100.0046.301017
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«30» 10 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10017426
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
19 հոկտեմբերի 2017 թվականի N 46-Ն
ԱՔԻԼԼԵՍՅԱՆ ՋԼԻ ՍՈՒՐ ՎՆԱՍՎԱԾՔԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման 12-րդ կետի «դ» ենթակետը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Աքիլլեսյան ջլի սուր վնասվածքի ախտորոշման և բուժման գործելակարգը` համաձայն հավելվածի:
2. Առողջապահության բնագավառում բարձր տեխնոլոգիաների և Հայաստանի Հանրապետության առողջապահական միասնական տեղեկատվական համակարգի հանձնաժողովի նախագահ Վարդան Գևորգյանին` գործելակարգի հաստատումից հետո սեղմ ժամկետում ապահովել սույն գործելակարգի մուտքագրումը միասնական էլեկտրոնային առողջապահության համակարգ:
3. Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների տնօրեններին` «Աքիլլեսյան ջլի սուր վնասվածքի ախտորոշման և բուժման գործելակարգ»-ը ընդունել ի գիտություն:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զ. Դարբինյանին`
Ապահովել սույն հրամանի տրամադրումը կատարողներին:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին:
Հավելված
Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
19 հոկտեմբերի 2017թ.
թիվ 46-Ն հրամանով
ԱՔԻԼԼԵՍՅԱՆ ՋԼԻ ՍՈՒՐ ՎՆԱՍՎԱԾՔԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
Ընդհանուր դրույթներ
Կրնկային կամ Աքիլլեսյան ջլի պատռվածքը (ԱՋՊ) հանդիսանում է ամենատարածված վնասվածքներից մեկը հատկապես երիտասարդ և ֆիզիկապես ակտիվ անձանց շրջանում: Ընդհանուր բնակչության շրջանում ԱՋՊ-ի հաճախականությունը կազմում է 5-10 դեպք 100.000 անձանց կտրվածքով, իսկ դեպքերի 80% առաջանում է տարբեր սպորտաձևերով սիրողական մակարդակով զբաղվելիս: Մրցակցային սպորտաձևերի 24% մարզիկների շրջանում կարիերայի ընթացքում հանդիպում է Աքիլլեսյան ջլի տենդինոպաթիա, իսկ ԱՋՊ` 8.3% դեպքերում: Միևնույն ժամանակ մրցակցային վազորդների մոտ ԱՋՊ-ի հաճախականությունը հասնում է 40-50%: Այս վնասվածքը զգալիորեն ազդում է մարզիկների պրոֆեսիոնալ կարիերայի վրա, քանզի նույնիսկ վիրաբուժական միջամտությունից հետո վերականգնողական շրջանը տևում է 6-12 ամիս, և կրկնակի պատռվածքի ռիսկը ավելի է բարձրանում: ԱՋՊ-ի հիմքում ընկած են ջլի դեգեներատիվ փոփոխությունները և անբարենպաստ կենսամեխանիկական ազդեցությունները` կրկնվող ցատկերը, կտրուկ արագացումը, շեշտակի ազդող լարվածությունները, գերծանր քաշերի բարձրացումը, կուտակային միկրովնասվածքները և այլն: Կանխարգելման հիմնական ուղղություններն են համարվում մարզական ծանրաբեռնվածությունների ճիշտ կազմակերպումը, բոլոր մկանային խմբերի համաչափ զարգացումը, պարապմունքից առաջ նախավարժանքը վերոնշյալ անբարենպաստ կենսամեխանիկական ազդեցություններից խուսափումը և որոշ դեղորայքային միջամտություններից (կորտիկոստերոիդներ, անաբոլիկներ, ֆտորխինոլոններ) առաջ հավանական ռիսկերի և օգուտների մանրակրկիտ համեմատական վերլուծությունը:
Գործելակարգի մշակման աշխատանքային խմբի անդամների անվանացուցակ
1. Այվազյան Վ.Պ., բ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր վնասվածքաբան, Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի Գիտական Կենտրոնի տնօրեն
Թղթակցական հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Աբովյան շ 58, (+374) 060621411
2. Մանգոյան Հ.Ն., բ.գ.թ., Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շարունակական բժշկական կրթության ֆակուլտետի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի դոցենտ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի գիտական ղեկավար, «Վարդանանց» Նորարարական բժշկական կենտրոնի տնօրեն:
Թղթակցական հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վարդանանց 18/1, հեռ.` (+374) 10592100
3. Ավագյան Հ.Կ., բ.գ.թ., «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ
4. Սոխակյան Ա.Ռ., բ.գ.թ., «Արմենիա» բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ
Թղթակցական հասցե` ՀՀ, ք. Երևան, 0078, Մարգարյան 6, հեռ` (+374) .....
5. Սահրադյան Ա. բ.գ.թ. «Էրեբունի» բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի բժիշկ
Թղթակցական հասցե` ՀՀ, ք. Երևան, Տիտոգրադյան 14, (+374) 103471100
Շահերի բախման հայտարարագիր և ֆինանսավորման աղբյուրներ
Պատասխանատու համակարգողը և աշխատանքային խմբի անդամները հայտարարում են իրենց շահերի բախման բացակայության մասին: Սույն փաստաթղթի մշակման աշխատանքները ֆինանսավորվել են ՀՀ ԱՆ կողմից: Ֆինանսավորող կառույցը չի ունեցել և ոչ մի ազդեցություն սույն ուղեցույցի մշակման որևէ փուլի վրա:
Գործելակարգի մշակման հենքը
Սույն Գործելակարգը մշակվել է Հայաստանի օրթոպեդների և վնասվածքաբանների Ասոցիացիայի անդամների կողմից հետևյալ արդի գրական աղբյուրների և UptօDate տեղեկատվական շտեմարանի տվյալների հիման վրա`
1. Miller L., Spittler J., Khodaee M., Bravman J.T., Lyon C., Hoffecker L. Management of Acute Achilles Tendon Rupture Am Fam Physician. 2015 Jun 1;91(11):794-800
2. Ortho Guidelines of American Academy of Orthopaedic Surgeons http://www.orthoguidelines.org/topic?id=1000
3. Wertz J, Galli M, Borchers JR. Achilles Tendon Rupture: Risk Assessment for Aerial and Ground Athletes. Sports Health. 2013;5(5):407-409. doi:10.1177/1941738112472165.
4. Tero A.H. Jarvinen, Pekka Kannus, Nicola Maffulli, Karim M. Khan Achilles Tendon Disorders: Etiology and Epidemiology Foot Ankle Clin N Am10 (2005) 255 - 266
Գործելակարգի պացիենտի մոդել
Սույն Գործելակարգի պացիենտի մոդելն են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հիմնարկներում գտնվող Աքիլլեսյան ջլի սուր պատռվածքներով հիվանդները (Աղյուսակ 1):
Աղյուսակ 1
Մեծահասակների աքիլլեսյան ջլի պատռվածքներով պացիենտի մոդել
.___________________________________________________________________.
|Մոդելի պարտադիր բաղադրիչ |Բաղադրիչի նկարագրությունը |
|____________________________|______________________________________|
|Նոզոլոգիական ձևը |Կրնկային (աքիլլեսյան) ջլի վնասվածք |
|____________________________|______________________________________|
|Տարիքային կարգավիճակ |Մեծահասակներ |
|____________________________|______________________________________|
|Հիվանդության աստիճանը |Ցանկացած |
|____________________________|______________________________________|
|Հիվանդության փուլը |Ցանկացած |
|____________________________|______________________________________|
|Բարդությունները |Անկախ բարդություններից |
|____________________________|______________________________________|
|Կոդը ըստ ՀՄԴ-10 |S86.0 |
|____________________________|______________________________________|
|Բուժօգնության ցուցաբերման |Հիվանդանոցային և արտահիվանդանոցային |
|պայմանները | |
.___________________________________________________________________.
Հապավումներ
ԱՋՊ` Աքիլլեսյան ջլի պատռվածք
1. Կլինիկական պատկեր և ախտորոշում
1.1 ԱՋՊ կարող է արտահայտվել դեպի կրունկ ուղղված հանկարծակի ցավի զգացումով, իսկ որոշ դեպքերում պացիենտները գանգատվում են քայլելիս կամ վազելիս լսելի խրթոցից:
1.2 Չնայած այն փաստին, որ դեպքերի ճնշող մեծամասնությունը զարգանում է սուր, մոտ 15% պացիենտների շրջանում նկատվում է ցավ, լարվածություն և այտուց ԱՋՊ-ից զարգանալուց որոշ ժամանակ առաջ:
1.3 Ախտորոշման հիմքում ընկած են` վնասվածքի պատմության հավաքագրումը, արտաքին զննումը և անհրաժեշտության դեպքում ճառագայթաբանական հետազոտությունների անցկացումը:
1.4 Վնասվածքի պատմությունը հավաքագրելիս հարկավոր է հաշվի առնել ռիսկի գործոնների առկայությունը (տարիքը, սթերոիդների երկարատև կիրառումը, Աքիլլեսյան ջլի տենդինոպաթիան, ֆտորխինոլոնների շարքի հակաբիոտիկների կիրառումը) և պացիենտի ֆիզիկական ակտիվության տեսակը: Մասնավորապես վտանգավոր են համարվում կրկնվող ցատկերը և կտրուկ արագացումը:
1.5 Ֆիզիկական զննման ընթացքում հարկավոր է ստուգել Սիմմոնդսի եռյակ կոչվող համալիրը, որում ընդգրկված ախտանշաններից >/= 2-ի առկայությունը բարձր հավանականությամբ վկայում է ԱՋՊ-ի մասին:
1.5.1 Դեկլինացիայի խախտված անկյուն` պացիենտի որովայնի վրա դիրքում վնասված վերջույթի թաթը հանգիստ պայմաններում տեղակայվում է դորզիֆլեքսիայի ավելի արտահայտված դիրքում ի համեմատ մյուս վերջույթի
1.5.2 Փափուկ հյուսվածքների ներանկում
1.5.3 թաթի ծալման ռեֆլեքսի բացակայությունը ձկնանման մկանի սեղմման ժամանակ:
1.6 ԱՋՊ-ի պարագայում պատշաճ իրականացված ֆիզիկական զննումը ունի գրեթե 100% ախտորոշիչ արդյունավետություն:
1.7 Ճառագայթաբանական հետազոտությունների ընտրությունը պայմանավորված է անհատական դեպքի բնութագրերով (օրինակ` ֆիզիկական զննման ոչ համոզիչ արդյունքներ) և վարող մասնագետի կամ պացիենտի նախապատվություններով: Կարելի է օգտագործել ռենտգեն, գերձայնային հետազոտություն և մագնիսառեզոնանսային շերտագրում: Գործիքային հետազոտությունների որևէ տեսակ չունի հաստատված առավելություններ:
2. Բուժում
2.1 ԱՋՊ բուժման ժամանակ կարելի է կիրառել պահպանողական և վիրահատական մոտեցումներ: Որևէ մոտեցման առավելությունները հավաստի ապացուցված չեն:
2.2 Պահպանողական մոտեցման շրջանակներում անմիջապես կիրառվող ֆունկցիոնալ անշարժացման (բրեյսինգի) արդյունավետությունը ապացուցված չէ:
2.3 Վիրահատական մոտեցման շրջանակներում կիրառվում են ինչպես բաց, այնպես էլ փակ կամ մինիմալ միջամտական տիպի վիրահատություններ (ջլի վերականգնում տարբեր եղանակներով):
2.4 Վիրահատական մոտեցման թեկնածուներ ընտրելիս հարկավոր է հնարավորինս բացառել ստորև նշված ուղեկցող խնդիրներով պացիենտներին`
2.4.1 Դիաբետով
2.4.2 Նեյրոպաթիաներով
2.4.3 Իմուն համակարգի ընկճմամբ
2.4.4 65 տարեկանից բարձր տարիքի
2.4.5 Ծխախոտամոլությամբ
2.4.6 Գիրությամբ (ՄԶ > 30)
2.4.7 Ծայրամասային անոթային հիվանդություններով
2.4.8 Տեղային կամ համակարգային մաշկային խնդիրներով:
2.5 Նախավիրահատական շրջանում անշարժացման կամ ծանրությունների սահմանափակման արդյունավետության վերաբերյալ հավաստի տեղեկատվությունը բացակայում է:
2.6 Բացառությամբ մակերեսային վերքային վարակների համեմատաբար բարձր հաճախականությանը, բաց վիրահատությունները չեն զիջում փակ/մինիմալ միջամտականներին վերքերի խորը վարակների, ցավի կամ բուժման որևէ երկարաժամկետ արդյունքների առումներով:
2.7 Վիրահատական բուժում ստացած պացիենտների շրջանում ալոպատվաստի, քսենոպատվաստի կամ սինթետիկ հյուսվածքի արդյունավետությունը ապացուցված չէ:
2.8 Հետվիրահատական շրջանում խորհուրդ է տրվում ապահովել ծանրությունների սահմանափակման ռեժիմ` մոտ 2 շաբաթ:
2.9 Հետվիրահատական շրջանում հարկավոր է 2-4 շաբաթ կիրառել մոբիլիզացիային չխոչընդոտող պաշտպանիչ սարք:
2.10 Հետվիրահատական շրջանում ֆիզիոթերապիայի արդյունավետությունը ապացուցված չէ:
2.11 Կենցաղային ակտիվության մակարդակին վերադառնալու ժամկետների հավաստի սահմանելը հնարավոր չէ:
2.12 Սպորտային ծանրաբեռնվածությունները կարելի է քննարկել ԱՋՊ-ի վիրահատական բուժումից մոտ 3-6 ամիս անց: ԱՋՊ-ի ոչ վիրահատական բուժումից հետո սպորտային ակտիվության վերսկսելու հավաստի ժամկետը հայտնի չէ:
3. Վերականգնողական շրջանի վարում
3.1 Վիրահատությունից հետո կամ պահպանողական վարման շրջանակներում պետք է տեղադրվի իմմոբիլիզացիոն գիպսային լոնգետ, վերջույթի առաջային մակերեսով, ոտնաթաթի էկվինուսային դիրքում 3 շաբաթ ժամկետով:
3.2 Հաջորդիվ ոտնաթաթին տրվում է 90o ծալած դիրք և տեղադրվում հետին գիպսային լոնգետ` ևս 3 շաբաթ ժամկետով:
3.3 Հաջորդիվ գիպսը հեռացվում է և մեկնարկում են վերջույթի աստիճանաբար ծանրաբեռնումները ու ակտիվ ռեաբիլիտացիայի փուլը: Ընդ որում անհրաժեշտ է սկզբում ստանալ շարժումների ծավալ, հետո անցնել ուժային վարժություններին` մկանային զանգվածը վերականգնելու համար:
3.4 Ֆունկցիոնալ արդյունքը գնահատվում է երեք ամիս անց:
4. Բժշկական ծառայությունների հիմնական և լրացուցիչ ցանկեր
4.1. Պահանջներ ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների նկատմամբ
(հիմնական ցանկ)
._____________________________________________________________________.
|Ծած- |Անվանում |Տրամա|Միջին|Ստորաբաժանում |Մասնագետ |Կատարման |
|կագիր| |դրման|քանակ| | |ժամկետներ |
| | |հաճա-| | | | |
| | |խա- | | | | |
| | |կանու| | | | |
| | |թյուն| | | | |
|_____|___________|_____|_____|______________|____________|___________|
| |Օրթոպեդ- |1 | 2 |Օրթոպեդիայի և |Օրթոպեդ- |1-7 օրերը |
| |վնասվածքա- | | |վնասվածքաբա- |վնասվածքաբան| |
| |բանի | | |նության | | |
| |խորհրդատ- | | |բաժանմունք | | |
| |վություն | | | | | |
|_____|___________|_____|_____|______________|____________|___________|
| |Վերականգ- |1 |2 |Օրթոպեդիայի և |Բժիշկ-վերա- |1-7 օրերը |
| |նողաբանի | | |վնասվածքաբա- |կանգնողաբան | |
| |խորհրդատ- | | |նության | | |
| |վություն | | |բաժանմունք | | |
._____________________________________________________________________.
4.2. Պահանջներ ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների նկատմամբ
(լրացուցիչ ցանկ)
._____________________________________________________________________.
|Ծած- |Անվանում |Տրամա|Միջին|Ստորաբաժանում |Մասնագետ |Կատարման |
|կագիր| |դրման|քանակ| | |ժամկետներ |
| | |հաճա-| | | | |
| | |խա- | | | | |
| | |կանու| | | | |
| | |թյուն| | | | |
|_____|___________|_____|_____|______________|____________|___________|
| |Ռենտգեն |0.25 |1 |Ճառագայթաբանա-|Բժիշկ-ճառա- |1-7 օրերը |
| |քննություն | | |կան ախտորոշման|գայթաբան/ | |
| | | | |ծառայություն |տեխնիկ | |
|_____|___________|_____|_____|______________|____________|___________|
| |Գերձայնային|0.25 |1 |Ճառագայթաբանա-|Բժիշկ-ճառա- |1-7 օրեր |
| |հետազոտու- | | |կան ախտորոշման|գայթաբան/ | |
| |թյուն | | |ծառայություն |տեխնիկ | |
|_____|___________|_____|_____|______________|____________|___________|
| |Մագնիսառե- |0.1 |1 |Ճառագայթաբանա-|Բժիշկ-ճառա- |1-7 օրեր |
| |զոնանսային | | |կան ախտորոշման|գայթաբան/ | |
| |շերտագրում | | |ծառայություն |տեխնիկ | |
| | | | | | | |
._____________________________________________________________________.
5. Դեղերի հիմնական և լրացուցիչ ցանկեր
5.1. Պահանջներ դեղորայքային բուժման նկատմամբ
(հիմնական ցանկ)
._____________________________________________________________________.
|ԴԹԽ |ԱԹՔԴ |ՄՈԱ |Նշա- |ԿՈԴ |ՀԿԴ |Մասնագետ |Կատար-|
| | | |նակման | | | |ման |
| | | |հաճախա-| | | |ժամ- |
| | | |կանու- | | | |կետներ|
| | | |թյուն | | | | |
|___________|_______|___________|_______|____|_____|___________|______|
|Ցավազրկող |N02BE01|Պարացետամոլ|1 |1.5 |6.0 |Ինտենսիվ |1-7 օր|
|ոչ թմրե- | | | |գ |գ |թերապիայի | |
|ցուցիչ | | | | | |մասնագետ/ | |
|միջոցներ | | | | | |բուժքույր | |
|___________|_______|___________|_______|____|_____|___________|______|
|Ցավազրկող |N02BB02|Մետամիզոլ |1 |1.0 |3.0 |Ինտենսիվ |1-7 օր|
|ոչ թմրե- | | | |գ |գ |թերապիայի | |
|ցուցիչ | | | | | |մասնագետ/ | |
|միջոցներ | | | | | |բուժքույր | |
|___________|_______|___________|_______|____|_____|___________|______|
|Ոչ սթերոիդ |M01AB05|Դիկլոֆենակ |1 |75.0|150.0|Ինտենսիվ |1-7 օր|
|հակաբորբո- | | | |մգ |մգ |թերապիայի | |
|քային | | | | | |մասնագետ/ | |
|միջոցներ | | | | | |բուժքույր | |
|___________|_______|___________|_______|____|_____|___________|______|
|Ոչ սթերոիդ |M01AB15|Կետորոլակ |1 |30.0|60.0 |Ինտենսիվ |1-7 օր|
|հակաբորբո- | |Միդոկալմ | |մգ |Մգ |թերապիայի | |
|քային միջոց| | | |50.0|50.0 |մասնագետ/ | |
| | | | |մգ |մգ |բուժքույր | |
._____________________________________________________________________.
5.2. Պահանջներ դեղորայքային բուժման նկատմամբ (լրացուցիչ ցանկ)
._____________________________________________________________________.
|ԴԹԽ |ԱԹՔ |ՄՈԱ |Նշա- |ԿՈԴ |ՀԿԴ |Մասնագետ |Կատար-|
| | | |նակման | | | |ման |
| | | |հաճախա-| | | |ժամ- |
| | | |կանու- | | | |կետներ|
| | | |թյուն | | | | |
|___________|_______|___________|_______|____|_____|___________|______|
|Պրոտոնային |A02BC01|Օմեպրազոլ |0.25 |20.0|140.0|Ինտենսիվ |1-7 օր|
|պոմպի ար- | | | |մգ |Մգ |թերապիայի | |
|գելակիչներ | | | | | |մասնագետ/ | |
| | | | | | |բուժքույր | |
._____________________________________________________________________.
6. Պահանջներ աշխատանքի ռեժիմի, հանգստի, բուժման կամ վերականգնման նկատմամբ
Տես սույն Գործելակարգի 3. «Վերականգնողական շրջանի վարում» բաժինը:
7. Պահանջներ սննդակարգի նշանակման և սահմանափակումների վերաբերյալ
Սույն Գործելակարգի համաձայն սննդակարգի հատուկ պահանջներ չկան:
8. Հիվանդի հոժարակամ տեղեկացված համաձայնության ստացման առանձնահատկությունները Գործելակարգը կատարելիս և հիվանդի, ինչպես նաև ընտանիքի անդամների լրացուցիչ տեղեկատվության տրամադրում
Հարկավոր է պացիենտի և/կամ նրա ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել ԱՋՊ-ի համալիր բուժման խնդիրները ներառյալ վիրահատական և պահպանողական մոտեցումների առավելությունները և թերությունները ինչպես նաև հավանական ելքերը հնարավորինս շուտ և ոչ ուշ, քան ախտորոշմանը հաջորդող 72 ժամերի ընթացքում:
9. Հիվանդի տվյալ մոդելի հնարավոր ելքերը
Հիվանդի տվյալ մոդելի հնարավոր ելքերի ցանկ
._____________________________________________________________________.
|Ելքի անվանում |Ելքի |Ելքին |Բժշկական օգնության |
| |զարգացման|հասնելու|ցուցաբերման |
| |հաճախակա-|մոտավոր |հաջորդականություն |
| |նություն |ժամկետ | |
|_______________________|_________|________|__________________________|
|Ապաքինում ֆիզիոլոգիական|70% |12 ամիս |Անցում համապատասխան |
|գործընթացի կամ | | |վերականգնողական |
|ներգրավված օրգանի | | |ուղեցույցին/գործելակարգին |
|ֆունկցիայի մասնակի | | | |
|վերականգնմամբ | | | |
|_______________________|_________|________|__________________________|
|Ապաքինում ֆիզիոլոգիական|20% |3 ամիս |Անցում համապատասխան |
|գործընթացի կամ | | |վերականգնողական |
|ներգրավված օրգանի | | |ուղեցույցին/գործելակարգին |
|ֆունկցիայի ամբողջական | | | |
|կորստով | | | |
|_______________________|_________|________|__________________________|
|Յատրոգեն |5% |Ցանկացած|Անցում համապատասխան |
|բարդությունների | |փուլին |ախտաբանության բուժման |
|զարգացում | | |ուղեցույցին/գործելակարգին |
|_______________________|_________|________|__________________________|
|Մահացու ելք |0% | | |
._____________________________________________________________________.