100.0017.271010
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«27» 10 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10010392
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
9 սեպտեմբերի 2010 թվականի N 17-Ն
ԴԵՂԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 12-ը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման 12-րդ կետի «դ» ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել դեղերի փոխադրման, պահեստավորման և պահպանման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2010 թ. սեպտեմբերի 9-ի
N 17-Ն հրամանի
ԿԱՐԳ
ԴԵՂԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ
ԳԼՈՒԽ I. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Սույն կարգով սահմանվում է դեղերի պահեստավորման, պահպանման և փոխադրման, ներառյալ դեղերի մեծածախ վաճառքին ներկայացվող պահանջները, նպատակ ունենալով`
1) նպաստել Հայաստանի Հանրապետությունում անվտանգ և որակյալ դեղերի շրջանառությանը,
2) կանխել հանրապետության բնակչության առողջությանը ոչ պատշաճ պայմաններում պահված, տեղափոխված և պիտանիության ժամկետն անցած դեղերի օգտագործումից սպառնացող վտանգը:
2. Սույն կարգի պահանջները տարածվում են նաև դեղանյութերի պահեստավորման, պահպանման և փոխադրման, ներառյալ դեղերի մեծածախ վաճառքի նկատմամբ:
ԳԼՈՒԽ II. |
ԴԵՂԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ |
3. Դեղերի և դեղանյութերի (այսուհետ` դեղեր) պահեստավորման սենյակների ապահովվում է պատրաստի դեղերի, ելանյութերի, փաթեթավորման միջոցների, կիսաարտադրանքների, ինչպես նաև կարանտինի մեջ գտնվող արտադրանքի (որակի ստուգման փուլում գտնվող, խոտանված, ոչնչացման ենթակա, հետկանչված, վերադարձման ենթակա) առանձնացված պահպանումը:
4. Կախված ֆիզիկական և ֆիզիկաքիմիական հատկություններից և արտաքին միջավայրի գործոնների ազդեցությունից` դեղերը բաժանվում են հետևյալ խմբերի.
1) լույսից պաշտպանում պահանջող,
2) խոնավության ազդեցությունից պաշտպանում պահանջող,
3) ցնդող, չորացող,
4) բարձր ջերմաստիճանի ազդեցությունից պաշտպանում պահանջող,
5) ցածր ջերմաստիճանի ազդեցությունից պաշտպանում պահանջող,
6) շրջապատող միջավայրում պարունակվող գազերի ազդեցությունից պաշտպանում պահանջող,
7) հոտավետ, ներկող:
5. Դեղերը բաժանվում են նաև առանձին խմբերի`
1) ախտահանիչ միջոցներ
2) հրավտանգ և պայթյունավտանգ նյութեր
3) դեղաբուսական հումք:
6. Պահեստավորման սենյակներում ապահովվում է կողմնակի անձանց մուտքի սահմանափակումը:
7. Դեղերի պահեստավորման սենյակներում դրանց ընդունման տեղամասերը պաշտպանված են եղանակային պայմաններից և անհրաժեշտության դեպքում, նախքան պահեստավորումը ապահովվում է փոխադրական տարաների և բեռնարկղերի մաքրումը:
8. Պահեստավորման սենյակներում ջերմաստիճանի և օդի խոնավության ստուգման հաճախությունը կազմում է օրական մեկ անգամից ոչ պակաս: Այդ պարամետրերը ստուգելու համար պահեստային սենյակները անհրաժեշտ է ապահովել ջերմաչափերով և խոնավաչափերով, որոնք ամրացվում են սենյակի ներքին պատերին, տաքացնող սարքերից հեռու, հատակից 1,5 -1,7 մետր բարձրության և դռներից 3 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:
9. Պահեստավորման սենյակներում օդի մաքրությունը ապահովվում է մեխանիկական դրդմամբ ներհոս և արտամղիչ օդափոխման համակարգով: Օդափոխման սարքերի տեղադրման անհնարության դեպքում, անհրաժեշտ է բացել օդանցքեր կամ վերնափեղկեր կամ տեղադրել երկրորդ վանդակավոր դռներ:
10. Պահեստավորման սենյակների տարածքը տաքացնելու նպատակով տեղադրվում են կենտրոնական ջեռուցման սարքեր: Չի թույլատրվում սենյակները տաքացնել բաց կրակով գազային սարքերով կամ բաց պարուրակով էլեկտրատաքացուցիչ սարքերով:
11. Օդի ջերմաստիճանի և հարաբերական խոնավության նորմայից մեծ տատանումներ ունեցող կլիմայական գոտիներում պահեստավորման սենյակները ապահովվում են օդի որակավորիչներով:
12. Պահեստավորման սենյակները ապահովվում են դարակաշարերով, պահարաններով, ամանատակերով, ապրանքատակի գերաններով, որոնց թիվը պետք է ապահովի դեղերի պատշաճ պահեստավորումը:
13. Դարակաշարերը տեղադրվում են այնպես, որպեսզի գտնվեն պատերից` 0,6-0,7 մ, առաստաղից` ոչ պակաս 0,5 մ և հատակից` ոչ պակաս 0,25 մ հեռավորության վրա: Պատուհանների նկատմամբ դարակաշարերը պետք է դասավորվեն այնպես, որպեսզի ապահովվի անցատեղերի բավարար լուսավորվածություն: Դարակաշարերի միջև եղած հեռավորությունը պետք է լինի 0,75 մ-ից ոչ պակաս և հնարավոր լինի ազատ մոտենալ դեղերին:
14. Պահեստավորման սենյակներում առանձնացվում են հատուկ տեղամասեր` նմուշառման համար: Պահեստային սենյակներում նմուշառման դեպքում ապահովվում է պաշտպանությունը աղտոտումից:
15. Պահեստավորման սենյակներում, ինչպես նաև պահեստի ողջ տարածքում դեռատիզացիոն և դեզինֆեկցիոն աշխատանքները կատարվում են տարեկան ոչ պակաս, քան 2 անգամ:
16. Պահեստավորման սենյակներից առաջինը բաց են թողնվում այն դեղերը, որոնց պիտանիության ժամկետները առաջինն են լրանում:
17. Դեղերը անհրաժեշտ է տեղավորել դարակաշարերի վրա, պահարաններում, անհրաժեշտության դեպքում նաև հատակին` նախօրոք տակը դնելով ամանատակեր, տակդիրներ, հատուկ տակասալիկներ և այլն:
18. Դեղերը պահեստավորման սենյակներում պահվում են առանձին` հաշվի առնելով`
1) թունաբանական խմբերը,
2) դեղաբանական խմբերը,
3) կիրառման եղանակները (ներքին և արտաքին),
4) ագրեգատային վիճակը (հեղուկները սորուն և գազային նյութերից առանձին և այլն),
5) ֆիզիկաքիմիական հատկությունները և արտաքին միջավայրի տարբեր գործոնների ազդեցությունը,
6) պիտանիության ժամկետը` սահմանափակ պիտանիության ժամկետ ունեցողների համար,
7) դեղաձևերի բնույթը:
Նմանատիպ անվանումներ ունեցող դեղերը իրար մոտ դասավորելը արգելվում է:
19. Պահեստավորման ընթացքում անհրաժեշտ է պարբերաբար ստուգել դեղերի տարաների վիճակը, դրանց արտաքին փոփոխությունները: Տարայի վնասման դեպքում անհապաղ պետք է վերացնել թերությունը կամ պարունակությունը տեղափոխել այլ տարայի մեջ: Արտադրանքի որակի կասկածի դեպքում անհրաժեշտ է ուղարկել լաբորատոր փորձաքննության նմուշառման ակտով, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի լիազոր մարմինը: Մինչև փորձաքննության ավարտը դեղի տվյալ խմբաքանակը պետք է պահել մեկուսացված և չիրացնել: Փորձաքննության բացասական արդյունքի դեպքում դեղը ենթակա է ոչնչացման սահմանված կարգով:
20. Դեղերը պետք է պահել մինչև դրանց պիտանիության ժամկետի ավարտը: Պիտանիության ժամկետը լրանալուց հետո դեղերը ենթակա են ոչնչացման սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ III. |
ԴԵՂԵՐԻ ՏԱՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ |
21. Դեղերը կարող են պահվել և տեղափոխվել առաջնային, երկրորդային և խմբային փոխադրական տարայում:
22. Դեղերի` որպես արդյունաբերական արտադրանքի, վերամանրակշռման դեպքում պոլիմերային թաղանթով կամ թղթով առաջնային փաթեթավորված արտադրանքը սկզբում խմբավորվում է, հետո փաթեթավորվում է մթնոլորտի խոնավությունից, գոլորշիների և գազերի ազդեցությունից պաշտպանող երկրորդային փաթեթներում (պոլիմերային թաղանթից կամ համակցված նյութերից պատրաստված փաթեթներում, ներսից պոլիէթիլենային թաղանթով պատված ստվարաթղթե տուփերում): Ցնդող, հոտավետ և թունավոր դեղերը անհրաժեշտ է փաթեթավորել մեկ փոխադրական տարայում, ընդ որում` յուրաքանչյուրը առանձին-առանձին` մեկ անվանումից ոչ ավելի:
23. Փոխադրական տարաների հերմետիկությունը ապահովվում է օգտագործելով համապատասխան խցանման միջոցներ (միջնաշերտով կամ խցանով պտուտակվող կափարիչներ, ձգվող կափարիչներ, խցաններ, խցանով պտտվող մետաղյա կափարիչներ) կամ կիրառելով չխցանվող հերմետիկացման մեթոդներ` ջերմազոդում, սոսնձում, ձյութում և այլն:
24. Փոխադրական տարան պետք է փաթեթավորված դեղը պահպանի մթնոլորտային տեղումներից ու փոշուց, արևի ճառագայթներից և մեխանիկական վնասումներից:
ԳԼՈՒԽ IV. |
ԼՈՒՅՍԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ԴԵՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
25. Լույսի ազդեցությունից պաշտպանում պահանջող դեղերի թվին են պատկանում հակաբիոտիկները, գալենյան պատրաստուկները (թուրմերը, մզվածքները, դեղաբուսական հումքից ստացված խտանյութերը և այլն), դեղաբուսական հումքը (օրինակ` անապատրաստուկները, վիտամինները և վիտամինային դեղապատրաստուկները, կորտիկոստերոիդները, եթերային յուղերը, ճարպայուղերը, շաքարապատ (դրաժեաձև) պատրաստուկները, յոդաջրածնական և բրոմաջրածնական թթուների աղերը, հալոգենային միացությունները, նիտրո- և նիտրոզոմիացությունները, նիտրատները, նիտրիտները, ամինային, ամիդային և ֆենոլային միացությունները, ֆենթիազինի ածանցյալները):
26. Լույսի ազդեցությունից պաշտպանում պահանջող դեղերը պահվում են լուսապաշտպան նյութից պատրաստված տարայում (նարնջագույն ապակուց պատրաստված, մետաղից պատրաստված տարաներում, ալյումինե փաթեթավորման նյութերում կամ սև, սրճագույն, նարնջագույն ներկված պոլիմերային նյութերով փաթեթներում), մութ սենյակում կամ դռները ամուր փակվող, ներսից սև գույնի ներկված պահարաններում և/կամ ամուր փակվող կափարիչով, խիտ խփված փայտերով արկղերում:
27. Լույսի նկատմամբ խիստ զգայուն դեղանյութերը (արծաթի նիտրատ, պրոզերին և այլ) պահում են անլուսաթափանց, սև թղթով փաթաթված ապակյա տարայում:
ԳԼՈՒԽ V. |
ԽՈՆԱՎՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ԴԵՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
28. Խոնավությունից պաշտպանում պահանջող դեղերի թվին են պատկանում խոնավածուծ նյութերը և պատրաստուկները` կալիումի ացետատը, չոր մզվածքները, դեղաբուսական հումքը, հիդրոլիզվող նյութերը, ազոտական, ազոտային, հալոգենաջրածնական և ֆոսֆորական թթուների աղերը, նատրիումի մետաղ-օրգանական միացությունները, գլիկոզիդները, հակաբիոտիկները, ֆերմենտները, չոր օրգանապատրաստուկները, այն դեղանյութերը, որոնք ջրում հեշտությամբ են լուծվում, ինչպես նաև այն դեղանյութերը, որոնց խոնավության պարունակությունը չպետք է գերազանցի նորմատիվային փաստաթղթերով հաստատված սահմանը:
29. Դեղի պիտակի վրա «Պահպանել խոնավությունից» գրառման դեպքում սովորական պահման պայմաններում հարաբերական խոնավությունը պետք է լինի ոչ ավելի, քան 60%: Նման դեպքերում դեղը պացիենտին տրամադրվում է խոնավաանթափանց տարայի մեջ:
30. Ջրի, մթնոլորտային գոլորշիների ներգործությունից փչացող դեղերը պետք է պահել սառը տեղում, ամուր խցանված և ջրի գոլորշիների համար անթափանց նյութից պատրաստված տարայում (ապակյա, մետաղյա, ալյումինե ֆոլգայի, հաստ պատերով պլաստմասսայից տարաներում):
31. Այն դեղերը, որոնք ունեն խիստ խոնավածուծ հատկություններ (պիլոկարպինի հիդրոքլորիդ, բժշկական ժելատին, կալիումի քլորիդ և այլ), անհրաժեշտ է պահել չոր սենյակում, հերմետիկ խցանված և պարաֆինով վերևից լցված ապակյա տարայում: Այդպիսի դեղանյութերի տարան խցանելիս անհրաժեշտ է խնամքով մաքրել դրա բերանը և խցանը:
32. Եթե կարգի 28-րդ կետում նշված խմբի դեղերը պահեստ են տեղափոխվել պոլիմերային թաղանթով փաթեթավորված, ապա նշված դեղերը անհրաժեշտ է պահել գործարանային փաթեթավորմամբ, իրացման ժամանակ տեղափոխելով ապակյա կամ մետաղական տարայի մեջ:
ԳԼՈՒԽ VI. |
ՑՆԴՈՂ, ՉՈՐԱՑՈՂ ԴԵՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
33. Ցնդող դեղերի խմբին են պատկանում`
1) ինքնուրույն ցնդող նյութերը (բրոմկամֆորա, յոդ, կամֆորա, մենթոլ, թիմոլ, մեթիլսալիցիլատ),
2) ցնդող լուծիչ պարունակող դեղապատրաստուկները (սպիրտային հանուկները, հեղուկ սպիրտային խտանյութերը, խիտ մզվածքները),
3) ցնդող նյութերի լուծույթները և խառնուրդները (եթերային յուղերը, ամոնիակի, ֆորմալդեհիդի, քլորաջրածնի 13%-ից բարձր, կարբոլաթթվի, էթիլ սպիրտի տարբեր խտության լուծույթները),
4) եթերային յուղեր պարունակող դեղաբուսական հումքը,
5) բյուրեղաջուր պարունակող պատրաստուկները` բյուրեղահիդրատները,
6) այն դեղերը, որոնց քայքայումից առաջանում են ցնդող նյութեր (յոդոֆորմ, ջրածնի պերօքսիդ, քլորամին Բ, նատրիումի հիդրոկարբոնատ),
7) խոնավության նվազագույն պարունակությամբ դեղերը (մագնեզիումի սուլֆատ, նատրիումի պարաամինոսալիցիլատ, նատրիումի սուլֆատ և այլն):
34. Ցնդող դեղերը պահվում են սառը տեղում, ցնդող նյութերի համար անթափանց նյութից պատրաստված և հերմետիկորեն փակված տարայում (ապակյա, մետաղյա, ալյումինե փայլաթուղթ): Պոլիմերային տարա և խցաններ թույլատրվում է օգտագործել Հայաստանի Հանրապետությունում ընդունված դեղագրքերի պահանջներին համապատասխան:
35. Կախված օդի հարաբերական խոնավությունից` բյուրեղահիդրատները կարող են ունենալ ինչպես խոնավածուծ, այնպես էլ ցնդող նյութերին բնորոշ հատկություններ: ՈՒստի դրանք անհրաժեշտ է պահել հերմետիկորեն խցանված, ապակյա, մետաղական կամ հաստ պատերով պլաստմասսայից տարայում, սառը տեղում, որտեղ օդի հարաբերական խոնավությունը 50-65% է:
ԳԼՈՒԽ VII. |
ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ԴԵՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
36. Բարձր ջերմաստիճանի ազդեցությունից պաշտպանում պահանջող դեղերի թվին են պատկանում`
1) այն դեղերը, որոնք պետք է պաշտպանել ցնդելուց և չորանալուց (սույն կարգի 3-րդ գլուխ),
2) դյուրահալ նյութերը,
3) իմունակենսաբանական դեղապատրաստուկները,
4) հակաբիոտիկները,
5) օրգանապատրաստուկները,
6) հորմոնային դեղապատրաստուկները,
7) վիտամինները և վիտամինային դեղապատրաստուկները,
8) գլիկոզիդներ պարունակող դեղապատրաստուկները,
9) բժշկական ճարպերը և յուղերը,
10) ճարպային հիմքերով քսուքները և այլ նյութեր:
37. Բարձր ջերմաստիճանից փչացող դեղերը պահվում են սենյակային ջերմաստիճանում (18-20 o C) և սառը պայմաններում (12-15 o C): Որոշ դեպքերում դրանք պահվում են ավելի ցածր ջերմաստիճանում, ինչի մասին նշվում է պիտակի վրա կամ դեղի օգտագործման հրահանգում: 0-15 o C ջերմաստիճան պահանջող դեղերը պահվում են սառնարանում: «Պահել 30 o C-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում» հրահանգի դեպքում անհրաժեշտ է ապահովել պահպանումը +2 o C-ից մինչև +30 o C ջերմաստիճանային սահմաններում, «Պահել 25 o C-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում»` +2 o C-ից մինչև +25 o C, «Պահել 15 o-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում»` +2 o C-ից մինչև +15 o C, «Պահել 15 o C-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում»` +2 o C-ից մինչև +15 o C, «Պահել 8 o C-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում»` +2 o C-ից մինչև +8 o C, «Պահել 8 o C-ից ոչ ցածր ջերմաստիճանի պայմաններում»` +8 o C-ից մինչև +25 o C:
38. Իմունակենսաբանական պատրաստուկները պահվում են գործարանային փաթեթավորմամբ, ըստ առանձին անվանումների` դեղի օգտագործման հրահանգում կամ պիտակի վրա նշված ջերմաստիճանային պայմաններում:
39. Միևնույն անվանում ունեցող իմունակենսաբանական պատրաստուկները պահվում են ըստ սերիաների` հաշվի առնելով պիտանիության ժամկետները:
40. Իմունակենսաբանական պատրաստուկները պահպանման ընթացքում ենթարկվում են տեսողական զննման ամիսը մեկ անգամից ոչ պակաս:
41. Հակաբիոտիկները պահվում են գործարանային փաթեթավորումով, սենյակային ջերմաստիճանում, եթե պիտակի վրա այլ ցուցումներ չկան:
42. Օրգանապատրաստուկները պահվում են մութ, չոր, սառը տեղում, 0 o-ից +15 o C պայմաններում, եթե պիտակի վրա կամ օգտագործման հրահանգում այլ ցուցումներ չկան:
43. «Օրորվի հեղուկը» պետք է պահել սառը տեղում: Պղտորվելիս ֆիլտրել և ստուգել դեղագրքի բոլոր պահանջներին համապատասխանությունը:
ԳԼՈՒԽ VIII. |
ՑԱԾՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ԴԵՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
44. Ցածր ջերմաստիճանի ազդեցությունից պետք է պահպանել այն դեղերը, որոնց ֆիզիկաքիմիական հատկությունները փոխվում են սառչելուց և չեն վերականգնում մինչև սենյակային ջերմաստիճանը տաքացնելը (օրինակ` ֆորմալդեհիդի 40%-անոց լուծույթը, ինսուլինի լուծույթը և այլն):
45. Ֆորմալդեհիդի 40%-անոց լուծույթը (ֆորմալինը) և սառցային քացախաթթուն պահվում են +9 o C-ից ոչ ցածր ջերմաստիճանում: Նստվածք գոյանալիս դրանք պահում են սենյակային ջերմաստիճանում, մինչև նստվածքի լուծվելը, եթե չի լուծվում, հեղուկ մասը զգուշորեն դատարկում են և օգտագործում ֆորմալդեհիդի և քացախաթթվի փաստացի պարունակությանը համապատասխան:
46. Բժշկական ճարպայուղերը պահվում են +4-ից մինչև +12 o C-ի սահմաններում: Նստվածք գոյանալիս պահում են սենյակային ջերմաստիճանում, շոգեմշակում են և ստուգում դեղագրքի պահանջներին համապատասխան: Նստվածք առաջանալիս յուղերը բժշկական պրակտիկայում չեն օգտագործում:
47. Ինսուլին պարունակող դեղերի սառեցում չի թույլատրվում:
ԳԼՈՒԽ IX. |
ՇՐՋԱՊԱՏՈՂ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԳԱԶԵՐԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ԴԵՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
48. Շրջապատող միջավայրում գտնվող գազերի ներգործությունից փոփոխվող դեղերի խմբին են պատկանում.
1) օդի թթվածնի հետ փոխազդող նյութերը (ոչ սահմանային միջառանցքային կապերով խալիֆաթի շարքի տարբեր միացությունները, կողմնային խալիֆաթի խմբեր պարունակող ոչ սահմանային ածխածնային կապերով ցիկլից միացությունները, ֆենոլային, պոլիֆենոլային միացությունները, մորֆին և նրա հիդրօքսիլ խմբերով չտեղակալված ածանցյալները, ծծումբ պարունակող հետերոգենային և հետերոցիկլիկ միացությունները, ֆերմենտները և օրգանապատրաստուկները),
2) օդի ածխաթթու գազի հետ փոխազդող նյութերը, ալկալիական մետաղների և թույլ օրգանական թթուների աղերը (օրինակ` նատրիումի բարբիտալ, հեքսենալ և այլն), բազմատոմ ամիններ պարունակող պատրաստուկները (օրինակ` էուֆիլլինը), մագնեզիումի օքսիդը և գերօքսիդը, կծու նատրիումը, կծու կալիումը և այլն:
49. Գազերի ներգործությունից փոփոխվող դեղերը պահվում են հերմետիկ խցանված, գազերի համար անթափանց նյութից պատրաստված, հնարավորին չափ լիքը լցված տարայում:
50. Օդի թթվածնի ազդեցությունից հեշտությամբ օքսիդացող դեղերը պահվում են չոր սենյակում, հերմետիկ խցանված և պարաֆինով վերևից լցված ապակյա տարայում:
51. Բարբիտուրաթթվի նատրիումական աղերը պահպանվում են հերմետիկ խցանված, օդի ջրային գոլորշիների և ածխաթթու գազի համար անթափանց նյութից պատրաստված տարաներում:
ԳԼՈՒԽ X. |
ՀՈՏԱՎԵՏ ԵՎ ՆԵՐԿՈՂ ԴԵՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
52. Հոտավետ դեղերի թվին են պատկանում ինչպես ցնդող, այնպես էլ գործնականորեն չցնդող, բայց սուր հոտով նյութերը (ամոնիակի լուծույթ, յոդոֆորմ, կամֆորա, թիմոլ, ֆենոլ, մենթոլ, քլորամին Բ, եթերայուղեր):
53. Ներկող դեղերի խմբին են պատկանում այն նյութերը և նրանց լուծույթները, խառնուրդները, պատրաստուկները և այլն, որոնք գունավոր հետք են թողնում տարաների, խցանների, սարքերի և այլ առարկաների վրա, որոնք չեն լվացվում սովորական սանիտարահիգիենիկ մշակմամբ (ադամանդյա կանաչ, մեթիլեն կապույտ, ինդիգո-կարմին, կալիումի պերմանգանատ, ռիբոֆլավին, ֆուրացիլին և այլն):
54. Հոտավետ դեղերը պահվում են մեկուսացված, հոտի համար անթափանց, հերմետիկորեն փակված տարայում առանձին` ըստ անվանումների:
55. Ներկող դեղերը պահվում են ամուր խցանված տարայում, հատուկ պահարաններում, առանձին անվանումներով: Աշխատելիս յուրաքանչյուր դեղի համար առանձնացվում են հատուկ կշեռք, շպատել, հավանգ և այլ պարագաներ:
ԳԼՈՒԽ XI. |
ՊԱՏՐԱՍՏԻ ԴԵՂԱՁԵՎԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԴԵՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
56. Պատրաստի դեղաձևեր հանդիսացող դեղերի պահպանումը պետք է համապատասխանի դեղագրքերի և սույն կարգի դեղերի պահպանմանը ներկայացվող բոլոր պահանջներին` հաշվի առնելով դրանց բաղադրության մեջ մտնող բաղադրամասերի հատկությունները և արտաքին փաթեթի կամ ներդիր-թերթիկի ցուցումները:
57. Բոլոր պատրաստի դեղերը դասավորվում են օրիգինալ փաթեթներով, պիտակը (մակնշումը)` դեպի դուրս:
58. Դեղահաբերը և շաքարապատ դեղահատերը պահվում են այլ դեղաձևերից մեկուսացված, գործարանային փաթեթներում, որը պահպանում է արտաքին ազդեցություններից և նախատեսված է առանձին հիվանդներին և բժշկական կազմակերպություններին բաց թողնելու համար:
59. Դեղահաբերը և շաքարապատ դեղահատերը անհրաժեշտության դեպքում պահվում են չոր, լույսից պաշտպանված տեղում:
60. Ներարկման դեղաձևերը պահվում են սառը, լույսից պաշտպանված տեղում, առանձին պահարանում կամ մեկուսացված սենյակում` հաշվի առնելով տարայի առանձնահատկությունը (փխրունությունը), եթե փաթեթի վրա այլ ցուցումներ չկան:
61. Հեղուկ դեղաձևերը (օշարակներ, հանուկներ) պահվում են հերմետիկ խցանված, լիքը լցված տարայում, սառը և լույսից պաշտպանված տեղում: Հանուկի պահպանման ժամանակ անջատված նստվածքները ֆիլտրվում են: Եթե ֆիլտրված հանուկը որակի ստուգումից հետո համապատասխանում է դեղագրքային պահանջներին, հանուկը համարվում է կիրառման համար պիտանի:
62. Պլազմային փոխարինող և թունազերծող լուծույթները պահվում են առանձին 0-ից մինչև 40 o C-ի սահմաններում, լույսից պաշտպանված տեղում: Որոշ դեպքերում թույլատրվում է լուծույթի սառչելը, եթե դա չի ազդում պատրաստուկի որակի վրա:
63. Մզվածքները (էքստրակտները) պահվում են պտուտակվող կափարիչով և միջնաշերտ ունեցող խցանով փակվող ապակյա տարայում, լույսից պաշտպանված տեղում: Հեղուկ և պինդ մզվածքները պահում են +12 o-ից +15 o C-ի սահմաններում: Եթե հեղուկ մզվածքներում որոշ ժամանակ անց նստվածք է առաջանում, ֆիլտրում են, և եթե մզվածքի որակը ստուգելուց հետո այն համապատասխանում է դեղագրքային պահանջներին, համարվում է օգտագործման համար պիտանի:
64. Քսուքները, հեղուկաքսուքները (լինիմենտները) պահում են ամուր խցանված տարայում, սառը, լույսից պաշտպանված տեղում: Անհրաժեշտության դեպքում, բաղադրիչների հատկությունից կախված, պահպանման պայմանները զուգակցում են: Օրինակ` ցնդող և ջերմաանկայուն դեղանյութեր պարունակող դեղերը պահում են +10 o C-ից ոչ բարձր ջերմաստիճանում:
65. Դեղամոմիկները պահվում են չոր, սառը, լույսից պաշտպանված տեղում:
66. Ցողացիրները պահվում են +3 o C-ից +20 o C ջերմաստիճանում, չոր, լույսից պաշտպանված տեղում, կրակից և տաքացնող սարքերից հեռու` պահպանելով հարվածից և մեխանիկական վնասումներից:
ԳԼՈՒԽ XII. |
ՀՐԱՎՏԱՆԳ ԵՎ ՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
67. Կախված ֆիզիկաքիմիական հատկություններից`
1) հրավտանգ դեղանյութերը ստորաբաժանվում են հետևյալ խմբերի.
ա. դյուրաբռնկվող
բ. դյուրավառ
2) պայթյունավտանգ դեղանյութերը ստորաբաժանվում են հետևյալ խմբերի.
ա. պայթուցիկ
բ. պայթյունավտանգ, որոնք ընդունակ են առաջացնել պայթուցիկ խառնուրդներ և խտացրած գազեր:
68. Հրավտանգ, պայթուցիկ խառնուրդներ առաջացնող դեղանյութերը պահվում են մեկուսացված, այնպիսի պայմաններում, որոնք լրիվ բացառում են օդի, ջրի, այրվող նյութերի հետ շփումը, ինչպես նաև արևի ճառագայթների ազդեցության նման շփման հնարավորությունները, ինչպես նաև բարձր ջերմաստիճանի և մեխանիկական ներգործության ազդեցությունը:
69. Հրավտանգ և պայթյունավտանգ դեղանյութերի պահպանման սենյակները պետք է լինեն մեկուսացված, չոր, արևի ճառագայթների ուղղակի ազդեցությունից, մթնոլորտային տեղումներից և գետնաջրերից պաշտպանված: Այդ սենյակներում, սահմանակից միջանցքներում, ինչպես նաև օժանդակ սենյակներում տեղադրվում են մեխանիկական ներհոս-արտամղիչ օդափոխիչ սարք:
70. Հրավտանգ (դյուրավառ) դեղանյութերի պահպանման սենյակները պետք է լինեն հրակայուն և դժվարությամբ այրվող նյութերից և գտնվեն այլ պահեստային շենքերից 20 մ-ից ոչ պակաս և բնակելի շենքերից` 50 մ հեռավորության վրա:
71. Հրավտանգ դեղանյութերի համար առանձին պահեստավորման սենյակներ չլինելու դեպքում, թույլատրվում է այդ նյութերը պահել ընդհանուր, չայրվող շինություններում, որոնք հարևան սենյակներից մեկուսացված են հրակայուն պատերով:
72. Հրավտանգ և պայթյունավտանգ դեղանյութերի պահպանման սենյակները պետք է կահավորել չայրվող, կայուն և համապատասխան ծանրության համար նախատեսված դարակաշարերով և ամանատակերով: Դարակաշարերը տեղադրվում են հատակից և պատերից 25 սմ հեռավորության վրա: Դարակաշարերի լայնությունը 1 մ-ից ավելի չպետք է լինի: Դարակաշարերի միջև եղած երկայնական անցատեղերը պետք է լինեն 1.35 մ-ից ոչ պակաս:
73. Էլեկտրահաղորդալարերը, լուսավորման և էլեկտրական սարքավորումները պետք է լինեն պայթյունաանվտանգ (էլեկտրալարերը թաքցված խողովակի մեջ, էլեկտրալամպերը հերմետիկ ամրանում)` անջատիչները և ավտոմատ կոճակները դուրս հանված միջանցք:
74. Հրավտանգ և պայթյունավտանգ նյութերի պահպանման համար նախատեսվում են մեկուսացված սենյակներ:
75. Դյուրաբռնկվող և այրվող նյութերի համար նախատեսված սենյակները պետք է տեղավորված լինեն առաջին հարկում, արտաքին պատի վրա ունենան 1.0 մ-ից ոչ պակաս լուսամուտախորշ, որի բարձրությունը կամ լայնությունը լինի 0,75 մ-ից ոչ պակաս, ունենա երկաթբետոնե ծածկ, չայրվող նյութերից պատեր, որոնց հրակայունության սահմանը լինի 0.75 ժամից ոչ պակաս, դռան մոտ թեքություն ունեցող ցեմենտված հատակ, դուռ, որի հրակայունության սահմանը լինի 0,6 ժամից ոչ պակաս, ունենա արտաքին ելք, շենքից դուրս կամ դեպի միջանցք` մեկուսացված:
76. Ոչ մեծ տարածքներ ունեցող կազմակերպություններում դյուրաբռնկվող և այրվող հեղուկները թույլատրվում է պահել չհրկիզվող պահարաններում, որոնց դռների լայնությունը պետք է լինի 0,7 մ-ից ոչ պակաս, բարձրությունը` 1,2 մ-ից ոչ պակաս: Պահարանը պետք է հեռու լինի ջերմարձակող մակերեսներից ու անցատեղերից և հնարավոր լինի ազատ մոտենալ դրան:
77. Այլ շենքերում տեղավորված պահեստներում, դեղատներում, դեղատնային կրպակներում չկշռաբաշխված վիճակում կարելի է պահել 100 կգ-ից ոչ ավելի հրավտանգ նյութեր:
78. 100 կգ-ից ավելի քանակությամբ հրավտանգ նյութերը անհրաժեշտ է պահել ապակյա կամ մետաղյա տարայում, առանձին շենքում, մեկուսացված այլ խմբի հրավտանգ նյութերի պահպանության սենյակներից:
79. Չի թույլատրվում միևնույն սենյակում մի քանի դեղանյութերի միաժամանակյա կշռումը: Կշռողի աշխատատեղում օրական պահանջվող քանակությունից ավելի նյութեր չպետք է լինեն:
80. Հրավտանգ և պայթյունավտանգ նյութերի հիմնական պահպանության պահեստների դրսի պատերին, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատասենյակի և պահպանության սենյակի դռներին պետք է լինեն պարզ երևացող և չլվացվող մակագրություններ` «Հրավտանգ է», «Պայթյունավտանգ է», «Ծխելն արգելվում է», «Հրդեհի դեպքում զանգահարել ....»:
81. Դյուրաբռնկվող նյութերը (սպիրտ, սպիրտային լուծույթներ, սպիրտային և եթերային թուրմեր, մզվածքներ, եթեր, կաթնաթթու, քլորէթիլ, օրգանական յուղեր, ռենտգենյան ժապավեններ և այլն) և դյուրավառ նյութերը (վիրակապման միջոցներ, ծծումբ, գլիցերին, բուսական յուղեր, դեղաբուսական հումք և այլն) պահվում են այլ նյութերից առանձին, դրանց հետ աշխատելիս պահպանելով զգուշություն` անհրաժեշտության դեպքում տաքացնելով ջրային բաղնիքի կամ փակ պարուրակով էլեկտրասալիկի վրա:
82. Դյուրաբռնկվող հեղուկները պահվում են ամուր խցանված ապակյա կամ մետաղական տարայում, որպեսզի կանխվի անոթներից հեղուկների գոլորշիացումը:
83. Դյուրաբռնկվող և այրվող հեղուկներով շշերը, բալոնները և այլ խոշոր ծավալի անոթները պահվում են դարակաշարերի հարկերում մեկ շարքով: Չի թույլատրվում դրանք դասավորել մի քանի շարքով` օգտագործելով տարբեր միջադիր նյութեր: Չի թույլատրվում այդ նյութերի պահեստավորումը ջեռուցման սարքերի մոտ: Դարակաշարի կամ դարսվածքի և տաքացնող սարքի միջև եղած հեռավորությունը պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս:
84. Դյուրաբռնկվող և այրվող հեղուկներով շշերը պահվում են հարվածից պաշտպանող տարայում կամ բալոնաշրջիչներում:
85. Չի թույլատրվում դյուրաբռնկվող և այրվող հեղուկ նյութերը պահել լիքը լցված տարայում: Պետք է հեղուկը լցնել ծավալի 90%-ից ոչ ավելի: Մեծ քանակությամբ սպիրտը պահվում է մետաղյա ամաններում, որոնք լցված են ծավալի 95%-ից ոչ ավելի:
86. Չի թույլատրվում դյուրաբռնկվող նյութերը պահել միևնույն տեղում` հանքային թթուների, խտացված և հեղուկացված գազերի, դյուրավառ նյութերի, ինչպես նաև օրգանական նյութերի հետ պայթուցիկ խառնուրդներ առաջացնող անօրգանական աղերի հետ:
87. Բժշկական եթերը և նարկոզի համար օգտագործվող եթերը պահում են գործարանային փաթեթավորմամբ, մութ, սառը, կրակից և տաքացնող սարքերից հեռու տեղում:
88. Դյուրաբռնկվող հեղուկները օգտագործելիս պետք է պահպանել հատուկ զգուշություն` մշտապես ստուգելով տարայի հերմետիկությունը և սարքինությունը: Տարայի անսարքության դեպքում անհրաժեշտ է անհապաղ ձեռք առնել միջոցներ այն վերացնելու, կամ պարունակվող նյութը տեղափոխել սարքին տարայի մեջ:
89. Պայթուցիկ խառնուրդներ առաջացնող պայթյունավտանգ նյութերը (կալիումի պերմանգանատ, արծաթի նիտրատ) պահելիս անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ դրանք փոշուց աղտոտվելուց զերծ պահելու համար:
90. Պայթյունավտանգ նյութերով ամանները անհրաժեշտ է ամուր փակել, որպեսզի դրանց գոլորշիները օդ չթափանցեն:
91. Պայթյունավտանգ նյութերը չի թույլատրվում պահել դյուրավառ և այրվող նյութերի հետ միասին:
92. Կալիումի պերմանգանատը պահեստավորման սենյակներում պահվում է առանձնացված հատվածախցերում երկաթյա թմբուկներով, իսկ դեղատներում` հղկված խցաններ ունեցող շտանգլասներում, փոշուց, ծծմբից, օրգանական յուղերից, եթերներից, գլիցերինից, օրգանական թթուներից և այլ օրգանական նյութերից առանձին, քանի որ դրանց հետ փոխազդեցությունը պայթյունավտանգ է:
93. Նիտրոգլիցերինի լուծույթը պահվում է ոչ մեծ, լավ խցանված սրվակներում կամ մետաղյա անոթներում, սառը, մութ տեղում, պահպանելով կրակից նախազգուշանալու միջոցառումները:
94. Պայթյունավտանգ և հրավտանգ նյութերի պահպանության սենյակներում էլեկտրալուսավորման վթարի դեպքում, խստիվ արգելվում է սենյակ մտնել նավթի լամպով կամ մոմով: Այդպիսի դեպքերում անհրաժեշտ է օգտագործել միայն էլեկտրալապտերներ:
ԳԼՈՒԽ XIII. |
ԴԵՂԱԲՈՒՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
95. Դեղաբուսական հումքը պահվում է չոր, լավ օդափոխվող սենյակում, ամուր խցանվող, նախօրոք չորացված տարաներում: Դեղաբուսական հումքը պահվում է ապակյա, մետաղյա տարայում, փակվող արկղերում, պարկերում և դրվում դարակաշարերի վրա: Կտրատված դեղաբուսական հումքը պահում են կտորից կարված պարկերում, իսկ դեղաբուսական փոշին` կրկնակի պարկերում (ներքինը` բազմաշերտ թղթից, արտաքինը` կտորից):
96. Եթերայուղեր պարունակող դեղաբուսական հումքը պահում են առանձին, լավ խցանվող տարայում:
97. Որոշ խոնավածուծ խոտեր, տերևներ և պտուղներ (օրինակ` մատնոցուկի տերևները, երիկամային թեյը և այլն) պահում են ապակյա կամ մետաղյա, հերմետիկ խցանվող տարայում, անհրաժեշտության դեպքում վերևից ծածկում պարաֆինով:
98. Պատրաստի դեղաբուսական հավաքածուները պահում են` պահպանելով վերոհիշյալ ընդհանուր կանոնները:
99. Դեղաբուսական դեղահումքը պարբերաբար պետք է ստուգել դեղորայքային պահանջներին համապատասխան: Խոտերը, արմատները, կոճղարմատները, սերմերը, պտուղները, որոնք կորցրել են բնական գույնը, հոտը, ազդող նյութերի պահանջվող քանակությունը, ինչպես նաև ախտահարված են բորբոսով, պահեստային վնասատուներով, կախված ախտահանման աստիճանից, խոտանվում են կամ վերամշակելուց հետո օգտագործում:
100. Թունավոր և ուժեղ ազդող դեղաբուսական հումքը պահվում է առանձին սենյակում կամ փակվող առանձին պահարանում:
ԳԼՈՒԽ XIV. |
ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ |
101. Ախտահանիչ միջոցները (քլորամին Բ) պետք է պահել հերմետիկ խցանված տարայում, լույսից պաշտպանված, հով տեղում, մեկուսացված տարածքում, որը առանձնացված է պլաստմասսայե, ռետինե և մետաղյա սարքերի պահեստային և ջրի թորման սենյակներից:
ԳԼՈՒԽ XV. |
ԴԵՂԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ |
102. Դեղերը փոխադրվում են միայն տրանսպորտային փակ միջոցներով` հաշվի առնելով տվյալ արտադրանքի համար սահմանված գործարանային պահման պայմանները: Տրանսպորտային միջոցը պետք է ապահովված լինի դեղերի պահպանման պայմանների համար համապատասխան միջոցներով:
103. Տրանսպորտային միջոցում արտադրանքը պետք է դասավորված լինի խնամքով` խմբային տարաներում` արանքում չթողնելով դատարկ տարածքներ:
104. Ջերմաստիճանային ռեժիմի տատանումների նկատմամբ զգայուն դեղերը տեղափոխելիս պետք է ապահովել ինդիկատորով ջերմամեկուսիչ փաթեթավորում` մինչև բաշխման առաջնային օղակին հասնելը:
105. Դեղերի փոխադրման տարայի վրա նշվում է`
1) արտադրանքի անվանումը,
2) արտադրանքի քանակը,
3) խմբաքանակի համարը,
4) պիտանիության ժամկետը,
5) անհրաժեշտության դեպքում` համապատասխան մակագրություններ` «Չսառեցնել», «Պահել 2-8 o C-ում», «Շուտ փչացող արտադրանք» և այլն:
106. ՈՒղարկողը նախապես պետք է տեղեկացնի բեռը ուղարկելու մասին` ներառյալ երթուղին, բեռի ընդհանուր քանակը և անվանումը, ժամանման պահը, անհրաժեշտության դեպքում` ցուցումներ «սառցե շղթայի» պահպանման վերաբերյալ: