ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության ՇԴ2/0030/01/19
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ՇԴ2/0030/01/19
Նախագահող դատավոր` Ա. Բեկթաշյան
Դատավորներ` Ռ. Մխիթարյան
Կ. Մարդանյան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. Ասատրյանի
մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ` Մ. Պետրոսյանի
2021 թվականի նոյեմբերի 26-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի սեպտեմբերի 15-ի որոշման դեմ ամբաստանյալ Բուդյոնի Շիրակի Նորոյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
i
1. 2018 թվականի օգոստոսի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում (այսուհետ` նաև Նախաքննության մարմին) հարուցվել է թիվ 30102018 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Նախաքննության մարմնի` 2018 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ թիվ 30102018 քրեական գործով վարույթը կասեցվել է` որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով:
Նախաքննության մարմնի` 2019 թվականի հունիսի 27-ի որոշմամբ հարուցվել է թիվ 30102419 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Նախաքննության մարմնի` 2019 թվականի հունիսի 28-ի որոշումներով թիվ 30102018 քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է, և թիվ 30102018 քրեական գործը միացվել է թիվ 30102419 քրեական գործին:
Նախաքննության մարմնի` 2019 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ Բուդյոնի Շիրակի Նորոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (երկու դրվագ):
Նախաքննության մարմնի` 2019 թվականի սեպտեմբերի 24-ի և նույն թվականի սեպտեմբերի 26-ի որոշումներով Բ.Նորոյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (երկու դրվագ):
2019 թվականի հոկտեմբերի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
i
2. Դատական քննության արագացված կարգի կիրառմամբ` Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի մարտի 19-ի դատավճռով Բ.Նորոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով` երկու դրվագով և նրա նկատմամբ յուրաքանչյուր դրվագով պատիժ է նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Բ.Նորոյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
3. Ամբաստանյալ Բ.Նորոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2020 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի մարտի 19-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Բ.Նորոյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հունիսի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Վճռաբեկ դատարանը 2021 թվականի նոյեմբերի 4-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում իրականացնելու մասին:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
i
5. Նախաքննության մարմնի կողմից Բուդյոնի Նորոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (երկու դրվագով) մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքների համար. «(...) Նա ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի 2018 թվականի փետրվարի 9-ի թիվ 243-Ա հրամանով զբաղեցնելով ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրիի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի ոստիկանի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2018 թվականի օգոստոսի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, օգտվելով տան դուռը բաց լինելու հանգամանքից, ապօրինի մուտք է գործել Ռուզաննա Ասատրյանին պատկանող Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 12-րդ փողոցի 8 տուն և այնտեղից գաղտնի հափշտակել տարբեր ոսկյա զարդեր` պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:
Բացի այդ, Բուդյոնի Նորոյանը 2019 թվականի հունիսի 27-ին` ժամը 14:30-ից 15:30-ի սահմաններում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, պատուհանից ապօրինի մուտք է գործել Ռուզաննա Եղիազարյանին պատկանող Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 14-րդ փողոցի 4 տուն և այնտեղից գաղտնի հափշտակել գումար և ոսկյա զարդեր` պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:
Այսպես.
Բուդյոնի Նորոյանը 2018 թվականի օգոստոսի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում իր ծանոթ Ռուզաննա Ասատրյանին տեսնելու նպատակով գնացել է վերջինիս պատկանող Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 12-րդ փողոցի 8 տուն և համոզվելով, որ վերջինս տանը չէ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ` օգտվելով այն հանգամանքից, որ տան դուռը գտնվել է բաց վիճակում, ապօրինի մուտք է գործել վերը նշված տուն և հյուրասենյակի զգեստապահարանում գտնվող պայուսակից գաղտնի հափշտակել է տարբեր տեսակի և արժողության ոսկյա զարդեր` Ռուզաննա Ասատրյանին պատճառելով խոշոր չափերով` 980.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
(...)
Բացի այդ, Բուդյոնի Նորոյանը 2019 թվականի հունիսի 27-ին` ժամը 14:30-ից 15:30-ի սահմաններում, համագյուղացուն հանդիպելու նպատակով գնացել է վերջինիս ազգական Ռուզաննա Եղիազարյանին պատկանող Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 14-րդ փողոցի 4 տուն, ձայն տվել տան անդամներին, սակայն որևէ մեկը չի արձագանքել, ինչից հետո բարձրացել է երկրորդ հարկում գտնվող պատշգամբ, բաց դռներից մեկով մուտք գործել սենյակ: Տեսնելով, որ այնտեղ որևէ մեկը չկա, իջել է ներքև, որից հետո տան կողային պատի կողքով հեռանալու ընթացքում նկատել է, որ երկրորդ հարկի պատուհաններից մեկը գտնվում է բաց վիճակում և արդեն իսկ համոզված լինելով, որ տան անդամները բացակայում են տանից, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ` բաց պատուհանից ապօրինի մուտք է գործել վերը նշված տան ննջասենյակ և զգեստապահարանում առկա սև դրամապանակի միջից գաղտնի հափշտակել 37.850 ՀՀ դրամին համարժեք 5000 ռուբլի, իսկ սպիտակ պոլիէթիլենային տոպրակից` 350.000 ՀՀ դրամի արժողության թվով 4 ոսկյա մատանիներ` Ռուզաննա Եղիազարյանին պատճառելով խոշոր չափերով` ընդհանուր 387.850 ՀՀ դրամի գույքային վնաս: Նույն օրը տեղեկանալով, որ իրեն նկատել են վերը նշված բնակարանի պատշգամբում և կասկածում են կատարված գողության մեջ, իր տան հողամասում պահած 5000 ՌԴ ռուբլին և գողացված ոսկյա զարդերը տարել և գցել է նույն պատուհանի տակ և հեռացել (...)»(1):
____________________________
1) Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 122-123:
i
6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) Դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները (...), գտնում է, որ Բուդյոնի Նորոյանը կատարել է երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցավոր արարք, որի համար նա ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի:
Ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում նրա կողմից կատարված հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, նրա անձը:
Դատարանը ամբաստանյալի անձը բնութագրող տվյալներ է դիտում բնակության վայրում և ուսումնական հաստատություններում դրական բնութագրվելը, նախկինում արատավորված չլինելը, գործին կցված ՀՀ ՊՆ համապատասխան զորամասից ստացված շնորհակալական նամակում առկա Բուդյոնի Շիրակի Նորոյանին բնութագրող դրական հատկանիշները` օրինակելի վարքը, կարգապահությունը:
Դատարանը ամբաստանյալի քրեական պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտում, նրա կողմից մեղքն ընդունելը, կատարած արարքի համար անկեղծորեն զղջալը, նաև այն, որ տուժողներին պատճառված վնասը վերականգնված է, և վերջիններս նրա նկատմամբ բողոք պահանջ չեն ներկայացրել:
Դատարանը ամբաստանյալի քրեական պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրում:
(...)
i
Դատարանը պատժի տեսակը և չափը ընտրելիս ղեկավարվում է պատժի նշանակման ընդհանուր սկզբունքներով, որպիսիք են` օրինականությունը, արդարությունը, պատժի անհատականացումը և մարդասիրությունը և հաշվի առնելով ամբաստանյալի կողմից կատարած հանցանքի հասարակական վտանգավորությունը, նրա անձը, վերոնշյալ մեղմացնող հանգամանքներն իրենց համակցությամբ, ծանրացնող հանգամանքների բացակայությունը գտնում է, որ նրանց նկատմամբ պատիժ պետք է սահմանվի ազատազրկման ձևով, որով հնարավոր կլինի հասնել սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը, որով էլ կապահովվեն նաև ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված` արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները (...)»(2):
____________________________
2) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 70-72:
7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է, որ. «(...) Ամբաստանյալ Բուդյոնի Նորոյանի նկատմամբ պատժի տեսակները և չափերը` այդ թվում նաև հանցանքների համակցությամբ վերջնական պատիժը որոշելիս Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, բազմակողմանի գնահատման է ենթարկել ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, նրա կողմից կատարված հանցագործությունների բնույթն ու վտանգավորության աստիճանը, որպիսի պայմաններում իրավացիորեն վերջինի նկատմամբ նշանակել է արդարացի պատիժ (...):
Ինչ վերաբերում է ամբաստանյալ Բուդյոնի Նորոյանի վերաքննիչ բողոքում նշված այն հանգամանքին, որ Առաջին ատյանի դատարանը սույն քրեական գործով քննության ժամանակ 2018 թվականի օգոստոսի 13-25-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու հանցագործության համար 1-ին դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով դատապարտելով ազատազրկման 4 (չորս) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման պատժի նկատմամբ պարտավոր էր կիրառել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» (այսուհետ` Համաներման մասին օրենք) ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը և համաներում հայտարարելով` իրեն ազատել պատժից, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից Բուդյոնի Նորոյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման հարցը առհասարակ քննարկման առարկա չի դարձվել, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Բուդյոնի Նորոյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման հարցը ենթակա է լուծման Առաջին ատյանի դատարանի կողմից` դատավճռում առկա անհստակությունը մեկնաբանելու ընթացակարգով (նմանատիպ իրավական դիրքորոշում է արտահայտել նաև Վճռաբեկ դատարանը Գայանե Նորիկի Փահլևանյանի վերաբերյալ գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԼԴ/0224/01/11 որոշմամբ):
(...) Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով` խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, մասնավորապես այն, որ ամբաստանյալ Բուդյոնի Նորոյանը ոտնձգել է ոչ միայն անձի սեփականության իրավունքի, այլև մեկ այլ` քրեաիրավական պաշտպանության բարձր աստիճանով օժտված, հիմնարար սոցիալական արժեքի` բնակարանի անձեռնմխելիության դեմ, մեղքի ձևը և տեսակը (ուղղակի դիտավորությամբ կատարված լինելը), պատճառված վնասի չափը, փաստում է, որ վերը նշված հանգամանքների համակցությունն առավել քան վկայում է ինչպես ամբաստանյալի անձի, այնպես էլ նրա կատարած հանցանքների հանրային բարձր վտանգավորության աստիճանի մասին, ուստի Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերջինիս ուղղվելը հնարավոր չէ առանց պատիժը կրելու, այսինքն` նրա նկատմամբ կիրառելի չէ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը (...)»(3):
____________________________
3) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 142-144:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների, «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` նաև Համաներման մասին օրենք) դրույթների պահանջները, ինչպես նաև ստորադաս դատարանների հետևությունները հակասում են պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին:
Ի հիմնավորումն վերոնշյալի` բողոքի հեղինակը փաստել է, որ պատշաճ ստուգման և գնահատման չեն ենթարկվել իր` որպես ամբաստանյալի անձը բնութագրող սոցիալ-հոգեբանական և ժողովրդագրական հատկանիշները, հանցագործությունից հետո իր դրսևորած վարքագիծը, մասնավորապես` դրական բնութագրվելը, վարույթն իրականացնող մարմին ինքնակամ ներկայանալը, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր ճանաչելը, կատարածի համար անկեղծորեն զղջալը, ինչպես նաև հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ հատուցելը, ինչն էական նշանակություն ունի հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի նվազեցման տեսանկյունից:
i
8.1. Բողոքաբերը միաժամանակ փաստարկել է, որ դատարանը 2018 թվականի օգոստոսի 13-25-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու համար առաջին դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով իր նկատմամբ պատիժ նշանակելով ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, պարտավոր էր կիրառել Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածը և իրեն ազատել պատժից:
i
9. Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների դատական ակտերը և իր նկատմամբ նշանակված վերջնական պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Համաներման մասին օրենքի ուժով ամբաստանյալ Բ.Նորոյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով իրեն մեղսագրված հանցավոր արարքներից առաջին դրվագով ենթակա էր պատժից ազատման:
i
11. ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն` «Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը»:
11.1. Համաներման ինստիտուտի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ համաներումն իրենից ներկայացնում է ինքնուրույն գործող իրավական ինստիտուտ, որի կիրառելիության հիմքում դրված են մի կողմից` ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի համապատասխան հոդվածները, իսկ մյուս կողմից` օրենսդիր իշխանության բարձրագույն մարմնի կողմից ընդունվող մարդասիրական բնույթ ունեցող պետաիրավական նորմատիվ ակտը, որով հանցանք կատարած անձինք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից և պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը: Համաներման ակտի կիրառումը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում: Ընդ որում, համաներման կիրառման սահմանափակումները նախատեսվում են համաներման ակտով և պետք է պահպանվեն անվերապահորեն: Մասնավորապես, անվերապահորեն պետք է պահպանվեն համաներման ակտում նախատեսված այն կանոնները, որոնք սահմանում են անձանց շրջանակը, որոնց նկատմամբ համաներումը կիրառելի չէ, ինչպես նաև սահմանում են, թե հանցանք կատարած անձինք ինչ չափով պետք է օգտվեն համաներումից` պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից կամ պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը: Այդ կանոններից շեղումները, այդ թվում` նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման և կամայականության(4):
____________________________
i
4) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Վարուժան Ավետիսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11, Գարիկ Ղազարյանի գործով 2012 թվականի մարտի 30-ի թիվ ՏԴ/0088/01/11, Լևոն Խոստիկյանի և Արտյոմ Ալեքսանյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵԿԴ/0046/01/14, Արիգ Տիգրանյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0501/01/18 որոշումները:
12. Համաներման մասին օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Սույն օրենքը կարգավորում է 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները»:
Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «Համաներում հայտարարելով` պատժից ազատել` առավելագույնը չորս տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց»:
Նույն օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Հանցագործությունների և դատավճիռների համակցության դեպքերում համաներումը կիրառվում է վերջնական պատժի նկատմամբ` հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով այն սահմանելուց հետո: (...)»:
12.1. Համաներման մասին օրենքի վերը մեջբերված դրույթներին համանման կարգավորումներ է պարունակում նաև «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը, որոնց վերաբերյալ Վճռաբեկ դատարանը Լևոն Խոստիկյանի և Արտյոմ Ալեքսանյանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Համաներման կիրառելիության համար օրենսդիրը նախատեսել է որոշակի ժամանակային սահմանափակումներ: Ընդ որում, այդ առումով կարևորվում է ոչ թե գործի քննության կամ Համաներման ակտի կիրառման, այլ հանցագործության կատարման պահը: Մասնավորապես, Համաներման ակտի 15-րդ կետից երևում է, որ օրենսդրի կամքն է Համաներման ակտը կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ: Այլ խոսքով` Համաներման ակտը կիրառելի է միայն այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են մինչև նշված օրը հանցանք կատարելու հետևանքով:
Վերոնշյալից հետևում է, որ Համաներման ակտի, դրա առանձին դրույթների վկայակոչումը սահմանափակված է մինչ այդ օրը կատարված հանցագործությունների շրջանակով: Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ հանցագործությունը կատարվել է Համաներման ակտով սահմանված ժամանակահատվածից հետո, այդ հանցագործության համար Համաներման ակտի կիրառելիության հարցի քննարկումն առարկայազուրկ է, քանի որ բացակայում է Համաներման ակտի կիրառման համար անհրաժեշտ իրավահարաբերությունը:
Այսպես, հանցագործությունների համակցության նկատմամբ Համաներման ակտի 20-րդ կետով նախատեսված կարգավորման կիրառելիության հարցը քննարկման առարկա կարող է դառնալ այն դեպքում, երբ համակցությունը կազմող հանցագործությունները կատարվել են մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ, քանի որ այդ ժամանակահատվածից հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ քննարկվող կարգավորումը չի կարող վկայակոչվել և կիրառվել:
(...)
(...) Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցագործությունների համակցության դեպքում համաներումը հանցագործությունների համակցության կանոններով սահմանված վերջնական պատժի նկատմամբ կիրառելու վերաբերյալ Համաներման ակտի 20-րդ կետով նախատեսված կարգավորումը կիրառելու պայմաններն են`
ա) հանցագործությունների համակցությունը կազմող հանցանքները կատարվել են մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ,
բ) (ա) կետում նշված հանցագործություններից ոչ մեկը ընդգրկված չէ Համաներման ակտի 9-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված հանցագործությունների շրջանակում:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև արձանագրել, որ բոլոր այն դեպքերում, երբ հանցագործությունների համակցությունը կազմող հանցանքներից մեկը կամ մի քանիսը կատարվել են 2013 թվականի սեպտեմբերի 1-ից հետո, ապա Համաներման ակտի կիրառելիության հարցը պետք է քննարկվի միայն մինչև այդ ժամանակահատվածը կատարված հանցագործության (հանցագործությունների) մասով (...)»(5):
____________________________
i
5) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Լևոն Խոստիկյանի և Արտյոմ Ալեքսանյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵԿԴ/0046/01/14 որոշման 14-16-րդ կետերը:
12.2. Վերահաստատելով նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն կիրառելի է նաև «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի` խնդրո առարկա դրույթների նկատմամբ, ուստի Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումը կիրառելու համար անհրաժեշտ է, որպեսզի հանցագործությունների համակցությունը կազմող հանցանքները կատարված լինեն մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ: Միևնույն ժամանակ, բոլոր այն դեպքերում, երբ հանցագործությունների համակցությունը կազմող հանցանքներից մեկը կամ մի քանիսը կատարվել են 2018 թվականի հոկտեմբերի 21-ից հետո, ապա Համաներման մասին օրենքի կիրառելիության հարցը պետք է քննարկվի միայն մինչև այդ ժամանակահատվածը կատարված հանցագործության (հանցագործությունների) մասով:
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
i
- Նախաքննության մարմնի կողմից Բ.Նորոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (երկու դրվագով) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի օգոստոսի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել Ռ.Ասատրյանին պատկանող բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել տարբեր ոսկյա զարդեր` պատճառելով խոշոր չափի գույքային վնաս, ինչպես նաև` 2019 թվականի հունիսի 27-ին` ժամը 14:30-ից 15:30-ի սահմաններում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել Ռ.Եղիազարյանին պատկանող բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել գումար ու ոսկյա զարդեր` պատճառելով խոշոր չափի գույքային վնաս(6):
____________________________
6) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
- Առաջին ատյանի դատարանի դատավճռով Բ.Նորոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով` երկու դրվագով, որոնցից յուրաքանչյուրով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել` ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով, և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ, հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակի գումարելու սկզբունքով վերջինիս նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման(7):
____________________________
7) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
- Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, այն թողել է օրինական ուժի մեջ: Միևնույն ժամանակ անդրադառնալով ամբաստանյալ Բ.Նորոյանի վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի օգոստոսի 13-25-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից առաջին դրվագով կատարված գողության համար ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով պատիժ նշանակելով ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, պարտավոր էր կիրառել Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածը և համաներում հայտարարելով` իրեն ազատել նշված պատժից` Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից Բ.Նորոյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման հարցն առհասարակ քննարկման առարկա չի դարձվել, որպիսի պայմաններում այն ենթակա է լուծման Առաջին ատյանի դատարանի կողմից` դատավճռում առկա անհստակությունը մեկնաբանելու ընթացակարգով(8):
____________________________
8) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից բխում է, որ ամբաստանյալ Բ.Նորոյանին մեղսագրված երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցագործություններից առաջինը, որի համար նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով, վերջինս կատարել է մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը, այսինքն` մինչև Համաներման մասին օրենքի ընդունումը, ինչպես նաև քրեական գործի նյութերում բացակայում է Համաներման մասին օրենքն ամբաստանյալ Բ.Նորոյանի նկատմամբ կիրառելուն խոչընդոտող որևէ հանգամանք:
i
14. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-12.2-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Բ.Նորոյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ հոդվածով` երկու դրվագով և յուրաքանչյուր դրվագով պատիժ նշանակելով ազատազրկում 4 (չորս) տարի ժամկետով ու նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակելով 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկում` առանց գույքի բռնագրավման, անտեսել է այն հանգամանքը, որ վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ մեղսագրված հանցագործություններից առաջին դրվագով արարքը կատարվել է մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում, հետևաբար այս դրվագով 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկում պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանը պետք է քննարկման առարկա դարձներ Համաներման մասին օրենքի դրույթների կիրառելիության հարցը և նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ վերջինիս ազատեր պատժից, որպիսի պայմաններում կբացակայեին նաև ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառման փաստական և իրավական հիմքերը(9):
____________________________
i
9) Առավել մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի` Վարուժան Ավետիսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշումը:
i
14.1. Միևնույն ժամանակ, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ ամբաստանյալ Բ.Նորոյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառելիության հարցը ենթակա էր լուծման Առաջին ատյանի դատարանի կողմից` դատավճռում առկա անհստակությունը մեկնաբանելու ընթացակարգով, ինչպես նաև որպես փաստարկ Վճռաբեկ դատարանի` Գայանե Փահլևանյանի(10) գործով որոշումը մատնանշելուն, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այդ որոշման շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումները սույն գործով կիրառելի չեն, քանի որ վերոհիշյալ ընթացակարգը վերաբերում է այն դեպքերին, երբ գործի դատական քննության ընթացքում դատարանն անձի նկատմամբ չի կիրառում կիրառման ենթակա համաներման ակտը և դատավճիռը մտնում է օրինական ուժի մեջ: Հետևաբար, Վերաքննիչ դատարանն իր հերթին ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտի հիմնավորվածությունը և օրինականությունը, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջների խախտում` այդ կերպ կայացնելով դատական ակտերին ներկայացվող պատճառաբանվածության չափանիշին(11) չհամապատասխանող դատական ակտ:
____________________________
10) Տե՛ս, mutatis mutandis, Գայանե Փահլևանյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԼԴ/0224/01/11 որոշման 15-րդ կետը:
11) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ֆրունզիկ Գալստյանի գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-20-րդ կետերը, Գևորգ Խնուսյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 14-րդ կետը, Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15 որոշման 14-րդ կետը, Արամայիս Հակոբյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14 որոշման 17.1-րդ կետը:
i
15. Ինչ վերաբերում է բողոքաբերի` սույն որոշման 8-րդ կետում բարձրացված` իր նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունների` ոչ հիմնավոր լինելու մասին փաստարկներին(12), ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Բ.Նորոյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության հարցը որոշելիս ստորադաս դատարանները, համադրված վերլուծության և իրենց ամբողջության մեջ պատշաճ գնահատման ենթարկելով սույն գործի փաստական տվյալները, մասնավորապես ամբաստանյալի դրական բնութագրվելը, նախկինում արատավորված չլինելը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները (մեղքն ընդունելը, կատարած արարքի համար անկեղծորեն զղջալը, տուժողներին պատճառված վնասը վերականգնելը, վերջիններիս կողմից պահանջ չներկայացնելը), պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը` այն, որ ամբաստանյալը ոտնձգել է անձի սեփականության և բնակարանի անձեռնմխելիության իրավունքների դեմ, մեղքի ձևը և տեսակը (ուղղակի դիտավորությամբ կատարված լինելը), հանգել են հիմնավորված հետևության, որ ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով սույն գործով հնարավոր չէ հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակների իրագործմանը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Բ.Նորոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը չկիրառելով, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, այդ մասով կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր:
____________________________
12) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
i
16. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (առաջին դրվագով) նշանակված պատժի մասով ամբաստանյալ Բ.Նորոյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի դրույթների կիրառելիության հարցը չքննարկելով և արդյունքում նրան ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (առաջին դրվագով) նշանակված պատժից չազատելով, թույլ են տվել դատական սխալ, այն է` խախտել են ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի պահանջները և չեն կիրառել կիրառման ենթակա` Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտերի կայացմանը: Նշված խախտումներն իրենց բնույթով էական են, և համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ և 398-րդ հոդվածների` հիմք են այդ
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Համաներման մասին օրենքի ուժով ամբաստանյալ Բ.Նորոյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով իրեն մեղսագրված հանցավոր արարքներից առաջին դրվագով ենթակա էր պատժից ազատման: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Բ.Նորոյանը պետք է կրի ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (երկրորդ դրվագով) նշանակված` 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումը:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Բուդյոնի Շիրակի Նորոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (երկու դրվագով) Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի մարտի 19-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի սեպտեմբերի 15-ի որոշումը բեկանել և փոփոխել:
2. Բուդյոնի Շիրակի Նորոյանի նկատմամբ կիրառել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և նրան ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (առաջին դրվագով) նշանակված 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումից: Ամբաստանյալ Բուդյոնի Շիրակի Նորոյանին թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (երկրորդ դրվագով) նշանակված` 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումը:
3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասերով թողնել օրինական ուժի մեջ:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Ասատրյան
Դատավորներ` Ս. Ավետիսյան
Ե. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան
__________________________________
ԻՐՏԵԿ - սույն որոշման հրապարակման օրը www.datalex.am կայքէջում բացակայում է, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2022 թվականի մայիսի 20-ին:
Միասնական կայք` 16.05.22-29.05.22