ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ
ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
--------------- Տ. Դավթյան --------------- Գ. Խաչատրյան
10 ապրիլի 2009 թ. 1 ապրիլի 2009 թ.
N ----- N 3
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
i
2009 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ «ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածում 2008 թվականի օգոստոսի 21-ի ՀՕ-139-Ն օրենքով կատարված փոփոխության արդյունքում 2009 թվականի հունվարի 1-ից հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման և հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների խախտման համար տուգանքների չափերը կրկնապատկվել են: Նշված օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան` ԱԱՀ վճարող չհամարվողների նկատմամբ տուգանքի կրկնապատկված չափերը կիրառվելու են 2010 թվականի հունվարի 1-ից:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իրավական ակտի մեկնաբանման և դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տալու համար սահմանված նորմերով, պաշտոնական պարզաբանում ենք.
1. 2009 թվականի հունվարի 1-ից հետո հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման և հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների խախտում արձանագրվելու դեպքում տվյալ խախտումը համարվում է առաջին, երկրորդ, երրորդ կամ հերթական թվով անգամ կատարված, եթե այդ խախտումը` այն արձանագրելու օրվանը նախորդող մեկ տարվա ընթացքում առաջին, երկրորդ, երրորդ կամ հերթական թվով կատարված խախտումն է, քանի որ օրենքով այլ բան սահմանված չէ:
2. 2009 թվականի ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների խախտման արձանագրման դեպքում`
1) եթե խախտում կատարած կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը համարվում է ԱԱՀ վճարող, ապա կատարված խախտման համար նշանակվում է տուգանք ԱԱՀ վճարողի համար սահմանված չափերով` առաջին խախտման համար` 150 հազար դրամ, 2-րդ խախտման համար` 300 հազար դրամ, երրորդ և ավելի խախտման համար` 600 հազար դրամ.
2) եթե խախտում կատարած կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը համարվում է ԱԱՀ վճարող չհամարվող, ապա կատարված խախտման համար նշանակվում է տուգանք ԱԱՀ վճարող չհամարվողի համար սահմանված չափերով` առաջին խախտման համար` 75 հազար դրամ, 2-րդ խախտման համար` 150 հազար դրամ, երրորդ և ավելի խախտման համար` 300 հազար դրամ:
3. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների խախտման համար տուգանքների կիրառման առումով հարկ վճարողը համարվում է ԱԱՀ վճարող`
- եթե խախտման արձանագրման տարվանը նախորդող օրացուցային տարում հարկ վճարողի մատակարարած ապրանքների և մատուցած ծառայությունների (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) համար օրենքին համապատասխան որոշված հարկվող շրջանառությունը գերազանցել է 58.35 մլն դրամը (ԱԱՀ-ի շեմը).
- եթե խախտման արձանագրման տարվանը նախորդող օրացուցային տարում հարկ վճարողի մատակարարած ապրանքների և մատուցած ծառայությունների (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) օրենքին համապատասխան որոշվող հարկվող շրջանառությունը չի գերազանցել է ԱԱՀ-ի շեմը, սակայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ-ի շեմը այդ հարկ վճարողի նկատմամբ 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ կիրառելի չէ.
- եթե անձը նախորդ օրացուցային տարում չի գերազանցել ԱԱՀ-ի շեմը, սակայն խախտումն արձանագրելու հաշվետու ժամանակաշրջանին նախորդող` ընթացիկ տարվա հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկներով ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցման) գործարքների հարկվող շրջանառությունը գերազանցել է ԱԱՀ-ի շեմը.
- եթե խախտումն արձանագրելու պահին հարկային մարմնում առկա տվյալներից պարզ է, որ հարկ վճարողի նկատմամբ ԱԱՀ-ի շեմը կիրառելի չէ.
- եթե խախտումն արձանագրելու պահին հարկ վճարողի կողմից արդեն իսկ ներկայացված է եղել հայտարարություն` իրեն ԱԱՀ վճարող համարելու մասին:
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների խախտման համար տուգանքների կիրառման նպատակով ԱԱՀ-ի շեմը հաշվարկվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան` անկախ այն հանգամանքից, թե այդ գործարքները (գործունեությունը) ինչ կարգով են հարկվել (հարկվել է ԱԱՀ-ով, պարզեցված հարկով, ԱԱՀ-ով կամ հաստատագրված վճարով):
4. 2009 թվականին բացառապես «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնողների նկատմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների խախտումների համար կիրառվում են ԱԱՀ վճարող չհամարվողների համար սահմանված տուգանքների չափերը:
5. Եթե հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների խախտման արձանագրման պահին կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը համարվել է ԱԱՀ վճարող չհամարվող և հետագայում` խախտումն արձանագրելուց հետո ներկայացրել է հայտարարություն ԱԱՀ վճարող համարվելու մասին կամ եթե հարկ վճարողի նկատմամբ ԱԱՀ-ի շեմի կիրառելի չլինելը պարզվել է խախտումն արձանագրելու պահից հետո, ապա այս դեպքերում արձանագրված խախտման համար նշանակված տուգանքի չափի վերահաշվարկ չի կատարվում: Արձանագրված խախտման համար նշանակված տուգանքի չափի վերահաշվարկ չի կատարվում նաև եթե կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը ԱԱՀ վճարող է համարվում հարկային մարմնի կողմից սահմանված կարգով իրականացվող ստուգումների արդյունքում: