114.0021.090316
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«09» 03 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11416076
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
1 մարտի 2016 թվականի N 21-Ն
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԲԱԶԱՅԻՆ ՉԱՓԸ ԵՎ ԶԵՂՉԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1515-Ն որոշման 3-րդ կետի պահանջը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել սպասարկման ծառայությունների մատուցման ամսական վճարի բազային չափը` առանձին տարածքի յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
2. Հաստատել սպասարկման ծառայությունների մատուցման ամսական վճարի նկատմամբ զեղչերի կիրառման կարգը` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ սույն հրամանի 1-ին և 2-րդ կետերով նշված դրույթները տարածվում են սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո կնքված` պետական գույքի ընդհանուր օգտագործման տարածքների սպասարկման պայմանագրերի վրա:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարին:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
պետական գույքի կառավարման
վարչության պետի
2016 թ. մարտի 1-ի
N 21-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԶԵՂՉԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1515-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 9-րդ կետով սահմանված` պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունների (այսուհետ` պետական գույք) ընդհանուր օգտագործման տարածքների սպասարկման ծառայությունների մատուցման ամսական վճարի նկատմամբ կիրառվող զեղչերի հետ կապված հարաբերությունները:
2. Սպասարկման ծառայությունների մատուցման ամսական վճարի (այսուհետ` ամսական վճար) նկատմամբ կիրառվում են զեղչերի հետևյալ չափերը.
1) շենքում վերելակի բացակայության կամ պետական գույքի անհատույց օգտագործողի կողմից վերելակից չօգտվելու դեպքում` ամսական վճարի նկատմամբ կիրառվող զեղչը կազմում է ամսական վճարի 1.48 տոկոսը,
2) շենքում ընդհանուր սանիտարական հանգույցի բացակայության կամ պետական գույքի անհատույց օգտագործողի կողմից սանիտարական հանգույցից չօգտվելու դեպքում` ամսական վճարի նկատմամբ կիրառվող զեղչը կազմում է ամսական վճարի 3.9 տոկոսը:
3. Պետական գույքի ընդհանուր օգտագործման տարածքի սպասարկման պայմանագրի կողմ հանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք (այսուհետ` դիմումատու) ամսական վճարի նկատմամբ զեղչերի կիրառման համար դիմում են ներկայացնում «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն)` դրանում նշելով զեղչերից օգտվելու սույն կարգի 2-րդ կետի 1-ին և (կամ) 2-րդ ենթակետերով սահմանված հիմքերը:
4. Եթե դիմումի մեջ առկա են սխալներ, որոնք շտկման ենթակա են, ապա կազմակերպությունը դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է դիմումատուին` հնարավորություն ընձեռելով տեղեկացումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում շտկելու այդ սխալները:
5. Դիմումը ստանալուց հետո կազմակերպությունը 7 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին գրավոր տեղեկացնում է դիմումում ներկայացված` զեղչեր կիրառելու պահանջը բավարարելու կամ այն մերժելու մասին:
6. Դիմումը մերժվում է, եթե փաստացի առկա չեն սույն կարգի 2-րդ կետում նշված հիմքերը (հիմքը):
7. Դիմումի մերժումը կամ բավարարումը պետք է հիմնավորված լինի կազմակերպության համապատասխան եզրակացությամբ: