040.1643.201217
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 դեկտեմբերի 2017 թվականի N 1643-Ն
ՀՈՂԵՐԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 750-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 9-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջները և խախտված հողերի դասակարգումն ըստ ռեկուլտիվացման ուղղությունների` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջների և ռեկուլտիվացման ենթակա` խախտված հողերի դասակարգման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 750-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի դեկտեմբերի 14-ի
N 1643-Ն որոշման
ՀՈՂԵՐԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն իրավական ակտով սահմանվում են հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջները և խախտված հողերի դասակարգումն ըստ ռեկուլտիվացման ուղղությունների:
2. Սույն իրավական ակտի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում խախտված հողերի հաշվառման, հողաշինարարական, քարտեզագրման, կանխատեսվող ու իրականացման ենթակա ռեկուլտիվացման աշխատանքների նախագծման, ռեկուլտիվացման, ռեկուլտիվացված հողերի նպատակային նշանակության ուղղությունների որոշման, ինչպես նաև նպատակային ու գործառական նշանակությանը համապատասխան` դրանց հետագա օգտագործման աշխատանքների կատարման վրա:
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն իրավական ակտում կիրառված են հետևյալ հասկացությունները`
1) հող` երկրի մակերևույթում բիոտիկ, աբիոտիկ և մարդածին գործոնների երկարատև ազդեցության արդյունքում առաջացած ինքնուրույն բնագիտապատմական հանքաօրգանական բնական մարմին` կազմված կոշտ հանքային և օրգանական մասնիկներից, ջրից ու օդից և ունի բույսերի աճի ու զարգացման համար համապատասխան պայմաններ ստեղծող յուրահատուկ գենետիկամորֆոլոգիական հատկանիշներ ու հատկություններ.
2) հողի բերրի շերտ` հողային ծածկույթի վերին շերտի բուսահող, որն օգտագործվում է հողերի բարելավման, կանաչապատման, ռեկուլտիվացման նպատակներով.
3) հողի բերրիություն` սնուցման տարրերի, խոնավության ու օդի նկատմամբ բույսերի պահանջը բավարարող և դրանց բնականոն կենսագործունեության պայմաններն ապահովող հողի ունակություն.
4) հնարավոր բերրի ապարներ` բուսականության աճի համար սահմանափակ բարենպաստ քիմիական և (կամ) ֆիզիկական հատկություններ ունեցող լեռնային ապարներ.
5) քիչ բերրի ապարներ` բուսականության աճի համար անբարենպաստ քիմիական և (կամ) ֆիզիկական հատկություններ ունեցող լեռնային ապարներ.
6) ոչ բերրի ապարներ` բուսականության աճին խոչընդոտող քիմիական և (կամ) ֆիզիկական հատկություններ ունեցող լեռնային ապարներ.
7) խախտված հողեր` առաջնային տնտեսական արժեքը կորցրած և շրջակա միջավայրի վրա բացասական ներգործության աղբյուր հանդիսացող հողեր.
8) խախտված հողերի դասակարգում` խախտված հողերի տարաբաժանման համակարգ` ըստ`
ա. ռեկուլտիվացման ուղղությունների` համաձայն N 1 աղյուսակի,
բ. տեխնածին ռելիեֆի` համաձայն N 2 աղյուսակի,
գ. ջրավորվածության բնույթի` համաձայն N 3 աղյուսակի,
դ. մակաբացման և պարփակող ապարների` համաձայն N 4 աղյուսակի.
9) հողերի ռեկուլտիվացման կենսաբանական փուլ` խախտված հողերի բերրիության վերականգնման ագրոքիմիական և ֆիտոմելիորատիվ միջոցառումների համալիր.
10) հողերի ռեկուլտիվացման տեխնիկական փուլ` խախտված հողերի նախապատրաստումը հետագա նպատակային օգտագործման համար` հատակագծման, թեքությունների ձևավորման, հողի ու բերրի ապարների հանման, տեղափոխման ու ռեկուլտիվացվող հողերի վրա դրանց տեղադրման, ճանապարհների ու հիդրոտեխնիկական կառույցների շինարարության միջոցով.
11) ռեկուլտիվացվող շերտ` ռեկուլտիվացման տեխնիկական փուլում կենսաբանական ռեկուլտիվացման համար բարենպաստ պայմաններով հատուկ ստեղծվող բուսահողի վերին շերտ.
12) ապարների դասակարգում` բուսահողային հատկությունները հաշվի առնելով` մակաբացման և պարփակող ապարների համակարգում` ըստ պիտանիության.
13) հողերի հարթեցում` խախտված հողերի մակերեսի հարթեցում, հանքերի լանջերի, լցակույտերի և կողերի թեքությունների մեղմում կամ անկյունների պակասեցում` դրանց հետագա օգտագործմանը համապատասխան.
14) հողերի կոպիտ հարթեցում` հողային աշխատանքների հիմնական ծավալի կատարմամբ հողի մակերեսի նախնական հարթեցում.
15) հողերի մաքուր հարթեցում` հողային աշխատանքների աննշան ծավալների դեպքում հողի մակերեսի վերջնական հարթեցում և միկրոռելիեֆի ուղղում.
16) թեքությունների (շեպերի) հարթեցում` լցակույտերի և հանքային փորվածքների կողերի թեքությունների (շեպերի) անկյունների պակասեցման նպատակով կատարվող հողային աշխատանքներ.
17) մակաբացման ապարներ` բաց եղանակով լեռնային աշխատանքների իրականացման ընթացքում, որպես լցակույտային գրունտ, հանման և տեղափոխման ենթակա օգտակար հանածո ծածկող կամ պարփակող լեռնային ապարներ.
18) պարփակող լեռնային ապարներ` օգտակար հանածո պարունակող մակաբացման ապարներ.
19) լցակույտային գրունտ` հանման, տեղափոխման և լցակույտի գոյացման պրոցեսներում փխրեցված և քիչ թե շատ միախառնված լցակույտ կազմող լեռնային ապարներ.
20) հանքային փորվածք` բաց եղանակով արդյունահանման արդյունքում գոյացած պինդ օգտակար հանածոների լեռնային փորվածքների ամբողջություն` ներքին լցակույտերով կամ առանց դրանց.
21) լցակույտ` լցակույտային գրունտներից, օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության, արդյունահանման և (կամ) վերամշակման արդյունքում առաջացած ընդերքօգտագործման թափոններից, արդյունաբերական ու կենցաղային թափոններից գոյացած արհեստական հողաթումբ.
22) արտաքին լցակույտ` հանքի եզրագծից դուրս ընդերքօգտագործման թափոնների տեղադրման արդյունքում գոյացած լցակույտ.
23) ներքին լցակույտ` հանքի տարածքում ընդերքօգտագործման թափոնների տեղադրման արդյունքում գոյացած լցակույտ.
24) ճկվածք` առանց հոծության պատռվածքի հողի մակերեսի իջեցման արդյունքում առաջացած ճկված տեղամաս, որը պայմանավորված է ստորգետնյա լեռնային փորվածքների կամ լցակույտերում լիցքային ապարների պնդեցման ազդեցությամբ:
III. ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4. Ռեկուլտիվացման ենթակա են բոլոր կատեգորիաների հողերը, որոնք խախտված հողերի բացասական ներգործության հետևանքով լրիվ (կամ մասնակիորեն) կորցրել են (կամ կարող են կորցնել) իրենց արդյունավետությունը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի):
5. Խախտված հողերի ռեկուլտիվացվող աշխատանքների նախագծման ժամանակ պետք է հաշվի առնվեն հետևյալ գործոնները`
1) տեղանքի բնական պայմանները (կլիմայական, լեռնակազմական, երկրաբանական, հիդրոլոգիական, վեգետացիոն).
2) խախտված հողերի տեղադիրքը.
3) շահագործման ենթակա տեղանքի զարգացման հեռանկարները.
4) ռեկուլտիվացման պահին խախտված հողերի փաստացի կամ կանխատեսվող վիճակը (մակերեսը, տեխնածին ռելիեֆի ձևը, բնական ներաճի աստիճանը, խախտված հողերի օգտագործումը, հողի բերրի շերտի ու հնարավոր բերրի ապարների առկայությունը, ստորերկրյա ջրերի հորիզոնի, ողողատների, չորացման ու ողողամաշման (էրոզիոն) գործընթացների կանխատեսումները, հողի աղտոտման աստիճանը).
5) հողի քիմիական և հատիկաչափական ցուցանիշները, ագրոքիմիական և ագրոֆիզիկական հատկությունները, մակաբացման ու օգտակար հանածո պարունակող ապարների և լցակույտերում դրանց խառնուրդների ինժեներաերկրաբանական բնութագրերը.
6) խախտված հողերի տեղակայման շրջանի տնտեսական, սոցիալական և սանիտարահիգիենիկ պայմանները.
7) ռեկուլտիվացված հողերի օգտագործման ժամկետը` հաշվի առնելով նաև կրկնակի խախտումների հնարավորությունը:
6. Ռեկուլտիվացման ուղղությունն ընտրվում է` համաձայն N 1 աղյուսակի:
7. Խախտված հողերը ռեկուլտիվացվում են գյուղատնտեսական, բնապահպանական, անտառապատման կամ հանգստի (ռեկրացիոն) ուղղություններով` համաձայն N 1 աղյուսակի:
8. Հողերի ռեկուլտիվացման տեխնիկական փուլի իրականացման ժամանակ, կախված հողերի ռեկուլտիվացման ուղղությունից և հողի կատեգորիայից, իրականացվում են հետևյալ հիմնական աշխատանքները`
1) լցակույտերի մակերեսի կոպիտ և մաքուր հարթեցում, ջրառբերիչների, ջրատարների ու լեռնային ջրանցքների լցում, թեքությունների հարթեցում կամ դարավանդավորում, հանքահորերի փլվածքների լցնում և հարթեցում.
2) ռեկուլտիվացվող մակերեսից ապարների խոշոր չափեր ունեցող բեկորների, արդյունաբերական կառուցվածքների ու շինարարական աղբի հեռացում` դրանց հետագա թաղման կամ պահեստավորման պայմանով.
3) ռեկուլտիվացվող տեղամասերում ճանապարհների և ուղիների կառուցում` հաշվի առնելով գյուղատնտեսական, անտառային տնտեսության և այլ տեխնիկայի տեղափոխման հնարավորությունը.
4) անհրաժեշտության դեպքում ցամաքուրդային (դրենաժային) ու ջրահեռացնող ցանցի և այլ հիդրոտեխնիկական կառույցների շինարարություն.
5) ամբարտակների, պատվարների ու ջրաբերուկների տարալուծում կամ օգտագործում, տեխնածին լճերի ու վտակների լցնում, գետերի հուների բարեկարգում.
6) հանքերի հատակի և կողերի կառուցում, մնացորդային խրամների ձևավորում, թեքությունների (շեպերի) ամրապնդում.
7) ռեկուլտիվացվող շերտի ստեղծում ու բարելավում, վնասակար նյութեր պարունակող ապարների ու աղտոտված հողերի բերրի ապարների շերտով ծածկում, իսկ անհնարինության դեպքում` մելիորացում.
8) անհրաժեշտության դեպքում էկրանավորող շերտի ստեղծում.
9) հնարավոր բերրի և (կամ) բերրի հողի շերտով մակերեսի ծածկում.
10) տարածքի հակաէրոզիոն շերտի կազմավորում:
9. Ռեկուլտիվացվող շերտի մակերեսի գերխտացումը նվազեցնելու նպատակով հողերի հարթեցման աշխատանքների իրականացման ժամանակ հողերի մաքուր հարթեցումն իրականացվում է գրունտի վրա ցածր տեսակարար ճնշմամբ մեքենաներով:
10. Բույսերի արմատային համակարգի զարգացմանը նպաստող պայմաններ ստեղծելու նպատակով տեղամասի նախապատրաստման ժամանակ իրականացվում է խտացված հորիզոնի խոր և ոչ լցակույտային փխրեցում:
11. Խախտված հողերի և դրանց հարող տարածքների ռեկուլտիվացման համալիր բոլոր աշխատանքներն ավարտից հետո ապահովում են լավագույն (օպտիմալ) կազմավորված և էկոլոգիապես հավասարակշռված կայուն լանդշաֆտ:
12. Ռեկուլտիվացման կենսաբանական փուլի իրականացման ժամանակ հաշվի են առնվում հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջները` ըստ ռեկուլտիվացման ուղղությունների օգտագործման:
13. Գյուղատնտեսական և անտառապատման նպատակներով հողերի կենսաբանական ռեկուլտիվացման ընթացքում այդ հողատարածքներն անցնում են մելիորատիվ նախապատրաստման փուլ:
IV. ԲԱՑ ԵՂԱՆԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
14. Բաց եղանակով ընդերքօգտագործման աշխատանքների դեպքում ռեկուլտիվացման ենթակա են ներքին և արտաքին լցակույտերը, հանքային փորվածքները և ընդերքօգտագործման աշխատանքների հետևանքով խախտված այլ տարածքները:
15. Լցակույտերի և հանքային փորվածքների ռեկուլտիվացման աշխատանքներն իրականացվում են հետևյալ պահանջների պահպանմամբ`
1) հողի բերրի շերտի նախնական հանում և պահեստավորում, հնարավոր բերրի ապարների ընտրողական մշակում` ռեկուլտիվացվող շերտի ստեղծման համար անհրաժեշտ ծավալներով.
2) լցակույտերի և հանքային փորվածքների ստեղծում` հաշվի առնելով ռեկուլտիվացման ենթակա և ռեկուլտիվացվող մակերեսներն ու դրանց նպատակային նշանակությամբ օգտագործման համար արագ վերադարձը.
3) սողանքների և փլվածքների նկատմամբ կայուն լցակույտերի և հանքային փորվածքների ձևավորում.
4) անձրևաջրերի և տեխնիկական ջրերի (հոսքաջրերի) հեռացման միջոցառումների իրականացում` հատուկ հիդրոտեխնիկական շինությունների կառուցմամբ.
5) լցակույտերից վնասակար նյութեր պարունակող ջրերի մաքրում կամ անվտանգ հեռացում.
6) անբարենպաստ ջրաֆիզիկական հատկություններ ունեցող ապարներով ռեկուլտիվացվող շերտում ջրային ռեժիմի կարգավորման միջոցառումների ապահովում.
7) ինքնաբոցավառումը բացառող տեխնոլոգիական եղանակներով այրման ենթակա ապարներից լցակույտերի ձևավորում:
16. Ներքին լցակույտերի մակերևույթի նվազագույն նիշերը պետք է լինեն ստորերկրյա ջրերի կանխատեսվող մակարդակից բարձր:
V. ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
17. Ստորգետնյա եղանակով ընդերքօգտագործման աշխատանքների հետևանքով խախտված հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջներն են`
1) երկրի մակերևույթի պահպանվածության և հողատարածքների նվազագույն ձևափոխման (դեֆորմացիա) ապահովում.
2) ընդերքօգտագործման թափոնների տեղադրման համար նախատեսված և ձևափոխման ենթակա հողատարածքներից հողի բերրի շերտի հանում.
3) ճկվածքների մակերեսների հարթեցում, լեռնային ապարով փլվածքների լցնում` հետագա հարթեցմամբ և հողի բերրի շերտով ծածկմամբ.
4) հանքավայրերի նախնական չորացման նպատակով հորատանցքերից և լեռնային փորվածքներից դուրս մղվող ջրի հեռացում: Ջրահեռացումը կատարվում է այնպես, որպեսզի ջրահեռացնող և այլ հաղորդակցման ուղիները չխանգարեն գյուղատնտեսական և այլ տեխնիկայի աշխատանքներին ու չվատթարացնեն հողի մելիորատիվ վիճակը.
5) ընդերքօգտագործման թափոնների կենսաբանական ռեկուլտիվացման նախապատրաստման ժամանակ թեքությունների հարթեցում կամ դարավանդավորում` հաշվի առնելով կանաչապատման և պահպանման (խնամքի) աշխատանքների իրականացման հնարավորությունը.
6) հանքահորերի ճկվածքներում կամ փլվածքներում ջրամբարների ստեղծում:
18. Կանաչապատման ժամանակ ծառաթփային բույսերի և խոտերի տեսակների ընտրությունը պետք է կատարվի` հաշվի առնելով ընդերքօգտագործման թափոնների մակերեսային շերտի քիմիական և ֆիզիկական հողմահարման աստիճանը:
VI. ՏՈՐՖԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
19. Տորֆի արդյունահանման հետևանքով խախտված հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջներն են`
1) շահագործման ավարտից անմիջապես հետո մշակված տորֆակուտակների ռեկուլտիվացում.
2) հարթեցում և մակերեսի մաքրում.
3) ֆրեզերային եղանակով մշակման արդյունքում գոյացած փորվածքների ու կտրվածքների եզրագծերի հարթեցում.
4) տորֆի արդյունահանման ընթացքում օգտագործվող չորացնող հիդրոտեխնիկական կառույցների և ջրահեռացնող ցանցի սարքին վիճակի ապահովում.
5) ֆրեզերային եղանակով մշակված, մասնավորապես, գյուղատնտեսական մշակաբույսերի տակ գտնվող տորֆակուտակների յուրացում.
6) գյուղատնտեսության համար ոչ պիտանի` մշակված տորֆակուտակների վրա անտառատնկարկների, բնապահպանական և (կամ) հանգստի (ռեկրացիոն) համակարգերի, որսորդական տնտեսությունների ստեղծում:
20. Մշակված տորֆակուտակների հանքերում ջրային համակարգերի ստեղծում:
VII. ԳԾԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ, ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
21. Գծային կառույցների շինարարության, վերակառուցման և շահագործման ժամանակ ռեկուլտիվացման ենթակա են խողովակաշարերի ուղեգծերը, մերձուղեգծային խրամները, կողմնատարները, հողակույտերը:
22. Գյուղատնտեսական հողատեսքերով և անտառատնկարկներով զբաղեցված հողատարածքներում ռեկուլտիվացման աշխատանքները հողի բերրիության վերականգնումն ապահովելու նպատակով ներառվում են գծային կառույցների շինարարության կամ վերակառուցման շինարարական և հավաքման (մոնտաժման) աշխատանքներում:
23. Նախքան մայրուղային խողովակաշարերի, տրանսպորտային ուղիների և ջրանցքների շինարարությունն սկսելը հողի բերրի շերտը հանվում և պահվում է շինարարության մոտակայքում նախատեսված ժամանակավոր լցակույտում` աշխատանքների ավարտից հետո ռեկուլտիվացման համար օգտագործելու նպատակով:
24. Գծային կառույցների շինարարության ժամանակ հողի ռեկուլտիվացման տեխնիկական փուլում իրականացվում են հետևյալ աշխատանքները`
1) բոլոր ժամանակավոր սարքավորումների, շինարարական աղբի հավաքում և շինարարական հրապարակից դրանց դուրսբերում.
2) գրունտի խտացումից հետո մակերեսի հարթեցումն ապահովելու նպատակով խողովակաշարերի խրամների լցնում.
3) ռեկուլտիվացվող մակերեսին մնացած գրունտի հավասար շերտով տարածում կամ տեղափոխում դրանց համար նախագծով նախատեսված տեղադրման վայրեր.
4) էրոզիոն պրոցեսների կանխարգելման միջոցառումների իրականացում.
5) ռեկուլտիվացվող մակերեսի հողի բերրի շերտով ծածկում:
25. Անտառատնկարկներով զբաղեցված հողերի վրա մայրուղային խողովակաշարերի շինարարության ժամանակ ռեկուլտիվացումը ներառում է հետևյալ աշխատանքները`
1) փոսերի և խրամների լցնում.
2) շինարարական աղբի հեռացմամբ հատկացման գոտու ընդհանուր հարթեցում.
3) մակերևույթի ճմապատում: Մայրուղային խողովակաշարերի բնականոն շահագործմանը խոչընդոտելու դեպքում հատկացման գոտում ծառաթփային բուսականության վերականգնում չի իրականացվում:
26. Հողօգտագործողների կողմից ստորգետնյա խողովակաշարերի և նավթի ու գազի պահեստարանների վրա գտնվող հողերը, ինչպես նաև դրանց պահպանման գոտիների հողերը կառույցների անվտանգությունն ապահովելու նպատակով ռեկուլտիվացվում են այդ կառույցները տնօրինող կամ շահագործող կազմակերպությունների համաձայնությամբ և հսկողությամբ:
27. Երկրաբանական ուսումնասիրության, հետազոտական աշխատանքների և շահագործական հորատանցքերի հորատման դեպքում խախտվող հողերի վրա գտնվող հողի բերրի շերտը հանվում, պահպանվում և օգտագործվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
28. Օգտագործված լվացող հեղուկները և ստացված նավթի ու կոնդենսատի նմուշները պահվում են այդ նպատակով ստեղծված պահոցներում (տարողություններում): Հողի մակերևույթին տեղադրված պահոցները (տարողությունները) պետք է լինեն էկրանավորված:
29. Երկրաբանական ուսումնասիրության, հետազոտական և շահագործական աշխատանքների ավարտից հետո իրականացվում են հետևյալ աշխատանքները`
1) հորատանցքերն ամրացնող կառույցների, շինարարական աղբի և հորատման ընթացքում օգտագործվող նյութերի հեռացում.
2) պահոցների (տարողությունների) լցնում և մակերեսի հարթեցում.
3) անհրաժեշտ մելիորատիվ և հակաէրոզիոն աշխատանքների կատարում.
4) հողի բերրի շերտով խախտված հողի մակերեսի ծածկում:
30. Նավթով, նավթամթերքներով և նավթարդյունաբերական կեղտաջրերով աղտոտված հողերի ռեկուլտիվացման ժամանակ իրականացվում են նավթամթերքների արագ հեռացմանը և աղակալման ու աղուտավորման վերացմանն ուղղված բնապահպանական միջոցառումներ:
VIII. ՀՈՂԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԸՍՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
31. Գյուղատնտեսական նպատակներով օգտագործման համար հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջներն են`
1) խախտված հողերի տարածքների ձևավորում` տնտեսական արդյունավետ օգտագործման համար հարմար ռելիեֆով, ձևով, չափով և դրանց մակերեսային շերտի կենսաբանական ռեկուլտիվացման համար պիտանի ապարների կազմով.
2) խախտված հողերի հարթեցում` հաշվի առնելով գյուղատնտեսական տեխնիկայի անխափան աշխատանքի ապահովումը և բացառելով սողանքների ու էրոզիոն պրոցեսների զարգացումը.
3) հողի բերրի շերտի բացակայության կամ անբավարար առկայության դեպքում հնարավոր բերրի ապարների օգտագործում` հատուկ ագրոտեխնիկական միջոցառումների կիրառմամբ.
4) որպես վարելահողեր օգտագործման համար հողերի բերրի շերտի սակավության դեպքում` քիչ բերրի ապարների վրա հողի բերրի շերտի փռում.
5) արմատային համակարգի համար բարենպաստ հողաշերտի ձևավորում կամ վերականգնում` մելիորատիվ միջոցառումների իրականացմամբ, ագրոքիմիական, ագրոտեխնիկական, ինժեներային ու հակաէրոզիոն միջոցառումների իրականացում, օրգանական նյութերով հողաշերտի հարստացում:
32. Անտառային հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջներն են`
1) հողմապաշտպան, ջրակարգավորիչ և ռեկրացիոն նշանակության անտառների հիմնում.
2) լցակույտերի առափների (բերմաների) և թեքությունների (շեպերի) մակերեսի վրա անտառների ստեղծման համար ոչ վնասակար նյութեր պարունակող մանրահողով ռեկուլտիվացվող շերտի ստեղծում.
3) ելնելով ապարների հատկություններից, ջրային ռեժիմի բնույթից և անտառատնկարկների տեսակից` ռեկուլտիվացվող շերտի հզորության և կազմի որոշում.
4) էրոզիոն պրոցեսների զարգացումը բացառող և մեքենաների ու մեխանիզմների անխափան աշխատանքն ապահովող տարածքների հարթեցում.
5) հողագրունտի անբարենպաստ պայմանների դեպքում` մելիորատիվ դեր կատարող անտառատնկարկների հիմնում.
6) ապարների դասակարգմանը, հիդրոերկրաբանական ռեժիմի բնույթին և այլ բնապահպանական գործոններին համապատասխան` ծառաթփային բուսականության ընտրություն:
33. Ջրային հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջներն են`
1) հանքային փորվածքներում, խրամներում, հանքահորային դաշտերի ձևափոխված տեղամասերում բազմանպատակային օգտագործման ջրամբարների ստեղծում.
2) ջրամբարների համալիր օգտագործում (ջրամատակարարման, ձկնաբուծության և ոռոգման նպատակներով).
3) վնասակար նյութեր պարունակող ապարների, ինքնաբոցավառման հակում ունեցող շերտերի, ջրամբարների հատակի ու ափերի, ջրի մակարդակից վերին կամ փոփոխական մակարդակի գոտիների էկրանավորում.
4) հանքային փորվածքների ողողման և դրանցում ջրի մակարդակի պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հիդրոերկրաբանական կառույցների ստեղծում.
5) ջրամբարների թեքությունների (շեպերի) լվացումն ու սողանքները կանխարգելող միջոցառումների իրականացում.
6) հնարավոր ֆիլտրումից հատակի ու ափերի պաշտպանում.
7) թթու և հիմնային ստորերկրյա ջրերի ջրամբարներ ներթափանցումը կանխարգելող, ջրի կազմի ու բարենպաստ ռեժիմի պահպանումն ապահովող միջոցառումների իրականացում.
8) տարածքի թեքությունների (շեպերի) բարեկարգման և կանաչապատման միջոցառումների իրականացում:
34. Առողջարարական և հանգստի (ռեկրեացիոն) նպատակներով օգտագործման համար հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջներն են`
1) խախտված հողերի կոնսերվացման միջոցների ընտրություն` կախված խախտված հողերի վիճակից, կազմից և պարունակող ապարների հատկանիշներից, բնակլիմայական պայմաններից, տեխնիկատնտեսական ցուցանիշներից.
2) խախտված հողերի կոնսերվացման ժամանակ տեխնիկական և կենսաբանական ռեկուլտիվացման միջոցառումների իրականացում.
3) շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն չունեցող և բավարար ջրակայունություն ու ջերմակայունություն ունեցող կապող նյութերի օգտագործմամբ` խախտված հողերի մակերեսի ամրապնդում.
4) կենսաբանական ռեկուլտիվացման համար ոչ պիտանի հիմնանյութից կազմված արդյունաբերական թափոնակույտերի մակերեսներին պոտենցիալ բերրի ապարներով էկրանավորող շերտի ստեղծում.
5) մելիորատիվ աշխատանքների իրականացում.
6) տեխնիկական, կենսաբանական կամ քիմիական միջոցներով արդյունաբերական լցակույտերի ամրացում.
7) նվազագույն ծավալով հողային աշխատանքների կատարմամբ տարածքի հարթեցում` առկա կամ տեխնիկական փուլի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում առաջացած ռելիեֆի ձևի պահպանմամբ.
8) հանգստի և սպորտով զբաղվելու համար կառույցների շինարարության ժամանակ գրունտների կայունության ապահովում, ջրային օբյեկտների ռեկրեացիոն գոտիների նախագծում, շինարարություն և շահագործում:
Աղյուսակ N 1
ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|Խախտված հողերի խմբերն ըստ |Ռեկուլտիվացված հողերի հետագա |
|ռեկուլտիվացման ուղղությունների|օգտագործումը |
|______________________________|______________________________________|
|Գյուղատնտեսական ուղղությամբ |վարելահողերի, բազմամյա տնկարկների, |
|ռեկուլտիվացվող հողեր |խոտհարքների, արոտավայրերի և այլ |
| |հողատեսքերի հիմնում |
|______________________________|______________________________________|
|Անտառապատման ուղղությամբ |ընդհանուր տնտեսական և դաշտապաշտպան |
|ռեկուլտիվացվող հողեր |նշանակության անտառատնկարկների, |
| |անտառատնկարանների հիմնում |
|______________________________|______________________________________|
|Ջրային ուղղությամբ |խմելու ջրի, կենցաղային, |
|ռեկուլտիվացվող հողեր |գյուղատնտեսական, առողջարարական, |
| |բնապահպանական, արդյունաբերական, |
| |ջրատնտեսական, էներգետիկայի, պետության |
| |ու համայնքների կարիքների համար |
| |անհրաժեշտ ջրային համակարգերի հիմնում |
|______________________________|______________________________________|
|Առողջարարական և հանգստի |բուժական, առողջարարական վայրերի ու |
|ուղղությամբ ռեկուլտիվացվող |սանիտարական գոտիների, հանգստի, սպորտի |
|հողեր |գոտիների, պուրակների և |
| |անտառապուրակների, որսորդական |
| |հանդակների, ջրավազանների, |
| |զբոսաշրջության բազաների, |
| |մարզահրապարակների հիմնում |
|______________________________|______________________________________|
|Բնապահպանական ուղղությամբ |բնապահպանական նշանակության և |
|ռեկուլտիվացվող հողեր |հակաէրոզիոն անտառատնկարկների ու |
| |ճմապատված տարածքների հիմնում |
|______________________________|______________________________________|
|Շինարարական ուղղությամբ |բնակավայրերի` ընդհանուր օգտագործման, |
|ռեկուլտիվացվող հողեր |արդյունաբերական, գծային, թափոնների ու |
| |մակաբացման ապարների լցակույտերի |
| |տեղադրման և այլ կառույցների |
| |շինարարական հրապարակների հիմնում |
._____________________________________________________________________.
---------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում