Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԵԴ/10332/02/20

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/10332/02/20        2021 թ.

Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան

    Դատավորներ`        Տ. Նազարյան

                       Ն. Բարսեղյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի դեկտեմբերի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ազատ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.02.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ազատ Խաչատրյանի ընդդեմ «Ջրառ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ազատ Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին 20.01.2020 թվականի թիվ 02-Կ հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում, ինչպես նաև Ընկերությունից բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարն ամբողջ ժամանակահատվածի համար` սկսած 22.01.2020 թվականից մինչև աշխատանքում վերականգնելու օրը:

i

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 30.09.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է անվավեր ճանաչել Ընկերության տնօրենի 20.01.2020 թվականի թիվ Հր 02-Կ հրամանը: Ազատ Խաչատրյանին վերականգնել աշխատանքում` Արտաշատի ջրանցքի տեղամասի պետի պաշտոնում: Սկսած 22.01.2020 թվականից Ընկերությունից հօգուտ Ազատ Խաչատրյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվեգրման ենթակա գումարները:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.02.2021 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 30.09.2020 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ազատ Խաչատրյանը (ներկայացուցիչ Ց. Գրիգորյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Ա. Աբգարյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխի պահանջները, սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունը Դատարան չի ներկայացրել կողմերի միջև աշխատանքային գործունեությունը կարգավորող պայմանագիրը, ինչպես նաև չի ներկայացրել որևէ ներքին իրավական ակտ կամ այլ ապացույցներ առ այն, որ հայցվորին իր աշխատանքային գործունեության ընթացքում վերապահված են եղել կոնկրետ ղեկավար, հսկողական կամ վերահսկողական լիազորություններ: Այդ մասին որևէ տեղեկություն չի պարունակում նույնիսկ Ընկերության կողմից հայցադիմումին կից դատարան ներկայացված պայմանագրի պատճենը, ինչն արձանագրվել է նաև Դատարանի կողմից:

i

Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ պետք է լրացուցիչ ուսումնասիրվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են` հայցվորի և պատասխանողի միջև կնքված աշխատանքային պայմանագրի հիմքում դրված «Պաշտոնեական հրահանգի» բոլոր պահանջների պահպանված լինելը, հայցվորի կողմից աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը: Բացի այդ, ըստ Վերաքննիչ դատարանի` լրացուցիչ ուսումնասիրության առարկա պետք է դարձնել Ընկերության մի շարք աշխատակիցների աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ հայցվորի` վերահսկողական լիազորություններ ունենալու հանգամանքը, մասնավորապես` սահմանված աշխատաժամանակին աշխատանքի ներկայանալու մասով, ինչպես նաև անհրաժեշտ է պարզել, թե արդյոք հայցվորը տեղեկացված է եղել, որ կոնկրետ աշխատակիցներ իր պաշտոնավարման ընթացքում չեն ներկայացել աշխատանքի, սակայն վարձատրվել են: Վերաքննիչ դատարանը նշել է, որ միայն այս հարցերը հստակեցնելուց հետո հնարավոր կլինի պարզել` արդյոք հայցվորի անգործության հետևանքով է Ընկերությունը կրել նյութական վնաս, թե` ոչ: Մինչդեռ, ակնհայտ է, որ Վերաքննիչ դատարանի բարձրացրած` վերոնշյալ հարցերը վերաբերում են աշխատանքից ազատելու` վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերին, վիճարկվող անհատական իրավական ակտում որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերին և աշխատողի գործունեությունը կարգավորող պայմանագրերին, որոնց առկայությունը հավաստող ապացույցները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորման ուժով պատասխանողը Դատարան պետք է ներկայացներ դեռևս ի կատարումն Դատարանի` ապացույցներ պահանջելու մասին որոշման, սակայն այդ ապացույցները չներկայացնելով, իսկ հետագայում նաև դրանց ներկայացման անհնարինությունը հավաստող փաստեր Դատարանին չտրամադրելով` պատասխանողը զրկվել է դրանք լրացուցիչ ներկայացնելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ «դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկել» հատկանիշը պետք է կարևորվեր և մեկնաբանության առարկա դարձվեր` հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա չէ տրամաբանական կապ, որ Վերաքննիչ դատարանի բարձրացրած հարցերը պարզվելու դեպքում կարելի է եզրահանգում անել աշխատողի` դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկող լինելու վերաբերյալ: Դա, իր հերթին, հիմնվում է այն փաստի վրա, որ Վերաքննիչ դատարանը վերոհիշյալ հարցերը պարզելն ամբողջությամբ կապել է դրանց արդյունքում ընկերության նյութական վնաս կրելու փաստը հաստատված համարելու հետ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Դատարանն արձանագրել է աշխատողի` դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկելու պարտականության փաստի ապացուցման բացակայությունը և դրանով պայմանավորված` բավարարել է հայցը` անդրադառնալով միայն նյութական վնասի առնչությամբ ապացուցմանը:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.02.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 30.09.2020 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները.

Պետական վերահսկողության ծառայության կողմից 12.09.2019 թվականից մինչև 07.11.2019 թվականն ընկած ժամանակահատվածում Ընկերությունում կատարվել են ուսումնասիրություններ, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ: Նշված քրեական գործի շրջանակներում Ընկերությունից առգրավվել են բոլոր տեսակի փաստաթղթերը, մասնավորապես` Արտաշատի ջրանցքի տեղամասի հետ կապված, ինչով էլ պայմանավորված` Ընկերությունը Դատարան չի ներկայացրել կողմերի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը և ներքին իրավական ակտերը: Այդպիսով` Վերաքննիչ դատարանն իրավացիորեն եզրահանգել է, որ անհրաժեշտ է իրականացնել գործի նոր քննություն` Դատարանում օբյեկտիվ հետազոտության չենթարկված հանգամանքները պարզելու համար:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. «Սևան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ի և Ազատ Խաչիկի Խաչատրյանի միջև 01.09.2008 թվականին կնքված թիվ 146 աշխատանքային պայմանագրի պատճենի համաձայն` հայցվորը նշանակվել է տեղամասի պետի պաշտոնակատար: Պայմանագրի 1.3 կետով նախատեսվել է, որ պայմանագրի առարկան է աշխատողի` Արտաշատի ջրանցքի տեղամասի պետի անմիջական պարտականությունների կատարումը` համաձայն «Պաշտոնեական Հրահանգի» (հատոր 1-ին, գ.թ. 13-14):

i

2. Ընկերության տնօրենի 20.01.2020 թվականի թիվ 02-Կ հրամանի պատճենի համաձայն` 21.01.2020 թվականից լուծվել է Արտաշատի ջրանցքի տեղամասի պետ Ազատ Խաչատրյանի հետ 01.09.2008 թվականին կնքված թիվ 146 աշխատանքային պայմանագիրը, և վերջինս համարվել է ազատված աշխատանքից: Որպես աշխատանքից ազատման հիմք նշվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետը, 122-րդ հոդվածի 2-րդ կետը և 123-րդ հոդվածը (աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելը) (հատոր 1-ին, գ.թ. 12):

3. ՀՀ պետական վերահսկողական ծառայության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչության պետի պաշտոնակատարի կողմից ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտե «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատարին ուղղված 05.06.2020 թվականի թիվ Ե/1/1 գրության պատճենի համաձայն` ուղարկվել է Ծառայության կողմից ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ում ուսումնասիրության արդյունքում հայտնաբերած` Ընկերության Արտաշատի ջրանցքի տեղամասում ձևակերպված այն աշխատակիցների ցանկը, որոնք 2014-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունից ժամանակավոր բացակայել են և չաշխատած այդ օրերի դիմաց վարձատրվել: Միևնույն ժամանակ, այդ նույն գրության պատճենի համաձայն` ՀՀ պետական վերահսկողության ծառայությունից ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտե «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատարին տեղեկություն է ներկայացվել, որ Ընկերությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը և առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն` բացահայտված խախտումներում հանցակազմի հատկանիշների առկայության գնահատման և գործի հետագա ընթացքն ապահովելու նպատակով (հատոր 1-ին, գ.թ. 69):

4. ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտե «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի պարտականությունները կատարողին 04.06.2020 թվականին ուղղված թիվ 521 գրության պատճենի համաձայն` ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտե «Ջրառ» ՓԲԸ-ն հայտնել է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից «Ջրառ» ՓԲԸ-ում 2018 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին կատարված ուսումնասիրությունների արդյունքներով բացահայտվել են իրավախախտումներ, որոնց առնչությամբ Ընկերությունը հետևողականորեն կատարում է արձանագրված խախտումների հետևանքների վերացմանն ուղղված, ինչպես նաև խախտում կատարած անձանց նկատմամբ պատասխանատվության համապատասխան միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ աշխատանքներ: Մի շարք աշխատակիցներ ենթարկվել են կարգապահական տույժերի:

Արտաշատի ջրանցքի պետ Ազատ Խաչատրյանն արձակվել է աշխատանքից` պաշտոնական դիրքի չարաշահման, վստահությունը կորցնելու հիմքերով: Վերջինս հայցով դիմել է ՀՀ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման պահանջներով: Դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ:

Գործին որպես պատասխանող ներգրավված լինելու պայմաններում` Ընկերությանն անհրաժեշտ են որոշակի հստակ ապացուցողական փաստեր: Ընկերությունը խնդրել է սեղմ ժամանակահատվածում տրամադրել տեղեկատվություն 2015-2017 թվականների ընթացքում Արտաշատի ջրանցքի տեղամասում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրված այն խախտումների վերաբերյալ, որոնք կատարել է Ազատ Խաչատրյանը (հատոր 1-ին, գ.թ. 71):

5. ՀՀ ՏԿԵՆ «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի 02.06.2020 թվականի` «20.01.2020 թվականի թիվ 02-Կ հրամանում վրիպակի փոփոխության մասին» թիվ 50-ԱԱ հրամանի պատճենում նշվել է. «20.01.2020 թվականի թիվ 02-Կ հրամանում 122-ի «2-րդ» թիվը փոխել և կարդալ «1-ին»: Հրամանի փոփոխությունը համարել 20.01.2020 թվականի թիվ 02-Կ հրամանի հավելված (հատոր 1-ին, գ.թ. 63):

6. 30.06.2020 թվականին Դատարան մուտքագրված գրությանը կից Ընկերությունը ներկայացրել է Դատարանի կողմից 23.04.2020 թվականի որոշմամբ պահանջված ապացույցները`

Սեդրակ Հարությունյանի և «Սևան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ի միջև 22.06.2014 թվականին կնքված կապալի պայմանագրի պատճենը,

«Սևան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ի` Արտաշատի ջրանցքի ջրիմուռների հետ կապված աշխատանքների ավարտական ակտի պատճենը,

«Սևան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ի և Լուկաշին Գալուստի Մկրտչյանի միջև 01.07.2015 թվականին կնքված թիվ 111 աշխատանքային պայմանագրի պատճենը,

«Ջրառ» ՓԲԸ-ի և Գևորգ Դավթյանի միջև 12.11.2017 թվականին կնքված կապալի պայմանագրի պատճենը,

«Ջրառ» ՓԲԸ-ի և Գևորգ Աբրահամյանի միջև 08.07.2017 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի պատճենը,

«Ջրառ» ՓԲԸ-ի և Ռուբիկ Գրիգորյանի միջև 08.07.2017 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի պատճենը,

«Սևան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ի և Կարեն Եղիազարյանի միջև 03.03.2017 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի պատճենը (հատոր 1-ին, գ.թ. 72-116):

7. «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից ՀՀ քննչական կոմիտեի նախագահին ուղղված 19.06.2020 թվականի թիվ 575 գրության պատճենի համաձայն` «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատարը խնդրել է սեղմ ժամանակահատվածում Ընկերությանը տրամադրել տեղեկատվություն Ազատ Խաչատրյանի մասով ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործի ընթացքի վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 121):

8. Սույն գործում առկա չէ Ազատ Խաչատրյանի անմիջական աշխատանքային պարտականությունները սահմանող որևէ ապացույց:

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նյութական վնաս պատճառած աշխատողի հետ վերջինիս նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը լուծելու վեճերով ապացուցման պարտականությունը բաշխելու և ապացույցները գնահատելու առանձնահատկություններին:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործատուն իրավունք ունի նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկելիս կատարել է այնպիսի արարքներ, որի հետևանքով գործատուն կրել է նյութական վնաս:

i

Նշված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու առանձին հիմք է աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելը, որի դրսևորումներից մեկն է աշխատողի կողմից գործատուին նյութական վնաս պատճառած լինելը: Տվյալ դեպքում` եթե ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված արարքի կատարման արդյունքում գործատուն կրում է նյութական վնաս, ապա վերջինս իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նյութական վնասի առկայությունը կոնկրետ իրավիճակում պետք է քննարկման առարկա դառնա ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված` աշխատողին նյութական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կարգավորումների համատեքստում: Այլ կերպ ասած` որպեսզի հիմնավորվի գործատուի նախաձեռնությամբ աշխատողին աշխատանքից ազատելու իրավական հիմքը, գործի քննության ընթացքում պետք է ապացուցվի աշխատողի կողմից գործատուին նյութական վնաս պատճառած լինելու փաստը` հիմք ընդունելով հետևյալ կարգավորումները.

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 231-րդ հոդվածի համաձայն` նյութական պատասխանատվությունն առաջանում է այն դեպքում, երբ աշխատանքային պայմանագրի կողմը (գործատուն կամ աշխատողը), չկատարելով կամ ոչ պատշաճ կատարելով իր պարտականությունները, վնաս է պատճառում մյուս կողմին: Վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

Վկայակոչված հոդվածից հետևում է, որ աշխատանքային հարաբերություններում վնասի հատուցման հարաբերությունների նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված` վնասի ինստիտուտին վերաբերող ընդհանուր կանոնները, եթե ՀՀ աշխատանքային օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, դրանցից յուրաքանչյուրի մասով ապացուցման բեռի բաշխմանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ վերահաստատելով իր իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել առավել մանրամասն անդրադառնալ պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին:

i

Վնասը քաղաքացիական շրջանառության մասնակցի` օրենքով պահպանվող իրավունքների խախտման դեպքում վրա հասնող անբարենպաստ, բացասական հետևանքն է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետևում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ):

 

Հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով:

Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ:

Վնաս պատճառող անձի մեղքը նրա սուբյեկտիվ վերաբերմունքն է իր ոչ օրինաչափ գործողության (անգործության) և առաջացած հետևանքի` վնասի նկատմամբ, ինչը կարող է դրսևորվել թե՛ դիտավորության և թե՛ անզգուշության ձևով: Ընդ որում, վնասի հատուցման հարաբերություններում գործում է վնաս պատճառած անձի մեղավորության կանխավարկածը, քանի դեռ վերջինս չի ապացուցել վնաս պատճառելու հարցում իր մեղքի բացակայությունը: Օրենքով նախատեսված դեպքերում պատճառված վնասի համար պատասխանատվությունը կարող է վրա հասնել նաև վնաս պատճառող անձի մեղքի բացակայության պարագայում:

Միաժամանակ նշված որոշման շրջանակներում անդրադառնալով աշխատանքային հարաբերություններում վնասի ինստիտուտի առանձնահատկություններին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 232-րդ հոդվածի համաձայն` նյութական պատասխանատվություն առաջանում է հետևյալ բոլոր պայմանների առկայության դեպքում.

1) պատճառված է վնաս.

2) վնասը պատճառվել է անօրինական գործունեության հետևանքով.

3) առկա է պատճառական կապ անօրինական գործունեության և վնասի առաջացման միջև.

4) առկա է խախտողի մեղքը.

5) խախտում թույլ տված և տուժած կողմերն իրավունքների խախտման պահին եղել են աշխատանքային հարաբերությունների մեջ.

6) վնասի առաջացումը կապված է աշխատանքային գործունեության հետ:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 237-րդ հոդվածի համաձայն` աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած նյութական վնասը, որն առաջացել է`

1) գործատուի գույքը փչացնելու կամ կորցնելու հետևանքով.

2) նյութերի գերածախս թույլ տալու հետևանքով.

3) աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունները կատարելիս այլ անձանց պատճառված վնասը գործատուի կողմից հատուցելու դեպքերում.

4) գործատուին պատկանող գույքը փչացնելու պատճառով կատարված ծախսերից.

5) նյութական արժեքների ոչ պատշաճ պահպանության հետևանքով.

6) անորակ արտադրանքի թողարկումը կանխելու համար դիտավորյալ կերպով միջոցառումներ չձեռնարկելու, նյութական կամ դրամական արժեքները հափշտակելու հետևանքով:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` գործատուին ունեցած աշխատողի պարտքերը մարելու համար աշխատավարձից պահվում կամ գանձվում է աշխատողի մեղքով գործատուին պատճառված վնասի հատուցման գումարը:

i

Վկայակոչված հոդվածների վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ աշխատանքային հարաբերություններում վնասի ինստիտուտի առանձնահատկությունները հանգում են հետևյալին` պատճառված վնասի համար պատասխանատվության վերը շարադրված պայմաններին ավելանում են ևս երկու պայման, այն է` վնաս պատճառողն ու տուժողն իրավունքների խախտման պահին եղել են աշխատանքային հարաբերությունների մեջ, և վնասի առաջացումը կապված է աշխատանքային գործունեության հետ: Ընդ որում, պատճառված վնասի համար պատասխանատվության մյուս տարրերն աշխատողի նյութական պատասխանատվության դեպքում հարկ է դիտարկել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 237-րդ հոդվածի համատեքստում, որը թվարկում է աշխատողի նյութական պատասխանատվության դեպքերը` սպառիչ սահմանելով վնաս պատճառելուն ուղղված հակաիրավական վարքագծի դրսևորումները (տե՛ս, Նելլի Մկրտչյանն ընդդեմ «Երևան հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության թիվ ԵԿԴ/2600/02/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխով նախատեսված` «Առանձին աշխատանքային վեճերով վարույթը» վերտառությամբ աշխատանքային վեճերի վարույթի քննության կարգին և առանձնահատկություններին: Այսպես`

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն գլխով սահմանված կարգով քննում և լուծում է աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերը (այսուհետ` աշխատանքային վեճ):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կայացնում է որոշում` պատասխանողից հետևյալ ապացույցները պահանջելու մասին.

1) վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները,

2) վիճարկվող անհատական իրավական ակտում որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը,

3) աշխատողի գործունեությունը կարգավորող պայմանագրերը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշումը կատարվում է պատասխանողի կողմից որոշումն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործը դատաքննության նախապատրաստելիս դատարանը կարող է առաջարկել հայցը փոփոխելու միջոցով ճշգրտելու ոչ հստակ, թերի կամ սխալ ձևակերպված հայցապահանջները, համալրելու ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև ներկայացնելու գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած, ինչպես նաև տվյալ անհատական իրավական ակտի ընդունման օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանողը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատասխանողը վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը հիմնավորող ապացույցներ կարող է ներկայացնել միայն ապացույցները պահանջելու որոշման կատարման ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է ապացույցի ներկայացման անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատարանը բոլոր դեպքերում վիճարկվող անհատական ակտը ճանաչում է անվավեր, եթե` պատասխանողի կողմից խախտվել է աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու` օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտով սահմանված կարգը:

Վերոնշյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ գործող իրավակարգավորումներով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում օրենսդիրը սահմանել է աշխատանքային վեճերի լուծման հատուկ ընթացակարգ: Մասնավորապես, կարևորելով առավել սեղմ ժամկետներում աշխատանքային վեճերի լուծման դատավարական գործընթացը, օրենսդրորեն դատարանին իրավունք է վերապահվել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշման հետ մեկտեղ գործատուից պահանջել այն բոլոր ապացույցները, որոնք ընկած են վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում, որը գործատուի կողմից ենթակա է կատարման նույնպես առավել սեղմ ժամկետում` այդ որոշումն ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում: Ընդ որում, այս վեճերով դատարանն իրավասու է առաջարկել հայցվորին հայցը փոփոխելու միջոցով ճշգրտելու ոչ հստակ, թերի կամ սխալ ձևակերպված հայցապահանջը, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև իրավասու է պահանջելու նաև լրացուցիչ ապացույցներ:

Մեկ այլ առանձնահատկությունն է այն, որ աշխատանքային վեճերի լուծման դեպքում նախատեսվել է նաև ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնից տարբերվող` ապացուցման պարտականության այլ կանոն: Այսպես, օրենսդիրը հստակեցրել է, որ աշխատանքային վեճերով վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը հիմնավորելու փաստն ապացուցելու պարտականությունը կրում է գործատուն: Ըստ այդմ էլ, սահմանվել է նաև, որ վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը հիմնավորող ապացույցը գործատուի կողմից, որպես ընդհանուր կանոն, կարող է ներկայացվել միայն դատարանի կողմից ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշման կատարման ընթացքում, ինչը ենթադրում է այդ որոշումը գործատուի կողմից ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում: Հակառակ պարագայում, գործատուն պարտավոր է հիմնավորել իրենից անկախ պատճառներով ապացույցի ներկայացման անհնարինությունը:

Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ չնայած օրենսդիրն աշխատանքային վեճերով վարույթների պարագայում ապացուցման պարտականության բաշխման մասով նախատեսել է այլ կարգ, քան այլ վեճերի դեպքում քաղաքացիական գործերով ընդհանուր կարգն է, այդուհանդերձ, բոլոր դեպքերում գործում է մեկ ընդհանուր կանոն, այն է` ապացույցները պետք է լինեն թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ, հակառակ պարագայում նշված ապացույցները չեն կարող դրվել գործի համար էական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ հերքման հիմքում: Ընդ որում, աշխատանքային վեճերով ևս ապացուցման պարտականություն կրող անձը` գործատուն, պարտավոր է ապացուցել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը: Հակառակ դեպքում, եթե փաստը մնում է վիճելի, ապա դրա բացասական հետևանքները պետք է կրի փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը, այն է` գործատուն:

i

Վճռաբեկ դատարանի նման հետևությունը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ապացուցման պարտականության ընդհանուր կանոնից, ըստ որի` եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:

i

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն` ապացույց է այն տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում գործը լուծելու համար նշանակություն ունեցող որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Դատարանը հետազոտում և գնահատում է միայն այն ապացույցները, որոնք, հաշվի առնելով նույն հոդվածի 1-ին մասի պահանջը, կարող են հաստատել կամ ժխտել գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված փաստերը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փաստերը, որոնք, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը հետազոտված ապացույցը ճանաչում է անարժանահավատ, եթե դրա հետազոտման, գնահատման կամ այլ ապացույցների հետ համադրման արդյունքով հաստատվում է, որ դրանում պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս, Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

i

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ քաղաքացիական դատավարությունում ապացուցման գործընթացի ճիշտ կազմակերպման, ապացուցողական նյութի լրիվության, վարույթի բնականոն ընթացքի ապահովման և արդյունքում գործի ճիշտ լուծման համար կարևոր նշանակություն ունի այն հարցը, թե դատավարության կոնկրետ որ մասնակցի վրա է ընկնում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման ծանրությունը կամ ապացուցման բեռը: Հետևաբար օրենքով սահմանված որոշակի կանոնների պահպանմամբ գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելը, որը տեղի է ունենում գործը դատաքննության նախապատրաստելու փուլում, դատարանի կարևորագույն խնդիրներից մեկն է: Գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը կարգավորող օրենսդրական նորմերը` ապացուցման բեռի բաշխման կանոնները, վճռորոշ նշանակություն են ստանում այն դեպքում, երբ կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների իրագործման պայմաններում ներկայացված ապացույցները բավարար չեն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության մասին օբյեկտիվ և հիմնավորված եզրահանգում կատարելու համար, քանի որ քաղաքացիական դատավարությունում դատարանը չի կարող հրաժարվել վճիռ կայացնելուց ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ և ապացուցման ամենաբարդ իրավիճակում անգամ պարտավոր է գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտ կայացնել: Ըստ այդմ` ապացուցման բեռի բաշխման կանոնները հանդես են գալիս այն կառուցակարգի դերում, որը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտին, ով պարտավոր է ներկայացնել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հաստատող ապացույցները և պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները: Ըստ այդմ` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցներ ներկայացնելու (բացահայտելու) պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև ճիշտ բաշխելու համար դատարանը պետք է ճշգրիտ որոշի գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերի շրջանակը, որոնք պետք է ապացուցվեն գործին մասնակցող տվյալ սուբյեկտի կողմից (տե՛ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Արամ Ավետիսյանի թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

i

Անդրադառնալով դատարանների կողմից ապացույցների գնահատման գործընթացին` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև ապացույցների արժանահավատության հարցին` արձանագրելով, որ դատարանը յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունը և թույլատրելիությունը ստուգելուց հետո պարտավոր է ստուգել նաև տվյալ ապացույցի արժանահավատությունը, և ապացույցների միջև հակասության դեպքում մերժել իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը` հիմնավորելով տվյալ մերժումը, իսկ փաստը հաստատել արժանահավատ ապացույցի հիման վրա (տե՛ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ «Զարյա» արտադրական կոոպերատիվի թիվ 3-81(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` «Սևան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ի և Ազատ Խաչիկի Խաչատրյանի միջև 01.09.2008 թվականին կնքված թիվ 146 աշխատանքային պայմանագրով հայցվորը նշանակվել է տեղամասի պետի պաշտոնակատար: Պայմանագրի 1.3 կետի համաձայն` պայմանագրի առարկան է աշխատողի Արտաշատի ջրանցքի տեղամասի պետի անմիջական պարտականությունների կատարումը` համաձայն «Պաշտոնեական Հրահանգի»: Ընկերության տնօրենի 20.01.2020 թվականի թիվ 02-Կ հրամանի պատճենի համաձայն` 21.01.2020 թվականից լուծվել է Արտաշատի ջրանցքի տեղամասի պետ Ազատ Խաչատրյանի հետ 01.09.2008 թվականին կնքված թիվ 146 աշխատանքային պայմանագիրը, և վերջինս համարվել է ազատված աշխատանքից: Որպես աշխատանքից ազատման հիմք նշվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետը, 122-րդ հոդվածի 2-րդ կետը և 123-րդ հոդվածը /աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելը/: ՀՀ ՏԿԵՆ «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի 02.06.2020 թվականի` «20.01.2020 թվականի թիվ 02-Կ հրամանում վրիպակի փոփոխության մասին» թիվ 50-ԱԱ հրամանի պատճենում նշվել է. «20.01.2020 թվականի թիվ 02-Կ հրամանում 122-ի «2-րդ» թիվը փոխել և կարդալ «1-ին»: Հրամանի փոփոխությունը համարել 20.01.2020 թվականի թիվ 02-Կ հրամանի հավելված:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչության պետի պաշտոնակատարի կողմից ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտե «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատարին ուղղված 05.06.2020 թվականի թիվ Ե/1/1 գրության պատճենի համաձայն` ուղարկվել է Ծառայության կողմից ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ուսումնասիրության արդյունքում հայտնաբերած` Ընկերության Արտաշատի ջրանցքի տեղամասում ձևակերպված այն աշխատակիցների ցանկը, որոնք 2014-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունից ժամանակավոր բացակայել են և չաշխատած այդ օրերի դիմաց վարձատրվել: Միևնույն ժամանակ, այդ նույն գրության պատճենի համաձայն` ՀՀ պետական վերահսկողության ծառայությունից ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտե «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատարին տեղեկություն է ներկայացվել, որ Ընկերությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը և առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն` բացահայտված խախտումներում հանցակազմի հատկանիշների առկայության գնահատման և գործի հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

Սույն գործում առկա չէ Ազատ Խաչատրյանի անմիջական աշխատանքային պարտականությունները սահմանող որևէ ապացույց:

Դատարանը, 30.09.2020 թվականի վճռով հայցը բավարարելով, պատճառաբանել է որ «(...) Պատասխանողի կողմից Դատարան չի ներկայացվել Հայցվորի և Պատասխանողի միջև աշխատանքային գործունեությունը կարգավորող պայմանագիրը, իսկ հայցադիմումին կից ներկայացված պայմանագրի պատճենը որևէ տեղեկատվություն չի պարունակում այն մասին, որ Հայցվորը պարտավորություն ուներ հսկել վերը նշված պայմանագրերով աշխատանքի անցած անձանց աշխատանքային կարգապահությունը և առհասարակ չի ապացուցվել նաև այն, որ Հայցվորն աշխատանքային պայմանագրերի շրջանակներում օժտված է եղել տվյալ անձանց նկատմամբ վերադասությամբ կամ որևէ կոնկրետ հսկողական կամ վերահսկողական լիազորությամբ: Դատարանին չի ներկայացվել նաև որևէ ներքին իրավական ակտ, որով կհաստատվեր Հայցվորի` վերը նշված գործառույթների առկայության փաստը: (...) Դատարանը գտնում է, որ Պատասխանողը չի հիմնավորել վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստը, մասնավորապես, Հայցվորի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայությունը, վնասների ու ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Այսինքն, չի հիմնավորվել, որ Հայցվորի գործողության կամ անգործության արդյունքում է, որ Պատասխանողը կրել է նյութական վնասներ, ինչը Պատասխանողին կարող էր հիմք տալ կորցնել Հայցվորի նկատմամբ վստահությունը և այդ հիմքով նրան ազատել աշխատանքից, հետևաբար, վիճարկվող հրամանն անվավեր ճանաչելու և նախկին աշխատանքում վերականգնելու պահանջը ենթակա է բավարարման»:

Վերաքննիչ դատարանը, 26.02.2021 թվականի որոշմամբ բավարարելով Ընկերության վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը բեկանելով, արձանագրել է, որ «(...) սույն պարագայում անհրաժեշտ է իրականացնել գործի նոր քննություն և պարզել հետևյալ հանգամանքները` արդյո՞ք հայցվորը պահպանել է իր և պատասխանողի միջև կնքված աշխատանքային պայմանագրի հիմքում դրված «Պաշտոնեական հրահանգի» բոլոր պահանջները, թե ոչ: Արդյո՞ք վերջինիս պարտավոր էր հսկողություն սահմանել Սեդրակ Հարությունյանի, Լուկաշին Գալուստի Մկրտչյանի, Գևորգ Դավթյանի, Գևորգ Աբրահամյանի, Ռուբիկ Գրիգորյանի և Կարեն Եղիազարյանի` աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման, մասնավորապես` սահմանված աշխատաժամանակին աշխատանքի ներկայանալու նկատմամբ, բացի այդ` պարզել արդյո՞ք հայցվորը տեղեկացված է եղել, որ թվարկված անձինք հայցվորի պատշոնավարման ընթացքում չեն ներկայացել աշխատանքի, սակայն ստացել են վարձավճար: Միայն այս հարցերի պարզ դառնալուց հետո պարզել, թե արդյոք հայցվորի անգործության հետևանքով ընկերությունը կրել է նյութական վնաս, թե ոչ»:

Վերը նշված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

Սույն վեճին իրավաչափ լուծում տալու նպատակով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է գնահատման առարկա դարձնել հետևյալ հարցադրումները`

i

1. արդյո՞ք սույն գործով պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` աշխատանքային վեճով ապացուցման պարտականությունը բաշխելու կանոնները,

2. արդյո՞ք Ընկերության կողմից ներկայացված` այլ անձանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերը և ՀՀ պետական վերահսկողական ծառայության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչության պետի պաշտոնակատարի գրությունները թույլատրելի, արժանահավատ և բավարար ապացույց են Ազատ Խաչատրյանին աշխատանքում չվերականգնելու և դրանից բխող մյուս պահանջները բավարարման ենթակա չլինելու եզրահանգում կատարելու համար:

i

1. Սույն գործի փաստերով հիմնավորվում է, որ Դատարանի «Ապացույց պահանջելու վերաբերյալ» 23.04.2020 թվականի որոշումն Ընկերությունը ստացել է 15.06.2020 թվականին, սակայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում նշված որոշմամբ մատնանշված որևէ ապացույց չի ներկայացվել:

Այնուհետև, Ընկերությունը 27.05.2020 թվականին դատարան մուտքագրված դիմումով խնդրել է թույլատրել ծանոթանալ գործի նյութերին և ստանալ պատճեններ (հատոր 1-ին, գ.թ. 56): Դատարանը 02.06.2020 թվականին Ընկերության ներկայացուցչին տրամադրել է անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները (հատոր 1-ին, գ.թ. 60): Ընկերության 04.06.2020 թվականի դիմումին կից Դատարան է ներկայացվել 02.06.2020 թվականի վրիպակն ուղղելու մասին հրամանը (հատոր 1-ին, գ.թ. 62-63): 10.06.2020 թվականին ներկայացվել է հայցադիմումի պատասխան` կից փաստաթղթերով, մասնավորապես` ՀՀ պետական վերահսկողական ծառայության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչության պետի պաշտոնակատարի կողմից ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտե «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատարին ուղղված 05.06.2020 թվականի թիվ Ե/1/1 գրության և Ընկերության տնօրենի պաշտոնակատար Ա. Աբգարյանի 04.06.2020 թվականի թիվ 521 պատասխանի պատճենները (հատոր 1-ին, գ.թ. 69-71): 30.06.2020 թվականին Դատարան մուտքագրված գրությանը կից Ընկերությունը որպես Դատարանի կողմից 23.04.2020 թվականի որոշմամբ պահանջված ապացույցներ` ներկայացրել է Սեդրակ Հարությունյանի և «Սևան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ի միջև 22.06.2014 թվականին կնքված կապալի պայմանագրի պատճենը, «Սևան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ի աշխատանքների ավարտական ակտի պատճենը, «Սևան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ի և Լուկաշին Գալուստի Մկրտչյանի միջև 01.07.2015 թվականին կնքված թիվ 111 աշխատանքային պայմանագրի պատճենը, «Ջրառ» ՓԲԸ-ի և Գևորգ Դավթյանի միջև 12.11.2017 թվականին կնքված կապալի պայմանագրի պատճենը, «Ջրառ» ՓԲԸ-ի և Գևորգ Աբրահամյանի միջև 08.07.2017 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի պատճենը, «Ջրառ» ՓԲԸ-ի և Ռուբիկ Գրիգորյանի միջև 08.07.2017 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի պատճենը, «Սևան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ի և Կարեն Եղիազարյանի միջև 03.03.2017 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի պատճենը (հատոր 1-ին, գ.թ. 72-116):

Դատարանը, 08.09.2020 թվականի դատական նիստի ընթացքում բաշխելով ապացուցման բեռը կողմերի միջև, պատասխանող կողմի վրա դրել է նաև հայցվորին աշխատանքից ազատելու հրամանի իրավաչափության հարցի ապացուցման պարտականությունը, որից հետո հետաձգել է դատական նիստը` այն նշանակելով 16.09.2020 թվականին` միաժամանակ հնարավորություն տալով կողմերին ներկայացնելու համապատասխան ապացույցներ (հատոր 2-րդ, գ.թ. 29-33): Դատարանը 16.09.2020 թվականին գործի քննությունը հայտարարել է ավարտված և դատական ակտի հրապարակման օր է նշանակել 30.09.2020 թվականը:

Վերը նշվածը հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դատարանն իր 23.04.2020 թվականի «Ապացույց պահանջելու վերաբերյալ» որոշմամբ, այնուհետև նաև 08.09.2020 թվականին նշանակված նախնական դատական նիստը հետաձգելու որոշմամբ բավարար ժամանակ է տրամադրել Ընկերությանը` վիճարկվող հրամանի հիմքում ընկած փաստը հիմնավորող վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ ապացույցներ ներկայացնելու համար, որոնք այդպես էլ Ընկերության կողմից չեն ներկայացվել:

Քննարկվող պարագայում, Վճռաբեկ դատարանը կարևորում է ներկայացված հայցի առարկան, որով Ազատ Խաչատրյանը վիճարկել է 20.01.2020 թվականի իրեն աշխատանքից ազատելու հրամանը և պահանջել է իրեն վերականգնել նախկին աշխատանքում, ինչպես նաև Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարն ամբողջ ժամանակահատվածի համար:

Վճռաբեկ դատարանը կրկին փաստում է, որ Դատարանը, նախնական դատական նիստը հետաձգելով, ըստ էության հնարավորություն է ընձեռել Ընկերությանը դատարան ներկայացնել 20.01.2020 թվականի` Ազատ Խաչատրյանին աշխատանքից ազատելու հրամանի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները, վիճարկվող հրամանում պատասխանող Ընկերության հրամանի հիմք հանդիսացող ներքին և անհատական իրավական ակտերը, ինչպես նաև հայցվորի գործունեությունը կարգավորող բոլոր պայմանագրերը:

Նշվածը թույլ է տալիս եզրակացնել, որ Ընկերության վրա Դատարանը պարտականություն է դրել ներկայացնելու ոչ միայն հայցվորին աշխատանքից ազատելու հրամանի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները, այլև` վիճարկվող հրամանի հիմք հանդիսացող ներքին և անհատական իրավական ակտերը, որոնք ներառում են նաև հայցվորին նախկին պաշտոնում վերականգնելու փաստերին վերաբերող ապացույցները, այդ թվում` պայմանագրերով աշխատանքի անցած անձանց նկատմամբ հայցվորի վերադասությամբ կամ որևէ կոնկրետ հսկողական կամ վերահսկողական լիազորությամբ օժտված լինելու հանգամանքը հիմնավորող ապացույցներ, ինչպես նաև հայցվորի գործողության կամ անգործության արդյունքում Ընկերության նյութական վնասներ կրելու հանգամանքը հիմնավորող ապացույցներ, ինչը կարող էր հիմք հանդիսանալ հայցվորի նկատմամբ գործատուի վստահությունը կորցնելու և այդ հիմքով նրան աշխատանքից ազատելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն իրավաչափ չեն` նկատի ունենալով, որ Ընկերությունում Ազատ Խաչատրյանի ոչ օրինաչափ վարքագծի առկայության, վնասների ու ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի, այսինքն` հայցվորի գործողության կամ անգործության արդյունքում Ընկերությանը նյութական վնասներ պատճառելու փաստի ապացուցման բեռն արդեն իսկ օրենսդրորեն դրված է պատասխանող կողմի վրա, իսկ Դատարանն էլ կատարել է ապացուցման պարտականությունն օրենքին համապատասխան պատասխանողի վրա դնելու իր գործառույթը, որպիսի պայմաններում նշված փաստերը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները պետք է կրի պատասխանող Ընկերությունը:

2. Անդրադառնալով Ընկերության կողմից ներկայացված թվով 6 աշխատանքային տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչության պետի պաշտոնակատարի կողմից ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտե «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատարին ուղղված 05.06.2020 թվականի թիվ Ե/1/1 գրությանը և 19.06.2020 թվականի թիվ 575 գրությանը` ապացույցների թույլատրելիության, արժանահավատության և բավարար լինելու տեսանկյունից, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Ընկերության կողմից ներկայացվել են թվով 6 աշխատանքային պայմանագրերի պատճեններ, որոնցից և ոչ մեկի կողմ Ազատ Խաչատրյանը չէ: Տվյալ թվով 6 աշխատանքային պայմանագրերի պատճեններին կից ներկայացվել են նաև պայմանագրերի կողմ հանդիսացող անձանց անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև աշխատանքի ավարտական ակտի պատճենը, ՀՀ-ից բացակայության վերաբերյալ փաստաթղթի պատճենը և փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ փաստաթղթերի պատճենները: Տվյալ թվով 6 աշխատանքային պայմանագրերի պատճեններից հետևում է, որ Սեդրակ Հարությունյանի, Լուկաշին Մկրտչյանի, Գևորգ Դավթյանի, Գևորգ Աբրահամյանի, Ռուբիկ Գրիգորյանի, Կարեն Եղիազարյանի հետ տարբեր ժամանակահատվածներում կնքվել են աշխատանքային պայմանագրեր: Միաժամանակ, ՀՀ պետական վերահսկողության ծառայության 05.06.2020 թվականի գրությանը կից ներկայացված` Արտաշատի ջրանցքի աշխատակիցների ցանկում նշվել է տվյալ անձանց` Հայաստանի Հանրապետությունից ելքի և մուտքի օրերի ամսվա և տարվա վերաբերյալ տեղեկատվությունը, որի համաձայն` հիշյալ անձինք պայմանագրերի գործողության ժամանակահատվածում կամ դրա մի մասում գտնվել են Հայաստանի Հանրապետությունից դուրս:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից ներկայացված պայմանագրերը չեն կարող համարվել թույլատրելի, արժանահավատ և բավարար ապացույցներ` փաստելու, որ Ընկերությունում հայցվորը պարտավորություն ուներ հսկել վերը նշված պայմանագրերով աշխատանքի անցած անձանց աշխատանքային կարգապահությունը և առհասարակ այն, որ հայցվորն աշխատանքային պայմանագրերի շրջանակներում օժտված է եղել տվյալ անձանց նկատմամբ վերադասությամբ կամ որևէ կոնկրետ հսկողական կամ վերահսկողական լիազորությամբ, առավել ևս, որ աշխատանքային պայմանագրերը կնքելիս հայցվորը հանդես չի եկել գործատուի անունից և պայմանագրերը գործատուի անունից կնքվել են այլ անձանց կողմից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչության պետի պաշտոնակատարի կողմից ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտե «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատարին ուղղված 05.06.2020 թվականի թիվ Ե/1/1 գրությամբ և 19.06.2020 թվականի թիվ 575 գրությամբ ևս չեն հիմնավորվում Ազատ Խաչատրյանին աշխատանքից ազատելու մասին հրամանի հիմքում ընկած փաստերը, քանի որ նշված գրությունները տեղեկատվություն և հարցում են պարունակում որոշակի գործողությունների մասին, որտեղ, սակայն, բացակայում է Ընկերության` նյութական վնասներ կրած լինելու վերաբերյալ հայցվորի մեղավորությունը հաստատող որևէ հիմնավորում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով բացակայում է նոր քննության անհրաժեշտությունը, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված` նոր քննության շրջանակում ներառված փաստերի ապացուցման բեռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան արդեն իսկ բաշխվել է Դատարանի կողմից, իսկ Ընկերությունը չի ապացուցել հայցվորի կողմից Ընկերությանը նյութական վնաս պատճառելու փաստը, որպիսի պայմաններում Ազատ Խաչատրյանի հայցը` նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասերով, ենթակա էր բավարարման, մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է այդ հանգամանքը:

 

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատարանի 30.09.2020 թվականի վճռին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցագնի մեջ մտնում են նաև պահանջվող տուժանքի (տուգանքի, տույժի) և տոկոսների գումարները` հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` եթե հիմնական պահանջից բացի, ներկայացված են ածանցյալ պահանջներ, որոնք հիմնական պահանջի բավարարման դեպքում ենթակա են անվերապահ բավարարման, ապա ածանցյալ պահանջների համար պետական տուրք չի գանձվում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` եթե հայցվորն օրենքով ազատված է պետական տուրքի վճարումից, կամ դատարանը կիրառել է նման արտոնություն, ապա պետական տուրքը դատական ակտով բռնագանձվում է պետական տուրքի վճարումից չազատված գործին մասնակցող մյուս անձից` բավարարված պահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի իրավակարգավորումը վերաբերում է աշխատանքային հարաբերություններում հայցվորի կողմից պետական տուրքից ազատված լինելուն, այդուհանդերձ չի ազատում հարաբերությունների մյուս կողմին պետական տուրքի վճարումից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ սույն գործով ներկայացված է աշխատանքային վեճի վերաբերյալ հայց, որը ներառում է երեք պահանջ: Դրանցից երկուսը` Ընկերության տնօրենի հրամանն անվավեր ճանաչելու և նախկին աշխատանքում վերականգնելու վերաբերյալ պահանջները, ոչ դրամական են, իսկ մյուսը` հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու մասին պահանջը` դրամական է: Անդրադառնալով ներկայացված պահանջների բնույթին` հիմնական և ածանցյալ լինելու տեսանկյունից, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու մասին պահանջը հիմնական պահանջ է: Հիմնական պահանջ է նաև նախկին աշխատանքում վերականգնելու մասին պահանջը, քանի որ աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու մասին պահանջի բավարարումն անվերապահորեն չի կարող հանգեցնել նախկին աշխատանքում վերականգնելուն, որպիսի հետևությունը բխում է նույն իրավական նորմի մեկնաբանությունից:

Ինչ վերաբերում է հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու մասին պահանջին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն իր բնույթով ածանցյալ է, քանի որ աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում այն ենթակա է անվերապահ բավարարման, որպիսի պայմաններում այդ պահանջի համար պետական տուրք ենթակա չէ բռնագանձման, մինչդեռ Դատարանը որոշել է գործատուից բռնագանձել մեկ ոչ դրամական պահանջի համար 4.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար, իսկ հարկադիր պարապուրդի գումարի համար` բռնագանձվող գումարի երկու տոկոսը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետական տուրքի բռնագանձման մասով Դատարանի վճիռը ենթակա է փոփոխման, այն է` Ընկերությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 8.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար:

Նման պայմաններում, հիմք ընդունելով վերը նշվածը, ինչպես նաև նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը և Ազատ Խաչատրյանի հայցը` Ընկերության տնօրենի հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վճարման ենթակա գումարները պետք է բաշխվեն հետևյալ կերպ` Ընկերությունից ՀՀ պետական բյուջե պետք է բռնագանձել 8.000 ՀՀ դրամ` որպես հայց ներկայացնելու համար, 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու և 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախատեսված պետական տուրքի գումարներ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.02.2021 թվականի որոշումը և հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի բռնագանձման մասերով օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 30.09.2020 թվականի վճռին:

2. «Ջրառ» ՓԲԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 8.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի, 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի և 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախատեսված պետական տուրքի գումարներ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 30 դեկտեմբերի 2021 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421204024510

 

Միասնական կայք` 13.06.22-26.06.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.12.2021
N ԵԴ/10332/02/20
Որոշում