---.0009.180309
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«18» 03 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ ---09125
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՀՐԱՄԱՆ
28 փետրվարի 2009 թվականի թիվ 9-Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Սահմանել քաղաքացիական ծառայողի էթիկայի կանոնները` համաձայն հավելվածի:
Հավելված
ՀՀ Ազգային անվտանգության
խորհրդի քարտուղարի
2009 թ. փետրվարի 28-ի
թիվ 9-Ն հրամանի
ԿԱՆՈՆՆԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԷԹԻԿԱՅԻ
1. Սույնով սահմանվում են «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածով նախատեսված Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի (այսուհետ` քաղաքացիական ծառայող) էթիկայի կանոնները:
2. Քաղաքացիական ծառայողի էթիկայի կանոնները քաղաքացիական ծառայողների վարվելակերպի, վարքագծի և փոխհարաբերությունների առանձնահատկությունները կարգավորող նորմեր են:
3. Քաղաքացիական ծառայողը պարտավոր է պահպանել էթիկայի հետևյալ կանոնները`
1) հարգել Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները (դրոշը, զինանշանը, օրհներգը) և պետական լեզուն.
2) զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են խոչընդոտել պետական մարմնի աշխատանքները.
3) ղեկավարվել մարդասիրության, արդարության և ազնվության սկզբունքներով.
4) հարգել մարդու արժանապատվությունը` անկախ նրա ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.
5) հավատարիմ մնալ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի առաջին անգամ նշանակվելիս Օրենքով նախատեսված իր կողմից տրված երդմանը.
6) լինել անաչառ, անկողմնակալ, զուսպ և օրինակելի.
7) անհարկի չընդգծել իր պաշտոնեական դիրքը.
8) իր բանավոր և գրավոր շփումներում բացառել կոպտության դրսևորումը.
9) քաղաքավարի լինել պաշտոնատար անձանց, աշխատողների և քաղաքացիների հետ.
10) իր վարքով նպաստել հասարակության այն համոզմունքի և հավատի ձևավորմանը և պահպանմանը, որ քաղաքացիական հատուկ ծառայության համակարգը հիմնված է անկողմնակալության, ազնվության և արդարության գաղափարի վրա.
11) խուսափել ցանկացած տեսակի հովանավորչությունից.
12) իր վարքով իրեն կախվածության մեջ չդնել որևէ անձից.
13) խուսափել անհարկի խոստումներից, գիտակցել իր խոսքի արժեքն ու կարևորությունը, տրված խոստման հնարավոր բացասական հետևանքները.
14) չօգտագործել ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում հայտնի դարձած տեղեկատվությունը` իր անձնական շահերի համար.
15) հարգանքով վերաբերվել այլ ժողովուրդների և ազգերի էթնիկական առանձնահատկություններին, ավանդույթներին և սովորույթներին.
16) ծառայության ընթացքում գործել միայն Հայաստանի Հանրապետության իրավական ակտերին և սույն էթիկայի կանոններին համապատասխան:
4. Սույն էթիկայի կանոնների հերթականությունը չի ընդգծում դրանց առաջնահերթությունը: