040.1022.011014
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 սեպտեմբերի 2014 թվականի N 1022-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը լիազորություններ վերապահելու մասին» N 202-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 7-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ա) քաղաքացիական ավիացիայի բնագավառում թռիչքային և ավիացիոն անվտանգության, ինչպես նաև օդային երթևեկության սպասարկման (համաձայն «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի) նպատակով միջազգային օդային հաղորդակցություններին վերաբերող միջազգային պայմանագրերի նախապատրաստմանը, քննարկմանը, բանակցությունների վարմանը մասնակցությունը.».
2) 7-րդ կետի «ժե» ենթակետից հանել «, ինչպես նաև չվերթների ծրագրերի հաստատումը` համաձայնագրերով կամ տրված թույլտվությամբ նախատեսված ծավալով» բառերը.
3) 8-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ա) քաղաքացիական ավիացիայի բնագավառում թռիչքային և ավիացիոն անվտանգության, ինչպես նաև օդային երթևեկության սպասարկման հետ կապված հարցերով քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելը.».
4) 8-րդ կետի «ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժա) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ավիափոխադրողի մասնագրի, կանոնավոր և ոչ կանոնավոր (բացառությամբ չվացուցակում չընդգրկված ոչ կանոնավոր չվերթների) օդային փոխադրումների իրականացման համար օդային ուղու շահագործման, օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից կանոնավոր և ոչ կանոնավոր (բացառությամբ չվացուցակում չընդգրկված ոչ կանոնավոր չվերթների) օդային հաղորդակցության թույլտվությունների տրամադրումը, դրանց գործողության դադարեցումը կամ կասեցումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված խորհրդի տված եզրակացության.».
5) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժա1» ենթակետով.
«ժա1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օդանավ շահագործողի սերտիֆիկատի, ինչպես նաև ոչ կանոնավոր (չվացուցակում չընդգրկված ոչ կանոնավոր չվերթներ) օդային փոխադրումների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ թույլտվությունների տրամադրումը.».
6) 8-րդ կետի «ժը» ենթակետը «քաղաքացիական ավիացիայի» բառերից առաջ լրացնել «քաղաքացիական ավիացիայի բնագավառում թռիչքային և ավիացիոն անվտանգությանը, ինչպես նաև օդային երթևեկության սպասարկմանն առնչվող հարցերով» բառերով:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1229-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետի 5.2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ1», «զ2» և «զ3» պարբերություններով.
«զ1. աշխատանքներ է իրականացնում ավիափոխադրողների հետ դեպի Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից չվերթներ իրականացնելու համար, ընդունում է օդանավ շահագործողների (տեղական և օտարերկրյա) կողմից օդային հաղորդակցություն իրականացնելու (բացառությամբ չվացուցակում չընդգրկված ոչ կանոնավոր չվերթների) համար անհրաժեշտ թույլտվություններ (մասնավորապես, կանոնավոր և ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման համար օդային ուղու շահագործման, օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ), ավիափոխադրողի մասնագրեր ստանալու հայտերը կամ դիմումները և սահմանված կարգով կազմակերպում դրանց քննարկումը, ինչպես նաև քննարկումների արդյունքում ձևակերպված փաստաթղթերը (այդ թվում` ավիափոխադրողի մասնագրեր, թույլտվություններ) փոխանցում դիմումատուներին,
զ2. ավիացիոն ծառայությունների շուկայի զարգացման նպատակով ուսումնասիրում է ավիացիոն ծառայությունների սակագները և ծավալները, դրանց ձևավորման սկզբունքները և, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություն ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն, համապատասխան պետական կամ ոչ պետական մարմիններ,
զ3. ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 202-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի «ժա» ենթակետով նախատեսված խորհրդի քարտուղարության իրականացումը:»:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել ավիափոխադրողի մասնագրի, կանոնավոր և ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման համար օդային ուղու շահագործման թույլտվությունների ստացման համար ներկայացված հայտերի քննարկման հետ կապված հարցերով խորհուրդ ստեղծելու, նրա աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` դրանում սահմանելով նաև սույն ենթակետում նշված համապատասխան հայտերի քննարկման արդյունքում խորհրդի կողմից եզրակացություն տրամադրելու համար գնահատման չափանիշները.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն քաղաքացիական ավիացիայի բնագավառում տնտեսական քաղաքականության արդյունավետ իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմում համապատասխան կարողությունների ձևավորման վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշումից բխող փոփոխություններ համապատասխան գերատեսչական ակտերում և ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ