թ.

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1086-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 236-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՑ) ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽԵՂՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՎՆԱՍՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 579 ՈՐՈՇՄԱՆ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի «ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ` ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՃԱՆԱՉՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՄ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՊԻՏԱԼԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ ՏՈՒԺՈՂԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 914-Ն ՈՐՈՇՄԱՆ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` Մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Մոսինյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Կառավարության,

i

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի և 68-րդ հոդվածի,

i

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1086-րդ հոդվածի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 236-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 1992 թվականի նոյեմբերի 15-ի «Ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) աշխատողներին աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգի մասին կանոնները հաստատելու մասին» թիվ 579 որոշման, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ սնանկ ճանաչման դեպքում համապատասխան վճարների կապիտալացման և դրանք տուժողին վճարելու կարգը հաստատելու մասին» թիվ 914-Ն որոշման` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ` նաև Քաղաքացիական օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի հուլիսի 28-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ին:

i

Քաղաքացիական օրենսգրքի «Վնասների հատուցումն իրավաբանական անձը դադարելու դեպքում» վերտառությամբ 1086-րդ հոդվածը սահմանում է.

«1. Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում համապատասխան հատուցում վճարելու պարտականությունը կրում է նրա իրավահաջորդը: Նրան ներկայացվում են վնասի հատուցման մասին պահանջները:

2. Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման դեպքում համապատասխան վճարներն օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կանոններով կապիտալացվում են` դրանք տուժողին վճարելու համար:

Օրենքով կամ այլ իրավական ակտերով կարող են սահմանվել վճարները կապիտալացնելու այլ դեպքեր»:

Վերոնշյալ դրույթն ընդունման պահից փոփոխության և կամ լրացման չի ենթարկվել:

ՀՀ աշխատանքային օրենսգիրքը (այսուհետ` նաև Աշխատանքային օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2004 թվականի նոյեմբերի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2004 թվականի դեկտեմբերի 14-ին և ուժի մեջ է մտել 2005 թվականի հունիսի 21-ին:

i

Աշխատանքային օրենսգրքի` «Վնասի հատուցումը կազմակերպության լուծարման դեպքում» վերտառությամբ 236-րդ հոդվածով սահմանվում է.

«Կազմակերպության լուծարման դեպքում աշխատողին պատճառված վնասը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված կարգով ենթակա է հատուցման»:

Վերոնշյալ դրույթն ընդունման պահից փոփոխության և կամ լրացման չի ենթարկվել:

i

ՀՀ կառավարության 1992 թվականի նոյեմբերի 15-ի «Ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) աշխատողներին աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության(1) այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգի մասին կանոնները հաստատելու մասին» թիվ 579 որոշումը (այսուհետ` նաև ՀՀ կառավարության թիվ 579 որոշում) ՀՀ կառավարության կողմից ընդունվել, ՀՀ վարչապետի կողմից ստորագրվել և ուժի մեջ է մտել 1992 թվականի նոյեմբերի 15-ին:

 

___________________________________

1) www.arlis.am պաշտոնական կայքում նշված է «առողջապահության»:

 

Վերոնշյալ որոշմամբ սահմանվում են ընդհանուր դրույթներ աշխատողներին աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգի մասին, ինչպես նաև փոխհատուցման ենթակա վնասի չափի որոշման, վնասի փոխհատուցման գումարի վճարման կարգի վերաբերյալ կարգավորումներ:

i

Վերոնշյալ որոշմամբ հաստատված կանոնների 7-րդ կետը լրացվել և հետագայում խմբագրվել է ՀՀ կառավարության համապատասխանաբար` 09.07.1997թ. թիվ 258 և 25.06.2004թ. թիվ 1040-Ն որոշումներով:

i

ՀՀ կառավարության 22.07.2004թ. թիվ 1094-Ն որոշմամբ որոշվել է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության թիվ 579 որոշմամբ սահմանված կանոնների 16-րդ կետը:

i

ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ սնանկ ճանաչման դեպքում համապատասխան վճարների կապիտալացման և դրանք տուժողին վճարելու կարգը հաստատելու մասին» թիվ 914-Ն որոշումը (այսուհետ նաև` ՀՀ կառավարության թիվ 914-Ն որոշում) ՀՀ կառավարության կողմից ընդունվել է 2009 թվականի հուլիսի 23-ին, ՀՀ վարչապետի կողմից ստորագրվել` 2009 թվականի օգոստոսի 12-ին և ուժի մեջ է մտել 2009 թվականի օգոստոսի 29-ին:

i

Վերոնշյալ որոշմամբ ամրագրվում են դրույթներ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման դեպքում, Քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն, երկրորդ հերթով, իսկ իրավաբանական անձին սնանկ ճանաչելու դեպքում` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված պահանջների բավարարման համար անհրաժեշտ գումարների հաշվարկման, կապիտալացման և դրանք տուժողին վճարելու կարգի վերաբերյալ:

Ընդունման պահից վերոնշյալ որոշման մեջ փոփոխություններ չեն կատարվել:

Գործի քննության առիթը Մարդու իրավունքների պաշտպանի` 2021 թվականի մարտի 17-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, վերլուծելով սույն գործին առնչվող իրավական ակտերը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Սույն դիմումով վիճարկվող իրավակարգավորումների սահմանադրականությունը դիմողը դիտարկել է Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի բովանդակության, դրա սահմանափակման համար սահմանադրական և միջազգային երաշխիքների, Սահմանադրությամբ ամրագրված համաչափության, խտրականության արգելքի սկզբունքների, ինչպես նաև հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու սահմանադրական պահանջների ապահովման համատեքստում:

Վերլուծելով քաղաքացիական և աշխատանքային օրենսդրությամբ, ինչպես նաև Կառավարության համապատասխան որոշումներով աշխատողներին աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ ամրագրված կարգավորումները` դիմողը նշում է, որ դրանցով լուծում չեն ստացել այն դեպքերը, երբ կազմակերպության լուծարման դեպքում կապիտալացված գումարները չեն բավարարում դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցման համար:

i

Դիմողը նշում է, որ սույն գործով բարձրացված խնդրի լուծումն ապահովող դրույթը ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի թիվ 1094-Ն որոշմամբ ճանաչվել է ուժը կորցրած: Մասնավորապես` ՀՀ կառավարության 1992 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 579 որոշմամբ հաստատված կանոնների 16-րդ կետի համաձայն` կազմակերպության լուծարման կամ վերակառուցման հետևանքով նրա գործունեության դադարեցման դեպքում վնասը փոխհատուցում է (վնասի փոխհատուցումը շարունակում է) նրա իրավահաջորդը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` սոցիալական ապահովության մարմինը` պետական բյուջեի հաշվին:

Արդյունքում` տվյալ փոփոխության հետևանքով փոխհատուցում ստանալու երաշխիքը, դիմողի համոզմամբ, վերացվել է այն դեպքերի համար, երբ պատճառված վնասի համար պատասխանատու կազմակերպությունները լուծարվել են 2004 թվականի օգոստոսի 1-ից հետո:

Քաղաքացիական և աշխատանքային օրենսդրության, ինչպես նաև կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցմանն առնչվող ենթաօրենսդրական իրավական ակտերի ուսումնասիրության արդյունքում դիմողը գտնում է, որ «.... կազմակերպության լուծարման կամ բացակայության դեպքում դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով տուժած անձանց վնասի հատուցում ստանալու իրավունքի իրացման համար բացակայում են անհրաժեշտ իրավական կառուցակարգեր: Մասնավորապես, ներպետական օրենսդրությունն այնքանով, որքանով չի ամրագրում լուծարված կազմակերպության կապիտալացված վճարները չբավարարելու դեպքում տուժողին պատճառված վնասի փոխհատուցման հնարավորությունը և պետության հանդիպակաց պարտականությունը, առաջ է բերում սահմանադրական մի շարք պահանջների չպահպանման հարց»:

Վիճարկվող իրավակարգավորումները դիտարկելով սեփականության իրավունքի և դրա սահմանափակման իրավաչափության համատեքստում` դիմողը նշում է, որ կազմակերպության լուծարման դեպքում, երբ բացակայում են անհրաժեշտ միջոցները, վնասի հատուցմանն առնչվող ներպետական կարգավորումները չեն բխում անձի` Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի էությունից ու բովանդակությունից, ինչպես նաև այդ իրավունքի պաշտպանությունը երաշխավորելու հանրային իշխանության սահմանադրաիրավական հանձնառության էությունից: Բացի դրանից, ապահովված չէ արդար հավասարակշռությունը հասարակության ընդհանուր շահերի և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության միջև:

Սույն գործով բարձրացված խնդիրը դիտարկելով վնասի հատուցման իրավունքի համատեքստում` դիմողը նշում է, որ վնասի հատուցում ստանալու իրավունքի իրացման համար գործուն կառուցակարգերի բացակայության հետևանքով խաթարվում է Սահմանադրությամբ ամրագրված այն պահանջի կատարումը, որով սոցիալական պետության հիմնական խնդիրներից է հռչակվել տարեց մարդկանց արժանապատիվ կենսամակարդակի ապահովումը:

Դիմողը նշում է նաև, որ վիճարկվող իրավակարգավորումների պայմաններում նույն իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ տարբերակված մոտեցում է դրսևորվում, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ պատճառված վնասի համար պատասխանատու ճանաչված կազմակերպությունները լուծարվել են տարբեր ժամանակաշրջաններում:

i

Ամփոփելով իր դիրքորոշումները` դիմողը խնդրում է որոշել վիճարկվող իրավակարգավորումների համապատասխանությունը Սահմանադրության 29-րդ, 60-րդ, 75-րդ, 78-րդ և 81-րդ հոդվածներին այնքանով, որքանով քաղաքացիական և աշխատանքային օրենսդրությամբ, ինչպես նաև կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցմանն առնչվող իրավական ակտերով չեն սահմանվում գործուն իրավական կառուցակարգեր` ուղղված կազմակերպության լուծարման կամ բացակայության դեպքում աշխատավայրում դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալուն:

 

2. Պատասխանողների դիրքորոշումները

2.1. Ազգային ժողովի դիրքորոշումները

i

Պատասխանողը նշում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի իրավական պրակտիկային համահունչ ներպետական օրենսդրությամբ ամրագրվել են բոլոր անհրաժեշտ և բավարար կառուցակարգերը` ապահովելու աշխատողի` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցում ստանալու իրավունքը, ուստի` վիճարկվող դրույթների` Սահմանադրության 60, 75, 78 և 81-րդ հոդվածներին հակասելու վերաբերյալ դիմողի պնդումներն անհիմն են:

Վիճարկվող դրույթները դիտարկելով խտրականության արգելքի սկզբունքի համատեքստում` պատասխանողը նշում է, որ զարգացող հասարակական հարաբերություններին ընդառաջ իրականացվող օրենսդրական փոփոխությունների հետևանքով միևնույն հարաբերությունները կարգավորող նորմերը տարբեր ժամանակներում կարող են տարբեր լինել, որը, սակայն, խտրականություն կամ տարբերակված մոտեցում չի կարող դիտարկվել ինչպես մինչ այդ փոփոխությունը գոյություն ունեցող, այնպես էլ դրանից հետո առաջացող իրավահարաբերությունների մասնակիցների նկատմամբ: Ուստի` ըստ պատասխանողի` դիմողի այն դիրքորոշումը, որ օրենսդրական նախկին և ներկա կարգավորումները բովանդակում են տարբեր իրավական լուծումներ` այդպիսով հանգեցնելով խտրական մոտեցման, անընդունելի է, քանի որ նման տրամաբանության դեպքում կստեղծվի մի իրավիճակ, երբ զարգացող հասարակական հարաբերությունների պահանջներով պայմանավորված այս կամ այն իրավանորմի փոփոխությունն անհնար կդառնա:

i

Ամփոփելով իր դիրքորոշումները` պատասխանողը եզրահանգում է, որ վիճարկվող իրավակարգավորումները համապատասխանում են Սահմանադրության 29, 60, 75, 78 և 81-րդ հոդվածներին:

 

2.2. Կառավարության դիրքորոշումները

i

Ըստ պատասխանողի` սոցիալական ապահովության ոլորտում պետության պարտականությունների իրագործման հարցում պետության հայեցողության թույլատրելի շրջանակներում` ՀՀ կառավարությունը 2004 թվականի հուլիսի 22-ի թիվ 1094-Ն որոշման ընդունմամբ իրավաչափորեն հրաժարվել է այն մոտեցումից, որի համաձայն` կազմակերպության լուծարման կամ վերակառուցման հետևանքով նրա գործունեության դադարեցման և կապիտալացված միջոցների անբավարարության դեպքում վնասը փոխհատուցում է (վնասի փոխհատուցումը շարունակում է) սոցիալական ապահովության մարմինը` պետական բյուջեի հաշվին:

Պատասխանողը նշում է, որ 1992 թվականին, երբ նոր էր ձևավորվում շուկայական տնտեսությունը, և ձևավորվում էին իրավաբանական անձինք, պետությունը որդեգրել էր մոտեցում, համաձայն որի` պատրաստ էր հատուցելու այդ իրավաբանական անձանց կողմից պատճառված վնասը դրանց լուծարման դեպքում: Սակայն հետո, երբ տնտեսությունը զարգացավ, Հայաստանի Հանրապետությունում ստեղծվեցին բազմաթիվ իրավաբանական անձինք, որոնք ակտիվորեն գործունեություն էին ծավալում, Հայաստանի Հանրապետությունը հրաժարվեց այն մոտեցումից, որի համաձայն` կազմակերպության լուծարման կամ վերակառուցման հետևանքով նրա գործունեության դադարեցման և կապիտալացված միջոցների անբավարարության դեպքում վնասը փոխհատուցում է (վնասի փոխհատուցումը շարունակում է) սոցիալական ապահովության մարմինը` պետական բյուջեի հաշվին: Նշված փոփոխությունը իրավաչափ էր այն առումով, որ պետությունը փոփոխված սոցիալ-տնտեսական պայմաններում ևս մեկ անգամ գնահատեց իր հնարավորությունները, դրանք համադրեց քննարկվող երաշխիքի սահմանման անհրաժեշտության հետ և դրսևորեց իր մոտեցումը` սոցիալական քաղաքականության տեսանկյունից:

Վերոգրյալի համատեքստում վերլուծելով վիճարկվող իրավակարգավորումները` պատասխանողը գտնում է, որ պետությունն ունի հստակ կառուցակարգեր իրավաբանական անձի լուծարման դեպքում վերջինիս կողմից պատճառված վնասները հատուցելու համար և այդ ոլորտում իրավաչափորեն որդեգրել է հստակ քաղաքականություն:

Պատասխանողը նշում է նաև, որ լուծարված կազմակերպության կապիտալացված վճարները բավարար չլինելու դեպքում պետության կողմից դրանց վճարումը չի մտնում սոցիալական ապահովության պաշտպանության առարկայի մեջ, օրենսդրի հայեցողությանն է վերապահվում նշված խնդրի կարգավորումը` ելնելով ոլորտում պետական քաղաքականության նպատակներից և առաջնահերթություններից, ֆինանսական միջոցների առկայությունից և դրանց արդյունավետ օգտագործումից: Ընդ որում` պատասխանողի կարծիքով` այս գործառույթների իրականացման համար օրենսդրին և Կառավարությանը վերապահված հայեցողության գնահատումը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից, հետևաբար` պատասխանողի համոզմամբ` դիմումով վիճարկվող դրույթների իրավակարգավորումներն ամբողջությամբ համապատասխանում են սոցիալական ապահովության ոլորտում պետության պարտականությունների իրագործման հարցում պետության հայեցողության թույլատրելի շրջանակներին, և այս առումով առկա չէ վիճարկվող դրույթների սահմանադրականության խնդիր:

Վիճարկվող իրավակարգավորումները դիտարկելով խտրականության արգելքի սկզբունքի համատեքստում` պատասխանողը նշում է, որ պետական բյուջեի միջոցների հաշվին վնասի հատուցման իրավունքի պահպանումը միայն այն անձանց համար, որոնք այդ իրավունքն արդեն իսկ ձեռք էին բերել նախկինում գործող օրենսդրության հիման վրա, չի կարող դիտարկվել Սահմանադրության 29-րդ հոդվածում նշված որևէ հիմքի ներքո, ինչպես նաև իր բնույթով չի կարող դասվել Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված «անձնական» կամ «սոցիալական» բնույթի հանգամանքների շարքին:

i

Անդրադառնալով վիճարկվող դրույթների` սեփականության իրավունքին համապատասխանության հարցին` պատասխանողն արձանագրում է, որ աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված առողջության վնասման հետևանքով պետական միջոցների հաշվին պատճառված վնասի հատուցում ստանալու լեգիտիմ ակնկալիքներ չէին կարող ունենալ այն անձինք, որոնք մինչ ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի թիվ 1094-Ն որոշման ուժի մեջ մտնելը ձեռք չէին բերել այդ իրավունքը, հետևաբար` սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում չկա սեփականության իրավունքով պաշտպանության ենթակա իրավաչափ շահ:

i

Ամփոփելով իր դիրքորոշումները` պատասխանողը եզրահանգում է, որ վիճարկվող իրավակարգավորումները համապատասխանում են Սահմանադրության 29, 60, 75, 78 և 81-րդ հոդվածներին:

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

i

Հաշվի առնելով այն, որ դիմողը վիճարկվող դրույթների և նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականությունը վիճարկում է աշխատողներին աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ արդյունավետ կարգավորումների բացակայության տեսանկյունից, մասնավորապես` նշելով, որ դրանցով լուծում չեն ստացել այն դեպքերը, երբ կազմակերպության լուծարման դեպքում կապիտալացված գումարները չեն բավարարում դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցման համար, Սահմանադրական դատարանը սույն գործի շրջանակներում վիճարկվող` Քաղաքացիական և Աշխատանքային օրենսգրքերի համապատասխան հոդվածների, ինչպես նաև ՀՀ կառավարության թիվ 579 և թիվ 914-Ն որոշումներով հաստատված կանոնակարգերի սահմանադրականությունը կգնահատի միայն լուծարվող իրավաբանական անձանց միջոցների անբավարարության դեպքում աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման իրավունքի իրացման տեսանկյունից:

Վերոգրյալից ելնելով` Սահմանադրական դատարանը սույն գործով սահմանադրաիրավական վեճի լուծման համար անհրաժեշտ է համարում անդրադառնալ, մասնավորապես, հետևյալ հարցադրումներին.

- արդյոք վիճարկվող դրույթներով նախատեսված` աշխատողների` աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ կարգավորումները համահունչ են Սահմանադրությամբ նախատեսված` անձի` աշխատավայրում դժբախտ պատահարների և օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունքին, և արդյոք այդ իրավունքի արդյունավետ իրականացման համար վիճարկվող դրույթներով նախատեսված են անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր` բացառելով օրենսդրական բացի առկայությունը,

- արդյոք վիճարկվող դրույթներով նախատեսված` աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ կարգավորումները չեն խախտում անձանց` Սահմանադրությամբ նախատեսված սեփականության իրավունքը,

i

- արդյոք վիճարկվող դրույթներով նախատեսված իրավակարգավորումները չեն խախտում խտրականության արգելքի սահմանադրաիրավական սկզբունքը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 579 որոշմամբ հաստատված կանոնակարգով` մինչև ՀՀ կառավարության 22.07.2004 թ. թիվ 1094-Ն որոշմամբ փոփոխություն կատարելը, նախատեսվում էր աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասների` պետական բյուջեից փոխհատուցման հնարավորություն:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

i

4.1. Սահմանադրության «Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները և պետության քաղաքականության հիմնական նպատակները» վերտառությամբ 3-րդ գլխի շրջանակներում, ի թիվս այլնի, ամրագրվում է նաև սոցիալական ապահովության իրավունքը (հոդված 83), որով, մասնավորապես, սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի մայրության, բազմազավակության, հիվանդության, հաշմանդամության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու, կերակրողին կորցնելու, ծերության, գործազրկության, աշխատանքը կորցնելու և այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք:

Սահմանադրությունն ամրագրել է անձի սոցիալական ապահովության իրավունքը` դրանում ներառելով նաև աշխատավայրում դժբախտ պատահարների դեպքում սոցիալական ապահովություն ստանալու իրավական հնարավորությունը, միևնույն ժամանակ դրա ամրագրման պայմանների և կարգի սահմանումը վերապահել է օրենսդրին:

Սահմանադրությամբ հիմնական իրավունքների և ազատությունների և տնտեսական, սոցիալական ու մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքների և պետության քաղաքականության հիմնական նպատակների տարանջատումը ենթադրում է դրանց ապահովման տարբեր ռեժիմների առկայություն, որի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել Սահմանադրական դատարանը` նշելով, մասնավորապես, հետևյալը.

i

«....2015թ. խմբագրությամբ Սահմանադրությունը կառուցված է մարդու հիմնական իրավունքների` որպես անմիջականորեն գործող իրավունքների (Սահմանադրության գլուխ 2-րդ) ու տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքների ու պետության քաղաքականության հիմնական նպատակների հստակ տարանջատման մոտեցման վրա (Սահմանադրության գլուխ 3-րդ): Վերջիններիս Սահմանադրությամբ տրամադրվում է ամրագրման և պաշտպանության այլ ռեժիմ ու պարտադիրություն. պետություններն ապահովում են օրենսդրական երաշխիքներն ու պետության սոցիալական նպատակները միայն իրենց հնարավորությունների շրջանակում»

(12.06.2019 թ., ՍԴՈ-1419):

i

Բացի դրանից, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է իր ունեցած ռեսուրսների առավելագույն սահմաններում, անհատապես և միջազգային օգնության ու համագործակցության միջոցով, ձեռնարկել միջոցներ, մասնավորապես, տնտեսական և տեխնիկական բնագավառներում, առաջադիմորեն հասնելու համար Դաշնագրում ճանաչվող իրավունքների լիարժեք իրականացմանը` բոլոր պատշաճ միջոցներով, ներառյալ, մասնավորապես, օրենսդրական միջոցների ընդունմամբ:

i

Այսինքն` տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքների և պետության քաղաքականության հիմնական նպատակների ամրագրումն ու տարանջատումը հիմնական իրավունքներից և ազատություններից վկայում է այն մասին, որ պետությունը, հավասարապես կարևորում է այդ ոլորտներում օրենսդրական անհրաժեշտ երաշխիքների ամրագրումն ու կենսագործումը: Մյուս կողմից` Սահմանադրական դատարանը 2014 թվականի ապրիլի 2-ի ՍԴՈ-1142 որոշմամբ դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «Սոցիալական ապահովությունն անձի իրավունք լինելուց զատ պետության պոզիտիվ պարտավորությամբ պայմանավորված նպատակային գործառույթ է»: Այսինքն` սոցիալական ապահովության, այդ թվում` աշխատավայրում դժբախտ պատահարների դեպքում սոցիալական ապահովության իրավական երաշխիքների ամրագրումն իրեն սոցիալական հռչակած պետության պարտականությունն է, իսկ այդպիսի երաշխիքներ ամրագրող օրենսդրական կարգավորումները պետք է լինեն հնարավորինս հստակ և որոշակի` ապահովելով խտրականության արգելքի սահմանադրաիրավական սկզբունքի պահանջները:

Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պետության պարտականությունն է սահմանել պատշաճ կառուցակարգեր` աշխատողների` աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասների արդյունավետ փոխհատուցման համար, ինչը կարող է դրսևորվել ինչպես պետական բյուջեից փոխհատուցում վճարելով, այնպես էլ այնպիսի իրավակարգավորումներ նախատեսելու միջոցով, որոնք կապահովեն փոխհատուցում ստանալու անձի հնարավորությունը:

i

4.2. Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:

Սահմանադրության վերոնշյալ պահանջն ուղղված է Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ և իրական կենսագործմանը, քանի որ իրավունքի կամ ազատության միայն ամրագրումը բավարար չէ տրված իրավական հնարավորության լիարժեք իրացման համար, ուստի համապատասխան կառուցակարգերի և ընթացակարգերի օրենսդրական ամրագրումն անհրաժեշտ երաշխիք է հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացումն ապահովելու հարցում:

i

Սահմանադրական դատարանն իր` 2016 թվականի նոյեմբերի 29-ի ՍԴՈ-1325 որոշմամբ արտահայտել է դիրքորոշում առ այն, որ` «.... Հայաստանի Հանրապետության Սահմանադրության «Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը» վերտառությամբ 75-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր»: Չնայած օրենսդրական կանոնակարգման տվյալ սահմանադրական պահանջն անմիջականորեն վերաբերում է հիմնական իրավունքներին և ազատություններին, սակայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ գլխում ամրագրված երաշխիքները նույնպես պետք է բավարարեն արդյունավետության սահմանադրական պահանջը»:

i

Սահմանադրության երրորդ գլուխը նվիրված է տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքների և պետության քաղաքականության հիմնական նպատակների ամրագրմանը: Վերոնշյալ ոլորտներում օրենսդրական երաշխիքների և պետության քաղաքականության հիմնական նպատակների վերաբերյալ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը հանգում է հետևյալին. «Սահմանադրական դատարանը գտնում է, որ սոցիալական ապահովության ոլորտում, հաշվի առնելով Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված սկզբունքը` փոխկապակցված Սահմանադրության 3-րդ գլխում սահմանված օրենսդրական երաշխիքների և պետության քաղաքականության հիմնական նպատակների հետ, պետությունն ունի սկզբունքորեն լայն հայեցողություն քաղաքականություն մշակելու և այն իրականացնելու հարցերում, այդ թվում` հիմնվելով տնտեսական և ֆինանսական ընթացիկ հնարավորությունների վրա` միևնույն ժամանակ այդ սահմաններում գործադրելով Սահմանադրությամբ կանխորոշված հնարավոր ջանքերը` սոցիալական ապահովության մակարդակը հետևողականորեն բարելավելու ուղղությամբ»

(18.06.2019 թ., ՍԴՈ-1463):

i

4.3. Քաղաքացիական օրենսգրքի «Վնասների հատուցումն իրավաբանական անձը դադարելու դեպքում» վերտառությամբ 1086-րդ հոդվածով ամրագրվում են ինչպես իրավաբանական անձի վերակազմակերպման, այնպես էլ լուծարման դեպքերում վնասների հատուցման առանձնահատկությունները` սահմանելով, որ`

«1. Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում համապատասխան հատուցում վճարելու պարտականությունը կրում է նրա իրավահաջորդը: Նրան ներկայացվում են վնասի հատուցման մասին պահանջները:

2. Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման դեպքում համապատասխան վճարներն օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կանոններով կապիտալացվում են` դրանք տուժողին վճարելու համար:

Օրենքով կամ այլ իրավական ակտերով կարող են սահմանվել վճարները կապիտալացնելու այլ դեպքեր»:

i

Վերոնշյալ դրույթներն ամբողջությամբ բխում են Քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված` քաղաքացիական օրենսդրության սկզբունքներից, իսկ հիշատակված հոդվածով նախատեսված կարգավորումներն առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման համար անհրաժեշտ կառուցակարգեր են:

i

Ինչ վերաբերում է Աշխատանքային օրենսգրքին, ապա հարկ է նշել, որ վերջինս` որպես աշխատանքային իրավունքների պաշտպանության եղանակ, ի թիվս այլնի, նախատեսում է վնասի հատուցում ստանալու իրավունքը (38-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետ): Ընդ որում` Աշխատանքային օրենսգիրքը անդրադառնում է նաև կազմակերպության վերակազմակերպման կամ լուծարման դեպքերում վնասի հատուցման հարցին` նշելով, որ վնասը հատուցելու պարտավորություն ունեցող կազմակերպության վերակազմակերպման դեպքում վնասի հատուցման պարտավորությունը փոխանցվում է իրավահաջորդության կարգով` փոխանցման ակտին կամ բաժանիչ հաշվեկշռին համապատասխան (235-րդ հոդված), իսկ կազմակերպության լուծարման դեպքում աշխատողին պատճառված վնասը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված կարգով ենթակա է հատուցման (236-րդ հոդված): Այսինքն` վնասի փոխհատուցման հարաբերությունները կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով, սակայն չի բացառվում, որ կարգավորվեն նաև այլ օրենքներով:

i

Վերոնշյալ օրենսդրական կարգավորումների կենսագործման նկատառումներից ելնելով` ՀՀ կառավարության թիվ 579 և թիվ 914-Ն որոշումներով հաստատվել են աշխատողներին աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման, ինչպես նաև կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ սնանկ ճանաչման դեպքում համապատասխան վճարների կապիտալացման և դրանք տուժողին վճարելու կարգերը:

Այդ կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի կողմից վիճարկվող կարգավորումներն ուղղված են ապահովելու աշխատավայրում դժբախտ պատահարի արդյունքում կրած վնասի հատուցման իրավունքի իրացմանը, ուստի այդ տեսանկյունից սահմանադրականության խնդիր չեն հարուցում:

4.4. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողը վիճարկվող դրույթների սահմանադրականությունը դիտարկում է գլխավորապես գործուն իրավական կառուցակարգերի բացակայության համատեքստում, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող իրավակարգավորումների սահմանադրականությունը դիտարկել նաև օրենսդրական բացի լույսի ներքո:

Սահմանադրական դատարանը նախկինում բազմիցս անդրադարձել է օրենսդրական բացի հիմնահարցին: Ըստ Սահմանադրական դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների ընդհանուր տրամաբանության`

i

1) «Օրենսդրական բացի սահմանադրականության հարց քննելիս սահմանադրական դատարանի խնդիրն է պարզել, թե տվյալ օրենսդրական բացը հանդիսանում է իրավակարգավորման թերությունը, թե՞ իրավաստեղծ մարմինը նման իրավակարգավորում սահմանելիս հաշվի է առել օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայությունը և ակնկալել այդ իրավական երաշխիքների հիման վրա համապատասխան իրավակիրառական պրակտիկայի ձևավորումը» (14.09.2010 թ., ՍԴՈ-914),

i

2) «Օրենսդրական բացն առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը» (08.04.2014 թ., ՍԴՈ-1143),

i

3) «Իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում` սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է» (05.02.2010 թ., ՍԴՈ-864):

Վերոնշյալից բխում է, որ օրենսդրական բացի առկայության մասին խոսք լինել չի կարող բոլոր այն դեպքերում, երբ օրենսդրության մեջ առկա են համապատասխան իրավական երաշխիքներ կոնկրետ իրավունքի իրացման համար:

Այս առումով Սահմանադրական դատարանը փաստում է, որ, նախ` վիճարկվող իրավակարգավորումներով արդեն իսկ նախատեսվում են իրավական երաշխիքներ անձի` աշխատավայրում դժբախտ պատահարի արդյունքում կրած վնասների հատուցում ստանալու իրավունքի իրականացման համար` մասնավորապես` փոխհատուցման պարտականությունը իրավաբանական անձի իրավահաջորդին փոխանցելով կամ լուծարվող իրավաբանական անձի միջոցները կապիտալացնելու ճանապարհով:

i

Մյուս կողմից` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի` «Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը» վերտառությամբ 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված անձին հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է անկախ աշխատանքային ստաժի տևողությունից: Սահմանվում է նաև, որ հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար: Նույն օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ պարբերությամբ նախատեսվում է, որ աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով մահացած անձի ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անդամներին աշխատանքային կենսաթոշակ է նշանակվում` անկախ մահացած անձի աշխատանքային ստաժի տևողությունից:

Հաշվի առնելով, որ սոցիալական ապահովության ոլորտում պետությունն օժտված է հայեցողության լայն շրջանակով և ցանկացած երաշխիք տրամադրում է իր հնարավորությունների սահմաններում` Սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում տրամադրված երաշխիքների` օրենսդրի կողմից ընտրված ծավալը չի կարող դառնալ սահմանադրականության առարկա և դիտարկվել որպես օրենսդրական բաց:

Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը փաստում է, որ օրենսդրության զարգացումը պետք է ընթանա այն ուղղությամբ, որ սոցիալական ապահովության, այդ թվում` աշխատավայրում դժբախտ պատահարների արդյունքում աշխատողների կրած վնասների հատուցման իրավունքի արդյունավետ իրացման համար անհրաժեշտ կառուցակարգերի և ընթացակարգերի ապահովումն ունենա առավել ամբողջական և համակարգային երաշխավորվածություն:

i

4.5. Սահմանադրության «Սեփականության իրավունքը» վերտառությամբ 60-րդ հոդվածն ամրագրում է յուրաքանչյուրի` օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքը:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք:

i

Սեփականության և սոցիալական ապահովության իրավունքներին սերտորեն առնչվում է առանձնակի կարևորություն ունեցող` գույքային բարիքի միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքի իրավունքը: Իր որոշումներում Սահմանադրական դատարանը բազմիցս անդրադարձել է այս իրավունքին: Մասնավորապես` 2015 թվականի դեկտեմբերի 1-ի ՍԴՈ-1238 որոշման շրջանակներում Սահմանադրական դատարանը նշել է. «Դիմողը, փաստորեն, ձեռք է բերել (...) սեփականության իրավունքի օրինական ակնկալիք, ինչի վրա տարածվում է սեփականության իրավունքին համարժեք պաշտպանության ռեժիմ...»:

i

2008 թվականի մարտի 18-ի ՍԴՈ-741 որոշման 8-րդ կետում Սահմանադրական դատարանն ընդգծել է. «Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ Սահմանադրության 31 հոդվածով երաշխավորված` սեփականության իրավունքի պաշտպանությունը տրամադրվում է այն անձանց, ում սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է, կամ ովքեր օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք»:

i

Սահմանադրական դատարանն իր մեկ այլ` 2016 թվականի դեկտեմբերի 6-ի ՍԴՈ-1326 որոշմամբ արձանագրել է, որ` «....սեփականության իրավունքի պաշտպանության իրավունքն անձի մոտ ծագում է երկու պարագայում, երբ.

- անձի սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է,

- անձինք օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք»:

Սեփականության իրավունքի օրինական ակնկալիքի հարցին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի (Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի, 07.05.2002 թ.)` «սեփականություն» հասկացությունը բովանդակում է ոչ միայն ֆիզիկական բարիքների սեփականությունը, այլև սեփականություն կարող են համարվել որոշ գույքային այլ իրավունքներ և շահեր, ինչպես նաև անվիճելի և կատարման ենթակա պահանջի իրավունքը: Եվրոպական դատարանի վճիռների համաձայն` «պահանջի իրավունքը ևս կարող է համարվել «սեփականություն» Կոնվենցիայի նշված դրույթի իմաստով, եթե հիմնավորապես հաստատվել է, որ այդ պահանջը ենթակա է կատարման»:

i

Դիտարկելով սույն գործով վիճարկվող իրավական ակտերը վերոգրյալի համատեքստում` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ կառավարության թիվ 579 որոշման մեջ կատարված փոփոխության արդյունքում սեփականություն ձեռք բերելու օրինական ակնկալիք ունեն այն անձինք, որոնք աշխատավայրում դժբախտ պատահարի արդյունքում վնասներ են կրել մինչև 2004 թվականի համապատասխան փոփոխության ուժի մեջ մտնելը, իսկ այդ փոփոխությունից հետո վնաս կրած անձինք չունեն սեփականություն ձեռք բերելու օրինական ակնկալիք, ուստի` այդ մասով սեփականության իրավունքի պաշտպանության խնդիր առկա չէ:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ և՛ աշխատանքային, և՛ քաղաքացիաիրավական օրենսդրության շրջանակներում ամրագրված են ինչպես կազմակերպության վերակազմակերպման, այնպես էլ լուծարման դեպքում վնասի հատուցման իրավունքի իրացման կառուցակարգերը, իսկ վնասի հատուցման տրամադրման և համապատասխան վճարների կապիտալացման կարգի մանրամասները նախատեսվում են ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով: Նման պայմաններում այն անձինք, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվում աշխատավայրում դժբախտ պատահարի արդյունքում, օժտված են վերոնշյալ իրավական կարգավորումների հիմքով պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունքով:

i

Արդյունքում` Սահմանադրական դատարանը փաստում է, որ ՀՀ կառավարության վիճարկվող` թիվ 579 որոշմամբ ամրագրված իրավակարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` մինչև ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի թիվ 1094-Ն որոշմամբ կատարված փոփոխության ուժի մեջ մտնելը աշխատավայրում աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնաս կրած անձինք կազմակերպության գործունեության դադարեցման դեպքում կապիտալացված միջոցների բացակայության կամ անբավարար լինելու պարագայում պահպանում են պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունքը:

4.6. Սոցիալական ապահովության իրավունքի արդյունավետ կենսագործման համար կարևոր է դրա իրացման պայմանների ամրագրումն առանց խտրականության, ուստի` Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող իրավակարգավորումների սահմանադրականությունը դիտարկել խտրականության արգելքի սկզբունքի համատեքստում:

i

Սահմանադրության «Խտրականության արգելքը» վերտառությամբ 29-րդ հոդվածով սահմանվում է, որ խտրականությունը` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Անձի նկատմամբ տարբերակված, խտրական վերաբերմունքի վերաբերյալ Սահմանադրական դատարանը հայտնել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- պետության պոզիտիվ սահմանադրական պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում` պաշտպանելու իրենց իրավունքները

(29.01.2008 թ., ՍԴՈ-731),

i

- Սահմանադրական դատարանը խտրականության արգելման սկզբունքի շրջանակներում թույլատրելի է համարում օբյեկտիվ հիմքով և իրավաչափ նպատակով պայմանավորված ցանկացած տարբերակված մոտեցում (04.05.2010 թ., ՍԴՈ-881),

i

- խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես` նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ (07.07.2015 թ., ՍԴՈ-1224):

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի` խտրականության արգելքն ամրագրող 14-րդ հոդվածով սահմանվում է, որ կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելն ապահովվում է առանց խտրականության, այն է` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից:

Ըստ Եվրոպական դատարանի` ցանկացած տարբերակում կամ տարբերություն չէ, որ կարելի է խտրականություն համարել: Մասնավորապես` իր վճիռներից մեկում

(Andrejeva v. Latvia (GC 18.02.2009, 55707/00) Եվրոպական դատարանը նշել է. «...տարբերակումը կամ տարբերությունը համարվում է խտրական, եթե այն չունի օբյեկտիվ և ողջամիտ արդարացում, այսինքն` եթե այդ տարբերակումը կամ տարբերությունը չի հետապնդում իրավաչափ նպատակ կամ համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին»:

Հաշվի առնելով վերագրյալը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ խտրականության առկայության գնահատման համար անհրաժեշտ է փաստել նույն կարգավիճակում գտնվող անձանց նկատմամբ այնպիսի տարբերակված մոտեցման մասին, որը չունի ողջամիտ արդարացում և չի հետապնդում իրավաչափ նպատակ, միևնույն ժամանակ, այդ մոտեցման արդյունքում տեղի է ունենում անձի իրավունքների սահմանափակում կամ զրկում, կամ որևէ մեկին տրվում է առավելություն մյուսի նկատմամբ:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի կողմից խտրականության արգելքի սկզբունքին անհամապատասխանությունը դիտարկվում է գլխավորապես այն համատեքստում, որ ՀՀ կառավարության թիվ 579 որոշման մեջ 2004 թվականի հուլիսի 22-ին կատարված փոփոխությունից հետո, ի տարբերություն մինչ այդ գործող իրավակարգավորումների, աշխատավայրում դժբախտ պատահարների արդյունքում տուժած անձինք զրկված են պետական բյուջեից փոխհատուցում ստանալու իրավական հնարավորությունից:

Վիճարկվող դրույթները և իրավական ակտերը խտրականության արգելքի սկզբունքի համատեքստում դիտարկելիս Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ խտրականության գնահատման համար պետք է տարանջատել երկու խումբ անձանց. անձինք, որոնք աշխատավայրում դժբախտ պատահարի արդյունքում կրել են վնաս և ձեռք են բերել սոցիալական ապահովության իրավունք մինչև 2004 թվականի համապատասխան փոփոխությունն ուժի մեջ մտնելը, և անձինք, որոնք նույն իրավունքը ձեռք են բերել 2004 թվականի համապատասխան փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո:

Այդ իսկ պատճառով խտրականության առկայության մասին կարող է խոսվել այն պարագայում, երբ մինչև 2004 թվականի փոփոխությունն ուժի մեջ մտնելը սոցիալական ապահովության իրավունք ձեռք բերած անձին հնարավորություն չտրվի օգտվել մինչ այդ փոփոխությունը եղած իրավական հնարավորությունից, այն է` կապիտալացված միջոցների անբավարարության կամ բացակայության դեպքում փոխհատուցում ստանալ պետական բյուջեի հաշվին: Այնուամենայնիվ, բոլոր այն դեպքերում, երբ փոփոխությունից առաջ և հետո ընկած ժամանակահատվածում սոցիալական ապահովության իրավունք ձեռք բերած անձանց նկատմամբ դրսևորվում է այդ ժամանակահատվածին համապատասխան օրենսդրական կարգավորմամբ առկա մոտեցում, խտրականությունը բացակայում է, քանի որ տվյալ պարագայում խոսքը տարբեր կարգավիճակում գտնվող անձանց մասին է, ուստի` նրանց նկատմամբ տարբերակված մոտեցումը չի կարող դիտարկվել որպես խտրականություն:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ զարգացող հասարակական հարաբերությունները մշտապես առաջադրում են համապատասխան օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն, սակայն դա չի նշանակում, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում օրենսդրական փոփոխության արդյունքում իրավական մի հնարավորության վերացումը կամ մեկ այլ հնարավորությամբ փոխարինումը պետք է հանգեցնի խտրականության արգելքի սահմանադրաիրավական սկզբունքի խախտմանը:

i

Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 170-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածները` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1086-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը:

i

2. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 236-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը:

i

3. ՀՀ կառավարության 1992 թվականի նոյեմբերի 15-ի «Ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) աշխատողներին աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգի մասին կանոնները հաստատելու մասին» թիվ 579 որոշմամբ ամրագրված իրավակարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` մինչև ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի թիվ 1094-Ն որոշմամբ կատարված փոփոխությունն ուժի մեջ մտնելը աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնաս կրած անձինք կազմակերպության գործունեության դադարեցման դեպքում կապիտալացված միջոցների բացակայության կամ անբավարար լինելու պարագայում պահպանում են պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունքը:

i

4. ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ սնանկ ճանաչման դեպքում համապատասխան վճարների կապիտալացման և դրանք տուժողին վճարելու կարգը հաստատելու մասին» թիվ 914-Ն որոշմամբ ամրագրված իրավակարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանը:

i

5. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

30 նոյեմբերի 2021 թվականի

ՍԴՈ-1618

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 3 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
30.11.2021
N ՍԴՈ-1618
Որոշում